Читать книгу: «Առակներ», страница 6

Шрифт:

ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Մի թագավոր ուներ երեք որդի և մի թանկագին քար, որն իր արժողությամբ կազմում էր նրա ողջ թագավորության քառորդ մասը։ Չգիտեր որդիներից որին տար քարը, որ մյուսները չնեղանային։ Երբ թագավորը մահամերձ հիվանդացավ, կանչեց որդիներից մեկին, քարը տվեց նրան։ Սա թաքցրեց ու եղբայրներին բան չասաց: Թագավորի մահից հետո եղբայրների միջև կռիվ ընկավ.

– Դու ես վերցրել քարը, – միմյանց հետ չէին հաշտվում նրանք։

Լսեցին, որ մի հեռու քաղաքում մի ճարտար ու իմաստուն դատավոր կա, և միայն նա կարող է լուծել իրենց վեճը։ Ելան միասին, գնացին դատավորի մոտ։ Ճանապարհին նրանց հանդիպեց այդ դատավորի ուղտապանը։

– Ի՞նչ մարդ ես և ո՞ւր ես գնում, – հարցնում են նրան։

– Ուղտապան եմ, – պատասխանում է նա, – ուղտ եմ կորցրել, փնտրում եմ։

– Քո ուղտը կա՞ղ է, – հարցնում է եղբայրներից մեկը:

– Այո։

– Գնա ճանապարհովդ ու կգտնես։

– Քո ուղտը միաչքանի՞ է, – հարցնում է երկրորդը։

– Այո՛:

– Գնա ճանապարհովդ ու կգտնես։

– Քո ուղտի մեկ ատամը կոտրվա՞ծ է, – հարցնում է երրորդ եղբայրը։

– Այո՛։

– Գնա ճանապարհովդ ու կգտնես։

– Ինչպե՞ս իմացաք իմ ուղտի թերությունները, – հարցրեց ուղտապանը։

Եղբայրներից առաջինը պատասխանեց:

– Նկատեցի, որ երեք ոտքերը ուժեղ էր դրել գետնին ու հետքը երևում էր։ Չորրորդ ոտքի հետքը չկար։ Դրանից իմացա, որ կաղ է։

– Տեսա, – պատասխանեց մյուսը, – որ նա արածել էր մի կողմի խոտը, իսկ մյուս կողմի խոտը տեղն էր մնացել։ Դրանից հասկացա, որ աչքի մեկը կույր է։

– Նկատեցի, – պատասխանեց երրորդը, – որ արածած տեղը մի ատամի չափ խոտ էր մնացել։ Դրանից իմացա, որ քո ուղտի ատամի մեկը չկա։

Զարմանալով այդ մարդկանց իմաստությունից, ուղտապանը գնաց նրանց ցույց տված ճանապարհով, գտավ ուղտը, վերադարձավ տուն ու դատավորին պատմեց.

– Երեք ճարտար տղամարդ են գալիս քեզ մոտ դատի։

Մեր ուղտը չտեսած՝ նրա նշաններն իմացան, պատրաստ եղիր, որ սխալ չդատես և ծաղրատեղի չդառնաս։

Լսեց այս ամենը դատավորը և, երբ եղբայրները եկան, նրանց ասաց.

– Այս գիշեր մնացեք իմ տանը, վաղը ձեր դատը կանեմ։

Ու սպասավորներին հրամայեց կերակրել նրանց շուկայի հացով, տալ խորոված ու գինի։

Տեսնելով ուտելիքը, եղբայրներից մեկն ասաց սպասավորին.

– Ձեր դատավորը հացագործի որդի է։

– Այս խորովածից, – ասաց մյուսը, – շան հոտ է գալիս։

– Այս գինին, – ասում է երրորդը, – արյունահամություն ունի։

Եվ հրաժարվեցին ուտել։

Սպասավորները եղբայրների ասածները հայտնեցին դատավորին։ Իսկ նա զայրանալով կանչեց մորը ու հարցրեց.

– Ես ո՞ւմ որդին եմ, ճիշտն ասա, թե չէ՝ կսպանեմ քեզ:

– Մի տարի, – պատմեց մայրը, – քո հայրը արշավանքի էր գնացել։ Մի հացագործ տղա միշտ գալիս, հաց էր բերում տուն։ Դու նրա որդին ես։

Մսավաճառն ասաց.

– Ուլի մայրը սատկեց։ Մի սև շուն կար, ուլը նրա կաթը ծծեց, կարծելով, թե իր մայրն է։

Գինեվաճառն ասաց.

– Գինին պատրաստելուց առաջ, խաղողի մեջ մի դանակ կորավ, ու մարդիկ չգտան։ Խաղողը ճզմելիս այն մտավ ճզմողի ոտքը, և շատ արյուն հոսեց, խառնվեց հյութին:

– Ինչի՞ց իմացար, որ դատավորը հացագործի որդի է, – հարցրին եղբայրներից առաջինին։

– Ամեն մեկիս մի հաց էր ուղարկել:

– Իսկ դու ի՞նչ իմացար, որ խորովածից շան հոտ է գալի:

– Եթե ուլը իր մոր կաթը կերած լիներ, միսը խորովելիս պիտի քրքրվեր է բայց քանի որ շան կաթ էր կերել, նրա միսը շան մսի նման կոշտացել ու պնդացել էր։

– Դու ինչպե՞ս իմացար, որ գինին արյունախառն է:

– Գինին ամանը լցնելիս, փրփուրը, որ երեսն է բռնում, ճերմակ է լինում, իսկ այս գինու փրփուրը կարմիր կտրեց։

Դատավորը գիշերը չքնեց ու մի սուտ պատմություն հորինեց: Հաջորդ օրն առավոտյան երեք եղբայրները հայտնեցին նրան իրենց գանգատը թանկարժեք քարի մասին։

– Քարի գործը հեշտ է, – ասում է դատավորը, – թողեք դա իր տեղը մնա։ Մեր քաղաքում մի դեպք է տեղի ունեցել, զրուցենք այդ մասին։ Մի աղջիկ կար, որին ծնողները խոստացել էին ամուսնացնել մի մարդու հետ, բայց հետո փոշմանելով` տվեցին մի ուրիշի։ Աղջիկը, գնալով ամուսնու տուն, պատմում է նրան, թե «Նախապես ինձ խոստացել էին տալ այսինչ մարդուն, բայց ծնողներս փոշմանեցին և տվեցին քեզ»։ Նորապսակ ամուսինը կնոջը արդուզարդով միջնորդների հետ ուղարկում է այդ մարդու տուն, լուր տալով. «Քանի որ նախապես քեզ էին խոստացել կնության տալ, կինը քոնն է, թող քեզ լինի»։ Իսկ սա, տեսնելով նորապսակի վեհանձնությունը, անմիջապես նվերներ տալով աղջկան, ասում է. «Քանի որ ամուսինդ այդպես արդարամիտ ու վեհանձն է, որ անտեսելով իր երջանկությունը, քեզ իմ տուն է ուղարկել, ուստի այսուհետև դու ինձ քույր եղիր, ես քեզ եղբայր։ Այն սերը, որ ամուսնական սեր պիտի լիներ մեր մեջ, թող քույր ու եղբոր սեր դառնա»: Եվ նա նորահարսին ետ է դարձնում ամուսնու մոտ։

Այժմ երեք եղբայրներիդ հարց եմ տալիս, յուրաքանչյուրդ առանձին–առանձին ասացեք, թե այս երկու մարդկանցից ո՞րն է ավելի արդար վարվել։

– Այն մարդը, որ մի խոսքի համար կնոջը ուղարկել է մյուսի տուն, – պատասխանում է եղբայրներից մեկը։

– Այն մյուսը, – պատասխանում է երկրորդը, – որ մեծահոգություն է ցուցաբերել, նվերներ տվել աղջկան ու, իրեն քույր դարձնելով, ետ է ուղարկել ամուսնու տուն։

– Մեծ հաջողություն է, – ասում է երրորդ եղբայրը, – որ այդպես շքեղ զարդարված նորահարսը կեսգիշերով թաղից թաղ է գնացել ու ետ եկել, բայց գիշերապահ կամ գող չի ելել դեմը։ Ըստ երևույթին, քաղաքում գիշերապահ կամ գող չկա։

– Քարը դու ես վերցրել, – ասաց դատավորը վերջինիս, – տո՛ւր եղբայրներիդ և գնացեք խաղաղությամբ։

Առակս ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդ դատողություն է անում ըստ իր բնավորության։

ՍՈՒՏ ԵՎ ՃՇՄԱՐԻՏ ԲԱԵԿԱՄՈԻԹՅՈԻՆ

Եփեսոս քաղաքում բնակվող մի իմաստուն ու հարուստ ծերունի ուներ մի երիտասարդ տղա, որն ընկերանալով իր մի քանի հասակակիցների հետ, ժամանակը շարունակ խնջույքների մեջ էր անցկացնում և, հարազատ բարեկամներ համարելով, ոչինչ, չէր խնայում նրանցից։ Հայրը մշտապես խրատում էր.

– Զգույշ եղի՛ր, մի՛ հավատա նրանց։ Նրանք՝ բոլորը, սեղանի բարեկամներ են։

Ճշմարիտ բարեկամը նեղ օրն է երևում։

– Ներիր ինձ, հա՛յր, բայց ես հիմար չեմ, հաստատ գիտեմ, որ նրանք իմ հավատարիմ ու ճշմարիտ բարեկամներն են։

– Երջանիկ ես դու, – հեգնում էր հայրը, – որ կարճ ժամկետում կարողացել ես այդքան հավատարիմ բարեկամներ ճարել։

Մի օր հայրը պատվիրեց որդուն գնել մի մեծ ոչխար ու բերել տուն։ Որդուց գաղտնի մորթել տվեց ոչխարը, մի սպիտակ սավան թաթախելով արյան մեջ։ Այնուհետև խորովել տվեց ոչխարը, ամբողջովին այն ծածկեց լավաշով, վրան սեղանի հաստ սփռոց փաթաթեց, իսկ հետո՝ արյունաթաթավ սավանը ու տեղավորեց պարկի մեջ։ Գիշերվա կեսին պարկը տվեց որդու շալակը ու, գնալով՝ բախեցին որդու տասներկու բարեկամներից մեկի դուռը, դուրս կանչեցին։

– Բարեկա՛մ, – ասաց շշուկով, – մոտակա գյուղից այսինչ մարդը երեկոյան հյուր եկավ մեր տան։ Հարբելով, նա աղմուկ բարձրացրեց, խիստ բարկացա, խփեցի սրով սպանեցի։ Խնդրում եմ քեզ, թաքցրու այստեղ նրա դիակը, որպեսզի առավոտյան մեր տունը խուզարկելիս, չգտնեն ու չդատեն մեզ։

– Անօրեն սրիկանե՜ր, – լսելով նրանց, մերժեց բարեկամը, – բավական չէ, որ սպանել եք մարդուն, ուզում եք ի՞նձ էլ մասնակից դարձնել ձեր չարագործությանը, փորձանքի մեջ գցել: Կորեք այստեղից, – ու փակեց դուռը նրանց երեսին։

Գնացին մյուս բարեկամների տները։ Բոլորն էլ նույն կերպ պատասխանեցին ծերունուն ու որդուն։

– Որդյա՛կ, տեսա՞ր այժմ քո հավատարիմ բարեկամներին, – ասում է հայրը որդուն, – ե՛կ, ուրեմն, գնանք իմ միակ բարեկամի մոտ։

Հասնելով տեղ, բախեցին դուռը։ Երբ տանտերը դուրս եկավ, ուզեցին ասել նույնը։ Չթողնելով խոսել, տանտերը նրանց շտապ ներս տարավ, փակեց գուռը և ասաց.

– Ցածրաձայն խոսեցեք, որպեսզի մերոնցից մեկն ու մեկը չիմանա։

Հայր ու որդի պատմեցին ձախորդ դիպվածի մասին։ Տանտերն իսկույն տարավ նրանց պարտեզ, անկյուններից մեկում փոս փորելով, թաքցրեց պարկը հողի մեջ ու պատվիրեց նրանց շտապ վերադառնալ իրենց տուն։

Առավոտյան վաղ որդու տասներկու բարեկամները հավաքվելով, սկսեցին խոսել գիշերվա դեպքի մասին։ Լուրն անմիջապես բերնե–բերան տարածվեց, հասավ քաղաքապետին ու դատավորին։

Քաղաքապետը, որ լավ էր ճանաչում իմաստուն ծերունուն և գիտեր, որ նա պարկեշտ ու առաքինի մարդ է, չհավատաց, բայց հետաքրքրվեց, թե ովքե՞ր են տարածել լուրը: Կծիկի ծայրը հասավ ծերունու որդու բարեկամներին։ Քաղաքապետը, կանչելով նրանց, հարցաքննեց։ Նրանք պատմեցին, բոլորը։ Քաղաքապետը բանտարկեց նրանց, ապա կանչեց ծերունուն։ Վերջինս սկզբում ուրացավ, իսկ այնուհետև խոստովանեց մեղքը։

– Ի՚՞նչ եք արել դիակը, – հարցրեց քաղաքապետը։

– Տարանք այսինչ բարեկամին տվինք։

Կանչեցին այդ մարդուն։ Նա հրաժարվեց, ասելով, թե ինքը տեղյակ չէ։ Սաստիկ տանջեցին, բայց դարձյալ հանձն չառավ։ Երբ հրամայեցին կախել, ծերունին արգելեց, դիմելով քաղաքապետին.

– Տե՛ր իմ, երևում է, որ նա կամակոր մարդ է, եկեք ինձ հետ դատավորով ու վկաներով, ես ցույց կտամ ձեզ, թե մեր աչքի առջև որտեղ է թաղել նա սպանվածի դիակը:

Քաղաքապետը, դատավորն ու վկաները, որոնք ծերունու որդու ընկերներն էին, նաև ուրիշներ, գնացին նրա հետ։ Տանտերը նորից չքմեղանալով, մեղադրում էր ծերուհուն, թե զրպարտում է իրեն։ Բայց նա առանց վարանելու ցույց տվեց տեղը։ Պեղելով հողը, դուրս քաշեցին պարկը ու շտապ բացեցինք տեսան արյունաթաթավ սավանը։

– Ո՜վ եղկելի, – ասացին քաղաքապետն ու դատավորը տանտիրոջը, – ահա սպանողները խոստավանում են, սպանվածի արյունն հաստատում է այդ, իսկ դու շարունակ համառում ես, թե «Ես չեմ տեսել, ես ոչինչ չգիտեմ», սրանց փոխարեն քեզ պետք է պատժել։

Եվ այսպես սպառնալով, բաց արեցին արյունաներկ սավանը ու տեսան մի ուրիշ մաքուր ծածկոց։ Եվ երբ այն էլ արձակեցին, գտան լավաշ հացը, մեջը ամբողջ ոչխարը՝ խորոված։ Ներկաները զարմանքից ապշեցին։

– Ով պատվական ու իմաստուն մարդ, – դիմեց քաղաքապետը ծերունուն, – գիտենք, որ մի նպատակ կա թաքնված այս արարքիդ տակ, խնդրում ենք պատմել մեզ։

– Հարգարժան մարդիկ, – ասաց նա, – իմ այս թերամիտ որդին, այդ վկաներին համարելով հավատարիմ ընկերներ, ոչինչ չէր խնայում ու շարունակ նրանց հյուրասիրում էր խնջույքներով, հաճախ էլ օգնում էր նյութապես, որքան որ կարողանում էր։ Ես միշտ խրատում էի որդուս, թե նրա ընկերները նենգ ու անհարազատ մարդիկ են, սեղանի ու իրենց օգուտի համար են բարեկամ ձևանում, չպետք է հավատալ նրանց։ Բայց որդիս չէր լսում ինձ ու պնդում էր, որ նրանք հավատարիմ, ճշմարիտ բարեկամներ են։ Որդուս փորձով խելքի բերելու նպատակով սարքեցի այս խաղը, որ այժմ տեսնում եք, որպեսզի զգաստացնեմ նրան, իմանա, որ դժվար բան է հավատարիմ բարեկամ գտնելը և անհնարին է բարեկամների բազմություն ունենալը, քանզի ես իմ ողջ կյանքի ընթացքում շատ փորձություններով հազիվհազ կարողացա գտնել այս միակ, հարազատ ու ճշմարիտ բարեկամիս, որ, ինչպես տեսաք, մատնեց իր անձը մահվան վտանգի ու քաջությամբ տարավ տանջանքները, բայց չդավաճանեց ինձ: Այժմ, խնդրում եմ ձեզ նստեցեք այստեղ ու ճաշակեցեք խորոված ոչխարը այն բազմազան ուտելիքների ու անուշահամ խմիչքների հետ, որ նախապես պատրաստել եմ տվել այս հաճելի տեսարանի համար։

Քաղաքապետն` ընդունելով հրավերը, պատվիրեց իսկույն պարգևատրել ծերունու հավատարիմ բարեկամին, որի պարտեզում պահվել էր ոչխարը, նախատինքով վռնդել տվեց որդու սուտ ընկերներին: Ներկաներն ուրախությամբ կերուխումի նստեցին, գովելով ծերունու իմաստությունն ու նրա բարեկամի հավատարմությունը։ Իսկ ծերունա որդին, ընդունելով իր սխալը, այնուհետև հրաժարվեց հացկատակ ու սուտ ընկերներից։ Եվ բոլորի հավանությամբ գրվեց այս պատմությունը՝ ի խրատ հետագա սերունդների։

ՊԱՏԱՆԻՆ ՈԻ ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱՎՈՐԸ

Մի պատանի հոր մահից հետո վատնեց նրանից մնացած ողջ ժառանգությունը, որովհետև հարբեցող էր, սիրում էր ուտել-խմել, բայց գործ բոլորովին չէր անում։ Մի օր էլ ծախսեց քսակում եղած վերջին դրամը, հարբած գնաց տուն։ Հաջորդ օրն առավոտյան անկողնուց ելնել չէր կարողանում, որովհետև բերանը սաստիկ չորացել, գլուխը ցավում էր, ինչպես սովորաբար լինում է հարբեցողներին, որ խումար են ասում։ Տանը մնացել էր միայն մի մոզի։

– Ի՞նչ անեմ, մայր իմ, ահա մեռնում եմ, – ասում է նա մորը։ – Ուզում եմ մոզին տանել շուկա վաճառելու: Ստացածս դրամը տամ գինու, խմեմ, որ ազատվեմ թմրությունից։

Որդյակ, – պատասխանեց մայրը, – քո հոր ունեցվածքից այդ հորթն է մնացել մեր տանը, ա՞յդ էլ ես ուզում դու փուչ անել։ Դու գիտես, ինչ ուզում ես, արա։ Տղան հորթը տարավ շուկա։

Այդ քաղաքում մի դատավոր կար, որ տեղացի չէր։ Դատավորի երկու ծառաները իրենց տիրոջ պետքերը հոգալու նպատակով շրջում էին շուկայում։ Նրանք տեսան պատանուն։

– Ինչո՞ւ ես ման ածում այդ այծը, – հարցնում են նրանք։

– Վաճառում եմ, – պատասխանում է տղան։ Նրանք տղային տանում են դատավորի մոտ։

– Այս պատանին այծ է վաճառում, եթե ուզում ես՝ գնիր։

– Որքա՞ն է այծիդ գինը, – գիմում է պատանուն դատավորը։

– Ով դատավոր, – ասում է տղան, – ա՞յծ է սա, թե մոզի։

– Մեզ հիմա՞ր ես կարծում, որ ցանկանում ես քո այծը վաճառել մոզու գնով, – բարկանում է դատավորը։

– Քո ասածը թող լինի, ով դատավոր, – համաձայնում է պատանին, – որքան ուզում ես, տուր։

Եվ պատանուն տալով հիսուն դրամ, նա ասում է.

– Գնա, այդ է գինը։

Մտքի մեջ ուրախանալով, որ էժան է գնել, դատավորը ծառաներին հրամայում է.

– Մորթեցե՛ք, որ ուտենք։

– Ո՛վ դատավոր, – դիմում է նրան պատանին, – խնդրում եմ քեզանից, որ թույլ տաս վերցնել պոչը։

Դատավորը կարգադրում է` տալ պատանուն հորթի պոչը։ Վերցնելով ուզածը, տղան շտապ գնում է դարբնի մոտ, պատրաստել է տալիս երկաթե փշեր ու անցկացնում մոզու պոչին։ Մի սարսափելի ու ահավոր բան՝ տեսնողների համար։ Բայց մի փոքր տեղ մազերն ազատ է թողնում, որպեսզի ճանաչվի, որ մոզու պոչ է։ Վերադառնալով տուն` մորն ասում է.

– Տո՛ւր ինձ քո բոլոր շորերը, որ պահած ունես։

– Որդյա՛կ ինչո՞ւ ես այդպես անում, – լացով բողոքում է մայրը, – քո հոր ունեցվածքը ծախեցիր կերար, այժմ սկսեցիր շորե՞րս վաճառել։

– Մի՛ վախեցիր, – հանգստացնում է նրան որդին, – ուրիշ բան եմ անելու։

Մայրը հավատաց։ Վերցնելով մոր շորերը, տղան հագնում է ու գնում կանգնում դատավորի դռան առջև: Ծառաները տեսնելով նրան չեն ճանաչում։

– Ո՛վ կին, – հարցնում են նրան, – ինչո՞ւ ես այստեղ ման գալիս, ի՞նչ ես ուզում։

– Ձեր նման գեղեցիկ երիտասարդների համար եմ եկել, – կանացի քնքշություն տալով ձայնին, պատասխանում է տղան։

– Երանի քեզ, ո՜վ կին, այսօր՝ բախտդ բերեց, – ասում են ծառաները։ – Այստեղ է ապրում քաղաքի դատավորը, նա կին չունի։ Ե՜կ, տանենք քեզ նրա մոտ, դարձիր նրա կինը ու երջանիկ կլինես։

Տղան համաձայնում է ու նրանց հետ մտնում դատավորի մոտ։

Դատավորը շատ է ուրախանում կնոջ գալու համար, ընտիր ու համեղ կերակուրներ է պատրաստել տալիս, ուտում–խմում են։ Ապա նա ծառաներին դուրս է անում տնից, որովհետև այրվում էր սիրո ցանկությունից։ Երբ առանձին են մնում, դատավորն սկսում է շշուկով խոսել աղջկա հետ։

– Սա ի՞նչ է, – հարցնում է կինը դատավորին:

– Օրենսգիրք է, – պատասխանում է դատավորը, – սրանով արդար դատաստան ենք անում խեղճերի օգտին։

Այնտեղ կար նաև մի երկաթե մամլիչ, որով պատժում էին չարագործներին։

– Սա ի՞նչ է, ով դատավոր, – մատնացույց անելով մամլիչը, հարցնում է կարծեցյալ կինը։

– Դա չարագործների համար է, եթե մեկը արժանի է ծեծի ու չարչարանքների, օրենսգրքի հիման վրա տանջում ենք նրան։

– Ինչպե՞ս է լինում, բոլորովին տեսած չկամ, – հարցնում է կինը և մեկնում իր ոտքը, իբր թե ուզում է դնել մամլիչի տակ։

– Քեզ չի կարելի, – մերժում է դատավորը, – եթե տեսնել ես ուզում, ես կդնեմ իմ ոտքերը, իսկ դու նայիր՝ լավ է, թե ոչ։

Տղան ամրացնում է դատավորի ոտքերը կոճղերի մեջ ու, ձգելով շղթան, նրան ոտքերից բարձրացնում է վեր, ինչպես անում են ավազակներին։ Այնուհետև գրպանից հանելով մոզու պոչը, հարցնում է դատավորին.

– Ճանաչում ես, ով դատավո՛ր։ Սա մոզո՞ւ պոչ է, թե այծի։

– Մոզու պոչ է, – սարսափով ասում է դատավորը։

– Իսկ ինչո՞ւ պնդեցիր, թե այծի է։ Այդպե՞ս ես դու դատաստան անում։

Ու տղան այնքան է հարվածում դատավորին, մինչև ամբողջ մարմինը կակղեցնում է։ Ապա նրան թողնում է այդ վիճակում ու հեռանում։

Հաջորդ օրն առավոտյան դատավորի դուռը դեռ փակ էր։ Ծառաները մտածեցին. «Այսօր լավ քնեց մեր դատավորը իր տիկնոջ հետ»։ Ու չուզեցին խանգարել։ Դատի համար հավաքված ամբոխն սկսեց բողոքել.

– Ո՞ւր է դատավորը, ինչո՞ւ մեզ ներս չեք թողնում։

Ծառաներն ստիպված բացեցին դուռը, մտան ներս, տեսան ոչ ոք չկա, միայն մամլիչի վրա՝ մեկը գլուխն ի վայր կախված էր։ Երբ մոտեցան, տեսան, որ դատավորն էր։

– Վա՜յ մեզ, քեզ ի՞նչ է պատահել, – երկյուղած հարցրին ծառաները։

– Ո՜վ չար սադայելներ, – նզովելով ծառաներին՝ լացակումած ասում է նա, – այդ ի՜նչ արեցիք ինձ, մոտս բերելով մոզու տիրոջը։

Ու պատմեց պատահածը։

Եվ քանի որ դատավորի շորերն ամբողջովին արյան մեջ կպել էին մարմնին, ու չէին կարողանում նրան մերկացնել, որոշեցին տանել բաղնիք։

Պատանին մի ուրիշ հնար է մտածում։ Վերցնելով դեղորայքի մանր ամաններ ու սրվակներ, իբր թե բժիշկ է, գնում է բաղնիքի դուռը։ Ծառաները դատավորին բաղնիք բերելիս տեսնում են հիվանդների բազմությամբ շրջապատված մի բժշկի։

– Ո՛վ բժիշկ, – գիմում են նրան, – շտապ արի բաղնիք և բուժիր դատավորին, քեզ մեծ հարստություն կտանք։

«Հարստությունը թող ձեզ մնա, ես գիտեմ անելիքս», – մտածում է տղան և գնալով տեսնում, որ դատավորը պառկած է արնաշաղախ։

– Ուշադիր եղիր, որ մարդ ներս չմտնի, – ասում է նա բաղնիքի տիրոջը, – մինչև որ ավարտեմ բուժումը։

Մենակ մնալով դատավորի հետ, տղան գրպանից հանում է հորթի պոչը ու հարցնում.

– Ով դատավոր, ճանաչո՞ւմ ես, սա մոզո՞ւ պոչ է, թե՞ այծի:

Դատավորը հենց որ տեսնում է պոչը, սարսափահար է լինում ու սկսում գթություն աղերսել։ Տղան, ուշադրություն չդարձնելով նրա աղաչանքներին, ուզածի չափ ծեծում է։

– Ո՛վ դատավոր, – ասում է նա, – իմացի՛ր, որ մահդ իմ ձեռքով է լինելու։

– Դատավորի մոտ կմտնեք երեք ժամից հետո, – ելնելով դուրս, կարգադրում է նա բաղնեպանին, – բուժիչ դեղեր եմ դրել մարմնի վրա, թողեք մի քիչ հանգիստ քնի, որ լավանա։

Տղան գնում է տուն։

Երեք ժամ հետո բաղնեպանն ու ծառաները մտնում են ներս իմանալու, թե ինչպես է դատավորը։ Տեսնում են, որ բաղնիքը լցված է արյամբ, իսկ դատավորը մորթված անասունի նման ընկած է հատակին։ Վերցնելով նրան, հանում են դուրս:

– Քեզ ի՞նչ պատահեց, – հարցնում են դատավորին։

– Հորթի տիրոջ պատճառով այչևս չեմ կարող մնալ այս քաղաքում, – ասում է նա ծառաներին։

Տղան, մտածելով մի ուրիշ հնար, գնում է մի ուղտապանի մոտ։

– Տո՛ւր, ինձ քո ուղտը, որպեսզի այսինչ քաղաքը գնամ, – առաջարկում է նրան։

– Որքան ուզում ես, կվճարեմ քեզ:

Առնելով ուղտը, տղան գնում է շուկա ու սպասում այնտեղ։ Տեսնելով նրան, դատավորի ծառաները ասում են.

– Կգնա՞ս այսինչ քաղաքը։ Մեր դատավորը հիվանդ է, պետք է նրան տանենք այնտեղ։

– Կգնա՛մ, – պատասխանում է տղան, – բայց ուղտի վարձը նախապես պիտի վճարեք։

Ծառաները վճարում են վարձը, դատավորին նստեցնում ուղտի վրա ու գնում, որպեսզի վերցնեն նաև ճանապարհի պաշար։ Ծառաների հեռանալուն պես, տղան սկսում է հարվածել ուղտին։ Եվ նա ճանապարհ ընկավ այնպիսի արագությամբ, որ թռչունն անգամ չէր կարող հասնել նրա ետևից։ Պատանին գնում հասնում է երկու կողմերից լեռներով շրջապատված մի անտառի, իջեցնում է դատավորին ուղտի վրայից, ցույց տալիս պոչը ու հարցնում.

– Ո՛վ դատավոր, ճանաչո՞ւմ ես, սա մոզո՞ւ պոչ է, թե այծի։

– Մեղա՛, որդյա՛կ, – ասում է դատավորը, – ներիր հանցանքներս։

– Ես քեզ ուզում եմ դատաստան անել սովորեցնել, – ասում է տղան ու ծեծում ուժգին, հասցնելով մահվան դուռը։ Այնուհետև թողնում է դատավորին ընկած, գնում է ինքը մոտակա նավահանգիստ քաղաքը։ Այնտեղ ծանոթանում է մի նավապետի հետ ու, ծովայինի զգեստ, հագնելով, դառնում նավավար։

Դատավորի ծառաները, ժամադրված վայրում չգտնելով ուղտապանին ու դատավորին, ուղտի հետքերով առաջ են ընթանում ու միայն հաջորդ օրը կարողանում են գտնել դատավորին։

– Քեզ ի՞նչ պատահեց։

Իսկ դատավորը այլևս չգիտեր, թե ի՞նչ է պատահել, որովհետև սարսափելի տանջանքներից ցնորվել էր։ Միայն կարողացավ ասել.

– Աստված ձեր դատաստանն անի, որովհետև դուք դարձաք իմ մահվան պատճառը։ Է՛լ չեմ մնա այս երկրում, որ չմեռնեմ մոզու տիրոջ ձեռքով։

Ծառաները մի ուրիշ ուղտ են գտնում ու, դատավորին նստեցնելով վրան, տանում են այն մոտակա քաղաքը, ուր գնացել էր նաև տղան: Քաղաքում դատավորին իջեցնելով մի տեղ, նրանք մեկնում են նավահանգիստ, որպեսզի նավ վարձեն ու տղայի ահից դատավորին տեղափոխեն ուրիշ երկիր։ Իսկ տղան նավահանգստում է լինջում, բայց ծառաները նրան չեն ճանաչում, որովհետև, կերպարանափոխված էր։ Սակարկելով տղայի հետ, ծառաները վճարում են վարձը ու դատավորին տեղավորում նավի վրա։

Ծառաները որոշում են գիշերել ծովափին, որովհետև նավաստիները ևս քնում էին այնտեղ։ Այդպես էլ անում են։ Իսկ նավի վրա մնում են միայն դատավորն ու մոզու տերը։ Գիշերվա կեսին մի հաջողակ քամի է ելնում, տեսնելով այդ, տղան բարձրացնում է առագաստները, ու նավն սկսում է շարժվել։ Լուսաբացին նավն արդեն ծովի կենտրոնում էր։ Տղան գրպանից հանելով պոչը, դիմում է դատավորին.

– Ո՛վ դատավոր, ի՞նչ է սա, ճանաչո՞ւմ ես, մոզո՞ւ պոչ է, թե՞ այծի։

– Մեղա՛, մեղա՛, որդյա՛կ, – ասում է դատավորը, – ներիր հանցանքներս, ողջ ունեցվածքս քեզ կտամ, միայն թե մի սպանիր։

– Հիշի՛ր այն օրը, ով դատավոր, – ասում է տղան, – երբ հորս ժառանգությունից միայն մոզին էր մնացել, ու ծանր էր վիճակս չքավորության պատճառով, բայց դու ինձ հետ արդար չվարվեցիր։ Դրա համար դարձա քո մահաբեր թշնամին։

Ու նորից հարվածելով դատավորին, տղան նետում է նրան ծովը։

– Այսուհետև, թե դատավոր լինես, արդար դատիր:

ԲԱՐԻՆ ՈԻ ՉԱՐԸ

Մի մարդ կար, անունը՝ Բարի, ուներ մի կացին, մի թի և մի փարչ։ Եվ սրա գործն այն էր, որ ճանապարհներ էր պատրաստում, որի դիմաց հաց էին տալիս, ուտում ապրում էր։ Մի ուրիշ մարդ, անունը՝ Չար, եկավ Բարու մոտ և ասաց.

– Ապրենք միասին։

– Դու գիտես, եղբա՛յր, – պատասխանեց Բարին։

Սա մի քանի օր մնաց Բարու մոտ։ Մի օր Չարը գողացավ թին ու կացինը, ջրամանը կոտրեց։ Երբ ծարավեցին ու գնացին ջրհորը ջուր խմելու: Չարը Բարուն նետեց ջրհորը, թողեց այնտեղ ու ինքը հեռացավ։

Եկան երկու քաջք, նստեցին հորի բերանն ու սկսեցին խոսել.

– Երեք տարի է, որ թագավորի աղջիկը դիվահար է եղել։ Մի հեշտ դեղ կա, որ ոչ ոք չգիտե։ Եթե մեկը երեք մազ պոկի իր գլխից և թագավորի աղջկա առջև ծխացնի, նա կլավանա։

– Յոթ կարաս ոսկի կա այսինչ տեղը պահած, – ասում է մյուսը, – մարդ որ հանի, լավ կհարստանա։

Բարին լսեց այս խոսակցությունը և մտքում պահեց։ Եկան ճանապարհորդներ ու նրան հանեցին հորից։

Բարին նախ գնաց և լավացրեց թագավորի աղջկան։ Թագավորը դստերը տվեց նրան կնության, և նա դարձավ թագավորի փեսա։ Ապա գնաց, հանեց յոթ կարաս ոսկին։ Մի օր էլ զբոսանքի ժամանակ հանդիպեց Չարին։

– Ինչպե՞ս հասար այդ հաջողությանը, – հարցրեց Չարը։

– Հորն ընկնելով, – պատասխանեց Բարին։

Եվ գնաց Չարն ընկավ ջրհորը։ Կրկին եկան այն երկու քաջքերը և նստեցին հորի բերանը։

– Այն օրը, որ զրուցեցինք այստեղ, հորի մեջ մարդ է եղել, որը գնալով՝ բուժել է թագավորի աղջկան և յոթ կարաս ոսկին էլ տարել։

Եվ ջրհորը քարով լցրեցին։

Այսպիսով, Չարը չարով կորավ, իսկ Բարին բարությամբ լցվեց։ Ով ուրիշին հոր փորի, ինքը կընկնի մեջը:

Покупайте книги и получайте бонусы в Литрес, Читай-городе и Буквоеде.

Участвовать в бонусной программе
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
130 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772468038
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:
Текст
Средний рейтинг 4,7 на основе 3 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 4,7 на основе 3 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 4,5 на основе 12 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 4,5 на основе 2 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 4 на основе 1 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 4,7 на основе 3 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 5 на основе 1 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 5 на основе 1 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 5 на основе 1 оценок
По подписке
Текст
Средний рейтинг 4,5 на основе 15 оценок