Читать книгу: «Վարդան Ահրումյան»
Վարդան Ահրումյան
Մի ականատես պառավ պատմում էր, թե այն օրը սոսկալի էր, երբ աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը: Իբրև թե երկինքը անընդհատ որոտում էր, երբեմն մռնչում ամեհի գազանի պես, մթին ամպերը, ղեկը կորցրած նավերի նման, երերվում էին, չգիտենալով ուր գնալ և ինչպես: Սակայն անձրև չէր տեղում և չտեղաց ամբողջ օրը: Երկիրը խավարվել էր, ինչպես մորեխի ժամանակ, կատաղի հողմերից հալածվող փոշին ոլոր-մոլոր պտույտներ էր գործում ամայացած փողոցներում և քաղաքը նմանվում էր վիթխարի աղորիքի:
Կովկասի աշխարհագրական քարտեզում այդ քաղաքը, հարկավ, ունի իր տեղն ու անունը: Գնդասեղի գլխիկի չափ մի կետ ցույց է տալիս, թե նա գտնվում է Սև և Կասպյան ծովերի մեջտեղում, Կովկասյան լեռնաշղթայի հարավային ստորոտում: Իր արտաքին տեսքով, փողոցների նեղությամբ ու ծռությամբ, տների փոքրությամբ, մանավանդ իր ներքին կենցաղով, բնակիչների վարք ու բարքերով, իր անցյալի պատմությամբ, ներկայի կացությամբ, իր խելոք ու հիմար ավանդություններով ու սովորություններով նա այնքան նման է Կովկասի մյուս քաղաքներին, որ հարկ չկա նրա իսկական անունը հիշելու: Թողեք ուրեմն, նա կրի մի անգործ կատակաբանի հնարած կեղծ անունը – Զիլզիլ: Ես շատ շնորհակալ եմ այդ կատակաբանից, նա ինձ ազատում է բծախնդիր քննադատի հետաքրքրությունից, որ ավելի անտանելի է, քան միջին դարերի հավատաքննությունը և ավելի զազրելի, քան լրտեսությունը կամ անոնիմ նամակներ գրելը:
Վարդան Ահրումյանի ծնունդը կատարվում էր Զիլզիլ քաղաքի կենտրոնում, որ քրիստոնյաների արվարձանը բաժանում էր մահմեդականների արվարձանից. տափակ կտուրով մի հարկանի քարաշեն մի տան մեջ: Դրսի կողմից այդ տունն ուներ միայն մի լուսամուտ, այն էլ պատսպարված երկաթե ամուր ու թանձր ցանցով և մի ահագին դարպաս, որ միշտ փակ էր երկու հաստ նիգերով և կես փութանոց կողպեքով: Չորս շարք երկաթե գամեր, որոնց գլուխներն ունեին սունկերի մեծություն, այդ դարպասին տալիս էին հինավուրց դղյակի շուք իրանց ժանգով: Մռայլությունը կրկնապատկվում էր երկաթե ցանցի վրա նստած քողով ու սարդի խիտ ոստայններով, որոնց մեջ հանգչում էին անթիվ ճանճերի կմախքները: Նորեկ անցորդը, նայելով այդ տանը, կարող էր կարծել, թե ահա-ահա նրա մի ծայրից պիտի երևա պահապան մի զինվոր, հրացանն ուսին և երկաթե ցանցի ետևից պիտի նայի թշվառ բանտարկյալի կանաչ-դեղնագույն ուռած դեմքը:
Շատ քչերն էին ներս մտնում դարպասի մի թևի մեջ բացված կամարաձև դռնակով, կանխապես զարկելով նրա վրա քաշ արած հաստ ու կեռ երկաթե մուրճը, որ նույնպես ժանգոտվել էր անգործությունից: Եվ նրանք, որոնք մտնում էին,, դուրս էին գալիս ոչ զվարթ դեմքով և միշտ տարակուսորեն շարժելով իրենց գլուխը:
Այդ տանն էր բնակվում Զիլզիլ քաղաքի անվանի վաճառական Աթանես Ահրումյանը, պարսկական վերջին խանի մատակարար Ահրումի թոռը: Անվանի՝ ոչ այնքան իր հարստությամբ կամ ծագումով, որքան անմատչելի, ժանտ ու մարդատյաց բնույթով:
Այդ տարօրինակ մարդը խույս էր տալիս հարևաններից, ատում էր ազգականներին (և ուներ իրավունք, որովհետև բոլորն էլ ձրիակերներ էին), իսկ բարեկամներ գրեթե չուներ և չէր էլ կամենում ունենալ: Սափրիչ Պողոսը, որ կիրակի առավոտները գնում էր Աթանեսի երեսը թրաշելու, հավատացնում էր, թե անհյուրընկալ մարդը նույնիսկ իր «ուստային» տհաճությամբ է ընդունում:
Ավագ քահանա տեր-Սարգիսը միայն ջրօրհնեք ու զատիկ օրերը Աթանեսի տունը մտնելով, պնդում էր, թե մարդը այդ ուրախ օրերին իսկ չի ուզում ոչ ոքի ընդունել, բացի մի մարդուց, քաղաքի առաջին հարուստ մետաքսավաճառ Աբրահամ աղա Մկրտումյանից:
Ահա թե ինչպիսի մարդ էր Աթանես Ահրումյանը և ահա ինչու այդ տագնապալի պահին, երբ նրա կինը գտնվում էր ծանր երկունքի մեջ, նրա հոգին խռովել էր ամբողջ մարդկության դեմ: Մեն-մենակ նա անցնում էր սենյակից սենյակ, հառաչում, ինքն իրեն բարկանում և մերթ ընդ մերթ մոտենում էր ննջարանի դռներին ու ականջ դնում: Նա լսում էր Գյուլումի պարբերաբար կրկնվող ճիչերը և հայհոյում էր բնության օրենքները, որ այնքան դաժան էին ծննդաբեր կնոջ համար: Հայհոյում էր նաև ծննդկանին, որ այնքան բարձրաձայն էր ճչում արգանդի ցավերից: Կարծես, եթե կամենար էլ կարող էր չճչալ:
Գյուլումը ծնում էր թվով երրորդ զավակը իր ամուսնության ութերորդ տարվա մեջ: Առաջինը մեռել էր մի տարեկան հասակում: Այդ վաղաժամ մահվան առիթով քաղաքի որոշ շրջաններում պտտում էին զանազան չար լուրեր Աթանեսի հայրական զգացման մասին: Ասում էին, օրինակ, թե նա մի օր, կատաղության պահին այնքան է ինքն իքձեն կորցնում, որ բռնելով մի տարեկան աղջկանը թևերից բարձրացնում է վեր և ձգում մոր վրա: Մայրը գլուխը թեքում է, երեխան դիպչում է պատին և մեռնում: Եվ պատմողները Աթանեսի այդ վայրենությունը վերագրում էին նրա ատելությանը դեպի իր զավակի սեռը: Սակայն շատերն այդ սոսկալի մեղադրանքը համարում էին զրպարտություն, ասելով, թե, ճշմարիտ է, Աթանեսը ատում է կանանց սեռը, բայց չէր կարող այդքան անհոգի լինել իր անմեղ զավակի վերաբերմամբ:
Թե որն էր ճիշտը այդ կարծիքներից – դժվար էր որոշել: Մի բան միայն պարզ էր – Աթանեսի ջերմ փափագը ունենալ վերջապես մի արու զավակ: Եթե ծնվողն այս անգամ տղա լինի – թող վկա լինի աստված, որ Աթանեսը Գյուլումին կնվիրի մի թանկագին զգեստ, իսկ եթե, տերը մի արասցե, աղջիկ ծնե, կթքի անամոթի երեսին, այնուհետև հաց էլ չի տալ նրան ուտելու, այդ «արգանդը անիծված» կնոջը:
Մի երկարատև ու սուր ճիչ ընդհատեց Աթանեսի մտքերը, հետո լսվեց մի ուրիշ, բոլորովին տարբեր ճիչ, մի արագահոս լաց, նման թակարդն ընկած առնետի ծվծվոցին: Աթանեսը հասկացավ բանի էությունը:
«Ազատվեց», ասաց նա մտքում, ննջարանի դռներից հեռացավ և ծխամորճը վերցրեց, որ ծխախոտ լեցնե ու ծխե: Նույն րոպեին ներս մտավ նրա զոքանչը` Ծաղիկը, մեկը Զիլզիլ քաղաքի այն խեղճացած պառավներից, որոնց մեջքը այնքան վաղաժամ կորանում է ասիական հոռի կյանքի ծանրության ներքո:
– Աչքդ լույս, փեսա ջան, կնիկդ ազատվեց աստծու կարողությամբ:
– Ազատվելը գլխին տված, տղա՞ է, թե աղջիկ, – գոչեց Աթանեսը, գրեթե անհամբերությունից հևալով:
– Տղա՛, տղա՛:
Աթանեսը հառաչեց, վերջապես նրա փափագը կատարվեց:
– Դեհ, շնորհակալ եմ, գնա՛ բանիդ, – ասաց նա դարձյալ իր սովորական բարկացկոտ եղանակով:
Պառավը հեռացավ: Աթանեսը շարունակեց իր անցուդարձը, այս անգամ այնպիսի անկանոն քայլերով, որ նրա երկայն գդակի կոնաձև ծայրը օդի մեջ գծում էր ամենատարօրինակ զիգզագներ: Կարծես, մարդը հանկարծ հարբեց: Եվ ինչպես չհարբեր, վերջապես աստված լսեց նրա լռիկ աղոթքները, գաղտնի հառաչանքները և պարգևեց նրան արու ժառանգ: Այժմ թող նրա թշնամիների (Աթանեսն ամբողջ մարդկությանը իր թշնամին էր համարում) աչքը դուրս գա և լեզուն պապանձվի: Հե՜, անիծվածներ, դուք հույս ունեիք, որ Աթանես Ահրումյանը անժառանգ կմնա, տունն ու տեղը կընկնի կանանց ձեռքը իր մահից հետո և քար ու քանդ կլինի: Դե, հիմա լսեցեք ու նախանձից տրաքեցեք…
Քառորդ ժամ անցած՝ լուր եկավ, թե երջանիկ հայրը, եթե կամենում է, կարող է տեսնել իր ժառանգին: Նա անմիջապես անցավ ծննդաբերի սենյակը: Այդտեղ նրա աչքերին ներկայացավ հետևյալ տեսարանը. – սենյակի մի անկյունում պառկած էր Գյուլումը ուժասպառ, գունատ, որպես անշնչացած, սակայն մի անդորր ու երջանիկ ժպիտ ամուր սեղմած շրթունքների վրա: Նրա գլխի աջ կողմում նստած էր մայրը, իսկ ձախ կողմում քույրերը, Ոսկեհատն ու Զառիկը ու լալիս էին… ուրախությունից: Ուրախ էին, որ իրենց քույրը արու զավակ է ծնել և մի անգամ առմիշտ ազատվել ամուսնու դառն կշտամբանքներից ու անեծքներից: Մյուս անկյունում, բաց հատակի վրա երևում էր մի կլոր փոս, նրա մոտ տաք ջրով լի մի պղնձի տաշտ, որից բարձրացող շոգին սքողել էր մի քայլ հեռու դրած երեխային, ինչպես նոսր ամպը նորածին լուսնյակին:
Մանկաբարձուհու դերը կատարում էր Հերիքնազը, որ Աթանեսի մերձավոր ազգականուհիներից էր: Արխալուղի թևերը մինչև արմունկները ծալած, նա պատրաստվում էր նորածնին լողացնելու, իսկ նորածինը բարձրացրել էր այնպիսը բողոք, որ կարծես ուզում էին նրան խորովել, և նա զգում էր այդ:
Արդարև, այն գործողությունը, որ կատարեց Հերիքնազը Ոսկեհատի ու Զառիկի օգնությամբ, հավասար էր խորովելուն: Նա նորածնին դրեց տաք ջրի մեջ և մի ձեռով բռնած, մյուսով սկսեց նրա մարմինը լվանալ այնպիսի ուժով, որ կարծես կոշտ ու կոպիտ լաթի կտոր էր լվանում: Հետո դուրս բերեց նրան ջրից ու սկսեց վրան աղ քսել, առանձին ուշ դարձնելով նրա կռնատակերի և այլ ծածուկ տեղերի վրա: Հարկավ, այս անգամ նորածնի ծվծվոցը հասավ իր գագաթնակետին:
– Ձայնդ փորդ քաշիր, չար Հուլիանոս, – ասաց նրա տատը ուրախ կատակով, – վրեդ աղ են ցանում, որ չհոտես:
– Համ էլ, որ կաշիդ պնդի, չքրտնես ու չհոգնես, – ավելացրեց Ոսկեհատը:
– Եվս առավել, որ համով մարդ լինես, – լրացրեց Զառիկը:
Անհանգիստ նորածնին օրինավոր աղելուց ու չարչարելուց հետո, Հերիքնազը դրեց խանձարուրի մեջ, փաթաթեց ու սկսեց ձեռներն ու ոտները մետաքսյա լայն ժապավենով կապոտել, այնքան ամուր, որ կարծես փոստային փաթեթ էր պատրաստում հեռավոր երկրներ ուղարկելու համար:. Շատ տարիներ հետո, երբ մանուկը ցույց տվեց իր արտակարգ ձիրքերը, պառավներն ասում էին, «կապողն է այդպես կապել»: Նույն պառավները երդվելով հավատացնում էին, թե մանուկը մոր արգանդից դուրս գալով, իսկույն աղաղակել է. «ուզում եմ, ուզում եմ»: Պնդում էին նաև, թե ներկա եղողները ջրից դուրս բերելիս նրա կրծքի վրա նշմարել էին մի կլոր դեղնագույն բիծ, իսկ և իսկ նման ոսկի իմպերիայի: Ոմանք հավատացնում էին, թե այդ բիծն այժմ էլ անշնչելի դրոշմված է, և թե դա անզուգական մահկանացուի հազվագյուտ բախտի նշանն է:
Աթանեսը մոտեցավ իր ժառանգին, նայեց նրա կապտա-կարմրագույն երեսին, ժպտաց, եթե միայն կարելի էր ժպիտ համարել նրա դաժան դեմքի կծկվիլը, և արտասանեց հետևյալ փաղաքշական դարձվածքը:
– Շան ծնունդը եփած ճղնուտրի է նման:
Հետո նա իր երկայն արխալուղի գրպանից դուրս բերեց երկու արծաթյա ռուբլիներ և դրեց նորածնի խանձարուրի վրա: Նրա օրինակին հետևեցին զոքանչն ու քենիները: Հերիքնազը վերցրեց այդ դրամները և գրպանը դրեց, որպես իր աշխատանքի վարձը:
– Դե՛հ, հիմա հայդա՜, – դարձավ Աթանեսն իր քենիներին, – ազատվողն ազատվեց, դուք էլ ինձ ազատեցեք: Հայդա՜, շնորհակալություն ու բարի ճանապարհ: Գիտեմ, սպասում եք, որ ձեզ չայ խմեցնեմ, դե, ի՜նչ արած, տեսնում եք, որ չեմ կարող: Շաքարս թրջվել է ծովում, չայի հունձը Չին ու Մաչինում չեն սկսել դեռ, սամովարս էլ գողերը տարել են, ջուր չկա, ածուխ չկա: Բարի ճանապարհ, գլխիս տերեր, աչքիս լույս ազգականներ, բարևեցեք ձեր մարդկանց, ասացեք, տուն ու տեղս այժմ տեր ունի, կարողությունս գայլերի բերանը չի ընկնիլ: Չէ, դու մի գնա, աչքիս լույս զոքանչ, թող աղջկերքդ գնան, դու մնա Հերիքնազին օգնիր: Դե, հայդա, իմ սիրուն-սիրուն քենիներ, մեծ բան արիք, շնորհակալ եմ, հայդա, Ահրումենց Աթանեսը աչքով աչք չունի իր տանը ավելորդ կանայք տեսնելու: Ի՜նչ արած, բնությունս է այդպես: Ես մեղավոր չեմ: Բարի ճանապարհ…
Վաղուց արդեն ընտելացած լինելով Աթանեսի բնույթին, Ոսկեհատն ու Զառիկը շտապեցին լուռ ու մունջ հեռանալ:
Այսպես աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը, նա, որ ապագայում հռչակեց իր անունը և դարձավ համայն երկրի նախանձի առարկան:
Ուղիղ յոթերորդ օրը Աթանեսը հրավիրեց տեր-Համբարձումին նործնին «հալալելու», այսինքն` մկրտելու: Կնքահայրը Աբրահամ աղա Ալբաշյանն էր, քաղաքի առաջին վաճառականը և ամենից հարգված քաղաքացին, միակ մարդն ամբողջ Զիլզիլում, որի հետ Աթանեսը քիչ թե շատ բարեկամական հարաբերություններ ուներ կամ, ճիշտն ասած, միակ մարդն էր, որին հավատում էր:
Առավոտյան կնքահայրն իր սանիկի ծնողների համար ուղարկեց մի գլուխ շաքար, մի ֆունտ թեյ և կես փութ չորացրած մրգեղեն, իսկ ինքը բարեհաճեց ուղղակի եկեղեցի գնալ, ուր արդեն սպասում էր Հերիքնազը՝ նորածնին թևերի վրա պահած:
Տ եր-Համբարձումը մանկանը տվեց օրացույցի համեմատ Վարդան անունը, խորապես համոզված, որ ավելի պատշաճ ու պատվավոր անուն դժվար էր գտնել Աբրահամ աղայի սանիկի և որ ամենագլխավորն է, ամեն բանից դժգոհ Աթանես Ահրումյանի որդու համար: Թող սուրբ զորավարի խաչն ու սուրբ հովանավորին ու պաշտպանին նրան:
Վարդանին տուն բերին հետևյալ հանդեսով. – առջևից գնում էր տիրացուն խաչվառը բարձր պահած, հետո տեր-Համբարձումը շուրջառն ուսերին, խաչը ձեռին, երգելով հանդեսին վայել շարականը:
Այնուհետև ընթանում էր Աբրահամ աղան թևերի վրա պահած իր սանիկին և ձեռներում բռնած մի զույգ վառ մոմեր՝ զույգը քառասուն կոպեկանոց: Նրան հետևում էին Հերիքնազը` կռնատակին բռնած մի կապոց և ժամկոչը՝ մի ձեռքում հանգած բուրվառը , մյուսում՝ տերհոր գավազանն ու Աբրահամ աղայի մորթե գդակը:
Աջ ու ձախ կողմերից հանդեսն ուղեկցում էին մի տասնյակ կիսամերկ, ոտաբոբիկ մանուկներ, աշխատելով մի քայլ անգամ ետ չմնալ հանդեսից և միշտ նայելով Աբրահամ աղայի երեսին այնպես, որ կարծես մարդը անհայտ մոլորակից ընկած մի տարօրինակ արարած լիներ: Այնինչ, Աբրահամ աղան գրգռված էր, նրա կռները հոգնել էին սանիկին պահելուց, այնչափ, որ ուրախ կլիներ նրան ձգել գետնի վրա: Իր սրտի մաղձը նա թափում էր անկոչ թիկնապահների վրա գոռալով, ոտները գետնին զարնելով ու հայհոյելով հանդեսին միանգամայն անվայել խոսքերով: Նրա ձայնը հրամայողական էր ու ազդու, քայլվածքը գոռոզ, գեր դեմքի արտահայտությունն սպառնալի, թանձր բեղերի և թավ հոնքերի շնորհիվ: Մանուկները մի վայրկյան սարսափելով, ցրվում էին դեսուդեն և նորից կամացուկ ու անվստահ քայլերով մոտենում էին:
Վերջապես հանդեսը տուն հասավ, մռայլ դարպասի դռնակը բացվեց և փակվեց փողոցային մանուկների քթի առջև:
Հյուրերի համար Աթանեսի զոքանչը պատրաստել էր թերխաշ ձվեր, կարագ, մեղր, գաթա, սեր և քաղցր թեյի ու ռոմի խառնուրդ – մի ըմպելիք, որ տեղական բարբառով կոչվում էր «փունջ»: Աթանեսը հագել էր իր պսակադրության համար կարված մետաքսյա արխալուղը, մեջքին կապել էր կապտագույն լայն գոտին, որի մի ծայրը հասնում էր գետնին: Ինչե՜ր չէր երևակայում երջանիկ հայրը յոթօրյա ժառանգի վերաբերմամբ: Վարդանը կմեծանա, կդառնա հոր ապավենը և աչալուրջ օգնականն ու ընկերը առևտրի մեջ, ինքն անձամբ ամեն տարի կգնա «Մակարիա» ապրանք բերելու, հազարներ կվաստակի, տներ ու քարվանսարաներ կշինի, կդառնա Զիլզիլ քաղաքի առաջին քաղաքացին, ամենքի նախանձի առարկան, մի խոսքով Ահրումյանի արժանավոր ժառանգը:
– Ա մարդ, ի՞նչ ես քթիդ տակ փնթփնթում, – ասաց Գյուլումը, որ հագնված, անկողնում նստած՝ սպասում էր զավակի վերադարձին, – կանգ առ, ա՛ մարդ, հենց մի գլուխ չափչփում ես սենյակը, այդ ո՞ւմ ես անիծում կամ օրհնում… Բա՜ս ինչո՞ւ ձեռդ բարձրացրիր, ո՞ւմ ես ուզում խփել: Դե՜հ, հիմա էլ ծիծաղեցիր, փիե՜, ինչո՞ւ, ի՞նչ պատահեց…
– Նա պիտի մեծ մարդ լինի, Գյուլում, շատ մեծ մարդ, հասկանո՞ւմ ես…
– Ո՞վ… հասկացա – որդի՞դ:
– Եթե մեծ մարդ չլինի, ամենից առաջ, ես կթքեմ նրա երեսին:
– Չեմ թողնի, չեմ թողնի, – համարձակվեց հակառակել Գյուլումը, գուցե առաջին անգամ ութ տարվա ընթացքում…
– Ձայնդ կտրիր, շուն շան…
Լսվեց տեր-Համբարձումի զիլ ձայնը, որ այս անգամ ախորժալուր էր Աթանեսի համար:
Հարևան կտուրները լեցվեցին հետաքրքիր կանանցով ու երեխաներով: Սակայն բակում կար մի ահագին ծառ` կար միր թթի: Նրա խիտ ճյուղերը խանգարում էին նրանց տեսնել ինչ է կատարվում «խուլ» Աթանեսի տանը:
Հյուրերը նախաճաշի նստեցին: Տեր-Համբարձումը կերավ վեց հատ թերխաշ ձու, ասելով, թե ձուն խիստ օգտակար է ձայնի զորության համար, բայց թե ի՞նչ օգուտ ուներ երեք բաժակ փունջն ու երկու բաժակ օղին, այս մասին լռեց, բարվոք համարելով ոչնչացնել խաշած հավը, մեղրն ու կարագը:
Աբրահամ աղան երկու բաժակ փունջից հետո բավական զվարթացավ և խոսք բաց անելով առևտրի մասին, անցավ քաղաքական դեպքերին, հայտնեց հեղինակավոր եղանակով, թե «ռուսը» վճռել է այս տարի անպատճառ իր հաշիվները վերջացնել Դաղստանի հետ, ամեն բան պատրաստ է, այսօր-էգուց իմամ Շամիլին կբռնեն և Դաղստանի գեներալ-նահանգապետ կնշանակվի Արղութովը: Հետո անցնելով ուրիշ նյութերի, վերջապես խոսեց իր սանիկի ապագայի մասին, միակ նյութը, որ շարժեց Աթանեսի հետաքրքրությունը:
– Գիտես, Աթանես աղա, – շարունակեց Աբրահամ աղան, մի կումով դատարկելով փունջի երրորդ բաժակը, – այն օրից, որ ռուսը ոտք դրեց մեր կողմերը, աշխարհը փոխվեց, հին կարգերը տակն ու վրա եղան, նոր, ավելի լավ կարգեր առաջ եկան, ես իմ աստվածը: Հիմա ուսում է հարկավոր, գիտություն, իմաստություն: Ասելս այն է, որ որդուդ չպետք է անուսում թողնես, հաա՜, թե չէ, շատ կփոշմանես: Հիմիկվա ժամանակը անուսում մարդը կես մարդ է, եթե ուզում ես, իսկի մարդ էլ չէ…
– Ուրեմն ես, – փորձեց հակառակել Աթանեսը, մի տեսակ վիրավորված համարելով իրեն…
– Խոսքս քո և իմ մասին չէ, – շտապեց ուղղել իր սխալը Աբրահամը, – մեր բանն ուրիշ է, մենք հին մարդիկ ենք, խոսքս մեր զավակների մասին է…
Այնուամենայնիվ Աթանեսն իրեն վիրավորված զգաց և սաստիկ փափագեց մի թունդ հիշոց արձակել, բայց հիշելով, որ դիմացինը Աբրահամ աղա Դալբաշյանն է, բեղերի մեկը ծալեց և դրեց ատամների տակ:
– Աղա Աբրահամ, – մեջ մտավ տեր-Համբարձումը, մի նենգավոր հայացք ձգելով կնքահոր ուղարկած շաքարի վրա, որ ցցվել էր սենյակի մի անկյունում, կարծես տեր-հոր ախորժակը գրգռելու համար, – այս տարի շաքարի մազանդան ո՞նց է:
– Շատ բարձր…
– Բահ, ուրեմն ասա ինձ նման անճարներն էլ թեյ չպիտի խմեն, էլի:
Աթանեսը, իհարկե, հասկացավ տեր-հոր խորամանկ ակնարկը և մտքում ասաց, «վեր կենաս աներեսի միրուքը գզգզես, հաա՜…»
Տեր-հայրը վերջին անգամ մկրտվածին երկար կյանք, առողջություն, հաջողություն, մեծ անուն, պատիվ, տոպրակներով ոսկի-արծաթ և այլ ու այլ բարիքներ մաղթելով «աջահամբյուրը» գրպանը դրեց ու դուրս գնաց, բավականին երերուն քայվերով: Նրան հետևեց Աբրահամ աղան, կրկնելով.
– Անուսում չթողնես, հա՜, էս է ասում եմ, թե չէ շատ կփոշմանես:
Դիտողների ասելով Վարդանը ոչ մորն էր նման, այդ բարի աչքերով և հեզ դեմքով նիհար կնոջը, ոչ հորը, այդ ամրակազմ, խոժոռադեմ, մեծ քթով, հաստ կարմիր պարանոցով մարդուն: Տատը պնդում էր, թե երեխան նման էր իր մորեղբայր Մարտիրոս Հախվերդյանին, որ երեք տարի բացակայում էր Զիլզիլ քաղաքից: Ճիշտ էր այս թե ոչ, դժվար էր ստուգել, բայց մի բան խիստ աչքի էր ընկնում – Վարդանի աչքերի գույնը: Իսկապես այդ գույն չէր, այլ դեղնի, կարմրի ու կանաչի մի տարօրինակ, չտեսնված խառնուրդ: Այդ աչքերը երբեմն նայում էին չափահաս մարդու վերին աստիճանի ազդու ու սուր հայացքով: Թվում էր, թե արդեն խանձարուրի մեջ մանուկը հասկացել է կյանք ասված մեքենայի խորին բարդությունը և զգում է, որ այդ բարդության դեմ մաքառելու համար պիտի բռնել հարձակողական դիրք: Մերթ ընդ մերթ թվում էր, որ նա պատրաստ է կատաղած կատվի պես ցատկել դիտողի վրա և իր մագիլներով ճանկռտել նրա երեսը:
Մի առավոտ Աթանեսը նայելով նրա երեսին, արտասանեց.
– Այդ տղան չի կորչիլ, չի կորչիլ, այդ երևում է նրա աչքերից:
Գյուլումը, գոհունակության ժպիտն երեսին ասում էր, թե հազիվ աշխարհում մի մանուկ մոր կրծքից կաթն այնպես ագահորեն ծծած լինի, որպես Վարդանը: Արդարև, երբ նա կպչում էր մոր կրծքին, մի անհագ ու սոսկալի տզրուկ էր, սոսկալի մանավանդ իր խոշորությամբ: Բիբերն ուղղելով մոր աչքերին, ծծում էր նրա կաթը մինչև վերջին կաթիլը, իսկ երբ կաթը սպառվում էր, իր լինդերով կծում էր կերակրիչ անոթն այնպես ամուր, որ մայրը ցավից աղաղակում էր և շտապում իր կուրծքն ազատել նրա այնքան փոքրիկ, բայց և այնքան սուր ճանկերից: Օ՜, այդ ճանկերը շատ անգամ էին խրվում մայրական կրծքի մեջ և այնտեղ թողնում կապույտ հետքեր, մինչդեռ վագրի աչքերը շարունակ նայում էին մոր երեսին հանգիստ, անշարժ, որպես սառցի կտորներ:
Տասնումեկ ամսական հասակում Վարդանին ծծից կտրեցին: Մի քիչ վաղաժամ էր, բայց գարնան օրերն էին, սպասվելիք շոգերի պատճառով հարկավոր էր մանկան ստամոքսն օր առաջ ընտելացնել արվեստական կերակրմանը:
– Փառք աստծո, – ասաց Գյուլումը, – հիմա մի քիչ ուժի կգամ: Այս տղան կաթիս հետ արյունս էլ ծծեց:
– Տա աստված, այնպիսի տղա լինի, որ աշխարհի արյունը ծծե, – արտասանեց Աթանեսը:
– Մի՛ ասա, ա մարդ, մի՛ ասա, մարդիկ կարող են անիծել որդուդ:
– Ի՞նչ արժե մարդկանց անեծքը, եթե ատամներդ սուր են: Գելն էլ է անիծում իրենից զորավոր վագրին, բայց վագրը թքել չի ուզում նրա վրա: Այս աշխարհում միայն մի զորություն կա – ոսկին: Եթե տանդ պատերը ոսկուց են, ոչ մի անեծք չի մտնի այնտեղ: Թող անճարները կրճտեն իրենց ատամները, բախտը նրանց չի օգնիլ, եթե չունին սուր ճանկեր նրան որսալու:
– Այ, այդպես ես խոսում, որ ամենքը քեզ խոզ են անվանում, – համարձակվեց նկատել Գյուլումը:
– Ձայնդ կտրիր, աներե՛ս, – կատաղեց Աթանեսը, – տեսնում եմ, այն օրից, որ ինձ համար տղա ես ծնել, լեզուդ բացվել է, բայց ես նրան էլի կկապեմ: «Խո՜զ», իհարկե խոզ եմ, ոչխար չեմ, որովհետև ոչ ոք չի կարողանում մի մազ պոկել իմ կաշվից: Թող իմ որդին էլ խոզ լինի, միայն ամենքը գլուխ խոնարհեն նրա առաջ…
Երեք տարեկան հասակում Վարդանը կարմրաթուշ, կայտառ մանուկ էր, հյութալի շրթունքներով, հաստոսկոր, մազերը շիկավուն, ունքերը նույնպես: Նրան թույլ էին տալիս տնից դուրս գալ իր քրոջ՝ Մարիամի հսկողությամբ, որ չորս տարով եղբորից մեծ լինելով կարող էր նրան հովանավորել և պաշտպանել չար մանուկների հալածանքներից: Աղջիկը շալակում էր Վարդանին, տանում փողոց և ինքը նրա հետ խաղում, չթույլ տալով նրան միանալ փողոցային երեխաներին, հոր պատվերի համաձայն: Սակայն երևում էր, որ Վարդանը Աթանեսի մարդատյաց բնավորությունը չէր ժառանգել: Ընդհակառակը, նա ձգտում էր խառնվել հասակակիցների խմբին և նրանց հետ փողոցներում վազվզել, կտուրների ու ծառերի վրա բարձրանալ: Նա սիրում էր խաղալիքներ, և հենց որ իրենից թույլ մի երեխայի ձեռքում տեսնում էր մի գրավիչ բան, թռուցիկ, գնդակ, սայլակ, հարձակվում էր ու աշխատում էր խլել նրանից: Եվ երբ կողոպտվածը գոռալով կամ արտասվելով բողոքում էր, Մարիամն ստիպում էր կողոպտիչին ավարն իր տիրոջը վերադարձնել և միշտ Վարդանը նախքան վերադարձնելը, ավարը կոտրատում էր կամ ջարդում ոտների տակ: Մինչդեռ ինքը, որ ուներ սեփական խաղալիքներ, երբեք չէր զիջում որևէ մեկին, թեկուզ մի քանի վայրկյանով:
Մի օր Աթանեսը նրա համար շուկայից բերեց մի քառակուսի տուփ, որի փակ կափարիչի վրա կար մի նեղ ծակ հինգ կոպեկանոց պղնձե դրամի երկայնությամբ, և տալով որդուն, ասաց.
– Ըհը՛, վերցրու այս «դախըլը», ինչ փող որ ձեռքդ ընկնի, գցիր մեջն ու պահիր, բայց տես, որ հետդ փողոց չտանես ուրիշներին ցույց տաս, կարող են խլել քեզնից:
Այդ օրից ինքը՝ Աթանեսը, գրեթե ամեն երեկո իր ձեռքով տուփի մեջ ձգում էր որևէ պղնձե կամ արծաթե դրամ, այսպիսով ավելացնելով Վարդանի դրամագլուխը:
– Լսիր, որդի, – ասաց նա մի անգամ, դրամը գրպանից դուրս բերելիս, – այս աշխարհում փողն է ամեն բանից բարձրը: Փո՛ղ, փո՛ղ, փո՛ղ, ո՛չ ազգական, ո՛չ բարեկամ, ո՛չ եղբայր, ո՛չ քույր, ո՛չ մարդկանց պատիվ, ո չ սեր, ո՛չ քահանայի օրհնություն, ո՛չ ծնողների համբույր, փո՜ղ, փո՜ղ, փո՜ղ:
Վարդանը լսում էր այս խոսքերը և սպունգի նման ծծում նրանց իմաստը…
Շատ չանցած, նա իր տուփը սիրեց ավելի, քան բոլոր խաղալիքները, քան բոլոր իր շրջապատը, քան նույնիսկ իր ծնողներին: Նա իր գանձը սեղմում էր կրծքին այնպիսի հափշտակությամբ ու գգվանքով, որպես միայն սիրավառ մայրը կարող էր սեղմել միակ զավակին: Նա տուփը երկու ձեռներով մոտեցնում էր ականջին, շարժում էր, ականջ էր դնում մետաղի ախորժալուր հնչյուններին, հրճվում էր, դնում էր վար, նորեն վերցնում և նորեն շարժում, միշտ ժպտալով երջանիկ ժպիտով: Դա բարձրագույն երաժշտություն էր նրա մանկական լսելիքի համար, որի նմանը երբեք չէր լսել և չպիտի լսեր իր ամբողջ կյանքում: Այդ պահերին նրա դեմքը զրկվում էր անմեղության փայլից, աչքերը վառվում էին ագահության անախորժ հրով: Վա՜յ, եթե այդ միջոցներին մեկը փորձեր խլել նրա գանձը, նա կատաղած կատվի պես կհարձակվեր հանդուգն փորձողի վրա, որպեսզի եղունգներով դուրս գջլի նրա աչքերը: Եվ նայելով այդ հազիվհազ թոթովող մանկան, իր գանձը կրծքին սեղմած, կարելի էր կարծել, որ նա խանձարուրից արդեն ստացել է անխախտելի գաղափար դրամի զորության մասին և գիտի, որ նա է տիեզերքի առանցքը, նրան և միմիայն նրան պիտի կպչել ամուր, ձեռների բոլոր զորությամբ, հոգու բոլոր ուժերով, սրտի բոլոր սիրով:
Աթանեսը հոգու խորքում, տեսնելով որդու այդ բնազդական սերը դեպի դրամը, ուրախանում էր այնչափ, որչափ կուրախանա միջակ արտիստը, տեսնելով իր զավակի մեջ հանճարի նշույլներ: Նա խրախուսում էր որդու մեջ այդ սերը և ավելի ու ավելի ամրացնում այնտեղ, երբեմն դրամը տալիս էր Վարդանին, որ նա ինքն իր ձեռքով գցի տուփի մեջ: Եվ մանուկը մինչև գցելը խաղում էր դրամի հետ, մի ձեռքից մյուսի մեջ բաց թողնելով, գլորելով հատակի վրա, ինչպես կատուն է խաղում մկան հետ մինչև նրան խեղդելը:
– Չէ, Գյուլում, այս տղան փուչ չի դուրս գա, – ասում էր Աթանեսը որդու ներկայությամբ, և որդին հրճվում էր:
Երբ մանուկը վեց տարեկան դարձավ, հայրը մի երեկո վճռեց տուփը բանալ: Դանակի ծայրով զգույշ պոկեց կափարիչը: Հատակի վրա թափվեցին արծաթե ու պղնձե դրամները: Վարդանի աչքերը վառվեցին հոգեկան անսահման հաճույքից, ինչպես կարող էին վառվել մի ուրիշ մանկան աչքերը սքանչելի հրավառություն տեսնելիս: Նա աղաղակեց.
– Ի՛մս են, ի՛մս են:
Եվ երկու ձեռներով հարձակվեց դրամների վրա, որպես գիշակերը որսի վրա: Մի քանի դրամներ գլորվել էին սենյակի ծայրը: Մարիամը շտապեց նրանց ժողովել և փորձեց իր գրպանը դնել: Վարդանը բռնեց նրա ձեռը և այնպես ամուր խածնեց, որ խեղճ աղջիկը ցավից ճչաց, արտասվեց, ավարը ձեռքից բաց թողնելով:
Աթանեսը փողերը համրեց, դուրս եկավ երեսունինը ռուբլի:
– է, է՜, – ասաց նա, – հիմի մտածենք ինչ պիտի անենք այդ փողերը: Արի, Վարդան, տուր ինձ տոկոսով, մանեթին տասներկու կոպեկ տարեկան: Հա, դու չգիտես ինչ ասել է տոկոս: Լսի՛ր, այս տարի դու ինձ տալիս ես, ասենք հարյուր ռուբլի…
Եվ նա բացատրելով տոկոսի նշանակությունը, ավելացրեց.
– Կարծեմ հասկացար…
– Հասկացա, – պատասխանեց աչքաբաց մանուկը, – ես իմ փողերը տոկոսով չեմ տա: Թափիր դախըլի մեջ, թող ինձ մոտ մնան:
Աթանեսը տուփի կափարիչը նորեն ամրացրեց և պատվիրեց որդուն շարունակել դրամն ավելացնել, ասելով.
– Երբ հարյուր ռուբլու կհասնե, կմտածենք ինչ անել:
Այժմ Վարդանը վազվզում էր փողոցներում, բակերում ու կտուրների վրա: Մարիամն այլևս չէր հսկում նրան և չէր էլ կարող, նա արդեն տասնումեկ տարեկան աղջիկ էր, տեղական սովորությամբ պիտի տանը փակված մնար:
Աթանեսը վարձեց մի լեզգի ծառա, որը պիտի հսկեր Վարդանին: Օրվա մեծ մասը մանուկն անց էր կացնում այդ լեռնականի հետ` խոհանոցում, բակում, թոնրատանը, փողոցներում: Օսմանը – այդպես էր լեզգու անունը – փայտից նրա համար շինում էր խաղալիքներ և երբեմն պատմում էր նրան զանազան դիպվածներ Դաղստանի կյանքից: Վարդանը նստում էր նրա ուսերի վրա և պահանջում, որ իրեն զբոսեցնի: Նա ոտներով անխնա հարվածում էր Օսմանի կողերին, փորին, փոքրիկ մտրակով զարկում էր ուսերին, կրծքին, երբեմն երեսին, երևակայելով, որ ձիու վրա է նստած: Հպարտ լեռնականը ներքուստ վրդովվելով լուռ կրում էր այդ վիրավորանքները քրիստոնյայի զավակից: Եթե չկրեր, պիտի զրկվեր պաշտոնից, այսինքն՝ երեք ռուբլու ամսականից և մի փոր հացից: Նա ինքն էլ հայր էր, ուներ Վարդանի հասակակից մի տղա և երկու աղջիկ, որոնց թողել էր Դաղստանի լեռներում իրենց մոր հետ: Նա հաճախ հիշում էր իր զավակներին և հառաչելով շփում էր կոշտացած ճակատը, որ իր ծննդավայրի ամեհի ժայռերի խորշոմներն ուներ: Երբեմն, հոգնելով փոքրիկ բռնակալին ուսերի վրա զբոսնելուց, բաց էր թողնում նրան հարևան մանուկների շրջանը և ինքը մի կողմ քաշվելով, հսկում էր նրան:
Վարդանը մեծ մասամբ ընկերանում էր այնպիսի մանուկների հետ, որոնք բնավորությամբ հեզ էին և սիրով էին կատարում նրա կամքը, կամ թույլ էին տալիս՝ իրենց հարստահարելու: Նրա ոսկեզօծ գոտին, սատինի բաճկոնը, մանավանդ «ապոյկա» կոշիկները փայլուն անկարուրդներով հարգանք էին ներշնչում ընկերներին, միևնույն ժամանակ գրգռելով նրանց նախանձը: Նա շատ անգամ անպատիժ հայհոյում կամ ծեծում էր մեկին կամ մյուսին. հենվելով Օսմանի պաշտպանության վրա, իսկ երբ մեկը հանդգնում էր իր վրա ձեռք բարձրացնել, աղաղակելով վազում էր Օսմանի մոտ և այնտեղից քարեր ձգում հակառակորդի վրա: Եվ եթե լեզգի ծառան բարեսիրտ չլիներ, կատարեր փոքրիկ բռնակալի հրամանները, բոլոր մանուկները վաղուց հաշմանդամ կլինեին, այնքան խիստ էին Վարդանի պահանջները: Սակայն պատահում էր, որ նրան պաշարում էր մի տեսակ վեհանձնության զգացում: Նման հազվագյուտ րոպեներին նա ընկերներին տալիս էր ծտի կտուցի չափ հալվա, մի քանի չամիչ, մի խնձոր, չորս կտորների բաժանած:
Նա միշտ գրպանում փող էր պահում ոչ ծախսելու, այլ պարծանքով ընկերներին ցույց տալու և նրանց նախանձը շարժելու համար, հակառակ իր հոր պատվերին:
Ամառվա սկզբին Օսմանը չդիմանալով շոգերին, գնաց իր հայրենիքը, աշնանը վերադառնալու պայմանով. Վարդանը մնաց անպաշտպան, կրճատեց իր հարաբերություններն ընկերների հետ, ամփոփվեց ինքն իր մեջ և ավելի սիրեց իր դրամարկղը: Այժմ, նա մտածում էր իր գանձը ավելացնելու ուրիշ միջոցներ գտնելու: Հոր ամենօրյա նվերը նրան թվում էր շատ քիչ, տարիներ պիտի անցնեին մինչև տուփի լցվելը:
Մի երեկո Աթանեսը տանն ինչ-որ հաշիվներ էր անում համարակալի վրա, իսկ Գյուլումը Վարդանի համար մի նոր մետաքսյա շապիկ էր կարում, երբ դրսից ներս վազեց Մարիամ ը և ասաց,
– Մամա, գնա տես Վարդանը թոնրատանն ի՞նչ է անում:
Մարդ ու կին հետաքրքրված գնացին թոնրատուն, և նրանց աչքերին ներկայացավ հետևյալ պատկերը. մի անկյունում Վարդանը վառ մոմը առջևը դրած, համարում էր մի բուռն արծաթե ու պղնձե դրամներ: Նա այնքան էր խորասուզվել իր հաշիվների մեջ, որ բնավ չզգաց ծնողների ներկայությունը: Նրա մանկական ճակատը խորշոմ ել էր, շրթունքները սեղմվել էին շունչը զսպելու չափ, ձեռները հուզումից դողում էին: Համրելով բոլոր դրամները, նա ձեռը դրեց ճակատին, նայեց թոնրատան սևացած առաստաղին – ի՞նչ սքանչելի նյութ ժամանակակից նկարչի կամ արձանագործի համար: Հետո նորից սկսեց համրել, նորից ձեռը դրեց ճակատին, պարզ էր, որ նրա հաշիվների մեջ կար ինչ-որ անճշտություն, որ մանուկը ճգնում էր պարզել: Եվ որքան ավելի էր համրում դրամը, այնքան նրա ձեռների դողոցն ավելանում էր, ականջներն ու այտերը կարմրում էին, շնչառությունը սաստկանում էր: Այդ յոթ տարեկան մանուկը մի խուլ անկյունում, ճարպյա մոմի աղոտ լույսի առջև, մթության ստվերներն երեսին հիշեցնում էր այն առասպելական ագահին, որ մեն-մենակ գիշերվա խորության մեջ է ստուգում իր գանձը և հրճվում մետաղի հնչյունով, որպես երաժիշտը իր հաջող ստեղծագործությամբ: Մանուկը լուռ խոսում էր իր հարստության հետ, որպես մենասեր իմաստունն իր մտքերի հետ:
– Հրաշք է, տղա չէ, – անգիտակցաբար շշնջաց Աթանեսը իր կնոջ ականջին, բռնելով նրա թևը:
Նա կամացուկ մոտեցավ որդուն: Վարդանը գլուխը բարձրացրեց և իսկույն երկու ձեռներով ծածկելով դրամը, գոչեց.
– Չե՛մ տա, չե՛մ տա, ո՛չ ոքի չեմ տա:
Նրա ձայնը, աչքերը, նրա ամբողջ կերպարանքն արտահայտում էին ութսունամյա վաշխառվի ոսկեմոլությունը:
– Ո՞րտեղից են այդ փողերը, – հարցրեց հայրը:
– Չեմ ասի, կծեծես ինձ:
– Դախլի՞ց ես դուրս բերել:
– Ոչ:
– Գոզացե՞լ ես:
– Ոչ. գողությունը մեղք է:
– Հապա որտեղի՞ց են այդ փողերը:
– Հավաքել եմ կոպեկ-կոպեկ, իմ աշխատածն է:
– Քո աշխատա՞ծը, – զարմացավ հայրը, – դու ինչպե՞ս ես փող աշխատում, ասա, թե չէ կթակեմ…
Վարդանը ստիպվեց գաղտնիքը պարզել: Բանն այն է, որ մայրն ամեն օր նրան ուղարկում է մերձակա խանութը տան համար զանազան մանր-մունր բաներ գնելու` սապոն, մոմ, լեղակ, լուցկի, գետնախնձոր, սոխ և այլն: Վարդանն ամեն անգամ աշխատում է մի քանի կոպեկներ հետ դնել իր համար, և ահա չորս-հինգ ամսվա մեջ գոյացել է այդ գումարը:
– Բայց ինչո՞ւ դախլի մեջ չես գցել, ջոկ ես պահել, – շարունակեց իր հարցուփորձը Աթանեսը:
– Ուզում եմ իմանալ, ամիսը որքա՞ն եմ աշխատում:
– Բայց դա աշխատանք չէ, գողություն է, – ասաց Գյուլումը, միանգամայն զարմանալով այդ փոքրիկ շահագործողի հակամանկական սառնասրտության վրա:
– Իսկի էլ գողություն չէ, առուտուր է, – պատասխանեց Վարդանն ամենայն լրջությամբ, – խանութպանից գնել եմ ու քեզ ծախել, բոլոր առևտրականներն էլ այդպես են փող աշխատում, էժան գնում են, թանկ ծախում:
– Կերա՞ր, – գոչեց Աթանեսը, միանգամայն հափշտակվելով որդու խելացի պատասխանով: – Բայց, – շարունակեց նա դառնալով Վարդանին, – այսուհետև էլ չանես այդպիսի բաներ: Լավ որսորդը տան հավերին չի սպանում: Մորիցդ գողանալով ինձնից ես գողանում, իմ կարողությունն էլ քոնն է, ուրեմն ինքդ կողոպտում ես քեզ, ուրիշներին կողոպտելու տեղ:
Առաջիկա աշնան սկզբին Աթանեսը որոշեց Վարդանին տալ ուսումնարան: Մի առավոտ մանկանը զարթեցրին սովորականից կանուխ: Մայրը նրա որովայնը ամրապնդեց մի զույգ ձվով. կարագ ու մեղրով և, օրհնելով, հանձնեց հորը:
Ճանապարհին Աթանեսն ամբողջ ժամանակ խրատում էր Վարդանին, բացատրելով ուսման նշանակությունը:
– Տես, որդի, – տրամաբանում էր նա, – աշխարհն այ, օրինակ, այս չինարի պես մի ծառ է, մենք էլ մրջյուններ ենք նրա վրա կամ որդեր: Որդ կա, որ զալում է, համ շատ-շատ է ուտում, համ շուտ-շուտ, որդ էլ կա, որ ծույլ է, ուժ չունե, նա քաղցից սատկում է ու նրա մարմինն էլ են ուտում: Ուտելու համար ատամներ են հարկավոր, սուր ատամներ: Մարդուս ատամները նրա խելքն է: Ուսումը որ կա, մի սրոց է, խելքի սրոց: Եթե անուսում խելոքն արժե հինգ անխելքի, ուսում առած խելոքն արժե տասը անուսում խելոքների: Ուսում ունեցող մարդուն խաբելը շատ դժվար է, նա ինքը կարող է շատ խելոքների աղբյուր տանել և ծարավ հետ բերել: Տես, հիմա ես քեզ ուսումնարան եմ տալիս, փող եմ ծախսելու հա՜, հեշտ բան չիմանաս: Ես քեզ աֆարիմ չեմ ասի, եթե երկու-երեք տարուց հետո կոնսիստորի սեկրետար Ղահրաման-բեկի պես ռուսերեն չկոտրատես ու նրա նման չգրես: Ասենք Ղահրամանի հերն էլ գոռբեգոռ լինի, նա ի՞նչ մարդ է, այն օրը չիթ առնելիս չորս աբասիս կտրեց, տեսնո՞ւմ ես, ինձ խաբեց հաշիվների մեջ: Մարդ ամեն բան պիտի լավ իմանա, ևս առավել փողի հաշիվը: Հենց որ ուսումդ վերջացրիր, քեզ Աբրահամ աղայի եղբոր՝ Իսրայելի հետ ուղարկելու եմ Մակարիա, որ ինձ համար դու ինքդ ապրանք գնես ու բերես, հերիք է ինչքան որ նա խաբեց ինձ: Ըհր՛, ես նրա հոր, պապերի յոթ պորտի գերեզմանները…
Վարդանը գլուխը քաշ լսում էր հոր խոսքերը, ամուր բռնած նրա ձեռը և մի քայլն երկուսն անելով, հազիվ կարողանում էր նրա հետ հավասար ընթանալ: Մերթ ընդ մերթ Աթանեսը այս կամ այն խրատը որդու մտքում ամուր դրոշմելու համար, այնպես պինդ էր սեղմում նրա ձեռը, որ մանուկը քիչ էր մնում ցավից ճչա:
– Ուսումնարանում, – շարունակեց հայրը, – ոչ ոքի հետ չկռվես, բայց ոչ ոքի հետ էլ չբարեկամանաս: Գլուխդ քաշ բանիդ կաց: Ընկերներից օգուտ չկա, վնաս կարող է լինել, ևս առավել աղքատ ընկերներից, մեկը թուղթ կուզի, մյուսը գրիչ, մատիտ, ես ինչ գիտեմ ինչ: Ասեղ չտաս, որ աչքները կոխեն, իմանո՞ւմ ես, ասեղ, շուն շան որդիներին: Դե՛հ, հասանք ուսումնարան, քիթդ սրբիր, եթե փռշտալու ես, հենց այստեղ փռշտա, վերջացրու:
Ճիշտ այդ պահին Վարդանն երկու անգամ փռշտաց, որովհետև գիտեր, որ զույգ փռշտոցը խեր է, իսկ կենտը շառ, շրթունքները սեղմեց, քթի ծակերը մատներով փակեց, որպեսզի երրորդ անգամ չփռշտա:
– Փա՜ռք աստծո, – գոհ եղավ Աթանեսը: – Հաջողություն է:
Ուսումնարանը գտնվում էր քաղաքի վերին մասում, ռուսաց եկեղեցուց ոչ հեռու: Դա մեկ ու կես հարկանի պարզ մի շինություն էր, դրսից պատերը կիրով սպիտակացրած: Հարևան տներից նա տարբերվում էր նրանով միայն, որ լուսամուտները երկաթե ցանցեր չունեին, երևի այն պատճառով, որ ներսում գողերի համար հրապուրիչ բան չկար:
Դռների առջև Աթանեսն իր գույնզգույն մեծ թաշկինակով մի անգամ էլ սրբեց Վարդանի քիթը, որի ծայրը, ի դեպ ասած, այն ժամանակ հաճախ հյութավորվելու վատ սովորությունն ուներ: Հայր ու որդի մտան մի բավական ընդարձակ գավիթ, որն երկու կողմերից պատսպարված էր տախտակյա ցանկապատով:
Դասերը դեռ չէին սկսվել, աշակերտները վազվզում էին գավթում: Տեսչի կացարանի առջև զբոսնում էին երեք-չորս զույգ սագեր, մի քանի հավեր և մի հնդկահավ, գլուխը հպարտորեն վեր ցցած ինչպես ցարական մի չինովնիկ: Մի քանի բադեր զվարճանում էին գետնի մեջ փորած ավազանում, կտցահարելով կեղտոտ ջրի երեսում լողացող փտած վարունգը և սեխի ու ձմերուկի կճեպները: Տեսնելով անծանոթ դեմքեր, մի շնիկ կատաղի հաչոցով վազեց առաջ: Աթանեսն իր կապայի երկայն թևերով փախցրեց անհյուրընկալ շնիկին, մտքում մի ազդու հիշոց ուղղելով նրա տիրոջ հասցեին:
Աշակերտներն անմիջապես շրջապատեցին նորեկին և սկսեցին նրան դիտել ոտքից մինչև գլուխ, առանձին ուշադրություն դարձնելով նրա ոսկեզօծ արծաթյա գոտիի և փայլուն կոշիկների վրա:
– Մարթին Բաղդանիչը չայ է խմում, – ասաց մի թուրք աշակերտ:
– Մարտին Բաղդանիչը ո՞վ է, – հարցրեց Աթանեսը:
– Տեսուչը:
– Լավ, իմացանք, – արտասանեց Աթանեսը և կապայի թևերը ուսերին գցելով, նստեց ուսումնարանի առջև դրած նստարանի վրա:
Աշակերտները նրա և Վարդանի առջև կազմեցին մի կիսաշրջան, մոռանալով իրենց վազվզոցն ու խաղը: Այստեղ կային մի քանի ազգերի ու կրոնների մանուկներ, յուրաքանչյուրը հագնված իր ծնողների ճաշակով և նյութական կարողության համեմատ: Ընդհանուր առմամբ մեծամասնությունը բաղկացած էր չքավորներից:
Հանկարծ Աթանեսի ուշադրությունը գրավեց շրջանից դուրս կանգնած մի տասը տարեկան մանուկ:
– Պզտիկ, ա՜յ պզտիկ, – ասաց նա, – մի առաջ եկ ռեխըդ տեսնեմ:
Մանուկը մոտեցավ շփոթությունից արխալուղի թևը ատամներով կրծոտելով:
– Ադա՛, դու փալան կարող Օհանի թոռը չե՞ս, ցորեն ծախող ցընգռ Ասատուրի տղան:
– Այո՛, – պատասխանեց մանուկը ամաչելով իր հոր անվանը կպած ծաղրական ածականից, որ շարժեց աշակերտների միահամուռ ծիծաղը:
– Ադա՛, մեջքիդ արծաթե քամար ես կապե՞լ: Փա՜հ, փա՜հ, հայրդ վաճառական է դարձել, ադա՛, դո՞ւ էլ ես ուսում առնում: Դե ասա աշխարհը լուսավորվեց, պրծավ, էլի՜: Փա՛հ, ես քո պապի փալանը, – կամեցավ ավելացնել Աթանեսը, բայց զսպեց իրեն և հարցրեց.
– Անունդ ի՞նչ է…
– Լևոն…
– Օհո՜, դե ասա Լևոն թագավորի քթի ծակիցն ես ընկել, է՛լի: «Ա՜յ ես քո պապի փալանը», – նորեն կամեցավ ավելացնել Աթանեսը և նորեն զսպեց լեզուն: Վերջապես ուսումնարանի պահապան Մելքոնը ազդարարեց, թե Մարտին Բաղդանիչը գալիս է: Մի քանի վայրկյանում բակը դատարկվեց, աշակերտները վազեցին դասարանները: Աթանեսը ոտքի կանգնեց, չուխայի թևերը ուսերից ցած իջեցնելով, մի բան, որ ասիական սովորությամբ հարգանքի ու խոնարհության նշան է:
Մարտին Բաղդանիչը միջին հասակից քիչ բարձր մի մարդ էր, երեսը չեչոտ, կարճ միրուքով և կռտած բեղերով: Նրա աջ այտի վրա կար ինչ-որ վերքի հինգ կոպեկանոցի մեծությամբ մի սպի, որ նրա դեմքին տալիս էր սիբիրականի կերպարանք: Դժվար էր որոշել նրա տարիքը, որովհետև եթե կարճլիկ միրուքը ալեխառն էր, գլխի մազերն ու ունքերը տակավին սև էին, եթե ատամները փտած ու սևացած էին, քայլվածքն ուներ պատանեկան աշխույժ, ձայնը երիտասարդական հնչյուն: Նրա կռտած բեղերն ունեին քթախոտի գույն, երևի այն պատճառով, որ ծխախոտը ծխում էր առանց ծխափողի: Այս վերջին հանգամանքն ապացուցվում էր նաև նրա աջ ձեռքի երեք մատների դեղնածությամբ:
Նա դասարան մտավ գլուխը կրծքին թեքած, կարելի էր կարծել, որ մի աներևույթ ձեռ կմշտում էր նրա պարանոցը:
– Հայրի՛կ, – ասաց Վարդանը, որ զուրկ չէր դիտողության ընդունակությունից, – տեսչի վզի վրա խոց կա:
– Սո՛ւս, – սաստեց նրան Աթանեսը, – գլո՛ւխ տուր:
Հայր ու որդի հետևեցին տեսչին: Սկզբում Աթանեսը շփոթվեց տեսչի կապտագույն մունդիրից ու դեղնագույն կոճակներից, բայց, շուտով հիշելով, որ երկու տարի առաջ այդ մարդուն վաճառել է մի քանի արշին մահուդ, հազաց և մտքում ասաց. «քո չոփուռ երեսը…»:
– Բարով ես եկել, Աթանես աղա, – արտասանեց տեսուչը, – ի՞նչ կհրամայես: Հա՛, որդուդ բերել ես, որ ուսում տամ: Լա՛վ, լա՛վ, շա՜տ լավ, կտանք է՛լի ի՞նչ կա: Սո՛ւս, գարշելինե՜ր, տեսնո՞ւմ եք, որ մարդու հետ եմ խոսում: Խոնարհ տղայի է նման: Անունդ ի՞նչ է, ա՛յ տղա: Վարդա՞ն: Լավ անուն է, զորավոր: Գրել-կարդալ իսկի չգիտե՞ս: Ոչի՛նչ, ոչի՛նչ, շուտով կսովորեցնենք: Լռելո՞ւ եք, թե չէ, ավազակնե՛ր, – գոչեց նա ձեռի քանոնը ուժգին զարնելով սեղանին:
Բայց աշակերտները չէին հանգստանում: Նրանք զանազան միմոսություններով աշխատում էին միմյանց ծիծաղեցնել, բոթում էին, խտխտում, թղթի կամ հացի գնդակներ արձակում իրար վրա:
Առանձնապես աչքի էր ընկնում թուխ դեմքով ու ծուռ քթով մի տասը տարեկան տղա: Նա այնքան ճարպիկ էր, որ ձեռնասուն կապկի պես կկզում էր սրա ու նրա ուսերին կամ գլուխը դնելով նստարանի վրա, ոտները ցցում էր օդի մեջ այն կարճ վայրկյաններին, երբ տեսուչը երեսը մի կողմ էր դարձնում:
Բանակցությունը Վարդանի վերաբերմամբ վաղուց վերջացած կլիներ, եթե Մարտին Բաղդանիչը բարեկամաբար չհետաքրքրվեր Աթանեսի մասնավոր գործերով: Այս էլ վերջացնելով, նա գանգատվեց իր պարանոցի խոցից:
– Մի շաբաթ է քունը փախել է ինձնից, անիրավը ասեղի պես է ծակում վիզս: Սո՛ւս, գարշելինե՛ր, սո՛ւս, իժ օձի զավակներ: Ցավից գլուխս վերև չեմ կարողանում բարձրացնել, որ տեսնեմ ո՞վ է չարություն անում:
– Ես տիմբալիդ ճարը գիտեմ, – ասաց Աթանեսը, կամենալով մի բանով օգնած լինել տեսչին:
– Ասա՛, աստված սիրես, ասա՛:
– Վերցրու մի գլուխ սոխ, միջից կես արա, վրեն դիր մի կտոր այծի ճարպ, պահիր կրակի վրա, լավ սիրուն տաքացրու ու կապիր վզիդ, համ չիրքը կքաշի, համ էլ ցավը կկտրի:
Այդ պահին քիթը ծուռ աշակերտը ինչ-որ բարդ սարդամորտայլ էր ուզում անել, հավասարակշռությունը կորցրեց և ընկավ հատակի վրա, բարձրացնելով ահագին աղմուկ ու փոշի:
Աշակերտները միաձայն քրքջացին:
– Այդ ո՞վ էր, – գոչեց Մարտին Բաղդանիչը, – էհե՜, էլի դո՞ւ ես, գարշելիներից գարշելի՝ Մկիչ Չախմախչյան: Դե՛հ, առաջ եկ տեսնեմ, առաջ եկ ասում եմ, սատանի՛ ճուտ:
Մկիչը կրակոտ աչքերը տեսչի երեսին հառած անշարժ նայում էր, որպես թե ինքը չէ չարություն անողը: Նա գիտեր ինչու համար են իրեն կանչում: Մարտին Բաղդանիչը մի ձեռը պարանոցի վրա դրած, մյուսով քանոնը բարձրացրած, մոտեցավ նրան: Մկիչը փախավ: Տեսուչը վազեց նրա ետևից: Մանուկը բարձրացավ նստարանների վրա: Տեսուչը աջողեց բռնել նրա բաճկոնի փեշը: Սակայն Մկիչը ոստրեի պես դուրս սլկվեց, բաճկոնը թողնելով տեսչի ձեռքում և թռավ լուսամուտով փողոց:
Մի խումբ աշակերտներ տեսչի հրամանով դուրս վազեցին ոչ այնքան Մկիչին բռնելու, որքան մի քիչ ազատ վազվզելու մտադրությամբ:
– Ա՜յ, տեսնո՞ւմ եք, պարոն Աթանես, ինչ գազանների հետ գործ ունեմ, – գանգատվեց Մարտին Բաղդանիչը, վզի ցավից չկարողանալով իր հայացքը Աթանեսի գոտկից ավելի վեր բարձրացնել:
– Հոգիս են հանում գարշելիները: Մեր պահապան Մելքոնի որդին է, երեք անգամ արտաքսել եմ, էլի ընդունել: Ի՞նչ անեմ, հայրը խեղճ մարդ է, գալիս է ոտներս ընկնում, աղաչում, լաց լինում: Գազանին հազար կրթիր, գազան կմնա: Արջն ի՞նչ գիտի, վարդն ինչ է: Հա՛, ինչպես հրամայեցիր, սոխը կճպել, այծի ճարպը վրեն դնել, տաքացնել: Շնորհակալ եմ: Սո՛ւս, ավազակնե՜ր… լռություն:
Ներս բերեցին Մկիչին` մի թևից մի աշակերտ բռնած, մյուսից՝ Մելքոնը:
– Մարտին Բաղդանիչ, – ասաց հայրը, – դրա աստվածը ճիպոտն է, տուր որ կտաս, ինձ ամոթալի թողեց քո աչքում շան ձագը:
Այն ժամանակները պետական դպրոցներում ծեծը արգելված չէր, և Մարտին Բաղդանիչը ամենայն հաճույքով գործադրում էր իր իրավունքը հաստատ համոզված, որ ծեծից ավելի զորեղ կրթության միջոց չկա: Նա Մկիչի ձեռների ափերին տվեց տասներկու հարվածներ քանոնի կողով, արտասանելով.
«Գարշելի՝ մեկ, ավանակ՝ երկու, շան ձագ՝ երեք, ավազակ՝ չորս, լիրբ՝ հինգ և այլն…»:
Մանուկը ծվծվալով գնաց իր տեղը, ձեռները ծոցը դրած, սակայն երկու րոպե չանցած՝ բաճկոնը հագավ և դեռ արտասուքը չցամաքած, սկսեց ծամածռություններ անել տեսչի, Աթանեսի և առանձնապես իր հոր ետևից:
Ծեծի տեսարանը Վարդանի վրա խոր տպավորություն գործեց: Նա մտքում երդվեց՝ ոչ մի կերպ չշարժել տեսչի բարկությունը:
Առաջին տարին Վարդանը ուսման մեջ ցույց տվեց բավական շնորհք և աշխատասիրություն: Սովորեց կարդալ ռուսերեն և հայերեն, նաև մի փոքր գրել: Նա ամեն երեկո դասերը կրկնում էր հոր մոտ և արժանանում նրա գովասանքին: Սակայն հանկարծ նրա բանականությունը կանգ առավ, ինչպես կամակոր մի էշ գետի մեջտեղում, և այլևս չէր ուզում առաջ երթալ: Բայց և այնպես, լինելով ի բնե աշխատասեր, վերցրեց ամենակարող համբերության մտրակը և սկսեց առաջ քշել բանականությունը, անխնա հարվածելով նրան: Եվ այն, ինչ որ ընդունակ աշակերտները յուրացնում էին ուղեղով, Վարդանը ձեռք էր բերում բառի բուն իմաստով քրտինքով: Միայն մի առարկայում նա ցույց տվեց առանձին շնորհք թվաբանության մեջ, որի չորս կանոնները յուրացրեց բացառիկ արագությամբ:
Վարդանի դասարանական հարևանը ձախ կողմից զինագործ Կարապետի որդի Մինաս Բելանյանն էր, շեկ մազերով, հեզ, նիհար, հիվանդոտ դեմքով մի բարեսիրտ և ընդունակ մանուկ: Հագնվում էր նա շատ աղքատ, նրա կապույտ կտավից կարած բաճկոնը կրծքի կողմում կարկատած էր մի քանի տեղ, իսկ նույն գույնի վարտիքն այնքան կարճ էր, որ ասուվյա կոշտ գուլպաների վերևից երևում էին նիհարիկ սրունքները: Նա մեջքին կապած էր բրդե հաստ գոտի՝ միակ բանը, որ նրան պաշտպանում էր ցրտից: Սակայն իր ցնցոտիների մեջ նա միշտ ավելի մաքուր էր մարմնով, քան որևէ մեկն աշակերտներից և այդ տեսակետից սևամորթ գառնուկների մեջ նա մեկն էր ճերմակներից: Նրան բոլոր աշակերտները սիրում էին անխտիր, որովհետև երբեք ոչ ոքի անախորժություն չէր պատճառում, ոչ ոքի չէր նախանձում և ոչ ոքի չէր մերժում իր օգնությունը, եթե կարող էր որևէ բանով օգնել: Իր համեստ նախաճաշը, որ լավագույն դեպքում բաղկանում էր նոր թխված հացից, պանրից և որևէ մրգից, երբեք մենակ չէր ուտում: Առաջին օրն իսկ նա խոստացավ Վարդանին իր աջակցությունը դասերի վերաբերմամբ և Վարդանը սիրեց նրան ու հետն ընկերացավ, իհարկե, այնչափ, որչափ կարող էր ընկերանալ ագռավն աղավնու հետ:
Մինասի կատարյալ հակապատկերն էր Վարդանի աջակողմյան հարևանը: Դա գդակ կարող Գալուստի որդի Մարտիրոսն էր: Նրա հակակրելի բերանը, նեղ ճակատի տակից գողնովի նայող աչքերը, թութակի կտուցի նման կեռ քիթը արտահայտում էին կրքոտ, նախանձոտ և քսու հոգի: Նրա ամենասիրելի զվարճությունն էր՝ միշտ կմշտել իր ընկերներին, միշտ դավաճանել նրանց, միշտ մանկական խաղերի ու կատակների մասին զեկուցանել ուսուցիչներին կամ տեսչին: Առաջին օրն իսկ նա երկու անգամ ցավեցնելու չափ կմշտեց Վարդանին, կարծես փորձելու համար՝ արդյոք նորեկի մարմինն իր հարևանությանը դիմանալու չափ ամո՞ւր է: Վարդանը ոչինչ չասաց, բայց մտքում որոշեց զգույշ լինել նրա հետ:
Այժմ Աթանեսը հրամայել էր որդուն ամեն օր դասերից ու ճաշից հետո գալ խանութ: Նա ուզում էր Վարդանին փոքր առ փոքր ծանոթացնել առևտրական գործերին:
Խանութը գտնվում էր Զիլզիլ քաղաքի վարի մասում, մի ծածկված քարվանսարայի մեջ: Այդ մի ոչ այնքան ընդարձակ սրահ էր երկու մասերի բաժանված: Ետևի մասը բռնված էր դեռ չբացված ապրանքների հակերով, առջևի մասը ներկայացնում էր բուն խանութը: Այստեղ ապրանքը դարսված էր հատակի վրա, պատերի տակ. այն երանելի ժամանակ Զիլզիլ քաղաքում բազմահարկ դարակների մասին գաղափար չունեին: Աթանեսը սովորաբար ծալապատիկ նստում էր խանութի մեջտեղում, մինդարի վրա կամ չոքում էր պարսկի պես, առջևն ունենալով պարսկական «գյազը» ու մի համարակալ, որ տեղ-տեղ հիշեցնում էր պառավի ատամներ հատիկների պակասության պատճառով:
Վարդանը նստում էր խանութից դուրս, սաքվի վրա: Մուշտարին գալիս՝ նա իսկույն ոտքի էր կանգնում, ձեռները դնում էր կրծքին և սպասում հոր հրամաններին: Նա օգնում էր Աթանեսին կերպասի կտորները բաց անելում ու ծալելում և վաճառված ապրանքը փաթաթելում: Նա ավլում էր խանութը, մուշտարիներին խմելու ջուր էր մատակարարում, նրանց ծխաքարշի վրա կրակ էր դնում և այլ նման ծառայություններ մատուցանում:
Շուտով Աթանեսը հանձնարարեց նրան՝ վաճառել ապրանքների հակերից մնացած խսիրներն ու պարանները: Գոյացած դրամի կեսը պիտի տար հորը, մյուս կեսը գցեր իր տուփի մեջ: Այս նրա առաջին փորձն էր վաճառականության, և Վարդանը ցույց տվեց իր զարմանալի ձիրքը: Մուշտարուն տեսնելուն պես, նա շտապում էր ցցվել նրա առջև, մարդու դեմքից գուշակելով, թե եկողին ինչ է հարկավոր ևթե նա լո՞ւրջ գնող է, թե դատարկախոս: Նա իր խսիրներն ու պարանները, նաև կոտրտված արկղները գովաբանում էր այնպիսի ջերմեռանդությամբ և ոգևորությամբ, որպես պարսիկ դերվիշներն էին ամեն օր խանութների առջև փառաբանում Ռուստամ-Զալի ասպազենը:
Երեկոները, երբ առևտուրը վերջանում էր, Վարդանը կողպում էր խանութի դռները և, բանալիները վերցնելով, հոր հետ տուն էր վերադառնում: Այդ միջոցներին նրա դեմքի վրա նշմարվում էր առանձին լրջություն, որով խիստ տարբերվում էր փողոցներում վազվզող հասակակիցներից: Նա ինքը զգում էր իր գերազանցությունը, և այս ինքնազգացումը արտահայտում էր բանալիների միջոցով, որոնց զրնգացնում էր, մանավանդ իր դասակիցներին տեսնելիս այն թափով, որով հափշտակված աշուղն է զարնում սազի լարերին:
Տանը նա հորը ենթարկում էր մանրամասն հարցուփորձի այս կամ այն ապրանքի մասին: Հայրը հրճվում էր նրա հարցասիրությամբ և իր պատասխաններն արագ ու ճիշտ ըմբռնելու զարմանալի ընդունակությամբ:
Կարճ ժամանակում Վարդանն այնքան սիրեց վաճառականությունը, որ կարելի է ասել ուսումնարանն էլ դարձրեց իր համար մի տեսակ շուկա: Սկսեց աշակերտներին մի-մի կամ երկու-երեք կոպեկով վաճառել ամեն ինչ, որ կարող էր՝ ընկույզ, շագանակ, աղանձ, հալվա, եփած սիսեռ, փոխինձ և այլն: Երբեմն պաքսիմատը փաթաթում էր թղթի մեջ, քարով ծեծում մանրացնում, խառնում շաքարի հետ ու պտղուցը մի կոպեկով բաժանում: Առևտուրը նրան ավելի էր հետաքրքրում և զբաղեցնում, քան դասերն ու ընկերական խաղերը: Այս առթիվ քիթը ծուռ Մկիչը նրան ենթարկում էր ամենաթունդ հեգնանքի, թե՛ խոսքով և թե՛ գործով: Անդուլ չարաճճին Վարդանի համար դարձել էր մի տեսակ հալածիչ: Ինչ ասես անում էր փոքր վաճառականին կատաղեցնելու համար, խլում էր նրա ձեռքից «ապրանքը», բարձրանում էր ուսումնարանի տանիքը, նստում էր եզրին, ոտները ցած գցելով, և նրա աչքերի առջև անուշ անում հալվան, փոխինձը: Երբեմն իր շուրջն էր ժողովում ընկերներին և ավարը բաժանում էր նրանց: Հետո յուրաքանչյուրին տալիս էր մի-մի թղթի կտոր և պատվիրում վճարել Վարդանին: Աշակերտները քրքջալով ու ոստոստալով մոտենում էին Վարդանին և ասում.
– Սովդաքար, ա՛ռ ապրանքիդ գինը:
Սակայն այս բոլորը Վարդանին չէր վհատեցնում: Հակառակ իր հոր սկզբունքին՝ նա բնազդաբար զգում էր, որ մարդկանց բարեկամությունը միայն կարելի է շահագործել, իսկ մարդատյացությունից օգուտ չկա, ուստի աշխատում էր ոչ ոքի հետ չկտրել իր հարաբերությունը: Միևնույն ժամանակ, ոչ ոքի վատությունը չէր մոռանում և հարմար միջոցին վրեժն առնում էր յուրովի: Այսպես, օրինակ, մի անգամ գանգրահեր Լևոնը, ցընգռ Ասատուրի որդին Վարդանին ծաղրել էր, անվանելով նրան «փորսող»: Ոխը մնացել էր Վարդանի սրտում: Մի օր Լևոնը մոռացել էր տնից նախաճաշ բերել: Վարդանը իր հացը բաժանեց երկու մասերի, մեկի վրա դրեց մի քիչ խավյար ու ասաց. «Ա՛ռ, կեր, ես քեզ հյուրասիրում եմ»: Հազիվ Լևոնը ձեռքը պարզել էր, Վարդանը հացը ձգեց կեղտոտ ավազանի մեջ, ասելով. «Եթե քաղցած ես, կարող ես վերցնել և ուտել»: Հետո սկսեց իր բաժինը ուտել, անոթի ընկերոջ ախորժակն ավելի բորբոքելու համար:
Մի օր նա ուսումնարան բերեց տասը հատ փայտյա գեղեցիկ գդալներ: Օսմանը շնորհքով մարդ էր. նա էր շինել այդ գդալները: Որպեսզի քիթը ծուռ Մկիչը չխանգարի իրան, գդալներըց մեկը նվիրեց նրան և չարաճճին ինքը հանձն առավ վաճառել «ապրանքը»:
– Մածուն ուտելու գդալ ո՞վ է ուզում, հատը երեք կոպեկ, – գոռում էր նա բակում վազվզելով:
Մինչև դասերի վերջը, նա բոլոր գդալները վաճառեց և դրամը լիովին վճարեց Վարդանին:
Զատիկ օրը Աթանեսը Մարտին Բաղդանիչի համար ուղարկեց մտքում խոստացած մի գլուխ շաքարն ու մի ֆունտ թեյը, ավելացնելով վեց հատ թաշկինակ: Հետո ինքը բարեհաճեց անձամբ գնալ տեսչի մոտ՝ տոնը շնորհավորելու միակ այցելությունը, որ այդ օրն արավ, բացի, իհարկե, Աբրահամ աղայից: Մարտին Բաղդանիչը նրան ընդունեց խորին հարգանքով և բարեկամաբար կշտամբեց.
– Թող աստված վկա լինի, – ասաց նա, – որ ես նվերդ չէի ընդունիլ, եթե իմանայի, որ ինձնից չես վիրավորվիլ:
– «Սուտ ես ասում, անիրավ», – պատասխանեց մտքում Աթանեսը, մի թունդ հիշոց ավելացնելով:
Խոսեցին Վարդանի մասին:
– Աչքիս լույսի պես եմ սիրում, – ասաց Մարտին Բաղդանիչը, – շատ խոնարհ տղա է, արարքներից երևում է լավ օջախի զավակ լինելը: Մինչև օրս մի անգամ էլ չեմ ծեծել, իսկ ես, ինչ մեղքս թաքցնեմ, սիրում եմ մեկ-մեկ ծվծվացնել աշակերտներիս: Շատ էլ աշխատասեր է, Պողոս-Պետրոսը վկա: Պաժալստա, ծխեցեք, երևելի թյություն է, Սամսոնի իսկական դյուբեկ է, աշակերտներիցս մեկի հայրն է ինձ ուղարկել: Չէ, աստված պահի, լավ որդի ունեք, իսկ ընկերների հետ չի կռվում, ուրիշներն էլ կռվելիս քաշվում է մի կողմ, մտիկ անում: Եթե միմյանց մորթեն էլ, չի մոտենալ: Իսկ երբ իրեն դիպչում են կամ հայհոյում, իսկույն գալիս է ու ինձ գանգատվում: Հավանեցի՞ք թյությունը, շատ լավն է: Հա՛, չմոռանամ ասել, վզիս խոցը լավացավ, Վարդանն ասած կլինի, ձեր դեղն օգնեց երեք օրում:
Դռների մոտ իր հյուրի ձեռը մի քանի անգամ սեղմելով անփույթ եղանակով ասաց.
– Լաջվերդի գույն մահուդ ունե՞ք:
– Կգտնվի:
– Պաժալուստա, մի բրյուկացու կտրեցեք, տվեք Վարդանին բերի, փողը նաղդ կտամ: Բրյուկիս քամակը մաշվել է, ա՛յ, տեսեք, ամոթ չլինի…
Եվ Մարտին Բաղդանիչը, երեսը դարձնելով, հետ արավ մունդիրի փեշը և ցույց տվեց պանթալոնի մաշված տեղը:
– Աչքիս վրա, – ասաց Աթանեսը, իսկ մտքում ավելացրեց. «Քո էլ, շալվար կարողիդ էլ յոթը պորտը… լիրբը չի ամաչում, քամակն է ինձ ցույց տալիս…»:
Մի օր բարի Մինասը դարձավ Վարդանին.
– Մեր տուն կգա՞ս:
Վարդանը տատանվեց անմիջապես պատասխանելու: Ամաչում էր ասել, որ հայրը պատվիրել է ոչ ոքի հետ մոտիկ բարեկամություն չունենալ, մանավանդ մի ինչ-որ զինագործի որդու հետ:
– Որ ձեր տուն գամ, ինձ ի՞նչ կտաս:
– Ինչ կտա՞մ, – արտասանեց Մինասը, չգիտենալով ինչով կարող է գրավել վաճառականի որդուն, – մածուն սիրո՞ւմ ես: Մենք մի լավ կով ունենք, մայրս է կթում, ամեն օր մենք ուտում ենք մածուն, թանով, կաթնով: Սիրո՞ւմ ես:
– Ես սեր եմ սիրում:
– Սե՞ր, հա՛, համեղ բան է, բայց մայրս մեզ սեր չի տալիս: Կարագ է պատրաստում ու ծախում: Լավ, կասեմ մորս, որ վաղը քեզ համար սեր պատրաստի: Կգա՞ս:
Վարդանն այլևս չկարողացավ իրեն զսպել ու ասաց.
– Բայց ես քո ընկերը չեմ:
– Ինչո՞ւ:
– Հայրս ասում է, վաճառականի որդին իրան պետք է հպարտ պահի, ամեն մեկի հետ չընկերանա:
– Հա՜ ա՜, – արտասանեց Մինասը անգիտակցաբար նայելով Վարդանի ոսկեզօծ գոտուն ու փայլուն կոշիկներին, կարմրեց, – ես չէի իմանում: Այդ մասին ավետարանում գրվա՞ծ է:
– Ավետարանն ի՞նչ գործ ունի այստեղ:
– Ինչպես չէ, հայրս ամեն երեկո կարդում է ու ասում «Ամեն օրենք ու հավատ ավետարանից է գալիս»: Ուրեմն մեր տուն չե՞ս կարող գալ, ամո՞թ է, ափսո՜ս…
Սակայն Վարդանը չէր ուզում վիրավորել բարեսիրտ դասընկերոջը, որ ամեն օր նրան օգնում էր դասեր սովորելուն ուստի հարցրեց.
– Ձեր կովը հորթ ունի՞:
– Իհարկե, ունի: Մի շատ սիրուն, չաղ հորթ է: Ամեն օր ճաշից հետո տանում եմ նրան քաղաքից դուրս արածացնելու:
– Ասում ես էգուց կիրակի՞ է:
– Կիրակի է:
– Մեր խանութը փակ է լինելու, դաս չկա, տեսնենք, կարելի է, որ գամ:
– Շա՛տ լավ, – ուրախացավ Մինասը, – ուրեմն մայրիկիս կասեմ, որ քեզ համար սեր պահի:
– Հապա ինձ չե՞ս կանչում, – մեջ մտավ նախանձոտ Մարտիրոսը, որ լսել էր այդ խոսակցությունը:
– Դու առանց կանչելու էլ, ամեն օր գալիս ես, – պատասխանեց Մինասը:
– Թող էգուց չգա, – շշնչաց Վարդանը Մինասի ականջին:
Նա իր հոգու ամբողջ զորությամբ ատում էր Մարտիրոսին:
– Ի՞նչ ես փնթփնթում, – գոչեց նախանձոտ տղան, իր մատների հոդերով բոթելով Վարդանի կողը, – աա՜, հասկացա, չես ուզում, որ ես գնամ, հա՜, վաճառականի որդի չեմ, հա՜ հայրս գդակ կարող է, հա՞, սպասիր, ես քեզ տեղը եկած ժամանակ ցույց կտամ, թե ում հայրն է ավելի պատվավոր մարդ, ի՞մը, թե քոնը…
Զինագործ Կարապետի տնակը գտնվում էր արվարձանի վերջում, որից դենը կային միայն մի քանի խրճիթներ, այնուհետև քաղաքը վերջանում էր: Այդ տնակը բաղկացած էր երկու ոչ ընդարձակ սենյակներից, սրանց կից գոմից և թոնրատնից, որ միևնույն ժամանակ և խոհանոց էր:
Վարդանին այնտեղ ընդունեցին մեծ հարգանքով, ինչպես վայել էր վաճառականի որդուն: Կարապետը, որ այդ ժամանակ նաժդակով սրբում էր մի հրացանի փող, իսկույն մի կողմ դրեց զենքը և ոտքի կանգնեց, արխալուղի փեշերը թափ տալով, իսկ նրա կինը – Թագուհին գրկեց ու համբուրեց Վարդանին ասելով. «Աստված քեզ ջուխտ ձեռներով պահի մորդ համար, բալա»: Դա սիրուն դեմքով, հազիվ քսանյոթ տարեկան մի կին էր գեղեցիկ աչքերով, սև ունքերով, բաց գույնի մազերով: Հարևան կանայք նրան նախանձում էին որ չէր ուզում իր մազերը հինայով ներկել իրենց պես և այս պատճառով նրան անվանում էին «մատուշկա»: Թեև այս բառն այն ժամանակվա տեղական հայ կանանց բերանում ուներ վատ իմաստ, բայց Թագուհին չէր վիրավորվում և ծաղրողներին ներողամտաբար ժպտալով, պատասխանում էր. «Ի՞նչ անենք, թող մատուշկա լինեմ, ի՞նչ վատ բան է»: Ով գիտե, գուցե բնական ճաշակը նրան թելադրում էր, թե շեկ մազերը խիստ ներդաշնակում են իր խոշոր աչքերի մուգ գույնին ու սև ունքերին:
Կարապետն իր կոշտ ձեռքով սեղմելով Վարդանի ձեռը նորեն նստեց և սկսեց մաքրել մի սոսկալի երկայն ու կեռ դաշույն, այնպիսի թափով ու եռանդով, որպես ավազակ Սպարաֆուչիլոն Ռիգոլետտո օպերայում:
– Աթանես աղան, – ասաց նա դաշույնը պահելով լուսո դեմ, որ տեսնի չկա՞ արդյոք նրա վրա որևէ բիծ, – մեր քաղաքի սյուներից մեկն է, մեր պարտքն է նրա որդուն պատիվ ցույց տալ: Ա կնիկ, երեխային մի բան տուր ուտելու:
Այդ մարդու սիրած զբաղմունքներից մեկն էր միշտ որևէ բանով հյուրասիրել իր որդու հասակակիցներին:
Ամեն երեկո իր արհեստանոցից տուն վերադառնալիս, փողոցում մանուկներին բաժանում էր զանազան մրգեղեն: Եվ մանուկները սիրում էին նրան, այդ կլորիկ դեմքով, մի փոքրիկ ցցված այտերով, մեծ ու բարեհամբույր բերանով մարդուն, որի աչքերը, չնայելով իրենց քառասունամյա տարիքին, արտահայտում էին մանկական անմեղություն: Նա ոչ միայն բարի էր, այլև համբերողամիտ. կնոջ հետ վարվում էր մեղմ, զավակներին պաշտում էր և երբեք նրանց չէր ծեծում: Նա գիտեր գրել-կարդալ, որովհետև քահանայի որդի էր: Երեկոները ազատ ժամերին նա կարդում էր ավետարան կամ աստվածաշունչ, վանկ-վանկ, յուրաքանչյուր բառն առանձին շեշտելով, մերթ ընդ մերթ բառերի կիսում կամ տողավերջերում վերջակետ դնելով: Մի բան, որ երբեմն Մինասին ծիծաղ էր պատճառում:
Ներս մտավ Մարտիրոսը և իսկույն հոգեկան պահանջ զգաց Վարդանին որևէ մարմնավոր ցավ պատճառելու, բոթելով կամ կմշտելով, մանավանդ երբ նրան տեսավ Կարապետի կողքին նստած:
Թագուհին մեջտեղ բերեց սերի գավաթը և սկուտեղի վրա մի ամբողջ թեժ հաց ձեռով կտրտած (դանակով կտրելը մեղք էր համարվում):
– Ես էլ եմ ղայմաղ ուզում, – գոռաց նրա դուստրը, երեք տարեկան Հերիքնազը, սենյակի մի անկյունից:
Վարդանը նայեց այն կողմը և բարձրաձայն ծիծաղեց: Հերիքնազը իր մեկուկես տարեկան եղբոր՝ Սամսոնի հետ միևնույն ափսեից մածուն էր ուտում: Սամսոնի ձեռները, տակավին լավ ուսումնասիրած չլինելով ստամոքսի ճանապարհը, մածունը, նախքան բերանին մոտեցնելը, քսում էին քթին, ծնոտին, ականջներին, ճակատին: Այժմ նա այնքան շաղախել էր իր կերպարանքը, որ ամբողջ դեմքից երևում էին միայն սաթի պես սև աչքերը:
– Ա կնիկ, այն կապիկին էլ մտիկ արա, – գոչեց Կարապետը մեղմ ծիծաղով:
– Փչանաս դու, Սամսոն տղա, – ասաց Թագուհին և մոտենալով մի թույլ հարված տվեց փոքրիկի մարմնի փափուկ մասին:
Նա վերցրեց մածունի ափսեն: Սամսոնն անասելի վայնասուն բարձրացրեց, թավալվեց փորի վրա և սկսեց ոտներն ուժգին թափով զարնել հատակին: Կարելի էր կարծել, որ նրան եռող ջրի մեջ գցեցին: Կատարելով այս սովորական գործողությունը, ոտքի կանգնեց, հարձակվեց քրոջ վրա և սկսեց խածնել նրա վիզը, երեսը, ուսերը: Այս էլ վերջացնելով, պզտիկ անիշխանականը չորքոտանի կանգնեց, գլուխը դրեց հատակին և մերկ ոտների արանքով նայելով հոր երեսին, սկսեց բղավել կոկորդի ամբողջ ուժով: Աստված գիտի այլևս ինչեր կաներ փոքրիկը, եթե մայրը չվերցներ նրան և չտաներ մյուս սենյակը, ճամփին նրա փափուկ տեղերին տալով քանի մի խրատիչ հարվածներ:
Հազիվ վերջացել էր այս տեսարանը, երբ գնդակի պես ներս նետվեց Մկիչը:
– Բարի՛ լույս, ուստա Կարապետ, հայրս քեզ մի տոպրակ բարևներ է ուղարկում, – գոչեց նա վերին աստիճանի համարձակ, – հե՜, Մինաս, ինձ համար մածուն պահե՞լ ես: Օհո՜, դո՞ւ էլ ես այստեղ, – դարձավ նա Վարդանին, – բարով հազար բարի, ապրա՞նք ես բերել ծախելու, թե փող ես բերել շահով տալու: Օհո՜, քթի մազ Մարտիրոս, դու ի՞նչ ես անում այստեղ, երեսին մտիկ արեք, երեսին, կարծես քացախ է խմել քավթառը:
– Խելոք կաց, – արտասանեց Մարտիրոսը, որ վախենում էր Մկիչից:
– Ի՞նչ, խելո՛ք, աչքիս վրա, – գոչեց Մկիչը և նույն վայրկյանին Մարտիրոսի գլխի վրայով մի թռիչք գործեց, արտասանելով, – Մարտիրոս, Մարտիրոս, հոտած փոս, տեսեք, տեսեք, աներես շան պես թազնել է ղայմաղ է ուտում, ղայմաղ: Հեռո՛ւ կանգնիր, մորաքույր Թագուհի, հեռու, – բացականչեց չարաճճին, վերցնելով հրացանը և փողն ուղղեց Մարտիրոսի կրծքին:
Մարտիրոսը գոռաց, գունատվեց և փախավ թաքնվեց Կարապետի ետևում:
– Մի՛ վախենա, որդի, հրացանը դատարկ է, – ասաց զինագործը և շտապեց սոսկալի զենքը խլել Մկիչից: – Տղա չէ հո, կրակի կտոր է, քո հոր վիզը չկոտրվի…
Մկիչը բռնեց Մարտիրոսի տեղը և սկսեց արագ-արագ ոչնչացնել սերն ու կարագը: Նախաճաշը ավարտելով, նա Կարապետին խնդրեց պատմել նշանավոր ավազակապետ Մոլլա-Ղանիի մասին, որ այն ժամանակները Զիլզիլ քաղաքը և ամբողջ գավառը ահաբեկել էր: Կարապետը սիրում էր պատմել այդ ավազակապետի սխրագործությունները, երբեմն այնպիսի թանձր գույներով, որ ունկնդիրները սարսափում էին:
Մի վայրկյանում նրա շուրջը կազմվեց մի խումբ, պատրաստ նրա պատմությունը կլանելու մեծ ախորժակով, ինչպես կլանեց սերն ու կարագը:
– Մոլլա-Ղանին, դուք եք աղաներս, ավազակ չէ, ազրայիլ է, – այսպես սկսեց զինեգործն իր պատմությունը,հազալուց հետո բեղերը շփելով: – Նորերս էլի մի երեսուն-քառասուն գլուխ կտրեց սոխի պես:
Այս առաջաբանից ամբողջ աուդիտորիայի մարմնով սարսուռ անցավ և բոլորը լարեցին իրենց լսելիքը, մանավանդ Մկիչը:
– Օրը մթնած-չմթնած Աբդուրահմանի քարվանը կանգ է առնում Շահ-դաղ սարի տակ, մի աղբյուրի մոտ, – շարունակեց Կարապետը, բռնելով բեղերից մեկը և նայելով նրա ծայրին: – Քսանհինգ ուղտի, երեսուն ձիու և ինը անգամ ինը էշի մեջքից բեռները վերցնում են: Բեռները վերցնում են, ձիերին բաց են թողնում արածելու: Աբդուրահմանը ծառաներին հրամայում է ոչխար մորթել, փլավ եփել: Բրինձը լվացած-չլվացած հեռվից մի ձիավոր է երևում: Աբդուրահմանը մատը կծում է, մտածելով. «Այստեղ մի բան կա»: Հրացանը վերցնում է ու առաջ գնում. Առաջ է գնում ու գոռում. «Ադա, ո՞վ է եկողը»: Ձիավորը պատասխանում է՝ «Աստծու հյուրը»: «Համեցեք, համեցե՛ք, աչքիս վրա տեղ ունիք», ասում է Աբդուրահմանը: Ձիավորը ձիուց իջնում է: «Քաղցած եմ, ասում է, մի բան տուր ուտելու»: Աբդուրահմանը, դուք եք աղաներս, հրամայում է բերել խորոված, փլավ: Խոսում են դեսից-դենից, պարզվում է, որ մարդը վաճառական է, գնում է Ղաբրիստան ոչխար գնելու: Պառկում են քնելու: Քարավանում երեսունուհինգ մարդ է լինում, ոչ ավելի, ոչ պակաս: Քնած, չքնած Աբդուրահմանը մի թրմփոց է լսում, թրմփոցը լսում է՝ ոտքի է կանգնում, ծառաներն էլ զարթնում են: Հա դես, հա դեն, ձիավորը չկա՜ ու չկա՜: Տա՞փն է մտել, երկի՞նք է թռել, չկա՜ ու չկա՜: Դե հիմա, թե կարող եք, ասացեք, ո՞վ էր ձիավորը:
– Դևը, – պատասխանեց Մարտիրոսը:
– Չէ՛:
– Սուրբ-Սարգիսն է եղել, – պատասխանեց Մինասը, երեսը խաչակնքելով:
– Հիմար, սուրբ Սարգիսը թուրքի կերակուր կուտե՞ր, – նկատեց Կարապետը:
– Ես կարող եմ ասել ով էր, – մեջ մտավ Մկիչը, որ դունչը բոլորովին մոտեցրած Կարապետի բերնին, արմունկները ծնկներին հենած և ձեռներով ծնոտը բռնած, կլանում էր պատմողի ամեն մի բառը, ինչպես քաղցրավենիք:
– Ո՞վ էր, ո՞վ էր, – հարցրին ամենքը միաբերան:
– Մոլլա-Ղանին:
– Ապրե՜ս, տղաս, ապրե՜ս, – գոչեց Կարապետը, թամբաքվի չոր տերևը ափի մեջ տրորելով, որ չիբուխը լեցնի: – Հրամանքս, ինքը Մոլլա-Ղանին է լինում: Դու մի ասա, եկած է լինում տեղեկանալու՝ քարվանում ինչքան ապրանք կա և քանի հրացանավոր:
– Ա՜յ սիրտ, – գոչեցին մանուկները միաբերան, բացի Մկիչից:
– Մոլլա-Ղանին մարդ չէ, ազրայիլ է: Ո՞րտեղ մնացի, հա՛, հենց որ տեղեկանում է, որ մի քանի հազար թումանի ապրանք կա քարվանում, գիշերվա կեսին ձի է նստում, գնում անտառը, ընկերներին վերցնում է ու ետ է գալիս…
– Հետո՞, հետո՞, – գոչեցին ունկնդիրները միաձայն:
– Առաջ-աոաջ նա Աբդուրահմանին կապում է ծառին, հետո՝ ծառաների վիզը մեկ-մեկ կտրում է, ընկնում է մյուսների վրա տո՛ւր հա կտաս: Դե՛ս կոտորիր, դե՛ն կոտորիր, կես ժամում տասնուհինգի գլուխն է թռցնում, տասնուհինգի փորերը պատռում, երեքին միջից կե ս է անում, քսանյոթին էլ գյուլլախորով է անում, մի քսաներկուսին էլ կիսամահ է անում, որի՛ ականջը կտրելով, որի՛ քիթը, որի՛ լեզուն:
– Ինչո՞վ, թրո՛վ, թե դանակով, – հետաքրքրվեց Մկիչը:
– Ղլինջով:
– Տասնուհինգ, էլի տասնուհինգ, երեք, քսանյոթ, քսան երկու Աբդուրահմանի ծառաները, – արտասանեց Վարդանը, – ուստա Կարապետ, հաշիվդ սխալ է, դու ասացիր քարավանում երեսունուհինգ մարդ է լինում, ո՛չ ավելի, ո՛չ պակաս…
– Չէ՜, որդի, սխալը քո՛նն է, – ասաց Կարապետը մազու չափ չշփոթվելով, որովհետև, երբ ոգևորվում էր, ամենից առաջ ինքն էր հավատում իր երևակայության ստեղծագործությանը:
– Հետո՞, հետո՞, – կրկնեց Միկիչն անհամբերությամբ:
– Հետո, էլ ի՞նչ հետո, Մոլլա-Ղանին ապրանքը թալանում է, ձիերի վրա է բարձում ու հայդա՛ փախչում…
Հապա քարվանում մի հատ տղամարդ էլ չի՞ լինում, – գոչեց Մկիչը վրդովված, – վախկոտ ոչխարներ…
Նրա աչքերը հուզումից վառվել էին, այտերը գունատվել, շունչը սաստկացել էր սարսափելի պատմվածքի ազդեցությունից:
– Ես լինեի Աբդուրահմանի տեղը, – մեջ մտավ Մարտիրոսը, – Մոլլա-Ղանիի կերած փլավի մեջ մկնդեղ կածեի, կուտեր ու տեղն ու տեղը կսատկեր…
– Քանի՞ հազար թումանի ապրանք է թալանում Մոլլա-Ղանին, – հետաքրքրվեց Վարդանը:
– Հա՜, շա՛տ, որդի, հա՜, շատ: Ասում են՝ միայն յոթը տոպրակ ոսկի է եղել:
– Ա՜հ, ա՜հ, ա՜հ, – աղաղակեց Վարդանը այնպես, որ կարծես իրեն էին կողոպտել:
– Խեղճ մարդիկ, խեղճ մարդիկ, – գոչեց Մինասը արտասվալի ձայնով, – ինչո՞ւ քնելուց առաջ «Հրաժարիմք» չեն ասել, թե ասեին՝ գիշերը քարվանի շուրջը յոթը շարք պարիսպներ կկանգնեին, ավազակները չէին կարող մոտենալ:
Մի փոքր անցած մանուկները դուրս եկան սենյակից: Մինասի առաջարկությամբ գնացին մերձակա բլուրը, իրանց հետ տանելով հորթին: Քաղաքի ծայրում Մկիչը մի ցանկապատից դուրս քաշեց չորս ցից, ասելով.
– Հարկավոր կգա:
Արդարև շուտով փայտերը հարկավոր եղան: Հազիվ ընկերները բարձրացել էին մերձակա բլրի գագաթը, հանդիպեցին մի խումբ թուրք հասակակիցների: Հակառակի պես այդ պահին գրգռվեց հորթի ազատասիրական բնազդը: Նա խլեց կապը Մինասի ձեռքից և փախավ, պոչը ցցելով վեր որպես թեթևամտության նշան: Նա վազում էր դեպի մի դեղնագույն կով, երևի, կարծելով, թե իր մայրն է: Թուրքերը իսկույն նրան բռնեցին:
– Բա՛ց թողեք, – աղաղակեց Մինասը հեռվից այն հուսահատությամբ, որով միայն մայրը կարող էր պահանջել իր զավակի ազատությունը:
– Եթե կարող ես, ի՛նքդ եկ տար, – խրոխտացին թուրքերը:
Նրանք սկսեցին հորթին չարչարել: Մեկը նստեց նրա մեջքի վրա, մյուսն ականջները բռնած առաջ էր քաշում, իսկ մնացածները փայտերով բզբզում էին: Դրությունը տագնապալի էր. երկուսից մեկը՝ կամ պետք էր հորթին ուժով ազատել, կամ թույլ տալ, որ թուրքերը տանեն նրան: Մարտիրոսը սկսեց հեռվից թուրքերին հայհոյել այնպիսի կեղտոտ հիշոցներով, որ հակառակորդների կրոնական սրբություններն էին պղծում: Թուրքերից մեկը մի քար արձակեց Մինասի վրա, որ ավելի մոտիկ էր կանգնած: Քարը դիպավ նրա ճակատին, որից անմիջապես արյուն հոսեց: Բայց նա երկչոտ չէր, չփախավ և ոչ էլ լաց եղավ:
– Տղե՛րք, շատվոր են, բայց մի՛ վախենաք, – գոչեց քիթը ծուռ Մկիչը, – դուք այստեղ պաշտպանվեցեք, ես իսկույն կգամ…
Ասաց և իսկույն վազեց, անհայտացավ բլրի ետևում: Վարդանն ահից դողում էր և արդեն մտածում էր փախչելու մասին: Մարտիրոսը շարունակ հայհոյում էր:
Հորթին հանձնելով իրենց ընկերներից մեկին, թուրքերը միահամուռ արշավեցին Մինասի վրա: Բոլորը զինված էին թոնրում խանձած, ապակիով հղկած և յուղած փայտերով: Մի քանիսը չուխաները հանել էին և թևերին փաթաթել որպես վահան:
Չնայելով վտանգին, Մինասը չփախավ, նա այնքան էր սիրում իր հորթին, որ պատրաստ էր մինչև մահ կռվել նրա համար: Նա գունատ էր, աչքերը պսպղում էին ածխի վառ կտորների պես, նիհար կուրծքն ուռել էր, արյունը դադարել էր ճակտից հոսալ: Նա մարմնավոր ցավ չէր զգում: Նրա մեջքին, ուսերին, գլխին տեղացին փայտի հարվածներ: Բայց մի քայլ անգամ չնահանջեց, նա թշնամիներից երկուսին շարքից դուրս գցեց փայտի երկու հաջող հարվածներով: Նրա անվեհերությունը կրկնապատկեց թուրքերի կատաղությունը:
Վարդանն ու Մարտիրոսը հեռացել էին և բռնել ապահով դիրք, որպեսզի հարկ եղած րոպեին տմարդաբար փախչեին: Մինասը բոլորովին մենակ էր և տակավին կարողանում էր դիմադրել, աջ ու ձախ պաշտպանվելով: Վերջապես թուրքերը բռնեցին նրան, գլորեցին գետին և սկսեցին ոտնակոխ անել: Խեղճ տղան ցավից ու հուսահատությունից ճչում էր և օգնություն աղաղակում, առանց թուրքերից կարեկցություն աղերսելու: Նա պատրաստ էր սպանվել, բայց ստորանալ՝ երբե՛ք:
Հանկարծ բլրի ետևից հայտնվեց Մկիչն երկու հասակակիցների հետ:
– Ադա հուռռա՜, Մոլլա-Ղանին եկավ, – աղաղակեց նա թուրքերեն և հարձակվեց թշնամիների վրա:
Թուրքերը խուճապեցին, թողին Մինասին գետնի վրա կիսաշունչ: Մկիչը իր ընկերների հետ հարվածները թափում էին նրանց գլխին կարկտի թափով, չթողնելով նրանց ուշքի գալ և պաշտպանողական դիրք բռնել: Վարդանն ու Մարտիրոսը մի փոքր արիացան առաջ վազելու: Այդ վայրկյանին Մինասն արդեն ոտքի էր կանգնել և նորեն զինվել էր փայտով: Թուրքերը ելք գտնելով փախան, բայց հորթը դեռ նրանց ձեռքումն էր, Մինասի միակ հոգսը նրան ազատելն էր:
– Ադա՜, մի՛ վախենար, կազատենք, – գոչեց Մկիչը, վազելով թուրքերի ետևից:
Այս անգամ կենդանին ինքը մտածեց իր ազատության մասին: Գլուխն ուժգին թափահարելով, նա պարանը խլեց իրեն բռնող պատանու ձեռքից և փախավ, պոչը դարձյալ վեր ցցելով, այս անգամ որպես հաղթության դրոշ: Կյանքում նա երբեք այդպիսի խելոք բան չէր արել: Մկիչը վազեց ու նստեց նրա վզին կապած պարանի ծայրի վրա, գոռալով:
– Ադա՛, հուռռա՜ …
Թուրքերին փախցնելով, հորթին ազատելով, փոքրիկ հերոսը հոգնած, հևալով պառկեց դալարազարդ գետնի վրա և սկսեց երգել մի ռամկական երգ, որ ինքն էր հորինել:
Այժմ միայն Վարդանն ուշ դարձրեց նրա երկու օգնականների վրա: Մեկը գանգրահեր Լևոնն էր, նա, որի հորը Աթանեսը ծաղրեց առաջին օրը ուսումնարանի բակում: Մյուսը մի ոտաբոբիկ, կիսամերկ մանուկ էր Սահակ անունով, մեկը այն փողոցային շրջմոլիկներից, որոնց հետ Վարդանին խստիվ արգելված էր որևէ հարաբերություն ունենալ:
– Ես գնում եմ տուն, – ասաց Վարդանը, պարզապես ցույց տալով իր արհամարհանքը դեպի շրջմոլիկը:
– Սպասիր, միասին կգնանք, դեռ օրը չի մթնել, – ասաց Մկիչը հրամանատարի եղանակով:
Սակայն Վարդանը չլսեց նրան և կամեցավ հեռանալ:
– Սպասիր, քեզ ասում եմ, – գոռաց Մկիչը, ոտքի ելնելով, – ես գիտեմ ինչու ես փախչում, չես ուզում Սահակի հետ մնալ, հաա՞, ես քո սովդաքար գլուխը կջարդեմ: Սահակի նման քաջ տղա աշխարհում չկա: Իսկ երգելը եթե լսես, կգժվես: Ադա, Սահակ, մի «Առավոտ լուսո» երգիր, որ աղայի տղան լսի:
Առանց սպասել տալու, Սահակը հենվեց իր երկայն ցուպի վրա և երգեց ոչ «Առավոտ լուսո», այլ մի հովվական երգ այն մեղմ ու դյուրեկան ձայնով, որ հատուկ է մանկությունից պատանեկության մերձեցող մանկանը:
– Հըը, ի՞նչ կասես, տեսնո՜ւմ ես, հավանեցի՞ր, – գոչեց Մկիչը հիացած, երբ Սահակն ավարտեց իր երգը: – Լավ իմացիր մի քաղցր երգող հազար վաճառական արժի: Գնանք, Սահակ, դրանց համար չարժե երգել, գնանք, դու կերգես Մինասի և ինձ համար: Ադա, հուռռա՜, Մոլլա-Ղանին եկավ, – ավելացրեց և, փայտը բարձրացնելով, վազեց բլրից ցած:
Խումբը հետևեց նրան:
Մի գլուխ շաքարն ու մի ֆունտ թեյը անօգուտ չանցան Աթանեսի համար: Մարտին Բաղդանիչը Վարդանին փոխադրեց երկրորդ բաժանմունք: Հաջորդ դասընթացին Աթանեսը, թեև հայհոյանքներով, կրկնեց իր տուրքը նոր տարի օրը, և Վարդանը հռչակվեց ոչ միայն առաջադեմ, այլև օրինակելի աշակերտ ու «աննման տղա»:
Այն օրը, երբ Վարդանը ստացավ տարեկան վկայականը, ուսումնարանից ուղղակի խանութ վազեց՝ ուրախ լուրը մորից առաջ հորը հաղորդելու: Նա գիտեր, որ այդ բանը նրան դուր կգա, և չսխալվեց. Աթանեսը մի թեթև ապտակ տվեց նրան, այս էր մարդու ամենաջերմ փաղաքշանքը:
– Ի՞նչ ես բաշխելու ինձ, – հարցրեց Վարդանը, որ երբեք ոչ մի ծնողական գուրգուրանք չէր գնահատում առանց իրական կաշառքի:
– Իրիկունը կիմանաս:
Կեսօրից մինչև երեկո – դա մի հավիտենականություն էր տասներկու տարեկան մանկան համար: Վերջապես Աթանեսը տուն վերադարձավ, թե խմեց, կնոջն ու որդուն կանչեց իր մոտ, գրպանից դուրս բերեց մի կաշվե փողաման և, տալով Վարդանին, ասաց.
– Այ ինչ եմ բաշխելու քեզ: Ինչ հիասթափում, միայն այսքա՞նը: Վարդանը քիչ մնաց արտասվեր:
– Չհավանեցի՞ր, բաց արա, տեսնենք:
Այն, ինչ որ Վարդանը գտավ փողամանի մեջ, կարող էր նրան խելագարեցնել, եթե չլիներ այնքան գործնական և ինքնազուսպ:
– Ի՞մս է այս, – հարցրեց նա, – մի հարյուրանոց թղթադրամ դուրս բերելով փողամանից:
– Քոնն է: Հիմա դախլդ բեր, տեսնենք նա ինչ է ասում: Այս անգամ տուփի մեջ երևաց հարյուր քսան ռուբլի:
– Այս էլ քոնն է, գումարը երկու հարյուր քսան ռուբլի է, – ասաց Աթանեսը, – քաղաքի մի ծայրից մինչև մյուսը փնտրես, ոչ մի քո հասակի տղա չես գտնիլ, որ այդքան փող ունենա: Արի, որդի, այս փողերով Մարիամի հարսանիքը կատարենք, – փորձեց նա իր որդու սերը դեպի սեփականությունը, ձեռով բոթելով կնոջը:
Վարդանը, որի ուրախությունը հասել էր իր գագաթնակետին, կրծքի խորքից մի ճիչ արձակեց ու մնաց քարացած, այնքան անսպասելի էին նրա համար հոր վերջին խոսքերը:
– Այո, որդի, – մեջ մտավ Գյուլումը, – թող ուրիշները զարմանան ու նախանձեն, որ դու քո աշխատած փողերով քրոջդ պսակեցիր:
Եթե Վարդանը լռեց հոր առաջ, այդ չէր նշանակում, թե նույն լռությամբ պիտի ընդուներ մոր հարվածը: Նա ոտքի ելավ և, ոտները հատակին զարնելով, աղաղակեց.
– Չեմ ուզում, չեմ ուզում, տվեք ինձ իմ փողերը: Մարիամը, որ սենյակի մի անկյունում նստած, վկա էր այդ տեսարանին, հեկեկաց և դուրս վազեց:
– Որդի, ուրեմն փողը քրոջիցդ ավել ե՞ս սիրում: Ամոթ է:
– Լավ, թող երեխային հանգիստ, – գոչեց Աթանեսը, – ես կատակ էի անում: Մի՛ վախենար, որդի, քո փողերին ոչ ոք չի կարող դիպչել:
Իր հոգու խորքում նա ուրախ էր, որ զավակն այդ հասակում արդեն այդչափ փարում է տիեզերքի առանցքին: Այդ կնշանակե, որ նա երբեք անոթի չի մնալ, փողը նրա մոտ է վազում, ով սիրում է նրան իր աչքի լույսի պես:
Որոշվեց Վարդանի դրամագլուխը թողնել հոր մոտ: Աթանեսը իր հաշվեմատյանում կունենա առանձին էջ Վարդանի անունով և կշահագործե նրա համար:
Օրիցօր դրամագլուխը ավելացնելով Վարդանը քանի գնում այնքան ավելի դառնում էր համարձակ, ինքնավստահ: Նրա փոքրիկ գլուխը շարունակ խորհում էր միայն ու միմիայն եկամտի նոր աղբյուրներ գտնելու մասին և երբեմն իր խորհուրդներով համարձակվում էր խառնվել նույնիսկ հոր գործերի մեջ:
Մի օր նա հարցրեց.
– Հայրիկ, աշխարհի երեսին ամենից մեծ վաճառականը ո՞վ է:
Աթանեսը առանց տատանվելու պատասխանեց:
– Մարոզովը:
– Էլ նրանից հարուստ մարդ չկա՞:
– Կա:
– Ո՞վ է:
– Մի ջհուդ:
– Ի՞նչ է այդ ջհուդի անունը:
– Ուռշիդ…
– Հայրիկ, Ուռշիդն ինչքա՞ն փող ունի:
– Դժվար է ասել, նրա հարստությունը չափ չունի, ինչպես ծովի ավազը:
– Բայց ինչո՞վ է նա այդպես հարստացել:
– Խարթութով, – պատասխանեց Աթանեսն ամենայն լրջությամբ:
– Բա՜ա, – զարմացավ Վարդանը:
– Պատերազմի տարին Ուռշիդի պապը խարթութով ներկել է ջուրը և գինու տեղ ծախել զորքին:
– Ուրեմն մարդկանց խաբել է, գողություն է արե՞լ:
– Լավ լսիր, տղաս, վաճառականության մեջ գողություն կամ խաբեբայություն չկա, խելք կա և խելոքն էլ նա է, որ ջուրը գինու տեղ է ծախում, պղինձը ոսկու տեղ:
– Որտե՞ղ է այժմ այդ Ուռշիդը:
– Ֆռանգստանում:
– Մարդ գիտենար նա ինչ է ուտում:
– Կերակուրն ես ասո՞ւմ: Նրա սիրած ուտելիքը տապակած գորտն է:
– Գո՞րտը, – գոչեց Վարդանը, իր ականջներին չհավատալով:
– Հրամանքս, գորտ: Ասում են Ֆռանգստանում բոլոր մեծամեծները տապակած գորտ են ուտում, այս պատճառով էլ այնտեղ գորտը թանկ արժե, հատը մի ոսկի:
– Հատը մի ոսկի, – կրկնեց Վարդանը, – ուրեմն, – ավելացրեց մի փոքր մտածելուց հետո…
– Ուրեմն ի՞նչ…
Վարդանը լռեց: Նա ուզում էր հարցնել հորը, արդյոք չի՞ կարելի այսուհետև պարապել գորտի վաճառականությամբ: Չէ՞ որ Ջիլզիլի շրջակա ճահիճները լիքն են գորտերով… Հատը մի ոսկի… Ֆռանգստանում՝… բայց նա չհամարձակվեց իր հետաքրքրությունն այդքան հեռու մղել և լռեց…
Այդ օրից «Ուռշիդի» հարստությունը Վարդանին հանգստություն չէր տալիս: Հոր պատմած առասպելներին ավելացնելով մի շարք ուրիշները, սկսեց ընկերներին պատմել իբրև իրականություն: Մի անգամ Ուռշիդի ադամանդյա զգեստները և ոսկե պալատները նկարագրելիս, պատահաբար ներկա էր վերջին դասարանի աշակերտ Դանիել Դալբաշյանը – Աբրահամ աղայի որդին, լայն երեսով, մեծ բերանով և մեծ քթով մի տգեղ էակ, սակայն բարեսիրտ:
– Այդ միլիոնատիրոջ անունը Ուռշիդ չէ, Ռոդշիլդ է, – նկատեց Դանիելը, բարեսրտաբար ծիծաղելով:
Մի ուրիշ անգամ, երբ Վարդանը դարձյալ ոգևորված խոսում էր իր բարձրագույն իդեալի մասին, Մկիչն ասաց,
– Քո Ռոդշի՞լդն է մեծ մարդ, թե՞ գեներալը:
– Իհարկե, Ռոդշիլդը, նա փողով ինչ ուզե, կարող է անել: Նա թագավորներին էլ է պարտք տալիս:
– Փի՜շտ, փի՜շտ, – գոչեց Մկիչը և մի թեթև բռունցք հասցրեց Վարդանին:
– Իմ խելքով Ռոդշիլդից էլ, գեներալից էլ մեծը կաթողիկոսն է, – ասաց Մինասը:
– Մեր գավառապետը եթե թագավորից հրաման ստանա, քո կաթողիկոսին էլ կարող է բանտարկել, – մեջ մտավ Մարտիրոսը, բոթելով Մինասի կողը:
Վիճաբանությունը կարող էր սուր բնույթ ստանալ և գուցե հարկադրեր Մկիչին բռունցքի ուժով բոլորին համոզել, թե գեներալից մեծ մարդ չկա աշխարհի վրա, եթե նրանց ուշադրությունը չգրավվեր մի հանգամանքով: Գանգրահեր Լևոնը մի ինքնահնար երաժշտական գործիքի վրա նվագում էր մի անուշ հովվերգ, որ նա լսել էր թափառաշրջիկ աշուղից: Այդ գործիքը ուրիշ ոչինչ էր, եթե ոչ դդումի չորացրած կեղև, որի վրա կապել էր ձիու մազեր լարերի ձևով: Նա նվագում էր այնքան արվեստորեն, որ ընկերները կարծեցին, թե սազ է գործիքը: Բոլորը շրջապատեցին նրան: Մկիչը իսկույն հրամայեց նրան նվագել պարելու եղանակ, և ինքը մեջտեղ ընկնելով, սկսեց պարել մյուս ընկերների ծափերի ներդաշնակությամբ:
Այս բոլորը կատարվում էր թուրքերեն լեզվի դասաժամին, որին միշտ ուշանում էր դասատու մոլլա-Նուսուլլան:
Հանդեսի ամենատաք միջոցին ներս մտավ մոլլան:
– Է՜վալլա, է՜վալլա, – գոչեց նա, ձեռները դնելով կողերի վրա, – մաշալլա, ադա դա ումի՞ հարսանիքն է:
Մկիչը ուշադրություն չդարձրեց և շարունակում էր ոստոստալ: Լևոնը նույնպես շարունակում էր. նա մոլլային չէր նկատել: Արդեն վաղուց մոլլան ոխ ուներ այդ «աներես» աշակերտների դեմ, որ նրանից չէին վախենում և ոչ էլ ամաչում: Նա հարձակվեց Մկիչի վրա, որ բռնե: Ճարպիկ աշակերտը մի ոստումով փախավ, ազատվեց: Նրան հետևեցին մյուսները: Եվ այդ օրը թուրքերեն լեզվի դասատվությունը չկայացավ:
Հաջորդ տարին ամառվա վերջերին Աթանեսը հանկարծ ընկավ անսովոր մելամաղձության մեջ: Ասենք, առանց այդ էլ մի ուրախ մարդ չէր, բայց այժմ դարձավ միանգամայն անտանելի: Երեկոները, տուն վերադառնալով, դարպասից մտած չմտած՝ կանչում էր լեզգի Օսմանին և կոշտ ու կոպիտ հանդիմանում էր նրան առանց առիթի կամ ինքը հորինելով որևէ առիթ:
Սենյակ մտնելով, նա հարձակվում էր կնոջ վրա, դարձյալ երևակայական զանցառությունների պատրվակով: Հայհոյում էր նրան, որպես երբեք չէր հայհոյել, տարօրինակ, նորահնար հիշոցներով, որոնք երբեմն դիպչում էին Գյուլումի ամենահեռավոր ազգականներին անգամ: Այնուհետև անսովոր շտապով, շրթունքներն ու մատներն այրելով, երկու բաժակ թեյ էր խմում և իսկույն առանձնանում: Չորս սենյակներից մեկում, մի հատիկ մոմի աղոտ լուսով համարակալի վրա ինչ-որ հաշիվներ էր անում, ընկնում էր խորին մտածողության մեջ, փնթփնթում, ձեռով ճակատը տրորում, ատամներով բեղերը կրծոտում: Այդ րոպեներին նրա բերանից թռչում էին այնպիսի անեծքներ, որոնց նմանը հազիվ թե մի ուրիշը արտասանած լիներ Զիլզիլ քաղաքում: Թե ումն էր այդպես մկրտում և ինչու – միայն ինքը գիտեր: Նրա շանթակիր հայացքները անցնում Էին մի պատից մյուսը, բարձրանում Էին առաստաղը, իջնում Էին հատակը, դիմում Էին դեպի դռները, կարծես, ամենուրեք որոնելով իր մտածումների, իր կատաղության, իր արտասովոր տանջանքների չար ոգուն, որի մարմնավոր պատկերը, սակայն, իր ուղեղի մեջ էր…
Գյուլումը մտածում էր – չէր գտնում ամուսնու այդ տարօրինակ, այդ անսպասելի փոփոխության պատճառը: Նա հարցնում էր Վարդանին, բայց պատանին էլ նույնքան գիտեր, որքան ինքը, այսինքն՝ ոչինչ: Մի օր նա փորձեց հարցնել Աթանեսին, բայց բերանը բաց արած չբաց արած, զղջաց:
Աթանեսը գոռաց.
– Քաշիր լեզուդ փորդ, եթե չես ուզում, որ կտրեմ:
Մյուս օրը Գյուլումը գնաց աղջկա մոտ և խնդրեց, որ սա իր ամուսնու միջոցով Աթանեսի առևտրական գործերի մասին որևէ տեղեկություն իմանա: Բայց այդտեղից էլ նա մի որոշ բան չիմացավ: Այնինչ՝ Աթանեսը քանի գնում այնքան անհանդուրժելի էր դառնում: Այժմ նրա հետ ոչ մի բանի մասին խոսել չէր կարելի: Նա կատաղում էր նույնիսկ այն ժամանակ, երբ կինը առավոտները հարցնում էր, թե ինչ կերակուր է ցանկանում, որ պատրաստվի: Բանն այնտեղ հասավ, որ խեղճ կնոջ ձայնը, շարժումները, քայլվածքը, շշնջյունն անգամ նրան գրգռում էին, և Գյուլումն ամեն կերպ աշխատում էր խույս տալ նրա հայացքից:
Մի երեկո Աթանեսը նոր էր վերադարձել շուկայից, երբ ծանր քայլերով և գլուխը սովորականից բարձր պահած ներս մտավ Աբրահամ աղան: Այդ մարդը երբեք առանց որևէ կարևոր պատճառի չէր այցելում Աթանեսի տունը: Այս անգամ, որքան կարողացավ նկատել Վարդանը, նրա դեմքն ուներ առանձին լրջություն ու խորհրդավորություն: Աթանեսը ընդունեց նրան նկատելու չափ զուսպ և անմիջապես հրավիրեց առանձին սենյակ ու դռները փակեց: Վարդանի համար պարզ էր, որ այդ այցելության նպատակը արտաքո կարգի է:
– Ես պիտի կանգնեմ դռների մոտ և ականջ դնեմ, տեսնեմ ի՞նչ են խոսելու, – ասաց նա մորը:
– Բայց զգույշ, եթե հայրդ տեսնե, կարող է քեզ խեղդել: Ես նրանից վախենում եմ:
– Մի վախենար, չի տեսնի…
Այդ տասնուերեք տարեկան պատանու գլուխն անհամեմատ ավելի էր զբաղված հոր գործերով և նրա տրամադրությամբ, քան կարող էին երևակայել նրա ծնողները:
Սկզբում երկու վաճառականները խոսում էին հանդարտ, անվրդով, այնպես որ Վարդանը հույսը կտրեց մի բան լսելու, բայց շուտով նրանց ձայները բարձրացան: Այն ժամանակ փոքրիկ լրտեսը լսեց հետևյալը. —
– «Ես քեզ ասում եմ՝ մանեթին վեց շային լավ փող է, ստացիր ու ձայնդ քաշիր, – համոզում էր Աբրահամ աղան:
– «Մանեթին մանեթ, մի կոպեկ էլ պակաս չեմ վերցնի,հասկանո՞ւմ ես: Այնքանն էլ բավական է քեզ, որ տոկոսից ձեռք եմ վերցնում:
– «Չունեմ, այ մարդ, չունեմ, լսում ես թե չէ:
– «Ունես ու շատ լավ ունես: Դու կարծում ես, ես բան չե՞մ հասկանում: Մի երկու տարի Մարոզովին օրինավոր վճարելով, կրեդիտ ես ձեռք բերել, մարդը հավատացել է քեզ, անցյալ տարվանից երկու անգամ ավելի է ապրանք բաց թողել: Հիմա քեզ սնանկ ես հրատարակում, մարդու ապրանքը տակովդ ես անում, ուզում ես մանեթին քսան կոպեկով ազատվել: Արա, ես ինչ եմ ասում, դա քո խղճի գործն է, բայց իմ փողերը մի՛ կլանիր, ամոթ է, աստված ճանաչիր, խիղճ ունեցիր:
– «Դե լավ, յոթը շայի ստացիր մանեթին, աստված, երկինք ու երկիր վկա, որ ավելի տալ չեմ կարող:
– «Մանեթին մանեթ, մանեթին մանեթ, ականջներ ունե՞ ս, թե խուլացել ես:
– «Լավ, որ իսկի մի կոպեկ էլ չտամ, ի՞նչ պիտի անես, – ասաց Աբրահամ աղան այնպիսի դիվային ձայնով, որ Վարդանի մարմնով սարսուռ անցավ:
– «Օրենք կա, չէ՞, դատաստան կա, չէ՞, – գոչեց Աթանեսը խուլ ձայնով:
– «Մինչև օրենքը գործի քննելը, դու էլ, ես էլ գերեզման կմտնենք:
– «Ոչ, չեմ թողնի քեզ, որ քո մահով մեռնես, ահա այս չորացած ձեռներովս կխեղդեմ քեզ…
– «Դեհ, խեղդիր, պրծիր էլի…
Քանի մի վայրկյան տիրեց լռություն: Վարդանին թվաց, որ, իրավ, հայրը հարձակվեց Աբրահամի վրա և խեղդում է նրան: Նա ամբողջ մարմնով դողաց և կամեցավ դռները բանալ ու ներս վազել, բայց դռները փակ էին ներսից:
– «Աբրահամ, – լսվեց, վերջապես, Աթանեսի ձայնը, – տունս մի՛ քանդիր, կին ունեմ, զավակներ ունեմ:
– «Ես էլ ունեմ, իմ տունը քանդվում է, թող քոնն էլ քանդվի:
– «Որ այդպես է, քեզ բանտ նստեցնելը մեղք չէ: – «Նստեցրու, ինչ արած, կնստեմ:
– «Աբրահամ, մի արա այդ բանը, վերև աստված կա, կրակ կթափի գլխիդ…
– «Ես ոչ առաջինն եմ, ոչ վերջինն եմ լինելու, ինձ նմանները շատ կան:
– «Չկան մեր քաղաքում, չկան, սկսողը դու ես:
– «Մի երկարացնի, ուզո՞ւմ ես մանեթին քառասուն կոպեկ:
– «Չէ, չէ ու չէ:
– «Մնաս բարով:
– «Աբրահամ…
– «Հետո գլխիդ կթակես ու վայ կկանչես…
– «Աբրահամ…
– «Չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող:
– «Դե դուրս, դուրս, անամոթ, դուրս, անպատկառ, աննամուս, դուրս, շան կաթ կերած, դուրս, քո հոր ոսկորները, դուրս, քո գդակը… քո բեղերը… քո հոգին… քո հավատը…»:
Վարդանը մի ոստումով արդեն հեռացել էր դռներից ու կուչ եկել սենյակի անկյունում:
Դռները բացվեցին: Աբրահամը դուրս եկավ: Եթե սենյակը լավ լուսավորված լիներ, Վարդանը կտեսներ իր պատվելի կնքահոր երեսից հոսող արյունը, և նրա աչքերի սոսկալի արտահայտությունը:
Դժբա՜խտ երեկո, ավելի դժբա՜խտ գիշեր, որ Վարդանն անցկացրեց անքուն մինչև լույս:
Նա շարունակ տրորվում էր անկողնի մեջ, հառաչում, ականջ դնում հոր ննջարանի կողմը, ուսկից, սակայն, ոչ մի ձայն, ոչ մի շշունջ չէր լսվում… Նա շատ բան էր հասկացել Աբրահամ աղայի ասածներից, պակասը լրացրել էր մայրը, որին Մարիամի ամուսինը տվել էր մի քանի տեղեկություններ Աբրահամի գործերի մասին: Նրա հայրը կորցնում է իր ամբողջ ազատ դրամագլուխը, նա ինքը զրկվում է սեփական փողերից և հավասարվում էր աղքատ ընկերներին: Այնինչ – դեռ երեկ իրեն համարում էր հարուստ: Որքա՞ն պիտի ծիծաղեն նրա վրա ընկերները և ուրախանան չկամությունից, մանավանդ այդ քոսոտ ու հոտած Մարտիրոսը:
Լուսադեմին միայն նա կարողացավ քնել: Բանալով աչքերը, նա իր անկողնի մոտ տեսավ հորը:
– Աբրահամ աղան պիտի կո՞ւլ տա մեր փողերը, – եղավ նրա առաջին խոսքը:
Աթանեսը գունատ էր, աչքերի կոպերն ուռել ՝ էին անքնությունից, դեմքն արտահայտում էր դառը տանջանք, կրծող վիշտ: Նա տարօրինակ հայացքով նայեց որդու երեսին և տարօրինակ եղանակով արտասանեց.
– Գայլ եղիր, գայլ, որ քեզ չուտեն, որ դու ինքդ ուտես գառներին:
Հետո բազմեց մինդարի վրա և, ոտները ձգելով, ավելացրեց.
– Աբրահամը ոչ աստված ունի, ոչ հավատ, ոչ ամոթ, ոչ նամուս: Նա շուն է, շնից լիրբ, նա գազան է, գազանից անխիղճ: Եղբայրն եղբոր այնքան չէր հավատում, ինչքան ես էի հավատում անիծվածին:
Նա լռեց, գլուխը թեքեց կրծքին և, կարծես, ինքն իր հետ խոսելով, շարունակեց.
– Վեց հազար հինգ հարյուր մանեթի տեղ երկու հազար վեց հարյուր, ինչո՞ւ. ի՞նչ օրենքով, ո՞ր ավետարանումն է գրված դա, ո՞ր օրենքում, ո՞ր կրոնում, ո՞ր ազգի մեջ:
– Իմ փողերն է՞լ են կորչում, – հարցրեց Վարդանը սրտի տրոփյունով:
– Քոնն էլ, իմն էլ, Մարիամինն էլ: Աստված խելքս առավ և աղբի մեջ գցեց: Լավ է եթե չոր տափի վրա չմնամ, բայց կմնամ, կմնամ, նա մանեթին քառասուն կոպեկ էլ չի տա, գիտեմ չի տա, նա բոլորը կկլանի…
Նա դարձյալ կատաղեց, միայն այս անգամ անզոր կատաղությամբ: Նա գդակը գլխից վերցրեց, ձգեց հատակի վրա և ասաց.
– Կոխոտիր գդակս ոտներիդ տակ, որդի, կոխոտիր, ես արժանի եմ: Ի՞նչ, ես չկարողանա"մ այդ թոկից փախած ավազակին խեղդել ու շանսատակ անել: Երեկ երեկո ես, ինքս ինձ մոռանալով, մի բռունցք տվեցի նրա քիթ-պռունգին, այսօր զղջում եմ: Դա վախկոտություն է, Վարդան, դա տղամարդկություն չէ: Տղամարդն իր արածից չպիտի ամաչէ ու չպետք է զղջա վախկոտ կատվի պես: Բայց, ի՜նչ արած, վիզն իմն է, թոկը նրա ձեռքում, էլի ես պետք է խոնարհվեմ…
Եվ այն մարդը, որ քառասուն ու յոթամյա կյանքում միայն երեխա տարիքում էր լաց եղել, արտասվեց:
Վարդանը վերցրեց գդակը, թափ տվեց և դրեց նրա գլխին: Նա լուռ էր, չգիտեր ինչպես և ինչ խոսքով մխիթարեր ու հանգստացներ մարդուն: Մինչև այդ օրը նա իր հորը համարել էր ամենազոր և անխոցելի, այժմ, տեսնելով նրա ներկա խեղճ վիճակում, կարեկցության հետ զգաց մի տեսակ խուլ արհամարհանք: Մի՞թե դա այն մարդն է, որի հոնքերի կիտումից անգամ սարսափում էին նրա մերձավորները: Նա կամեցավ այդ ասել իր հորը, բայց չհանդգնեց, բարվոք համարելով լռել և հեռանալ:
Երեկոյան Աթանեսը, խանութը փակելով, բանալիները տվեց Վարդանին և ինքը գնաց Աբրահամին տեսնելու: Այդ այցելությամբ նա կամենում էր մի կերպ մեղմացնել իր բռնուցքի տպավորությունը, և սխալվեց: Հայտնվեց, որ Աբրահամը այն անձանցից չէ, որոնք անարգանքը դյուրությամբ են ներում: Ընդհակառակը, օգտվելով Աթանեսի խոնարհումից, նա այս անգամ մերժեց մանեթին նույնիսկ քառասուն կոպեկ տալը և դուրս արավ նրան, ասելով.
– Երեկ դու, այսօր ես: Գնա գանգատվիր, ինչ որ օրենքը վճռի, այն կստանաս…
Երբ Աթանեսը տուն եկավ, Վարդանը, որ անհամբեր սպասում էր նրան, նայեց երեսին և ամեն բան հասկացավ առանց խոսքերի:
– Որդի, – ասաց հայրը ներս մտնելուն պես, – նա չի ուզում ոչինչ տալ: Նա ինձ ավելի անարգեց, քան ես երեկ: Խփե՞լ: Ոչ, չհամարձակվեց: Եթե ձեռք բարձրացներ, երկուսիցս մեկը պիտի տեղն ու տեղը շանսատակ լիներ: Բայց այդ ոչինչ, բանն այդ չէ…
Եվ նա, մի փոքր շունչ առնելով, շարունակեց.
– Լսիր, որդի, եթե դու իմ հարազատ զավակն ես, եթե քու արյունն իմ արյունից է, քո ոսկորն իմ ոսկորից, եթե քեզ կին է ծնել և ոչ թե շուն ցգնել, այսօրվա օրը չպիտի մոռանաս: Աստված գիտե, այս անպատվությունը կտանեմ, թե չէ, բայց վերջս այսպես թե այնպես մահ է: Ի հարկե, ես ձեռքիցս եկածը պիտի անեմ Աբրահամից վրեժս առնելու, բայց դա քիչ է, իմ մեծ հույսը քեզ վրա է: Հասկանո՞ւմ ես. խոսքս Աբրահամի զավակների մասին է: Դու կարող ես մի օր հարստանալ և անպատճառ կհարստանաս, ես այդ զգում եմ, նայելով քո աչքերին, տեսնելով քո վարք ու բարքը, քո խելքի զորությունը, քո համբերությունը, քո աչքաբացությունը: Երբ դու կմեծանաս, կզորանաս, երբ մարդիկ կսկսեն քո առաջ խոնարհվել, քեզ շողոքորթել, թող քո որդիական պարտականությունը լինի այսօրվա օրը միտդ բերել և քո հոր վրեժն առնել Աբրահամի որդիներից: Քո հարստության ուժով դու պիտի թոկ գցես նրանց վզին և խեղդես, խեղդես: Թող գոռան ցավից, թող աղաչեն, աղերսեն, բայց դու չպիտի խնայես նրանց: Դու պիտի այն օրին հասցնես նրանց, որ դռնեդուռ ման գան, մուրացկանություն անեն, և դու ծիծաղես նրանց երեսին, թքես նրանց վրա, մի քանի կոպեկ շպրտելով…
Բավական է, մարդ, մի՛ անիծիր որդուդ, – գոչեց Գյուլումը, որ ներկա էր և սարսափով էր լսում ամուսնու խոսքերը:
– Դու լռիր, դա անեծք չէ, դա օրհնություն է:
Եվ նա նայեց որդու երեսին, որ գիտենա, թե ինչ տպավորություն գործեցին նրա վրա իր խոսքերը: Վարդանը լուռ էր: Ձեռները կրծքին դրած, գլուխը թեքած, նա անշարժ լսում էր հոր խոսքերը և ոչ միայն լսում, այլև նրա յուրաքանչյուր բառը դրոշմում էր մտքի մեջ: Եվ երբեք նրա դեռահաս գլուխը այնպես չէր գործել, որպես այժմ: Նա ապագայի համար դարբնում էր վրիժառության մեկը մյուսից սոսկալի մեքենաներ: Առանց հոր խոսքերի էլ նրա սիրտը լեցվել էր թունավոր կիրքով: Հրդեհված կրծքի մեջ հայրը միայն մի բուռ յուղ թափեց:
Նա չոքեց հոր առջև, բռնեց նրա ձեռքը, համբուրեց, դրեց ճակատին:
«Ես կկատարեմ քո ավանդը» – այս էր նրա համբույրի լուռ իմաստը…
Սափրիչ Պողոսի խանութը գտնվում էր Զիլզիլ քաղաքի կենտրոնում, մի կիսախարխուլ տան անկյունում: Դա մի ոչ այնքան ընդարձակ սրահ էր, պատերն անպաստառ, կիսավեր, առաստաղը թանձր մուխից սևացած, հատակը ծածկված ցեխի, մուրի և մարդկային մազերի զզվելի շաղախով: Միակ լուսամատի ապակիները վաղուց էին փշրվել, և այժմ նրանց փոխարինում էր յուղած թուղթը: Ջախջախված և տեղ-տեղ կարկատված դուռը հիշեցնում էր մուրացկանի ցնցոտին:
Այցելուների համար երեք պատերի երկայնությամբ շինված էր փայտյա միապաղաղ նստարան: Դա էր սափրատան ամբողջ կահ-կարասին, եթե չհաշվենք մի հնադարյան բազկաթոռ երկու փութ ծանրությամբ: Այդ եռանկյունի կազմող նստարանի վրա արվարձանի անգործ կամ ծույլ բնակիչները, որը ծալապատիկ նստած, որը ոտները կախած, որը կկզած, վերջապես կողքի վրա պառկած, քննում ու քննադատում էին քաղաքի խոշոր ու մանր դեպքերը սափրիչ Պողոսի մկրատի չխկչխկոցի ներդաշնակությամբ: Դա մի ինքնատիպ կլուբ էր, ուր շատ անգամ շոշափվում էին բարձր նյութեր – քաղաքական, պատերազմական, ավելի հաճախ՝ կրոնական: Իսկ երբ խոսելու նյութը սպառվում էր, կլուբի անդամները զվարճանում էին կատակներով, սրախոսություններով, փոխադարձ ծաղակոծությամբ, չարաճճի մանուկների պես միմյանց վրա ջուր թափելով, իրար բոթելով, կմշտելով և հըռհըռ բարձրաձայն քրքջալով:
Օրը կիրակի էր, եղանակը ցուրտ, խոնավ, անախորժ: Սափրատան մեջտեղում, աղյուսի հատակի վրա դրած «մանղալում» մխում էր ածուխը փայտի կտորների հետ, ծուխը զարնելով ներկա եղողների դեմքերին, և ոմանց աչքերից արտասուք կորզելով: Տիրում էր արտաքո կարգի աշխուժություն: Լուրը բերել էր ինքն ուստա Պողոսը: Դա վերին աստիճանի խոշոր, հետաքրքրական և միանգամայն անսպասելի ու չտեսնված նորություն էր Զիլզիլ քաղաքի համար:
Աբրահամ աղա Դալբաշյանը սնա՞նկ – քաղաքի աոաջին վաճառակա՞նը, ամենքի նախանձի առարկա՞ն, հարգանքի և ատելության կենտրո՞նը, հասարակության ամենամեծ սյուներից մե՞կը, վերջապես, տեղական հոգևորականության երկրորդ աստվա՞ծը: Ինչպե՞ս այդ «խելքի ծով» և զգաստության տիպար մարդը չկարողացավ տանել իր գործերը: «Ո՛չ, ո՛չ, այդ անհավատալի է, անշուշտ, մեջտեղ «մի «և» կա»:
Եվ այդ «և» – ի մասին առաջին կասկածը հայտնեց նախկին մանրավաճառ, այժմ անգործ Բունիաթը, որի ածականն էր «Հաբաշի տղա»:
– Ուստա Պողոս, – դարձավ նա սափրիչին, – խոսքդ թամամցրու, տեսնենք:
Նա խորամանկ էր, զգում էր, որ Պողոսն ավելի գիտե, քան ցույց է տալիս, միայն չի կամենում բոլորը միանգամայն ասել: Ամբողջ ժողովն իր հայացքը հառեց ուստա Պողոսի բերնին: Եվ ուստան, ունկնդիրների հետաքրքրությունն ավելի գրգռելու համար, նախ հազաց, ծխից արտասվող աչքերը սրբեց, ապա դուրս բերեց գոտիից քաշ արած բազմաթիվ ածելիներից մեկն ու սկսեց սրել, քսելով մեջքին կապած կաշվե սրոցին:
– Աբրահամ աղան, – արտասանեց նա վերջապես, կարելույն չափ իր բութ դեմքին խորհրդավոր լրջություն տալով, – այսօր չէ, որ կոտր է ընկնում: Մոտ մի տարի է, որ նրա ջուրը պղտորվել է, միայն շատ քչերն են, որ գիտեին այդ բանը, – ավելացրեց նա ինքնագոհ ժպիտով, որ կնշանակեր, թե մեկն էլ այդ քչերից ինքն է:
– Պատճա՜ռը, պատճա՜ռն ասա, – գոչեցին այս ու այն կողմից:
– Պատճա՞ռը, հըը, պատճա՞ռը: Մարդ է էլի, մեծ մարդ, ամեն մի մեծ մարդ իր կամքն ունի:
– Օրինակ, ինչպե՞ս:
– էհ, բան է էլի: – պատասխանեց Պողոսը, աչքի տակով խորամանկորեն նայելով նախկին մանրավաճառ Բունիաթի երեսին, որ նրա կարծիքով ամենից լավ հասկացող ժողովականն էր, – ասում են հիմա կոտր ընկնելն էլ մոդա է, ինչպես ֆոտոգենի ճրագը: Մոդան սկսվել է Թիֆլիսից ու եկել է մեր կողմերը Ղարաբաղի կողմերով: Գոհանամ զքեն, տեր, մարդ կա, որ իր մարդկությունը չի մոռանա հազար ոսկով էլ, մարդ էլ կա, որ փողի համար հոգին սադայելին կծախի…
Արտահայտելով այս խորին փիլիսոփայական միտքը, ուստա Պողոսն ածելին դրեց տոպրակի մեջ, դուրս բերեց երկրորդը և շարունակեց սրել ավելի մեծ եռանդով:
– Ուստա Պողոս, խոսքիդ ջովհարն եմ հասկանում, – ասաց Բունիաթը, – մենք էլ վաճառական ենք եղել, քչից շատից խելք ունենք: Ասա, տեսնենք:
Նա վերցրեց երկաթյա խառնիչն ու մանղալի կրակը ցրեց: Ծուխը մի փոքր մեղմացավ, ուրախ կրակն ամենքին տրամադրեց զվարթ: Շերամապահ Անտոնն ամենից առաջ ըմբռնեց Պողոսի ու Բունիաթի խոսքերի բուն իմաստը:
– Չլինի" թե, – ասաց նա, դառն թամբաքուի չիբուխը բերնից հանելով և բեղերի ծլլոցը սրբելով, – չլիսնի՞ թե Աբրահամ աղան ուրիշների կարողությունը տակովն է անում: Չը՜րթ, – թքեց նա ատամների արանքով մանղալի մեջ և չիբուխը նորից դրեց բերանը:
Ուստա Պողոսը ոչինչ չպատասխանեց, բայց և չհերքեց էլ շերամապահի հանդուգն ենթադրությունը: Մյուսները, բացի Բունիաթից, բողոքեցին, մանավանդ տիրացու Գալուստը: Սուտ կո՞տր, Աբրահամ աղան սուտ կո՞տր: Չէ՛: դա խելքի մոտիկ բան չէ: Աբրահամ աղան քաղաքի ամենաազնիվ վաճառականն ու ամենամաքուր մարդն է: Ահա տասներկու տարի է եկեղեցու երեսփոխ է և ինը տարի է քաղաքի դեպուտատն է: Մինչև այսօր ո՞վ է համարձակվել նրա անունին կեղտ կպցնել:
– Տիրացու, – նկատեց շերամապահ Անտոնը, որ ատելով ատում էր տիրացու Գալուստին, – ինչպես տեսնում եմ, Աբրահամի դոլման ու փլավը շատ ես հավանել: Անուշ լինի, ո՞վ է ասում: Չը՜րթ, – թքեց նա դարձյալ մանղալի մեջ:
– Ւհարկե, – ասաց ուստա Պողոսը, – մեզանից ո՞ր մեկը չէր խաբվի, եթե տանն ուներ մի չար սատանա: Գիշեր-ցերեկ սատանան կողքդ կբզբզե ու ականջիդ կփսփսա
«արա՛, արա՛», դու էլ կանես էլի, ի՞նչ զարմանալու բան է: «Քիի՜շ-չըը՜շ> չիի՜շ-չը՜շ», – շարունակեց նա սրել ածելին:
Ամառը որմնադիր, ձմեռն անգործ Հայրապետն իմաստուն եղանակով նկատեց, թե բարեպաշտ քրիստոնյային ոչ մի սատանա չի կարող շեղել աստծու ճանապարհից, եթե նրա մեջ չարության սերմ չկա:
– Սատանա էլ կա, սատանա էլ, – հակաճառեց Բունիաթը: – Ուստա Պողոսը որ բերանը բաց արավ, իսկույն իմացա քամին որտեղից է փչում, չը՜րթ…
– Աֆարի՜մ մարդ, – դոփեց նրան Պողոսը, – ուրեմն դու Աբրահամ աղայի եղբորը՝ Իսրայելին շատ լավ ես ճանաչում: Չի՜շ-չը՜շ, չի՜շ-չը՜շ:
Իսրայելի անունն ընդհանուր ատելություն և նողկանք շարժեց: Այդ տակավին երիտասարդ վաճառականը քաղաքի պահպանողականների աչքում վարկ չուներ իր նորմալության շնորհիվ: Ամեն տարի նա Մոսկվայից կամ Նիժնի-Նովգորոդից մի որևէ նորություն էր բերում: Այս անգամ նա այնտեղից վերադարձել էր բեղերը կռտած և արխալուղի փոխարեն օձլած շապիկ, ու կարճ բաճկոն հագած: Բավական չէր այդ, նա իր կնոջն էլ ստիպել էր տեղական հագուստի փոխարեն հագնել ռուսի «սարաֆան» և երեսը բաց փողոց դուրս գալ, այսպիսով մոլորեցնելով ուրիշների կանանց էլ:
– Ա՜յ, աղա դու ես, հենց այդ լիրբ Իսրայելն է ամեն բան սարքողը, – վստահացավ, վերջապես, ասել ուստա Պողոսը, – թե չէ ինքն Աբրահամ աղան օրինավոր մարդ է: Չը՜շ-չի՜շ, չը՜շ-չի՜շ…
– Բերանդ օրհնվի, ասա պրծիր էլի, – գոչեց Անտոնը: – Չը՜րթ, ումի փողերն է տակովն անում:
– Մառոզովի…
– Ամոթ չլինի հարցնելը, գումա՞րը, – հետաքրքրվեց նախկին մանրավաճառ և այժմ անգործ Բունիաթը…
– Վաթսուն հազար մանեթ… Չի՜շ-չը՜շ, չի՜շ-չը՜շ: Ամբողջ ժողովարանն արձակեց մի ձայն, որ նման էր ագռավների կռիչքին:
– Բա՜հ, բա՜հ, աֆարիմ մարդ, աֆարի՜մ, – գոչեց Բունիաթը որպես թե հեգնաբար, բայց հոգու խորքում նախանձելով Աբրահամին:
– Մենակ Մառոզովը չէ վնասվողը, մեկն էլ մերոնցից է, – շարունակեց ուստա Պողոսը, ավելի լարելով ունկնդիրների հետաքրքրությունը:
– Ո՞վ է, ո՞վ, – հարցրին ամենքը միաբերան:
– Աթանեսը, չի՜շ-չը՜շ, չի՜շ-շը՜շ:
– Չը՜ րթ… խոզ Աթանե՞սը:
– Նա ինքը:
Ամբողջ ժողովարանում չգտնվեց մեկը, որ, այդ մարդու անունը լսելով, կարեկցություն արտահայտեր: Ընդհակառակը, ոմանք նույնիսկ ուրախացան առանց թաքցնելու իրենց ուրախությունը: Աթանեսը մի անխեր մարդ է, ոչ ոք մինչև օրս նրա տանը մի բաժակ թեյ չի խմել, ոչ ոքի մինչև օրս մի կոպեկի լավություն չի արել: Տնից խանութ է գնում, խանութից տուն, մինչև անգամ եկեղեցի էլ չի գալիս: Նա միայն մի բան գիտի – հայհոյել ու հայհոյել:
Ժողովը տրամադիր էր Աթանեսին ավելի պարսավելու, բայց հանկարծ հևալով ու շնչասպառ ներս մտավ Վարդանը: Ամենքը լռեցին:
– Ուստա Պողոս, հայրս քեզ կանչում է, – ասաց Վարդանը:
Ի՞նչ է պատահել, որդի:
– Հիվանդացել է, արյուն պիտի առնել:
– Խե՜ղճ մարդ, խե՜ղճ մարդ, – գոչեց ամբողջ ժողովարանը, մեկը մյուսի ետևից:
Պողոսը շտապով ժողովեց ինչ որ հարկավոր էր, դրեց կռնատակը ու Վարդանի հետ դուրս գնաց:
– Տիրացու, – ասաց Անտոնը, – քացախ խմիր, որ ախորժակդ բացվի, քեզ համար հոգեճաշ է պատրաստվում:
Ուստա Պողոսը Աթանեսին գտավ անկողնու մեջ: Պատահել էր հետևյալը: Մի ժամ առաջ թշվառ մարդը գնում է Աբրահամի վերջնական խոսքն իմանալու և, շատ չանցած, վերադառնում է խելագար վագրի պես: Վերցնում է իր ժանգոտված դաշույնը, ուզում է գնալ Աբրահամին սպնելու: Գյուլումը փորձում է նրան թույլ չտալ գնալու: Աթանեսը հրում է նրան, գցում է գետնին ու դուրս է վազում: Դռների մոտ մարդու ձեռները թուլանում են, գլուխը թեքվում է կրծքին, դաշույնը ձեռքից ընկնում է: Նա թավալվում է և սկսում խռխռալ ընկնավորի պես: Գյուլումը շտապում է պատռել արխալուղի օձիքը ու երեսին ջուր սրսկել: Ոչինչ չի օգնում: Մայր ու որդի, Օսմանի օգնությամբ մարդուն պառկեցնում են անկողին, և ահա կես ժամ է պառկած է մեջքի վրա, անիմաստ աչքերն առաստաղին հառած չի խոսում, չի շարժվում, չի հառաչում անգամ:
Ուստա Պողոսն անմիջապես սկսեց գործադրել իր գիտությունը: Նախ և առաջ նա Օսմանի օգնությամբ հիվանդին շուռ տվեց երեսի վրա ու մեջքը բաց արավ: Բամբակը թաթախելով սպիրտի մեջ, վառեց և, պահելով թիկունքների մեջտեղում, կավե բաժակը գլխիվայր դրեց վրեն: Կատարելով այս գործողությունը մի քանի անգամ հիվանդի մեջքի զանազան կողմերում, նա վերցրեց ածելին և սկսեց անխնա կտրատել ուռուցքները: Հետո հիվանդին շուռ տվեց, կողքի վրա և նրա կոկորդին կպցրեց տասնուհինգ տզրուկներ և թույլ տվեց, որ ծծեն Աթանեսի հիսնամյա արյունը: Քառորդ ժամում տզրուկները այնքան կշտացան, որ ուռան, կլորացան ու մեկիկ-մեկիկ պոկվելով, հասուն խարթութի պես, գլորվեցին հիվանդի թավամազ կրծքի վրա:
Հիվանդն իր հայացքը դարձրեց դեպի կինը: Եվ այդ հայացքը արտահայտեց այնպիսի խորը տանջանք, որ Գյուլումի սիրտն սկսեց մորմոքվել: Պարզ էր, որ թշվառն զգում էր իր վիճակի վտանգավորությունը ու ավելի տանջվում, որ անկարող է զգացածն ու ցանկացածն արտահայտել:
Գյուլումը նայում էր ամուսնուն դառը վշտակցությամբ և գլուխն անզոր երերում: Քսան տարի կենակցել էր այդ մարդու հետ, քսան տարի շարունակ գտնվել էր նրա պողպատյա բռնակալության տակ, որպես վաճառված ստրկուհի, ճանաչել էր միայն և միայն նրա կամքը, հպատակվել էր միայն և միայն նրա եսին, միշտ աշխատելով խեղդել իր մեջ իր կամքը, իր ցանկությունները, իր միտքն ու հոգին: Եվ ահա այժմ, երբ հարկավոր էր փոքր ի շատե ինքնուրույնություն, ինքն իրեն կորցրել էր և շվարած նայում էր բռնակալի երեսին, դարձյալ նրա բերնից սպասելով հրամաններ: Երբեք նա բախտավոր չէր եղել այդ մարդու հետ, երբեք, նույնիսկ առաջին ամիսներին իր ամուսնության, բայց և երբեք չէր երևակայել, թե կարող է բախտավորվել, նրանից զրկվելով: Երկար տարիների կենակցությամբ ամրացած սովորույթը նրա մեջ բռնել էր ամուսնական սիրո կամ հարգանքի զգացման տեղը: Եվ նա տանջվելով ու տառապելով հանդերձ բռնակալի ձեռքում, զգում էր իր հոգին ու սիրտը նրա հոգու ու սրտի հետ ձուլված ու միացած մինչև գերեզման:
– Ի՞նչ ես ուզում, մարդ, ասա՛, – կրկնում էր նա կսկծալի եղանակով, ճիգ անելով զսպել իր հեկեկանքը, որ երկաթյա ունելիքի պես սեղմում էր նրա կոկորդը:
Եվ ոչ մի պատասխան բռնակալի փակ ու անշարժ շրթունքներից: Նա քարացած հայացքով նայում էր մերթ կնոջը, մերթ որդուն, կարծես պահանջելով, որ իրենք տան իրենց հարցերի պատասխանը: Կար ինչ-որ սոսկալի բան այդ նայվածքի մեջ, որ սառցնում էր արյունը Գյուլումի երակներում:
Ուստա Պողոսը գործադրեց իր վերջին կտրողական միջոցը, որից դենը չէր անցնում նրա հնարագիտությունը: Նա Օսմանին հրամայեց մորթել մի սև հավ, փորոտիքը թաղել հողում ու մարմինը առանց փետրելու բերել: Լեզգին իսկույն կատարեց նրա հրամանը: Պողոսը հավը բաց արավ և փորի կողմով դրեց հիվանդի կրծքի վրա: Սև հավը պիտի դուրս մղեր անհայտ ցավն այն խորհրդավոր զորությամբ, որ պարգևել էր նրան դարերի գռեհկությունն ու սնահավատությունը:
Ներս մտավ Մարիամն իր ամուսնու ուղեկցությամբ և, գլխի շալը մի կողմ շպրտելով, հարձակվեց հոր վրա: Արդեն դռներին չհասած նա սկսել էր բարձրաձայն լալ, ձեռները կրծքին զարնելով, որպես արտահայտություն բարձրագույն վշտի: Մի ծանր, երկարատև հառաչանք թռավ հիվանդի անսահման տանջվող կրծքից: Այսպես, ուրեմն, նա մեռնում է: Մի՞թե: Մեռնում է, չկարողանալով մի բառ անգամ արտասանել այն ժամանակ, երբ նա դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ հանկարծ նա արտասվեց, թույլ, խուլ և կցկտուր հեծկլտանքով:
– Թողեք, թողեք լաց լինի, դա լավ նշան է, – ասաց Մարիամի ամուսինը, Ստեփան Փորսողյանը:
Նա բողոքեց ուստա Պողոսի գործադրած միջոցների դեմ: Այն օրից, երբ նա դեն էր ձգել ասիական քոշերն ու հագել էր եվրոպական կոշիկներ, յուրացրել էր կիսակիրթ քաղաքցու այն հավակնությունը, որ ավելի հակակրելի է, քան լիակատար գռեհկությունը:
Նա ասաց.
– Մարդուն գցել եք, տավարի պես մորթել, կարծում եք դրանով կառողջացնե՞ք: Ժամանակ է դեն շպրտել այդ նշտարն ու ածելին, այդ տզրուկներնու ու սև հավերը: Բաց արեք աչքներդ, խեղճե՛ր աշխարհ ման եկեք, բան տեսեք: Բժիշկներ են դուրս եկել, որ գերեզմանից մեռելին դուրս են բերում, ոտքի կանգնեցնում, կյանք տալիս: Գիտություն է հարկավոր, ուսում, թե չէ… դալլա՜ք: Հըը, ի՞նչ ես երեսիս մտիկ անում, ուստա Պողոս, ասածս, քեֆիդ դիպչում է, հաա՞: Տնաքանդ, մարդուց երկու ոչխարի արյունս ես քամել, նա ոտքի կկանգնի՞: Ես իսկույն կգնամ, բժիշկ կբերեմ:
Ամբողջ օրը Աթանեսը մնաց միևնույն դրության մեջ և նույ դիրքում, – կողքի վրա անշարժ ձգված, ինչպես բունից սղոցված ծառ: Ոչինչ փոփոխություն, ոչ դեպի լավը, ոչ դեպի վատը, նույն սեղմված շուրթերը, նույն արյունալի աչքերը, նույն խուլ տանջանքը դեմքի վրա:
Իրիկնադեմին Ստեփան Փորսողյանը ներս մտավ Զիլզիլ քաղաքի միակ բժշկի հետ: Դա մի ծեր ու խուլ մարդ էր: Վաղեմի գիտության աղքատիկ պաշարը նրա ալեզարդ գլխում չորացել էր այնչափ, որչափ արյունն էր պաղել երակներում: Հարկավոր եղավ բավական երկար ժամանակ և մեծ ջանք Աթանեսի հանկարծակի հիվանդությունը և գործադրած միջոցները նրան բացատրելու համար: Այս բանը մանավանդ դժվար էր Ստեփանի համար, որ գործ էր ածում այնպիսի բառեր, որոնց զուր կլիներ փնտրել ռուս բառագրքի մեջ: Բժիշկը ոչինչ չհասկացավ և որովհետև չհասկացավ, ուստի դեղատոմս գրեց ու հեռացավ:
Հիվանդի գլխի մի կողմում նստած էր Գյուլումը, մյուս կողմում Մարիամը, երկուսն էլ ձեռները ծոցերին դրած: Մերթ ընդ մերթ Գյուլումը հառաչում էր կամ շալի ծայրով շարունակ հոսող արցունքը սրբում: Նա ոչինչ չգիտեր անել, բացի հառաչելուց, արտասվելուց, տանջվելուց, վասնզի միայն այդ բանում նրանից չէր պահանջվում կամքի ուժ: Համեմատաբար ավելի եռանդ էր ցույց տալիս Մարիամը: Նա փոխում էր հիվանդի կրծքի կոմպրեսը և յուրաքանչյուր ժամ ճշտությամբ դեղը գդալով ածում նրա բերանը, դժվարությամբ բանալով սեղմված շրթունքները: Մերթ ընդ մերթ ուղղում էր հիվանդի բարձը, վերմակը, կարծելով կամ ցույց տալով, թե դրանով թեթևացնում է նրա դրությունը: Նա ձգտում էր թշվառի աչքերի մեջ կարդալ նրա ցանկությունը և իզո՜ւր: Միևնույն ժամանակ, աշխատում էր հանգստացնել մորը, ոչինչ, կանցնի, կառողջանա: Գյուլումը թերահավատությամբ շարժում էր գլուխը. Նա երեխա՞ է, չգիտե՞, խելք չունի՞, մարդու լեզուն կապվել է, «դամլա» է:
Երեկոյան, վերջապես համարձակվեցին այցելության գալ Գյուլումի քույրերն իրենց ամուսինների հետ, նաև հարևաններից ոմանք և անօգուտ հարցերով ու կեղծ ախ ու վախերով կրկնապատկեցին Գյուլումի տառապանքը: Մեկը մինչև անգամ անքաղաքավարություն ունեցավ հետաքրքրվելու Աթանեսի ունեցած կարողությամբ. Արդյոք նրա մահից հետո, այրին ու որբը մի բան կժառանգե՞ն: Տեր աստված, Գյուլումը ոչինչ չգիտե, թողեք լուռ արտասվի ու տանջվի, նա միայն այս կարող է անել:
Դրացի կանանցից մեկը պնդում էր, թե Աթանեսին չար ոգիներն են կապկպել, հարկավոր է կախարդ կանչել, միայն նա կարող է բուժել թշվառին:
Այս առաջարկությունը շարժեց ներկա եղողներից միայն մեկի ծիծաղը: Դա Գյուլումի կրտսեր քրոջ` Զառիկի ամուսինն էր – Դավիթ Դանիելյանը, մի վերին աստիճանի ջերմեռանդ լյութերական:
– Քույր Շուշան, – ասաց նա չար ոգիների մասին խոսողին, – մեղք ես գործում, մեծ մեղք: Մեր ամենքի կյանքն ու մահը Հիսուսի ձեռքին է: Աղոթք արա, քույր Գյուլում, մենք ամենքս միայն աղոթքով կարող ենք փրկվել: «Տեր, օրհնիր մեզ», – աղոթեց նա ինքը, ձեռները իրարու կցելով, գլուխը թեքելով դեպի ուսը և աչքերը վեր ուղղելով, – «տեր, ներիր Աթանես եղբոր մեղքերը»:
Ապա դառնալով հիվանդին, ավելացրեց.
– Եղբայր Աթանես, աղոթք արա մտքումդ, – Եհովան հայր Աբրահամի հավատը փորձեց, հետո որդու զոհը չընդունեց, Հովբ երանելին մինչև վերջը դիմացավ, եղբայր Աթանես, դու էլ դիմացիր, Իսրայելի և Հակոբի աստվածը Հիսուսի զորությամբ քեզ կօգնի, աղոթք արա…
Եվ ի՞նչ հրաշք: Հիվանդը, որ մինչև այդ վայրկյան լուռ էր, անշարժ, հանկարծ ցնցվեց, այլափոխվեց, աչքերը դարձրեց դեպի մոլեռանդ լյութերականը, նայեց երեսին սուր, երկար հայացքով և արտասանեց.
– Ձայնդ կտրի՛ր, փարիսեցի:
Ոչ մի ազգականի նա այդքան չէր ատել, որքան Դավիթ Դանիելյանին. նա միշտ ասում էր, թե մի մարդ, որ դավաճանել է պապերի հավատին, կարող է հարազատ եղբորն անգամ ծախել փողի համար: Նա առհասարակ բողոքականությունը համարում էր անհավատություն և նա չէր քաշվում նույնիսկ շուկայում դեմառդեմ հայհոյել կրոնափոխներին:
Հիվանդի լեզվի անսպասելի բացվելն առաջացրեց իրարանցում: Մարիամն ուրախությունից ճչաց ու ոտքի կանգնեց: Գյուլումը հետևեց նրա օրինակին: Վարդանը սենյակի անկյունից վազեց մոտեցավ հոր անկողնին և աչքերը հառեց նրա երեսին: Հյուրերն ապշած միմյանց նայեցին: Միայն Դավիթ Դանիելյանը չշփոթվեց: Նա շարունակ արտասանում էր. «Հիսուս, սիրելի Հիսուս, օրհնյալ լինի քո զորությունը»:
– Դուրս արեք անհավատին, դո՜ւրս, – գոռաց հիվանդը, որի աչքերը նմանվում էին արյունով լի պնակների:
– Աթանես եղբայր, մեղք մի՛ գործիլ, – ասաց լյութերականը, – աղոթք արա, հիշի Հովբ երանելուն, նրա երեսը փտեց, բերանը որդերով լեցվեց, միսը թափվեց մարմնի վրայից, բայց նա էլի աղոթք էր անում, էլի օրհնում էր աստծուն: Տանջվիր, բայց աղոթք արա, հոգիդ դրախտ կգնա, Եհովայի գոգը, աղոթք արա…
Դարձյալ հրա՜շք, հիվանդը զարմանալի արագությամբ գլուխը բարձրացրեց, նստեց անկողնի մեջ: Այժմ նրա այտերը կապտել էին, կոկորդի երակները դուրս ցցվել երկաթի լարերի պես: Նրա լեզվի կապանքը խորտակվեց: Անեծքների ու հայհոյանքների մի հոսանք դուրս ժայթքեց նրա բերնից: Եվ ի՜նչ հայհոյանքներ: Ներկելով ոտքից մինչև գլուխ ատեցյալ կրոնափոխին, նա դարձավ մյուս հյուրերին, տվեց յուրաքանչյուրին պատշաճավոր ածական, հիշեց նրանց հայրերին, պապերին, չմոռանալով ազգականներին, ազգականուհիներին: Մի քանի վայրկյան կանգ առավ և հետո իր ամենաինքնատիպ, ամենակատաղի հիշոցներն ուղղեց Աբրահամին, նրա ընտանիքին և ամբողջ տոհմին: Նրա գրգիռն հասավ իր զենիթին, շունչը սպառվեց, կոկորդն սկսեց արձակել ինչ-որ գազանային մռնչյուններ, բերանը փրփրեց, երեսը կապտեց լեղակի պես, և նա, որպես գնդակահար, ընկավ մեջքի վրա…
– Տե՛ր, ների ր այս մարդուն, – ասաց Դավիթ Դանիելյանը:
– Ա կնիկ, մարդը մեռնում է, տերտեր կանչել տո՛ւր, – ասացին փորձառու կանայք:
Գդակը վերցնելով, Վարդանը դուրս վազեց:
Գիշերը ցուրտ էր և շատ մութ: Մի այլ դեպքում Վարդանը ոչ մի կերպ չէր համաձայնվի մենակ փողոց դուրս գալ: Այս անգամ նա չվախեցավ:
Ահա յոթ-ութ ժամ է նրա հոգին տառապում է ու սիրտը հեծում տեղի ունեցող դեպքի ծանրության ներքո: Այդպես, ուրեմն, նրա հայրը մահանում է. նա մնում է որբ, անպաշտպան: Աբրահամ աղան կեղծ բարեկամությամբ մոլորեցրեց աշխարհ չտեսած, մարդիկ չճանաչած միամիտ ծերունուն, առավ նրա փողերն ու կլանեց: Կերավ և Վարդանի փողերը, որոնց այնքան սիրել ու փայփայել և որոնց վրա այնքան հույսեր էր դրել: Դեռ մի քանի օր առաջ նա իր մտքում պես-պես ծրագրներ էր հորինում իր փոքրիկ դրամագլուխը կրկնապատկելու, եռապատկելու, տասնապատկելու համար: Եվ հանկարծ օդն են ցնդում նրա երազները: իսկ մա՞յրը, այդ թույլ, անկամք էակն յուր անզոր հառաչանքներով, իր կսկծալի ախ ու վախով ու արցունքներով ավելի է զորացնում նրա սրտի դառնությունը: Իր ամուսնո մահից հետո այդ կինն ընկնելու է որդու վզին, ինչպես մի ծանր, անտանելի լուծ: Արի ինքդ ապրիր, նրան կերակրիր և քեզ համար ապագա վաստակիր: Ահ, մայրե՜ր, մայրե՜ր, ինչի՞եք դուք պետք այն օրից հետո, երբ ծնել, սնել ու մեծացրել եք ձեր զավակներին: Ուրիշ ոչինչ, եթե ոչ նրանց հոգսերն ավելի բարդացնելու և կյանքն ավելի դժվարացնելու համար:
Այս վերջին միտքը Վարդանի գլխով անցավ վայրկյանաբար, որպես կայծակ: Նա կանգ առավ նրա վրա և աշխատեց վանել իր գլխից, նման ոճրագործին, որ խուսափում է ոճիրի երևույթից:
Դեռահաս, բայց արդեն բավական կարծրացած կրծքի տակ բարձրացել էր անսովոր փոթորիկ, վառ– պատանեկան, բայց արդեն բավական պիրկացած սիրտն ալեկոծվում էր: Նա մտածեց վրիժառության մասին և եղավ վայրկյան, երբ նա երկու ձեռներով ճանկեց գլխի մազերն ու ձգձգեց ամբողջ ուժով: Կարծես, այդ խիտ ու ձիու բաշի չափ կոշտ մազերի մեջ էր նստած Աբրահամն իր բոլոր մերձավորներով, իր նախնիքներով, իր ներկա և ապագա սերունդներով:
Հազիվ նա փողոց էր դուրս եկել, լսեց իր անունը: Դարպասի հետևից, թանձր մառախուղի միջից հայտնվեց մի նիհար կերպարանք:
– Ես եմ, մի վախենար, – լսվեց մի պատանեկան մեղմ ձայն: Ձեռները ցրտից կռնատակներին դրած, ամբողշ մարմնով դողալով, Մինասը մոտեցավ Վարդանին:
– Հայրդ ինչպե՞ս է, – հարցրեց նա:
– Մեռնում է:
Մինասը մի ցավակցական ճիչ արձակելով, մի քայլ հետ կանգնեց: Խավարի մեջ մահվան լուրը նրան թվաց սարսափելի: Նա անկեղծորեն վշտացավ:
– Օօ՜, դու մենակ կվախենաս, – ասաց նա կարեկցությամբ, – ես քեզ հետ կգամ տերտերի մոտ: Գիտես, մի ժամ կլինի կանգնած էի դարպասի մոտ, սպասում էի մի դուրս եկողի, որ հորդ դրության մասին հարցնեմ: Հայրս է ինձ ուղարկել:
– Ինչո՞ւ ներս չմտար:
– Վախենում էի, որ Օսմանը չթողնի: Ախ, ինչի՞ց է մեռնում հայրդ:
– Սպանեցին, – պատասխանեց Վարդանը:
– Սպանեցի՞ն: Ինչ ես ասում, ո՞վ: – Աբրահամ աղան:
Եվ Վարդանը պատմեց եղելությունը: Պատմեց, անխիղճ կողոպտիչին հայհոյելով այն հիշոցներով, որ հորից էր լսել մի քանի րոպե առաջ:
– Մի , մի հայհոյի, – գոչեց Մինասը, – հայհոյանքը մեղք է: Դու սուս արա, աստված ինքը կպատժի Աբրահամ աղային:
– Դու էլ թող է, աստված, աստված, եթե նա պատժող է, թող հենց հիմա, այս րոպեիս պատժի, որ սիրտս հովանա:
– Գողերը, մարդասպանները, ավազակները, ուրիշներին կողոպտողները մյուս կյանքումն են պատժվում:
– Տերտեր-վարդապետի պես ես խոսում: Մյուս կյանքս ո՞րն է, չեմ ուզում քո մյուս կյանքը: Թող այս աշխարհում լավ ապրեմ, հետո ուր ուզում են տանեն, գցեն հոգիս:
– Բա՜ա, – բացականչեց Մինասը, ապշելով, – այս ինչե՜ր ես ասում, Վարդան, աստված քեզ կպատժի, մեղա եկ…
– Դու հիմար ես, Մինաս, – արտասանեց Վարդանն արհամարհանքով, – հայրդ գլուխդ լցրել է ավետարանով ու աստվածաշնչով, խելքիդ համար տեղ չի թողել:
Այդ պահին նրանք անցնում էին Աբրահամ աղայի տան մոտով: Վարդանը մի քանի վայրկյան կանգ առավ, նայեց լուսամուտներին, որոնց միջով փողոց էր սփռվել նորամուծ ֆոտոգենի լամպարների լույսը: Դա երկու հարկանի մի շինություն էր՝ նորակառույց: Ստորին հարկի լուսամուտները փոքր էին և երկաթե ցանցերով պաշտպանված, վերին լուսամուտները առանց ցանցերի էին և ներսի կողմից չվարագուրված:
Աբրահամն ուներ երեք որդի ու երկու աղջիկ: Մեծ աղջիկն ամուսնացել էր մի տարի առաջ, փոքրը դեռ տանն էր: Ավագ որդին՝ Արշակը, վաղուց տեղական ռուս դպրոցն ավարտել էր և, այժմ օգնում էր հորը առևտրական գործերում, երկրորդը Դանիելն էր, նա, որ ուսումնարանում ասաց Վարդանին, թե երջանիկ հրեայի անունը Ուռշիդ չէ, այլ Ռոդշիլդ, երրորդ որդին, Սամվելը տասը տարեկան մանուկ էր:
Նայելով լուսամուտներին, Վարդանը երևակայեց ամբողջ ընտանիքը սեղանի շուրջը նստած հանգիստ ընթրելիս: Նրա ոխը գրգռվեց, մանավանդ դեպի իր հասակակիցները: Նրա գլխում ծագեց մի չար միտք – վրիժառության մի սոսկալի միջոց: Ուշ գիշերին կոտրել ներքին հարկի լուսամուտները, թափել ներս ֆոտոգեն և վառել: Անշուշտ, այնտեղ է դարսված Մառոզովի մանուֆակտուրային ապրանքը: Քանի մի րոպեում կրակը կգրավի ամբարանոցը, հետո կանցնի վերին հարկը տնեցիների քնած պահին, և Աբրահամ աղան կայրվի իր ամբողջ ընտանիքի ու ամբողջ հարստության հետ: Եվ ոչ միայն նա, այլև Իսրայելն իր ընտանիքով, որ բնակվում է տան ներսի կողմում: Ի՜նչ հիանալի միտք: Բայց ո՞վ կարող է իրագործել այդ միտքը: Ի՞նքը, Վարդա՞նը: 0, ոչ, վտանգավոր է: Գուցե Օսմա՞նը: Ոչ, նա հիմար լեզգի է, բացի դաշույնից վրիժառության ուրիշ գործիք չի ճանաչում:
– Ախ, որտե՞ղ է Մկիչը, – շշնջաց Վարդանը շարունակելով մտածել լսելի ձայնով, – նա անվախ տղա է, նա ճարպիկ է, կարող է անել:
– Ի՞նչ անել, ի՞նչ ես խոսում, Վարդան, – հարցրեց Մինասը զարմացած, – գնանք, ինչո՞ւ կանգնեցիր, հայրդ կարող է մեռնել առանց սուրբ հաղորդության:
– Կորիր, դու լավ ընկեր չես, վախկոտ ես:
Նա շարունակեց ուղին, բայց մի քանի քայլ անցած դարձյալ կանգ առավ: Թեքվեց և գետնից վերցրեց մի բռունցքաչափ քար, և առաջարկելով Մինասին, ասաց.
– Վերցրու, Մինաս, դու ինձնից լավ քար գցող ես, փորձիր, կարո՞ղ ես այն մեջտեղի լուսամուտին խփել:
– Ինչո՞ւ խփեմ:
– Հենց այնպես, խնդրում եմ:
– Ոչ, լավ չէ, ներսում մարդիկ կան, քարը կդիպչի նրանց:
– Դու մարդ չես, մարդ, – գոչեց Վարդանը զայրացած և ամբողջ ուժով քարը նետեց դեպի վերին լուսամուտներից մեկը:
Լսվեց փշրվող ապակիների շառաչյունը, որ փողոցի ամայության մեջ առանձին ուժգնություն ուներ: Վարդանը սարսափահար փախավ առանց հետ նայելու:
– Այդ ի՞նչ արիր, – գոչեց Մինասը, հազիվ նրան հասնելով, – դե լավ, էլ մի՛ վազիր, հետևող չկա:
Տեր-Համբարձումը ստիպված եղավ գինու մեջ թաթխած նշխարը Աթանեսի բերանն ուժով մտցնել: Ժայթքելով կատաղի հայհոյանքների բուռը հոսանքը, հիվանդը նորից զրկվել էր խոսելու ընդունակությունից և մինչև վերջին շունչը այլևս ոչ մի բառ չարտասանեց …
Գյուլումն այրի է, Վարդանը որբ, խանութն անտեր: Այժմ, երբ մարդն իր հաշիվները վերջացրել է անցավոր կյանքի հետ, բոլորը ցավակցում են նրա կնոջն ու որդուն: Այժմ նույնիսկ ինքը Աթանեսը վատ մարդ չի թվում: Ճշմարիտ է, անօգուտ մարդ էր, բայց ո՞վ է նրանից մի վնաս տեսել:
Այսպես էր դատում Զիլզիլ քաղաքի հասարակական կարծիքը, որի գլխավոր բերանն էր ուստա Պողոսի սափրատունը: Այժմ այնտեղ անխնա դատապարտում էին Աբրահամ աղային, մանավանդ նրա «պրտկերես» եղբորը, Իսրայելին: Անխիղճ մարդիկ, կլանեցիք ուրիշի արյուն-քրտինքով վաստակած փողերը, իրան էլ գերեզման մտցրիք և այժմ ինքներդ ապրում եք հանգիստ, բախտավոր:
Բայց հասարակական կարծիքը սափրիչ Պողոսի արհեստանոցում չարաչար սխալվում էր: Աբրահամ աղան հանգիստ ապրելու բախտից տակավին շատ հեռու էր: Նա իր հաշիվները չէր վերջացրել Մառոզովի հետ: Նա վախենում էր, որ պարտատերը դատ կբանա Դալբաշյան եղբայրների դեմ, և հանդիմանում էր Իսրայելին, թե ինչու իրեն մոլորեցրեց և փորձանքի մեջ, ձգեց:
– Ինչո՞ւ ագահությունից կուրացանք և մեր ազնիվ անունը խայտառակեցինք ամբողջ քաղաքում, – ասում էր նա: – Մառոզովը, եթե ունենա, կարող է երկուսիս էլ օրենքով բանտ նստեցնել:
– Մառոզովը շատ է հեռու այստեղից: Ոչ ոք ռիսկ չի անի Մոսկվայից գալու, որ մեր դեմ դատ սկսի: Ռուսները Կովկասը ավազականոց են համարում և մեր դաշույնից վախենում են: Բացի դրանից, ի՞նչ բան է Մառոզովի համար վաթսուն հազարը: Ոչի՜նչ: Մի մոռանար, որ մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինն ենք լինելու:
Ավելի ճնշիչն Աբրահամի համար Աթանեսի մահն էր: Այդ անսպասելի մահը ծանրացել էր նրա հոգու վրա այնչափ, որ պատրաստ էր իր պարտքը լիովին վճարել հանգուցյալի ընտանիքին, միայն թե կարողանար լռեցնել վրդովված խղճի ձայնը: Բայց Իսրայելը չէր թողնում, սպառնալով.
– Եթե դու այդ անես, ես քեզնից կբաժանվեմ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև էշի վրա նստելը մի ամոթ է, էշից իջնելը երկու: Եթե հիմա մեր պարտքը տանք Աթանեսի ընտանիքին, թերահավատներն էլ կհավատան, որ սուտ ենք սնանկացել: Այն ժամանակ Մառոզովն էլ մանեթին մանեթ կպահանջի, մինչդեռ նա այժմ համաձայն է մանեթին քսան կոպեկ ստանալ, բացի դրանից, միևնույնն է, Աթանեսին գերեզմանից դուրս բերել և կյանք տալ չես կարող քո հիմարությամբ: Ո՞վ էր նրան ստիպում մեռնել, ծեր մարդ էր, ժամանակը եկել էր – մեռավ: Մաղթենք, որ աստված նրա հոգուն մի լավ տեղ տա մյուս կյանքում: Աշխարհ է, եթե մեկը չընկնի, մյուսը չի բարձրանալ: Խիղճը լավ բան է, բայց քանի՞ գրոշ արժե նա շուկայում: Եթե Մառոզովին թեթև հարված չտայինք և Աթանեսին չտապալեինք, մենք էինք տապալվելու, որովհետև մեր գործերը շատ վատ էին գնում: Գիտես Աբրահամ, ես լսել եմ, որ երբ ծովի վրա երկու նավեր գալիս են իրարու դեմ և նրանց ընդհարումն անխուսափելի է, յուրաքանչյուր նավավար աշխատում է, որ իր նավը կտուցով դիպչի հակառակորդին, և կործանվում է այն նավը, որը իր կողովն է ընդհարվել: Ահա եղբայր, այսօր մենք մեր նավն ազատելու համար խորտակել ենք Աթանեսի նավակը, այն էլ ոչ ամբողջովին, որովհետև գիտենք, որ, բացի մեր կերածից, նա էլի քիչ թե շատ կարողություն թողել է և նրա ընտանիքը սովից չի մեռնի:
Այս խոսքերը, միանալով Իսրայելի ազդու, եռանդուն ձևերի, նրա դեմքի խրոխտության, նրա ձայնի համարձակ ու համոզիչ արտահայտությանը, ազդեցին Աբրահամ աղայի հոգեբանության վրա, և նա սկսեց մտածել, որ իրավ չափից ավելի մեծ նշանակություն է տվել իր վարմունքին Աթանեսի վերաբերմամբ: Նա լռեց որպես համաձայնության նշան և այնուհետև այլևս չարտահայտեց որևէ կասկած այդ վարմունքի օրինականության մասին, մանավանդ այն պահից, երբ լսեց, որ Մարիամի ամուսին Ստեփան Փորսողյանը Աթանեսի կնոջը, այսինքն՝ իր զոքանչին և նրա որդուն խորհուրդ է տալիս համաձայնվել Դալբաշյաններից ռուբլուն քսան կոպեկ ստանալու պայմանին:
Սակայն դժբախտությունն այնքան խախտել էր Գյուլումի հավատը դեպի մարդիկ, որ նա իր փեսայի անկեղծության մասին էլ էր կասկածում: Միակ մարդը, որին կարող էր անպայման հավատալ, հարազատ եղբայրն էր՝ Սարգիս Հախվերդյանը: Բայց նա էլ տասնուհինգ տարուց ավելի բացակա էր Զիլզիլ քաղաքից և առևտրական գործերով թափառում էր զանազան վայրերում: Վերջին տարիները նրա նամակները ստացվում էին Անդրկասպյան երկրից: Այդտեղ նա քայլ առ քայլ ուղեկցում էր ռուս զորքերի հաղթական արշավանքին, որպես օղու մատակարար մի պատերազմող գնդի:
Վարդանը իր մոր կողմից գրեց քեռուն, որ շտապե գալ և կարգի բերել հանգուցյալի գորւծերը: Մի ամիս անցած՝ Հախվերդյանն եկավ: Քույրերը հազիվ ճանաչեցին նրան: Զիլզիլ քաղաքից հեռանալիս Սարգիսը քսանումեկ տարեկան տղա էր՝ բարակ, աղվամազ բեղերով, նիհար ու թուլակազմ: Այժմ առողջ, կարմրերես տղամարդ էր արդեն՝ բավական ճերմակած քունքերով և ճաղատ գլխով: Նրա ամբողջ գոյությունից բուրում էր գործնական, ինքնավստահ մարդու այն աշխույժը, որ կամքի զորությունից զուրկ մարդկանց ներշնչում է նախանձ, ատելություն, նույնիսկ երկյուղ: Թափառելով երկրից երկիր, պարապելով ամեն տեսակի առևտրական գործերով, շփվելով ամեն տեսակի մարդկանց հետ, կրելով հազար ու մի դժվարություններ, այժմ, կյանքի բովով անցած, երեսունևութ տարեկան հասակում մի գրանիտ էր, որին ոչ մի մուրճ չէր կարող ջարդել: Առանց ժամանակ կորցնելու՝ նա ձեռքն առավ իր քրոջ գործերը, մտավ Դալբաշյանների հետ բանակցության մեջ և իսկույն հասկացավ ինչ տեսակ մարդկանց հետ գործ ունի ու շտապեց հաշիվները վերջացնել ռուբլուն քսան կոպեկով: Այնուհետև նա Աթանեսի խանութի ապրանքների մի մասը վաճառեց մանրավաճառներին և հաշիվները բարեխղճաբար ներկայացրեց Գյուլումին: Այդ վաճառման մեջ նրան օգնեց Վարդանը, և դեռահաս պատանին ցույց տվեց այնպիսի հաշվագիտություն, մտքի այնպիսի արթնություն, որ միանգամայն հիացրեց Հախվերդյանին: Բա՜ա, այս մանուկն ինքնըստինքյան մի գանձ է: Մի փորձված ու հմուտ վաճառականի ձեռքի տակ նա կարճ ժամանակում կարող է դառնալ հազվագյուտ օգնական: Մեղք է նրան թողնել Զիլզիլի նման մի հետամնաց խուլ քաղաքում:
– Գյուլում, – դարձավ նա մի երեկո քրոջը, – թող Վարդանին հետս Բաքու տանեմ:
Գյուլումը սարսափեց: Ի՞նչ, նա թույլ տա իր միակ որդին օտարություն գնա՞: Այդ անկարելի է, երբեք այդ չի լինի:
– Հերիք չէ՞, – ասաց նա, – որ ինքդ գնացիր, թողնելով մորդ արտասուքի մեջ: Խե՜ղճ կին, նա քո հոգսից մեռավ:
– է է՜, չէ՜, իմ հոգսից մեռավ: Պառավեց, մեռավ էլի: Զարմանալի արարածներ են մայրերը, փաթաթվում են իրենց որդկերանց վզին, խեղդում են նրանց իրենց գրկում, չթողնելով, որ ազատ շունչ քաշեն: Եթե ես ժամանակին հայրական տնից չփախչեի, ով գիտի այսօր քաղցած մուրացկան պիտի լինեի:
– Ինչ լավ ես ասում, քեռի սրտիցս խոսեցիր, – գոչեց Վարդանը, որ արդեն սկսել էր ձանձրանալ մոր հսկողությունից:
– Լավ, վայնասուն մի՛ բարձրացնիր, քույր, – շարունակեց Սարգիսը, – քեզ էլ Վարդանի հետ կտանեմ Բաքու: Վարդանը խելքը գլխին տղա է, ի՞նչպես կարելի է թողնել նրան այս կորած մոռացված քաղաքում: Նա այստեղ չի կարող օրինավոր մարդ դառնալ, այստեղ մարդ չկա, որի հետ կարողանա երկու խոսք խոսել քաղաքավարի: Գործ էլ չկա այստեղ վաճառականի համար: Այ, ուրիշ բան է Բաքուն, հիմա ով գլխում մի հավի խելք ունի, այնտեղ պիտի գնա: Հինգ տարի է չէի տեսել, այս անգամ անցնելիս երեք օր մնացի, տեսա – չճանաչեցի. այնքան փոխվել է, էլի կփոխվի, շատ կփոխվի: Բաքու, Բաքու, ուրիշ ոչ մի տեղ: Ես ուզում եմ այնտեղ մի լավ մագազին բաց անել, առաջին կարգի: Տեղն էլ մտքումս նշանակել եմ, ծովի ափին:
– Քեռի, ինչի՞ մագազին ես ուզում բաց անել, մանուֆակտուրայի՞, – հետաքրքրվեց Վարդանը:
– Ի՞նչ, մանուֆակտուրայի՞, – գոչեց Սարգիսը արհամարհանքով, – աստված խելքս առե՞լ է ինչ է, ի՞նչ շահ կա չիթ ու կտորի առևտրում, արշինին մի կամ երկու կոպե՞կ: Թյու: Մանուֆակտուրան անշնորհք մարդկանց համար է, որ նստեն և օրը մինչև երեկո արշինով ճանճեր փախցնեն:
– Հապա ո՞ր առևտուրն է լավ, – շարունակեց հետաքրքրվել Վարդանը:
– Գաստրոնոմիչեսկիյ, – պատասխանեց Սարգիսը, բառի յուրաքանչյուր վանկն արտասանելով առանձին շեշտով:
Առհասարակ նա իր խոսվածքը համեմում էր օտար բառերով ու դարձվածքներով: Մի բան, որ կրկնապատկում էր Վարդանի հարցասիրությունը և վառվռում նրա հարգանքն ու պատկառանքը դեպի մորեղբայրը:
– Գիտե՞ս ինչ է գաստրոնոմիչեսկիյ, – հարցրեց նա, տեսնելով Վարդանի զարմացական հայացքը: – Չգիտես, տեսնում եմ: Խեղճ տղա, ի՞նչպես կարող էիր գիտենալ, քանի որ կյանքումդ չես տեսել: Գաստրոնոմիչեսկին ամենամոդային, ամենաշահավետ առևտուրն է: Դա կնշանակե ընտիր խմիչքների ու թանկագին ուտելիքների մաղազին…
– Ուրեմն գինետուն է բաղկալի դուքանի հետ էլի, – ընդհատեց Վարդանը, ծիծաղելով:
– Ի՞նչ ես ասում, – գոչեց Սարգիսը գրեթե վիրավորված, – բաղկա՜լ, չէ՛ չախկալ: Դու կարծում ես, ես տանձ ու խնձոր կամ գինի ու կոտեմ եմ ծախելու: Նետ, բրատեց մոյ, իմ ասածն ուրիշ բան է: Ես այնպիսի բաներ պիտի պահեմ իմ մաղազինումը, որ տեսնողի բերանի ջուրը գնա: Մի կողմում դարսած կլինեն կոնյակ, ռոմ, խերես, պորտվեյն, վերմուտ, մարսալա, շամպայն: Մյուս կողմում ինչ ուտելիք որ ասես, տապակած գառ, խոզի ապուխտ, խոզի ճուտ, հնդուհավ, հորթի միս, հետո պես-պես կոնսերվներ, տեսակ-տեսակ պանիրներ արտասահմանից բերած, չեստեր, ռոկֆոր, ժերվե և այլն, և այլն, ո՞ր մեկն ասեմ: Բաղկալի դուքա՜ն, չէ մին, ձե՞ռ ես գցում ինձ ինչ է: Մեծ, շատ մեծ մաղազին է լինելու հորդ խանութի քսանի չափ: Մաղազինիս ճակատին կկպցնեմ մի երկայն ցուցակ, վիվեսկա, հասկանո՞ւմ ես, ոսկի տառերով, ամեն մի տառի մեծությունը կես արշին: Դռների վրա էլ կլինի մի ուրիշ ցուցանակ: Պետք է նկարել տամ մի հաստ փորով, ուրախ երեսով, տղամարդ՝ մի ձեռում երշիկ, մյուս ձեռում գարեջրի փրփրալի բաժակը: Նեմեցի պատկեր: Որտե՞ղ եմ տեսել այսպիսի պատկեր: Չորտ եվո զնայետ, այնքան քաղաքներ եմ տեսել, որ մտքիցս ընկել է: Հա, հիշեցի, Ռոստովում, Սադովայա փողոցի վրա:
– Օրը քանի՞ ռուբլու ապրանք կծախվի, քեռի, – փափագեց գիտենալ Վարդանը, որի գլխավոր չափը միայն ռուբլիների քանակն էր:
– Ո՞վ գիտե, հաջողությունից է կախված: Կարող է լինել մի քանի հարյուր էլ, հազար էլ: Ես հույս ունեմ իմ առևտուրը լավ կլինի: Մաղազինը բաց եմ անելու ծովի ափի վրա: Այդ ամենալավ տեղն է, որովհետև նավերի մոտ է: Նավերի մարդիկ շատ ուտող, մանավանդ շատ խմող են: Փողն էլ անհաշիվ են ծախսում: Տագանրոգումն եմ տեսել:
– Մայրիկ, ես քեռուս հետ գնում եմ, ինչ որ էլ անես, գնալու եմ, – գոչեց Վարդանը՝ միանգամայն հափշտակված:
– Պիտի տանեմ, անպատճառ: Մի երկու տարի դու ինձ մոտ կլինես գործակատար, իհարկե, ռոճիկով: Հենց որ առևտուրը սովորեցիր, քեզ կընկերացնեմ ինձ: Հորիցդ երեք հազար չորս հարյուր ռուբլի է մնացել: Քիչ փող չէ խելոք մարդու ձեռքում: Այս շաբաթ ես կգնամ Բաքու, մաղազինը կսարքեմ: Դու ուսումդ վերջացրու, հետո կգաս: Աշխատիր ռուսերեն գրել-կարդալը լավ սովորել, ևս առավել խոսելը:
Այդ երեկոյից Վարդանի երազների ու ցնորքների առանցքը Բաքուն դառավ: Արդեն այդ քաղաքի մեծության ու հարստության վերաբերմամբ շատ բաներ էր լսել և շատ անգամ էր մտածել այդտեղ գնալու մասին: Այժմ երևակայությամբ նա արդեն այնտեղ էր և պատկերացնում էր իր քեռու մաղազիան և իր գործունեությունը: Ահա նա, գնողներով շրջապատված: Հազիվ կարողանում է նրանց պատվերները կատարել: Դրամարկղի մոտ կանգնած է մորեղբայրը ուրախ ու զվարթ, հարյուրանոցներ է, որ ստանում է, մանրացնում ու գցում դրամարկղի մեջ: Երեկոները նրանք հաշվում են օրվա եկամուտը և միասին ուրախանում և այլն, և այլն…
– Մայրիկ, – դարձավ նա մի օր մորն երևակայության բորբոքուն պահին, – մի՞տդ է, հայրիկն ինձ ինչ պատվիրեց մահվան օրը…Նա ասաց. դու պետք է հարստանաս և Աբրահամ աղայից ու նրա որդիներից իմ վրեժն առնես, ասաց. «Ես քեզ իմ գերեզմանից կանիծեմ, եթե խոսքս մոռանաս»:
– Թո՛ղ այդ խոսքերը, որդի, մոռացիր: Հայրդ չարացած էր, ասաց ու գնաց: Դու սովորիր մարդկանց լավություն անել, թե չէ՝ քեզ էլ կանիծեն, ինչպես հայրդ էր անիծում Աբրահամին և ինչպես շատերն են անիծում հորդ, որ իր կյանքում ոչ մի մարդու բարություն չարավ և մյուս աշխարհը գնաց, ձեռը դատարկ: Մոռացի՛ր նրա խոսքերը:
– Ինչպե՞ս կարող եմ մոռանալ, որ փողերս կերան: Ամեն անգամ փողոցում Դալբաշյաններից մեկին տեսնելիս արյունը գլուխս է տալիս, ուզում եմ քարով նրա քիթ-պռունգը ջարդել կամ վրեն հարձակվել ու եղունգներով աչքերը դուրս գջլել: Բայց, պռոշներս կրծոտելով ինձ պահում եմ ու ինքս ինձ ասում. «Համբերի՛ր, Վարդան, համբերիր, ժամանակը կգա, դու աշխատիր հարստանալ»:
– Անուն աշխատիր, որդի, անուն, լավ անուն:
– Փող որ ունենամ, անունն էլ ետևից կգա: Ո՞ր քաղցած փորով մարդու անուն է հիշվում մեր քաղաքում:
Շուտով Վարդանը Բաքվից ստացավ մի գիրք: Մորեղբայրն էր ուղարկել, պահանջելով, որ նա կարդա այդ գիրքը և անգիր անե: Դա առևտրական տարրական կանոնների և հաշվեգիտության մի ձեռնարկ էր: Մի գիրք, որ Վարդանի ավետարանը դարձավ: Նա կարդում էր, ուսումնասիրում և անգիր սերտում պայմանագրերի, մուրհակների և վաճառականական այլ դրությունների օրինակները:
Մի օր, վերջապես, ուսումնարանում հայտնեց ընկերներին, թե շուտով Բաքու է գնալու: Երևաց, որ մենակ ինքը չէ ավետյաց երկրի մասին երազողը, այլ գրեթե բոլոր աշակերտները:
– Դո՞ւ ինչ պիտի անես այնտեղ, – հարցրեց նա Մինասին կիսահեգնանքով:
– Պիտի մտնեմ ռեալական դպրոց ուսում շարունակելու:
– Արհեստավորի որդու համար ստացած ուսումդ էլ շատ-շատ է:
– Հայրս էլ այդպես է ասում, – ասաց համեստ պատանին հեզությամբ, – բայց մորեղբայրս ինձ կանչում է:
– Մորեղբայրդ ի՞նչ գործի է Բաքվում:
– Մի նավթային հանքում գործակատար է: Ամեն շաբաթ ես մորս կողմից նամակ եմ գրում: Շատ հավանել է նամակներս, գրում է հորս, որ ինձ թույլ տա ուսումս շարունակելու:
– Ես էլ եմ Բաքու գնում, – մեջ մտավ գանգրահեր Լևոնը:
– Քեզ ո՞վ է տանում:
– Մենք ընտանիքով ենք գնում: Հայրս այնտեղ խանութ է բանալու:
– Դուք կարծում եք, ես այստե՞ղ պիտի մնամ, – ասաց քսու Մարտիրոսը, որ ոչ մի բանում չէր ուզում իր ընկերներից հետ մնալ:
– Պակասը դու էիր, – գոչեց Վարդանը, միանգամայն կատաղելով բոլոր ընկերների դեմ, որոնք կարծես խոսքը մեկ էին արել նրա հացը ձեռքից խլելու: – Մկիչ, ուրեմն, մենակ դո՞ւ ես մնում Զիլզիլում:
– Իսկի էլ չեմ մնա, ձեզնից պակա՞ս եմ, ինչ…
Հետո ընկերները խոսեցին իրենց ապագայի մասին, յուրաքանչյուրը հայտնեց իր փափագն ու ձգտումները:
Մինասն ասաց, թե կկամենար այնքան ուսում առնել, որ գիտնար, թե օրացույց կազմողները ինչպես են գուշակում լուսնի ու արեգակի խավարումը:
Լևոնը խոստովանեց, թե ինքն էլ առայժմ չգիտե, ինչ է ուզում լինել, բայց չէր կամենալ անհայտ մարդ մնալ:
Մկիչը փափագ հայտնեց մի օր գնալ Դաղստան, տեսնել Շամիլի ծննդավայրն և այն տեղերը, ուր նա կռվել էր ռուսների դեմ…
Մարտիրոսը ջերմ ցանկություն արտահայտեց մի օր ոստիկանապետ դառնալու:
Մարտին Բաղդանիչը, միշտ հիշելով Աթանեսի նվերները, մինչև վերջը մնաց հավատարիմ իր համակրության մեջ և Վարդանին տվեց ընտիր ուսումնավարտի վկայական: Չվշտացրեց և մյուս ուսումնավարտներին, յուրաքանչյուրին տալով լավ թվանշաններ: Վերջին օրը պատկառելի մանկավարժը մի խրատական ճառ ասաց.
– Աշխատեցեք մարդ դառնալ, – ավարտեց նա իր խոսքը, – որ երեսս պարզ անեք ձեր ծնողների մոտ: Չմոռանաք Մարտին Բաղղանիչին հաա՜, թե չէ աստված ձեզ կպատժի: Լավ իմացեք, որ ինչքան էլ մեծ մարդ դառնաք, պատճառն ես եմ: Քիչ բան չէր ձեր նման անասուններին մարդ շինելը: Դե, հայդա՜, գնացե՛ք, բարի ճանապարհ ու հաջողություն: Էհե՜, էհե՜, չեղավ, ա՜յ հենց իսկույն ցույց տվեցիք ձեր էշությունը: Հենց այդպես սուս ու փուս գնում եք էլի՞ … – Սմի՜ռնո, – աղաղակեց քիթը ծուռ Մկիչը, – կանգնեցեք շարքով: Այդպես: Գդակներդ վերցրեք: Այդպես: Մեկ, երկու, երեք, հուռռա՛, կեցցե՜ Մարտին Բաղդանիչը, հուռռ՜ռա, երեք անգամ… Դե բավակա՜ն է…
Եվ, կանգ առնելով տեսչի առջև ձեռը զինվորական ձևով պահեց քունքի մոտ և «մեկ, երկու, երեք» արտասանելով, հեռացավ: Նրան հետևեցին ընկերները, բարձրաձայն քրքջալով:
Մի շաբաթ անցած Վարդան Ահրումյանը ուղևորվեց Բաքու:
Կասպյան ծովի մի ծոցում, թիկունքը ժայռերին տված, կծկվել էր մի ավան, չոր ու ցամաք, ինչպես մեկը Սուրիո ծովափնյա գյուղերից:
Քաղաք էր կոչվում նա, այն էլ բազմադարյան պատմություն ունեցող քաղաք: Երբեմն մարդիկ նրան բերդ անունն էին տալիս, աչքի առջև ունենալով նրա կրկնաբոլոր բարձր քարե պարիսպները, որոնք իբր թե մի ժամանակ ծառայել էին որպես պատսպար երկրի արտաքին թշնամիների հարձակումների դեմ և որոնք այժմ միայն հնախույզների հետաքրքրությանն էին արժանանում: Փողոցները ծուռ ու մուռ, անսալահատակ, նեղ, այնքան նեղ, որ տեղ-տեղ երկու մարդ հազիվ կարող էին քովե քով անցնել առանց իրարու հրելու: Բուսականության կատարյալ բացակայություն, աղբյուրներ չկային, ջուրը ստացվում էր բակերում փորված հորերից, այն էլ մի ջուր, որ շատ չէր տարբերվում ծովի աղեջրից: Ամենուրեք աղբակույտեր, ուր որ մինչև իրիկուն կեր էին որոնում շներն ու կատուները: Գորշ էր ամեն ինչ, և՛ տները, և՛ մահմեդական մզկիթը, և՛ քրիստոնեական եկեղեցին, և բնակիչների դեմքերը: Կարծես մի ինչ-որ աներևույթ ձեռ քաղաքը սքողել էր դաժան տրտմության շղարշով:
Պարիսպներից դուրս կար մի ուրիշ քաղաք, նորը, ժամանակակիցը: Բաղկացած էր նա ընդամենը մի քանի հարյուր տներից: Այստեղ փողոցները համեմատաբար ավելի լայն էին, տներն ավելի մեծ, ոմանք նույնիսկ երկհարկանի: Սակայն պատկերը նույնն էր, ինչ որ բերդի ներսում, դարձյալ մաքրության ու բուսականության լիուլի բացակայություն: Քամի լինելիս քաղաքը ստանում էր հսկայական աղորիքի կերպարանք: Ավազյա փոշին բարձրանալով և օդը լցնելով, թափանցում էր ամենուրեք, սկսած տների ամենանվիրական անկյուններից մինչև մարդկանց ծոցն ու կոկորդը: Գուցե այս էր պատճառը, որ թշվառ բնակիչների մեծ մասը տառապում էր սուր աչքացավով ու կոկորդացավով: Եվ որովհետև այդ դաժան երկրում քամին մի առասպելական չարիք էր, որ պարբերաբար կրկնվում էր ամիսը մի քանի անգամ, երբեմն տևելով երկու-երեք օր, քաղաքի «հոգատար» իշխանությունը հնարել էր մի տարօրինակ միջոց չարիքի դեմ պաշտպանվելու համար: Տարվա չոր ամիսներին նա շաբաթը մի անգամ փողոցները թրջում էր սև նավթով: Մի բան, որ ավելի էր թանձրացնում քաղաքի մռայլությունը, տալով նրան սևազգեստ սգավորի տեսք:
Ծովը, որ իր կոչմամբ իբրև թե պիտի գեղեցկացներ տեսարանը և օդը մաքրեր, ինքը նույնպես դարձել էր ափերի մոտ ապականության վայր: Քամին հարավից փչելիս բերում էր նավերից թափվող սև նավթը հազար ու մի աղտեղությունների և Պարսկաստանից եկող հիվանդությունների հետ:
Քաղաքի միակ զբոսավայրը ծովափնյա փողոցն էր ու նրա ծայրում կուչ եկած փոքրիկ պարտեզը, որի վտիտ ծառերը հիշեցնում էին անոթությունից հյուծված մուրացիկների: Օրը մինչև երեկո այնտեղ դեգերում էին գործ գտնելու համար Անդրկովկասի զանազան կողմերից եկած գաղթականներ, պես-պես բախտախնդիրների, գողերի ու ավազակների հետ: Կային և այնպիսիները, որոնք պատրաստ էին որոշ վարձատրությամբ դաշույնի մի հարվածով օրը ցերեկով թռցնել մեկի կամ մյուսի գլուխը: Այդպիսիների ժամադրավայրն էր ծովափի մի անկյունում տեղավորված մի թրքական թեյարան, որի գոյությունը հայտնի էր ոստիկանությանը և որը ոչ մի իշխանությունից երկյուղ չուներ:
Ամառվա ամիսներին շաբաթը երկու երեկո պարտեզում նվագում էր սահմանապահ փոքրիկ ռազմանավի նավաստիներից բաղկացած մի երաժիշտախումբ: Դա էր ցերեկվա ծանր աշխատանքից ուժասպառ ու երեկոյան հեղձուցիչ տոթից տառապող քաղաքացիների միակ զբոսանքը: Այդ պարտեզն էր գլխավոր ժամադրավայրը Վոլգայի ափերից եկած հանրային կանանց և հարյուրավոր պատանիների ու երիտասարդների կործանիչ հիվանդությունների աղբյուրը:
Այս էր այն ժամանակվա Բաքուն, երբ Վարդան Ահրումյանն եկավ այնտեղ:
Սարգիս Հախվերդյանն արդեն բաց էր արել ծրագրած մաղազինը, և մոտ կես տարի էր նրա գործերը ստացել էին կանոնավոր ընթացք: Մաղազինը տեղավորված էր այնտեղ, ուր կանխավ որոշել էր ճարպիկ խանութպանը, այն է՝ ծովափնյա փողոցում, ուղիղ լավագույն նավահանգստի դեմ: Իր տեսակի մեջ նա միակն էր և առաջինը թե՛ ուտելիքների ու ըմպելիների բազմատեսակությամբ և թե՛ նրանց շնորհալի ճաշակով ու գրավիչ դասավորությամբ: Եվ որքան խանութն իր արտաքինով տարբերվում էր մյուս խանութներից, նույնքան և ինքը Սարգիս Հախվերդյանն էր տարբերվում մյուս խանութպաններից: Այցելելով լայնատարած Ռուսիայի գլխավոր քաղաքները, շփվելով իր երկրացիներից մի աստիճան ավելի քաղաքակիրթ վաճառականների, մանավանդ հրեաների ու գերմանացիների հետ, նա դիտել, ուսումնասիրել և յուրացրել էր շատ ձևեր, սովորություններ, որոնցից զուրկ էին նրա հայրենակիցները: Նա վաղուց արդեն ձգել էր հայրական չուխան, քոշերն ու փափախը, փոխարինելով նրանց եվրոպական բաճկոնով, կոշիկներով ու գլխարկով: Նա հեղաշրջել էր և՛ իր անունը: Այժմ նա այլևս Մարկոսի որդի Սարգիս Հախվերդյանը չէր, այլ Սերգեյ Մարկիչ Ակվերդով (իսկ և իսկ Ակվերդով և ոչ Ախվերդով): Նա իր հոգու խորքում շատ կվիրավորվեր, եթե մեկը նրան նախկին անանով կոչեր, ուր մնաց, եթե մեկը հանդգներ «քաչալ» մականունը ավելացնել նրա հոր անվանը, ինչպես այդ անում էին իր ծննդավայրում:
Առաջին իսկ օրը նա իր քեռորդուն խստիվ պատվիրեց դիմել իրեն ոչ «քեռի» ասելով, այլ Սերգեյ Մարկիչ: Եվ հաճոյակատար ու իր մորեղբոր քաղաքականությունը առայժմ բարձրագույն տիպար համարող Վարդան Ահրումյանը ուրախությամբ ընդունեց այդ պատվերը ու շատ հավանեց: Ավելի՜ն. նա իր մտքում դրականապես որոշեց նույնիսկ սեփական անունն ու ազգանունն էլ հեղաշրջել: Ոչ առայժմ, այլ մի կամ երկու տարուց հետո, երբ նրա բեղերը կբուսնեն:
Առայժմ նա նշանակված էր որպես երկրորդ գործակատար: Նրա պաշտոնն էր վաճառված ապրանքը գեղեցիկ փաթաթել թղթի մեջ և գնողին մատուցանել ժպտալով և ասելով. «համեցեք, պարոն» կամ «համեցեք, տիկին»: Այո, անպատճառ ժպտալով: Ժպիտը քաղաքավարության նշան է:
Բոլոր հրեաները ժպտում են: Հայերը քաղաքավարություն չգիտեն: Նրանք հաճախորդներին ընդունում են թթված դեմքով:
– Կարծես, քացախ են խմել, կամ փորները ցավում է, – շարունակեց Ակվերդովը: – Քո հորից դու լավ բան չէիր կարող սովորել: Զուր չէին նրան խոզ անվանում, չար մարդ էր, ամենքին հայհոյում էր, ոչ ոքի չէր սիրում, ոչ ոք էլ իրեն չէր սիրում: Ինչո՞ւ Աբրահամը խաբեց նրան և չխղճահարվեց, որովհետև գիտեր, որ ոչ ոք քո հորը չի խղճալ, ընդհակառակը, շատերը կուրախանան էլ: Խելոք մարդը իր թշնամու հետ էլ պետք է լավ վարվի: Մի հրեա բարեկամ ինձ ասում էր. «Եթե ուզում ես թշնամուդ պատժել, առաջ բարեկամացիր նրա հետ երեսանց, ճանաչիր նրա թույլ կողմերը, իմացիր նրա գաղտնիքները, հետո մրցիր, կամ կռվիր նրա հետ»: Կյանքը կռիվ է, ոչ ոք չի կարող իր թշնամուն հաղթել առանց նրան լավ ճանաչելու: Այդ հրեան շատ խելոք բաներ է սովորեցրել ինձ էլ, ուրիշներին էլ: Նա ասում էր. «Ավելի լավ է աղվես լինել, քան գայլ: Շոյիր, շողոքորթիր մարդկանց, ատամներդ մի ցույց տար, բայց սուր ու պատրաստ պահիր»: Նա շատ բաներ էր ասում: Միտս է, մի անգամ նա ասաց, թե Եգիպտոսում մարդիկ մի ժամանակ օձին աստված են համարել ու պաշտել: Ինչո՞ւ: Հիմար անասուննե՞ր էին: Ոչ, երևի մի բան գիտեին:
Վարդան Ահրումյանը լուռ և ուշադիր լսում էր մորեղբորը և նրա յուրաքանչյուր բառը որպես իմաստություն իմաստությանց դրոշմում էր իր մտքի մեջ: Նա իր խնամակալին համարում էր բոլոր ուսմունքների և բոլոր տեսակի հմտությունների շտեմարան և հավատում էր նրան անվերապահորեն:
Միևնույն ժամանակ, նրա պատանի միտքը գործում էր և՛ ինքնուրույնաբար ու շատ ավելի, քան կարող էր երևակայել նրա խնամակալը: Նախ և առաջ նա սկսեց մտածել իր ներկա վիճակի մասին: Ի՞նչ է նա այժմ, ի՞նչ դիրք ունի իր մորեղբոր մոտ: Հասարակ գործակատարի: Այո, բայց մի՞թե դա նվաստացուցիչ ու վիրավորական չէ մի մարդու համար, որի հայրը շատ ու շատ ավելի առաջ է եղել ինքնագլուխ վաճառական, քան Սերգեյ Մարկիչ Ակվերդովը, այդ նախկին աննշան օղեվաճառը: Չէ՞ որ նա էլ ունի իր բաժինը առևտրի մեջ հորից ժառանգած և մորեղբորը հանձնված գումարով: Ինչո՞ւ նրա անունն ու ազգանունն էլ չպտի փայլի մաղազինի ճակատին ոսկեզօծ տառերով այն երկայն ու լայն ցուցանակի վրա: Նա կամեցավ այդ մասին ակնարկել մորեղբորը, բայց առայժմ վաղաժամ և անհարմար համարեց և որոշեց խնդիրը հետաձգել ապագային:
– Օրը մինչև երեկո ապրանք փաթաթելով և խանութի մյուս գործերը կատարելով, Վարդանը միաժամանակ չէր դադարում դիտել, ուսումնասիրել իր միջավայրը և միջավայրից դուրս: Շուտով նա նկատեց, որ իր մորեղբոր դիրքը վաճառական աշխարհում շատ էլ փայլուններից չէ, չնայելով նրա հոխորտանքներին ու ինքնագոհությանը: Նա նկատեց, որ այդ դիրքը վար է նույնիսկ աջ ու ձախի մի քանի թուրք խանութպանների դիրքից, որոնց առևտրի առարկաներն էին շաքար, բրինձ ու չոր մրգեղեն: Այդ մարդիկ ապրանքը Պարսկաստանից և Ռուսաստանից ստանում էին հարյուրավոր ու հազարավոր պարկերով ու արկղներով, մինչդեռ իրանք… ոչ, շատ փոքր, շատ աննշան է Սերգեյ Մարկիչ Ակվերդովի առևտրի ծավալը: Նա ամեն օր տեսնում էր դատարկվող ու լեցվող նավերը և երևակայում էր, թե մի օր ինքն էլ կարող է նավատեր լինել, եթե բախտը բերի: Եվ մտածում էր՝ ինչո՞ւ բախտը չպետք է բերի, եթե մարդ կարողանա նրան ճանկել իր «խելքով ու եռանդով»: Առաջին գործակատար Ջումշուդ Բարսեղյանը հաճախ պատմում էր նրան, թե այսինչ նավատերը աոաջ եղել է սայլապան, այնինչը՝ հասարակ նավաստի կամ խոհարար: Պատմում էր նրան, թե ոմանք այդ նավաստիներից զբաղված են մաքսանենգությամբ և գաղտնի ապրանք են բերում Պարսկաստանից, կաշառելով մաքսատան պաշտոնյաներին: Եվ, լսելով այդ պատմությունները, Վարդանն օր օրի վրա ավելի ու ավելի էր հափշտակվում արագ և դյուրին հարստանալու ցանկությամբ:
– Բայց այդ բոլորը ոչինչ, – ասաց Ջումշուդը իր մի քանի պատմվածքներից հետո, – նավթն է գլխավորը, ահա ինչով կարող ես շուտ հարստանալ:
Մինչ այդ Վարդանը լսել էր նավթի մասին, գիտեր, որ կան հանքեր ու գործարաններ, բայց չէր տեսել և չգիտեր, թե ինչ բան են դրանք: Եվ ահա մի կիրակի օր Ջումշուդը առաջարկեց նրան նախ գնալ տեսնելու գործարանները, ապա մի ուրիշ կիրակի օր էլ հանքերը: Վարդանն ուրախությամբ համաձայնվեց:
Այն ժամանակները հանքեր կամ գործարաններ գնալը կապված էր դժվարությունների ու անախորժությունների հետ: Ոչ երկաթուղի կար դեպի հանքերը և ոչ ձիաքարշ կամ տրամվայ դեպի գործարանները: Երթևեկությունը կամ կառքով էր կամ սայլով: Կառքը թանկ էր, սայլը անհարմար ու ծիծաղելի: Երկու հսկայական անիվների մեջ տեղավորված մի արկղ – այս էր սայլ կոչվածը: Նրա վրա նստողը պիտի փոքր վարժված լիներ լարախաղության, որպեսզի չթռչկոտեր ու վար չընկներ:
Վարդանը բարվոք համարեց ոտքով գնալ, և երկու գործակատարները մի կիրակի առավոտ ուղևորվեցին սև քաղաք – այսպես էր կոչվում գործարանների համախումբը: Ճամփան քաղաքի ծայրից մինչև այնտեղ մի երկար ծովափնյա դաշտ էր ավազային, լպրծուն, նավթային ճահիճների: Տեղ-տեղ նա նույնիսկ անանցնելի էր: Զարմանալի է բնության խաղը: Քաղաքը բուսականությունից զուրկ, իսկ այդտեղ երևում էին թզենիներ և նռնենիներ, բայց մի վիճակում, որ տեսնողին արգահատություն էին ներշնչում: Բուները խրված ավազի մեջ, ճյուղերը մուրով ծածկված, այնուամենայնիվ նրանք յուրաքանչյուր գարուն նորեն ծաղկում էին, որպեսզի ամառվա կեսին չհասած թառամեն:
Ջումշուդը տանելով Վարդանին առաջին պատահած գործարանը, ցույց տվեց և բացատրեց, թե ինչպես են սև նավթից ճերմակը պատրաստում: Նա ինքը շատ բան չգիտեր, բայց գիտցածն էլ բավական էր Վարդանի պրպտող միտքը մի փոքր լուսաբանելու համար: Նա ասում էր, թե այժմ սև նավթից ճերմակը պատրաստելուց հետո գործարանատերերը մթերքի երկու երրորդականը դեն են թափում որպես անպետք բան և այրում են, թե դա տգիտություն է, թե կգա ժամանակ, երբ այդ մնացորդն էլ բանի պետք կգա, թե դա ահագին հարստություն է, որ այժմ զուր փչացվում է:
– Դու ի՞նչ գիտես, թե այդպես պիտի լինի, – հարցրեց Վարդանը:
– Լրագրում եմ կարդացել, – պատասխանեց Ջումշուդը հպարտությամբ: – Գիտես, դու էլ լավ կանես, եթե ամեն օր կարդաս այդ լրագիրը: Նա նոր է սկսել հրատարակվել: Ասում են նրա խմբագիրը Պետերբուրգից եկած մի գիտնական է: Կարդա՛, փառք աստուծո, ռուսերեն ինձնից լավ գիտես, կարդա՛ ու բան սովորիր:
Այդ օրը երեկոյան Վարդանն արժանացավ իր մորեղբոր հանդիմանությանը: Ներել չէր կարող, որ իր քեռորդին գործարանների նավթի ու մուրի մեջ կեղտոտել է իր ամառային սպիտակ հագուստը:
– Ի՜նչ գործ ունես նավթի հետ, որ գնում ես: Մեր գործը մեր առևտուրն է, նավթից ի՞նչ խեր կա, բացի կեղտոտվելուց:
Վարդանը մտքով համաձայն չէր իր քեռու կարծիքին: Նա բնազդաբար զգում էր, որ նավթի հետ գործ ունենալը ավելի շահավետ է և ավելի պատվաբեր: Արդեն հանքատերերի և գործարանատերերի սեփական կառք ունենալը նրա համար կենդանի ապացույց էր, որ լավ է լինել արդյունաբերող կամ գործարանատեր, քան խանութպան:
Մի ուրիշ կիրակի Վարդանը մորեղբորից թաքուն, դարձյալ Ջումշուդի ուղեկցությամբ, գնաց հանքերը: Այդ անգամ ճամփան երկար էր: Ջումշուդը առաջարկեց կառքով գնալ և հանձն առավ իր գրպանից վճարել կառքի վարձը: Նա իր հաշիվն ուներ – լավ գիտնալով, որ վաղը մյուս օրը Վարդանը դառնալու է իր տերը, որոշել էր կանխավ կաշառել նրան: Բայց Վարդանն իր մտքում այլ կերպ բացատրեց իր պաշտոնակցի առատաձեռնությունը: Նա մտածեց, որ ամսական քսանուհինգ ռուբլի ստացող մի գործակատար չի կարող հեշտությամբ տասը ռուբլի կառքի տալ, եթե նա մի ուրիշ եկամուտ չունի: «Երևի գողանում է», ասաց ինքն իրան և որոշեց այսուհետև հսկել Ջումշուդին խանութում: Մարդկանց անկեղծությանը և ազնվությանը կասկածով վերաբերվելու սովորությունը նա իր հորից էր ժառանգել: Բայց Ջումշուդը պակաս խորամանկ և պակաս դիտող չէր քան Վարդանը: Նա, հինգ տարով ավելի մեծ լինելով, ավելի լավ էր ճանաչում մարդկանց: Ահա ինչու նա իսկույն գուշակեց Վարդանի միտքը և որոշեց այսուհետև զգաստ լինել: «Այս աղան, ասաց նա իր մտքում, սուր աչքեր ունի, կարող է ինձ գողության մեջ բռնել»: Ւսկապես իրանց մտայնությամբ նրանք համանման տիպեր էին, բայց արտաքինի մեջ կար ահագին տարբերություն: Տարիքով պակաս՝ հասակով Վարդանը ավելի բարձր էր: Նրա դեմքն առողջ էր, այտերը կարմիր, մազերը դեղնագույն, աչքերը խոշոր, կոպերը մի տեսակ ուռած, ատամները ցցված, շրթունքները հաստ ու հյութալի: Ջումշուդը փոքրահասակ էր, նիհար, խիստ սևահեր, փոքրիկ կանաչ-դեղնագույն աչքերը խորը թաղված: Վարդանի ձևերը, շարժումները, քայլվածքը խոշոր էին, ձայնը բարձր ու համարձակ և միշտ մի տեսակ հրամայողական: Տեղը եկած ժամանակ նա գիտեր գոռալ, հայհոյել հորը պես, թեև ոչ նրա չափ տեղի ու անտեղի: Ջումշուդը զգաստ էր, ավելի լռակյաց, քան շատախոս, նրա ձևերը մեղմ էին, քայլվածքը մանր, անլսելի, ձայնը բարակ, մի տեսակ կանացի, բայց հանդարտ: Նա չգիտեր գոռալ, բարկանում էր հազվագյուտ դեպքերում, այն էլ այն ժամանակ, երբ շոշափում էին նրա ծնողների պատիվը:
Այն ժամանակ նավթային հանքերի ծավալը շատ փոքր էր: Մի քանի տասնյակ հորեր Բալախանիում և մի քանի հատ էչ Սաբունչիում, ահա բոլորը: Այն պահին, երբ Վարդանն ու Ջումշուդը եկան, Բալախանիում մի շատրվան էր խփում քառասուն մետր խորությունից: Նրա տերերը, մի քանի հաստափոր և հաստապարանոց հայեր, հավաքված մտածում էին ինչպես անեն, շատրվանը փակեն, որ դադարի: Բանն այն է, որ նավթը, կատաղի զորությամբ երկրի խորքից դուրս հոսելով, ապականում ու փչացնում էր երկրի երեսը, որ պատկանում էր գյուղացիներին: Նրանք բողոքում էին, որ իրենց ցորենի ու գարու արտերը և արոտատեղերը հեղեղվում են ու վնասվում: Նրանք սպառնում էին դիմել խիստ միջոցների – վնասարարների դեմ և սպառնում էին դաշույններով ու հրացաններով: Այս առիթով արդեն մի քանի սպանություններ կատարվել էին: Հայ հանքատերերը սարսափի մեջ էին: Նրանց հրամանով, մշակները փորձեցին շատրվանն այրել, չհաջողվեց:
– Հիմարներ են, – շշնջաց Ջումշուդը Վարդանի ականջին: – Չէ՞ին կարող մի օր առաջ ամբարներ փորել, որ այդ թանկագին հեղուկն այնտեղ թափվի:
– Ավանակներ են, – ավելի կտրուկ բնորոշեց Վարդանը: Նա հիացած էր շատրվանով և մտքում հաշվում էր, թե որքան հարստություն է զուր տեղը կորչում: Եվ համեմատելով այդ հարստությունը մորեղբոր խանութի ու կարողության հետ, ծիծաղելի էր թվում Սերգեյ Մարկիչ Ակվերդովի հոխորտանքը, թե ինքը մեծ վաճառական է և մեծ գործեր ունի:
Նա քաղաք վերադարձավ խորը տպավորությամբ: Ճամփին Ջումշուդը նրան բացատրում էր, թե ինչ ահագին գանձեր կան «այս օրհնված հողի» տակ: Նա սպառում էր ամբողջ գիտությունը նավթի մասին, ա յսինքն բոլորը ինչ որ կարողացել էր Պետերբուրգից եկած գիտնականի լրագրում:
– Տեսնո՞ւմ ես այդ մեծ դաշտն իր բլուրներով, – ցույց տվեց նա հեռվից Ափշերոնյան թերակղզին մինչև ծովը, – բոլորը նավթի ամբարներ են: Մինչև անգամ ծովի տակ էլ նավթ կա: Դու չե ս հավատում, զարմանո՞ւմ ես, ապացո՞ւյց ես ուզում: Ահա քեզ: Տեսնո՞ւմ ես այն կղզին, Նարգին է նրա անունը: Նրանից մի փոքր այն կողմ ծովի տակից գազ է դուրս գալիս: Աչքովս եմ տեսել: Մի օր, երբ փոխարքան եկել էր Բաքու, գազը վառեցին և մի հրաշալի հրավառություն գոյացավ: Երեք գիշեր ծովը լուսավորվել էր ցերեկվա պես: Հետո քամին փչեց, ալիքներ բարձրացան, գազը հանգավ:
Վարդանը լսում էր և մտածում: Նրա դեռահաս գլխի մեջ զարմանալի արագությամբ նավթը վերածվում էր ոսկու, և միլիոնները պտույտ էին գործում ինչպես կատաղի դիվահարներ: Ամենավառվռուն բանաստեղծի երևակայությունը չէր կարող այնպես բորբոքվել բնության գեղեցկությունից, որքան նրա երևակայությունը այդ չոր ու ցամաք ավազոտ դաշտերից ու բլուրներից, որոնց խղճուկ բուսականությունը վաղաժամ թառամել ու խանձվել էր կիզիչ արեգակից և մշտական քամիներից: Ինչո՞ւ ձեռք չբերել գեթ մի կտոր այդ ստորերկրյա գանձերից, մի աննշան հողամաս: Ով գիտե վաղը, մյուս օրը որքան պիտի բարձրանան գները:
– Ո՞ւմ են պատկանում այդ հողերը, – հետաքրքրվեց տասնյոթ տարեկան պատանին հիսնամյա փորձառու սպեկուլյանտի անհամբերությամբ:
– Մի մասը պատկանում է թուրք բեգերին ու գյուղացիներին, մնացածը պետական հողեր են:
– Գյուղացիները ծախո՞ւմ են իրենց հողերը:
– Իհա՛րկե, մանավանդ ազնվականները:
– Քանո՞վ:
– Նայելով տեղին, Բալախանիի, Սաբունչու մոտերքը համեմատաբար թանկ են, իսկ մյուս տեղերը շատ աժան…
Վարդանը լռեց և ոչ մի նոր հարց չտվեց: Մնացածը նա հետո կիմանա ուրիշից: Թող Ջումշուդը չգիտենա, թե ինչ ծրագրներ է հղում նրա միտքը: Տասնյոթ տարեկան պատանին արդեն իր հորից էր սովորել գնահատել գաղտնապահությունը գործնական կյանքում: Բացի այդ նա մի ուրիշ բան էլ էր լսել իր հանգուցյալից: «Խելոքի հետ քիչ խոսիր, որ հիմարությունդ չերևա, հիմարի հետ իսկի մի խոսի, որ խելքդ չպակասի»:
Երեկոյան նա չկարողացավ իրեն զսպել և մորեղբորը հայտնեց հանքերից ստացած իր խորը տպավորությունը:
– Ոչինչ, վատ չես արել, որ գնացել ես ու տեսել, – ասաց Սերգեյ Մարկիչը հեգնանքով, – բայց հույս ունեմ, որ ինձ խորհուրդ չես տալ հանքատեր դառնալու:
– Իսկ և իսկ հենց այդ էի ուզում ասել, Սերգեյ Մարկիչ, լավ կլինի եթե մենք էլ մի կտոր նավթահող գնենք:
– Մենք էլ, մենք էլ, – գոչեց Սերգեյ Մարկիչը բարձրաձայն ծիծաղելով, – ուրեմն, ընկերովի, հա՞, քեզ հետ, հա՞:
– Այո:
– Հետո՞ :
– Հետո վիշկա կդնենք, հոր կփորենք, ֆանտան կունենանք, – պատասխանեց Վարդանը ամենայն լրջությամբ:
– Լավ, քիչ խոսիր, դու երեխա ես, ոչինչ չգիտես: Աշխարհը ես եմ տեսել, խորհուրդը դու ես տալիս: Ես ձեռքիցս իմ ոսկի գործը բաց չեմ թողնի: Ինչի՞ս է հարկավոր քո նավթը: Որ փողոցները թափենք, և իմ ամառվա սպիտակ պանտալոնը այսպես սևացնի՞, թող, ի սեր աստծո՜: Սպասիր, առաջիկա հունվարից մագազինը երկու անգամ մեծացնելու եմ, արդեն կողքի խանութն էլ վարձել եմ, շուտով կդատարկեմ: Ցուցանակն էլ փոխելու եմ, այսուհետև պիտի լինի մեծ տառերով գրված Гастрономический магазин Сергея Маркича Акведова и компании, և կոմպանի – հասկանո՞ւմ ես:
– Ո՞վ է լինելու քո կոմպանիան:
– Դու:
Վարդանը ուրախացավ, բայց ոչ այնքան, որչափ մորեղբայրն էր սպասում:
Նա մի քիչ մտածեց և ասաց.
– Շնորհակալ եմ, բայց ինչո՞ւ իմ անունն էլ չլինի ցուցանակի վրա:
– Շատ ես շտապում, տղաս, այդ լավ չէ: Դու դեռ անչափահաս ես: Օրենքով իրավունք չունես նոտարական պայմանագրություն ստորագրելու: Սպասիր մի երեք, չորս տարի էլ:
Չորս տարի: Այդ շատ երկար ժամանակամիջոց է, Վարդանը համբերել չի կարող: Նա ուզում էր իր անունը խավարից դուրս բերել և լույս աշխարհ գցել: Ժամանակը անցնում է, իսկ նա դեռ գործակատար, դա նվաստացուցիչ է, վիրավորական է: Ի՞նչ կմտածեն Աբրահամ աղայի որդիները, որոնք Բաքու գալով, քաղաքի կենտրոնում մետաքսեղենի և այլ թանկարժեք կտորեղենի խանութ են բաց արել և իրենց անուն ու ազգանունով առևտուր են անում: Իսկ նրա դպրոցական ընկերնե՞րը: Մինասը գնացել է էջմիածին և նոր բացված Ճեմարան մտել. ով գիտե վաղը նրանից ինչ դուրս կգա. կարելի է մի մեծ մարդ, քիթը ծուռ Մկիչ Չախմախչյանը գնացել է Թիֆլիզ և զինվորական դպրոց մտել, նա էլ մի մարդ կդառնա, Մարտիրոսը ծառայում է ոստիկանատանը և արդեն իր ֆուրաշկին չինովնիկի նշան է դրել և պատահելիս մի տեսակ արհամարհանքով է վերաբերվում: Մի խոսքով, ամենքը առաջ են գնում, իսկ նա գործակատար, այն էլ «բաղկալի» խանութում, չէ՞ որ այդ ոսկի տառերով մաղազինը վերջ ի վերջո բաղկալություն է: Եվ ամենից ավելի Վարդանին գրգռում էին Աբրահամ աղայի որդիները: Ամեն անգամ նա թքում էր նրանց խանութի առջևով անցնելիս: Ոչ, այդպես շարունակել չի կարելի:
Վարդանը վճռեց մի տարի էլ սպասել, միայն մի տարի, ոչ ավելի և տարին չլրացած նորից կրկնեց իր պահանջը դառնալ մորեղբոր լիազոր ընկերը, իր անունն ու ազգանունը դնելով ցուցանակի վրա:
– Բայց դու չես կարող ինձի հավասար ընկեր լինել, – հակառակեց Սերգեյ Մարկիչը:
– Ինչո՞ւ:
– Որովհետև գործի մեջ քու ունեցած կապիտալը երեք անգամ պակաս է իմ կապիտալից:
– Այն ժամանակ եկ բաժանենք, ես ինձ համար առանձին գործ կսկսեմ:
Սերգեյ Մարկիչը բարձրաձայն ծիծաղեց, գոչելով.
– Դո՞ւ, առանձի՞ն, լակոտ: Վարդանը վիրավորվեց:
– Սերգեյ Մարկիչ, – ասաց նա, հազիվ կարողանալով զսպել իր կատաղությունը, – դու քանի անգամ ասել ես ինձ, որ իմ հասակումն ես վաճառականություն սկսել, ինչո՞ւ ես ինձ լակոտ անվանում:
Սերգեյ Մարկիչը զղջաց: Նա չէր կամենա իր քրոջ որդու սիրտը կոտրել: Հոգու խորքում նա շատ բարձր էր գնահատում Վարդանի առևտրական ձիրքերը, նրա վարվողությունը գնողների հետ, նրա հաշվեգիտությունը, նրա եռանդն ու աշխատասիրությունը: Նա չէր կամենա մի այդպիսի հազվագյուտ օգնականից զրկվել:
– Լավ, – ասաց նա ձեռը դնելով Վարդանի ուսին, – թող այս տարին վերջանա, առաջիկա հունվարից ցուցանակը կփոխենք, բայց պետք է անունդ էլ փոխենք: Ես չեմ համաձայնվի իմ մագազինի ճակատին Վարդան անունը գրել: Ինձ այնպես է թվում, որ այդ տտեպած անունը կարող է դժբախտություն բերել: Երևի զուր չեն ասում՝ «Հայը թակի Վարդանին, թուրքը թակի Վարդանին»:
– Ես այդ մասին արդեն մտածել եմ, այսուհետև ես կլինեմ Վլաս Աֆանասևիչ Այրումով:
– Ոչ, ոչ, այդ Վլասն էլ բանի պետք չէ, կառապանի անուն է: Ավելի լավ է Վասիլի Աֆանասևիչ:
– Համաձայն եմ, թող այդպես լինի:
Եվ այդ օրից Վարդան Ահրումյանը դարձավ Վասիլի Աֆանասևիչ Այրումով:
Քաղաքի միակ հրապարակի վրա մի շարք խանութների մեջ կար մեկը, որի ցուցանակը կրում էր հետևյալ խորագիրը. «Մանուֆակտուրային ապրանքների վաճառում, Ռիպսիմե Արաքելովնա Դալբաշյանի և որդիների»: Անցորդներից շատ քչերն էին կարդում այդ ցուցանակը, և նրանք, որոնք կարդում էին, տարակուսանքով երերում էին իրենց գլուխը, մտածելով՝ «այո, դա նա է»:
Այն պահից, երբ Աբրահամ և Իսրայել Դալբաշյանները իրենց սնանկ հայտարարելով, հաշիվները Մառոզովի և Աթանես Ահրումյանի հետ մաքրեցին ռուբլուն քսան կոպեկի վճարումով, որոշեցին խանութը փակել և իրարուց բաժանվել: Իսրայելը վերցրեց թաքցրած ապրանքի կեսը և իր ընտանիքի հետ գնաց Ռոստով-Դոնի վրա, հուսալով այնտեղ շարունակել իր գործը, իսկ Աբրահամ աղան իր ընտանիքով տեղափոխվեց Բաքու, նույնպես տանելով հետը իր բաժին ապրանքը: Կողոպուտը կիսելիս մի քիչ կռվեցին, բայց վերջը հաշտվեցին և համբուրվելով բաժանվեցին:
Դեռ սնանկ հայտարարելուց առաջ Աբրահամ աղան զգաստություն էր ունեցել իր կարողությունը փոխադրել կնոջ՝ Հռիփսիմեի անունով: Նա նույնպես վճռել էր նույն մանուֆակտուրային գործը շարունակել Բաքվում, իհարկե, այս անգամ ապրանք վերցնելով ոչ Մառոզովից, այլ մի ուրիշ ֆաբրիկանտից: Որպես վարկաբեկված առևտրական՝ բնական է, որ օրենքով չուներ իրավունք վաճառականությամբ պարապելու, ուստի խելացի և անվտանգ համարեց մեջտեղ բերել իր կնոջ և զավակների անունը: Նա շատ լավ գիտեր, որ պատվարժան կողակիցը, այդ գրեթե անգրագետ կինը չունի ոչ վաճառականի ձիրք կամ հոտառություն և ոչ նույնիսկ դրամական հաշիվների մասին որևէ հասկացողություն, բայց գիտեր նաև, որ իր ավագ որդին, 25 տարեկան Արշակը իրենից ոչ պակաս ճարպիկ է և գործը կարող է վարել ամենայն հմտությամբ և հաջողությամբ: Երկրորդ որդու՝ տակավին անչափահոս Դանիելի վրա նա առանձին հույս չուներ, համարելով նրան շատ փափկասիրտ, թուլամորթ և անհոգ: Բացի այդ նա նոր ավարտել էր Զիլզիլ քաղաքի երկդասյան դպրոցը: Գալով երրորդ որդուն, ինը տարեկան Սամվելին, Աբրահամ աղան զիջելով Արշակի թախանձանքին որոշել էր նրան տալ նոր բացված ռեալական դպրոցը:
«Միջնակարգն ավարտելուց հետո, – ասել էր Արշակը, – մենք նրան կուղարկենք Մոսկվա կամ Գերմանիա բարձր ուսում ստանալու: Թող մեր երեքից գոնե մեկը լուսավորվի»:
Աբրահամ աղան ոչ շատ ծեր էր և ոչ էլ այնքան հոգնած, որպեսզի կարենար ձեռները ծալած անգործ նստել: Նրա համար անգործությունը մի տեսակ հիվանդություն էր, որից ազատվելու համար օրը մի քանի անգամ մտնում էո կնոջ ու որդիների խանութը: Գալիս էր նա այնտեղ «տերողորմյան» ձեռքումը, հանդարտ քայլերով, նստում էր մի անկյունում, ինչպես մի օտար մարդ, մտքում հաշվում էր գնողների թիվը և նրանց գնած ապրանքների արժեքը և մերթ գոհ ու մերթ դժգոհ դեմքով հեռանում էր, որպեսզի մի ժամից հետո նորից գար: Այդպես է անում որձ ագռավը, երբ նրա ձագերը կեր ունեն:
Զիլզիլ քաղաքից հեռանալուց հետո Աբրահամ աղայի արտաքինը միանգամայն փոխվել էր:
Այլևս նա իր բեղերը չէր ներկում հինայով, չէր սրում դեպի վեր, որպես ջահելության և համարձակության սիմվոլ և ոչ էլ երեսն էր սափրում: Օր օրի վրա աճում էր նրա միրուքը: Այժմ նա իջել էր մինչև կուրծքը:
Ճիպ-ճերմակ փառահեղ լավաշի չափ լայն միրուքը, որ շատերին էր շփոթեցնում ու պատկառանք ներշնչում:
Այժմ նրա քայլվածքն ավելի ծանրաբարո, ավելի աղայական էր, քան առաջ,երբ նա դեռ չէր կողոպտել իր բարեկամին և չէր սպանել նրան: Նա պակաս փոփոխություն չէր մտցրել և իր հագուստի մեջ: Նա թևավոր երկայն չուխան տերևանման թևերով թողել էր: Արխալուղի վրա հագնում էր լայն սերթուկ, որի կոճակները կապում էր մինչև կոկորդը, բողոքական քարոզչի պես: Ավելի ճիշտ նա կնմանվեր հրեա ռաբբի, թե քունքերի մազերն երկարացներ: Նա դեն էր գցել ասիական սև մորթե գդակը և գլխին դնում էր ռուսական սև «ֆուրաշկա» ճիշտ մոսկովյան հին տիպի վաճառականների պես:
Նա չմուշկների փոխարեն հագնում էր եվրոպական կոշիկներ երկու մատնաչափ հաստ ներբաններով:
Կիրակի օրերը նա ամենայն ճշտապահությամբ եկեղեցի էր գնում, մնում էր այնտեղ մինչև պատարագի վերջը: «Ողջույնի» ժամանակ նա էր մոտենում պատարագիչ քահանային և նա էր ստանում օրհնությունը: Եկեղեցուց դուրս գալով նա մուրացկանների ձեռն էր դնում մի պղնձե դրամ և սպասում էր, որ ավագ քահանան կամ հաջորդը եկեղեցուց դուրս գա և խոսե նրա հետ մի քանի րոպե, հետո, եթե տրամադրությունը լավ է, ճաշի հրավիրի նրան:
Նայելով Աբրահամ աղայի հանգիստ, անվրդով, կարելի է ասել բիբլիական կերպարանքին, շատերն էին կարծում, թե չկա և չի կարող լինել ավելի ուղղամիտ, ավելի ազնիվ, ավելի բարեսիրտ մարդ, քան այդ կեղծիքն ու խաբեբայությունը, քան այդ կարծրացյալ սիրտը, ապականյալ հոգին: Ինքն Աբրահամ աղան զգում էր իր արտաքինի պատկառելիությունը և մարդկանց հետ զրույց անելիս առանց մեծ ջանքի կարողանում էր իր ձայնին, ձևերին, ու շարժումներին տալ համապատասխան ռիթմ: Եվ ոչ մի տաղանդավոր դերասան չէր կարող բեմի վրա իր դերը կատարել այնպիսի վարպետությամբ, որպես այդ մարդը կյանքի մեջ: Գայլ էր ոչխարի մորթով, բառիս իսկական իմաստով, միայն կուշտ գայլ:
Ճշմարիտ է, մեկ-մեկ Աթանես Ահրումյանի հանկարծահաս մահը մտաբերելիս, Աբրահամ աղայի տրամադրությունը դառնանում էր և դեմքը մի քիչ այլայլվում, բայց ի՞նչ նշանակություն ունի ամառվա կիզիչ արևի համար անցողիկ ամպի մի կտոր: Բավական էր, որ նա մտքում կրկներ իր սովորական մեղեդին – «այս փուչ աշխարհում ո՞վ չի զրկում սրան կամ նրան» – և իսկույն նորեն վերադառնում էր նրա հոգու անդորրությունը:
Մի անգամ Աբրահամ աղան, ծովափում զբոսնելիս, հանդիպեց յուր ողբացյալ բարեկամի որդուն, Վարդան Ահրումյանին և ճանաչեց: Մի վայրկյան նրա մեջ ցանկություն ծագեց բարևել նրան, հետը խոսել, «հայրաբար» հարցնել նրա առողջության, նրա մոր, նրա գործերի մասին, բայց Վարդանն այնպիսի մի կատաղի դեմք ցույց տվեց, որ մարդու լեզուն կաշկանդվեց: Բացի այդ, նա ամենայն պարզությամբ լսեց Վարդանի մի ծայր աստիճան լկտի հայհոյանքը՝ «քո սպիտակած միրուքը ես կներկեմ իմ…» և այլն… Մի ուրիշ օր Աբրահամ աղան դարձյաղ հանդիպեց իր ոխերիմ թշնամուն, այս անգամ հասարակական պարտեզում և իր մորեղբոր հետ: Նա կամեցավ մի կերպ խույս տալ, չհաջողվեց: Վարդանը նրա մոտով անցնելիս արտասանեց մի ուրիշ նույնչափ կեղտոտ հայհոյանք:
Աբրահամ աղային թվաց, որ նա մինչև անգամ կամեցավ հարձակվել իր վրա, բայց մորեղբայրը չթողեց: Այնուհետև նա սկսեց լրջորեն վախենալ Վարդանից և որոշեց երբեք չզբոսնել այն վայրերում, ուր կարող էր հանդիպել նրան: Բայց և այնպես թշնամու կատաղի հայացքն ու նրա անպատկառ հայհոյանքը նրա հանգստությունը մի աստիճան ավրել էին և նա այժմ կամա-ակամա մտածում էր իր անցյալ վարմունքի մասին, իր բարեկամի վերաբերմամբ: Սակայն սխալ կլիներ կարծել, թե դա մի տեսակ զղջում էր կամ խղճի արթնացում: Քավլիցի: Արդեն ժամանակը կատարել էր իր գործը, առ միշտ սպանելով նրա սրտում զղջման զգացումը: Այժմ նրա տեղը գրավեց ֆիզիկական երկյուղը: Ո՞վ գիտե ինչ վտանգավոր միջոցների կարող է դիմել այդ տղան իր հանգուցյալ հոր մահվան վրեժը լուծելու համար: Քի՞չ են պատահել նման դեպքեր, երբ մարդիկ այդ հասակում մի չնչին բանի համար դիմել են նույնիսկ զենքի օգնության:
Մի երեկո Աբրահամ աղան չկարողացավ թաքցնել իր մռայլ մտորումները: Պատմելով եղելությունը նա ասաց իր որդիներին:
– Զգուշացեք այդ տղայից, նրա մտքում կա մեր դեմ հորից ժառանգած մի չարություն:
– Իհարկե՛ պիտի լինի չարություն. մի՞թե կարող է մոռանալ իր հոր մահը, – պատասխանեց տիկին Հռիփսիմեն:
– Թող լինի, – ասաց Արշակը, – ես դրանից չեմ վախենում: Ես ուրիշ բանի մասին եմ մտածում: Այդ տղան վաճառականության մեջ շատ առաջ է գնալու: Ուշադրություն դարձրե՞լ ես, հայրիկ, նրա մորեղբոր խանութի վրա:
– Ես դարձրել եմ, – մեջ մտավ լայներես և մեծ քթանի Դանիելը, – այնտեղ մեծ տառերով կարդացել եմ. Гастрономический магазин Сергея Маркича Акведова и Василия Афанасьевича Айрумова:
– Լսո՞ւմ ես, հայրիկ, – շարունակեց Արշակը, – այդ նշանակում է, որ երեկվա պզտիկ գործակատարն այսօր դարձել է իր տիրոջ հավասար ընկերը: Ես հավատացած եմ, որ վաղը-մյուս օրը նա Ակվերդովին դուրս է գցելու և տիրանալու է ամբողջ խանութին: Ես այդ տղայի` մեր դեմ ունեցած ոխից չեմ վախենում, այլ նրա խելքից ու ճարպկությունից:
– Ի՞նչ կարող է նա մեզ անել իր խելքով ու ճարպկությամբ, – գոչեց Աբրահամ աղան արհամարհանքով:
– Ամեն բան, ինչ որ իրավունք է տրված անելու զորավորին թույլերի վերաբերմամբ:
– Վաճառականությունը մրցում է, մենք նրա հետ մրցելու կարիք չունենք, նրա առևտուրը ուրիշ է, մերն ուրիշ:
– Վաճառականության մեջ բոլոր տեսակի առևտուրները ներքուստ սերտորեն կապված են իրար հետ: Մեկի զարգացումը կողմնակի կերպով ազդում է մյուսի անկման վրա: Դա տնտեսության օրենքն է, որի մասին ես կարդացել եմ նորերս: Բայց ես ուրիշ բան էի ուզում ասել:
– Չեմ հասկանում, – ասաց Աբրահամ աղան, – պարզ խոսիր այդ տղայի մասին:
– Ես հենց նրա մասին եմ խոսում, հայրիկ: Լսիր, Վարդան Ահրումյանը, որ այժմ Վասիլի Աֆանասևիչ Այրումով է, այն մարդկանցից է, որոնք վաղը-մ յուս օրը մեր երկրի տերերն են լինելու:
– Այդ ինչպե՞ս, տապակած հնդկահավ կամ խոզի ապուխտ վաճառելո՞վ, – գոչեց Աբրահամ աղան հեգնաբար:
– Ո՛չ, հայրիկ, ոչ խոզի մսով և ոչ էլ մանավանդ մանուֆակտուրայով, այլ նավթով, նավթով: Ես մի քանի անգամ ասել եմ, էլի եմ ասում, ապագան այն մարդունն է, որ վաճառականությունը կթողնի և կսկսի այժմյանից պարապել նավթային արդյունաբերությամբ: Վարդան Ահրումյանը չնայելով իր տարիքին, այդ բանը հասկացել է:
– Ինչպե" ս, – հետաքրքրվեց Աբրահամ աղան:
– Այս օրերս նա Ռամանիի նավթահողերից ձեռք է բերել երկու դեսիատին: Դա քիչ բան չէ հասկացողի համար:
– Ո՞վ ասաց քեզ:
– Մի թուրք բեգ, որի հետ ծանոթացել եմ կլուբում: Այսօր այդ բեգն եկել էր մեր խանութ հատկապես ինձ առաջարկելու, որ իր հողերից գոնե մի դեսիատին էլ ես գնեմ: Ինչպես երևաց, մարդը փողի կարիք ուներ և պատրաստ էր հողը տալ ամենաէժան գնով: Դժբախտաբար ես ստիպված էի նրան մերժել, հայրիկ, համաձայն քո կարգադրության: Դու պատվիրել ես ինձ բացի մանուֆակտուրայից ոչ մի գործի չխառնվել…
– Շատ լավ ես արել, որ մերժել ես: Հիմարություն կլիներ արյուն-քրտինքով աշխատած փողերս թափել հորի մեջ, չիմանալով՝ կա թե չկա մի բան այդ անխոս հողի տակ:
– Բայց Ռամանին անխոս չէ, հայրիկ: Նա արդեն սկսել է խոսել, գոնե նրա մասին խոսվում է: Այժմ բոլոր երկրագետներն ու ինժեներները միաձայն պնդում են, թե
Ռամանին անվիճելի նավթահող է: Կարդա ամեն օր տեղական լրագիրը, և դու էլ ինձ պես կհամոզվես:
– Աստված դեռ խելքս չի առել, որ մի լրագրի ցուցմունքով վարեմ իմ գործերը, – շարունակեց հակաճառել Աբրահամ աղան, – բայց ի՞նչ եմ ասում, եթե ինքս իմ աչքով տեսնեմ Ռամանիի մի հորից ֆանտան խփելիս, էլի ես նրա կողքին հոր չեմ փորի: Ուզում եմ ասել, որ նավթը մեր բանը չէ, ես նրա մեջ խեր չեմ տեսնում:
– Լսիր, հայրիկ, մի վաճառական, որ իր գործից դուրս բան չի տեսնում, միշտ կմնա խանութպան կամ չարչի: Բաքուն աճում, ընդարձակվում է օր օրի վրա: Դու տեսնում ես, որ մի ժամանակվա գողերի և մարդասպանների աքսորավայրը այսօր դարձել է նահանգական քաղաք: Ամեն օր աշխարհի բոլոր կողմերից այստեղ են բազմում հարյուր տեսակ ձեռնարկողներ, մասնագետներ, ոմանք փողով, ոմանք անփող և բոլորն էլ նավթի համար, բոլորն էլ հարստանալու հույսով: Զուր չէ, որ Բաքուն այժմ նոր Կալիֆորնիա է համարվում: Վերջապես, ես կարծում եմ, հայրիկ, Պետերբուրգից, Շվեյցարիայից, Գերմանիայից և Անգլիայից եկող մարդիկ մի քիչ ավելի բան գիտեն, քան մենք՝ այս խավար արևելքում ապրողներս: Ինչո՞ւ մի տասնութ տարեկան Վարդան Ահրումյան կամ Վասիլի Աֆանասևիչ Այրումով կարող է այս պարզ ճշմարտությունն ըմբռնել, իսկ մենք ոչ: Ինչո՞ւ նա պետք է մեզնից ավելի հեռատես լինի:
– Ես ձեռքդ մի ոսկի գործ եմ դրել, շարունակիր, իսկ այդ լակոտն իր ձեռք բերած նավթահողի վրա իր գերեզմանը կփորի, հավատա ինձ:
Այս վիճաբանության ներկա էր և տիկին Հռիփսիմեն, գեր ու կլոր դեմքով 45 տարեկան մի կին, որի հոգեկան պահանջներն ու բարոյական կերակուրը ամփոփված էին ընտանեկան հարկի տակ: Իր 26-ամյա ամուսնական կյանքում նա ճակատագրից միայն մի բան էր ակնկալել – բուսական կշտություն ու հանգստություն: Ամեն ինչ, որ կարող էր այս կամ այն կերպ ալեկոծել նրա հոգու ճահճային անգորրությունը, նրան պատճառում էր խորին մտահոգություն: Այդ տեսակ մտահոգության մեջ էր նա այն օրից, երբ Աբրահամ աղան իր բարեկամին կողոպտելուց հետո խայտառակությամբ դուրս վանեց նրան իր տնից:
– Թողեք, որ ես էլ իմն ասեմ, – մեջ մտավ տիկին Հռիփսիմեն ընդատելով իր որդու և ամուսնու վիճաբանությունը: – Ականջ դիր, Արշակ, ագահությունը լավ բան չէ: Նա մարդուն ստիպում է սխալներ անել և դրանով զրկում է նրան հոգեկան հանգստությունից: Բավականացիր նրանով, ինչ որ ճակատագիրը տալիս է քեզ և նոր փորձանք մի ստեղծիր մեզ համար: Ես ժամանակին մի անգամ այս բանն ասացի հորդ, նա բերանս փակեց, էլ չխոսեցի: Այն օրից ես մի տեսակ անհանգստություն ունեմ և օր չի անցնում, որ չմտածեմ, թե վաղ թե ուշ մեզ մի դժբախտություն է պատահելու:
– Լավ, հասկացա ինչ ես ուզում ասել, – ընդհատեց կնոջ խոսքը Աբրահամ աղան հրամայողական եղանակով: – Մի՛ մոռնար, որ այսօր իմ խանութի ճակատին քո անունն է դրված, ուրեմն դու էլ իմ մեղքի մեջ բաժին ունես, եթե, իհարկե, իմ արածը մեղք է:
– Ախ, աստված, շատ խնդրեցի, շատ աղաչեցի իմ անունը չգրել, դու չլսեցիր, ես ի՞նչ կարող էի անել: Բացի դրանից, ես մտածեցի՝ ինչ կա, քանի որ որդիներս այդ գործի մեջ են մտնում, թող ես էլ մտնեմ:
– Մայրիկ, – ասաց Արշակը, – մի՞թե քեզ համար անպատվություն է տեսնել անունդ մեր խանութի ճակատին:
– Ոչ, որդի, այդ չէ, դու միտքս լավ չհասկացար: Խոսքս, պատվի կամ անպատվության մասին չէ: Ես չգիտեմ ինչպես բացատրեմ միտքս: Ուզում եմ ասել, որ այն օրից, երբ հայրդ Աթանես Ահրումյանին իր տնից դուրս արավ դատարկ ձեռքով, և մարդը հանկարծամահ եղավ, ես մի տեսակ չար երազի մեջ եմ: Ինձ թվում է, որ էլի լավ կլիներ հորդ խանութի ճակատին միայն նրա անունը լիներ գրված և միայն ինքը լիներ պատասխանատու իր արածի համար:
– Բայց դու ի՞նչ պատասխանատվությունից ես վախենում, ասա, ի՞նչ, – գոչեց Աբրահամ աղան, ձեռը զարկելով սեղանին:
– Չգիտեմ, չեմ կարող ասել: Մի քիչ առաջ, երբ դու պատմում էիր Աթանեսի որդու չար աչքերի և նրա հայացքների մասին, երբ դու ասացիր «զգուշացեք, այդ տղայի մտքում չարություն կա մեր դեմ», ես սարսափեցի: Լավ է, եթե նա իր հոր վրեժը քեզնից առնի կամ ինձնից, բայց ո՛վ գիտի ինչ կարող է անել մեր զավակներին:
– Ոչինչ չի կարող անել, մայրիկ, – ասաց Արշակը, – նա մենակ է, իսկ մենք երեք եղբայրներ ենք:
– Մի՛ ասա, որդի, բավական է, որ նա ձեր երեքից մեկի վրա ձեռ բարձրացնի, դա կլինի իմ մահը:
– Մայրիկ, – մեջ մտավ Դանիելը, – ես Վարդան Ահրումյանին շատ լավ եմ ճանաչում: Նա այնքան երկչոտ է, որ կատվի հարձակումից էլ է վախենում: Ուսումնարանում մենք միշտ ծաղրում էինք նրան:
– Ես լսել եմ, որ Բաքվում կան սրիկաներ, որոնք մի հարյուր, երկու հարյուր ռուբլով պատրաստ են օրը ցերեկով ուզածդ թշնամուդ գլուխը կտրել: Ինձ այդ մասին մի քանի դեպքեր պատմել են:
– Ասենք այդ ճիշտ է, – համաձայնվեց Դանիելը, – այդ մարդասպանների տեղն էլ ինձ ցույց են տվել: Ասում են ոստիկանությունն էլ է վախենում և չի համարձակվում ձերբակալել նրանց:
– Բավական է, – գոչեց Արշակը, իր հոգու խորքում զգալով մի տեսակ երկյուղ, – մայր ու որդի արդեն սկսում եք ծիծաղելի դառնալ:
– Թող այդպես լինի, որդի, բայց վախը սրտիցս չես կարող դուրս բերել:
Եվ այսպես, տիկին Հռիփսիմեի անհանգստությունն առաջանում էր ոչ բարոյական սկզբունքից, այլ ֆիզիկական երկյուղից: Չլիներ այդ երկյուղը, մնացյալում նա իր պատվարժան ամուսնու համախոհն էր: Նա երբեք չէր կշտամբում նրան բարոյական տեսակետից: Աբրահամ աղան այդ բանը շատ լավ գիտեր, ուստի ավելորդ համարեց վիճաբանությունը շարունակել: Մի համակրական հայացք ձգելով իր քսանուվեցամյա ամուսնական կյանքի հավատարիմ ընկերուհու վրա, նա վեր կացավ և հանդարտ քայլերով անցավ ննջարան իր գիշերային հանգիստ քունը վայելելու ջերմեռանդ քրիստոնյայի սովորական աղոթքից հետո… Նրան հետևեց տիկին Հռիփսիմեն, իր զավակներին համբուրելուց և օրհնելուց հետո…
Այլ էր Արշակի տրամադրությունը: Կար մի շատ որոշ տրամագիծ նրա և ծնողների մտայնության և բարոյական ըմբռնումների կամ, ավելի ճիշտ հայր ու որդու հոգեբանությունների մեջ: Մինչ Աբրահամ աղան գործնականի տեսակետից կեղծ սնանկությունը իր հոգու խորքում համարում էր ճարպկության մի արտահայտություն, Արշակը այդ գործը համարում էր դատապարտելի նույն գործնականի տեսակետից: Այս առթիվ նա շատ էր վիճաբանել իր հոր ու հորեղբոր հետ: Նրա մտայնությամբ կեղծ սնանկությունը հնամաշ ու փչացած միջոց է, որ պետք է դեն շպրտվի, ինչպես մի կեղտոտ լաթ ժամանակակից վաճառականի կողմից: Այլ խոսքով, կեղծ սնանկությունը հիմարություն էր նրա համար, նույնը, ինչ որ մեկի գրպանից մի թաշկինակ դուրս բերելը լուրջ ու համարձակ գողի համար:
Արժե՞ր միթե երեսուն-քառասուն հազար ռուբլոլ համար ձեռներ կեղտոտել և վարկաբեկվել: Կարելի էր մի քանի տարի էլ սպասել և հետո վազել տասն անգամ ավելի խոշոր որսի հետևից: Այն ժամանակ գուցե Արշակը մի կերպ հաշտվեր հոր ու հորեղբոր արածի հետ: Իսկ ա՞յժմ, ինչ ողորմելի հետևանք, վարկաբեկման գնով վաստակված: Դա միևնույնն է, ինչ որ դուրս գալ ավազակության մեծ ճանապարհը ինչպես առյուծ և տուն վերադառնալ աղվեսի ավարով: Դեռ Մառոզովը ոչինչ, նա հեռու է, գուցե ժամանակը կարողանա ջնջել նրա անունը հասարակական կարծիքի դատարանում, բայց Աթանես Ահրումյանի անունը – երբե՛ք: Նա չի մոռացվի, և մարդիկ միշտ պիտի հիշեն նրա հուսահատական ճիչերը, նրա անեծքները, նրա հայհոյանքները, նրա կատաղի գրգիռը, նրա կաթվածահար լինելն ու մահը, վերջապես, նրա կնոջ ու զավակների հավիտենական անեծքն ու ատելությունը: Եվ այդ բոլորը – երեք-չորս հազար ռուբլու համար և այդ այն ժամանակ և այնտեղ, երբ և ուր մարդիկ սկսել են խոսել միլիոնների, տասնյակ հարյուրավոր միլիոնների անունով: Ո՛չ, ինչ ինչ ուզում է թող ասի Աբրահամ աղան, Արշակը չի կարող խելացի համարել նրա արածը և միշտ պիտի դատապարտի նրան իր մտքում: Մի՞թե նա որպես հայր չպիտի մտածեր, որ իր հիմարության պատասխանատվությունը ծանրանալու է իր զավակների և մանավանդ նրանց վաճառականական վարկի վրա:
Վաճառականական վա՜րկ…
Ամենից ավելի այս վերջին միտքն էր զբաղեցնում Արշակին, երբ նա իր մորը հարցրեց. «Մի՞թե անպատվություն է քեզ համար անունդ տեսնել մեր խանութի ճակատին», այդ պահին մտածում էր ոչ իր կամ իր մոր բարոյական համբավի, այլ միայն և միայն իր վաճառականական վարկի մասին: Առհասարակ պատվի մասին նա ուներ ուրույն գաղափար, այն է, թե վարկն ինքնըստինքյան պատիվ է և նա, ով վաճառականության մեջ վարկ ունի, ունի նաև պատիվ որպես մարդ: Նա շատ լավ գիտեր, որ գործնական աշխարհ մտնելով, իր հոր ազգանվան տակ, ուզե չուզե, նսեմացնելու է իր վարկը: Այս միտքն ուղղակի ալեկոծում էր նրա էությունը, երբեմն նրան քնից զրկելով, մանավանդ Բաքու տեղեփոխվելուց հետո: Գավառի խուլ անկյունից բերած նրա նեղ հասկացողությունը առևտրի ծավալի և ուժի վերաբերմամբ այստեղ օր օրի վրա հասունանում էր, լայնանում և ավելի ու ավելի պահանջկոտ դառնում: Խանութի պատերից դուրս բան չտեսած մանրավաճառին զմայլեցնում էր նավթային արդյունաբերության հեռանկարը: Լեռների սահմանափակ հորիզոնում ծնված ու սնվածին հարյուրավոր ծրագիրներ էր ներշնչում լայնածավալ ծովը, և նրա երիտասարդական ֆանտազիան չէր երկնչում ամենահամարձակից, ամենավտանգավորից: Այլևս արշինը իր խղճուկ չափով չէր կարող հագեցնել նրա շահելու, հարստանալու, մեծ կապիտալիստ դառնալու փափագն ու ախորժակը: Օրը մինչև երեկո չիթ ու կտավ չափելով ու կտրելով, նա իրան զգում էր ողորմելի ու կարեկցության արժանի վիճակում: Մկրատի ձայնը գրգռում էր նրան, ինչպես սղոցը ապակի կտրելիս մինչև կատաղություն: Պատահում էր, որ նա գնված ու թղթի մեջ փաթաթված կտորը ձգում էր գնողի առաջ այնպիսի արհամարհանքով և բիրտ ձևով, որ կարելի էր կարծել, թե գնողը հայհոյել կամ անիծել է նրան: Այնտեղ, ուր աջ ու ձախ, հայ ու թուրք, ռուս ու հրեա, բոլոր հասակների, բոլոր ազգերի ու ազգությունների մարդիկ խոսում էին խոշոր արդյունաբերության և գործարանային ձեռնարկությունների մասին, նա իրան զգում էր այնքան տկար, այնքան աննշան, որքան աղվեսը վագրերի ու առյուծների շրջանում: Ո՛չ, չպիտի մնալ այսպես, երկուսից մեկը կամ պիտի խառնվել ընդհանուր իրարանցման այդ նավթային ու բորսային, գործարանային ու բանկային թոհուբոհի մեջ կամ վերադառնալ Զիլզիլ և այնտեղ շարունակել հայրական գործը: Որքան ծիծաղելի ու ծաղրելի էր թվում նրան իր հոր աղայական դեմքի կուշտ ու ինքնագոհ արտահայտությունը, նույնքան պակասում էր նրա որդիական հարգանքն ու պատկառանքը: Ամեն անգամ երբ ծեքունին տերողորմյան ձեռին իր փառահեղ միրուքը շալակած հանդիսավոր քայլերով խանութ էր մտնում, որդին մտքում չարիմաստ ծիծաղելով ասում էր. «ահա, Շահին-շահը մտավ իր ապարանքը»:
Ծնողների ննջարան գնալուց հետո Արշակը դարձավ եղբորն ու ասաց.
– Եթե դու լինեիր Վարդան Ահրումյանի նման աչքաբաց, մենք, Դալբաշյան եղբայրներս, կարող էինք մեծ գործեր ձեռնարկել հակառակ մեր հոր կամքին:
– Օրինակ, ի՞նչ գործեր, – հարցրեց Դանիելը:
– Մի՞թե Բաքվում ներելի է այդպիսի հարց տալ: Հասկանալի է, որ խոսքս նավթի մասին է:
– Ես չեմ ուզում վաճառականությամբ պարապել:
– Նավթը վաճառականություն չէ, այլ արդյունաբերություն:
– Ի՛նչ տարբերություն կա մեկի և մյուսի մեջ:
– Այն տարբերությունը, ինչ որ ծառայի ու տիրոջ մեջ, մեկը խանութպանություն է, մյուսը կապիտալիզմ: Հասկանո՞ւմ ես, եթե ոչ, կամենաս, ես կբացատրեմ…
– Չեմ ուզում ոչ մի բացատրություն: Իմ հասկացողությամբ երկուսն էլ առևտուր է, իսկ ես զզվում եմ ամեն մի առևտրից:
– Մի՞թե, – գոչեց Արշակը բարկացկոտ հեգնանքով, – այդ ո՞ր ժամանակից:
– Այն օրից, երբ հայրիկը Աթանես Ահրումյանին դուրս վռնդեց մեր տնից, նրա փողերը ուտելով: Այսօր էլ այդ կողոպտված մարդու անեծքն ականջներումս է: Դռներից դուրս գալիս նա ասաց. Աբրահամ, դու իմ տունը քանդելով, քոնը շինեցիր, բայց շատ մի գոռոզանար, աստծու կրակը մի օր կթափվի քո զավակների գլխին: Այն օրից գիշեր չի անցնում, որ ես երազումս չտեսնեմ նրան այդ անեծքն արտասանելիս: Ես վախենում եմ, Արշակ, մեր հոր ժառանգությունը բավական սննդարար կերակուր է, բայց մեջը թույն կա:
Վերջին բառերն արտասանելով, Դանիելն իր խոշոր աչքերը իր տարիքին ոչ համապատասխան լայն ճակատի տակից հառեց ավագ եղբոր նիհար, նեղ ու երկայնաձև երեսին, որ գիտնա ինչ տպավորություն գործեցին նրա վրա: Արշակը, իր երկայն մատներով, հետ մղելով նեղ ճակատի վրա թափված նուրբ ու բարակ մազերը, ծիծաղեց, ցույց տալով իր երկայն ու խոշոր ատամները, որոնք նրա ցցուն դեմքին ձիու տեսք էին տալիս:
– Հիմար ես, ահա թե ինչ, – ասաց նա, ուղղելով մեջքը, որ նիհարության և հասակի բարձրության պատճառով մի քիչ կոր էր, – երազը միայն պառավ կանանց կարող է վախեցնել: Բայց թողնենք այդ հիմարությունները: Ասա խնդրեմ, ինչո՞վ ես ուզում պարապել, քանի որ վաճառականությունից զզվում ես:
– Չգիտեմ, չեմ կարող ասել, առայժմ այսքանն իմացիր, որ վաղվանից այլևս խանութ չեմ գալու:
– Ահա թե ինչ, – գոչեց Արշակը, ավելի ու ավելի զայրանալով, – ուրեմն դու վճռել ես ձրիակեր դառնալ, այո՞: Ուզում ես շլնքիս նստել, այո՞, ուզում ես, որ ես աշխատեմ, դու լափես, հե՞… Եթե այդպես է, այսօրվանից դու այլևս իմ եղբայրը չես, գնա, կորի ուր ուզում ես:
– Մի կատաղի, առանց այն էլ գնալու եմ:
– Բայց ո՞ւր, ո՞ւր…
– Չգիտեմ, երևի մի օր կգիտենաս, – արտասանեց Դանիելը իր տարիքին ոչ համապատասխան սառնասրտությամբ և անցավ առանձին սենյակը, ուր նա տեղավորվել էր իր կրտսեր եղբոր, Սամվելի հետ:
Այն բոլորն, ինչ որ նա ասաց այդ կարճ վիճաբանության ընթացքում, կատարյալ նորություն էր Արշակի համար և միանգամայն անսպասելի նորություն: Մինչև այդ երեկո նա բնավ չէր հետաքրքրվել Դանիելի տրամադրությամբ և առհասարակ չէր զբաղվել նրա հոգեբանությամբ: Նա ենթադրել էր, որ Դանիելն իր հոր կեղծ սնանկության վերաբերմամբ ավելի ներողամիտ է, քան ինքը, կամ կատարյալ հավանություն է տալիս նրան: Այժմ տեսնում էր, որ Դանիելը պարզապես պարսավում է իր հոր արարքը և այն էլ պարսավում է ոչ նրա նյութական արդյունքի փոքրության պատճառով, այլ ուղղակի բարոյական տեսակետից: Անհատական աշխարհայեցողությունների այդ խստորոշ տարբերությունը նորություն լինելով հանդերձ նվաստացուցիչ էր Արշակի համար: Եվ նա զգաց այս բանն ու ինքն իրան խոստովանեց: Հարկավոր էր մի տեսակ արդարացում իր համար, մի տեսակ հանգստություն հոգու խորքում վայրկենաբար առկայծյալ խղճի համար: Եվ նա գտավ այդ հանգստությունը, ինքն իրան ասելով. «Դանիելը պատանի է, նրա գլուխը դեռ տհաս է, կմեծանա, նա էլ ինձ պես կմտածե»:
Մի քանի օր անցած Դանիելը տնից փախավ, անհայտացավ: Մի շաբաթ նրան փնտրեցին, չգտան:
