Бесплатно

Հեքիաթներ

Текст
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Шрифт:Меньше АаБольше Аа

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում:

Հուսահատված, մի օր նա վեր կացավ, թե` պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ:

Ճանապարհին մի գայլ պատահեց.

– Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում, – հարցրեց գայլը:

– Գնում եմ աստծու մոտ, – պատասխանեց աղքատը, – դարդ ունեմ ասելու:

– Դե որ գնաս աստծու մոտ, – խնդրեց գայլը, – ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՜ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես` ինչո՞ւ չես կերակուր հասցնում:

– Լա՜վ, – ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը:

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա:

– Ո՞ւր ես գնում, ախպեր, – հարցրեց աղջիկը:

– Գնում եմ աստծու մոտ:

– Երբ որ աստծուն տեսնես, – աղաչեց սիրուն աղջիկը, – ասա այսպիսի մի աղջիկ կա` ջահել, առողջ, հարուստ – բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան – ինչ պիտի լինի նրա ճարը:

– Կասեմ. – խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր:

– Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ, – հարցրեց չոր ծառը:

– Գնում եմ աստծու մոտ:

– Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ, – խնդրեց չոր ծառը, – աստծուն կասես, այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ:

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը:

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն: Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը:

– Բարի օր, – ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին:

– Բարով եկար, – պատասխանեց աստված, – ի՞նչ ես ուզում:

– Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում էն:

– Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր, – ասաց աստված:

– Էլ բան ունեմ ասելու, տե՛ր, – ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը:

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ:

Վերադարձին պատահեց չոր ծառին:

– Ինձ համար ի՞նչ ասաց աստված, – հարցրեց չոր ծառը:

Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ, – պատմեց մարդը:

Էլ ո՞ւր ես գնում. արի՜ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ:

– Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ, – պատասխանեց աղքատը, – աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, – ասաց ու գնաց:

Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

– Ի՞նչ լուր բերիր ինձ համար:

– Աստված ասաց` դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես:

– Դե որ այդպես է, արի՜ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, – թախանձեց աղջիկը ճամփորդին:

– Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, – ասաց աղքատն ու հեռացավ:

ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց:

– Հը, աստված ի՞նչ ասաց:

– Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե` ինչո՞ւ է գարուն-ամառ չոր: Աստծուն պատմեցի, ասաց. – աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի–կբախտավորվի, ծառին էլ ասա` քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես: Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե` ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր: Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ:

– Իսկ ինձ համար ի՜նչ ասաց աստված, – հարցրեց սոված գայլը:

– Քեզ համար էլ ասաց` սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս:

– Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ, – ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում մի պառավ: Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի:

Մի աղվես գալիս է, գլուխը կախում կաթի ամանը, ուտում:

Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում:

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.

– Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմըցեմ, գնամ ըկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էի:

Պառավն ասում է.

– Դե գնա իմ կաթը բեր:

Աղվեսը գնում է կովի մոտ:

– Կովիկ, կովիկ, կա՜թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, ոը ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Կովն ասում է.

– Դե գնա ինձ համար խոտ բեր: Աղվեսը գնում է արտի մոտ:

Արտիկ, արտիկ, խո՜տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կըցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Արտն ասում է.

– Դե գնա ինձ համար ջուր բեր:

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ:

– Աղբյուր, աղբյուր, ջո՜ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Աղբյուրն ասում է.

– Դե գնա կուժ բեր:

Աղվեսը գնում է աղջկա մոտ:

– Աղջիկ, աղջիկ, կուժդ տար, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Աղջիկն ասում է.

– Դե գնա ուլունք բեր ինձ համար:

Աղվեսը գնում է չարչու մոտ:

– Չարչի, չարչի, ուլո՜ւնք տար, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ, աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Չարչին ասում է.

– Դե գնա ինձ համար ձու բեր:

Աղվեսը գնում է հավի մոտ:

– Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Հավն ասում է.

– Դե գնա ինձ համար կուտ բեր:

Աղվեսը գնում է կալվորի մոտ:

– Կալվոր, կալվոր, կո՜ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմըցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս: Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմըցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում:

ՈԻԼԻԿԸ

Խոր անտառում մի այծ է լինում: Ունենում է մի գեղեցիկ ուլ:

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու: Արածում է ու իրիկունը կուրծքը լիքը տուն է գալի: Տուն է գալի, դուռը զարկում ու մկըկում, էսպես կանչում.

 
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար
Դռնակը բա՜ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:
 

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում: Մայրը ծիծ է տալի նրան ու կրկին գնում արոտ:

Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը: Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում.

 
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՜ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:
 

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում.

«Էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում: Իմ մայրը էդպես չի կանչում: Նա քաղցր ու բարակ ձայն ունի: Քու ձայնը կոշտ է ու կոպիտ: Դուռը բաց չե՛մ անի… Գնա՛… Չեմ ուզում քեզ…»

Ու գայլը հեռանում է, գնում:

Գալիս է մայրը, դուռը ծեծում.

 
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարե սար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ.
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:
 

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում.

– Գիտես, մայրի՜կ, ինչ եղավ: Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր.

 
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ:
 

Ասում էր` դուռը բա՜ց արա: Էնպես հաստ ձայն ունե՛ր: Էնպե՛ս վախե՛ցա, էնպե՛ս վախե՛ցա… Դուռը բաց չարի, ասի`չեմ ուզում, գնա՛…

– Պա՜, պա՜, պա՜, պա՜, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել, – ասավ վախեցած մայրը: – Էդ գայլն է եղել. եկել է, որ քեզ ուտի: Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես. ասա` գնա՛, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով:

ԾԻՏԸ

Լինում է, չի լինում մի ծիտ:

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է` մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է.

– Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

 

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում:

Ծիտը գնում է, ետ գալի, թե` իմ փուշը ետ տուր ինձ:

Պառավն ասում է.

– Փուշը թոնիրն եմ գցել:

Ծիտը կանգնում է, թե`

– Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս կթռչեմ:

Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշն առնում է թռչում:

Գնում է տեսնում` մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.

– Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում: Ա՛յ լոշը ա՜ռ, կաթնի մեջ բրդի՜, կե՜ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` լոշս տուր:

Հովիվն ասում է.

– Կերա:

– Չէ՛, – ասում է, – իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ:

Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է թռչում:

Գնում է տեսնում` մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն:

Ասում է. – Ի՞նչ եք մոլորել: Ա՜յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի, թե` իմ գառը տվեք:

Ասում են. – Մորթել ենք կերել, ո՞րտեղից տանք:

Նա կանգնում է, թե` չէ, իմ գառը տալիս եք` տվեք, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:

Ու հարսին առնում է թոչում:

Գնում է, գնում. գնում է տեսնում` մի աշուղ մի ճամփով գնում է:

Ասում է. – Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:

Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե` իմ հարսը ինձ տուր:

Աշուղը ասում է. – Հարսը գնաց իրենց տուն:

Սա թե` չէ, իմ հարսը տուր, թե չէ` դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ:

Աշուղը սազը տալիս է իրեն:

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճըտվըտալով երգել.

 
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սագիկ առա,
Սագիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՛վ, ծի՛վ:
 

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնաց, հեքիաթն էլ վերջացավ:

ՃԱՄՓՈՐԴՆԵՐ

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր:

– Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա, – հարցրեց վերևից բակում պառկած շանը:

– Ես էլ չգիտեմ, – պատասխանեց Քուչին:

– Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք. արի՛ գնանք մի տեսնենք` աշխարհումս ինչ կա, ինչ չկա:

Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան:

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին:

Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո՛ւ:

Մի աղվես լսեց աքլորի ձայնը:

– Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՛յ լավ նախաճաշիկ, – մտածեց աղվեսը ու վազեց:

– Բարի՛ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը:

– Գնում ենք աշխարհ տեսնելու, – պատասխանեց աքլորը:

– Օ՛, ինչ լավ բան եք մտածել, – խոսեց աղվեսը: – Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի: Ինչ լավ էր` պատահեցինք: Դե՛, ցած արի, որ չուշանանք:

– Ես համաձայն եմ, – ասավ աքլորը. – տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ` գնանք:

– Ո՞րտեղ է ընկերդ:

– Էն թփի տակին:

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը», – մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ:

– Կա՛ց, աղվե՜ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի, – ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու: Ընկավ մի գյուղ: Տեսավ` այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում:

– Ախտե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք:

– Կացինն ի՞նչ բան է, – հարցրին գյուղացիք:

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը: Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ ձայն տվին իրար.

– Տո՛, եկե՛ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ:

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան:

Կացինը առան, որ հերթով կոտորեն իրենց փայտը:

Առաջին օրը տանուտերը տարավ: Կացինը վրա բերավ թե չէ` ոտը կտրեց: Գոռալով ընկավ գյուղամեջ:

– Տո՛, եկե՜ք, եկե՜ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց:

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել: Ծեծեցին, տեսան` բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին:

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց: Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան` կացինը կարմրել է: Գոռացին.

– Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք` ոնց է կարմրել. որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի: Ի՞նչ անենք:

Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն:

Տարան գցեցին տանուտերի մարագը: Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ` կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ:

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից թե` «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»:

Другие книги автора

Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»