Читать книгу: «Բանաստեղծություններ»

Шрифт:

ԳԱՅԼՆ ՈԻ ԿԱՏՈԻՆ

 
Գայլն անտառից
Փախավ գեղը.
– Նեղն եմ, նեղը, —
Ասավ կատվին, —
Ասլան բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա:
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Ա՜յ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր
Պահվեմ մոտը:
( Ա՜յ ցեղակից, – գոչեց կատուն, —
Գնա մտիր Մարոյենց տուն.
Նա չափազանց բարի կին է:
– Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերե՛լ…
(Բկիդ կանգներ, լավ չես արել:
Ա՜յ Դավթի մոտ կո՞ւզես կանչեմ:
(Նրանից էլ ես կամաչեմ.
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը…
(Ո՞ւմ ասեմ էլ…
Հա՛, մեր Զաքին:
(Էս գարնանն էլ
Նրա մաքին…
(Ո՞վ մնաց էլ.
Հա՛, երեցը:
(Էս աշնանն էլ
Նրա էծը…
(Ա՜յ դու ուտես
Չոռի մեծը:
Քանի՞սն եղավ
Հի՛նգը…վե՛ցը…
Ա՜յ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է ուրիշ
Տեղ չգտա՞ր:
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե:
Ով ինչ բրթե,
Էն կխրթե:
 

ԳԱՅԼՆ ՈԻ ՇՆԵՐԸ

 
Գայլը մի օր
Տեսնում է, որ
Հովիվները դանակներով
Կտրատում են մի գեր ոչխար,
Իսկ շները լուռ, անվըրդով
Թափվել են վար,
Գռմռում չեն,
Մռմռում չեն:
Գայլը հեռվից ի՜նչ է ասում.
– Կոտորվիք դուք… ի՜նչ վայնասուն
Կհանեիք դուք խմբովի,
Թե այդ բանը ես անեի:
 

ԺԱՆՏԱԽՏ

 
Կենդանյաց մեջ խիստ ժանտախտ էր,
Չմեռնելը շատ մեծ բախտ էր:
Ճգնաժամ էր օրհասական ,
Ու ձայն տվեց առյուծ արքան.
– Կենդանինե՛ր ինչքան որ կան,
Թող հավաքվեն, գահիս մոտ գան:
Է՛, արքայի հրաման էր,
Ժանտախտի պես դաժան բան էր:
Սարսուռ ընկավ դաշտ ու անտառ,
Գազանները լեղապատառ
Մեծ ու փոքր, բազմատարազ,
Արջ ու հովազ,
Վագր ու վարազ,
Չար բորենի, աղվես ու գայլ,
Մեկ էլ էշը վսեմափայլ,
Հավաքվեցին առյուծի դեմ,
Արքան գոչեց. – Ես ձեզ հետ եմ,
Ի՜մ իշխաններ, ես լավ գիտեմ,
Որ ձեր սրտից արյուն կերթա,
Եթե բանը այսպես գնա,
Այս ժանտախտին, ականջը խուլ,
Ամբողջ ցեղով կգնանք կուլ:
Ինձ լսեցեք, բան եմ ասում.
Ո՞ւմ մեղքիցն է այսպես ցասում:
Աշխարհն առավ ցեղիս լացը,
Հա՜ վառվում է չորն ու թացը:
Եկեք, խնդրեմ, անկեղծորեն
Խոստովանենք, որըս անօրեն
Բան ենք բռնել,
Մեծ մեղք գործել:
Մեկն ես, որ ձեր գլխավորն եմ,
Տեր ամենից մեղավորն եմ.
 
 
Քանի անմեղ գառ ու ոչխար
Ուղարկել եմ մթին աշխարհ,
Ու հովվին էլ լեղապատառ
Ինչպես արել ճոթ ու պատառ:
Սա իմ մեղքն է, ճիշտն եմ ասում.
Որ բերել է այսպես ցասում:
Մեղքերն ասին արջ ու հովազ,
Չար բորենին, վագր ու վարազ
Հետո և գայլ:
Վերջը էշը վսեմափայլ
Ասավ. – Սա է միակ մեղս,
Արտի մոտով անցած տեղս,
Հակառակ է չարը բարուն,
Ես մի բերան զարկի գարուն…
Աղվեսն այստեղ՝ լսեց, լսեց,
Ոտքի կանգնեց, մի ճառ խոսեց
Այնպես արդար,
Այնպես ճարտար,
Որ պիտ հիշվի հա՛ դարեդար:
– Առեք, – ասավ, – սուլթան ու խան,
Առեք նույնպես և իմ մեղան.
Ես ամենից մեղավոր եմ,
Բայց թե կացեք տեղավորեմ.
 
 
Մեր արքան վես,
Մեր արքան հեզ,
 
 
Խոստովանեց իր մեղքը մեզ,
Բայց թե խղճով եկեք դատենք,
Մեղքը վարձքից խելքով զատենք:
Լինի արքա՝
Սովա՞ ծ ման գա,
Չուտե ոչխա՞ր…
Փուլ գաս, աշխարհ…
Ո՜չ, տեր արքա,
Ինչ ոչխար կա,
Քեզ է տրված փայ ու բաժին,
Այ, ինչ ասեմ ես այն գժին,
Այն անտաշին,
Կոպիտ էշին,
Գարու կանաչ արտը պոկե,
Մեղքն ու վարձքը նա չջոկե
Ու մեր ցեղին այսպես պատժե,
Չէ՜ , պետք է դա կյանքով տուժե…
Տեղից թռան գազանները,
Դունչն ու թաթիկ լիզանները,
Խելոք էշին գետին դրին,
Քթից բերին կերած գարին:
 

ԱՆԾԵՂՆ ՈԻ ԱՌՅՈԻԾԸ

 
Սպանվել էր
Մայր առյուծի
Կորյունը,
Մռնչում էր
Սրտի ցավից,
Աչքը կոխած
Արյունը:
Մռնչում էր,
Քրտինքի մեջ
Փրփրում,
Ժանիքներով
Ու ճանկերով
Չոր գետինը
Փորփրում:
Մին էլ ծառից
Մի մայր անծեղ
Ասավ. – Տիկի՜ն
Ազնվացեղ,
Հլա խոսքը
Մեր մեջ մնա,
Բա էն լա՞վ է,
Որ անխնա
Դու լափում ես
Այլոց ձագեր,
Ոտդ եկավ.
Ա՜յ արնակեր:
 

ԱՐՄԱՏՆԵՐՆ ՈԻ ՏԵՐԵՎՆԵՐԸ

 
Տերևները ծառի ծերին
Ասում էին զեփյուռներին.
– Բա էս հովտի արդն ու զարդը
Մենք չե՞նք ու մեր խիտ սաղարթը,
Ի՞նչ կլիներ ծառի հալը,
Թե չլիներ մեր հով տալը:
Ամռան շոգին,
Ամռան տաքին
Էս ծառի մոտ ո՞վ կգա, ո՞վ,
Թե որ չտանք մենք հով ու զով:
Արշալույսին,
Վերջալույսին
Մեր մեջ սոխակն երգ չէր ասի,
Դուք, զեփյուռնե՜ր,
Համասփյուռնե՜ր,
Մեզ հետ անուշ չէիք խոսի:
– Բաժին չունե՞նք այդ պարծանքից, —
Ձայներ եկան ծառի տակից:
– Ո՞վ է, – ասին տերևները:
– Այդպես բազմած վերևները,
Բա դուք իսկի չե՞ք ամաչում,
Որ մեզ երբեք չեք ճանաչում:
Ձեր ծնունդը՝
Ձեր սնունդը՝
Գարուն գալիս
Ո՞վ է տալիս:
Մենք այս ծառի արմատներն ենք,
Ձեր ու ծառի գլխի տերն ենք:
Ինչ եք, ինչ չեք,
Կանչեցեք,
Բայց այս բանը լավ իմացեք.
Տերևներն են գնացական,
Արմատները մնացական,
Արմատները որ չորանան,
Ծառ ու տերև ո՞ւր կմնան:
 

ԳՅՈԻՂԱՑԻՆ ՈԻ ԾԱՌԸ

 
Փայտահատ Մոսին
Կացինը ուսին
Մտավ անտառ:
 
 
– Հո՜գիս, – ասավ նրան մի ծառ, —
Դալար մնան քո կոները,
Կացինըդ ա՜ռ, էս ծառերը
Իմ բոլորից ջարդի՜ր զատ-զատ,
Ինձ չեն թողնում բուսնեմ ազատ,
Տես՝ կապել են գլխիս կամար,
Արև չկա խեղճիս համար,
Էս մթան մեջ խոնավ, նեխված,
Արմատներիս տեղը նեղված,
Ինչպես կարող եմ զորանալ,
Շրջակայքի զարդը դառնալ:
 
 
Կացինն առավ փայտահատ Մոսին,
Հա՜ էս ծառին, հա՜ էն մյուսին,
 
 
Ծառի շուրջը լայն ու արձակ
Մի տեղ բացեց, շատ ընդարձակ:
Բայց խնդումը շատ չտևեց,
Էն լավ օրին վատն հետևեց.
Հա՜ արևը ծառը մրկեց.
Հա՜ կարկուտը ճյուղքին զարկեց,
Ու մի օր էլ քամին սաստիկ
Կոտրեց ծառը չարաբաստիկ:
 

ՔԱՄԻՆ ՈԻ ՄԺԵՂԸ

 
Արևը անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
 
 
Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
– Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձաձ խոտը զուր կորչի:
 

ՓԱՅՏԱՀԱՏՆ ՈԻ ՄԱՀԸ

 
Ծերն հազալով, կղտալով,
Թույլ ծնկներին զոռ տալով,
Մեջքից ցախը վեր առավ,
Նստեց վրան՝ սուգ արավ.
 
 
– Ես տուն ունեմ,
Դուռ չունի,
Թոնիր ունեմ,
Խուփ չունի,
Ձյունն է ծածկել դռնակս,
Փայտն է մաշկել կռնակս.
Ես ծեր… անցած,
Տնով քաղցած,
Հա՜ մերկ, հա՜ զուրկ,
Տալիք ու տուրք,
Խարջ ու խարաճ,
Լեզուս է կարճ…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ…
Ո՞ւր ես, սև մահ…
Էսպես ապրո՞ւստ:
Մին էլ պուպուստ,
Մահը թե՝ հա,
Ծերուկ, ի՞նչ կա…
 
 
– Արևդ վկա,
Ոչինչ չկա…
Ճաքած լեղին,
Մոմից դեղին,
Կմկմալով,
Լեզվին տալով,
Ծերուկն ասավ.
– Մինը չկար,
Որ էս փայտը
Շալակս տար:
Ապրես, տեսա՞ր,
Ինչ շուտ հասար:
Բան մի կարծի,
Փայտն ինձ բարձի,
Դու ետ դարձի:
 

ՀԻՎԱՆԴ ԵՂՋԵՐՈԻՆ

 
Թավ անտառում,
Իր խոր այրում
Հիվանդացավ մի եղջերու:
Եղջերուներ՝ էգ թե արու,
Խիստ կարեկից
Դուռ ու դրկից,
Հորքուր, մորքուր
Հեզահամբույր,
Գորովագութ,
Սկսեցին մի ելումուտ.
Եկան հանդես,
Հիվանդատես,
Եվ խնամիչ,
Եվ սփոփիչ:
 
 
Հետևանքը՝ հիմա տես ինչ.
Գալ-գնալով այնքան բերան
Խեղճի պաշարն այնպես կերան,
Որ նախ այրը մնաց դատարկ,
Հենց թափ տված մի ալրապարկ:
Հետո որտեղ ոտ կոխեցին,
Չոր կրծեցին
Անցած ճամփին՝ կանաչ, թուփ, ծառ,
Մինչև վերջին փուշն և մացառ:
Երբ ամեն ինչ չոր-չորացավ,
Շրջապատում վերջ-վերջացավ,
Խեղճ եղջերվին,
Լավի լավին,
Էն անմեղին,
Մեջքը հողին,
Դունչը կողին,
Սոված թողին:
Իրենք փախան, փախան անհետ,
Անվերադարձ, էլ չեկան ետ:
Կես ամիսն էլ չլրացավ,
Ցավի վրա եկավ նոր ցավ:
Երբ չմնաց ուտելու բան,
Փրկիչ սովը չոքեց դռան:
Ու ձայն տվավ, – Այ, ջա՛ն-ջանի՜կ,
Զահել-ջիվան ի մ ջեյրանիկ,
Գետնին գերի,
Վե՜ր կաց, արի,
Ու թաքնվիր,
Ա՛յ գալիս են հոքիր… մոքիր…
Խեղճ եղջերուն,
Երբ լսեց անուն-անուն,
Որ չտեսնի երես-երես
Էլ նրանց պես
Հոքիր, մոքիր հիվանդատես,
Հոքիր, մոքիր՝ աչերը խուփ,
Սիրով փարվեց սովին ընդհուպ:
 
Возрастное ограничение:
12+
Дата выхода на Литрес:
26 июня 2017
Объем:
6 стр. 1 иллюстрация
ISBN:
9781772466874
Правообладатель:
Aegitas
Формат скачивания:

Похожие книги