Читать книгу: «Պատմվածքներ»
ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ
Ա
Դեկտեմբեր ամսի ցուրտ օրերից մեկն էր: Դեռ վաղ առավոտ լինելով՝ ամբողջ քաղաքը պատված էր մշուշով: Քամին անընդհատ փչելով փոթորկում էր յուր հետ տան կտուրների վրա դիզված ձյունը, որի սառած հատիկները զարնրվելով երբեմն փակված պատուհանների ապակիներին, մեղմ հնչյուններ էին հանում: Սառուցակապ փողոցների մեջ անցուդարձ գրեթե չկար. միայն երբեմն – երբեմն, նրանց այս ու այն ծայրում, սևին էին տալիս եկեղեցին շտապող բարեպաշտ ծերունին կամ պառավը, որոնց միօրինակ ու համբաքայլ ընթացքը մերթ ընդհատվում էր նրանց երկաթագամ քոշերի՝ սառույցի վրա սահելուց: Եվ այս շատ անգամ վերջանում էր նրանով, որ բարեպաշտ պառավը ակամա նստում էր ճանապարհի մեջտեղը և դժգոհելով անիծում յուր քոշերը գամող դարբնին:
Քաղաքի մի ետ ընկած փողոցում, որ գլխավորապես աղքատների բնակատեղին էր, գտնվում էր մի տնակ: Ամբողջ գիշերը հակառակ սովորականին, ճրագը վառվում էր այդտեղ: Այդ հանգամանքը կարող էր հետաքրքրել դրացիներին, բայց եղանակի վատթարության և գիշերվան մառախուղի պատճառով այդ նրանցից աննկատելի մնաց: Միայն առավոտյան պահուն, երբ Խաթուն մայրիկը՝ թաղի ամենաբարի պառավը, եկեղեցին գնալու ժամանակ անցավ տնակի մոտից, շատ զարմացավ, երբ ոսկերիչ Գրիգորի ճրագը վառ գտավ: Սա մոտենալով բակի դռանը նայեց նրա ծերպերից տեսնելու համար, թե բակում անցուդարձ կա՞ արդյոք: Բայց որքան մեծ եղավ նրա երկյուղը, երբ տան ներսից լսվեցավ կանացի լացի մի ողորմելի ձայն: Պառավը պատրաստվում էր դուռը բախելու, երբ բակից նրա ականջին զարկավ մի ուրիշ աղիողորմ մրմունջ. «Ախ, աստված, դարձյալ ծեծում»:
Բարի պառավը երկար չսպասեց: Նա ձեռքը ձգեց դռան մուրճը զարնելու, բայց դուռը մուրճ չուներ: Սկսավ քար որոնել գետնի վերա, բայց գետինը սառած լինելով նա այդ ցանկությանն էլ չհասավ: Վերջապես հանեց ոտքի քոչերից մեկը և նրանով սկսավ ամուր – ամուր բախել դուռը:
Դուռը իսկույն բացվեցավ: Պառավի առաջ արձանացավ մի տասնևհինգամյա գեղահասակ աղջիկ: Նրա դեմքը դրսի ցրտությունից դալկացել էր, և արտասուքը սառել այլագունված այտերի վերա:
– Մանիշա՛կ, այս ժամին ի՞նչ ես շինում այս ցրտի մեջ, – եղավ պառավի առաջին հարցը:
Մանիշակը հեկեկալով ընկավ պառավի պարանոցով և ոչինչ չկարողացավ պատասխանել:
– Աղջիկ, ի՞նչ եղավ քեզ. ի՞նչ է պատահել, խոսիր տեսնեմ:
– Ի՞նչ խոսեմ, մայրիկ, միթե չգիտե՞ս. էլի մորս ծեծում է, – պատասխանեց նա, և հեկեկանքը խեղդեց խեղճ աղջկա ձայնը:
Պառավը հասկացավ իսկույն, թե բանը ինչումն էր:
– Իսկ դու ինչո՞ւ այս ցրտի մեջ կանգնած ես, – հարցրավ նա:
– Ես կամեցա մորս ազատել նրա ձեռքից (աղջիկը խոսում էր յուր հոր համար), իսկ նա ուժով դուրս հրեց ինձ և դուռը վերաս կողպեց: Չորս ժամ է, որ այս ցրտում կանգնած եմ ես, բոլոր մարմինս սառել է…
Վերջին բառերը արտասանելիս թշվառ աղջկա աչքերից աղբյուրի պես արտասուքը վազել սկսավ:
Բարի պառավի զայրույթը հասավ իր վերջին աստիճանին: Նա այլևս հարցեր չարավ Մանիշակից, այլ նրա ձեռքից բռնելով արագ – արագ մոտեցավ տան դռանը և ոտքովը ամուր զարնել սկսավ:
– Բա՛ց դուռը, – գոչեց հրամայող ձայնով:
– Ո՞վ է, – ներսից լսվեցավ ոսկերիչ Գրիգորի ձայնը:
– Աչքդ հանողը, անզգա՛մ, դուռը բա՛ց, – զայրացած կրկնեց պառավը:
Տանուտերը ճանաչեց յուր հայտնի դրացուհուն: Նա դուռը թողեց փակ և հեռացավ ուրիշ սենյակ: Պառավը կրկնեց յուր հարվածները:
– Բա՛ց, ասում եմ, անզգա՛մ, թե չէ կերթամ բոլոր ժամավորներին այստեղ կհավաքեմ,
Տանուտերը այս սպառնալիքից վախեցավ և շտապեց դուռը բանալու:
Պառավը ներս մտավ Մանիշակի ձեռքից բռնած: Նրա աչքերի առաջ ներկայացավ մի աղետալի տեսարան: Տանտիկինը արտասվաթոր աչքերով և արյունոտ երեսով ընկած էր սենյակի մի անկյունը և հեծեծում էր անգութ ամուսնուց ստացած հարվածներից: Երկու փոքրիկ երեխաներ կիսամերկ անկողնից ելած` բռնած էին մոր ծնկներից. մի ուրիշ, նրանցից ավելի հասակավոր տղա երեխա հիվանդ նստած էր յուր անկողնի մեջ և լալիս էր:
Երեխաները իրանց ծանոթ և սիրելի պառավին տեսնելով, մոռացան հոր երկյուղը և կարծես նրա մեջ իրանց պաշտպանը գտնելով, իսկույն ցատկեցին տեղից և վազեցին դեպի նա. «Խաթուն մայրիկ տե՛ս պապան որքան է ծեծել մայրիկին, ասա, որ էլ չծեծի, ախար խեղճ է…»:
Երեխաների գանգատը, որ փոքրիկ սրտերի հուսահատ ապստամբության ծնունդ էր, այնքան սրտաշարժ էր, որ պառավի արտասուքը շարժեցին:
– Տո անաստված, – դարձավ նա կատաղի զայրույթով դեպի տանուտերը, – հերիք տանջես այդ խեղճ կնոջը. այդ ինչ օրի ես հասցրել դրան, բա դու չե՞ս խղճում այդ երեխաներին. ասենք սիրտդ քար է կտրել, խո ականջներդ էլ չե՞ն խլացել, խո աչքերդ էլ չե՞ն կուրացել, խո լսո՞ւմ ես այս ողորմելիների լացն ու կոծը, տեսնո՞ւմ ես նրանց արտասունքը: Տո՛ անգութ…
– Լա՛վ լա՛վ, Խաթուն մայրիկ, – խոսքը կտրեց տանուտերը, – մի երկարացնիլ. ի՞նչ ես ուզում ասել, ինչո՞ւ համար այս ժամին մտել ես իմ տունը: Եվ եթե մտել ես, ի՞նչ իրավունքով հայհոյում ես ինձ: Ես գիտեմ իմ կինը ու երեխաները, խո դու չես նրանց հաց ու ջուր տվողը…
– Դու հաց ու ջուրը չես տալիս մեզ, անաստված, – ողորմելի ձայնով ընդհատեց նրան կինը, – քո տվածը թույն ու լեղի է…
– Ձայնդ կտրի՛ր, – գոռաց ամուսինը դեպի նա դառնալով:
– Քո ձայնն էլ աստված կտրի, – մրմնջաց կինը և լռեց:
Պառավը տեսնելով ոսկերիչի անողոք կատաղությունը, մոտեցավ կնոջը, բռնեց նրա ձեռքից, «վեր կաց, Մարիամ» ասաց նրան հրամայողական ձայնով, «վեր կաց, երեխաներիդ հավաքիր գնանք իմ տունը, այս գազանի մոտ մի մնաք»:
– Ախ, Խաթուն մայրիկ, – հեծծաց Մարիամը թույլ ձայնով, – դորանով խո ամեն բան չէ՞ վերջանում:
– Վեր կաց, ասում եմ քեզ, – կրկնեց պառավը:
– Վեր կաց, մայրիկ, վեր կաց գնանք Խաթունենց տուն այստեղ վախենում ենք, – թախանձեցին երեխաները:
– Կորեք այստեղից, – գոռաց հայրը, հրացայտ աչքերը երեխաների վերա սևեռելով: Երեխաները սարսափով ետ քաշվեցան, և նրանցից յուրաքանչյուրը կծկվեցավ մի անկյունում:
– Դու էլ վեր կաց գնա քո տունը, պառավ, – դարձավ նա դեպի Խաթունը, – իմ կինը քո կարեկցության պետք չունի, վեր կաց գնա:
– Վեր կենամ գնա՞մ, – հարցրավ պառավը բարկությունից դողացող ձայնով, գնամ, որ էլի գազանությունդ գործ դնես այս խեղճերի վերա: Չէ՛, դու այլևս արժանի չես այս երեխաներին ու այս կնոջը տեր լինելու, նրանց մենք կպահենք, դու բուի նման միայնակ պիտի մնաս այստեղ մինչև որ ինքդ քո գլուխդ ուտես:
Այս ասելով Խաթունը դարձավ դեպի Մարիամը.
– Այ կին, վեր կաց, ասում եմ, առ երեխաներդ, գնանք այստեղից:
– Ոչ ոք երկյուղից չշարժվեցավ: Տանուտերը սպառնալից դեմքով մոտեցավ Խաթունին և բռնելով նրա ձեռքից՝ ուժով քաշեց դեպի դուռը.
– Դո՛ւրս գնա, ասում եմ քեզ, դո՛ւրս գնա…
Պառավը շատ աշխատեցավ ընդդիմանալ, սակայն նրա թույլ ուժը չօգնեց յուր ցանկության: Տանուտերը նրան դուրս հանեց և դուռը ետևից փակեց:
Այդ բանի վրա Մարիամը և երեխաները սկսան լալ եւ աղիողորմ ճիչեր արձակել, կարծես թե իրանց միակ պաշտպանը կորուսին:
Եվ այս թշվառություններից ամենամեծն է. երբ կինը յուր կողակցի և որդիքը իրանց հոր դեմ օտարի պաշտպանությունն են խնդրում:
Պառավը բռնի դուրս հանվելով, զայրացած վազեց դեպի եկեղեցին, որը այնտեղին շատ մոտ էր: Ժամասացությունը արդեն վերջացել էր, և ժամավորները դուրս էին գալիս: Նա կանգնեց բակի մեջ և աղաղակեց, «Այ մարդուկ, այստեղ ամուսինը յուր կնոջը սպանում է, ի սեր աստծո, եկեք ազատեցեք»:
Այս աղաղակը ցնցեց ժամավորներին: Նրանք պատեցին իսկույն պառավի շուրջը: «Ո՞վ է, ո՞ւր է, ցույց տուր» ամեն տեղից գոչում էին: «Եկեք և ինքներդ տեսեք», պատասխանեց պառավը և առաջ անցավ շտապով, իսկ ժողովուրդը իրար վերախռնվելով հետևում էր նրան:
Մի քառորդ ժամից բոլոր եկեղեցին գրեթե ժողովվել էր, ոսկերիչի բակը: Մի քանիսի խնդրանոք Խաթունը համառոտ պատմեց, թե բանը ինչումն էր: Այնուհետև ամբոխի միջից ավելի տաք գլուխները գոռում գոչումով սկսան տան դուռը բախել: Ոսկերիչը այս խայտառակությունից ավելի համառված ոչ մի կերպ չհամարձակվեցավ դուռը բանալու: Ամբոխի խառնաշփոթ ձայնը ավելի վախեցրավ ներսը գտնվող երեխաներին, որոնք իրանց բոլոր ուժով սկսան գոռալ:
Նրանց լացի ձայնը և հոր համառությունը ավելի և ավելի գրգռում էր ամբոխի զայրութը: Այս տեսնելով վարպետ Սարգիսը, Խաթունի ծերունի, բայց դեռ ուժեղ մարդը, դուրս եկավ ամբոխի միջից և մոտենալով փակված դռանը հրամայաբար կանչեց. «Գրիգո՛ր, բա՛ց դուռը»: Գրիգորը թեպետ ճանաչեց ոսկերիչների համայնքի գլխավոր – վարպետ Սարգսի ձայնը, բայց դարձյալ դուռը չբացավ: Վարպետ Սարգիսը մի փոքր սպասելուց հետո հրամայեց յուր մոտը կանգնող երիտասարդներին, «Տղայք, դուռը կոտրեցե՛ք»: Երկու ուժգին հարվածների առաջ դռան փականքը կոտրվեցավ, և դուռը ճռնչալով բացվեցավ: Ամբոխը հետաքրքիր և զայրացած կամենում էր ներս խուժել, բայց նրան արգելեցին մի քանի առաջավոր մարդիկ և իրանք պառավի հետ ներս մտան:
– Ահա այս մարդն է, որ սպանում է յուր կնոջը, – այս ասելով Խաթունը ցույց տվավ ոսկերիչին, որը սպառնացող դեմքով կանգնած էր ներս մտնողների դիմացը: – Ամբողջ գիշերը ծեծել է նրան, – շարունակեց Խաթունը, – և մեկը չէ գտնվել, որ թշվառ զոհին ազատե դրա ձեռքից: Այս խեղճ աղջիկն էլ կամեցել է յուր մորը պաշտպանել, նրան էլ դուրս է արել և դուռը վերան փակել: Բոլոր գիշերը անցրել է սա դուրսը ցրտում:
Այս ասելով բռնեց նա Մանիշակի ձեռքից, որը ամոթահար կծկվել էր սենյակի մի անկյունում, և նրան առաջ քաշելով շարունակեց, «Նայեցեք սրա գույնին, նայեցեք, կարծես գերեզմանից դուրս հանած լինի: Եթե մի փոքր էլ ուշանայի, խեղճ աղջիկը դրսումը պիտի սառչեր»:
Խաթունի պատմածները վերին աստիճանի գրգռեցին վարպետ Սարգսին: Նա մոտեցավ ոսկերիչին և բարկացած ձայնով գոչեց. «Այ մարդ, ի՞նչ ես ուզում այս խեղճ կնոջից, ինչու ես ծեծում նրան»:
Ոսկերիչը ոչինչ չպատասխանեց:
– Քույրիկ, ինչու՞ համար սա ծեծում էր քեզ, – դարձավ նա դեպի կինը մեղմ ձայնով:
Համայնքի գլխավորը բոլոր արհեստավորների ընտանիքում ընդունվում է իբրև հայր, ուստի Մարիամը չքաշվեցավ նրա մոտ բացարձակ խոսելու: Նա պատասխանեց,
– Վարպետ, ձեզ հայտնի է, որ դա ամբողջ չորս տարի է, որ լութերական է դարձել, և ամբողջ չորս տարի է, որ ինձ տանջում է: Ամեն մի եկեղեցի գնալովս, ամեն մի քահանա իմ տանը ընդունելովս, ամեն մի սուրբի դիմելովս մի մեծ խռովություն է ձգել տան մեջ: Էլ նախատինք, էլ հայհոյանք չէ մնացել, որ դա իմ գլխին չթափեր: Եվ ահա մի քանի ամիս է, որ սովորել է ծեծել:
– Բայց այս գիշեր իսկապես քեզ ինչու՞ համար էր ծեծում, – հարցրավ վարպետ Սարգիսը:
– Տեսնո՞ւմ եք, որ երեխաս հիվանդ է, – ամենայն պարզությամբ շարունակեց Մարիամը, ցույց տալով անկողնի մեջ նստած հիվանդ երեխային, – երեկ մոմ – հալող Վարդին բերի երեխայիս սրտին մոմ հալելու. նա ասաց, որ երեխայի հիվանդությունը խաչիցն է: Դորա համար էլ ես էլ մի գառն ունեինք, վերցրի երեկ և մատաղ արի մեր սուրբին: Երբ դա երեկոյան տուն դառնալով այդ բանը իմացավ, գազանի պես կատաղեց: Ամբողջ երկու ժամ նախատինքներ ու հայհոյանքներ թափեց իմ գլխին, երբ ես էլ համբերությունից դուրս գալով սկսա միևնույն կերպով պատասխանել իրեն, նա սկսավ անողորմաբար ծեծել ինձ… և ծեծեց ամբողջ գիշերը… – այստեղ արտասուքը խեղդեցին խեղճ Մարիամի ձայնը և նա այլևս չկարողացավ շարունակել:
Բայց նրա պատմածները ներկա գտնվողները լսելով չէին կարողանում զսպել իրանց զայրույթը: Նրանցից մի քանիսը մինչև անգամ փորձ փորձեցին ոսկերիչին ծեծելու, բայց վարպետ Սարգիսը բոլորին էլ արգելեց, և դառնալով դեպի յուր կինը
– Խաթուն, – ասաց նրան, – վեր առ Մարիամին և երեխաներին և տար մեր տուն, այս մարդը այլևս դրանց տիրություն անելու չէ. այսուհետև մենք պետք է դրանց պահպանենք և հույս ունեմ, որ ավելի լավ կպահպանենք:
– Ինչու չէ, մեր աչքերի լույսի պես, – պատասխանեց բարի Խաթունը, – մի ժամ առաջ ես նույնն էի կամենում անել, բայց այդ անզգամը ինձ տանից դուրս արավ:
Այս ասելով նա մոտեցավ Մարիամին և ձեռքից բռնելով բարձրացրավ նրան:
– Աշոտ, – դարձավ վարպետ Սարգիսը դեպի յուրը որդին, որը մոտը կանգնած էր, – այս հիվանդ երեխային յուր անկողնով միասին գրկիր և տուն տար: Դուք էլ գնացեք, – դարձավ նա դեպի Մանիշակը և երկու փոքրիկ տղաները, – ձեզանից ոչ ոք թող չմնա այս տանը:
Բոլորը հնազանդվեցան վարպետ Սարգսի հրամանին: Նրանք պատրաստվում էին դուրս գնալ դռնից, երբ ոսկերիչը նրանց առաջ բռնելով գոչեց.
– Ո՞ւր եք կորչում:
– Չգիտե՞ս ուր, – բարկությամբ մոտեցավ նրան վարպետ Սարգիսը և թևիցը բռնելով ուժգին քաշեց դեպի ինքը:
Խաթունը մի ակնթարթումը Մարիամին ու երեխաներին դուրս հանեց տանից: Ոսկերիչը այս տեսնելով ավելի եւս կատաղեց.
– Իմ կնոջը և երեխաներին համարձակվում եք ինձանից խլե՞լ, – գոռաց նա վարպետ Սարգսի վրա:
Սարգիսը ոչինչ չպատասխանեց: Նա մի շեշտակի ապտակ տվավ ոսկերիչին, որից սա գլորվեցավ:
– Տղայք, – դարձավ ապա վարպետը դեպի ներկա եղող երիտասարդները, – կապեցեք դրա ձեռները և վերցրեք գավառապետի մոտ տանելու:
Մի քանի երիտասարդներ իսկույն կապեցին ոսկերիչի ձեռները և դուրս հանելով նրան փողոցը, բռնեցին գավառապետի տան ճանապարհը:
Բոլոր ամբոխը հետևեց նրանց:
Բ
Երջանկությունը, որին մարդիկ շատ փոքր են ճանաչում և որին ընդհանրապես հարուստների ապարանքներում են որոնում, հաճախ յուր բոլոր կատարելությամբ գտնվում է այն անշուք տնակներում, որոնց մենք թշվառների կացարան ենք անվանում: Ապրիլ արդար վաստակով, ճանաչել չափավորություն և գիտենալ գոհ լինել յուր ունեցածով, ահա երջանիկ լինելու առաջին պայմանները: Այս պարզ ճշմարտությունը ճանաչելու համար պետք է այցելել մեր այն գավառական քաղաքները, ուր տակավին զեխությունը լուսավորության անվամբ, չէ եղծել նահապետական կյանքի պարզությունը և ուր անծանոթ է դեռ միշտ զեխության ընկեր արտաքուստ փայլող թշվառությունը: Այն քաղաքը, ուր նախընթաց գլխում նկարագրված դեպքը տեղի ունեցավ, երբեմն շատ այսպիսի երջանիկներ ուներ յուր մեջ: Նրանց թվին պատկանում էր և ոսկերիչ Գրիգորի ընտանիքը:
Ով որ չորս կամ հինգ տարի առաջ ծանոթ է եղել այդ ընտանյաց հետ, նա կհաստատե այս վկայությունը:
Գրիգորը դեռ քսան և երկու տարեկան երիտասարդ՝ յուր ունեցած ձիրքերով մեծ անուն հանեց ոսկերչության արհեստի մեջ: Նրա ձեռացագործները մեծ գին ունեին քաղաքում և գրեթե միշտ մեծամեծների սեփականությունն էին կազմում: Տփխիսի թանգարանը այցելողը կտեսնե այսօր էլ այդ շնորհալի արհեստավորի ձեռքերի ճարտարությունը:
Գրիգորը յուր այդ երիտասարդ հասակում ամուսնացավ Մարիամի հետ, որը յուր պես որբ լինելով, ապրում էր յուր մորեղբայրների մոտ: Նա գեղեցկությամբ այնքան գրավիչ էր և բարվոք այնքան պարկեշտ, որ նրա որբությունը Գրիգորի կողմից ի նկատի չառնվեցավ, մինչդեռ այդ հանգամանքը շատ անգամ նպաստում է գավառացի աղջկա ամուսնական անհաջողության, որովհետև փեսաները այդտեղ անշուշտ ցանկանում են աներ և զոքանչ ունենալ, հակառակ դեպքում այդ պակասությունը շատ զգալի է լինում նրանց համար: Բայց Գրիգորը այդ բոլոր պակասության լրումը գտնում էր Մարիամի մեջ: Մի կին, որ ամենայն խանդաղատանոք սիրում էր յուր ամուսնուն և յուր բոլոր ուրախությունը և կյանքը որոնում էր միմիայն նորա մեջ, մի՞թե այսպիսի մի գանձ չէ, որ լցնում է ամենայն տեսակ բարյաց պակասությունները: Եվ ահա ինչու նրանք ապրում էին ուրախ և երջանիկ, որովհետև ապրում էին միմյանց համար: Գրիգորը ամբողջ օրր գործում էր խանութում և երեկոյան դառնում էր տուն, գոհ յուր օրվա աշխատանքից և ուրախ յուր ամուսինը տեսնելու համար: Մարիամը դիմավորում էր նրան միշտ անուշ ժպիտը երեսին: Երիտասարդական սիրո խանդաղատանքը, այս ժայռերի քաղաքում, նկատվում է իբրև մեղկության նշան, և շատ հազիվ է պատահում, որ փեսան կարողանա գեթ յուր մոր կամ քրոջ ներկայությամբ յուր նորատի հարսին համբուրել, բայց երիտասարդ ոսկերիչի և յուր Մարիամի սերը այնքան վառ և բորբոքված էր որ նրանք չէին կարողանում համարձակ չանել այդ: Չնայելով, որ ոսկերիչի մեծ մորաքույրը, Թագուհի տատը, որ անորդի պառաված լինելով մնում էր յուր քեռորդոց տանը, միշտ խրատում էր նրանց՝ այդպես չվարվել, որովհետև դրացիները կարող էին այդ բանը տեսնել և նրանց բամբասել, այսուամենայնիվ ոսկերիչն ու յուր կինը միշտ մնում էին միևնույնը:
Թագուհի տատը շատ անգամ նրանց այդ, ըստ յուր կարծյաց, ներելի հանցանքից դարձնելու համար պատմում է յուր երիտասարդական կյանքի պատմությունից այնպիսի կտորներ, որոնք յուր կարծիքով մեծ ազդեցություն կարող էին անել ամոլների բարքի վերա: Օրինակ նա պատմում էր, որ մի անգամ յուր ամուսինը շուկայից դարձավ տուն աղլուխով միսը ձեռքին, բայց դեռ բակը չմտած, փողոցից կանչեցին նրան: Եվ որովհետև այդ միջոցին ինքը գտնվում էր բակի մեջ ամուսինը միսը յուր ձեռքը տվավ և դուրս գնաց:
– Երևակայեցեք, – շարունակում էր Թագուհի տատը, – միսը ես տուն բերի, բայց սկեսուրս երբ իմացավ, որ ամուսինս յուր բերած միսը ուղղակի իմ ձեռքն է տվել, նա այն մսից մի կտոր անգամ չկերավ և մի ամբողջ շաբաթ ինձանից և յուր որդուց՝ հանգուցյալ Ղազարից, խռով մնաց:
Այս և սրա նման խրատական օրինակներ շատ էր բերում Թագուհի տատը քանի որ նա կենդանի էր, բայց Գրիգորի և Մարիամի վրա, ինչպես ասեցինք, ոչինչ ազդեցություն չէին կարողանում անել: Երկու նորատի ամուսինները սիրում էին միմյանց այնպես, ինչպես հրամայում էր նրանց բնությունը և ինչպես կամենում է բանաստեղծը:
Այսպես քանի որ նրանք որդի չունեին, ապրում էին իբրև ամենախանդակաթ ամուսիններ: Իսկ երբ մի երկու տարուց ետ ծնավ նրանց Մանիշակը, նրանց սիրո անդրանիկ պտուղը, նրանք սովորեցին ապրել և իբրև կատարյալ ծնողներ: Գրիգորը յուր արհեստի շնորհիվ լավ վաստակ ուներ և նրա կեսը այժմ կարողանում էր խնայել ապագայի համար: Մարիամը քիչ չէր օգնում նրան այդ խնայողության գործի մեջ: Նրանց այս երջանիկ դրության վրա անցան և մի քանի տարիներ, և նրանք ունեցան դարձյալ երեք տղա զավակներ: Նրանցից յուրաքանչյուրի աշխարհ գալովն նորանոր ուրախություններ էին ավելանում նրանց համար: Մյուս կողմից էլ հետզհետե բարվոքվում էր նրանց նյութական վիճակը: Գրիգորը յուր ամուսնության տասներեքերորդ տարում, յուր և ամուսնու խնայողության շնորհիվ, արդեն ուներ մի երեք, հազար ռուբլի, մի գումար, որ արհեստավորի համար հարստություն է համարվում:
Այժմ նրանց ոչինչ չէր պակասում: Երկու ամուսինները շատ անգամ նայում էին իրանց շուրջը, և երբ տեսնում էին հրեշտակի պես գեղեցիկ մետասանամյա դուստրը, երեք սիրուն և կայտառ տղաները և այս բոլորի հետ հիշում էին իրանց անկարոտ վիճակը հրճվում և փառք էին տալիս աստծուն: Ամբողջ 13 տարի նրանց ամուսնությունից ետ դեռ մի դժգոհություն կամ գժտություն չէր խռովել նրանց ընտանեկան խաղաղությունը և երկու ամոլներից ոչ մեկի անախորժ վարմունքը չէր կնճռել մյուսի ճակատը:
Դրացիները երանում էին նրանց, և ով որ ճանաչում էր մանավանդ նրանց առտնին կյանքը, համոզվում էր, որ նրանք երջանիկ էին…
Բայց, կարծես թե այդ երջանկությունը հասել էր յուր կյանքի լրման, և նա տեղի պիտի տար իրանից միշտ անբաժան, բայց և միշտ ատելի ընկերին` թշվառությանը:
187… թվականի հունվար առաջին օրն էր: Այդ օրը մեր երջանիկ ամուսինները ողջունում էին իրանց ամուսնության տասն և չորրորդ տարին: Կեսօրին մոտ էր: Գրիգորը վերջացնելով յուր նոր տարվա առթիվ տված այցելությունները դարձավ տուն: Նախընթաց օրը տեղի ունեցած պայմանադրության համաձայն, այսօր Գրիգորի մոտ պետք է ճաշեին յուր համարվեստ բարեկամները: Մարիամը բոլոր հարկ եղած պատրաստությունները տեսել էր յուր ամուսնու հյուրերին պատվելու համար: Չնայելով, որ օրը պահոց էր, այնուամենայնիվ նրա խոհանոցը արտադրել էր կերակուրների մի քանի տեսակները: Մի քանի աննշան պակասություններ էլ Գրիգորի արած նկատողություններով լրացան, և այժմ նրանք անհամբեր սպասում էին հյուրերի գալստյան:
Կեսօրը լրացավ թե չէ, Գրիգորի բարեկամները խոսելով ու ծիծաղելով խմբովին ներս թափվեցան տան բակը: Սրանք բոլորն էլ հոգվո ամենաուրախ տրամադրության մեջ էին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը յուր այցելությանց ժամանակ առնվազն մի հինգ բաժակ օղի վայելած էր: Կենաց ջրի այնպիսի մի քանակությունը բավական է արհեստավորին մոռացնելու տալու աշխարհի մեջ թշվառությունների գոյությունը:
– Գրիգոր, քեզ համար մի նոր հյուր եմ բերել, – զվարթ ձայնով կանչեց նրա արհեստակիցներից մեկը:
– Գլխիս վերա տեղ ունի, Կարո ջան, որքան շատ, այնքան լավ, – պատասխանեց Գրիգորը:
– Գլխիդ վերա տեղ չկա, գլուխդ քեզ լինի, սենյակիդ մեջ տեղ տուր մեզ, – ծիծաղելով պատասխանեց Կարոն և ներկայացրավ նրան յուր բերած հյուրին:
Գրիգորը սեղմեց երկուսի ձեռները:
– Գրիգոր ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, – մոտենալով հարցրավ նրան մի կարճահասակ և թխադեմ երիտասարդ:
– Ի՞նչպես չէ, մեր կնքահորենց Ավետիքն է, ինչու՞ չճանաչեմ:
– Տեսա՞ր, որ չճանաչեցիր:
– Ի՞նչպես թե չճանաչեցի, աչքերս խո գրավ չեմ դրել,
– Իհարկե չճանաչեցիր, խմբի միջից ձայն տվավ վարպետ Օհանեսը, որի գլուխը բավականին մեծ ծավալ էր բռնում յուր ուսերի վերա:
– Եղբայրներ, եթե մեզանից մեկը հարբած է, այդ ես չեմ, դուք էլ գիտեք որ ես օղի չեմ խմում, – պատասխանեց Գրիգորը մի փոքր վրդովված:
– Ինչ եք կռվում, – մեջ մտավ քթատ Համբարձումը, որին կարճ քիթ ունենալուն համար այդ անունով էին կոչում, – երեքդ էլ միմյանց չեք հասկանում: Եղբայր, – դարձավ նա դեպի Գրիգորը, հաշտեցուցիչ, համոզիչ ձայնով, – դու գիտես, որ մեր Կարոն լութերական է, էհ, Ավետիքն էլ սրա վարժապետն է: Հիմա սրանք որ հարցնում են, թե ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, կամենում են ասել՝ գիտե՞ս, որ նա սրա վարժապետն է թե՛ չէ, ահա սրանց հարցի միտքը, այժմ հասկացա՞ր:
– Իհարկե հասկացա դեհ այդպես խոսեցեք է, հերօրհնածներ:
– Վահ, չպե՞տք է շնորհք ունենան այդպես խոսելու համար, – կրկնեց քթատ Համբարձումը ինքնաբավական ծիծաղով,
– Խոսք չկա, շնորհքդ էլ այնքան մեծ է, որքան քիթդ, – կցեց վարպետ Օհաննեսը ծիծաղելով:
– Իսկ քոնն էլ երևի այնքան է մեծ, որքան գլուխդ, – կրկնեց Համբարձումը, և ծիծաղը ընդհանրացավ խմբի մեջ:
– Բավակա՛ն է, բարեկամներս, – ձայն տվավ Գրիգորը, – ճաշի ժամանակ է, ո՞ւր եք այդքան երկար կանգնում այդ ցրտի մեջ: Ներս հրամեցեք, սեղանը ձեզ է սպասում:
– Այս ասելով նա առաջ անցավ, և հյուրերը հետևեցին նրան:
Բավականին ընդարձակ սենյակը, որ պատրաստած էր հյուրերի համար, փայլում էր մաքրությամբ, երեք երկար գույնզգույն գորգեր, որոնք ծածկած էին սենյակի հատակը, երկու սեղաններ, մի քանի աթոռներ և մի հնատարազ հայելի լրացնում էին սենյակի պարզ զարդարանքը: Հյուրերի համար գորգերի վերա զուգահեռական դիրքով ձգված էին երկու երկար օթոցներ, որոնք ծառայում էին աթոռների փոխարեն և որոնց վերածալապատիկ շարվեցան մեր հյուրերը:
Փոքր ժամանակից ետ Մանիշակը ներս մտավ յուր հոր աշակերտ Աշոտի հետ, յուրաքանչյուրի ձեռքը մի – մի սկուտեղ զանազան պնակներով: Նրանք միասին տարածեցին կապույտ ծաղկենկար սփռոցը հյուրերի առաջ, կարգավորեցին նախաճաշի պնակները, գինու շշերը և ապա հետզհետե ներս էին բերում կերակրի բաժինները: Արհեստավոր դասը առհասարակ ծառա չէ ունենում, նրա տանը հերթով օգնում են յուր արհեստի աշակերտները: Այսօր հերթը Աշոտինն էր, որի հայրը՝ վարպետ Սարգիսը, նույնպես հրավիրված էր այսօր ոսկերիչի տանը:
Վարպետ Սարգիսը տեսնելով, թե ինչ սիրով սպասավորում էին հյուրերին երկու հասակակից երեխաները, երկար նրանց դիտելուց ետ դարձավ դեպի տանուտերը.
– Գրիգոր, – ասաց նրան, – մեր արհեստակիցների ներկայությամբ ես մի խնդիր եմ առաջարկելու քեզ, պետք է ընդունես:
– Հրամայի՛ր, վարպետ, – պատրաստ եմ կարողությանս չափ քեզ ծառայելու, – համեստությամբ պատասխանեց Գրիգորը:
– Օրհնյալ լինես, ուրեմն լսիր, ես կամենում եմ, որ քո Մանիշակը իմ Աշոտի հարսնացուն լինի, և հենց այսօրվանից մենք խնամիներ դառնանք: Իմ Աշոտը 14 տարեկան է, քո Մանիշակը 11 – ից ավելի չէ, 5 թե 6 տարիից հետո մենք, եթե կենդանի մնանք, նրանց կպսակենք: Ի՞նչ կասեք, տղայք, դարձավ նա դեպի հյուրերը, վատ առաջարկություն խո չեմ անում,
– Աստված շնորհավոր անի, – գոչեցին հյուրերը միաբերան, – մենք մեր կողմից հոժար ենք:
– Դուք որ հոժար եք, ես ի՞նչ խոսք ունեմ, – պատասխանեց Գրիգորը քաղցրությամբ և սեղմեց վարպետ Սարգսի ձեռքը, որ նա պարզել էր դեպի իրեն:
– Ապա մա՞յրը, – մեջ մտավ կնքահորենց Ավետիքը, որը ըստ երևույթին կանանց դատը պաշտպանողներից էր:
– Մայրը ինձ հետ միշտ համաձայն կլինի, իմ և նրա կամքը մեկ է, – պատասխանեց Գրիգորը:
– Ուրեմն առաջին բաժակը կդատարկենք Մանիշակի և Աշոտի կենացը, – գոչեցին հյուրերը միանգամայն և դատարկեցին բաժակները:
Մի ապագա ամուսնության դաշը կռված էր: Եվ որովհետև նա համայնքի կամքովն էր, ուրեմն և անքակտելի էր:
Սեղանի վրա հետզհետե բարդվում էին կերակուրները, գինու բաժակները արդեն սովորական արագությամբ պտտվում էին, և ուրախությունը սկսել էր դառնալ հասարակաց:
– Զարմանալի սովորություն կա ձեր մեջ, – խոսել սկսավ կնքահորենց Ավետիքը, – երբ հավաքվում եք մի տեղ ուրախանալու, անպատճառ կամ պետք է մի տղայի նշանեք կամ մի աղջկա, մեծ լինի թե մանուկ բնավ ուշադրություն չեք դարձնում: Լավ, դիցուք թե տղան ես եմ, մեծացա ու աղջկանը չսիրեցի, կամ աղջիկը յուր կողմից սկսեց ատել տղային, այն ժամանակ խո զոռով չեք կարող ամուսնացնել: Եթե անենք էլ՝ նրանց կթշվառացնեք:
– Աստծո ողորմությամբ մինչև այսօր այդպիսի բան չէ պատահել, պարոն Ավետիք, – մեջ մտավ վարպետ Սարգիսը, – եթե աստվածդ կսիրես բարի բանի մեջ քար մի գցիլ:
– Ինչո՞ւ եմ քար գցում, ես ձեր վատ սովորության վրա եմ խոսում:
– Եղբայր, այստեղ ոչինչ վատություն չկա, – մեջ մտավ մյուս կողմից քթատ Համբարձումը, – ուրախության տեղն էլ ուրախ բաների վերա կմտածեն, կխոսեն, էլ ուրիշ ինչ պիտի անեն:
– Ի՛հարկե, ի՛հարկե, – գոչեցին շատ տեղերից հյուրերը: Համբարձումը իրավունք ունի, էլ ուրիշ ինչ պիտի անենք:
– Որ այդպես է Համբարձումի կենացը, – կանչեց վարպետ Օհաննեսը, որը յուր համայնքից ցմահ անփոփոխ մատռվակ էր ընտրված: – Համբարձումի կենացը, – կրկնեցին հյուրերը և դատարկեցին բաժակները:
Համբարձումը ինքն իրեն հրճվում էր, որ յուր նշանավոր նկատողությամբը արժանացավ հասարակության առանձին ուշադրությանը: Բայց Ավետիքը տեսնելով, որ ճիշտ յուր որսի տեղն է ընկել, շահավոր չէր համարում լռել, ուստի նորեն սկսավ խոսել:
– Պարոն Համբարձում, դուք սխալվում եք կարծելով, որ ուրախության տեղը միշտ դատարկ ուրախություն պետք է անենք: Ընդհակառակն, ամեն մի ուրախության տեղ ամենից առաջ մի ավելի լավ բան կա անելու և առաջ այն պիտի անենք:
– Ի՞նչ բան, – հետաքրքրությամբ հարցրավ Համբարձումը:
– Այն, որ առաջ այս սեղանը և կերակուրները մեզ պարգևող «տիրոջ» անունը հիշենք: – Այս ասելով նա մատը բարձրացրավ դեպի երկինքը:
– Իրավունք ունիք, եղբայր, – հաղթված ձայնով գոչեցին հյուրերը, – ախար մենք հացի նստանք առանց սեղանը օրհնելու:
– Այ, այ, այ, – դժգոհությամբ գլուխը շարժեց վարպետ Սարգիսը, և սկսավ օրհնել սեղանը:
«Անուն Հոր և Որթոր և Հոգույն Սրբոյ: Հայր մեր որ կինըս սուրբ եղեցի անուան քո երգեսցե արքավություն քո եղիցեն կամք քո որպես երկիրս և երկրե. զհարս մեզ հանապազ զորթ տուր մեզ այսօր, և թող մեր զպարտս մեզ, որպես թողունք մերոց պարտապանաց, և մի տանիլ ի մեզ ի Փորձություն, այլ փրկեա միզի չարեն, զի քո է արքայություն և զորություն և փառք հավիտյանս հավիտենիս, ամեն»: Վարպետ Սարգիսը յուր աղոթքը վերջացնելուց ետ հանդիսավոր կերպով խաչ հանեց երեսին, որին հետևեցին և բոլոր հյուրերը բացի Ավետիքից և Կարոյից: Բայց այս բանը նրանց բախտից հյուրերից ոչ ոք չտեսավ:
– Դեհ, տիրոջ անունն էլ տվինք, այժմ խո կարող ենք ազատ ուրախություն անել, – դարձավ Համբարձումը Ավետիքին:
– Ես ձեր ուրախությունը բնավ չեմ արգելում: Ես ասացի «տիրոջ» անունն էլ պիտի հիշենք…
– Բա չհիշեցի՞նք:
– Դուք միայն տերունական աղոթքն ասեցիք, և այդ ձեր պարտքն էր, որ մոռացել էիք, այլ իմ պահանջածս ուրիշ էր:
– Ո՞րն է, ո՞րը:
– Հա, ո՞րն է ձեր պահանջածը, ասա, այս րոպեին կատարել տամ, – հանգստաբար գոչեց վարպետ և մատռվակ Օհաննեսը:
– Այ թե ինչ:
– Հա, տեսնենք ի՞նչ է ասում ֆարմասոնը, – զվարճությամբ կրկնեցին մի քանի հյուրեր գինու բաժակները ձախ ձեռքով բռնած ի պատիվ նրա:
Ավետիքը պատրաստվում էր բերանը բանալ թե չէ.
– Սպասի՛ր, – սեղանի մյուս ծայրից խոսաց մի ճաղատ գլուխ, – եթե ասելու ես գինի մի խմեք, այժմենից զգուշացնում եմ քեզ, որ չխոսաս:
– Հա, հա, իրավ է ասում, – կրկնեցին ձախ ձեռքով բաժակ կրողները:
Ավետիքը տեսնում էր, որ դիտմամբ իրեն խանգարում էին, բայց քարոզչի համար այդ տեսակ արգելքները նշանակություն ունեին:
– Սիրելի եղբայրներ, – սկսավ Ավետիքը, – դուք գիտեք…
– «Եղբայրներ» մի՛ ասիր մեզ թե աստվածդ կսիրես, – իսկույն խոսքը կտրեց Համբարձումը:
– Ի՞նչպես, ապա մենք բոլորս էլ «եղբայրներ» չէնք, – զարմացմամբ հարցրավ Ավետիքը:
– Ոչ, քեզ հետ «եղբայրներ» չենք:
– Տո, ի՞նչ ես հիմար – հիմար դուրս տալիս, – Համբարձումի վրա զարմացավ մատռվակը, – թող մարդը խոսի, ասենք ի՞նչ է խոսում է:
– Ի՛հարկե, – վրա բերավ մեզ ծանոթ ճաղատ գլուխը, որի քիթը շատ խմելուց սմբուլի (պատիրջանի) գույն էր ստացել, – թող խոսի գուցե աստված գլխին խռովում է ու մի լավ բան է ասում:
– Ախր դու չգիտես, վարպետ Օհաննես, – իրան արդարցնում էր Համբարձումը, – սրանք իրանց լութերականներին են «եղբայր» կանչում, մենք էլ խո լութերական չենք:
Ավետիքը Համբարձումի այս բացատրությանը պատասխանեց միայն մի ժպիտով:
– Այ թե ի՞նչ են սովորեցնում ձեզ ձեր քահանաները, – հանդարտությամբ շարունակեց Ավետիքը խոսքը՝ ուղղելով մյուսներին: – Աստծու տված «եղբայր» բառն էլ չեն ուզում, որ արտասանեք, ու հազար ու մի նշանակություն են տալիս նրան:
– Հոգուդ մեղք ես անում, պարոն Ավետիք, – խոսքը կտրեց վարպետ Սարգիսը, – մեր քահանան, որ տեր – Արիստակեսն է, այդպես բան ասած չունի, հոգի ունեմ տալու աստծուն:
– Այդ միևնույնն է, այդ չէ ասում, բայց դրա նման շատ բաներ է ասում: Զորօրինակ նա ասում է՝ «Աստծու տված յուղն ու պանիրն մի ուտեք, որովհետև պաս է»: Այս էլ միևնույն չէ՞:
– Օհ, դրանով ի՞նչ եք ուզում ասել, պ. Ավետիք, – ծանրությամբ հարցրավ վարպետ Սարգիսը, – հապա խոսելով պահք էլ չպահե՞նք:
– Պահք ի՞հարկե պետք է պահեք, որովհետև տերն ասում է՝ «Այս դևը ոչ մի բանով դուրս չի գալ, բայց միայն պահքով ու աղոթքով»: Բայց պահքը, որ լսել եք այն չէ ինչ որ դուք եք պահում, կամ ինչ որ ձեր քահանաներն են քարոզում:
– Ախր չասացի, թե դրան մի բառ եթե թույլ տաք խոսելու, հազարն էլ հետո կխոսի, – անհամբերությամբ ներս ընկավ Համբարձումը:
– Տո անպիտան, քեզ չասացի, որ լռիր, տեսնենք մարդը ինչ է խոսում, – բարկացավ նրա վրա մատռվակը:
– Իմ կարծիքով, – խոսեց Ավետիքը, – Համբարձումը մեզ խառնում է նրա համար, որ գինի խմելը դադարեցրել եք: Ես ձեզ խորհուրդ կտամ պ. մատռվակ, որ նրան միանվագ 3 բաժակ գինի տաք խմելու, իբր պատիժ:
Մատռվակը հրամայեց, և Համբարձումի մոտիկ ընկերը երեք բաժակ լցնելով առաջարկեց նրան: Վերջինս ներքին բավականությամբ և արտաքին դժգոհությամբ երեք բաժակները դատարկեց:
Ավետիքի խարդախությունը ոչ ոք չիմացավ: Նա կամենում էր յուր հակառակորդին հարբեցնելով թուլացնել, որը որքան էլ հիմարաբար էր խոսում, դարձյալ իրեն խանգարում էր: Բայց սխալվեցավ:
– Այժմ կարող եք խոսալ, ես կլռեմ, – հայտարարեց Համբարձումը բաժակները դատարկելուց ետ:
– Հա, – սկսավ Ավետիքը, – այն էի ասում, թե քահանաները ուղիղ պահք պահելը չսովորեցնելով՝ ձեզ խաբում ու մոլորեցնում են:
– Հիմա այստեղ ես ի՞նչպես դիմանամ, – գլուխը շարժելով խոսեց ինքն իրեն Համբարձումը, – հիմա էլ մեր քահանաներին խաբեբա է անվանում:
– Հարգելի պարոն Համբարձում, – խոնարհ ձայնով դարձավ Ավետիքը դեպի նրան, – դուք դարձյալ դժգոհություն եք ցույց տալիս, ես տեսնում եմ, որ դուք շատ նուրբ հասկացողություն ունիք և ինձ շուտով կբռնեք. թողեք խոսեմ. եթե սխալ կգտնեք խոսածիս մեջ, կարող եք ինձ լռեցնել:
Սա երկրորդ զենքն էր:
Այս խոնարհ խոսակցության եղանակը Համբարձումի ինքնասիրությունը գգվեց, և նա խոստացավ լռել: Ավետիքը սկսավ:
– Եթե ես ասում եմ թե ձեր քահանաները ձեզ մոլորեցնում են սխալ ճանապարհներ տանելով, դուք նեղանում եք: Տեսեք. դուք միշտ միմյանց հայհոյում եք, բամբասում եք, զրպարտում եք, թշնամություն եք անում, միմյանց տուն քանդում եք, բայց այս բոլորի համար ձեր քահանան ձեզ չի ասում, թե մեղք է, մի անեք, այդ բանից պահք պահեցեք, այլ ընդհակառակը յուղ ու միս ուտելից է ձեզ զգուշացնում: Սա մոլորեցնել չէ՞: Այստեղ յուղով փլավի տեղ` ձեթով եք ուտում, իսկ այնտեղ գնում ընկեր – ընկերի միս ուտում. սա ինչի՞ նման է:
– Ես իմ աստվածը շատ լավ է ասում պարոն Ավետիքը, – ընդհատեց նրան մատռվակը, – վայ մեր մեղացը:
– Հա, ի՞նչ խոսք ունիս սրան, պարոն Համբարձում, – հարցրավ նրան տանուտեր Գրիգորը, որին ըստ երևույթին շատ դուր էին գալիս Ավետիքի խոսքերը, – սուտ է ասում թե՞ ճշմարիտ:
– Ես ի՞նչ գիտեմ, սուտ է ասում թե ճշմարիտ, – կես բարկությամբ պատասխանեց Համբարձումը, – պետք է մեր վարժապետ Հարությունը այստեղ լիներ, որ դրա խոսածների միտքը իմանար: Այսքան գիտեմ, որ դա յուր կյանքում ոչինչ լավ բան չի խոսիլ. ինչ էլ խոսի` մեր սուրբ հավատի հակառակ է:
– Այո, – շարունակեց Ավետիքը, բնավ ուշադրություն չդարձնելով Համբարձումի խոսածներին, – ձեր մեջ հազարավոր պակասություններ կան, որոնց չեն ուզում ուղղել ձեր քահանաները, որովհետև նրանք չեն ուզում ձեր աչքերը բանալ: Ձեզ խավարի մեջ պահելով իրանք միշտ ավելի կշահվին: Ձեր մեջ հարյուրավոր ընտանիք քաղցից մեռնում են, դուք նրանց չեք մոտենում, նրանց կարեկից չեք լինում, նրանց ցավերը չեք մեղմում, և այդ բանի համար ձեր քահանան ձեզ ոչինչ չի հիշեցնում, որովհետև եթե սխալվի և հիշեցնի իհարկե յուր բաժինը դուք կտաք այն խեղճերին: Այսպես, ձեր հոգևոր հայրերը ձեզ հետ ամեն բան հաշվով են գործում, և իրանց օգուտի համար ձեր հոգիները դժոխքի բաժին են դարձնում:
Ավետիքի այս խոսքերը լուռ լսում էին բոլոր հյուրերը, միայն Համբարձումի համար յուր լռությունը շատ երկար թվաց: Նա քարոզչին ընդհատեց:
– Դե բավական է, ի սեր աստծո, այստեղ ժամ չե՞ս շինելու, քարոզ ունիս, գնա քո «եղբայրներիդ» քարոզիր:
– Դու էլ իմ «եղբայրն» ես, հարգելի պարոն Համբարձում, ուստի…
– Աստված ոչ անե, որ ես քո «եղբայրը» լինեմ, այն ժամանակ ես էլ քեզ նման մի անամոթ մարդ կլինեմ:
– Համբարձում, – հրամայող ձայնով դարձավ նրան տանտեր Գրիգորը, – ինչու համար հայհոյում ես իմ հյուրին:
– Շատ լավ եմ անում, եթե դու էլ քո հյուրի քարոզներին հավանում ես, գնա նրա աղոթարանը, քեզ էլ այնտեղ ֆարմասոն կմկրտեն:
Ավետիքը հրճվում էր Համբարձումի կոպտությունները տեսնելով տանտիրոջ հետ, որովհետև համոզված էր, որ դրանով վերջինս յուր կողմը կանցնի: Բայց կամենալով մատռվակին էլ գրգռել, ասաց.
– Զարմանում եմ, որ պարոն մատռվակի ներկայությամբ այդ Համբարձումը կարողանում է այսպես անպատիժ անկարգություններ անել. միթե մենք բոլորս էլ այժմ նրա խոնարհ հպատակները չենք:
– Ո՞վ է այդ խռովարարը, պետք է դուրս հանենք այստեղից, – կարծես քնից արթնացած գոչեց մատռվակը:
– Այո՛, այո՛, պետք է դուրս հանել, – գոչեցին մի քանի տեղերից հյուրերը և միաբերան հաստատեցին, որ խռովարարը Համբարձումն է: Ուստի մատռվակի հրամանով զոռով դուրս հանեցին նրան մյուս սենյակը և ստիպեցին, որ քնե ու հանգստանա: Չնայելով, որ խեղճ Համբարձումը կաշվից դուրս էր գալիս համոզելու համար, որ ինքը չէ խռովարարը, այլ այն ֆարմասոնն է, որ ուր մտնում է երկպառակություն և բաժանումն է գցում, այսուամենայնիվ նրա ճիգը զուր, անցավ, սենյակի դուռը վերան փակվեցավ և նա ստիպված էր ժողովի վճիռը կատարելու համար կամա – ակամա այդտեղ քնանալու:
Քարոզիչը այժմ ազատ շունչ քաշեց:
– Ահա սիրելի եղբայրներս, – նորեն սկսավ նա խոսել` երբ խռովարարը մեջտեղից բարձվեցավ, – ձեր հոգևոր հայրերը այսպես են խնամում իրենց հանձնված հոտի անդամները: Դուք մեզ ավետարանական ու ֆարմասոն անվանելով մեզ վրա ծիծաղում եք, բայց մեր «եղբայրների» մեջ այստեղ խռովարար մարդիկներ չեն կարող գտնիլ, նրանք միշտ հեզ են, ողորմած, աղքատասեր, միով բանիվ այնպես՝ ինչպես հրամայում է նրանց լինել մեր Տերը: Եվ մենք մեր Տիրոջ սուրբ կամքից երբեք չենք շեղվում:
Այնուհետև քարոզիչը նորեն դարձավ պասին, սուրբերին, պատկերներին և մեր եկեղեցու զանազան արարողությանց և ծեսերին: Երկար ու բարակ խոսեց և ըստ կամաց հազար ու մի սուտ ու սխալ բացատրություններ տվավ այդ ամենի համար: Հետո նա յուր կարծիքով այնքան պակասություններ գտավ մեր հոգևոր հայրերի մեջ, այնքան թերություններ մեր կրոնի և եկեղեցու մեջ, որ յուր ունկնդիրներից մի քանիսին, ի միջիայլոց և ոսկերիչ Գրիգորին, համոզեց, որ իրանք բոլորն էլ մոլորյալ ոչխարներ են, արդեն դժոխքի համար պատրաստված, որովհետև արքայություն մտնելու համար նորեն պետք է «եղբայրություն» ընդունեին, այլապես անհնար էր:
Քարոզիչը յուր բոլոր խոսակցության ժամանակ աշխատում էր խեղճ և տգետ արհեստավորների առաջ այնպիսի բաներ խոսել, որոնց հետ վերջիններս շատ ծանոթ էին, և որովհետև այդ խեղճ մարդիկը նրա ասածների միմիայն երեսն էին տեսնում, առանց խորը թափանցել կարողանալու և մանավանդ, որ սա կրկնում էր մեր այն թերությունների մասին, որոնց մենք ինքներս շատ անգամ հարվածում ենք, այս հանգամանքը մանավանդ օգնում էր, որ մի քանիսը բոլորովին հափշտակվել էին յուրմով: Ինչ վերաբերում է ոսկերիչ Գրիգորին նա սրան երկնքից իջած էր համարում: Հյուրերից հասակավորները միայն գինու առատությունից թմրել և լսելու ու հասկանալու անընդունակ էին դարձել, մյուս բոլոր երիտասարդները արդեն բավական խմորվել էին:
Ավետիքի զգացած ուրախությանը չափ չկար: Նա խոսելուց և քարոզելուց այն ժամանակ դադարեց, երբ ճրագները ներս բերին: Այնուհետև հյուրերի ցրվելու ժամանակն էր: Երբ հերթը եկավ Ավետիքին՝ նա վերկենալով հայտարարեց, որ այսուհետև կաշխատե շուտ – շուտ տեսնվիլ յուր այս օրվա բարեկամների հետ, որոնց նմաններին նա դեռ պատահած՝ չէր, ինչպես ասում էր, և կխոսի «հոգեշահ» բաների վրա: Ոսկերիչ Գրիգորը և յուր մի քանի ընկերները ուրախություն հայտնեցին նրա «հոգեշահ» քարոզներին ներկա գտնվելու ուր և լինի:
Բայց քարոզչի աշակերտ Կարոն ավելի լավ բան առաջարկեց, այսինքն վաղը երեկոյան ժողովվել յուր տանը ընթրիքի: Ներկա եղողները պարտավորվեցան բոլորն էլ այնտեղ գտնվիլ մի ուրիշ ժամում և միմյանց «բարի գիշեր» մաղթելով հեռացան:
Գրիգորը հյուրերին ճանապարհ դրավ մինչև բակի դուռը: Երբ դարձավ տուն, Մարիամին գտավ շատ տխուր և առանձնացած սենյակի մի անկյունը:
– Մարիամ, ինչո՞ւ տխուր ես, – ըստ սովորականին քնքշաբար մոտեցավ նրան Գրիգորը, – մի՞գուցե հիվանդ ես:
– Ո՛չ, հիվանդ չեմ:
– Ուրեմն, բարկացա՞ծ ես:
– Այո՛, քեզ վրա:
– Ի՞նձ, հա, հա, հա, ինչո՞ւ համար, մի՞թե քո դեմ մի անախորժ բան ունե՞մ արած:
– Այո, շատ անախորժ: Ո՞վ է այդ Ավետիքը, որի շատախոսությունները այդքան զմայլված լսում ես:
– Ո՞վ պետք է լինի, մի բարի մարդ, մի՞թե մեղք է նրա հետ խոսիլը:
– Այո, շատ մեղք է, դա բարի մարդ չէ, այլ սատանայից էլ չար: Դու գիտես, որ դա լութերական քարոզիչ է, դրան ուր ես քո սեղանի վրա նստեցրել:
– Եթե լութերական է, բայց ինքն էլի հայ է, ուրեմն չի՞ կարելի մեր սեղանի վրա նստեցնել:
– Գլխիս վրա էլ կնստեցնեմ, եթե լուռ ու մունջ մյուսների պես նստե, յուր հացն ուտե, ուրախություն անի ու դուրս գնա, բայց որ նստել է քարոզներ ասում, և մարդկանց ճանապարհից հանում, ես նրան ախոռն անգամ մտնելու իրավունք չեմ տալ: Դեռ նրա ճանապարհով խեղճ Համբարձումին էլ վիրավորում ես: Դու կամենում ես բոլոր դրացիներին միանգամով քեզ վրա խոսեցնել տաս:
– Տե՛ս, Մարիամ, հիմարություններ ես դուրս տալիս, ինձ շատ հարկավոր է, որ դրացիները մեզ վրա կխոսա՞ն:
– Ե՞ս եմ հիմարություններ դուրս տալիս:
– Ի՛հարկե, – կես բարկությամբ պատասխանեց Գրիգորը, մարդը քեզ մի վատություն չէ արել, դու նրա վրա թշնամաբար ես խոսում, դա հիմարությունից էլ մի փոքր ավելի է:
Մարիամը ոչինչ չպատասխանեց: Այդ առաջին կոպիտ խոսքն էր, որ յուր ամուսնուց լսավ: Նրա աչքերը իսկույն արտասուքով լցվիցան, և նա սկսավ լալ:
Առաջին արտասվաց կաթիլները գլորվեցան…
Գ
Իմ ընթերցողները չմոռացան իհարկե, որ ոսկերիչ Գրիգորը յուր հյուրերից մի քանիսի հետ հետևյալ օրը հրավիրված էր Կարոյի տունը ընթրիքի: Այդ երեկոյան երբ Գրիգորը՝ յուր խանութը փակելով դարձավ տուն և պատրաստվում էր՝ յուր խոստման համաձայն հյուրասիրող բարեկամի մոտ գնալու, Մարիամը եկավ նրա մոտ և խնդրում էր, որ նա թողնե յուր այդ մտադրությունը:
– Ինչո՞ւ համար, Մարիամ, ինչո՞ւ այդ արգելում ես ինձ, – հարցրավ Գրիգորը ամուսնուց, – Կարոյի տունը գնալս այս առաջին անգամը չէ, և վերջապես ես երեկ խոստացել եմ, ինչպես կարող եմ խոստմանս դրժել:
– Խոստմանդ ուղղակի մի դրժիլ, դու կարող ես ասել թե հիվանդ եմ, կամ գործ ունեի, վերջապես ինչ կամենում ես ասա, բայց այսօր մի՛ գնալ այնտեղ, աղաչում եմ:
– Բայց ինչու՞ համար, զարմանում եմ, ինչի՞ց ես կասկածում:
– Ես, չգիտեմ, թե ինչո՞ւ համար, չգիտեմ, թե ինչի՞ց եմ կասկածում, բայց չեմ կամենում, որ այնտեղ գնաս: Այսօր ամբողջ օրը ես տխուր էի և միմիայն այդ բանի վրա էի մտածում: Ես այնպես եմ համոզված, որ եթե դու գնաս այնտեղ, եթե դու մեկ էլ լսես այն չար սատանայի խոսքերը, դու կփոխվես, դու էլ նրա պես չար կդառնաս, դու էլ իմ Գրիգորը չես լինիլ…
– Տեսնո՞ւմ ես, ինչ հիմար – հիմար մտքեր ես անում, Մարիամ:
– Դարձյալ հիմա՞ր, – այս խոսքում Մարիամը փղձեցավ, և նրա աչքերը արտասուքով լցվեցան:
– Հապա ի՞նչ ասեմ, դու ինձ երեխա ես կարծում, ի՞նչ է: Այսուհետև պետք է ինձ փոխեն, այսուհետև պիտի չար դառնամ:
– Չգիտեմ, Գրիգո՛ր, հոգյակս, միայն խնդրում եմ մի գնալ այնտեղ, իմ սիրտը շատ վատ բաներ է գուշակում, ես վախենում եմ: Այդ Ավետիքի համար մեր դրացիները շատ վատ բաներ են խոսում, ասում են, ով որ մի անգամ նրա ձեռքը ընկավ, էլ ազատվիլ չէ կարող…
– Էհ, դատարկ բաներ ես խոսում, թող թե աստվածդ կսիրես, մարդիկը այժմ ինձ են սպասում, ամոթ է: – Այս ասելով Գրիգորը անցավ դեպի դուռը:
– Բայց քեզ խնդրում եմ, ինձ չե՞ս լսում, – այս խոսքերով Մարիամը վազեց դեպի դուռը և նրա ձեռքը բռնեց:
– Թող, – ասում եմ, Մարիա՛մ, ինձ մի՛ ուշացնիր, ես խոսք եմ տվել և իմ խոսքից դառնալ չեմ կարող:
– Ո՛չ չպետք է թողնեմ, ես չեմ կամենում, որ գնաս:
– Էհ, դու ինձ զզվեցնում ես: – Այս ասելով նա յուր ձեռքը խլեց կնոջ ձեռքից և շտապով հեռացավ:
Մի քանի րոպե Մարիամը մնաց յուր տեղը արձանացած: Նրա աչքերը անշարժ ուղղվել էին դեպի այն դուռը, որտեղից յուր ամուսինը դուրս գնաց: Բայց մի փոքր հետո նա ուշքի եկավ և դառն հեկեկանքով սկսավ լալ:
Երեխաները մյուս սենյակում խաղում էին. նրանք չտեսան, թե ի՞նչ պատահեցավ իրանց մոր հետ: Իսկ Մանիշակը հարևանի տանից դառնալով, երբ յուր մայրը գտավ լալիս, մնաց շվարած:
– Ի՞նչ պատահեցավ քեզ, մայրիկ, ինչո՞ւ լալիս ես, – հարցրավ նա մորը:
Իսկ վերջինս ո՛չ միայն ոչինչ չպատասխանեց, այլև աղջկանը տեսնելուն պես ավելի ևս սկսավ արցունքներ թափել: Քնքույշ Մանուշակը չդիմացավ մոր արտասուքներին, և ինքն էլ նրա հետ սկսավ լալ: Երկար այս աղիողորմ տեսարանը շարունակվում էր: Ի վերջո մայրը սթափվելով դադարեց լալուց և բեկված սրտով սփոփեց աղջկանը: Սակայն վերջինիս համար դեռ անբացատրելի մնաց յուր մոր լացի պատճառը:
Եվ իրավ, ինչու՞ համար խեղճ կինը այդ աստիճան վշտանում էր, ի՞նչն էր նրա արտասվաց և հուսահատության պատճառը:
Այդ յուր ամուսնու լութերական դառնալու երկյուղն էր, երկյուղ, որ պաշարել էր նրան այն րոպեից սկսած, երբ քարոզիչ Ավետիքը իրանց սեղանի վրա նստած տեսավ: «Լութերական» – այս բառը գավառեցի հայ կինը սառնասրտությամբ լսել չէ կարող, նա ակնհայտնի խորշում է նամանավանդ այդ անունը կրող հայից: Որքան կամենում եք դատապարտեցեք նրա այդ զգացմունքը, կամենում եք նախապաշարված կոչեցեք նրան, կամենում եք մոլեռանդ, – այդ նրա հոգը չէ, նա միայն գիտե, թե պետք է խորշել այդ կրոնափոխ մարդիկներից, որովհետև դրանց այդ հավատավաճառության գործի՝ մեջ նա ոչինչ ազնիվ և բարի բան չէ նկատում: Մի բան, որ անհերքելի իրողություն է մնում հայ կնոջ համար, այդ այն է, որ նա յուր նուրբ դիտողությամբ պարզ տեսնում է, թե յուր ընտանյաց այն անկումը, որ տգիտությամբ բռնվում է այդ մարմնազդեցիկ դևերի ցանցի մեջ, նա ընդմիշտ կորչում է յուր ընտանյաց համար: Նա այլևս ամենօրվանը չէ, նրա մեջ սառչում են սովորական զգացմունքները, նրա սիրտը, այլևս համահավասար չէ տրոփում այդ ընտանյաց սրտի հետ: Հայրական սեր, մայրենի գորով, հարազատաց խանդադատանք, այդ բոլորը նրա համար կորցնում են իրանց բարերար ազդեցությունը: Նա ծաղրում է ամեն բան, նա ծիծաղում է և ընտանյաց բոլոր հնավանդ սրբությանց վերա…
Այսպիսի օրինակները բազմաթիվ են նամանավանդ մեզ ծանոթ արհեստավորանց թաղի մեջ, այդ խավարի ու տգիտության կենտրոնատեղում: Այդտեղ կային լութերականացած հայրեր, որոնք խռով էին ապրում իրենց կնոջից և զավակներից, երիտասարդներ, որոնք օրն ի բուն անարգում և թշնամանում էին իրանց խորթ հավատը չդավանող ծնողներին: Այս բոլորին Մարիամը ծանոթ էր, նա այս մասին ավելի շատ տխուր պատմություններ գիտեր և ահա սրանք էին նրան այնքան վիշտ ու արտասուք պատճառողները: Եվ նրա նախազգացումը իրան չխաբեց:
Գրիգորը Կարոյի տունը գալով այնտեղ հավաքված գտավ բոլոր «եղբայրներին» և նրանց, որոնք անցած օրը խոստացած էին Ավետիքի «հոգեշահ» քարոզներին հաճախելու: Ընթրիքից առաջ քարոզիչը երկար խոսեց Կարոյի հյուրերի հետ: Նա յուր ատենաբանության նյութ էր առել դարձյալ հայոց լուսավորչական կրոնը և նրանց հոգևորականությունը: Նա այնքան ճարպկությամբ հարմարեցնում էր յուր խոսակցությունը՝ նամանավանդ առաջին անգամ ներկա գտնվող հյուրերի հասկացողության և հոգեկան տրամադրությանը, որ նրանցից և ոչ մեկի մեջ չէր հուզում հակառակ զգացումներ:
Նորա առաջ նստած էին խեղճ և աղքատ արհեստավորներ, որոնք իրանց սրբազան կրոնը և եկեղեցին ճանաչում էին միայն այնքան, որքան իրանց ծնողներից սովորել էին: Ղեռ հազար հինգ հարյուր տարուց առաջ «եղբայրություն և հավասարություն» քարոզող լուսավորչական եկեղեցու այդ հարազատ զավակները, մինչև անգամ գաղափար չունեին թե մի եկեղեցի կարող է պակասություններ ունենալ կամ մեկը կարող է մյուսից առավելություններով գերազանցել: Նորանց համար անծանոթ էին աստվածաբանների քրիստոնեության համար արած քմահաճ մեկնաբանությունները կամ ավետարանի յուրաքանչյուր բառի և դարձվածի վրա մինչև այսօր էլ տեղի ունեցող անվերջանալի վիճաբանությունները և ահա այս պատճառով, ինչպես իրանց ավանդված էր, նոքա բոլոր եկեղեցիները հավասար սուրբ և հավասար ուղղափառ էին Համարում: Կարծիք չկա, որ այս մարդկանց համար քարոզչի խոսածները հետաքրքիր կլինեին: Մարդիկ բնականաբար միշտ տրամադիր են նորություններ լսելու, իսկ քարոզչի խոսածները բոլորն էլ նորություններ էին նոցա համար. այդ քարոզները քանդում և ոչնչացնում էին իրանց մինչև այսօր ունեցած համոզմունքները և գաղափարները: Այն եկեղեցին, որին նոքա մինչև այսօր սուրբ և առաքելական էին համարում, հանկարծ քարոզիչը պիղծ է անվանում, լուսավորչի այն հավատը, որին նոքա մինչև այսօր Հիսուս Քրիստոսից և յուր առաքյալներից ավանդված էին ընդունում, քարոզիչը մոլորեցնող աղանդ է կոչում: Եվ այս ամենը նա, իհարկե, կարողանում էր հաստատել յուր խեղճ և տգետ ունկնդիրների առաջ, այնպիսի մի տեղ, ուր նորա ստախոսությունները հասկացող և երևան հանող մեկը չկար: Խեղճ արհեստավորները թեպետ եկեղեցվո և կրոնի մասին քարոզչի խոսածներում սուտը և ճշմարիտը զանազանել չէին կարողանում, բայց իրանց հոգևորականաց պակասությանց մասին խոսածների մեջ ճշմարտություններ տեսնում էին: Այդ պակասություններից շատերը իրենց հայտնի էին, այդ պակասությանց վրա իրանք շատ անգամ մատնացույց են արել և ահա հենց այս մեկ հանգամանքը օգնում էր քարոզչին յուր ունկնդիրներին հեշտությամբ մոլորեցնելու, որովհետև նոքա այնպես էին մտածում: «Մեր հոգևորականաց պակասությանց համար խոսածներում մենք ստություն չենք նշմարում, այդ պակասությունները կան, և մենք տեսնում ենք: Ուրեմն մեր եկեղեցվո և կրոնի պակասության մասին խոսածներն էլ անպատճառ ճշմարիտ կլինին, որովհետև այդ պակասությունները մենք մեր տգիտությամբ հասկանալ չենք կարող»: Բայց խեղճ մարզիկը չգիտեին, որ այդ անխիղճ մարդորսները հոգևորականաց այդ մեզ անծանոթ պակասությունները անդադար առաջ են բերում միմիայն նորա համար, որ մեր եկեղեցին էլ պակասավոր ցույց տալ կարողանան: Ապա թե ոչ նոցա համար ի՞նչ նշանակություն ունեին մեր հոգևորականաց պակասությունները, որոնք ամեն ազգերի հոգևորականաց մեջ գտնվում են և այն դեռ շատ մեծ չափերով: Ինչևէ, քարոզչի ճառախոսությունները բոլորը քաղցր ուշադրությամբ լսում էին, իսկ ոսկերիչ Գրիգորը գրեթե զմայլված էր…
Ընթրիքը վերջանալուց հետո քարոզիչը դարձյալ խոսաց մի քանի բան, բայց այս անգամ նա կամենում էր ծանոթանալ ներկա գտնվող նոր հյուրերի կարծյաց հետ: Վերջիններս, որոնք իսկապես սեփական կարծիք ասած բանից զուրկ էին, հայտարարեցին, որ բոլորովին համաձայն են քարոզչի հայտնած մտքերի հետ: Իսկ ոսկերիչ Գրիգորը, որ արդեն կատարելապես խմորված էր, մինչև անգամ ցանկություն հայտնեց նրանց «եղբայրության» մեջ մտնելու: Քարոզչի ուրախությանը չափ չկար: Բայց որպեսզի յուր արժանավորությունը կշռի մեջ պահեր, նա իսկույն չընդունեց ոսկերիչի առաջարկությունը, այլ խոստում առավ նրանից, որ նա կանոնավորապես կհաճախե յուր քարոզություններին շարունակ մի ամիս, և այնուհետև կարժանանա այդ կոչմանը: Ոսկերիչը հավատարիմ մնաց յուր խոստմանը: Նա շարունակ այցելում էր «եղբայրների» ժողովարանը և գրեթե միշտ ներկա էր գտնվում քարոզչի այն «հոգեշահ» ատենաբանություններին, որոնք տեղի էին ունենում երեկոները Կարոյի տանը: Մարիամի բոլոր ջանքերը յուր ամուսնուն այդ մարդորս քարոզչի ճանկերից ազատելու համար ապարդյուն անցան: Ո՛չ նրա աղաչանքները, ոչ թափած արտասուքները չկարողացան դարձնել յուր ամուսնուն այն ճանապարհից, որի մեջ դիպվածով սահել էր նրա ոտքը:
Կնոջ ամենօրյա թախանձանքներից ազատվելու համար ոսկերիչը առժամանակ հնարեց ծածկել նրանից յուր այցելությունները «եղբայրների» ժողովարանը: Այս պատճառով նա յուրաքանչյուր անգամ տանից ուշանալու համար մի նոր պատճառ էր հնարում: Մարիամը շատ հոժարությամբ հավատում էր յուր ամուսնուն և եթե գիտենար իսկ, թե նա իրեն խաբում է, դարձյալ ավելի կկամենար խաբվիլ, քան յուր ամուսնուց լսել մի վճռական խոսք, թե նա ընդդեմ յուր ցանկության ընդունում է լութերականություն կամ հենց համակրում է նրան… Սակայն ամիսը լրացավ թե չէ մեր ոսկերիչ Գրիգորը ստացավ կատարյալ բողոքականի կոչումը, նա դարձավ «եղբայրների» մի հավատարիմ անդամ և մտավ այն ընկերության հովանավորության ներքո, որի համար քարոզիչ Ավետիքը պատմում էր, թե՝ երկնքի արքայության միակ բանալիքը յուր ձեռքումն ունի…
Մի ամբողջ տարուց հետո ոսկերիչ Գրիգորի ընտանիքը այլևս յուր երջանիկ դրության մեջ չէր: Այստեղ ամեն բան այնպես փոխվել ու տակնուվար էր եղել, որ կկարծեիր, թե մի կործանող ոգի ծանրացել է այդ տան վերա: Կարծյաց և համոզմանց տարբերությունը, որ պառակտում է ամեն միություն, յուր ավերիչ ներգործությունը արել էր և այս ընտանյաց վերա: Տանուտերը կորուսել էր յուր առաջին զվարթ բնավորությունը: Նա դառնում էր տուն տխուր և մելամաղձիկ դեմքով, մի քանի րոպե հազիվ մնում էր յուր հարկի տակ և դարձյալ դուրս էր գնում այցելելու «եղբայրների» ժողովարանը: Մարիամը անդադար մտածելուց և իր կորուստը լալուց նիհարել էր, նրա վառվռուն այտերը դալկացել էին և գեղեցիկ աչքերը կկոցվել կնճիռներով: Ծնողաց հոգեկան տանջանքները ոչ սակավ ներգործել էին և երեխաների զվարթության վերա: Շատ հազիվ էր պատահում, որ նրանք զբաղվեին իրանց մանկական խաղերով մոր տխուր աչքերի առաջ, չնայելով, որ վերջինս բնավ այդ չէր արգելում նրանց: Բայց բոլորի մեջ ամենից ավելի տանջվում էր Մանիշակը: Սա գրեթե ամեն երեկո ներկա էր լինում ծնողաց տխուր վիճաբանություններին, որոնք շատ անգամ վերջանում էին կռվով: Այսպիսի երեկոները միշտ յուր մայրը լալիս էր և ինքը ընկերակցում էր նրան յուր լռիկ արտասուքներով: Ցերեկները նա մինչև անգամ չէր գնում հարևանի աղջկերանց հետ խոսելով կամ ժամանակ անցուցանելու, ինչպես առաջ սովորություն ուներ:
Այն օրից սկսած երբ յուր դրացի աղջկանց մեջ յուր ընկերակիցներից մեկը նրան վիրավորելու համար անվանեց նրան «լութերականի աղջիկ», նա այլևս ոչ մի ընկերուհու հետ չէր համարձակվում տեսնվել: Յուր ծաղկող հասակը, որ ավելացնում էր նրա գեղեցկությունը, չէր կարողանում հալածել այն անուշ տխրությունը, որը զգայուն աղջկա ճակատին դրոշմել էին ընտանեկան խռովությունները: Նա ամբողջ օրը զբաղված էր տան հոգսերով, և երբեմն միայն խոսակցում էր Աշոտի հետ, երբ նա խանութից դառնում էր տուն հայտնելու համար, որ այն երեկո յուր վարպետը հրավիրված է «եղբայրներից» մեկի տունը: Այս երիտասարդն էր մնացել միայն բոլոր բարեկամներից, որին մայրը և աղջիկը կարողանում էին բանալ իրանց սրտերը և հայտնել իրանց դեմ շատերին անծանոթ վշտերը…
Ահա այս պատկերն էր ներկայացնում ոսկերչի ընտանիքը նրա բողոքականություն ընդունելուց մի տարի հետո: Սակայն այստեղ էլ դեռ լրացած չէր այդ ընտանյաց թշվառության սահմանը, ճակատագիրը ավելի տխուր ապագա էր պատրաստել նրա համար:
Դ
Մի կիրակի առավոտ քարոզիչ Ավետիքը եկավ ոսկերիչի տունը և հայտնեց նրան, որ իրանց գլխավոր պաստորը Տփխիսից եկել է, ուստի ինքն էլ մյուս բոլոր «եղբայրների» հետ պիտի պատրաստվի նրա տեսության գնալու: Ոսկերիչ Գրիգորը նախ երկյուղ հայտնեց յուր տգիտությամբ մեծապատիվ պաստորի առաջ երևալու, բայց երբ Ավետիքը հարևանցի կերպով ծանոթացրավ նրան պաստորի անձնավորության հետ, հայտնելով, որ նա ինքը իսկ այս քաղաքացի է և հայտնի դպիր Ղազարի տղան է, որին յուր հայրը մանկության ժամանակ մի քանի ոսկով ծախել էր նեմենցներին, որոնց մոտ նա մնալով ուսել էր «տիրոջ խոսքը» և ստացել այս մեծ պաշտոնը, և թե նա բոլոր «եղբայրների» հետ իրանց հասկացած լեզվով պիտի խոսի, այն ժամանակ ոսկերիչը սիրտ առավ և հագնելով յուր պահեստի հագուստները, ընկերացավ քարոզչին: Վերջինս նրան առաջնորդեց յուր տունը, ուր հավաքված էին բոլոր «եղբայրները»: Իսկ այստեղից նրանք բոլորը միասին գնացին և ներկայացան մեծապատիվ պաստորին:
Քարոզիչ Ավետիքը պաստորին ծանոթացրավ «եղբայրներից» յուրաքանչյուրի հետ, համառոտ ծանոթություններ տալով նրանց անցյալի և ներկայի վերա, և հետո ներկայացրավ յուր եռամյա գործունեության հաշիվը: Այս հաշվից պաստորը բավականությամբ տեսավ, որ քարոզիչ Ավետիքը այդ ոչ շատ երկար ժամանակամիջոցում կարողացել էր երեսուն և երկու հոգի լուսավորչական հայերից դարձնել ավետարանականության: Միայն շատ չախորժեց տեսնելով, որ ներկայացրած տոմարի մեջ քսանյոթ հոգի պարտական էին կենտրոնական սնդուկին բավական նշանավոր գումարներ: Օրինակ, բազազ Հարությունը՝ 1200 ռ., նրա աներձագ Հովակիմը 1400 ռ., մուշտակագործ Ալեքսանը՝ 1000 ռ., ոսկերիչ Կարապետը (մեր ծանոթ Կարոն)՝ 1500 ռ., ոսկերիչ Սիմոնը՝ 900 ռուբլի: Սրանք բոլորը ստացել էին կանխիկ դրամ իրանց անհրաժեշտ պիտոյից համար:
Այնուհետև գալիս էին երկրորդական ճանապարհներով պարտապանները:
– Հյուսն Մաթեոսի տունը հրապարակական աճուրդից ազատելու և նրա պարտատերերը գոհացնելու համար ծախսված էր 1100 ռուբլի:
– Նրա արհեստակից Սարգսին ձիու գողության մեջ բռնված լինելուն պատճառով 18 ամսվա բանտարկությունից ազատելու և ձիատերը գոհացնելու համար 160 ռուբլի:
– Նախկին առևտրական փականագործ Հովհաննեսին յուր կինը և որդիները յուր ուղղափառ դավանության դարձնելուն համար ընծա 300 ռուբլի, այլև նրա կնոջը և որդոց մի – մի ձեռք հագուստ, արժեքը 120 ռուբլի:
– Գրագիր Դանիելի համար սեղանապետի պաշտոն ձեռք բերելու համար երկու անձանց բարեխոսությունը վաստակելու համար նվեր 250 ռուբլի, այլև նոր տարվա օրը նույն անձիքների համար ընծա երկու գլուխ շաքար և երկու գլուխ թեյ, 14 ռ. 40 կոպեկ:
– Փողհար Ասրիբեկի չհաս պսակը հաջողեցնելու համար նվեր 300 ռ.: Եվ հետո այդ երկուսին ավետարանականություն ընդունելու համար նվեր մի միահարկ տուն, արժողությամբ 490 ռուբլի:
Սրանից հետո նշանակված էին մանր պարտապանների անունները կամ փոքր գումարով արված նվերները: Սրանք այնքան աննշան էին, որ երկար թվումն մասանց անել ավելորդ է, կհիշենք միայն մի քանիսը: Օրինակ, Ծառաձագ գյուղացի Կարապետին նվիրված էր 26 ռուբլու արժողությամբ մի էշ, խառատ Հովսեփին 90 ռուբլու արժողությամբ հյուսնի գործիքներ, Բալլու գյուղացի Մկրտչին փոխ տված էր 60 ռուբլի, երկու ջրաղացի քարեր գնելու համար, այսպես իմացիր և մնացածները:
Ներկա եղող երեսուն և երկու հոգուց միայն հինգ հոգի կային, որոնք «եղբայրություն» էին ընդունել առանց որևէ նյութական նպաստ ընդունելու: Դրանցից մինը ոսկերիչ Գրիգորն էր:
Պարոն պաստորը այս վերջիններին առավել մեծարանքով ընդունեց և ամեն տեսակ հարգանաց և գովեստի արժանի հայտարարեց նրանց:
Հետո նա սկսավ խոսել մի բավական ընդարձակ ճառ, որի մեջ գլխավորապես ձգտում էր հասկացնել «եղբայրներին» թե նրանք ինչ մեծ և աստվածահաճո գործի են իրենց ավետարանականություն ընդունելով, և թե որքան նեղություններ և վշտեր պետք է կրեն իրանց այդ ընտրած ճանապարհով անհողդողդ առաջ գնալու համար, թե որքան դժվարությանց պիտի հանդիպին և թե որպիսի բարոյական ուժ պիտի գործ դնեն այդ դժվարությանց հաղթելու համար:
«Դուք, – ասում էր պաստորը, – բախտավոր եք նրանով, որ առաջինն եք այդ լուսավոր ճանապարհի վերա ոտք դնողները: Դուք կանչված եք նրա դժվարությունները հաղթելու և մաքրելու ձեր ապագա սերունդի համար: Այդ իսկ պատճառով էլ դուք առավելապես պիտի վարձատրվիք երկրում առաջին նահատակների փառավոր անունը և երկնքում «տիրոջ» արքայությունը ժառանգելով: Բայց որովհետև ձեզանից մի քանիսը, ինչպես մեր քարոզիչ եղբայրը ինձ հայտնեց դեռ ձեր ընտանիքը ձեր լուսավոր ճանապարհի վերա հանելու չեք հաջողած, այդ պատճառով ձեր զոհաբերությունը կատարյալ չէ: Դուք կամ չպիտի ապրիք այդ ընտանիքում, որ հեթանոս է, կամ եթե ապրում եք այդ հեթանոսներին էլ պիտի աշխատեք առաջնորդել դեպի փրկության ճանապարհը: Ես գիտեմ, այդ բանի համար դուք առաջին անգամ, ինչպես ասեցի կհանդիպեք դժվարությունների, դուք կբազմացնեք ձեր թշնամիները, կգրգռեք ձեր դեմ ձեր բարեկամների ատելությունը, ազգականների արհամարհանքը, դուք կհարուցանեք ձեր ընտանյաց մեջ խռովություն, անհամաձայնություն և շատ անգամ կռիվ: Բայց այս բոլորը ձեզ չպետք է վհատեցնեն: Դուք չպետք է կորցնենք ձեր արիությունը այլ միմիայն անձանձիր աշխատեք: Մի օր դուք ուրախությամբ կտեսնեք, որ վերջապես հասաք ձեր սուրբ և վսեմ նպատակին: Մի օր դուք հպարտությամբ կտեսնեք, որ ձեզանից յուրաքանչյուրը մի – մի ընտանիք և այնուհետև մի ամբողջ սերունդ հեթանոսությունից դարձնելու պատճառ եղաք, և այն ժամանակ ձեր հոգիները համարձակ կդիմեն դեպի նրան, որ կանչում է, «Եկեք իմ հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»:
Այս և սրա նման շատ բաներ երկար խոսում էր պարոն պաստորը, և երբ յուր ճառը վերջացրավ, նա հարցրավ ներկա եղողների կարծիքը յուր ճառի մի քանի կետերի վերաբերմամբ: Բոլորը իհարկե պաստորի հայտնած մտքերի հետ համաձայն էին: Միայն ոսկերիչ Գրիգորը թույլատվություն խնդրեց իմանալու, թե արդյոք իբրև բացառություն իրեն չի ներվիլ, որ ինքը յուր համար ավետարանական մնա, իսկ իր կնոջը և երեխաներին թույլ տա իրանց մինչև այժմ դավանած կրոնը պաշտելու:
– Մենք հեզության աշակերտներ ենք, – համոզիչ եղանակով պատասխանեց պաստորը, – և ոչ ոքի չենք կարող ստիպել, որ նա զոռով մեր աշակերտը լինի: Բայց ով որ մի անգամ մեր «եղբայրության» մեջ է մտնում, նա պետք է մարդասեր լինի, և չկամենա, որ մարդկանց հոգիները կորչին: Դուք էլ, որ մեր սիրելի «եղբայրներից» եք նույն հոգով պետք է վառվիք, այսինքն պետք է աշխատեք որքան կարող եք, մոլորյալ հոգիները փրկելու, և ոչ թե թույլ տաք, որ նրանք կորչին և գեհենի բաժին դառնան: Այս ամենը գիտենալուց ետ, ձեր կամքից է կախված – թողնել ձեր ընտանիքը մոլորության մեջ կամ դարձնել նրանց ուղիղ ճանապարհ: Բայց և այնպես, – ավելացրավ պաստորը, – դուք, որ առանց շահախնդրության մտել եք մեր «եղբայրության» մեջ (որովհետև պաստորը փորձով գիտեր, որ այդ տեսակ հավատափոխները հազվագյուտ էին), դուք չպետք է արատավորեք ձեր անբիծ անունը, թույլ գտնվելով այն մեծ գործի մեջ, որի համար կանչված եք «տիրոջ» կամքով: Եթե դուք թշնամի չեք այդ ընտանիքին, ուրեմն գործով պիտի ցույց տաք ձեր բարեկամությունը, փրկելով նրանց բոլորի հոգիները անդառնալի կորստից:
Պաստորի խոսքերը խորը ներգործեցին ոսկերիչի վերա, և նա բոլորի վկայությամբ խոստացավ «չարատավորել յուր անբիծ անունը»: Սրանից հետո պաստորը հրավիրեց «եղբայրներին» աստծուն աղոթելու: Այս ընտանեական հանդեսն էլ վերջացնելուց ետ յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը:
Ճանապարհին քարոզիչ Ավետիքը, Կարոն և Գրիգորը միասին էին գալիս, որովհետև նրանց ճանապարհը մեկ էր:
– Գրիգոր եղբայր, – խոսեց Ավետիքը, – դու լավ ըմբռնեցիր պաստորի միտքը:
– Այո, որքան կարողացա, – պատասխանեց Գրիգորը, – նա ասում էր, որ ես պետք է աշխատեմ իմ ընտանիքն էլ մեր հավատին դարձնելու:
– Ապրիս, ճիշտ այդպես է: Այժմ ի՞նչ ես կարծում, պիտի կարողանաս թե ոչ:
– Մեծ դժվարություն եմ տեսնում այդ ձեռնարկությանս մեջ, հետևապես սկզբից ոչինչ հաստատ բան չեմ կարող խոստանալ:
– Ի՞նչ դժվարություն պետք է լինի, եղբայր, – մեջ մտավ Կարոն, – քո կինը իմ կնոջից ավելի պինդ հայ չէր կարող լինի, բայց ես նրան մոմի պես կակղացրի: Այստեղ հարկավոր է առնական հաստատակամություն: Եթե ունիս ուրեմն կամքդ կատարված է:
– Սխալվում ես, ոչ թե յուր այլ «տիրոջ» կամքը, – նկատեց քարոզիչը: – Իսկ եղբայր Գրիգորը այդ առնական հաստատակամությունը ունի, ես գիտեմ, երբ նա մտադրվեցավ մի բան անելու արգելքները նրա համար նշանակություն չունին:
– Ես միայն իմ ունեցած ուժս գործ կդնեմ, թե ինչպես կհաջողվի աստված գիտե:
– Այո՛, ուժ պետք է գործ դնել, – ավելացրավ Կարոն, – կինը միայն ուժի առաջ է հաղթվում: Ես մի քսան անգամ ծեծել եմ կնոջս մինչև նրան ճանապարհի եմ բերել:
– Ոչ, առաջ քաղցրությամբ և սիրով, – նկատեց քարոզիչը և լռեց, թողնելով որ խոսքի մնացորդ բառերը, «իսկ հետո ուժով և փայտով» իրենք իրանց հասկացվեն, որովհետև քարոզիչը զգուշացնում էր յուր «սեր և խաղաղություն» քարոզող մտքերին դավաճանող բառեր արտասանել, – Իսկ ձեր այդ գործը, – մի փոքր լռությունից հետո շարունակեց նա, – մեծ պարծանք կարող է բերել մեր «եղբայրներին» և գլխավորապես մեր պաստորին, որը յուր բոլոր ճիգը գործ է դնում մեր պատիվը և անունը բարձր պահելու բոլոր Եվրոպայի և Ամերիկայի միսիոներական և ավետարանական ընկերությունների առաջ: Վերջին բառերը առանձին հեշտահարությամբ էր արտասանում քարոզիչը, ոչ թե նրա համար որ նրանք մի որևէ նշանակություն ունեին, այլ որպեսզի Գրիգորի վերա նրան անծանոթ այդ բառերով ավելի մեծ ներգործություն աներ:
– Կաշխատեմ, – անվստահ ձայնով պատասխանեց Գրիգորը քարոզչին և նրա ձեռքը սեղմելով ուղղվեցավ դեպի յուր տան ճանապարհը:
– Իսկ մենք կհուսանք, – վստահ ձայնով նրա ետևից ավելացրավ քարոզիչը և հեռացավ Կարոյի հետ:
Ե
Ճաշի ժամանակ էր, երբ Գրիգորը տուն հասավ, նա ճանապարհին արդեն մտածել էր ինչ պիտի խոսեր յուր կնոջ հետ: Ներս մտնելու ժամանակ երեխաներից երկու փոքրիկները, որոնք սենյակում խաղում էին, հայրին տեսնելով դադարեցրին իրանց խաղը և կամենում էին դուրս գնալ: Գրիգորի սառն հարաբերությունները յուր կնոջ հետ երեխաներին էլ սառեցրել էին իրանից, ուստի երբ ինքը տուն էր մտնում, նրանք հեռանում էին հոր ներկայությունից իրենց ազատելու համար: Բայց այս անգամ հայրը նրանց թույլ չտվեց դուրս գնալու: Նա ծիծաղերես բռնեց նրանց ձեռքերից և յուր մոտ նստեցնելով սկսավ նախկին քնքշությամբ ողջագուրել նրանց: Երեխաները զարմացած աչքերով նայում էին մերթ հորը և մերթ միմյանց երեսին, և կարծես այդ անմռունչ հայացքներով կամենում էին հարցնել, թե արդյոք այս մարդը իրանց հայրը չէ՞ր:
Այս միջոցին ներս մտավ և՛ Մարիամը: Սա էլ ոչ սակավ զարմացավ յուր ամուսնու այս անսովոր փոփոխության վերա: Մի ամբողջ տարի էր, որ ժպիտը նրա երեսից անհետացել էր, որ նա չէր գգվել յուր երեխաներին և յուր կնոջը կողմնակի ճանապարհներով պատմելու համար, անտարբեր և սառն էր մնում դեպի այն բոլորը, որոնք մի համեստ ընտանեաց միակ երջանկությունն են կազմում: Մարիամը մի քանի րոպե կանգ առավ դռան մեջ և չէր վստահանում առաջ գնալ: Մի տեսակ անհանգստացնող ուրախություն, որից դեռ չէր բաժանվում խաբված լինելու երկյուղը բռնել էր նրան: Սրա սիրտը անընդհատ տրոփում էր… Վերջապես Գրիգորը նրան տեսավ:
– Այդ դու ես, Մարիամ, – դարձավ դեպի նրան քաղցրությամբ, – ինչու դրսումն ես կանգնել, մոտ արի քեզ հետ խոսելիք ունիմ:
Մարիամը մոտեցավ, բայց նրա յուրաքանչյուր քայլը մեքենայական էր: Նա հասավ ամուսնու մոտ նստեց աթոռի վրա:
– Փոքրիկներս, դուք գնացեք մյուս սենյակում խաղալու, – դարձավ Գրիգորը երեխաներին, – ճաշի ժամանակ մենք ձեզ կկանչենք:
Երեխաները հնազանդվեցան և դուրս գնացին:
– Ինչո՞ւ տխուր ես, Մարիա՛մ, – առաջին անգամ լռությունը ընդհատեց Գրիգորը:
– Ի՞նչ ունիմ ուրախանալու, – տխրությամբ պատասխանեց Մարիամը:
– Իրավունք ունիս, Մարիամ, – շարունակեց ամուսինը, – Բայց հիշո՞ւմ ես դու այն օրերը, որ մի տարի առաջ մենք անցուցանում էինք:
– Այո, այն երջանիկ օրերը ես չեմ մոռանում, – պատասխանեց Մարիամը խորը հառաչելով, – այն օրերը, որոնց ես կորցրել եմ և որոնց ես միշտ արտասվոք եմ մտաբերում:
Վերջին խոսքերի հետ արտասված երկու խոշոր կաթիլներ գլորվեցան նրա թորշոմած այտերի վերա:
– Այժմ, Մարիամ, ես կամենում եմ այդ օրերը կրկին դարձնել քեզ, ես էլ փափագում եմ իմ տան խաղաղությունը:
– Ախ, ո՞ւր էր մի փափագեիր այդ խաղաղությունը, ու՞ր է դարձրու ինձ իմ ամուսինը – իմ Գրիգորը… Ախ, եթե կարողանայիր ըմբռնել թե որքան տանջվել եմ ես, որքան արտասվել… Որբ՝ իմ մանուկ հասակից, միշտ զուրկ ծնող ունեցող որդիների ուրախությունից, այս հարկի տակ մտնելուց հետո միայն քո մեջ եմ գտել իմ առաջին ուրախությունը, իմ երջանկությունը, իմ կյանքը, և նրանից բաժանվելը, մահ էր ինձ համար, իսկ դու բաժանեցիր ինձ իմ ուրախություններից:
Այս խոսքերի հետ Մարիամը սկսավ դառնապես արտասվել:
– Բայց գիտե՞ս, սիրելի Մարիա՛մ, մեր տան խաղաղությունը, մեր անցյալ երջանիկ օրերը միմիայն ինձանով չպիտի վերադառնան, դու էլ պետք է օգնես ինձ, մենք երկուսս համակամ և համամիտ պիտի գործենք:
– Ինչ որ ինձ վերաբերվում է, ես պատրաստ եմ ամեն բանի համար, միայն դու եղիր առաջվանը, Գրիգո՛ր, միայն դու երեկոները ժպիտը երեսիդ մտիր տուն, և այդ երեկոները, մեր տնտեսության միակ ժամերը, քո ընտանյաց մեջ անցրու, գգվիր քո զավակներին առաջվա պես, ուրախացիր նրանցով, ուրախացրո՛ւ նրանց և այդ բոլորի հետ միասին մխիթարիր քո ամուսնուն: Մի ամբողջ տարի է, սկսված այն դժբախտ օրից երբ այդ անկոչ հյուրին մեր տան մեջ ընդունեցիր (նա խոսում էր քարոզիչ Ավետիքի մասին), մենք այլևս միմյանց չենք ճանաչում: Դու սառն և անտարբեր ես դեպի քո կինը և քո զավակները և մենք բոլորս՝ դեպի քեզ: Տեսնում ես, բոլորիս դեմքն էլ վշտահար, բոլորիս սիրտն էլ կոտրված, մեր ամբողջ տունը քայքայման մեջ, բայց ինչո՞ւ համար այս ամենը և մինչև ե՞րբ այսպես…
Գրիգորը տեսնում էր, որ չէր կարողանում անտարբերությամբ լսել կնոջ խոսքերը: Նրա դողացող և սրտաշարժ ձայնը թափանցում էր յուր սրտի խորքերը, նրա աղաչավոր և արտասվալից աչքերը կարծես շանթեր էին թափում յուր երեսին, նա իրեն զգում էր հաղթահարելու մոտ… Բայց այս հանգամանքը նպաստավոր չէր յուր նպատակին, ուստի կնոջ հուզմունքը և անհաջող սկսված խոսակցությունը առ ժամն դադարեցնելու համար, ասաց.
– Մարիամ, անցյալը հիշելուց և նրա վերա խոսելուց դադարենք: Մենք պետք է հաշտ լինենք, այս վճռված է, բայց թե ի՞նչ պայմաններով, այդ մասին դեռ պետք է խոսեմ քեզ հետ: Այժմ գնա դու ճաշ բեր մեզ համար, եթե պատրաստ է, ես սաստիկ քաղցած եմ, իսկ դրանից, ետ մենք շատ կարող ենք խոսել:
– Շատ լավ, – ասաց Մարիամը և ուրախությամբ դուրս գնաց սենյակից:
Մառանի դռան մոտ նա պատահեց Մանիշակին: Նա զարմացավ յուր մորը մի անսովոր ուրախության մեջ տեսնելով:
– Ի՞նչ է պատահել քեզ, մայրիկ, – անհանգստությամբ հարցրավ նա:
– Վերջապես աստված խղճում է մեզ, զավակս, – ասաց նա գրկելով գեղեցիկ աղջկանը, – նա քո հոր սիրտը և գութը շարժեց, վերջապես նա մեզ հետ հաշտվում է:
– Աստված, որքան ուրախ եմ, մայրիկս, ուրեմն այսուհետև մեր տանը կռիվներ չեն լինիլ, այնպես չէ՞:
– Իհարկե, դստրիկս:
– Օ՛հ չգիտես, մայրիկս, թե որքան քեզնից ծածուկ լաց էի լինում յուրաքանչյուր անգամ, երբ հայրս քեզ հետ կռվում էր:
– Խե՛ղճ աղջիկ, ի՛հարկե, լաց կլինեիր:
– Մայրի՛կ, ուրեմն հայրս այլևս լութերական չէ, այնպես չէ՞ :
«Լութերական» բառը լսելուց մայրը մի րոպեական սարսուռ զգաց ամբողջ մարմնի մեջ. նա չկարողացավ յուր դրստեր հարցին ուղղակի պատասխանել:
– Լավ, այդ մասին հետո, – ասաց նրան, աշխատելով հեռանալ նորանից, – առայժմ դու գնա սեղանը պատրաստիր, իսկ ես իջնում եմ խոհանոցը, հայրդ քաղցած է, պետք է ճաշ տալ նրան…
Այս ասելով նա սանդուղքից ցած իջավ, իսկ Մանիշակը գնաց սեղանը պատրաստելու:
Բայց այնտեղ Գրիգորին տանջում էին ուրիշ մտածմունքներ: Նա չգիտեր, թե ի՞նչ հնարներով պետք է կարողանար համոզել յուր կնոջը՝ յուր նոր հավատը ընդունելու: Նրա աչքի առջևից դեռ չէին հեռացել Մարիամի վշտահար դեմքը, նրա արտասվող աչքերը, նա դեռ լսում էր նրա աղաչավոր ձայնը…
«Բայց ինչու՞ համար այս ամենը, – զարմացմամբ հարցնում էր ինքն իրեն նա, – ինչու՞ կորցնել իմ կնոջը, իմ երեխաներին, իմ տան խաղաղությունը… Այս բոլորը որքան և ուրիշների համար փոքր բաներ լինեին այսուամենայնիվ նրանք կազմում էին իմ տան կատարյալ երջանկությունը: Բայց մի՞թե այսուհետև ես չեմ կարող դառնալ իմ առաջի դրությանը, մի՞թե չեմ կարող բոլորը մոռանալ և ճանաչել միմիայն իմ ընտանիքը…»:
Այս խորհրդածություններից ետ նա լռեց և նորեն ընկավ մտախոհության մեջ: Հազար և մի տեսակ մտածմունքներ պաշարել էին նրան: Նա տարուբերվում էր, երբեմն թեքվելով ի նպաստ յուր կնոջ և մերթ հակառակ: Նրա հոգին այնպես խռովվել և միտքը այնպես շփոթվել էր, որ երկար ժամանակ չէր կարողանում մի վճռական քայլ անելու: Երկար այս տարտամ դրության մեջ մնալուց հետո, վերջապես նա մտաբերեց պաստորին արած յուր հանդիսավոր խոստումը, քարոզչի ճանապարհին յուր հետ խոսածները, և բարձրանալով աթոռից բացականչեց. – «Ոչ, այս կատարյալ խայտառակություն կլինի, ես հրապարակապես խոստացա այն մարդուն «չարատավորել իմ անբիծ անունը», և ես կկատարեմ իմ խոստումը: Այլապես ինձ անհնար կլինի հրապարակ ելնեք այն բազմաթիվ մարդկանց հետ, որոնք այնտեղ վկա էին իմ խոստմանը: Այստեղ կորչում է իմ առտնին երջանկությունը, իսկ այնտեղ իմ անունը, վերջինը առավել արժանի է պաշտպանության»:
Այս հասարակ արհեստավորի մեջ այնքան բուռն էր պատվասիրության զգացմունքը, որ նա յուր անփոխարինելի երջանկությունը գիտակցաբար զոհում էր նրան, որովհետև արել էր մի խոստում և պիտի անպատճառ կատարեր նրան, այլապես նա իրեն կենդանի մեռյալ էր համարում: Խե՛ղճ մարդ, բայց դու չգիտեիր, որ նույնիսկ այդ քեզ որսացող և քեզնից խոստում առնող քարոզիչները հարյուր անգամ ավելի ստոր էին քեզնից այն զգացմանց մեջ, որոնց դու պաշտում էիր քո տգիտությամբ հանդերձ: Եվ թշվառությունն այն է, որ այդ ուռկանավորների ձեռքում դու պատվասիրության զոհերի վերջինը չէիր լինելու:
Գրիգորը յուր տարաբախտ վճիռը տվել էր արդեն, երբ Մանիշակը ներս մտավ և ճաշի հրավիրեց նրան: Նա առանց այլևայլության հետևեց յուր դստերը, մտադրված լինելով և ոչ մի դեպքում չհաղթահարվիլ յուր կնոջից:
Այսօր սեղանը բոլորել էին ընտանյաց բոլոր անդամները: Մարիամը գտնվում էր կատարյալ ուրախության մեջ: Նա մի համեմատություն էր անում այս և յուր անցյալ օրերի մեջ և հրճվում էր տեսնելով նրանցում շատ մոտ նմանություն: Նրա գորովը և խանդաղատանքը րոպե առ րոպե աճում էին թե յուր ամուսնու և թե՛ որդկերանց վերա: Նա այժմ զգում էր, որ մայր և ամուսին էր: Սեղանի վերա, ամբողջ ճաշի ժամանակ նա գրեթե ոչինչ չկերավ, այլ կերակուրները հրամեցնում էր կամ ամուսնուն կամ երեխաներին:
Գրիգորը նույնպես յուր կողմից իրեն ուրախ էր ձևացնում: Նա երբեմն – երբեմն կատակներ էր անում և ծիծաղում երեխաների հետ, թեպետ բռնի, իսկ երեխաները անընդհատ շաղակրատում էին: Մի խաբուսիկ և վայրկյանական ուրախություն բոլոր գերդաստանի վերա կենդանություն էր բերել…
Երբ ճաշը վերջացավ, երեխաները դուրս գնացին խաղալու, իսկ Մանիշակը զբաղված էր սեղանը հավաքելով: Այդ ժամանակ Գրիգորը Մարիամի հետ առանձնացավ իր սենյակը:
Մի քանի կցկտուր խոսքերից ետ Գրիգորը դարձավ կնոջը հետևյալ խոսքերով.
– Այսպես սիրով և խաղաղ ապրիլ լավ է, այնպես չէ, Մարիամ:
– Եվ դեռ հարցնո՞ւմ ես, – պատասխանեց Մարիամը: – Ի՞նչ էր երեկ մեր տան դրությունը և ի՞նչ է այսօր, էլ ի՞նչ հարկ կա ասելու, որ պետք է ամեն բան զոհենք միմիայն մեր տան այս խաղաղ դրությունը պահպանել կարողանալու համար:
– Շատ գեղեցիկ, մի երկու ժամ առաջ միևնույն բանն էիր ասում, և ես ավելացնում էի, որ մեր դրության բարվոքումը որքան ինձանից, նույնչափ էլ քեզանից է կախված: Եվ դու խոստացար ամեն բան անել, ինչ որ քեզ էր վերաբերվում:
– Այո՛, այժմ էլ խոստանում եմ:
– Լավ ուրեմն, լսիր, գիտես, որ մենք միմիայն մեր մարմնի համար չենք ապրում, այլ մեր ստեղծող «տիրոջ» կամքն է և մեր էլ գլխավոր ցանկությունը պետք է լինի, որ մեր հոգու փրկության համար էլ ապրինք:
– Գիտեմ:
– Գիտե՛ս, որ մենք այս աշխարհ եկել ենք ոչ թե մեծ վայելչություններ քաշելու, այլ որքան ժամանակ ունինք աշխատելու մեր հոգևոր փրկության և հավիտենական կյանքին արժանանալու համար:
– Գիտեմ:
– Գիտե՛ս որ մեր հոգու փրկությունը ձեռք բերելու և հավիտենական կյանքին արժանանալու համար, էլ մենք պետք է այս աշխարհում դիմանանք ամեն տեսակ նեղության, զրկողությանց և չարչարանց, պետք է շատ անգամ մոռանանք մեր ազգականներին, մեր սիրելիներին և մինչև անգամ մեր անձը: Որովհետև տերն ասում է. «Ով որ չի թողնիլ յուր հորը, մորը, կնոջը և որդիքներին, և յուր խաչը չի վերցնիլ և գալ իմ ետևից, նա ինձ արժանի չէ»:
– Գիտեմ, և այս խոսքերը ես շատ անգամ լսել եմ եկեղեցում:
– Գիտե՞ս նույնպես, որ այդ հոգու փրկություն ձեռք բերելը կամ հավիտենական կյանքին արժանանալը ճշմարիտ հավատով պետք է լինի:
– Ի՞հարկե, հապա թուրքի հավատով չէ՞ լինելու:
– Այդպես է, թուրքի հավատով չէ լինելու, բայց այն հավատովն էլ չէ լինելու, որը մի տարի առաջ ես ունեի, և որը մինչև այսօր էլ դու ունիս:
Մարիամի դեմքը մռայլվեցավ, մի տխրեցուցիչ կասկած պատեց նրա սիրտը, որը անհանգստությամբ սկսել էր արդեն տրոփել: Նա անվստահ ձայնով դարձավ ամուսնուն.
– Ճշմարիտն ասած, ես այստեղ քեզ չեմ հասկանում:
– Ուրեմն լավ չլսեցիր: Ես քեզ ասում եմ՝ այն հավատը, ինչ որ ես ունեի առաջ և որը այժմ դու ունիս՝ նա քո հոգին փրկել և քեզ հավիտենական կյանքին արժանացնել չէ կարող, նա ընդհակառակը այդ հոգին կկորցնե և դժոխքի կրակին կմատնե:
– Բայց ինչո՞ւ համար:
– Որովհետև այդ հավատը սովորեցնում է քեզ անել այն, ինչ որ «տիրոջ» կամքը չէ, և ընդհակառակը արգելում է անել այն, ինչ որ «տիրոջ» կամքն ու պատվերն է: Այդ պատճառով դու պետք է աշխատես հեռանալ այդ սխալեցնող հավատից և դառնալ դեպի նրան, որը ուղիղ և ճշմարիտ է:
– Բայց միթե այսքան տարիներ այդ հավատով ապրողները բոլորն էլ դժոխքն են գնացել:
– Բոլո՛րը:
– Լավ ուրեմն, թող որ ես էլ այդ հավատով դժոխքը գնամ, ուրիշ հավատով ես արքայություն գնալ չեմ ուզում:
– Այդ անկարելի է, Մարիա՛մ: Դու մի խեղճ և միամիտ կին ես, դու կամենում ես քեզ կորցնել, քեզ հետ էլ իմ երեխաներին: Բայց ես ընտանիքի հայր եմ, ես իմ ընտանիքի հոգու կորուստը չեմ կամենում, որովհետև ես ձեր բոլորիդ համար պատասխանատու եմ, «տիրոջ» առաջ: Դու պետք է լսես իմ խնդիրը և պետք է երեխաներիդ հետ միասին ընդունես այն հավատը, որը ընդունել է քո ամուսինը:
– Բայց եթե ես ընդդիմանա՞մ:
– Այն ժամանակ դու կկորցնես բոլորը, ինչ որ քաղցր և ինչ որ սիրելի է քեզ համար: Միևնույն վշտերն ու խռովությունները կպատեն դարձյալ քեզ և քո բոլոր ընտանիքդ, և դու իրավունք չես ունենալ գանգատվիլ քո թշվառությունից, որ առաջինից ծանր կլինի…
Մարիամը ամբողջ մարմնով դողաց և մի քանի վայրկյան մնաց լուռ:
– Ի՞նչ ես վճռում այժմ, – անողոք ձայնով հարցրավ ամուսինը:
– Գրիգո՛ր, – աղաչավոր ձայնով դարձավ Մարիամը նրան, – մինչև այսօր մեր տան խռովությունները գլխավորապես նրա համար էին, որ դու հավատով բաժանվել էիր քո ընտանիքից, և ես պահանջում էի, որ դառնաս և միանաս նրա հետ: Գիտես, թե մենք միմյանց ինչպես էինք սիրում և մանավանդ թե գիտես որքան սիրում էի ես քեզ. ուստի մի վայրկյան անգամ ես չէի հոժարիլ, որ դու ինձանից բաժանված լինիս ամենաաննշան զգացմունքով անգամ, ո՞ւր մնաց թե հավատով: Այս էր պատճառը, որ ես հենց առաջին օրվանից շատ դառնությամբ նայեցի քո հավատափոխության վերա, ես քեզ սկսեցի հաճախ հանդիմանել. հետզհետե այդ հանդիմանությունները փոխվեցան կծու նախատինքների և հետո շատ անգամ կռվի… Այս բոլորը խռովեցին և տակնուվրա արին մեր տունը: Բայց ես զղջում եմ, իզուր էին իմ հանդիմանությունները, իզուր էին իմ նախատինքները: Դու սկզբից իսկ պետք է ինձ խնայեիր, որովհետև քո արածը իմ կյանքի հակառակ էր, իսկ դու սիրում էիր ինձ… Բայց երբ այդ սերը չկարողացավ դարձնել քեզ քո թյուր ճանապարհից, իմ հանդիմանությունները ու նախատինքները, հարկավ ոչինչ ավելի չէին կարող անել: Ես սխալվեցա մինչև այժմ իմ քո դեմ գործածներով, այժմ ես ներողություն եմ խնդրում: Սկսենք դարձյալ հաշտ ու խաղաղ ապրել, սկսենք միմյանց ուրախացնել… Ես մինչև այժմ ընդդեմ էի քո լուեթերական լինելուց և տեսար, թե ունեի իրավացի պատճառներ, բայց այժմ չեմ ընդդիմանում: Այժմ ազատ կարող ես քո ընտրածդ հավատդ պաշտել, ես այլևս քեզ չեմ խանգարիլ, միայն դու էլ ինձ ու իմ երեխաներին ազատ թող մեր պապերի հավատը պաշտելու, դու էլ մի խանգարիլ մեզ: Ես առավոտ երեկո կերթամ իմ եկեղեցին, կաղոթեմ աստծուն առաջվան պես, կխոստովանիմ քահանային իմ մեղքերը, ինչպես միշտ, առանց ընդհատելու կպահեմ իմ պահքը և նեղության մեջ ընկած ժամանակ կդիմեմ մեր սուրբերի բարեխոսությանը: Այս հավատով ապրել և մեռել են մեր պապերը, այս հավատով էլ կամենում եմ, որ ապրենք ու մեռնենք ես ու իմ որդիքս…
– Դու շատ խոսեցիր, Մարիամ, – պատասխանեց ոսկերիչը, – Բայց այդ խոսածներիդ հետ ինձ համաձայնվել անկարելի է: Մենք մի ընտանիք ենք, մեր թե՛ կամքը և թե՛ մահը մի հավատով պիտի լինի:
– Ուրեմն թող քո այդ նոր հավատը և նորեն դարձիր քո պապերի և մեր հավատին, այն ժամանակ մենք միահավասար կլինենք: Ավելի լավ է, որ մեկը շատերի հետ համաձայնվի:
– Անկարելի է, ես իմ հավատի ուղղությունը ճանաչելուց ետ նորեն մոլորության մեջ չեմ ընկնիլ, իմ հոգսը հենց ձեզ այդ մոլորությունից հանելն է:
– Բայց եթե ես ոչ մի կերպ չհամաձայնվիմ այս մոլորությունից դառնալու…
– Այդ հարցը մի անգամ արդեն արիր, և ես պատասխանեցի թե՝ դու կթշվառանաս և կթշվառացնես քո ընտանիքը:
– Բայց Գրիգոր, եթե դու և քո վարժապետները ուղիղ սրտով հավատում եք աստծո բարության, դուք պետք է գիտենաք, որ նա ձեզ մարդիկներիդ նման չար չէ, նա երբեք չի ցանկանա, որ դու այս կամ այն հավատը զոռով ընդունել տաս քո ընտանիքին, և եթե նա այդ չկամենա ընդունել, չարչարես ու տանջես նրան: Աստված երբեք չի կամենալ, որ մեր խաղաղ տան մեջ խռովություններ մտնեն այդ բանի համար, ուրեմն այդ քո լութերական վարժապետներդ էլ երբեք աստծուն սիրելի մարդիկ չեն կարող լինել, որովհետև ինչ տուն որ մտնում են, ամեն տեղ խռովություններ ու գժտություններ են սերմանում: Դու պետք է հեռանաս այդ մարզիկներից…
– Մարիա՛մ, ես էլ երկար խոսել չեմ կամենում, դու, պետք է վճռաբար հայտնես ինձ՝ ընդունո՞ւմ ես իմ խնդիրը, թե՞ ոչ:
– Ինչո՞ւմն է կայանում քո խնդիրը:
– Ահա թե ինչում, առաջին՝ դու չպետք է այսուհետև եկեղեցի գնաս և ոչ երեխաներիդ տանես, այլ Կարոյի կնոջ հետ նշանակած ժամին կգաք մեր ժողովարանը և այնտեղ կանենք ձեր աղոթքը, երկրորդ՝ կարգելես քահանաներին մեր տուն մտնել, երրորդ՝ կթողնես բոլորովին պահք պահելը. չորրորդ՝ կմոռանաս քո այդ հազար ու մի սրբերին ուխտ գնալը կամ մատաղներ մորթելը. հինգերորդ…
Այս խոսքերը խոսելու ժամանակ Մարիամի դեմքը հետզհետե մռայլվում էր, կուրծքը բարձրանում էր և իջնում և սիրտը տրոփում էր այնպես, որ կարծես թե պատրաստվում էր մի մեծ կռվի համար: Վերջապես նա ուղղվեցավ աթոռի մեջ և բարկացայտ աչքերը սևեռելով ամուսնու աչքերին խրոխտ ձայնով ընդմիջեց նրա խոսքը.
– Դու քո մտքումդ հաստատապես դրել ես, որ այդ բոլոր ասածներդ անել տաս ինձ:
– Այո՛, և ես այդ բանը խոստացել եմ մեր պաստորին և մեր քարոզչին:
– Շատ իզուր ես արել: Ես քո առաջարկներից և ոչ մեկը պետք է ընդունեմ: Ականջներդ բաց լավ լսիր և գնա քո անխիղճ վարժապետներիդ էլ հասկացրու, որ եթե Քրիստոսի չարչարանքներն էլ տաք ինձ, ես ձեր պահանջածներից և ոչ մեկը պետք է կատարեմ: Այս է իմ միակ և վերջին վճիռը:
Այս ասելով նա արագությամբ բարձրացավ տեղից և ուղղվեցավ դեպի դուռը:
– Մարիա՛մ, Մարիամ, լսիր ինձ, տես թե ի՛նչ եմ ասում, – գոչում էր ամուսինը ետևից:
– Ոչ, այլևս ես քեզանից ոչինչ լսել չեմ կամենում, և ոչ էլ երբևիցե քո երեսը տեսնել եմ ուզում: Իմ ամուսինը մի տարի սրանից առաջ է մեռել, ես այժմ այրի եմ…
Այս ասելով նա զայրացած դուրս գնաց և դուռը բարձրաձայն փակեց յուր ետևից:
Գրիգորը միառժամանակ մնաց յուր տեղը ընդարմացած և աչքերը ուղղած փակված դռանը: Հետո նա տեղից վեր կացավ, առավ վերարկուն և կրկին փակված դռանը նայելով մրմնջաց ինքն իրան. «Կամակոր կին, դու ուրեմն կամենում ես քո ամուսինը խայտառակել, լավ, կտեսնենք, թե քո այդ կամակորությունը մինչև ուր կտանե քեզ… Ես ամենից մեծ հիմարը կլինեմ, եթե թողնեմ քո գիտցածիդ պես երեսդ խաչակնքել անգամ: Մինչև այժմ ես քարոզչի պատվիրած քաղցրությունը գործադրի, այսուհետև էլ Կարոյի տված խորհրդին կհետևեմ»: Այս տխուր սպառնալիքներից ետ նա հագավ վերարկուն և դուրս գնաց սենյակից…
Ամուսինների այս վերջին բաժանումից ետ անցան երեք տարիներ, այս գերդաստանի համար երեք վշտալից տարիներ: Մարիամը հաստատ մնաց յուր վճռին, նա ոչ մի կերպ և ոչ մի պայմանով չհոժարեցավ ենթարկվիլ ամուսնու ներգործության՝ ընդունել բողոքականություն: Այս պատճառով ամուսինն էլ յուր կողմից, մանավանդ յուր «եղբայրների» հորդորմամբ, անողոքելի մնաց յուր վճռի մեջ: Մարիամի յուրաքանչյուր անգամ եկեղեցի գնալը, յուր տան մեջ քահանա ընդունելը, դրացիների հետ ուխտ գնալը, միով բանիվ նրա յուր հավատի վերաբերյալ ամենաչնչին հնավանդ սովորության կատարումը պատճառ էր դառնում յուր ամուսնու նախատելուն, հայհոյելուն և շատ անգամ այնպիսի կռվի, որը վերջանում էր նրանով, որ երբեմն սիրող ամուսինը սկսում էր ծեծել յուր կինը… Խեղճ Մանիշակը շատ անգամ մտնում էր այս վերջնակռիվների մեջ յուր մորը պաշտպանելու նպատակով, բայց հոր հարվածներից իրեն էլ բաժին առնելով վշտահար և լալով քաշվում էր մի կողմ: Մյուս երեխաները, որոնք անզոր էին իրանց մորը պաշտպանելու, լաց ու գոռոցով ողբակցում էին նրան և իրանց քրոջը: Եվ այսպես ամբողջ տունը շատ անգամ ներկայացնում էր մի աղիողորմ և սիրտ կտրատող տեսարան:
Ահա հենց այս տեսարաններից մեկն էր, որին ընթերցողները հանդիսատես եղան այս պատմության առաջին գլխում:
Ինչպես յուր տեղը պատմեցինք, և ինչպես կհիշեն ընթերցողները, երբ Խաթուն մայրիկը Մարիամին ու նրա երեխաներին առնելով տարավ յուր տունը, նրա ամուսնու, այն է վարպետ Սարգսի հրամանավ մի քանի երիտասարդներ ոսկերիչ Գրիգորի ձեռքերը կապելով, ժամավորների մեծ բազմությամբ տարան նրան գավառապետի մոտ:
Ճանապարհին հետաքրքիր բազմությունը հետզհետե խռնվում էր նրանց վերա և այդպիսով բազմացնում այդ բողոքավորների խումբը: Երբ նրանք հասան գավառապետի տունը, բակում կանգնած ոստիկանական պաշտոնյաները իսկույն իմացում տվին այս տարօրինակ խնդրարկուների մասին թաղական ոստիկանապետին: Ոստիկանապետ հայազգի Դանիել – բեկը իսկույն դուրս եկավ նրանց առաջ և շփոթված սկսավ հարցնել, թե ի՞նչ պատճառավ այս մեծ ամբոխը այսքան վաղ հավաքվել էր գավառապետի բակը:
Ամբոխի միջից դուրս եկավ վարպետ Սարգիսը, բռնած ոսկերիչի թևից և նրան առաջ քաշելով՝ «Աղա, – ասաց, – մենք եկել ենք գավառապետի մոտ նրա արդար դատաստանին մատնելու համար այդ չարագործ մարդուն, որ ահա ամբողջ երեք տարիներ է, չարչարում, տանջում է յուր կնոջը և որդիներին, որոնց այսօր էլ մենք ենք ազատել սրա ձեռքից տանջված ու գանակոծված»: Այս համառոտ բացատրությունից հետո վարպետ Սարգիսը մի քանի բան էլ պատմեց ոստիկանապետին ոսկերիչի քառամյա անցյալից և լռեց:
Ամբոխը հետաքրքրությամբ սպասում էր ոստիկանապետի պատասխանին, բայց նա ոչինչ չպատասխանեց, այլ միայն մի խորհրդավոր ակնարկ ձգելով ոսկերիչի վրա, լուռ ու մունջ ետ դարձավ և մտավ տուն:
Անժույժ երիտասարդներից ոմանք ատամները կրճտացնում էին ոսկերիչի վերա, ուրիշները բռունցքներն էին շարժում, իսկ ավելի հասակավորները խրատում էին նրանց՝ չափավորել իրանց զայրույթը, հուսադրելով, որ արդար դատաստանը հանցավորին կպատժե ինչպես վայել է:
Սակայն ոսկերիչի վերա այս սպառնալիքները ոչինչ ազդեցություն չէին անում, նրա դեմքը մինչև անգամ այլայլված չէր, նա անխռով և անտարբեր նայում էր ամբոխին և երբեմն դեմքի վերա խաղացնում էր ծաղրական ժպիտներ, որոնք ավելի գրգռում էին տաքարյուն երիտասարդների զայրույթը:
Քառորդ ժամից ետ մի ոստիկանական պաշտոնյա դուրս եկավ ոստիկանապետի գրասենյակից և ներս կանչեց ոսկերիչին: Ամբոխից մի քանի մարդիկ էլ կամեցան ներս մտնել նրա հետ, բայց պաշտոնյան արգելեց նրանց ասելով, որ հրամայված է միմիայն հանցավորին ներս տանելու: Սրանից հետո մի տասը րոպե հետո դուրս եկավ ինքը ոստիկանապետը և հայտնեց ամբոխին, որ գավառապետը քնած լինելով, իսկույն ևեթ հանցավորին դատի ենթարկել անկարելի է, ուստի երբ գավառապետը կարթնանա և ատյան կիջնի, այն ժամանակ ինքը հարցաքննել կտա հանցավորին:
– Ես ինքս, – ավելացրավ նա, – ձեր կողմից թարգման կկանգնեմ ձեր արդարացի բողոքին, որովհետև ձեր ինձ պատմածներից ամեն բանի տեղեկացա: Գնացեք յուրաքանչյուրդ ձեր գործին, և հաստատ հավատացեք, որ եթե մեր քննությունից ոսկերիչը հանցավոր դուրս գա, նրան օրինավոր պատիժ կտանք:
– Այո, օրինավոր, օրինավոր, – գոչեցին մի քանիսը ամբոխի միջից և բոլորը միասին միամտվելով ոստիկանապետի խոստումով, ցրվեցան և յուրաքանչյուրը գնաց յուր գործին:
Սակայն բոլոր ոսկերիչների և առավոտյան բողոքին մասնակցող անձանց զարմացումը շատ մեծ եղավ, երբ երկու – երեք ժամից ետ նրանք իմացան, որ ոսկերիչ Գրիգորը ազատ, յուր «եղբայրների» հետ միասին, շտապում է եղել «տիրոջ» տունը աղոթելու. «Ի՞նչ հանելուկ է այս, – միմյանց մեջ շշնջում էին ոսկերիչները, – եթե ասենք փախել է, Գրիգորը այնքան սիրտ չունի, որ կրկին բռնվելուց չվախենա, եթե ասենք գավառապետը ինքն է արձակել, դա էլ խելքից հեռու է: Ուրեմն մի աներևույթ զորություն օգնության է հասել նրան» – վերջապես վճռեցին նրանք և լռեցին:
Սակայն հանելուկի լուծումը հետևյալն էր: Մեր ծանոթ Կարոն, ոսկերիչի հավատակիցը, ամբոխից ավելի ճարպիկ էր շարժվել: Նա յուր «եղբայրակցի» գլխովն անցածը լսելուն պես, վազեց քարոզչի մոտ, սա էլ յուր կողմից անհապաղ դիմեց պաստորին, որը ըստ բերման բախտին այդ օրերը դարձյալ այցելել էր յուր հոտին:
Այն միջոցին երբ հիշյալ բողոքավորների խումբը հեռանում էր գավառապետի տանից, պաստորը նստած էր յուր մի բարեկամի մոտ և երկար խոսակցում էր նորա հետ: Աղա Հովակիմը, այսպես էին անվանում պաստորի բարեկամին, բավական հարուստ մարդ էր: Եվ թեպետ նա մի առանձին հասարակական պաշտոն չէր վարում, սակայն յուր նշանավոր հարստության պատճառով քաղաքի մեջ նախանձելի դիրք ուներ բռնած: Նա համարվում էր միայն ամենակարող մարդը բոլոր քաղաքի մեջ: Եվ այս իսկ պատճառով նա միշտ շրջապատված էր խնդրարկուներով: Եվ որովհետև յուր հարստությունը կապում էր նրան քաղաքի շատ առաջավոր անձանց հետ, ուստի հազիվ էր պատահում, որ նա յուր ձեռնարկությունները ըստ յուր ցանկության չվերջավորեր և կամ իրեն դիմող նեղյալներին ձեռնունայն դարձներ: Այսպիսով, նա շատերին էր օգնում իրանց թշվառությանց և կարոտությանց մեջ: Մի բան միայն նսեմացնում էր նրա բոլոր բարեգործությանց փայլը, այդ այն էր, որ այդ մարդը գործում էր ոչ թե իսկապես բարեգործությունից դրդված, այլ ծայրահեղ փառամոլությունից: Նորա զվարճությանը չափ չէր լինում երբ տեսնում էր թշվառներին յուր առաջ ծնկաչոք և աղաչավոր, «կամ երբ փողոցով անցնելիս երբեմն իրանից բարերյալ մարդիկները՝ մինչև գետին գլուխ էին խոնարհեցնում նորան: Այս իսկ պատճառով նա շատ անգամ անխտիր օգնության ձեռք էր կարկառում և չարագործներին, միայն թե այդ բանը ավելացներ նորա համար դարձյալ մի տասնյակ երկրպագուներ: Պաստորը վաղուց ծանոթ էր աղա Հովակիմի հետ և քաջ ուսումնասիրած էր նորա թույլ կողմերը: Այս պատճառավ և այսօր ամենայն վստահությամբ դիմել էր նորան: Սակայն որքան մեծ եղավ յուր զարմանքը, երբ տեսավ, թե աղա Հովակիմը այս անգամ յուր խնդիրը կատարելու համար դժվարություններ էր ցույց տալիս: Բայց և այնպես նա իսկույն չվհատվեցավ: Նա լավ գիտեր, որ յուր բարերարը այն մարդիկներից չէր, որոնք կապարի ծանրություն ունեին և որոնց շարժելու համար շատ անգամ մեծ աշխատություններ են հարկավոր: Այստեղ բավական էր մի երկու մարդահաճ խոսքեր, և բերդը առնված էր: Աղա Հովակիմի բացասական արտահայտությանը պաստորը պատասխանեց,
– Ճշմարիտը խոստովանած, աղա Հովակիմ, դուք այո անգամ ինձ զարմացնում եք: Դժվար է գտնել այս քաղաքում մի մարդ, որին կարելի լիներ համոզել թե՝ աղա Հովակիմը այս ինչ գործը կամեցավ և չկարողացավ կատարել, կամ թե նա հրամայեց և նորա հրամանը անկատար մնաց: Դուք, իրավամբ, ժառանգած եք ամենակարող անունը, և դուք չպետք է դավաճանեք այդ անվանը: Ո՛չ մի արգելք և ո՛չ մի դժվարություն մենք չենք ճանաչում, որը կարողանար դիմագրել ձեր հրամանին, ուստի իզուր եք բարեհաճում համոզել ինձ, որ իմ ամենախոնարհ խնդրի կատարումը ձեր կարողությունեն վեր է: Բայց եթե արդարև դուք կատակ չեք անում, եթե դուք իջել եք այն բարձրությունից, որի վերա մինչև այսօր կանգնած էիք և կարողությամբ հավասարվել եք մյուս հասարակաստեղծ մարդիկների հետ, լավ է միանգամով հրամայեք մեզ տկարներիս գնալ և ջուրը թափվիլ, քան ապրիլ, որովհետև ինչ արժեք ունի այլևս մեր կյանքը առանց աղա Հովակիմի հայրենախնամ պաշտպանության…
Այստեղ պաստորը մինչև անգամ կամեցավ մի քանի կաթիլ արտասուք իջեցնել յուր տխուր երեսի վերա, սակայն տեսնելով, որ դերասանության այդ դժվար դերը իրան չի հաջողվում, շարունակեց,
– Ասացեք, կաղաչեմ, աղա Հովակիմ, ո՞ւմ դիմեն այսուհետև կարոտյալները, ո՞ւմ դիմեն մարդկային չարագործությանց ենթակա տառապյալները, ո՞ւմ դիմե իրավազուրկ այրին, ո՞ւմ դիմե անօգնական որբը… մտածեցեք, աղա Հովակիմ, մտածեցե՛ք մի րոպե, թե քանի – քանի թշվառներ ապրել և շնչել են քեզանով և թե դեռ քանիսին այսուհետև պետք է շունչ և հոգի տաք դարձյալ դուք: «Չեմ կարող» ձեր բարի լեզվի վերա շատ խորթ է հնչվում, ի սեր աստծո, մի արտասանեք դուք նորան և մի հուսահատեցնեք մեզ…:
Պաստորի այս հաճոյախոսությունը սպասված ազդեցությունը արավ: Նորա մանավանդ վերջին խոսքերը այն աստիճան գգվեցին աղա Հովակիմի փառամոլ ինքնասիրությունը, որ նա այլևս պաստորին դիմագրել չկարողացավ.
– Շատ լավ, շատ լավ, ես այդ մասին կաշխատեմ, – ասաց նա նորան, – դուք անհոգ կացեք:
– Շնորհակալ եմ, ով հասարակաց բարերար, բյուր անգամ շնորհակալ: Դուք միշտ պիտի փառաբանվիք քանի կենդանի եք և ձեր հիշատակը պիտի օրհնվի դարերի ընթացքում, երբ դեպի հանդերձյալ կենաց երանությունը փոխվիք:
Այս ասելով պաստորը բարձրացավ աթոռից և մինչև գետին խոնարհվելով ողջունեց աղա Հովակիմին եւ դուրս գնաց: Փոքր ժամանակից ետ դուրս գնաց տանից և աղա Հովակիմը յուր գեղեցիկ ձիու վերա նստած, որին հետևում էր մի հետևակ ծառա: Նոքա երկուսը միասին դիմում էին դեպի քաղաքի ներքին մասը: Դորանից մի քանի ժամից հետո ոսկերիչ Գրիգորը քաղաքի մի զառիվեր փողոցով բարձրանալով դիմում էր պաստորի տունը: Յուր լութերականություն ընդունելուց ետ առաջին անգամ էր, որ նա օրհնում էր հարստությունը և խոստովանում էր, որ ոսկին ամեն բանից զորեղ է… Այս դեպքից ճիշտ տասն օր հետո, մեր լրագիրներից մեկի մեջ տպված էր հետևյալ լուրը. «Մեզ գրում են Շ. քաղաքից, որ այնտեղի հայ լուսավորչականները խմբովին հարձակվելով մի բողոքական արհեստավորի տան վերա, ծեծել և անպատվել են նրան՝ թե տան տիրոջը և թե նրա ընտանիքին և քարերով կոտորել են տան պատուհանները: Ոստիկանությունը հասնելով հազիվ ազատել է կատաղի ամբոխի ձեռքից անմեղ զոհերին: Այս լուրը յուր ժամանակին իհարկե վրդովել է ընթերցող հասարակության ազնիվ մասի սրտերը և նրանց զայրույթը վառել այդ մոլեռանդ հայ լուսավորչականների դեմ»: Սակայն իմ ընթերցողները տեսան, որ այդ զայրութը անտեղի է եղած: Միայն ցավալին այն է, որ այս տեսակ խեղաթյուրյալ լուրերի մեջ դա առաջինը չէր և վերջինն էլ չէ լինելու:
Ոսկերիչը «տիրոջն կամեցողությամբ այսպես հրաշքով ազատվելուց ետ պաստորի հրամանով շտապեց գտավ «եղբայրներին» և նրանց հետ միասին գնաց իրանց աղոթատեղին գոհություն մատուցանելու աստծուն: Եվ ահա հենց այս միջոցին տեսել էր նրան ոսկերիչներից մեկը և նրա ազատվելու լուրը տարել յուր արհեստակիցներին, որոնք այսումենայնիվ նրան նորեն խանգարել չկարողացան… Պաստորն էլ յուր ժամանակին հասավ «եղբայրների» ժողովարանը: Այստեղ նա հանդիսավոր գովեստներ նվիրեց Գրիգոր եզբորը, որը տիրոջ ընտրյալ հոտը բազմացնելու նպատակով այնքան ջերմեռանդությամբ էր աշխատել, որ յուր կյանքն անգամ ենթարկել էր վտանգի:
– Այսպիսով, – ասում էր նա ոսկերիչին, – դու վարվել ես «տիրոջ» այն պատվերի համաձայն, որ մեզ սովորեցնում է թողնել հայր, մայր, կին և որդիք և մեր խաչն առնելով գնալ յուր ետևից: Դու արել ես այն, ինչ որ ի հնումն անում էին Պետրոս և Պողոս առաքյալները և նրանց պես ենթարկվել ես հալածանքների: Գուցե դեռ «տիրոջ» կամեցողությամբ նրանց պես չարչարանքներ էլ պիտի կրես, բայց իմացած եղիր, որ նրանց չափ էլ պիտի վարձատրվիս հավիտենականության մեջ:
Այս և սրանց նման խոսքերով պաստորը խրախուսում էր Գրիգորին և մյուս «եղբայրների» մեջ վառում էր նախանձավորություն նրան հետևելու համար:
Այս օրվանից ոսկերիչ Գրիգորը, ըստորում բավական առաջադիմություն էր արել սուրբ գրոց ընթերցանության մեջ, կարգվեցավ քարոզչի օգնական: Սա մի պաշտոն էր, որ «եղբայրների» մոտ նրա պատիվը բավական բարձրացնում էր:
Ոսկերիչ Եսավի նման ուրախացել էր այս ոսպաթանով և բնավ չէր մտածում յուր վաճառած անդրանկության, կամենում եմ ասել յուր կորցրած երջանկության յուր կնոջ և երեխայոց վերա…
Բայց այժմ մենք դառնանք նրանց մոտ:
Վարպետ Սարգսի տան մի ընդարձակ սենյակի մեջ նույն օրը անկողնում հիվանդ պառկած էին Մարիամը և նրա մոտ յուր մի տղա երեխան, որը այս անցքից մի քանի օր առաջ հիվանդացած էր պարանոցի ուռուցքով: Մանիշակը տխուր և գունաթափ դեմքով կծկվել էր մոր սնարների մոտ.
Տանտիկինը և հարսները նույնպես բոլորած էին Մարիամի շուրջը: Խաթուն մայրիկը տեսնելով, թե այս տխուր անցքը որքան մահացու կերպով ազդել էր խեղճ կնոջ վերա, աշխատում էր որքան յուր ճարտարախոսությունը ներում էր մխիթարել նրան: Բայց վերջինս միշտ անմխիթար էր. մանավանդ երբ նրանք խոսում էին ամուսնու դարձի մասին, որի համար նա կորուսած էր բոլոր հույսը, խեղճ կինը խորը հառաչում եւ արցունքներ էր թափում, առանց խոսել կարողանալու: Երբեմն զառանցման մեջ նա մրմնջում էր. «Այս խայտառակությունը միայն ինձ գերեզման կտանե… Ես դարձյալ կարող էի իմ տառապանացը տանել, եթե միայն իմ տան գաղտնիքները այսքան աշկարա հրապարակ չհանվեին…»:
Եվ արդարև նա ավելի մեծամեծ նեղությանց էլ կհամբերեր, եթե միայն յուր ցավերը լոկ իրան հայտնի լինեին, եթե միայն ուրիշները չիմանային, թե յուր երբեմն երջանիկ ընտանիքը թշվառացել է, թե յուր ամուսինը ամբոխի ձեռքով քաշված է դատարան և թե ինքը յուր երեխաներով փախած է սեփական տանից և ապաստանած է յուր դրացուն: Սրանք բոլորը յուր համար մի – մի մահացու հարվածներ էին: Որքան շատ նա տանջվել է, որքան շատ զրկանքներ կրել, բայց նրա ձայնը, նրա տրտունջը ոչ ոք չի լսել: Եվ այս ոչ թե պետք է վերագրել նրա երկչոտության, ո՛չ այլ առաքինի և անստգյուտ պարկեշտության: Մի կին, որ սիրում է յուր ընտանիքը և ապրում է միմիայն նրա համար, երբեք չէ կամենում այդ ընտանյաց խայտառակությունը յուրմով տեսնել: Ամեն գժտություններ, ամեն անբավականություններ նա ծածկում էր յուր համբերության վարագույրի տակ: Նա ինքը միայնակ նահատակ է հանդիսանում ամեն ընտանեկան փոթորիկների ժամանակ, խռովությանց բոլոր ալիքները փշրվում են նրա տկար գլխին, նա բոլորին տանում է արիությամբ, միմիայն նավի ղեկը ալիքներին չմատնելու համար, միմիայն իր տունը կատարյալ քայքայման չհասցնելու համար…
Արդյոք ի՞նչ կարծիք ունեին այդօրինակ կանանց վերա մեր մայրաքաղաքի հայ տիկինները, որոնք շատ անգամ իրանց գլխարկների մի ոսկեփայլ փետուրի պատճառով տակնուվրա են անում ամբողջ ընտանիքը:
Գավառեցի հայ կանայք, գավառեցի հայ մայրեր, որքան շատ փոքր ենք ճանաչում մենք ձեզ, որքան շատ փոքր ենք ծանոթ ձեր արժանավորությանց և առաքինությանը հետ: Մեր լուսավորվածները շլանում են երբ զարգացած հասարակությանց մեջ հանդիպում են մի կնոջ, որը իր բնական տկարության մեջ ցոլացնում է մի զորեղ առաքինություն, կամ հափշտակվում են, երբ բանաստեղծի երևակայության մեջ ծնվող և ապրող կանանց պատմություններն են կարդում: Բայց մի՛ սխալվիք, բարեկամնե՛րս, կամ մի՛ դարձրեք ձեր երեսը այս աղքատիկ տնակներից, ուր ծնվել եք և ուր անցուցել եք ձեր մանկությունը: Մտե՛ք այս ծխոտած հարկերի տակ, ուր ձեր կարծիքով ոչինչ վսեմ ու բարձր չկա. քննեցեք այստեղ ապրող կանանց, ձեր մայրերի ու քույրերի կյանքը, բարքը և սովորությունները, և զարմացմամբ կբացականչեք. «Որքան պակասավոր են դեռ մեզ շլացնող կանայք իրանց առաքինության մեջ, որքան պակասություններ ունի դեռ բանաստեղծի գրիչը և երևակայությունը»:
Մարիամի տկարությունը ժամեժամ ավելանում էր: Կեսօրի մոտ նա սաստիկ տենդի մեջ էր գտնվում և գրեթե զգայազուրկ ընկած էր անկողնի վերա:
Բայց մի ուրիշ վիշտ էլ ավելացավ Խաթուն մայրիկի և մանավանդ նրա որդի Աշոտի համար: Նույն ավուր երեկոյան պահուն գլխի պտույտով և տենդով հիվանդացավ և՛ Մանիշակը, նախընթաց գիշերը ամբողջ մի քանի ժամ սառնամանաց մեջ բարակ հագուստով մնացել էր խեղճ աղջիկը, և ցուրտը թափանցել էր նրա ոսկորների մեջ: Թեպետ հիվանդությունը վտանգավոր ելք էր գուշակում, բայց Աշոտի բերած բժիշկը, մահտեսի Հարությունը, հավատացնում էր բոլորին, որ նրա հիվանդությունը շատ թեթև տեսակին է պատկանում: «Մի փոքր մրսել է, – ասում էր նա, – մի դեղ կտամ և մինչև առավոտ ամեն բան կանցնի»: Սակայն հետևյալ առավոտը հիվանդի դրությունը ավելի վատթարացավ: Սրան էլ կարծես հետևում էր եղբայրը: Նրա պարանոցի ուռուցքը ավելացել էր, գրեթե երեկվա տեղափոխության ժամանակ ցուրտ առնելու պատճառով: Մահտեսի Հարությունը խորհուրդ տվավ, որ թույլ տան իրեն երեխայի ուռուցքը հերյունով (նշտար) պատռելու, նրան ոչ ոք չհանդիմացավ, սակայն այդ գործողությունը ավելի ևս բորբոքեց նրա պարանոցի վերքը, և ուռուցքը ավելացավ:
Այն սենյակը, ուր պառկած էին հիվանդները, մտնողի վերա շատ տխուր տպավորություն էր անում: Մայր, աղջիկ և տղա մի շարքով տարածված հեծում էին հիվանդության ծանրության տակ: Ոչ մեկը մյուսից ավելի հուսալի դրության մեջ չէր գտնվում:
Խաթուն մայրիկը և յուր հարսները կրկնապատկում էին իրանց ջանքերը: Նրանք կարծես թե մոռացել էին իրանց տան հոգսերը և միմիայն հիվանդներով էին զբաղված: Որքան դեղ ու դարման գիտեին թե իրանց բժիշկը, թե՛ իրանք և թե՛ ազգական այցելուները, բոլորը գործ էին դնում: Աշոտը նույնպես թողած էր յուր պարապմունքը, ամբողջ օրը այս ու այն կողմ էր վազվզում, երբեմն բժիշկ մահտեսու ետևից, երբեմն դեղատուն, երբեմն շուկա և այլն, իսկ այս գործերը կատարելուց ետ գալիս էր և լուռ ու մունջ նստում Մանիշակի անկողնի մոտ: Նրա աչքերը անընդհատ ուղղվում էին նրա դեմքի վրա, որպեսզի հիվանդը որևէ պահանջմունք ունենալուց ինքը պատրաստ լինի: Նա գիշերներն անգամ յուր մոր հետ միասին անքուն հսկում էր հիվանդների մոտ, չկամենալով ոչ ոքի հանձնել մանավանդ Մանիշակի խնամատարությունը:
Ընթերցողը անշուշտ հիշում է, որ, որ չորս տարի սորանից առաջ վարպետ Սարգիսը ոսկերիչ Գրիգորի մոտ, հացկերության ժամանակ խնդրեց վերջինից Մանիշակի ձեռքը յուր Աշոտի համար, և որ այս խնդիրը կատարվեցավ բոլոր հյուրերի համաձայնությամբ և նրանց կենաց համար բաժակներ դատարկելով: Ծնողների խոսածները լոկ խոսքեր չմնացին. այդ օրից սկսած Աշոտը սկսավ առանձին համակրությամբ վերաբերվել դեպի մանկահասակ օրիորդը: Մի քանի ժամանակից ետ այդ համակրանքը փոխվեցավ սիրո, որը հետզհետե սկսավ աճել պատանու սրտի մեջ և խորը արմատներ ձգել: Թեպետ ինքը իբրև գավառական համեստ քաղաքի ծնունդ, և որ ավելին է, արհեստավոր դասին պատկանող, երբեք չէր կարողանում պարկեշտության սահմանից ելնելով մի որևէ խոստովանություն աներ օրիորդին կամ նրա մորը, սակայն օրիորդի վերաբերմամբ յուր ունեցած վարմունքը այս քանի տարում ոչինչ կասկած չէին թողել Մարիամի մեջ, որ երիտասարդը կատարելապես նվիրված էր յուր աղջկան: Միայն նա ձախող և վերահաս հանգամանքները միշտ աչքի առաջ ունենալով՝ յուր կողմից չհասկանալուն էր տալիս: Ինչ կվերաբերվի Մանիշակին, նա նույնպես անտարբեր չէր դեպի երիտասարդ Աշոտի զգացմունքը, սակայն յուր վարմանդ մեջ այնքան էր համեստ որ մոր սրատես աչքերն անգամ նրա մեջ ոչինչ կասկածելի հետքեր չէին նշմարում:
Գալով ոսկերիչին, նա այնքան էր զբաղված յուր «Տիրոջ հոտի» գործերով, որ այս տեսակ բաներով բնավ չէր հետաքրքրվում, իսկ վարպետ Սարգսին արած խոստումը վաղուց թռել էր նրա հիշողությունից:
Այսուամենայնիվ վարպետ Սարգիսը և Խաթուն մայրիկը հաճախ իրանց տանը խոսում էին Մանիշակի վերա, իբրև իրանց ապագա հարսի, գովում էին նրան թե իբրև կատարյալ տնտեսուհի և թե՛ քաջ ձեռագործող և հորդորում էին Աշոտին աշխատել նրա համար արժանավոր փեսա լինելու:
Չնայելով, որ Աշոտի ծնողների համար այս ամուսնության խնդիրը մի վճռված գործ էր, այնուամենայնիվ նրանք էլ այս մասին ոչինչ չէին խոսում Մանիշակի ծնողաց հետ, այլ սպասում էին, մինչև որ Աշոտի համար առանձին խանութ կբանային և նա կսկսեր յուր եղբարանց պես առանձին հաց աշխատել, իբր յուր գերդաստանի մի կարող անդամ: Այս վերջին ակնկալությունն էլ կատարված էր: Վարպետ Սարգիսը և յուր կինը պատրաստվում էին այդ օրերը իրանց հարսներից և ազգականուհիներից մի քանիսին պաշտոնապես խնամախոս զրկել ոսկերիչի տունը Մանիշակի համար, երբ ահա մեզ ծանոթ աղետալի անցքը մեջ ընկավ և բոլորի հույսը խափանեց…
Այժմ Աշոտը բեկված սրտով նստած էր յուր հիվանդ սիրուհու մոտ, դիտում էր նրա անզոր շարժումները, նրա դալկացած դեմքը, լսում էր նրա նվազած ձայնը, նրա հեծեծանքը և հառաչում էր խորին հուսահատությամբ:
Մի օր, երբ նա ըստ սովորականին գտնվում էր հիվանդի մոտ, Մանիշակը ջուր խնդրեց, նա իսկույն բարձրացավ տեղից և գավաթը մոտեցրավ նրան:
Մանիշակը աչքերը բացավ ջուրը առնելու և Աշոտին տեսնելով նվազ ձայնով ասաց.
– Դարձյալ դո՞ւ ես, Աշո՞տ:
– Այո, ես եմ, Մանիշակ, նեղանո՞ւմ ես, որ ես եմ քեզ ջուր տալիս, – պատասխանեց երիտասարդը:
– Այո՛, նեղանում եմ, շա՛տ եմ նեղանում: Հապա դու ե՞րբ պետք է հանգստանաս, մի՞թե խեղճ չեն քո ծնողները, մի՞թե մեզ համար բարություն արած կլինես, երբ դու էլ հիվանդանաս:
– Եթե դուք հիվանդացել եք, ի՞նչ մեծ բան է, եթե ես էլ հիվանդանամ:
– Մենք մեր հոր մեղաց համար տանջվում ենք, իսկ դու ինչու համար պիտի տանջվես, խեղճ տղա:
Այս ասելուց ետ նա մի փոքր լռեց և ապա հարցրավ.
– Ուրիշ ո՞վ կա սենյակում, Աշո՞տ:
– Ո՛չ ո՞ք:
– Իսկ մայրս արթուն չէ՞:
– Ոչ, մի ամբողջ ժամ է արդեն, որ նա հանգիստ քնած է:
– Լավ է, որ քնել է, նա այս գիշեր շատ է տանջվել:
– Այստեղ կանգ առավ օրիորդը և դարձյալ փոքր լռությունից ետ նորեն սկսավ.
– Աշոտ, մի՞թե կասկածում ես, թե ինձանից ծածուկ է, որ դու ինձ սիրում ես:
– Ի՞նչպես, Մանիշակ, – կարմրելով և շփոթված հարցրավ երիտասարդը:
– Այնպես, դու ինձ սիրում ես, ես այդ վաղուց գիտեմ, գիտեմ նույնպես, որ շատ ես սիրում, շնորհակալ եմ, Աշոտ, բայց մի բան կա, որը դու մինչև այսօր դեռ չգիտես, ես պետք է այն էլ ասեմ քեզ:
– Ի՞նչ բան, – մի փոքր սիրտ առնելով, բայց համեստությամբ հարցրավ Աշոտը:
– Այն, որ ես էլ քեզ եմ սիրում և շատ ժամանակ է, որ սիրում եմ, այսինքն այն օրից, երբ մեզ ամուսնացնելու համար միմյանց խոսք տվին մեր հայրերը:
Աշոտի երեսը կրկին շառագունեցավ, նա չէր համարձակվում սիրուհու աչքերին նայելու, մինչև որ վերջինս կրկին սկսավ խոսել:
– Բայց գիտե՞ս, Աշո՛տ, թե ինչու համար այս խոսակցությունը արի քեզ, այդ նրա համար, որ ես շուտով պետք է մեռնիմ, ուստի չուզեցի որ իմ այդ գաղտնիքը ինձ հետ գերեզման տանեմ, և որ դու հավիտյան երկմիտ չմնայիր թե արդյոք Մանիշակն էլ սիրում էր քեզ…
– Մանիշակ, ինչո՞ւ այդպես տխուր բաներ ես խոսում, ինչու պետք է մեռնիս դու… – բայց երիտասարդը չկարողացավ շարունակել յուր խոսքերը, արտասուքը խեղդեց նրան, և նա սկսավ լալ:
– Դու լալիս ես, Աշոտ, երանի քեզ, գոնե մի փոքր կհանգստանաս, բայց իմ արտասուքներս վաղուց, արդեն շատ լալուց ցամաքել են…
– Ախ, Մանիշակ, Մանիշակ… այս ի՞նչ արիր դու ինձ, – հեկեկալով խոսում էր երիտասարդը, – երանի թե ինձ ոչինչ չհայտնեիր, երանի թե ես միշտ այնպես կարծեի, թե դու ինձ երբեք չես սիրել, գոնե այն ժամանակ ես մի փոքր հանգիստ կունենայի, իսկ ա՛յժմ… այժմ փոքր է մնում, որ խելքս գլխես թռցնեմ…
– Բնավ, սիրելի Աշոտ, բնավ մի՛ նեղսրտիր, թշվառը ես եմ, ես կմեռնեմ, մի փոքր ժամանակ, ինձ համար կարելի է սուգ կպահես, այնուհետև իմ հիշատակը քո սրտից էլ կկորչի…
– Մանիշակ, դարձյալ նույն խոսքերն ես ասում, Մանիշակ, մի՞թե ինձ չես խղճում…
– Թո՛ղ, մի կտրիր խոսքս: Ասում եմ, որ իմ հիշատակը քո սրտից էլ կկորչի, այն ժամանակ դու քեզ համար ուրիշ հարսնացու կընտրես, դու կամուսնանաս, դու երջանիկ կլինես… բայց մի վերջին խնդիր ունիմ, նա էլ պետք է կատարես, այսինքն այն, որ երբեմն – երբեմն իմ գերեզմանին այցելության գաս, քո կինն էլ հետդ կբերես և կասես նրան թե «այս խեղճ աղջիկը սիրում էր ինձ»… Հետո կպատմես նրան իմ դժբախտությունները, որովհետև դու բոլորը տեսել ես, դու բոլորը գիտես, գուցե նա էլ խղճա և մի անգամ «ողորմի» կասի ինձ…
Երիտասարդի սիրտը կսկծից մորմոքվում էր:
Նա նմանվում էր այն թշվառ ծնողին, որը եկել էր տեսնելու նավաստիների ձեռքով ցամաք հանվող խեղդվածներին և նոցա մեջ ճանաչում է յուր յոթ տարիների վեր կորսուած միամոր զավակը: Անլուր թշվառություն, նա գտնում է յուր որդին, բայց ավաղ հավաստիանալու համար միայն որ նա հավիտյան կորած է յուր համար…:
Այս դրության մեջ էր գտնվում և Աշոտը յուր սիրուհու խոստովանությունը լսելուց հետո, նա տանջվում էր, նրա երակների մեջ արտասուք էին հոսում, բայց ոչինչ չէր կարողանում անել, ոչինչ չէր կարողանում խոսել, նա լալիս էր…
Վերջապես Խաթունի հարսներից մեկի ներս գալով տխուր տեսարանը փակվեցավ: Աշոտը շատ այլայլված դուրս գնաց սենյակից:
Այն օրից սկսած մեր խեղճ սիրահարը ամեն բան մոռացավ: Նա այժմ ավելի դժբախտ էր համարում իրան, քան այն ժամանակ, երբ դեռ չգիտեր, թե Մանիշակը սիրում էր իրան: «Երանի թե նա այդ խոստովանությունը չաներ ինձ», հաճախ կրկնում էր նա: Որովհետև Մանիշակի հետ ամուսնանալու հույսով յուր ունեցած ցնորքները, երջանիկ ապրելու նախագծերը, – բոլորը յուր սիրուհու արած տխուր գուշակություններով ցնդվում էին օղի մեջ: Նա այժմ իրան զգում էր աշխարհի մեջ միայնակ և ամեն բարեմասնություններից զուրկ…
Եթե հայրը երբեմն հորդորում էր նրան գնալ շուկա և օրվա մեջ գեթ մի քանի ժամ խանութ բանալ, նա դառնությամբ պատասխանում էր:
– Այսուհետև այդ ո՞ւմ համար անեմ, իմ աստղը ջուրն է ընկել:
Խեղճ երիտասարդը յուր սիրուհուն կրկին առողջ տեսնելու համար բոլոր հույսը կորուսել էր: Շատ անգամ մայրը նրան հուսադրում էր, սիրտ էր տալիս, զանազան օրինակներ էր բերում այդ տեսակ հիվանդությամբ հիվանդացողներից, որոնք այսուամենայնիվ քիչ ժամանակից հետ կատարյալ առողջություն են ստացել, բայց երիտասարդը միշտ անմխիթար էր: Նա այժմ հավատում էր ավելի Մանիշակի արած գուշակություններին, մանավանդ երբ տեսնում էր, որ երեք հիվանդներն էլ օրստօրե վատթարանում էին, և մահտեսի Հարությունը առաջվան պես հուսով չէր խոսում նրանց առողջանալու համար:
Հետաքրքիր ընթերցողը կցանկանա իմանալ, թե այդ ընդհանուր դժբախտության ժամանակ ուր էր ոսկերիչ Գրիգորը ի՞նչով էր զբաղված և արդյոք չէ՞ր հետաքրքրվում իմանալու համար, թե ուր են գտնվում յուր կինը, աղջիկը և երեք որդիները: Ոսկերիչը այն օրից, երբ քարոզչի օգնական դարձավ, ընկեր հարևանի նախատինքներից ազատվելու և «տիրոջ հոտին» անձնավորությամբ ծառայելու համար, «եղբայրների», խորհրդով հավաքեց յուր խանութը, իսկ յուր ունեցած երեք հազար ռուբլին հանձնեց պաստորին, որ նա յուր կողմից ղրկե մայրաքաղաքի բանկը շահեցնելու համար: Վերջին անցքերից ետ, նա գրեթե ամբողջ օրերը անցցնում էր պաստորի, քարոզչի և «եղբայրների» հետ: Իսկ սրանցից և ոչ մեկը նրա ընտանյաց մասին նրա հետ ոչինչ չէր խոսում: Ինքը ոսկերիչը համոզված էր, որ նրանք թեպետ այսօր զայրացած և դուրս գնացած են, սակայն վաղը անշուշտ կդառնան իրանց տունը: Այդ հույսով նա մի քանի վաղիվներ անցկացրավ առանց յուր ընտանյաց դարձը տեսնելու: Այսուամենայնիվ դեռ հույսը չէր կտրում, որպեսզի անմիջական միջոցներ գործ դներ նրանց ետ դարձնելու համար: Մի կողմից էլ նա այսպես ավելի հանգիստ էր գտնում իրան, մանավանդ երբ «եղբայրներ» ժողովվում էին յուր մոտ: «Գոնե հանգամանքի բերումից օգուտ քաղեմ, քանի ժամանակ ունիմ, ասում էր նա, գիտեմ, որ վերջիվերջո գլխիս պետք է թափվին»:
Բայց այստեղ հիվանդների դրությունը օրեցօր ծանրանում էր, ութ օրից ետ վերջապես մահտեսի Հարությունը խորհուրդ տվավ վարպետ Սարգսին ռուսի դոկտորը բերել հիվանդներին նայելու:
– Ուրեմն դու քո բժշկության բոլոր պաշարը սպառեցի՞ր, – հարցրավ մահտեսուն վարպետ Սարգիսը:
– Ինչ որ գիտեի գործ դրի, բայց ի՞նչ անեմ, որ լավանալու նշույլ չէ երևում:
– Ինչո՞ւ առաջ չէիր ասում այդ:
– Առաջ երեքի հիվանդություններն էլ ինձ ծանոթ էին երևում, և ես հույս ունեի, թե կառողջացնեմ, բայց այժմ տեսնում եմ, որ մինակ ինձմով բան չէ դառնալու:
Վարպետ Սարգիսը բարկությամբ գլուխը շարժելով դուրս գնաց և Աշոտին ղրկեց դոկտորի ետևից:
Մի ժամից ետ դոկտորը եկավ՝ մի բարձրահասակ և ազնվադեմ մարդ: Նա քաղաքավարությամբ առաջ մոտեցավ Մարիամին, հարցրավ հիվանդության որպիսությունը վարպետ Սարգսից և մահտեսի Հարությունից, որովհետև հիվանդի մեջ խոսելու կարողություն չկար, հետո բռնեց զարկերակը, երկար քննեց կուրծքը, և ապա բարձրանալով թեթև շարժեց գլուխը և անցավ դեպի Մանիշակը: Նույն քննությունը կատարեց և օրիորդի վերա: Հետզհետե բժշկի դեմքը մռայլվում էր, նրա ժպտող երեսը այժմ արտահայտում էր զայրույթ և բարկություն: «Շատ ուշ է, իմ պարոններ, շատ ուշ է», քրթմնջում էր նա: Վերջապես նա մոտեցավ երեխային, քննեց նրա պարանոցի ուռուցքը և տեսնելով հերյունի պատռվածքը երեխայի պարանոցի վերա՝ մի դառն ժպիտ անցավ շրթունքների վերա:
– Ո՞վ է հերյունով արյուն հանել երեխայի ուռուցքից, – հարցրավ նա ներկա եղողներից: Նրանք ցույց տվին մահտեսի Հարությունին:
Բժիշկը կանգնեց և մի բարկացկոտ հայացք ձգելով նրա վրա հարցրավ.
– Երեք հիվանդներին էլ դո՞ւ էիր բժշկում:
– Այո, – երկյուղով պատասխանեց մահտեսին:
– Քանի օր է, որ հանձն ես առել հիվանդների բժշկությունը:
– Երկու, – պատասխանեց նա:
– Ո՛չ, ութերորդ օրն է այս, – մեջ մտավ Աշոտը, – մահտեսին չէ կամենում ճշմարիտը խոսել:
– Պարոն, – բարկությամբ դարձավ բժիշկը դեպի մահտեսին, – դու հիշում ես, որ մենք մի անգամ էլ հանդիպեցինք միմյանց հետ, և ես քեզ հրամայեցի չհանդգնել այսուհետև բժշկություններ անել, իսկ դու մոռացե՞լ ես իմ խոսքերը, լա՞վ, ես այժմ քեզ հետ ուրիշ կերպ կվարվիմ:
Մահտեսի Հարությունը գունաթափվեցավ, իսկ դոկտորը վերարկուն առնելով բարկացած և անխոս դուրս գնաց:
Վարպետ Սարգիսը, Խաթունը և Աշոտը վազեցին նրա ետևից և առաջը առնելով՝ խնդրում էին, որ, եթե չէ կամենում դեղատոմս գրել գոնե հայտնե նրանց, թե հիվանդները կառողջանան, թե ոչ:
– Երեքին էլ վաղը կթաղեք, – դառնությամբ պատասխանեց բժիշկը և դուրս գնաց բակից:
Խաթունը և վարպետ Սարգիսը մնացին արձանացած և ակնապիշ նայում էին միմյանց, իսկ Աշոտը սկսավ թուլանալ և ընկավ դռան քարի վրա: Ծնողները և հարսները մեծ ջանք դրին, մինչև որ նրան ուշքի բերին: Այսուամենայնիվ նա դեռ թմրած նստել էր քարի վերա և երկար չէր շարժվում այն տեղից: Նա անզգա էր թե՛ ծնողաց և թե՛ յուր հարսների աղաչանցը, նա ոչինչ չէր լսում: Բայց մի քանի վայրկյանից հանկարծ նա տեղից վեր թռավ, հափշտակեց գետնի վրա ընկած վանդակի ձողը և խելագարի պես վազեց տուն.
– Ո՞ւր է այն անզգամը, – կատաղությամբ գոչում էր նա, – նա սպանեց այս խեղճերին, ես էլ նրան պետք է սպանեմ:
Նա որոնում էր մահտեսի Հարությունին, բայց նա վաղուց փախուստ էր տվել նրանց աչքերից:
Ը
Դեկտեմբերի ձմեռային առավոտ էր: Քաղաքի արևելյան հորիզոնը ամփոփող լերանց ետևից դեռ նոր ծագել էր արեգակը և բարձրանում էր անամպ և վճիտ երկնակամարի վերա: Սրա ջերմությունից զուրկ ճառագայթների առաջ շողշողում էին տների սրածայր ձյունապատ տանիքները: Բոլոր քաղաքը արդեն յուր սովորական շարժողության մեջ էր:
Այս միջոցին արհեստավորների թաղում վարպետ Սարգսի տունը ներկայացնում էր մի անսովոր կերպարանք: Նրա բակի և տան մեջ խռնված էր խառնիճաղանճ ամբոխ: Այստեղ, այնտեղ երևում էին խաչվառներ, մոմեր, աշտանակներ, որոնք մի տեղից մյուս տեղն էին փոխադրում, լսվում էին բուրվառների շաչյուն, քահանաների հաստ և համոզկեր ձայներ, իսկ սենյակների ներսից ողբ և լաց…
Բայց ի՞նչ է պատահել այստեղ: Մեր երեք հիվանդները նույն գիշերը ավանդել էին իրանց հոգիները մեկը մյուսից մի քանի ժամ հետո: Սարսափելի դժբախտության լուրը մի րոպեում տարածվել էր ամբողջ թաղի մեջ և ժողովել այստեղ ահագին բազմություն: Թե՛ դրացի, թե՛ բարեկամ և թե՛ օտար սարսափով էին լսում հասած դժբախտության մանրամասնությունները և ամենքը այս մի առանձին երկնային պատիժ էին համարում իրանց խրատելու համար աստծուց տրված:
– Մարդիկ մեռնում են, – ասում էին նրանք, – բայց այսպիսի թշվառություն մինչև այսօր տեսած չունեինք: Մայր, աղջիկ և տղա երեքը միասին միևնույն գիշերի մեջ մեռած, ո՞վ է տեսել կամ ո՞վ է լսել… ի՞հարկե սա մի երկնային պատիժ է:
– Ընդհակառա՛կը, մի երկնային բարություն, – պատասխանում էր մի քանիսին վարպետ Սարգիսը, – որովհետև այսպիսով աստված կամեցել է միանգամից ազատել հանգուցյալներին այն անողորմ լութերականի ձեռքից: – Նա խոսում էր ոսկերիչ Գրիգորի մասին, որը մինչև անգամ ոչինչ չգիտեր դեռ յուր ընտանյաց հասած դժբախտության մասին: Նախընթաց գիշերը ոսկերիչը անցրել էր քարոզիչ Ավետիքի տանը և դեռ առավոտը տուն չէր վերադարձել: Իսկ քարոզիչը որովհետև վաղ առավոտ շուկա էր եկել պաշարեղեն գնելու համար, այդտեղ նա լսել էր ոսկերիչի կնոջ և որդկերանց մահը: Այդ լուրը նրա վրա շատ վատ ազդեց: Բայց սառնությամբ և հեռատեսությամբ գործելն յուր սովորություն արած լինելով՝ նա չայլայլվեցավ, այլ իսկույն ևեթ «եղբայրներից» մի քանիսին ղրկեց տուն, Որ Գրիգորին զբաղեցնեն մինչև յուր տուն դառնալը: Հետո մի քանի հոգու համար գնած իրեղենների վերա դարձյալ պաշար ավելացնելով՝ հանձնեց ծառային և պատվիրեց տասն և երկու հյուրերի համար ճաշի պատրաստություն տեսնել: Այս ամենից ետ ինքը շտապեց պաստորին և մյուս «եղբայրներից» մի քանիսին տեսնելու: Մի ժամից ետ նա վերադարձավ ութ հոգի էլ յուր հետ ունենալով: Նա ոսկերիչին հայտնեց, որ այսօր մտադիր է մի փոքր խնջույք սարքել, որովհետև յուր քարոզիչ նշանակելու տասներորդ տարին հենց այդ օրը լրանում է:
– Իսկ վաղը, – ավելացնում էր նա, – քեզ հետ միասին շատ առավոտ պիտի ճանապարհվինք Ծառաձագ գյուղը մեր հոտին վերաբերյալ մի քանի գործերի համար:
Ոսկերիչը գովեց նրա մտադրությունը և պատրաստակամություն հայտնեց յուր կողմից նրան հետևելու:
Քարոզչի անգութ մտադրությունը հետևյալն էր: Նա կամենում էր այդ հնարներով նույն օրը ոսկերիչին զբաղեցնել, այնպես որ նա չկարողանար դուրս գալ և կնոջ ու որդկերանց մահը լսել, իսկ յուր տունը նա համոզված էր, ոսկերիչին փնտրելու համար եկող չէր լինի, հետո վաղ առավոտյան նա պաստորի խորհրդով, ոսկերիչին առած կերթար Ծառաձագ, որ քաղաքից 60 փարսաղ հեռավորություն ուներ: Նա այդտեղ զանազան պատրվակներով ոսկերիչին պիտի ուշացներ մի ամիս, իսկ այդ միջոցում պիտի նախապատրաստեր նրան յուր ընտանյացը հասած դժբախտության գույժը հենց այդ գյուղում առնելու, ըստ որում պաստորի ասելով եթե նույն օրը հայտներ նրան այդ բանը՝ «տիրոջ» հոտի համար կարող էին վնասակար անպատեհություններ տեղի ունենալ:
Բայց պաստորից և քարոզչից նախատեսված հաշիվները «եղբայրներից» մի քանիսը խանգարեցին: Քարոզչի տուն հասնելուց մի քանի ժամ հետո ոսկերիչը պատահմամբ կամեցավ դուրս, գնալ պատշգամբ: Նա դեռ ոտքը պատշգամբը հանող դռանը չէր կոխել, երբ պատշգամբում մի գաղտնի խոսակցության շշուկ զարկավ յուր ականջին: Նա իբր կատակ հետաքրքրվեցավ լռել, ուստի անշարժ յուր տեղը կանգնելով, ականջը ուղղեց դեպի շշնջող կողմը և որոշակի լսեց հետեւյալը.
– Ճշմարի՞տ, որ երեքն էլ վախճանվել են, – հարցնում էր «եղբայրներից» մեկը:
– Այո , թե՛ կինը, թե՛ աղջիկը և թե՛ որդին:
– Երեքն էլ ա՞յս գիշեր, – զարմացմամբ հարցնում էր մի երրորդը:
– Այո, երեքն էլ այս գիշեր:
– Իսկ եղբայր Գրիգորը ոչինչ չգիտե՞:
– Ոչ, նա այս գիշեր այստեղ է անցրել…
Ոսկերիչը այլևս չկարողացավ լսել, նրա գլուխը պտտվեցավ, աչքերը սկսան մթագնել, նա գոչելով դուրս գնաց պատշգամբը,
– Ո՞ւմ համար եք խոսում, այդ ի՞նչ է պատահել, ո՞վ է մեռածը, ինչու՞ ինձանից ծածկում եք, կի՞նս, որդի՞քս…
Նա դողալով և գունաթափ հետզհետե հարցեր էր անում նրանց: Բայց «եղբայրները» հանկարծակի գալով ոչինչ չէին կարողանում պատասխանել նրան, այլ շվարած նայում էին:
Ոսկերիչը գժվածի պես մտավ տուն, նա պատահեց քարոզչին յուր ընդունարանում:
– Այս ի՞նչ են խոսում, Ավետի՛ք, – գոչեց նա դեպի քարոզիչը, ո՞ւր է կինս, ո՞ւր են որդիներս, նրանք մեռել են… տա՛ր ինձ նրանց մոտ, տար ինձ… Դուք ինձ քնացրիք, դուք ինձ ամեն բան մոռացնել տվիք, տա՛ր, ասում եմ, ինձ նրանց մոտ…
Այս ասելով նա բռնի քաշեց քարոզչի թևից և առաջ ձգեց:
– Ի՞նչ ես անում, այ մարդ, սպասիր, ես ոչինչ չգիտեմ, ո՞վ է մեռել…
– Ո՞վ է մեռել, կատաղությամբ գոչեց ոսկերիչը, կինս, որդիքս ասում եմ քեզ… Արի՛, արի՛, տար ինձ նրանց մոտ, ես միայնակ չեմ կարող գնալ…
Ոսկերիչի և քարոզչի ձայների վերա ներս թափվեցան «եղբայրները» և տեսնելով թշվառ մարդու մինչև կատաղության հասած այլայլմունքը՝ խորհուրդ տվին քարոզչին ընկերանալ նրան գեթ մինչև յուր տունը:
Քարոզիչը երկյուղից դողում էր, սակայն հարկ էր տված խորհուրդը ընդունել: Նա և ոսկերիչը դուրս գնացին: Վերջինս պինդ բռնած էր քարոզչի թևից և արագությամբ և հատկլյալ շնչով առաջ էր գնում, միշտ ետևից քարշ տալով ընկերոջ:
Ճանապարհը շատ երկար չէր: Նրանք մտան թե չէ այն փողոցը, որի ծայրում շինված էին ոսկերիչի և յուր դրացի վարպետ Սարգսի տները, և ահա լսվեցան հոգևոր երգեցողության ձայները:
– Կանգնի՛ր այստեղ, – հրամայական ձայնով դարձավ ոսկերիչը դեպի քարոզիչը. և նրա թևից քաշելով յուր հետ կանգնեցրավ մի ցանկապատի տակ:
Երգեցողության ձայները հետզհետե մոտենում էին: Վերջապես փողոցի անկյունից երևացան մոմերը և խաչվառները, ետո երգեցող մանկտին, քահանաները և վերջը խուռն բազմությունը արհեստավորների և մանր վաճառականների, որոնք կրում էին երեք թշվառների դագաղները: Ոսկերիչը այդ ամենը տեսնելուց լայն բացած աչքերով, որոնց մեջ հանկարծահաս թշվառության գույժը ցամաքացրել էր արտասվաց աղբյուրները, անզգայաբար առաջ գնաց դեպի դագաղները: Բայց այստեղ նշմարելով յուր մյուս փոքրիկ որդիներին, որոնք կողկողագին լալիս էին մեկը մոր և մյուսը քրոջ դագաղներից գրկած, իսկույն սոսկալով և սարսափած ետ դարձավ դեպի քարոզիչը և գոչեց.
– Նրանք են, կինս և երեխաներս, դու և ես՝ երկուսս միասին սպանեցինք նրանց…
Այս ասելով նա կանգնեցավ յուր առաջի տեղը, վերցրավ գդակը, նույնը անել տվավ և քարոզչին և սպասում էր հուղարկավորության անցնելուն: Երբ հանդեսը մոտեցավ, նա կրկին խելագարի նման վազեց դեպի դագաղները.
– Այդ ո՞ւր եք տանում իմ կինը և որդիները… թողեք, որ խոսեմ նրանց հետ…:
Այս ասելով նա կամենում էր ընկնել դագաղների վերա, բայց նրան արգելեցին:
– Հեռու, հեռու այստեղից, թշվառական, – սպառնալից դեմքով դարձավ դեպի նա քահանաներից մինը, – այդ անիծյալ ձայնովդ այժմ է՞լ սրանց մահվան հանգստությունն ես կամենում վրդովել:
Ոսկերիչը սրտաբեկ և գունաթափ ետ դարձավ և ցանկապատին հենվելով մրմնջում էր.
– Այո՛, ես անիծյալ եմ… տեր – հայրը իրավունք ունի… ես անիծյալ եմ…
Այս տեսարանը շատ մորմոքիչ ազդեցություն արավ ժողովրդի վերա, նրանցից շատերը խղճահարվում էին ոսկերիչի թշվառ դրության վերա: Բայց կային երիտասարդներ, որոնք չկարողացան ճանաչել նրա հոգու վշտահար դրությունը և կարծեցին թե նա կամենում էր բռնի յուր ննջեցյալները խլել իրանց ձեռքից, ուստի՝ «Մենք դառնալուց քեզ ցույց կտանք, անզգամ», կամացուկ սպառնում էին նրանք՝ առանց այն էլ հարվածի սաստկության տակ կործանված թշվառականին:
Բայց ոսկերիչը լուռ և անզգա էր յուր դեմ ուղղված բոլոր հայացքներին ու սպառնալիքներին: Նա այնքան սպասեց այնտեղ, մինչև որ հուղարկավորությունը անցավ և հետո ապուշ – ապուշ հարցրավ քարոզչին:
– Այս ննջեցյալները ճանաչեցիր դո՞ւ:
– Ճանաչեցի, – ցած ձայնով պատասխանեց նրան քարոզիչը:
– Նրանք իմ կինը, աղջիկս ու որդիքս են, գիտե՞ս:
– Գիտեմ:
– Լավ ուրեմն, տար այժմ ինձ իմ տունը:
Քարոզիչը հնազանդվեցավ: Երբ նրանք հասան տուն, ոսկերիչը դարձավ քարոզչին:
– Այժմ դու կարող ես գնալ:
– Իսկ դո՞ւ, – հարցրավ քարոզիչը:
– Ես պետք է մնամ իմ տանը:
– Իսկ եղբայրների մոտ ե՞րբ կգաս…
«Եղբայրներ» բառը ցնցեց ոսկերիչին ամբողջ մարմնով, նա կատաղությամբ հարձակվեցավ քարոզչի վերա.
– Դու դեռ համարձակվում ես ինձ մոտ այդ անիծյալ անունը կրկնելու, – այս ասելով նա երկու ձեռքով բռնեց քարոզչի մազերից և ուժգին զարկավ մոտ եղող պատին:
Քարոզիչը մի ճիչ արձակեց և գլորվեցավ գետին:
– Այդ դեռ շատ փոքր է, – կատաղությամբ գոչեց ոսկերիչը և վազեց վերցնելու բակի մեջ ընկած որձաքարի բեկորը: Բայց քարոզիչը մի ակնթարթում բարձրացավ ընկած տեղից և բակի ցանկապատի վրայով թռավ փողոց: Ոսկերիչը ետ դարձավ, բայց նրա փախչելու ոտնաձայնը միայն լսեց,
– Ես ուրեմն սատանաների հետ գործ ունեի մինչև այժմ, – ասաց նա և քարը ձգեց գետին: Հետո մի փոքր լռելով շարունակեց ձողացող ձայնով: – Բայց ո՞վ է մեղավորը, ի՞հարկե ես, միմիայն ես, անզգամս: Ի՞նչ ունեի ես այդ դևերի հետ, այդ անգութ, այդ անսիրտ խաբեբաների հետ, ինչու շուտով չճանաչեցի նորանց, ինչո՞ւ խելքս կորցրի, ինչո՞ւ իմ ընտանիքը մոռացա… իմ կինը, իմ զավակները… Հա՛, հու քեզ համար նոր հավա՞տ էիր որոնում, թշվառական, – շարունակում էր նա ինքն իրեն խոսելով, – դու որ մի խեղճ արհեստավոր էիր և իսկապես չգիտեիր, թե որոնք են քո հավատի պակասությունները և որոնք էին ուրիշների առավելությունները: Քո պապերի հավատով դու քեզ բավական երջանիկ չէի՞ր զգում, նորանով քո ընտանիքը բավական բախտավոր չէր. թե՞ կամենում էիր հանկարծ արքայություն մտնել… գնա այժմ, անմիտ, գնա և տես, ո՞ր դժոխքը սորանից ավելի սարսափելի է, ո՞ր դժոխքը սորանից ավելի խիստ հարվածներ կարող էր տալ քեզ…
Այս ասելով նա անխնա հարվածում էր յուր գլուխը: Հետո երերալով նստավ դռան քարի վերա և ընկավ մտածողության մեջ: Երբեմն նա խորը հառաչում էր և յուր լայն բացված ռնգունքներից, ինչպես ծուխ դուրս էր փչում յուր ներսում կրակվող շունչը, երբեմն նա ցնցում էր գլուխը և կատաղաբար շարժում օդի մեջ յուր բռունցքները կարծես յուր առաջ մենամարտողների բանակ ուներ կանգնած, և երբեմն հուսահատ և սրտաբեկ գլուխը խոնարհում էր կուրծքի վերա և այնպես մնում երկար ժամանակ: Վերջապես նա նորեն սկսավ ինքնիրեն շշնջալ.
«Բայց մի՞թե ես մեղավոր եմ. մի՞թե ես գիտությամբ արի այդ ամենը, երբեք: Ես մինչև այժմ էլ չգիտեմ, թե ինչպես եղավ, որ այդ խաբեբաների որոգայթի մեջ բռնվեցա, չգիտեմ ինչպե՞ս եղավ, որ իմ Մարիամին, իմ երեխաներին մոռացա, այո, ես ոչինչ չգիտեմ, այդ ամենը ինձ համար բոլորովին անհասկանալի ձևով կատարվեցան, այո, անհասկանալի, ես ոչինչ չիմացա, ես ոչինչ չզգացի, այդ դևերը ինձ կախարդեցին, այո, ես մեղավոր չեմ…»: Այս ասելով նա լռեց մի փոքր ժամանակ և հետո նորեն սկսավ.
«Բայց ինչպե՞ս թե մեղավոր չեմ, ես չէի որ երբ առաջին անգամ կամենում էի գնալ այն խաբեբա Կարոյի տունը և Մարիամը եկավ ինձ արգելելու, նա բռնեց իմ ձեռքից, նա խնդրում, աղաչում և արտասվում էր, որ ես նրա մոտ գայի, բայց ես, ոհ, ես՝ անզգամս վայրենությամբ մի կողմ բերեցի նրան և դուրս փախա… Ես չէի՞, որ չորս տարի շարունակ տանջեցի նորան արգելելով կատարել յուր հավատո վերաբերյալ պարտավորությունները և վերջապես ես չէի, որ սպանեցի նորան և նորա հետ էլ իմ երկու զավակներին…»:
Այսպես խոսելով նա վեր թռավ նստած տեղից և շարունակեց հուսահատ կատաղությամբ.
«Ո՛չ, ո՛չ, ապրել այսուհետև անկարելի է, և ո՞ւմ համար պիտի ապրեմ. Մարիամը մեռավ և տարավ յուր հետ աղջիկս և որդիս. մնում են երկու փոքրիկներս. թող նոքա էլ թշվառանան… իմ բարեպաշտ հայրը անշուշտ իր գերեզմանում անիծեց ինձ իմ անիրավությանց համար, ուրեմն իմ անունը պիտի ջնջվի. իմ տունը հիմնովին պիտի կործանվի, որպեսզի իմ պատիժը կատարյալ լինի… այո՛, ես արժանի չեմ աստծո արեւը տեսնելու, նորա օդը շնչելու… և ես փոխանակ քարոզչի գլուխը պատին զարկելու, ինչու՞ իմը չեմ զարկում»:
Այս ասելով նա կատաղաբար առաջացավ դեպի դուռը և ձախ երեսով սաստիկ խփվեցավ տան պատին, նրա դեմքը ընդհարվելով քարի հետ պատռվեցավ և քթից սկսավ հոսել հորդ արյուն: «Ոչ, այսպես չի կարելի շուտ մեռնել, այնպես շուտ՝ որ իմ կնոջը և երեխաներին հասնեմ, ես գիտեմ, թե ինչպե՞ս պետք է մեռնել…»: Նա ներս մտավ տուն: Առաջին անգամ նրա աչքին զարկավ նախագավթի մեջ կշեռքի համար կախված չվանը:
«Ահա, – գոչեց նա խելագարվածի պես, – ահա մեռնելու հարմար միջոցը»: Եվ առանց ուշանալու բարձրացավ գավթի անկյունում դրված սնդուկի վերա, քաշեց յուր մոտ առաստաղից կախված չվանը և նրա վերա կրկնածալ հանգույց շինելով՝ անցրավ պարանոցը, «Այժմ ես ձեզ հետ եմ, սիրելիներս»:
Նա թափ տվավ ոտքերին և շրջվելով կախվեցավ օդի մեջ… Երկու անզոր ցնցումներից ետ լրթագույնը պատեց նրա երեսը, բերանից և ռունգերից սկսավ ժայթքիլ խեղդվող արյունը, և մի խուլ հռնդյունից ետ… նա հոգին փչեց…
Հուղարկավորության ժամանակ ոսկերիչին սպառնացող երիտասարդները տուն դառնալով բոլորը միասին վճռեցին գնալ նրա մոտ և երեք զոհերի վրեժը հանել նրանից…
Բայց նրանց զայրութը փոխվեցավ սարսափի, երբ նրան կախված գտան նախագավթի մեջ:
Հայ անհիշաչար հոգևորականությունը առավ բողոքականության չորրորդ և ավելի թշվառ զոհի մարմինը և ամփոփեց յուր ընտանյաց հանգստարանում…
Իսկ մեծապատիվ պաստորը շատ անտարբերությամբ լսեց այդ բոլոր թշվառության պատմությունը և միայն վերջումը բարեհաճեց ասել, որ «ոսկերիչը հիմարություն է արել իրան խեղդելով»:
Ոսկերիչի երկու որդիներին յուր հովանավորության տակ առավ վարպետ Սարգիսը, իսկ նրա ունեցած երեք հազար ռուբլին, որը պաստորի ձեռքով գրկված էր մայրաքաղաքի բանկը շահեցնելու, մինչև այսօր էլ չիմացվեցավ, թե աստծո ո՞ր պաշտոնյայի գրպանը մտավ…
ԻՄ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ
ԾՈՎԻ ՎԵՐԱ
1876 թվականն էր. մայիսյան մի հովաշունչ երեկո: Մեր շոգենավը հանդարտ սլանում էր Կասպից ծովի խաղաղ ալիքների վերա: Բնությունը շրջապատում էր մեզ յուր հրաշալիքներով: Նավի ձախ կողմից երևում էին մերթ կանաչազարդ բլրակներ` եզերված փոքրիկ գետակներով, մերթ ընդարձակ դաշտեր՝ որոնց ծանրաբեռնում էին հասկափունջ արտորաները, մերթ լայնանիստ հովիտներ, ուր զեղում և արածում էին ոչխարի բազմաթիվ հոտերը խառը տավարի նախրի հետ և հաճախ՝ մանր ու խոշոր լեռանց ապառվածները՝ ծառազարդ ստորոտներով, որոնք անընդհատ մեկը մյուսի ետևից վազում անհետանում էին մեր աչքերից: Սրանցից ավելի հեռու նշմարվում էին Կովկասի շղթայաշար լեռները՝ իրենց կոհակավետ գագաթներով` որոնք դեռևս ծածկված էին ձյունի սպիտակ սավանով: Իսկ աջ կողմից տարածվում էր ծովը յուր անսահման ալիքներով, որոնք հեզիկ հովի առաջ անընդհատ ծփծփում և տատանվում էին հազիվ լսելի ճողփյուններով: Արեգակը պատրաստում էր արդեն յուր հրեղեն գունդը հեռավոր լեռները ետքում ծածկելու և նրա վերջին ճառագայթները՝ անզոր այլևս մարդկանց աչքերը խտտղելու ոսկեզօծում էին միայն ծովի դալարագեղ ափերը և մեր նավի տախտակամածը, ուր անընդհատ վազվզում և անցուդարձ էին անում նավաստիները և ճանապարհորդները:
Այդ ժամանակ ես կանգնած էի նավի ետևում, ուր սովորաբար ծածանում է եռագույն դրոշակը, և երեսս դեպի նավի ցռուկը դարձրած զմայլմամբ դիտում էի Կասպյան ծովակի գեղազվարճ ափերը: Մի սրբազան հափշտակություն տիրել էր իմ հոգվույն. նավը սլանում էր, և ես հետզհետե խորասուզվում էի հեռու հեռու հնադարյան անցյալի մեջ, երբ մարդկային կյանքը դեռ այս քան կերպարանափոխված չէր, երբ լուսավորությունը դեռ չէր հղացել յուր հրաշալիքները և ծովի ալիքների մեջ դեռ չէր վառվում Հեփեստոս հնոցը, որը այսօր յուր հսկայական և սոսկալի ուժով հաղթահարում է ծովի կատաղությունը և տիրում Պոսիդոնի ժառանգական թագավորությանը… Ես հոգվով սլանում էի դեպի այն երանելի ժամանակները երբ մեր առաջ տարածվող այս կուսական ափանց վերա ապրում էր մի նահապետական ժողովուրդ, ասպետական սրտի տեր, բռնության անսովոր և աշխատության սիրահար, մի ժողովուրդ, որ չէր ճանաչում թշվառությունը և չէր ստեղծում նրան, որովհետև շատանում էր յուր պարզ և անպաճույճ կյանքով… նրա տղամարդիկ հերկագործում էին իրենց դաշտերը և սևաչյա կանայք դալարագեղ հովիտների մեջ իրենց խաշներն էին արածացնում, նրա քաջ երիտասարդներ ուրախ և անհոգ որսում էին լեռների վերա, և գեղանի աղջկունք՝ գետափանց մոտ դեգերելով՝ երգում էին նրանց: Հին լեռնականների երկիրը և՛ խաղաղ, և՛ գեղեցիկ էր… բայց լուսավորությունը ո՞ր բնական գեղեցկությունը չէ աղավաղել, երբ նա բնության այդ ստեղծագործության ձգտել է տիրապետել: Այսօր այստեղ սովորում են խոսել ապագայի վերա և դողդողալով հոգում էին վաղվան համար… Սեփականությունը վտանգվում է, խաղաղանիստ գյուղի խրճիթները էլ չեն ապահովում բնակիչների կյանքը և անցյալին ծանոթ ծերունիները սկսում են հառաչել…
Տակավին այս մտածմունքների մեջ էի, երբ մեր շոգենավը մի հանկարծական պտույտ արավ և բոլոր գեղեցիկ տեսարանները անհետացան իմ աչքից: Կանաչազարդ ափերի փոխարեն իմ առաջև բացվեցավ ծովի լայնատարած մակերևույթը յուր գեղածուփ կոհակներով: Մի րոպե ես այնպես կարծեցի, թե մինչև այն իմ տեսածները երազ էին: Բայց հենց որ երեսս դարձրի, ահա իմ առաջև նկարվեցան դարձյալ նույն գեղեցիկ տեսարանները և նրանց հետ միասին մի բարձրադիր բլրակի ստորոտում փոքրիկ ծովեզերյա քաղաքը յուր ձյունի պես սպիտակ տներով, որոնք արագ արագ մոտենում էին դեպի մեզ:
Հինգ րոպեից ետ նավը ծանրաքայլ մտավ նավահանգիստը: Ահագին խարիսխը, որ մինչև այն կախված էր շոգենավի ծայրից, մեծ դղրդյունով իջավ ծովը, ահաբեկելով նրա. համր բնակիչներին: Սրան հետևեց շոգեմեքենայի սուր հնչյունը, և նավի ամեն խորշերից դուրս թափվեցան ճանապարհորդները: Սկսավ մեծ շարժումն: Նավաստիներից ոմանք, անընդհատ վազվզում էին աջ ու ձախ. ուրիշները կապկի նման մագլցելով սուրում էին պարանների վերա և ուղղաձիգ կայմի ծայրը բարձրանալով՝ պրկում կամ թուլացնում էին նրանց, մի քանիսը տախտակամածի բարձրավանդակը թռչելով իջեցնում էին ծովի մեջ փոքրիկ նավակները, և մի ուրիշ խումբ զբաղված էր ճանապարհորդների իրեղենները զատելով և բաժանելով:
Մի քանի րոպեի մեջ շոգենավը շրջապատեցին բազմաթիվ նավակներ, գույնզգույն խելերով և թիակներով: Երկաթե սանդուղքները, որոնք մինչև այն ամրացած էին նավի կողերի վերա, ճռնչալով դեպի ծովը կախվեցան: Ճանապարհորդները իրենց իրեղենները վերցրած շտապում էին միմյանց ետևից նավակների մեջ մտնելու: Իսկ ես դեռ կանգնած նավի ելքի մոտ անխոս և անշարժ դիտում էի այդ մարդկանց շարժումները: Նրանք նմանում էին շատ տարիներով բանտի մեջ փակված գերիների, որոնց մի գթասեր իշխանի ձեռքը վերջապես ազատություն է տալիս:
Բ
ՊԱՏԵՐ ՍԻՄՈՆԸ
Մի քանի րոպե չանցած արդեն ամեն ոք նավակ էր վարձել քաղաք դուրս գալու համար, բայց ես շվարած չգիտեի ինչ պետք էր անել: Ես առաջին անգամն էի ծովով ճանապարհորդում և մանավանդ անծանոթ էի այս քաղաքին, չնայելով որ յոթ տարիներից ի վեր բնակվում էր այստեղ իմ քույրը, որին ես առաջի անգամ գնում էի այցելության:
– Դուք չե՞ք կամենում քաղաք դուրս գնալ, – հնչեց ետևիցս մի հաստ և խռպոտ ձայն: Ես իսկույն հետ դարձա և տեսնում եմ երկար լոդիկով, լայն շրջանավոր գլխարկով և սափրված ընչացքով ու ծնոտով մի հաղթանդամ և բարձրահասակ մարդ, որ յուր պայուսակը և մի քանի փոքրիկ կապոցներ ձեռքն առած, պատրաստվում էր երկաթե սանդուղքից դեպի սպասող նավակը իջնելու: Ես փոխանակ պատասխանելու սկսա հետաքրքրությամբ նայել նրա տարօրինակ հագուստի և դեմքի վերա: Առաջինը նմանում էր մեր քահանաների հագուստին, բայց նրա դեմքը բոլորովին հակապատկերն էր ներկայացնում:
– Դուք չե՞ք պատասխանում, – կրկին հարցրեց տարօրինակ դեմքով և հագուստով մարդը:
– Ինչպես չէ, պետք է դուրս գնամ, – պատասխանեցի ես:
– Ուրեմն շտապենք, միայն մի նավակ է մնացել, – հարեց նա և առաջ անցավ:
Ես հետևեցի նրան և երկուսս միասին իջանք նավակը:
– Ամենից առաջ ես կամենում եմ ձեզ հետ ծանոթանալ, կշնորհե՞ք ինձ ձեր անունը, – հարցրեց անծանոթը, երբ մենք մեր իրեղենները տեղավորելով նստանք նավակի մեջ:
– Արամ Բյուրատյան, – պատասխանեցի ես և սպասում էի, որ ինքն էլ յուր անունը հայտներ, բայց նա բոլորովին ուրիշ կերպ սկսավ յուր խոսակցությունը:
– Շատ լավ, շնորհակալ եմ. ուրեմն Արամ Բյուրատյան, կաշխատեմ չմոռանալ: Բայց գիտե՞ք ինչ ցավալի բան պատահեց շոգենավում:
– Ոչինչ չգիտեմ, – պատասխանեցի ես և սկսա հետաքրքրությամբ լսել նրան:
– Զարմանալի բան պատահեց:
Ես փոքր ուշացա այնտեղ, և կարծում էի, թե այլևս նավակ չեմ գտնիլ քաղաք դուրս գալու համար և կամ միայնակ մնալով թանկ կվճարեի նավակին. բայց ինչպես երևվում է սուրբ Տիրամոր աչքը քաղցր է յուր ծառայի վերա նա ձեզ նման մի բարի երիտասարդին ընկեր տվավ ինձ:
Ես տեսա որ իմ անծանոթը բնական դրության մեջ չէր, բայց ցանկանալով մի բանով վարձատրել նրա հաճոյախոսությունը մեքենայաբար հարցրի.
– Ինչո՞ւ համար էիք ուշացել շոգենավում:
– Օ՛, դրա պատմությունը խիստ հետաքրքիր է. ես իսկույն կասեմ ձեզ: նավապետը առանձին ճաշ էր պատրաստել յուր սենյակում և ինձ հրավիրել էր: Մենք շատ լավ ճաշեցինք, պետք է խոստովանել, և շատ երկար նստանք սեղանի շուրջը: Երևակայեցեք. ժամը մեկից սկսած մինչև այժմ մենք խմում էինք, և գիտե՞ք որքան շատ խմեցինք… Օ՛, երևակայել չեք կարող: Շա՛տ պատվական մարդ է նավապետը, դուք ծանո՞թ եք նրա հետ:
– Ո՛չ, – պատասխանեցի ես:
– Ափսո՛ս, շատ ցավում եմ, պետք է որ ծանոթանայիք. նա շատ պատվական մարդ է և զարմանալի հյուրասեր: Գիտե՞ք. նա յուր մառանի ամենալավ գինին էր հանել ինձ համար, և ի՞նչ գինի, կարո՞ղ եք միթե երևակայել: Ես նրան ասում եմ, Իվան Պավլովիչ, շատ մի խմացնիր ինձ, ես կարող եմ հարբել և նավակից գլորվիլ ծովի մեջ, բայց նա այս խոսքի վերա ծիծաղից թուլանում է և անդադար նեկտարը լցնում է բաժակիս մեջ: Իհարկե, նա գիտեր, որ ես հարբողը չեմ, բայց ինչ որ էլ որ լինի, հոգևորականը մի քիչ չափավոր պետք է լինի արբեցության մեջ, այնպես չէ՞:
Վերջին խոսքերը, որ նա շատ ցած և խորհրդավոր ձայնով արտասանեց, ինձ զարմացրին:
– Ինչպե՞ս. մի թե դուք հոգևորական եք, – շտապով հարցրի ես:
– Իհարկե, մի՞թե դուք չգիտեիք: Ես քահանա եմ, և ինձ անվանում են պատեր – Սիմոն:
– Քահանա՞… – զարմացմամբ հարցրի ես և աչքերս սևեռեցի նրա դեմքին:
– Իհարկե քահանա, միթ՞ե չեք տեսնում, հա՛, հա՛, հա… և սկսավ նա այնպես բարձր ձայնով ծիծաղել, որ նավաստին ետ շրջվեցավ և մի րոպե թիակները անշարժ թողնելով սկսավ մեծ մեծ աչքերով նայել տարօրինակ քահանայի վերա:
– Ի՞նչ բանի ես նայում, ապուշ, – գոռաց նրա վերա պատեր – Սիմոնը, – թիակներդ շարժի՛ր, ամբողջ երկու ժամ հո մեզ չի պիտի պահես ջրի մեջ:
Նավաստին հետ դարձրեց երեսը և սկսավ արագ արագ շարժել յուր թիերը:
– Ներեցեք ինձ, տե՛ր – հայր, միթե…
– Ամենից առաջ թույլ տվեք նկատել, – ընդհատեց ինձ պատերը, – որ ինձ տեր՛ – հայր կանչելու իրավունք ունիք, այդ անունը տալիս են հայոց քահանաներին, իսկ մեզ հետ խոսում են «պատվելի» տիտղոսով:
– Բայց դուք էլ հայերեն եք խոսում…
– Այդ ապացույց չէ, որ ես էլ ուրեմն հայոց քահանա եմ: Ես… այո, ես քահանա եմ, բայց կաթոլիկների քահանա, այսինքն ավելի մեծ եկեղեցվո պատկանող: Դեհ, այժմ ասացեք, ի՞նչ էիք ուզում հարցնել:
– Ես ուզում էի հարցնել, թե մի՞թե անմորուք և առանց ընչացքի քահանա կա աշխարհում, (խոստովանում եմ, ես այն ժամանակ դեռ այդ չգիտեի, որովհետև տեսած չէի):
– O՛, տգե՛տ, տգե՛տ, ինչե՞ր է հարցնում, հա՛, հա՛, հա՛…
Եվ այս անգամ պատվելին այնպես թուլացավ ծիծաղից, որ ստիպվեցավ երկու ձեռքով յուր տակառանման փորը բռնելու, կարծես նրա հանկարծական պայթումից վախենալով:
Ես մնացել էի ապշած, բայց մի դեպք հանկարծ իմ ծիծաղն էլ շարժեց: Պատեր – Սիմոնը, որ սաստիկ ծիծաղելուց թեքվել էր մեջքի վերա, կորցնելով յուր շոգելից գլխի հավասարակշռությունը, կքեց նրան դեպի ծովը և յուր լայն շրջանավոր գլխարկը ընկավ ջրի մեջ:
– Սպասի՛ր, սպասի՛ր. ապո՛ւշ, անասո՛ւն, – սկսավ նա բարկանալ և գոռալ նավաստիի վերա, որը աչքը ափին տնկած անընդհատ առաջ էր վարում մակույկը, – սպասիր գլխարկս վերցնեմ, գլխարկս… – Այս ասելով նա պատրաստվում էր կարծես մակույկից դուրս թռչելու և ալիքների վերա սուրալով յուր գլխարկը բռնելու, որին փոքրիկ կոհակները հեռացել էին իսկույն:
Նավաստին հետ նայեց և տեսնելով պատվելիի գլխարկը ալիքների վերա՝ չկարողացավ յուր ծիծաղը զսպել:
– Դու՞ էլ ես ծիծաղում, անզգամ, – գոչեց վայրենի ձայնով պատերը և հարձակվեցավ նավաստիի վերա. բայց վերջինս չգիտեմ ինչ մի ճարպիկ հարված տվավ ալիքներին, որ նավակը սաստիկ երերաց և պատվելին, որ առանց այն էլ ուղիղ կանգնելու ընդունակությունը Բաքոսին էր նվիրել, կորցրեց յուր հավասարակշռությունը և գլորվեցավ նավակի մեջ:
Այժմ ծիծաղից թուլանալու հերթը ինձ հասավ:
Նավաստին արագությամբ դարձրեց նավակը և հասնելով ապստամբ գլխարկին՝ հափշտակեց նրան թիակի ծայրով և. տվավ պատվելիին, որը արդեն ընկած տեղից բարձրացել և զայրացած դեմքով նստել էր յուր նստարանի վերա: Բայց ըստ երևույթին նա ինձանից ավելի է վշտացած, քան նավաստիից, թեպետ երկուսս էլ ոչնչով մեղավոր չէինք յուր գլխարկի ապստամբության գործում: Այսուամենայնիվ պատվելին էլ կամեցավ շարունակել ինձ հետ յուր խոսակցությունը և դեմքը դեպի շոգենավը դարձնելով սկսավ նավապետի սենյակում յուր կիսատ թողած շիշերը երազել:
Ճշմարիտը խոստովանած, ուրիշ անգամ այս տեսակ մի անծանոթ անձնավորությունը ինձ կհետաքրքրեր. և որքան էլ անբնական դրության մեջ լիներ նա, դարձյալ ես չէի թողնել նրան, մինչև որ իմ մանրակրկիտ հարցուփորձով չտեղեկանայի նրա ո՞վ և ո՞ր տեղացի լինելը, ո՞ր քաղաքից և ի՞նչ գործով այստեղ գալը, ի՞նչ գաղափարների և համոզմանց տեր լինելը և այլն, և այլն: Բայց այս անգամ ես բավականացա միայն իմանալով, որ նա մի հայ կաթոլիկ քահանա է և որ նրան անվանում են պատեր – Սիմոն: Էլ ուրիշ ոչնչով չհետաքրքրվեցա, որովհետև նույն րոպեին ինձ ուրիշ մարդիկ էին զբաղեցնում, որի համար և առիթ էի պտրում քաղցվալից ընկերոջս շաղակրատությունից ազատվելու:
Ուստի երբ նա լռեց, ես էլ գոհ սրտով դարձրի երեսս հակառակ կողմը և անուշադիր դեպի նրա գոյությունը սկսա այն մտածմունքներով զբաղվիլ, որոնք նույն րոպեին քաղցրացնում էին իմ կարճ, բայց անհանգիստ ճանապարհորդությունը:
Գ
ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԸ
Նավակը փոքր առ փոքր մոտենում էր ափին, սիրտս կամացուկ սկսում էր տրոփել, և մի անհանգստացնող ուրախություն հետզհետե լցվում էր նրա մեջ: Ես մտածում էի, որ ահա մի քանի րոպեից հետ պիտի տեսնեմ իմ քրոջը, որին այնքան սիրում էի, բայց որին յոթ երկար տարիներից ի վեր տեսած չէի: Ո՛չ հեռավորությունը և ո՛չ տարիների անջրպետը չէին բաժանել մեր սրտերը միմյանցից, ընդհակառակը, երկարամյա կարոտը ավելի զգայուն և ավելի խանդակաթ էր դարձրել նրանց: Օ՛, որքա՛ն քաղցր, որքա՛ն գողտրիկ և մանավանդ թե որքա՛ն անկեղծ է այն սերը, որ կապում է միմյանց հետ մի քույր և եղբայր… Եվ ով չէ ունեցել այդ սերը, նա չէ վայելել կյանքի ամենաքնքուշ քաղցրություններից մինը – հարազատության քաղցրությունը: Այն մի քանի րոպեները, որոնք բաժանում էին ինձ իմ քրոջից, մի մի ժամերի չափ երկարում էին ինձ համար: Ես գիտեի, որ միևնույն անհանգստությամբ սպասում էր նա ինձ, ըստ որում առաջուց դիտեր իմ գալուստը, գիտեի, որ ափին մոտեցող յուրաքանչյուր նավակը անշուշտ թունդ է հանում նրա սիրտը:
Հիսուն քայլ հազիվ էր մնացել, որ մենք ափը իջնեինք: Այն տեղի վերա, ուր դիմում էր մեր նավակը, ժողովված էր կանանց և մարզիկների մի բազմություն: Ըստ երևույթին նրանցից ոմանք եկել էին իրենց բարեկամներին դիմավորելու, իսկ ուրիշները, լոկ հետաքրքրությամբ կամ, շոգենավի գալուստը տեսնելու… Ես հեռվից սկսա որոնել իմ քրոջը, բայց այն բազմության մեջ անհնար եղավ ինձ ճանաչել նրան:
Վերջապես նավակը մոտեցավ ափին, ես դուրս ցատկեցի ավազի վերա և հենց պատրաստվում էի պայուսակս վերցնել հանկարծ տեսի, որ մի նորատի տիկին կանանց միջից դուրս վազեց և «եղբայրս…» ճչալով դիմեց գրկաբաց դեպի ինձ և պլլվեցավ իմ պարանոցին: Նա իմ քույրն էր, ես իսկույն ճանաչեցի, նա շատ քիչ էր փոխվել: Երկար մենք չկարողացանք ասել միմյանց հետ. մենք գրկվում, համբուրվում և ուրախությունից արտասվում էինք… Սա այն վայրկյաններից մինն էր, երբ մարդ մոռանում է վշտերի գոյությունը և ամբողջապես հոգիանալով՝ լուծվում է հրճվանքի և երջանկության մեջ…: Տխրությունը յուր սև պատկերով չքանում է նրա աչքերից. մարդկանց դեմքերը էլ չարություն չեն արտահայտում, ամեն կողմ տիրապետում է բերկրանք և ուրախություն, և բոլոր շրջապատող առարկաները ժպտում են նրան… Ահա այստեղ է զգում մահացուն կյանքի քաղցրությունը, այստեղ է նա ճանաչում կյանքի հրապույրները:
Վերջապես մոտեցավ ինձ իմ փեսան, որը մինչև այն տեղի էր տվել իմ քրոջ գգվանացը, գրկեց և համբուրեց ինձ և ապա կառք կանչելով հրավիրեց ինձ նստել տուն գնալու համար:
Մինչև այն ես գրեթե մոռացել էի իմ ընկերոջը՝ պատեր – Սիմոնին: Երբ ուղղվեցի դեպի կառքը, հանկարծ աչքիս զարկավ նրա լայն շրջանավոր գլխարկը և սափրած ծնոտը: Նա կանգնած էր մի քանի քայլ մեզանից հեռու շրջապատված կանանց ու աղջիկների մի փոքրիկ խմբակով: Պատեր – Սիմոնը այնպիսի մի համեստ և պատկառելի կերպարանք էր առել, որ ես մի վայրկյան վարանեցի ընդունել նրան իմ արբած ընկերոջ տեղ, և սկսա զննել նրան: Նա քնքշաբար ողջունում էր յուր շրջապատողներին, հարցնում էր նրանց և իրենց ընտանիքների առողջությունը, իսկ յուր ձեռքերը համբուրող մի երկու փոքրիկներին փայփայում և օրհնում էր: Երբ կառքը նստանք, ես պատրաստվում էի հարցնել իմ փեսային թե ո՞վ էր արդյոք այս պատերը և ի՞նչ գործ ուներ նա այս քաղաքում, բայց մի ուրիշ ավելի հետաքրքիր անձնավորություն գրավեց իմ ուշադրությունը: Սա մի գեղեցկահասակ, սիրուն դեմքով, մեծ և սևորակ աչքերով աղջիկ էր, որ պատերին շրջապատող խմբակից դուրս գալով մոտեցավ մեր կառքին և շնորհալի ու ժպտադեմ դիմեց քրոջս, «Շուշան, թույլ տուր, որ ամենից առաջ ես շնորհավորեմ քեզ եղբորդ գալուստը»: Այս ասելով սեղմեց քրոջս ձեռքը և գլխի թեթև շարժումով ողջունեց փեսայիս և ինձ:
Քույրս հայտնեց նրան յուր շնորհակալությունը: Ես սպասում էի, որ նա գեղեցիկ աղջկա հետ էլ կծանոթացներ ինձ, բայց նա այդ չարավ, և երևի իմ ցանկությունը գուշակելով, ասաց.
– Ես քեզ չեմ ծանոթացնում իմ եղբոր հետ, ես կսպասեմ քո այցելությանը:
– Ուրախությամբ, – պատասխանեց գեղեցիկ աղջիկը և շնորհալի ժպիտով մեզ ողջունելով հեռացավ, նրա վերջին հայացքը հանդիպեց իմ աչքերին, բայց մեր կառքը արդեն հեռանում էր…
– Ինչո՞ւ չհրավիրեցիր օրիորդին մեզ հետ կառք նստելու, – հարցրեց փեսաս քրոջս:
– Նրա մայրը այստեղ էր, նա նրան միայն թողնել չէր կարող, – պատասխանեց քույրս և սկսավ կրկին զբաղվել ինձմով: Առաջին տեսակցությունից նա յուր կարոտը դեռ չէր առել, նա ուզում էր խոսել ինձ հետ, հարցափորձել ինձ. և որքան շատ բաներ ունեինք մենք միմյանց հաղորդելու:
Բայց գեղեցիկ աղջկա անձնավորությունը նույնպես սկսավ հետաքրքրել ինձ:
– Ո՞վ էր այդ աղջիկը, – հարցրի քրոջս:
– Դա օրիորդ Լուսինյանն է:
– Ինչպե՞ս է նրա անունը:
– Մարգարիտա, – պատասխանեց քույրս և ապա ժպտալով նկատեց, – ըստ երևույթին իմ բարեկամուհին քեզ շատ է հետաքրքրել, լավ, ես վաղը կծանոթացնեմ քեզ նրա հետ:
Քրոջս այս խոստումը ինձ անհաճո չթվաց, և ես նրան հայտնեցի իմ անկեղծ շնորհակալությունը, որը բավական զվարճացրեց իմ բարի փեսային:
Դ
ԻՄ ՔՐՈՋ ՏԱՆԸ
Շուտով մենք հասանք տուն: Քույրս յուր բոլոր քնքշությունները ժողովել էր ի մի՝ ինձ յուր տան մեջ տեսնելու համար: Նա ուրախությունից չգիտեր ինչ աներ: Կամ ծառային էր պատվերներ տալիս այս ու այն բանը ինձ համար պատրաստելու, կամ աղախնին էր հրամայում ինձ սպասավորելու, և կամ նրանց վերա չվստահանալով այս ու այն կողմն էր վազվզում անձամբ իմ հաճույքները կատարելու, հաճույքներ, որոնց ես չէի արտահայտում, բայց ինքը յուր երևակայության մեջ ստեղծում էր ինձ համար: Վերջապես նա ինձ տարավ յուր լվացարանի մոտ և ներքնատանից յուր ձեռքով հանած թարմ և ցուրտ ջրով ստիպեց ինձ լվացվելու: Ապա պայուսակս բանալով հանեց ինձ համար նոր հագուստներ և ինքը շտապեց իմ մյուս պետքերը հոգալու, որոնք նրա կարծիքով բազմաթիվ էին:
Երբ ես արդեն հագնվել էի, ներս մտավ փեսաս և հրավիրեց ինձ տան պատշգամբ թեյ խմելու: Մենք միասին դուրս գնացինք: Բայց մինչև որ քույրս մեզ կընկերանար, ես կամեցա նրա տունը հետազոտել, ուստի փեսայիս հետ միասին սկսեցի ամեն կողմ շրջակայել:
Քրոջս տունը, որ յուր ամուսնու սեփականությունն էր: գտնվում էր քաղաքի առաջին փողոցի վերա ծովափի մոտ: Նա մեծ չէր, բայց պարունակում էր յուր մեջ մի համեստ ընտանիքին անհրաժեշտ բոլոր բաժանմունքները: Մի չափավոր մեծությամբ դահլիճ, որը միևնույն ժամանակ և նրանց ընդունարանն էր, մի սեղանատուն, երկու ննջարաններ և մի գրասենյակ, իրենց նախասենյակով, խոհանոցով, երկու ներքնատներով և ոչ ընդարձակ բակով կազմում էին այդ տան ամբողջությունը: Ընդհանուր հայացքով այդ տան շինությունը շքեղ և զարդարուն չէր, բայց պարզ էր և վայելուչ: Նրա արտաքին գեղեցկությունը կազմում էին յուր ձյունի պես սպիտակ պատերը՝ իրենց ընդարձակ և լուսավոր պատուհաններով և երկու փոքրիկ երկնագույն պատշգամբներ՝ շինված տան երկու հակադիր ճակատների վերա, որոնցից մեկը նայում էր ուղղաձիգ փողոցի, իսկ մյուսը ծովի և նավահանգստի վրա: Տան թե դրսում և թե ներսում տիրում էր միօրինակ մաքրություն: Բակի մեջ չէր նշմարվում ոչ մի խռիվ, քարի կամ աղյուսի կտոր, ամեն բան յուր տեղում, ամեն ինչ կանոնավոր: Սենյակները կանոնավորված էին պատշաճավոր կարասիքներով առանց շռայլության և առանց գծուծ խնայողության: Այն պարզ զարդարանքները, որոնք մի տան տիկին կարող է պատրաստել, դրսից չէին հայթայթված: Վարագույրներ, սեղանի սփռոցներ, օթոցների և բարձերի երեսկալներ և այլ առտնին պաճուճանքներ բոլորք քույրս յուր ձեռքով էր կաբել կամ ասեղնագործել, առանց այդ ամենի համար յուր ամուսնու բյուջեն ծանրաբեռնելու: Մինչդեռ ես հյուրասենյակի մեջ զննում էի իմ քրոջ ձեռագործները նա ներս մտավ:
– Որքա՛ն գեղեցիկ ձեռագործներ ունիս դու, քույրիկս, – բացականչեցի ես դիմելով դեպի նրան, – ես բոլորովին հիացած եմ:
– Ճշմարի՞տ, դու չե՞ս շողոքորթում, – ժպտալով մոտնցավ նա ինձ և քնքշաբար յուր թեւը պարանոցս պատելով նայեց իմ աչքերին այնքան բարի և այնքան ուրախ հայացքով, որ կարծես յուր դեպի ինձ ունեցած խանդաղատանքը կրկնապատկվում էր իմ նրան ուղղած մի երկու գովասանական բառերով:
– Շողոքորթե՞լ, ինչու համար, մի՞թե ճշմարտությունը ասել նշանակում է շողոքորթել, – պատասխանեցի ես, ցանկանալով այս խոսքերով ավելի ես գոհացնել նրան:
Եվ իմ պատասխանը արդարև մեծ ուրախություն պատճառեց քրոջս: Նա սկսավ մի առ մի ցույց տալ ինձ յուր տնտեսական հեղինակություններից և ուրիշ շատ բաներ, որոնք մինչև այն ես տեսած չէի, և պատմել մինչև անգամ նրանց ամեն մեկի համառոտ պատմությունը: Ես մեծ գոհունակությամբ լսում էի քրոջս և զվարճանում, որովհետև պարծենալու այդ անմեղ ցանկությունը ոչ միայն բնական էի գտնում նրա մեջ, այլև ինքս իրավունք էի տալիս նրան պարծենալու:
Կան մարդիկ, որոնք չափից դուրս խստապահանջ են և չնայելով, որ ապրում են այնպիսի մի ժամանակում, երբ պարտք ճանաչելն ու կատարելը ոչ միայն թուլության նշան է համարվում, այլև ծաղրու առարկա է դարձած, այսուամենայնիվ պահանջում են, որ պարտաճանաչ մարդը զրկվի մինչև անգամ այն փոքրիկ մխիթարությունից, որը նա ստանում է յուր շրջապատողների խրախույսներից: «Այդ մարդը միայն յուր պարտքն է կատարել» ասում է խստասիրտ բարոյախոսը և զայրանում է՝ երբ լսում է նրա մասին գովություններ, որոնք յուր կարծիքով ավելորդ բաներ են: Բայց չէ՞ որ խավարի մեջ ծաղիկներ չեն աճում և ծայրահեղ համեստության ներքո թառամում է ճշմարիտ առաքինությունը: Քանի որ արեգակի տակ հավասար իրավունքներով են օդ շնչում հոգածուն և անհոգ մարդը, աշխատավորը և հափշտակողը, խնայասերը և շռայլողը, գոնե մարդիկ այնքան խելք և սիրտ պիտի ունենան, որ բնության այդ անիրավ հավասարասիրտությունը չափավորեն, տալով «որում զհարկս հարկս և որում զպատիւ՝ պատիւ»:
Ահա հենց այս տեսակետից նայելով ես ա՛յն կարծիքին եմ, որ թույլ բնավորությունները մանավանդ, որպիսիք են կանանցը, պետք ունին ավելի քաջալերության և խրախուսանքի, երբ նրանց մեջ երևան է գալիս գործունեության ուժը և պարտաճանաչության արդյունավոր զգացմունքը: Այն կինը, որ ըմբռնում է յուր կոչումը և բարձր է պահում նրան – արժանի է հարգանքի և քաջալերության, իմաստակ անտարբերությունը կարող է վհատեցնել նրան, իսկ մի վհատյալ կինը անպետք է իր ընտանիքի համար:
Պարզ է ուրեմն, թե ինչու համար ես ուրախանում էի քրոջս աշխատասիրությունը տեսնելով և թե ինչու ես իրավունք էի տալիս նրան պարծենալու յուր պարտաճանաչ տանտիկնությամբ:
Բոլոր տունը շրջագայելուց հետ մենք դուրս եկանք այն պատշգամբը, որը նայում էր ծովի և նավահանգստի վերա: Այստեղ մաքուր սփռոցով ծածկված սեղանի վերա արդեն պատրաստ էր փայլուն ինքնաեռը, թեյի բոլոր պարագաներով: Քույրս իսկույն ձեռք առավ յուր պաշտոնը մի առանձին ուրախությամբ և հրճվանքով: Նրա շրթունքների վերա ամբողջ ժամանակ փայլում էր մի քաղցր ժպիտ, որ նշան էր յուր սրտի անսահման գոհունակության: Իսկ իմ բարի Փեսան, որ շատ քիչ բան էր կարդում յուր կնոջ հայացքների մեջ, և իբր այր մարդ, ընդունակ չէր նույնչափ քնքշությամբ յուր սրտի ուրախությունը արտահայտելու, շատանում էր միայն զանազան ծառայություններ անելով ինձ: Նա ինքն էր անձամբ թեյ բերում ինձ համար, ինքն էր առաջարկում կաթ կամ սեր և ընտրելով շաքարահացերից լավագույնները անընդհատ հրամեցնում ինձ: Այդ միջոցին ես վայելում էի կենցաղասեր մարդկանց սիրելի բոլոր գրգանքները, իրենց կատարյալ քաղցրություններով:
Արեգակը արդեն մայր էր մտել և երեկոն կամաց կամաց տարածում էր յուր գորշագույն մթությունը: Մի քաղցր հովիկ շարունակ փչելով ծովի կողմից դեպի մեզ խիստ ախորժելի էր կացուցանում ամառային երեկոն, իսկ լուսնի եղջյուրը, որ արդեն բարձրացել էր երկնակամարի վերա, ուղղակի նայում էր դեպի մեզ և ձրի լուսավորություն էր խոստանում մեր պատշգամին:
Այժմս արդեն հանգիստ զրուցատրության ժամանակն էր: Քույրս և փեսաս սկսել էին սովորական հարցափորձը, ե՞րբ արդյոք դուրս եկա տնից, քանի՞ օր ճանապարհորդեցի. արդյոք չհիվանդացա կամ մի որևէ վտանգ չպատահե՞ց ճանապարհին: Հետո թե ի՞նչպես էր մայրս, առո՞ղջ էին մեր երեխաները, ո՞րչափ են մնացել նրանք, ի՞նչ ապսպարեցին ինձ իրենց հաղորդելու համար. և կամ ի՞նչ են շինում մեր մյուս ազգականները, հորաքույր, մորաքույր, նրանց աղջկերքը, տղաները, արդյոք բոլորն էլ առո՞ղջ են. բոլորն էլ լավ ապրում են. վերջապես թե ո՞վ ինչպես պսակվեց, ո՞վ ինչ զավակ ունի, ո՞ վ Աբրահամու գոգը գնաց և այլն, և այլն, և այլն:
Այս բոլոր հարցերին ես մի առ մի պատասխանում էի՝ աշխատելով որքան կարելի է տխուր կամ անմխիթարական ոչինչ չհաղորդել: Որովհետև թեպետ իմ հայրենիքում շատ բան իմ պատմածներից տարբեր դրության մեջ էր գտնվում, սակայն ես չէի կամենում իմ տխուր հայտնություններով խանգարել այն ուրախությունը, որ նույն միջոցին տիրում էր իմ քրոջ ընտանիքում, ճշմարիտ խոսելու համար ես դեռ ժամանակ շատ ունեի:
Գիշերից մի քանի ժամ արդեն անցել էր, երբ ես իմ համարատվությունը վերջացրի, և բոլորս միասին ընթրիքի նստանք: Այստեղ արդեն մեր խոսակցությունը ոչինչ կապ չուներ յուր մեջ. մենք խոսում էինք ամեն բանից և կերակրից, և՛ ծառաներից, և՛ դրացիներից, և կամ կատակներ էինք, անում, երգում էինք և ծիծաղում: Միայն ընթրիքի վերջում չգիտեմ ինչպես պատահեց, որ մենք դարձյալ հիշեցինք օրիորդ կոլսինյանին և մի փոքր ժամանակ էլ նրա անվանը նվիրեցինք մեր խոսակցությունը: Թեպետ ես կկամենայի ավելի երկար զբաղվիլ այդ վերջին զրուցատրությամբ, որովհետև զգալի կերպով հետաքրքրել էր ինձ այդ օրիորդի անձնավորությունը, բայց որովհետև ճանապարհի հոգնածությունից արդեն ծանրանում էին իմ աչքերը, ուստի բարի գիշեր մաղթելով սեղանակիցներիս խույս տվի ինձ համար պատրաստված ննջարանը իմ բախտը Մորփեոսին հանձնելու համար:
Ե
ՆՈՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հետևյալ առավոտ ես շատ ուշ զարթեցի: Քույրս ինձ հայտնեց, որ այդ օրը մենք հրավիրված էինք քաղաքից դուրս ոչ շատ հեռու գտնվող այգիներից մինում ճաշի, և պետք է շտապեինք ըստ սովորութան մի փոքր վաղ այնտեղ գտնվելու: Այդ լուրը ինձ ուրախացրեց, որովհետև ես սիրում էի բացօթյա զվարճությունները, բայց ավելի մեծ եղավ իմ ուրախությունը, երբ իմացա, որ մեզ հրավիրողը Լուսինյանների ընտանիքն է:
– Այսօր Մարգարիտայի ծննդյան օրն է, – ասաց քույրս, – այդ պատճառով և նրա ծնողները ըստ սովորության ճաշկերույթ են պատրաստել իրենց սեփական այգում:
– Ուրեմն այստեղ ուրիշ շատերը կլինին, – հարցրեցի ես:
– Գրեթե քաղաքիս մեջ գտնված հայ ընտանիքների մեծ մասը, – պատասխանեց քույրս, – այստեղ մեծ քաղաք չէ, այդ պատճառով էլ բոլորը գրեթե միմյանց հետ բարեկամական հարաբերություն ունին:
Ես իսկույն լվացվեցա և շտապ – շտապ սկսա հագնիլ: Երեկվա օրիորդի և նրա բարեկամների հետ մի ժամ առաջ ծանոթանալու փափագս այնքան մեծ էր, որ ես չուշանալու համար չէի կամենում մինչև անգամ մի բաժակ թեյ առնել: Բայց քույրս ստիպեց, որ ես անոթի դուրս չգամ տանից: Ես նրան հնազանդվեցա և հանգստություն կեղծելով դատարկեցի մի բաժակ: Կառքը արդեն պատրաստ էր, երբ մենք դուրս եկանք:
Իմ քրոջ տունը գտնվում էր գրեթե քաղաքի մի ծայրում, ծովափից ոչ շատ հեռու, այնպես որ նշանակյալ այգին հասնելու համար մենք պետք է ամբողջ քաղաքը պտտեինք: Այդ հանգամանքը օգնեց ինձ մի հարևանցի կերպով ծանոթանալ նրա դիրքի, տարածության և շինությունների հետ:
Այդ փոքրիկ քաղաքը գտնվում էր ծովեզրին շատ մոտիկ մի մեծ բլրի ստորոտում: Շինությունների մեծ մասը տարածված էր ծովեզրը պարփակող դաշտավայրի վերա, իսկ փոքր մասը գտնվում էր բլրի լանջերի և նրա բարձրավանդակի վերա: Քաղաքի տարածությունը մեծ չէր և ծածկված էր գեղեցիկ և աչքերը պարուրող կանաչությամբ: Փողոցները գրեթե ամեն տեղ էլ գեղեցիկ և լայն էին եզերված ուղղաձիգ ծառերով և ոչ շատ հարուստ, բայց կոկիկ և մաքուր տներով: Այստեղ չկար մեծ քաղաքների ո՛չ շշուկը, և ո՛չ խառնիճաղանճ անցուդարձը: Երևում էր, որ կարելի էր այս քաղաքում հանգիստ և սակավապետ կյանք վարել առանց դրացիների և դրացուհիների ծաղրի և բամբասանաց առարկա դառնալու:
Ամբողջ ժամանակ, որ մենք անցնում էինք քաղաքի միջով, ես զանազան հարցեր էի անում քրոջս և փեսայիս, և նրանք լիուլի գոհացնում էին իմ հետաքրքրությունը, ծանոթացնելով ինձ զանազան շինությանց, կրպակների և խանութների հետ և կամ պատմելով նրանց տերերին և առհասարակ մյուս քաղաքացիներին վերաբերյալ շատ հետաքրքիր բաներ:
Կես ժամ դեռ չէր անցել, որ մենք արդեն գտնվում էինք, քաղաքից դուրս, և մեր կառքը սլանում էր կանաչազարդ դաշտի մեջ. մի փոքր հետո նա սկսավ բարձրանալ սիզավետ բլրի վերա, որի ծայրը հասնելուն պես մեր առաջև բացվեցավ մի շարք գեղեցիկ այգիներ, որոնք գրաված էին բավական ընդարձակ տարածություն հանդիպակաց լեռան ստորոտի վերա:
– Ահա Լուսինյանների այգին, – մատնացույց արավ ինձ քույրս մոտիկ այգիներից մեկի վերա, – սա ամենից գեղեցիկն է, դու, անշո՛ւշտ, կհավանես նրան…
Բայց նա դեռ չէր վերջացրել խոսքը, երբ Լուսինյան հայր և աղջիկ դուրս եկան այգվո մեծ դռնից, նրանք հեռվից տեսնելով մեր գալուստը շտապել էին այգուց դուրս մեզ դիմավորելու:
Քույրս այդ ընտանիքի ամենասիրելի բարեկամուհին էր, այդ պատճառով նրանք ցանկացել էին ուրիշներից մի փոքր տարբեր եղանակով ընդունել մեզ: Սրտագին ուրախությամբ ողջունեցին մեզ հայր և աղջիկ: Քույրս ներկայացրեց ինձ նրանց, մենք ծանոթացանք և ապա բոլորս միասին խոսակցելով դիմեցինք դեպի այգին:
Պ. Լուսինյանը մոտ քառասուն և հինգ տարեկան միջին հասակով և առողջ կազմվածքով մի մարդ էր: Նրա դեմքը համակրական էր և ակնածելի, բայց ըստ երևույթին, անծանոթ կյանքի դառնություններին: Ճակատը պարզ և զվարթ իսկ գոհության ժպիտը չէր բաժանվում յուր շրթունքներից: Նա գտնվում էր մի տեսակ ուրախ անհանգստության մեջ և զանազան հարցերով անընդհատ դիմում էր մերթ ինձ և մերթ քրոջս ու փեսայիս:
Մտնելով այգին մենք անցնում էինք մի գեղեցիկ ծառուղիով, որին երկուստեք հովանավորում էին ուղղաձիգ ակացիներ բեռնավորված ձյունաթույր ծաղկափնջերով, որոնց անուշ բուրմունքը տոգորել էր ճեմելիքի ամբողջ տարածության օդը: Ճանապարհի երկու կողմից հոսում էին հեզասահ առուներ կանաչ դալարիներով եզերված, և նրանց ամբողջ երկարությամբ շինված էին մանր ու խոշոր ածուներ՝ ծածկված երփներանգ ծաղիկներով:
– Ինչպե՞ս եք հավանում մեր այգին, – հարցրեց ինձ վերջապես պ. Լուսինյանը, որ ըստ երևույթին ավելի վաղ էր սպասում լսել այդ մասին իմ կարծիքը:
– Պարոնը երևի այնքան շատ գեղեցիկ այգիներ է տեսել, որ մերը շատ հասարակ բան է երևում յուր աչքում, ընդհատեց հորը Մարգարիտան:
– Ընդհակառակը, օրիո՛րդ, ես առաջին անգամն եմ տեսնում այսքան գեղեցիկ ճաշակով տնկագործված մի այգի, ես հիացած եմ, նա կատարյալ բուրաստանի է նմանում, – պատասխանեցի ես:
– Այս բոլորը ես իմ ձեռքով եմ շինել, ինքնաբավական եղանակով հարեց պ. Լուսինյանը, – այս ածուները, այս բուրակները, այս փոքրիկ ուղիները, բոլորը, բոլորը իմ ձեռքով եմ ակոսել և կարգավորել: Մինչև անգամ այս կալմարները և այս փոքրիկ հովանոցները իմ ձեռակերտներն են, – շարունակում էր նա, հետզհետե հառաջանալով և ցույց տալով մեզ յուր ստեղծագործությունները, որոնք արդարև մեծ աշխատասիրության և նուրբ ճաշակի արդյունքներ էին: Երեվում էր, որ պ. Լուսինյանը դաշտային աշխատանքներին սիրահար ոմն էր:
Շուտով մենք հասանք մի երկար և լայն ճեմելիքի, որը տանում էր մեզ դեպի այգվո տունը: Նրա երկու կողմից տնկված էին վարսագեղ ուռիներ՝ միամեջ շարված խաղողի որթերով, որոնց ճապուկ ոստերը փաթաթվելով ուռենիների կանաչ ճյուղերի հետ, կազմում էին մի գեղեցիկ և արեգակից անթափանց կամարակապ – ամբողջ ճեմելիքի երկարությամբ:
Երբ առաջին անգամ մենք ոտք դրինք այդտեղ, ես հիացմամբ բացականչեցի.
– Ահա հրաշալի գործ, սա գերազանցում է բոլորին:
– Այս ճեմելիքը շինված է Վատիկանի այգվո գլխավոր ճեմելիքի օրինակով, – նորեն խոսեց պ. Լուսինյանը, – այս օրինակը ես ինքս եմ Հռովմում նկարել և այստեղ բերելով շինել նրա նմանողությամբ այս կամարակապը և ճեմելիքը:
– Ինչպե՞ս, մի՞թե դուք Հռովմում եղել եք, – հարցրի ես:
– Այո, – ես այնտեղ մի ամբողջ ամիս մնացի:
– Բայց ինչու՞ համար էիք Հռովմ գնացել:
– Ճանապարհորդելու նպատակով, – հարեց իսկույն օր. Լուսինյանը, կասկածելով կարծես, որ յուր հայրը ինձ համար անախորժ մի խոսք կհաներ բերանից:
Պ. Լուսինյանը ոչինչ չխոսաց, բայց մի զարմացական հայացք ձգեց օրիորդի վերա, որով կարծես ուզում էր իմանալ սրանից թե՝ ինչու համար նա ծածկում է ճշմարտությունը:
Շուտով մենք հասանք այգվո տանը, որը մի գեղեցիկ և միահարկ շինություն էր, շրջապատված միակարգ հովանավոր ծառերով: Նրա առաջև շինված էր փոքրիկ կիսաբոլոր բուրաստան՝ ծածկված ծաղկեթուփերով և նրա մեջտեղը փոքրիկ ավազան սրբատաշ քարերից և սյունաձև շատրվանով:
Ոչ շատ ընդարձակ մի դահլիճի մեջ, որպիսին կվայելեր մի ամառանոցի տանը, վայելուչ հարգանքով ընդունեց մեզ տիկին Լուսինյանը:
Սա միջին տարիքով մի կին էր, առողջակազմ ինչպես յուր ամուսինը և հասակով գրեթե նրան հավասար: Բայց նրա դեմքը ավելի կայտառ և ավելի երիտասարդ էր երևում, ըստ որում տարիքը շատ փոքր էր ազդել յուր գեղեցկության վերա: Առաջին անգամից իսկ նրա քաղցր և ամոք հայացքի մեջ նկատեցի ես անսահման բարություն:
Ծանոթանալով ինձ հետ՝ տիկին Լուսինյանը ներկայացրեց ինձ և յուր հյուրերին, որոնք մեզանից առաջ էին եկել և ապա քրոջս հետ միասին ինձ էլ նստեցնելով յուր կողքին դիվանի վերա, սկսավ սովորական հարց ու զրույցը:
Ես, ինչպես նորեկ, ստիպված էի ամենից շատ խոսել, որովհետև ամենից ավելի ինձ էին հարցեր առաջարկում: Տիկին և պարոն Լուսինյանները արդեն ի պաշտոնե հետաքրքրվում էին իմ ընտանիքի և ազգականների առողջությամբ, կենցաղավարությամբ և նրանց վերաբերյալ ուրիշ հարցերով: Հյուրերից մի քանիսին էլ հետաքրքրում էին իմ հայրենիքի օդը, ջուրը, ապրուստի եղանակը, ընտանեկան սովորությունները և այլն, իսկ մի քանիսը իրենց քաղաքի մասին էին ինձ հարցեր առաջարկում, թե ո՞րքան եմ ես հավանում նրան կամ ո՞րքան եմ գերադասում իմ տեսած ուրիշ քաղաքներից:
Այս բոլոր հարցերին իհարկե պետք էր պատասխանել, և ես հնազանդվում էի իմ ճակատագրին:
Սուրճ առնելուց հետ տիկինը առաջարկեց յուր հյուրերին դուրս գալ այգիում շրջագայելու: Բոլորս ուրախությամբ ընդունեցինք այդ առաջարկությունը, ցանկանալով միջոց տալ տիկնոջը հսկել յուր հյուրասիրական պատրաստությանց:
Օրիորդ Լուսինյանը, որ չէր մասնակցում դահլիճի մեջ մեր խոսակցությանը, ընկերացավ ինձ և քրոջս պարտիզի մեջ զբոսնելու համար: Այդտեղ, նա ինձ ծանոթացրեց յուր երկու օրիորդ ընկերուհիների, այն է Վարվարա Սիլիկյանի, Վարդուհի Մարանջյանի հետ: Նրանք երկուսն էլ բարեկազմ և գեղեցկադեմ աղջիկներ էին, մոտավորապես տասնութ և տասինը տարեկան: Վարվարա Սիլիկյանը մի գնդապետի աղջիկ էր, և նրա հայրը ծառայում էր տեղական զորքերի մեջ: Իսկ Վարդուհի Մարանջյանը՝ սույն քաղաքի հայ քահանայի, երկուսն էլ բուն թիֆլիսցիներ:
Այժմ ես լավ ընկերություն ունեի և կարող էի մի քանի ժամ թե՛ ուրախ և թե՛ օգտավետ անցկացնել: Աղջկերանց ընկերությունը առհասարակ ախորժելի է ամենին. նույնիսկ մարդատյաց Կատոն պետք է որ նրանց մոտ մեղմեր յուր կոպտությունը, եթե երբևիցէ պատահել է նրանց հետ: Ինչ վերաբերում է ինձ, ես մտնելով այդպիսի ընկերությանց մեջ` ուրախանում էի ավելի նրա համար, որ առիթ էի ունենում կարելվույն չափ ուսումնասիրելու կնոջ – այդ խորհրդավոր արարածի բնավորությունները, բնավորություններ, որոնք ոչ միայն չեն ենթարկվում որոշ օրենքների, այլև քանդում են նրանց չշփոթելով ամենից փորձառու ուղեղներն անգամ: Այսպիսի զբաղմունքը ինձ չափից դուրս զվարճացնում էր:
Բայց հազիվ թե մենք մի քանի խոսք փոխանակեցինք միմյանց հետ և ահա օր. Լուսինյանը ստիպված էր մեզ թողնելու:
– Ներեցեք ինձ մի քանի րոպե, ես պետք է պատվելիին դիմավորեմ, հայրս երևի չէ տեսնում նրա գալուստը, – ասաց նա շառագունելով և շտապ – շտապ դիմեց դեպի Հռովմեական ծառուղին:
Ես առաջին անգամ լավ չհասկացա նրա խոսքերը, բայց նրա շառագունելը ինձ հետաքրքրեց: Մի քանի քայլ հառաջ անցնելով իմ ընկերներից ես նկատեցի իմ երեկվա տարօրինակ ծանոթին, սա պատեր – Սիմոն էր, որ ծիծաղադեմ և քաջալանջ դիմում էր դեպի օրիորդը:
Չգիտեմ ինչու համար այդ մարդու պատկերը, որ երեկ նավակում ինձ զվարճություն էր պատճառում, այսօր չափից դուրս հակակրական և ատելի երևաց: Մի ներքին նախազգացմունք վրդովեց իմ ուրախ տրամադրությունը:
– Սա ինչո՞ւ համար է այստեղ գալիս, – մի տեսակ տանուտիրական եղանակով հարցրի ես իմ ընկերուհիներից:
– Ի՞նչպես թե ինչու համար, նա հրավիրված է, – նկատեց քույրս:
– Ուրեմն Լուսինյանների հետ ծանո՞թ է:
– Նա նրանց քահանան է: Մի՞թե այդ չգիտեք դուք, – պատասխանեց օր. Մարանջյանը և ծիծաղեց:
– Վարդուհի, դու էլի՝ պատերի վերա ծիծաղում ես, և չե՞ս վախենում, – նկատեց օր. Վարվարան, և երկուսը միասին սկսան ծիծաղել:
– Ա՛խ, դուք դեռ հիշո՞ւմ եք ձմեռվան անցքը, – խոսեց քույրս, և նրանց հետ միասին ինքն էլ սկսավ ծիծաղել:
Ես ոչինչ չէի հասկանում նրանց ծիծաղելուց և խորհրդավոր ակնարկություններից, բայց և չէի հետաքրքրվում իմանալու: Ես հանկարծ հիշեցի այն կանանց խմբակը, որը երեկ նավահանգստի մոտ շրջապատել էր պատեր – Սիմոնին և որի միջից դուրս եկավ օր. Լուսինյանը և շնորհավորեց քրոջս իմ գալուստը, հիշեցի որ երեկ մի քանի անգամ ցանկացել էի հարցնել քրոջս, թե ինչ ունեին այն կանայքը կաթոլիկ քահանայի հետ. և ամեն անգամ էլ մոռացել էի հարցնելու:
Բայց այժմ ամեն բան պարզվեցավ ինձ համար, երեկվա կանանց խմբակը հայ – կաթոլիկուհիներից էր կազմված, և նրանք իրենց քահանային դիմավորելու էին գնացել, ուրեմն Լուսինյանները հայ – կաթոլիկներ են, ահա բոլորը:
– Դուք ինչի՞ վերա եք մտածում, պարոն, – ծիծաղելով սկսավ խոսել օր. Մարանջյանը, – նրա վերա, թե ինչու օր. Մարգարիտան կաթոլիկ է, հա՞:
– Բնավ, ի՞նչ կա դրա վերա մտածելու:
– Ինչպե՞ս չէ, մի՞թե դուք չէիք կամենալ, որ նրա նման մի բարի և գեղեցիկ աղջիկը հայ լիներ:
– Առանց իմ կամենալուն էլ նա հայ է:
– Ընդհակառակը, ձեր կամենալով էլ դարձյալ նա հայ չէ:
– Այդ դու՞ք եք ասում:
– Ո՛չ, այդ ինքն է ասում:
– Սխալվո՛ւմ եք, – ընդհատեց Վարդուհուն օր. Վարվարան, – այդ յուր ծնողներն են ասում:
– Դուք երկուսդ էլ սխալվում եք, – հարեց քույրս, – ոչ Մարգարիտան և ոչ նրա ծնողները այդպես բան երբեք չեն ասել, դա պատեր – Սիմոնի խոսքն է:
– Այդ ավելի հավանական է, – նկատեցի ես, – օր. Մարգարիտան իմ աչքում այնքան զարգացած է երևում, որ նա յուր մասին այդպիսի բան չէր ասի:
– Բայց եթե ասեր անգամ, մի՞թե նա կստեր, չէ որ նա կաթոլիկ է և ո՛չ հայ, – խոսեց օր, Վարվարան:
– Իհարկե՞ ոչ, – ձայնակցեց նրան Վարդուհին, – նա կաթոլիկ է:
Ես իսկույն տեսի, որ ինձ շրջապատող ընկերությունը շատ սահմանափակ հասկացողություն ունի կրոնի և ազգության գաղափարները միմյանցից որոշելու համար, ուստի հարկ չհամարեցի այդ խնդրի վերա առ ժամն խոսելու: Բայց պատեր – Սիմոնի և նրա հոտի մասին մի քանի տեղեկություններ կամեցա իմանալ:
– Այդ պատերը միշտ այս քաղաքումն է մնում, – հարցրի ես:
– Ո՛չ, նա տարեն չորս անգամ է միայն այցելում այս քաղաքին և յուրաքանչյուր անգամ մի մի ամիս այստեղ մնալուց հետո հեռանում է, – պատասխանեց քույրս:
– Իսկ նա շա՞տ ժողովուրդ ունի այստեղ, – կրկին հարցրի ես:
– Ոչ, ընդամենը երեք տուն սակավաթիվ անձինքներից բաղկացած, որոնք Թիֆլիսից են գաղթած այստեղ իրենց առևտրական գործերով, – պատասխանեց նա:
«Երեք տուն ժողովուրդ, մի հեռավոր անկյունում, – մտածեցի ինքս ինձ, – և նրա համար տարվա մեջ չորս անգամ այցելություն: Ահա թե ո՞րտեղ պետք է որոնել կաթոլիկության ուժը: Երեք տուն բնակիչ, որոնք կարող էին շատանալ ամբողջ տարվա մեջ քահանայի մի շաբաթվա այցելությամբ միայն: Բայց նրանց ձեռքից չեն թողնում, նրանց այցելում են տարին չորս անգամ և այն չորս երկար ամիսներ: Կաթոլիկ եկեղեցին հսկում է յուր ժողովրդի վերա և գիտե, թե ինչու՞ համար է հսկում: Իսկ մեզ մոտ շատ անգամ ամբողջ գյուղեր և ավաններ տարիներով առանց քահանայի են մնում: Շատ գաղթականությանց մեջ մեռելները թաղվում են առանց վերջին անգամ հոգեկան մխիթարություն ստանալու, ծնվածները տարիներով մնում են առանց մկրտության, պսակվողները թափառում են մի գյուղից մյուսը, մի քաղաքից երկրորդը: Ո՞վ է հարցնում, թե երեկ որքա՞ն ժողովուրդ կար այստեղ և այսօր որքան է մնացել, ո՞վ գիտե, թե ո՞ր անկյունում հարյուրավոր մարդիկ աղքատության երեսից փախչելով ուռկանավորների ցանցերումն են անհայտանում: Ո՞վ է հաշվում, թե քանի քանի գերդաստաններ Պարսկաստանի և Թուրքիայի անծանոթ խորշերում բռնության երեսից սարսափահար՝ իրենց լեզուն և կրոնը մոռանում են:
Եվ դեռ զարմանում ենք, որ այս աստիճան անխնամ թողնված մի ժողովրդի մեջ հավատորսը յուր ժողովարանն է հիմնում: Հռովմը՝ յուր քավարանը…»:
Այս տխուր մտածմունքները ինձ այնպես էին զբաղեցրել, որ ես չէի տեսել Մարգարիտայի կրկին մեզ մոտ գալը: Օր. Մարանջյանի ձայնը միայն ինձ սթափեցրեց, երբ նա ուրախ – ուրախ բացականչեց դեպի նրան.
– Հը՞, ի՞նչ արիր, տեղավորեցի՞ր պատեր – Սիմոնին:
– Այո, ես նրան հանձնեցի իմ հոր խնամակալության, – ժպտալով պատասխանեց Մարգարիտան և ապա մոտենալով ինձ հարցրեց, – դուք արդեն ամեն բան գիտեք, այնպես չէ՞:
– Ի՞նչ բան, – զարմացմամբ հարցրի ես, – չգիտեմ ի՞նչ բանի մասին է ձեր խոսքը:
– Այն, որ պատեր – Սիմոնը մեր քահանան է, – պատասխանեց օրիորդը շառագունելով:
Նրա վրդովմունքի պատճառը ես չկարողացա հասկանալ, եւ այդ միջոցին հարմարություն չունենալով նրա հետ ավելի երկար խոսելու, կամ նրա սրտի մեջ թափանցելու, ցանկացա առանց մի առանձին նշանակություն տալու նրա ասածներին, վերջավորել մեր խոսակցությունը: Այդպես էլ եղավ: Մի քանի աննշան խոսակցություններից և կատակներից հետո մենք հրավիրվեցանք ճաշի:
Աղջկերանց ընկերությունը այս անգամ ուսումնասիրելու համար ինձ ոչինչ նյութ չտվավ:
Զ
ՊԱՏԵՐ – ՍԻՄՈՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Փորձված մարդիկներից շատերը մեծ նշանակություն են տալիս նախազգացմանը, խորհրդավոր բաներ պատմելով նրա մասին: Ճշմարտությո՞ւն են դրանք, թե՞ նախապաշարման արգասիք, չգիտեմ, միայն ես առհասարակ շատ չեմ հավատացել նրան և՝ այդ օրը նախազգացման նշանակությունը հերքող մի փորձ տեսի ինձ վերա: Ինչպես գիտեք ես պարտեզի մեջ առաջին անգամ պատեր – Սիմոնին նշմարելով, նախազգամամբ մի ատելություն և հակակրություն զգացի դեպի նրան, և խոստովանում եմ, որ ինքս էլ մեծ նշանակություն տվի նույն րոպեին իմ մեջ ներշնչված այդ տրամադրությանը, բայց ընկերուհիներիս հետ տուն հասնելով իսկույն ևեթ փոխվեցավ իմ մեջ նրա մասին ունեցած գաղափարս:
Դահլիճի դռնից ներս մտա թե չէ, պատեր – Սիմոնը այնպիսի մի հանդիսավոր ընդունելություն արավ ինձ, որ կարծես դրանով պատրաստվում էր յուր տասնամյա պանդխտութեն են վերադարձած հարազատ որդուն գրկելու:
– O՛, իմ սիրելի բարեկամ, վերջապես ձեզ էլ տեսնում եմ այստեղ, – բացականչեց նա, – որքան գոհ եմ. և եթե գիտենայիք, թե երեկվանից դեսը որքան շատ ցանկացել եմ ձեզ հետ տեսնվելու…
Այս անսպաս մտերմական խոսքերով, (որոնց նպատակը ես չգիտեի) մոտեցավ ինձ պատվելին և ջերմ – ջերմ սեղմեց իմ ձեռքը: Ապա դառնալով քրոջս, խորին հարգանքով ողջունեց նրան համեստությամբ թույլտվություն խնդրելով՝ որ շնորհավորե նրան յուր եղբոր գալուստը:
Քույրս մատույց պատվելիին յուր անկեղծ շնորհակալությունը ընդ նմին և ուրախություն հայտնելով, որ նա բարեհաճել էր յուր այցելությամբ իրենց քաղաքը պատվելու:
Բանից երևաց, որ պատվելին այս փոքրիկ քաղաքի բոլոր հայ ընտանիքներից սիրված մի անձնավորություն էր, բացի նորատի աղջիկներից, որոնք, ինչպես ինձ օրիորդ Մարանջյանը ասաց, շատ չէին ախորժում նրա հոգևորական զգացմունքներով տոգորված կավալերությունից, որը նա ի դեպ և տարադեպ առաջարկում էր նրանց:
Սեղանը արդեն պատրաստ էր և մենք պետք է ճաշի նստեինք:
– Դուք, անշո՞ւշտ, կներեք մեզ, տիկիննե՞ր և պարոննե՞ր, – ասաց պատեր-Սիմոնը հրավիրյալներին, – որ մենք երկու նորեկ հյուրերս միասին նստենք:
Այս ասելով նա բռնեց իմ ձեռքից և տարավ նստեցրեց ինձ յուր համար պատրաստված բազկաթոռի կողքին:
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին և ամեն ոք յուր շրջապատով սկսեց զբաղվիլ, պատեր-Սիմոնը շարունակեց խոսել ինձ հետ, բայց այնպես կամացուկ որ, մեր դրացիներից ոչ ոք նրան լսել չէր կարող:
– Գիտե՞ք, սիրելիս, երբ ես այսօր ձեզ առաջին անգամ մեր օրիորդների հետ տեսա, մի փոքր վախեցա. դուք մի վիրավորվիր այս խոսքից, խնդրեմ, բայց խոստովանեցեք, որ կարող էի վախենալ:
– Ինչո՞ւ համար, պատվելի՞, – զարմացմամբ հարցրի ես:
– Ա, դուք խո չե՞ք մոռացել երեկվա պատմությունը: Ես որքան էլ որ անբնական դրության մեջ էի, այսուամենայնիվ լավ հիշում եմ, որ ձեզ հետ շատ անվայել վարվեցա: Ես հազար անգամ ներողություն եմ խնդրում:
– Թողեք, աղաչում եմ. այդքան փոքրոգի մարդ մի կարծեք ինձ, – պատասխանեցի ես, – դուք ինձ ոչնչով չեք վիրավորել, Ինչո՞ւ համար եք ներողություն խնդրում:
– Օ՛, ինչպե՞ս չէ. մի հարգելի երիտասարդի առաջ նստել արբած դրության մեջ… անտեղի կատակներ անել… սա իհարկե անվայել բան է իմ աստիճանի համար, դուք ինձ պետք է ներեք…
Այս խոսքերից հետ պատվելին խոնարհեց աչքերը և այնպիսի մի արտահայտություն տվավ յուր երեսին, որ ես կամա ակամա մի խորին պատկառանք զգացի դեպի նրա համեստ և իրավամբ հոգևոր անձնավորությունը:
– Ես երեկվա անցքերից ոչինչ չեմ հիշում, պատվելի, և շատ խնդրում եմ, որ չանհանգստանաք իզուր տեղը. դրանով արդարև դուք ինձ վիրավորում եք: Ես ինքս երիտասարդ մարդ եմ և սիրում եմ ուրախ բնավորությունները: Մի՞թե դուք այդքան ծանրաչքով կնայեիք ինձ վերա եթե ուրախության ժամանակ ինձ արբած տեսնեիք:
– Երբե՛ք, երբե՛ք, սիրելիս: Ես բծախնդրությունը չեմ սիրում:
– Ուրեմն միևնույնը կարծեք և ինձ. մանավանդ որ ես հին սերունդին չեմ պատկանում:
– Այո՛, այդ վերջին հանգամանքը չպետք էր մոռանալ, – հարեց պատվելին և յուր անձեռոցի ծայրը սկսավ ամրացնել օձիքի մեջ: Ապա դառնալով դեպի ինձ շշնջաց ավելի ցած ձայնով.
– Բայց դուք գիտե՞ք, թե ես ինչու համար էի ասում, թե` «վախեցա երբ ձեզ մեր օրիորդների հետ տեսա»:
– Ո՞ չ, ես այդ կամենում էի հարցնել ձեզանից:
– Այ թե ինչո՞ւ համար: Դուք չեք ճանաչում այստեղի աղջկերանց: Համեստությունը նրանց համար անծանոթ բան է: Ինձ տեսնելով նրանք կարող էին կատակաբանել իմ մասին, իբրև թե ձեզ զվարճացնելու համար, և դուք կարող էիք երեկվան իմ դրությունը անգիտությամբ նկարագրել նրանց առաջ: Այդ իհարկե լավ չէր լինիլ: Նրանք կսկսեին հազար ու մի բաներ ավելացնելով ձեր խոսածների վրա տարածել քաղաքում:
– Բնա՛վ, բնա՛վ, և ո՛չ իսկ մի բառ հիշված է ձեր մասին, – ասացի ես, – անհոգ եղեք, և թե նրանք խոսեին անգամ, ես դարձյալ չէի ինձ թեթևացնիլ այնքան, որ ընկերանայի նրանց:
– Կեցջի՛ք, խելոք երիտասարդ եք. դուք կատարելապես գրավեցիք իմ համակրությունը, – գովեց ինձ պատվելին և գոհ սրտով ձեռք առավ ստամոքսի բարերար գործիքները:
Ես նկատեցի, որ մեր բոլոր խոսակցության ժամանակ Մարգարիտան դիտում էր մեզ և յուր հետաքրքիր հայացքով կարծես ուզում էր թափանցել մեր սրտի խոսքերը, իմանալու համար, թե ինչ ընդհանուր միտք կարող էր զբաղեցնել ինձ և պատեր-Սիմոնին:
Այս հանգամանքը ինձ չափից դուրս հետաքրքրեց, մանավանդ որ սկզբումն էլ նա կասկածոտ հարցեր էր անում ինձ պատերի վերաբերությամբ, ուստի վճռեցի այդ մասին անպատճառ մի բացատրություն խնդրել օրիորդից, երբ մենք միայնակ կլինեինք:
Բայց պ. Լուսինյանը նկատում էր, որ յուր հյուրերը վանական միաբանության վայել լռություն են պահպանում սեղանի վերա, ուստի սկսավ մեղադրել պատեր-Սիմոնին, որ նա չԷ մտածում ժամ առաջ այդ մեծ չարիքի առաջը առնելու:
– Մեր շիշերը բողոքում են ձեր դեմ, պատվելի, – ասաց նա, – կամ դուք հանձն առեք սեղանապետությունը և կամ հանձնեցեք այն այս երիտասարդներից մեկին:
– Ներեցե՛ք, ես չգիտեի, թե ինձ է վերապահված կարգադրելու իրավունքը, – պատասխանեց պատվելին, – բայց որովհետև դուք ինձ եք տալիս այդ պատիվը, ուստի ես էլ իմ կողմից սեղանապետության պաշտոնը հանձնում եմ մեր ամենասիրելի բարեկամ Բյուրատյանին:
Բոլոր հրավիրյալները նայեցին ինձ վերա: Նրանցից շատերը սկսան ծափահարել, շնորհավորելով իմ ընտրությունը: Բայց և մի քանի ինձ անծանոթ երիտասարդներ խոժոռեցին իրենց դեմքերը, որոնք այսուամենայնիվ կրկին զվարթացան, երբ ես բացե ի բաց մերժեցի ընդունել այդ պատիվը՝ իբրև կառավարելու անընդունակ և անսովոր, այնուհետև խոսելու ասպարեզը բացված լինելով սկսան մի քանի ընտրելիներ առաջարկել և վերջնական ընտրությունը մնաց կոկիկ հագնված մի երիտասարդ վաճառականի վերա, որը նստած էր օրիորդների խմբին շատ մոտիկ և զբաղված էր յուր դրացուհիների հետ հաճոյախոսություններ անելով:
– Այս անգամ դուք կատարելապես գրավեցիք իմ համակրությունը, – կրկնեց յուր հաճոյախոսությունը պատվելին կամացուկ ձայնով, – մի երիտասարդ, որ ձեր հասակում այդքան հեռու է ցուցամոլությունից, նա արժանի է ամենայն հարգանքի:
– Ես այդպես էլ սպասում էի:
– Բայց եթե առաջին անգամ ձեզ առաջարկեցի սեղանապետությունը, այդ նրա համար էր միայն, որ ես մի արժանավորի վերա մատնացույց անեի – իմ պարտքս բարեխղճաբար կատարած լինելու համար:
Ես շնորհակալ եղա պատվելիից նրա իմ մասին ունեցած լավ կարծիքի համար. Եվ ինքս ինձ ասում էի. «Այսուամենայնիվ, սատանան այնքան տգեղ չէ, որքան մարդիկ նկարում են նրան»:
Բայց մեր երիտասարդ սեղանապետը, որ Մարտին Պալտազարյան էր կոչվում, արդեն սկսել էր հառաջադիմական քայլերը, և օրիորդների փոքրիկ աշխարհը թողած թագավորում էր հրավիրյալների ընդհանուր տիեզերքի վերա:
– Պարոն Բյուրատյանը չափից դուրս լուռ է, իսկ պատվելի պատեր-Սիմոնը շատախոսում է, – բացականչում էր նա, – երկուսն էլ արժանի են մի մի բաժակ պատիժ կրելու:
Մենք ակամա կեղծեցինք որ հնազանդվում ենք պարոնին, և բաժակները մոտեցրինք բերաններիս:
– Տիկին Սամուրյանը եռանդով չէ դատարկում բաժակը, իսկ օրիորդ Վարվարա Սիլիկյանը անտարբեր է դեպի իմ հրամանները, – կրկին լսվեցավ Մարտին Պալտազարյանի ձայնը, և երկու մեղապարտուհիները ճակնդեղի պես կարմրեցան:
– Օրիորդ Մարանջյան, ձեր բաժակը երբեք չԷ դատարկվում, և դուք ոչնչով չեք ապացուցում ձեր քահանայի դուստր լինելը, – առաջինների լռությունից խրախուսված անվայել սրախոսությամբ խոսեց նա վերջապես օր. Վարդուհու հետ:
Բայց վերջինս կարմրելու հարկ չտեսնելով` անվրդով նկատեց.
– Իսկ դուք, պարոն, շատ լավ ապացուցանում եք ձեր կոշկակարի որդի լինելը. ամենքը ձեզ չափ շնորհքով լինել չեն կարող:
Բոլոր հրավիրյալները կարծես ուրախացած նրա ճարպիկ պատասխանով միաբերան աղաղակեցին.«կեցցե օրիորդը» և խմեցին նրա կենացը:
Մարտին Պալտազարյանը զայրույթից գունատվել էր:
– Ես հրաժարվում եմ սեղանապետության պաշտոնից, – ասաց նա բարկությամբ և ձեռքի բաժակը դրեց սեղանի վերա:
– Ոչ ոք չի տխրիլ, – կամացուկ նկատեց պատեր – Սիմոնը, և երկուսս միասին ծիծաղեցինք մեզ համար:
Բայց պատվելին որովհետև Պալտազարյանից «շատախոս» մականուն ստանալով վիրավորվել էր, ուստի նրա անկումը կատարյալ անելու համար առաջարկեց բազմականներին կրկին ինձ ընտրել սեղանապետ, և նրանք մեծ ուրախությամբ ընդունեցին նրա առաջարկությունը:
– Դուք չկամեցաք առաջին անգամ ընդունել իմ խնդիրը, – ասաց նա բարձր ձայնով, – այն ժամանակ դուք իրավունք ունեիք ազատ լինելու, իսկ այժմ պարտավոր եք ընդունել:
Ես չմերժեցի, և, չնայելով, որ երբեք այդ պաշտոնին հրավիրված չէի, այսուամենայնիվ արդարացրի պատեր-Սիմոնի ինձ վերա ունեցած վստահությունը: Կարճ ժամանակի մեջ հուզված կիրքերը հանդարտեցրի, հաշտեցնելով միմյանց հետ պ. Պալտազարյանին և օր. Մարանջյանին և ապա սկսա ընդհատված կենացները շարունակել. ամեն մեկի վերա հարմար, բայց համառոտ ճառեր խոսելով:
Նկատում էի, որ հրավիրյալները գոհ էին մնում ինձանից, ըստ որում իմ առաջարկությունները ամենամեծ ուրախությամբ էին կատարում: Իսկ պարոն և տիկին Լուսինյանների կենացի վերա պատեր-Սիմոնը այնքան ախորժեց իմ ճառախոսությունը, որ մինչև անգամ մի սիրուն երգ երգեց:
Դժբախտաբար պատվելիի կենացը նախկին սեղանապետի օրով արդեն խմել էին, բայց ես առիթ առնելով նրա գեղեցիկ երգի մեզ պատճառած զվարճությունը, կրկին անգամ առաջարկեցի խմել: Հյուրերը առանձին ուրախությամբ հարգեցին այս առաջարկությունը, որը ես արտահայտեցի մի հաճոյախոս ճառի մեջ: Իսկ պատեր-Սիմոնի ջենտլմեն սարկավագը ի պատիվ յուր պատերին երգեց երկու հատ գողտրիկ երգեր:
Պատեր-Սիմոնի և իմ բարեկամությունը այժմ անխզելի էր. նրա իմ մասին շռայլված գովությունները վերջ չունեին:
Բոլոր գործը հաջողությամբ էր վերջացել. մնում էր միայն մի կենաց, որով հացկերույթը պիտի պսակվեր: – Այդ կենացը օրիորդ Մարգարիտայինն էր, որը ես ոտի վերա կանգնած առաջարկեցի հյուրերին, կցելով նրան օրիորդի անձնավորության և նրա ծննդյան տոնին արժանավայել մի ճառ: Օրիորդի վերաբերությամբ իմ քրոջից ստացած մի քանի տեղեկությունները այժմ ծառայեցին ինձ նրա մասին խոսած ճառս ավելի փառավոր անելու: Խոստովանում եմ, որ բոլոր կենացների մեջ այդ առաջին կենացն էր, որը ես անկեղծ սրտով առաջարկում էի հյուրերին և առաջին ճառը՝ որ ես զգացմամբ թաթախուն բառերով արտասանեցի:
Մարգարիտան կանգնած էր ինձ դեմադեմ, սեղանի մյուս ծայրում. և աչքերը խոնարհած դիտում էր յուր առջև դրած գինով բաժակը: Տեսնում էի, որ համեստությունից նա հազիվ կարողանում էր լսել իմ խոսքերը, և ներքին հուզմունքից հառաջացած վարդագույնը պատել էր յուր դեմքը ամբողջապես: Այդ րոպեին աչքը շլացնելու պես գեղեցիկ էր:
Երբ ես իմ խոսքը վերջացրի, դահլիճը թնդաց ծափահարություններով և հյուրերը բաժակները միմյանց շրխկացնելով դատարկեցին Լուսինյանների միամոր դստեր կենացը:
Մարգարիտան բոլորին մի առ մի հայտնեց յուր շնորհակալությունը և երբ հերթը հասավ ինձ, նա ուղղակի նայեց իմ աչքերին, բայց շրթունքները շարժել չկարողացավ և յուր աչքերը մի վայրկյան մնացին անշարժ: Նրա կրակոտ հայացքը մինչև իմ ոսկորների ուղը թափանցեց և ես ամբողջ մարմնով դողացի:
Երբ երկրորդ անգամ աչքերս վեր բարձրացրի, նա էլ ինձ վերա չէր նայում, նա կեղծում էր, որ իրեն զբաղեցնում էին յուր ընկերուհիները:
Շուտով ամեն բան վերջացավ, և հյուրերը խումբ խումբ ցրվեցան տան պատշգամը, բակը և այգին:
Իմ բարեկամ պատեր-Սիմոնը ինքն իրեն մի փոքր երեկվա դրության մեջ զգալով խույս տվավ իմ ընկերությունից և գնաց պ. Լուսինյանի և նրան շրջապատող մի երկու կաթոլիկ հայերի մոտ:
Իսկ ինձ ընկերացան օր. Մարգարիտան և մի քանի վայրկյան՝ նրա մայրը: Նրանք երկուսն էլ մեծ շնորհակալություններ էին անում ինձանից, որ այսօրվա իրենց հյուրասիրությունը իմ ներկայությամբ և սեղանապետական հմուտ պաշտոնավարությամբ ուրախ և զվարճալի անցուցի:
Հասնելով հովանավոր ծառի մոտ, տիկին Լուսինյանը նստեց ծառի տակ շինած նստարանի վերա, ուր մեր գալուց առաջ հանգստանում էին նրա մի քանի սիրելի բարեկամուհիները, և հրավիրեց մեզ էլ յուր մոտ նստելու:
– Ես կամենում եմ դեռ մի փոքր զբոսնել, – ասացի ես:
– Եթե այդպես է Մարգարիտան ձեզ կընկերակցի, – պատասխանեց նա, և մենք երկուսս կամաց կամաց առաջ գնացինք:
Մի քանի վայրկյան մենք լուռ էինք և սպասում էինք, թե ով առաջինը կսկսեր խոսակցությունը: Հանկարծ միտքս եկավ պատեր-Սիմոնը, որի մասին ուզում էի հարցեր անել օրիորդից: Բայց դեռ ես չսկսած, նա ինքը հարցրեց:
– Ասացեք խնդրեմ, դուք բարեկա՞մ եք պատվելիի հետ, և համակրո՞ւմ եք նրան:
– Ամենից առաջ դուք ասացեք, օրիո՞րդ, ինչո՞ւ համար եք այդ հարցնում: Պատեր-Սիմոնի վերաբերությամբ արած ձեր այսօրվա բոլոր հարցերի մեջ մի ինչ որ խորհրրդավոր գաղտնիք եմ նշմարում, արդյոք դուք չէիք վստահանալ այդ մասին ինձ մի բան հայտնելու:
– Ոչինչ գաղտնիք չկա, – անկեղծաբար պատասխանեց օրիորդը, – ես կամենում եմ, որ դուք նրա հետ բարեկամ լինիք, որպեսզի ազատ մեր տուն գալ-գնալ կարողանաք:
Նա իմ հոր սրտի և զգացմունքների վերա իշխում է. և որին որ նա բարեկամ չէ իմ հայրը նույնպես կարող է բարեկամ չլինել: Իսկ ես կամենում եմ, որ դուք հաճախեք մեզ մոտ… Ես ձեր քրոջը սիրում եմ…
Վերջին խոսքերը նա շատ կամացուկ ձայնով արտասանեց: Բայց իմ հետաքրքրությունը ավելի ևս շարժվեցավ: Ի՞նչ մարդ էր այդ պատեր-Սիմոնը. ինչո՞ւ համար նա էր իշխում սրանց ընտանիքի վերա, ինչո՞ւ համար օրիորդը անպատճառ կամենում էր, որ նա ինձ հետ բարեկամ լինի: Սրանք հարցեր էին, որոնց պետք էր բացատրություն:
Բայց մեզ թույլ չտվին ավելի միմյանց հասկանալու: Օրիորդ Մարանջյանը յուր մի երկու ուրիշ ընկերուհիներով մոտեցավ մեզ և սկսավ յուր սովորական զվարճախոսությունները: Մենք այժմ ստիպված էինք նրան լսելու: Պատեր-Սիմոն, Մարտին Պալտազարյան, կոշկակար-սեղանապետ, շառագունվող աղջիկներ և այլն, և այլն, բոլորը նույն րոպեին նրա խոսակցության և կատակների առարկա դարձան: Այնուհետև մենք այլևս չկարողացանք միմյանց հետ առանձին խոսել, մինչև որ երեկոն մոտենալով մյուս հյուրերի հետ միասին ստիպվեցանք հեռանալ դեպի քաղաք:
Բաժանվելու ժամանակ ես իմ ցավս հայտնեցի Մարգարիտային, որ չկարողացա յուր հետ ավելի երկար տեսակցել, ըստ որում խոսելու շատ բան ունեի:
– Վնաս չունի, – ասաց նա, – ես նույնպես բաներ ունեի ձեզ հետ խոսելու, բայց մենք վաղը դարձյալ կտեսնվինք. և այս անգամ ես կգամ ձեզ մոտ:
Օրիորդի վերջին խոստումը ինձ շատ ուրախացրեց, և մենք գոհ սրտով բաժանվեցանք միմյանցից:
ՄԻ՞ԹԵ ՍԻՐՈԻՄ ԷԻ ԵՍ
Երբ տուն հասանք, քույրս ու փեսաս սկսան մի առ ժամանակ պարապվել Լուսինյանների հացկերույթի և նրանց հյուրերի քննադատությամբ: Խնջույքներից կամ հարսանյաց հանդեսներից վերադարձողի համար օրվա անցքերի հաշվեկշիռ կազմելը միշտ սովորական և սիրելի զբաղմունք է: Բայց այս երեկո ես տրամադիր չէի նրանց ընկերանալու: Լուսինյանների խնջույքից ուրիշ ոչինչ ես չԷի հիշում բացի Մարգարիտայի այն հայացքը, որ նա ուղղեց իմ աչքերին առաջին յուր կենացի ժամանակ:
Ես զգում էի, որ այդ հայացքը ինձ հալածում էր. ես կամենում էի նրա վերա մտածել… Ուստի հոգնածությունս պատճառ բերելով խույս տվի դեպի իմ ննջարանը: Այդտեղ ես միայն էի, բայց դրանից ավելի միայնության էի որոնում: Կանթեղի պայծառ լույսը կարծես խանգարում էր ինձ, ես նրան հանգցրի և պատուհանի վարագույրը քաշելով` փեղկերը բացի:
Զովարար հովի հետ միասին թափանցեց սենյակիս մեջ լուսնի աղոտ լույսն. և վառ երևակայությանս առաջ նկարվեցան գողտրիկ պատկերներ… Ես տեսնում էի գեղեցիկ Մարգարիտային յուր կրակոտ աչքերով, նա զբոսնում էր հովանավոր ուռենիների տակ. տեսնում էի նրա ժպիտը, որ ծաղկում էր գեղեցիկ շրթունքների վերա և լսում այն քաղցրահնչուն ծիծաղը, որ պատճառում էին նրան օր. Վարդուհու կատակները: Բայց հազիվ թե ես հիանում էի, և ահա այդ պատկերները տեղի տվին դրական մտածմունքներին: Ես հիշեցի գեղեցիկ օրիորդի խորհրդավոր խոսքերը. «Բարեկամ եղեք պատեր-Սիմոնի հետ, որ ազատ մեզ մոտ գալ-գնալ կարողանաք… Ես կամենում եմ, որ դուք հաճախեք մեր տունը… Ես սիրում եմ ձեր քրոջը…»:
Ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը, մտածեցի ինքս ինձ. մի՞թե այդ աղջիկը մի պարզ համակրությունից շատ ուրիշ զգացմունք էլ կարող էր տածել դեպի ինձ… Նա սիրում է իմ քրոջը, բայց մի՞թե այդ սերը մի կապ ունի իմ անձնավորության հետ… Ո՛չ, ես սիրում եմ երազել, կշտամբեցի ինքս ինձ. գողտրիկ զգացմունքները այդքան շուտ չեն տարբերվում: Ես թեպետ այդ չեմ փորձել, բայց այդպես ասում են փորձառու գլուխները:
Այս պատճառաբանությամբ ես հեռացրի իմ գլխից սիրված լինելու ցնորքը. բայց մի միտք իմ զգացման անբռնաբարելի սեփականությունն էր, և ես նրա ճշմարտության հասու լինելու համար փորձառու գլուխների չպետք է դիմեի: Սիրո ՞ւմ էի ես Մարգարիտային թե ոչ. այդ ինձ ասում էր իմ սիրտը, այդ շշնջում էր ինձ իմ հոգին… Այո՞, ես անտարբեր չէի դեպի մանկամարդ գեղեցկուհին և ես զգում էի, որ աներևույթ. վերքը արդեն մրմնջում էր իմ կրծքի տակ… Բայց մի՞թե դա էր սերը: Ճշմարիտը խոստովանած, ես դեռ չգիտեի: Ես միայն կարդացել էի սիրո մասին և սերը դեռ իդեալ էր ինձ համար, այսինքն մի բան, որին ամենայն մահկանացու չէր կարող հասնել: Եվ մի՞թե իմ սիրտը կարող էր լինել այն արժանավոր անդաստանը, ուր փթթում է սիրո սրբազան ծաղիկը…
Ես կասկածում էի: Բայց ավա՛ղ, ինչպե՛ս ողորմելի են մարդիկները: Այնտեղ, ուր բնության բարերար ձեռքն է ստեղծագործում, նրանք աստվածային զորությանց հետքեր են որոնում… Գերբնականին հպատակելու անհագ ցանկությունը՝ ստեղծում է նրանց երևակայության մեջ գերմարդկային զորություններ, և այդ չեղած զորությանց առաջ մարդիկ զոհում են, ծնրադրում են ինքնակամ…
Բայց այս անգամ ես համոզվեցա, որ սերը իմանալյաց աշխարհում չէ թափառում, երկու կրակոտ հայացք, և նա վառվում է ամեն մի զգայուն և անբիծ սրտի մեջ, նույնիսկ մեր մեղապարտ երկրի վերա:
Ուրեմն ես սիրում էի. այդ հաստատ էր: Երկար մտատանջության հարկ չէր մնում: Ես դադարեցի:
Գիշերից բավական ժամեր անցել էին: Լուսինը վաղուց արդեն յուր եղջյուրը հեռացրել էր իմ պատուհանից և խավարը տիրում էր սենյակիս մեջ: Հոգվով և մարմնով վաստակաբեկ, ես ընկա վերջապես իմ մահճակալի վերա, և շուտով անուշարար քունը փակեց իմ ծանրացած արտևանունքները:
ԵՍ ՍԽԱԼՎԱԾ ԷԻ
Հետևյալ առավոտը էլ ինձ ուրիշ բան չէր զբաղեցնում: Ես սպասում էի իմ թանկագին այցելուին: Ո՞ր ժամին կգար նա, ես չգիտեի: Այդպիսի դիպվածում սպասելը անտանելի է. ժամերը օրերի պես են անցնում, և ձանձրույթը վայրկյաններով աճում է: Ժամանակս սպանելու համար ձեռքս առի մի լրագիր, որը դեռ նոր էր ստացվել:
Բայց ավա՛ղ, մի հոդվածի խորագիրը միայն կարդալ կարողացի: Մտքերս իսկույն ցրվում էին, և ես մի բան հասկանալու համար նրանց չէի կարողանում ամփոփել: Լրագիրը ձգեցի սեղանի վերա և ինքս ինձ մտածում էի. – Դեռ երրորդ օրը չէր անցել, ինչ որ ես իմ քրոջ տանն եմ: Որպիսի տանջանոք, որչա՛փ անձկությամբ շտապում էի հասնել այստեղ, ինչպե՞ս ծանր էին անցնում ինձ համար քրոջս ինձանից բաժանող ժամերը: Ես եկա. և այս երրրրդ օրն է, ինչ որ գտնվում եմ նրա մոտ, բայց ես արդեն դադարում եմ նրա մասին մտածելուց…
Ինձ ուրիշ մտքեր են զբաղեցնում. մի օտար աղջկա հայացքը, նրա արտասանած մի քանի բառերը տիրում են այժմ իմ բոլոր գոյությանը, իմ ուղեղի և սրտի վերա…
Ինչով բացատրել այս գաղտնիքը, եթե ոչ խոստովանելով բնական օրինաց զորությունը, որի առաջ մարդկային հանճարը խոնարհեցնում է յուր երբեմն ապստամբ դրոշակը…
Ժամը տասը և մեկը զարկավ, ո՞չ ոք չԷր երևում: Իմ անհանգստությունը սկսավ կրկնապատկվիլ: Ես մերք դուրս էի գալիս պատշգամբ, մերք իջնում էի փողոց, և ամեն անգամ էլ երկար աչքս տնկում դեպի այն կողմը, որտեղից պետք է երևար Մարգարիտան:
– Մի՞թե նա կարող էր այսքան ուշանալ, գուցե նրան մի դժբախտություն է պատահել, – դառնալով քրոջս մոտ, հարցրի նրանից:
Նա ուղիղ ժամը տասներկուսին կգա, անհոգ եղիր. այստեղ այդ ժամերումն են այցելություն գնում, – միամտացրեց ինձ քույրս և ապա դառնալով նայեց իմ աչքերին և ուրախ-ուրախ ծիծաղեց:
– Ինչո՞ւ համար ես ծիծաղում, – հարցրի ես:
– Նրա համար՝ որ տեսնում եմ, թե Մարգարիտան քեզ շատ է գրավել, և դու նրա մասին շատ ես հոգում: Տեսնո՞ւմ ես, – ավելացրեց նա, – մեր քաղաքը այդպես է հափշտակում երիտասարդ տղաների խելքն ու միտքը, մանավանդ երբ նրանք քեզ նման անփորձ են:
– Բնավ, մի՞թե դու կարծում ես, թե ես նրանով շատ եմ հետաքրքրվում, ես միայն մեքենայաբար խոսեցի նրա մասին,
Այս խոսքերով ես կամեցա խույս տալ իմ քրոջ սրատեսությունից, բայց իմ շառագունելս մատնում էր նրան իմ սրտի գաղնիքը…
Վերջապես օր. Մարգարիտան եկավ յուր մոր հետ միասին, ես մինչև փողոց գնացի նրանց դիմավորելու: Օրիորդը նույնչափ ուրախ էր երևում յուր այցելությամբ, որչափ և ես նրան տեսնելով: Հասնելով տուն սկսանք մեր սիրալիր բարեկամության փոխադարձ խոստովանությունները: Մի օրվա տեսակցությունը այնչափ էր մեզ մոտեցրել միմյանց, որ տիկին Լուսինյանը ինչպես յուր ամենամոտ հարազատի հետ էր խոսում ինձ հետ, ծիծաղում և կատակներ անում: Այս հանգամանքը ինձ ներքին ուրախություն էր պատճառում և ես տեսնում էի, որ Մարգարիտան նույնպես բաժանում էր միևնույն զգացմունքը: Նա առհասարակ շատ քիչ էր խառնվում ընդհանուր խոսակցության մեջ, բայց յուր գեղեցիկ աչքերը անընդհատ սևեռում էր ինձ վերա, և ես նրանց մեջ այս անգամ պարզ կարդում էի յուր գողտրիկ զգացմունքը արտահայտող շատ մի խոսքեր:
Սուրճ առնելուց հետ մենք բոլորս միասին պիտի գնայինք քաղաքային այգին, որը թեպետ շատ մոտ էր իմ քրոջ տանից, բայց ես դեռ չէի տեսել:
Օրը կյուրակե լինելով ամբողջ քաղաքը գրեթե հավաքված էր այդտեղ: Երիտասարդ տիկնանց և օրիորդների բազմությունը մանավանդ աչքի ընկնելու չափ մեծ էր: Քույրս, որ արդեն խելամուտ էր իմ զգացմունքներին, չնայելով, որ ես նրան այդ մասին ոչինչ չէի խոսացել, դիտմամբ կամեցավ Մարգարիտայի հետ ինձ միայնակ թողնել, ուստի տիկին Լուսինյանին վերցնելով առաջ անցավ: Շուտով նրանք խառնվեցան իրենց ծանոթ մի խմբակի հետ և շրջեցան մի ուրիշ կողմ: Մենք մնացինք միայն, և կամաց-կամաց առաջ էինք գալիս: Երբ մտանք մի նեղ ճեմելիք, ուր մեզանից զատ ոչ ոք չէր զբոսնում, Մարգարիտան սկսավ խոսիլ:
– Ես չեմ սիրում զբոսնել այստեղ տոն օրերը, – ասաց նա, – մարդիկների խառնիճաղանճ անցուդարձը ինձ նեղացնում է:
– Երևի դուք միայնություն շատ եք սիրում, – հարցրի ես:
– Օ՛, ամեն բան կզոհեի՝ եթե թույլ տային ինձ միշտ միայնակ մնալու: Ես սիրում եմ միայնությունը, սիրում եմ երբ ոչ ոք չէ խանգարում իմ մենավոր մտածմունքները:
– Մի՞թե այդպիսի ժամանակ ամեն ընկերություն անտանելի է ձեզ համար:
– Գրեթե ամեն ընկերություն:
– Եթե մինչև անգամ գտնվեր մեկը, որ կարողանար բաժանել ձեր գաղափարները, ձեր համոզմունքները և վերջապես ձեր զգացմունքները…
Այս խոսքի վերա Մարգարիտան շրջեց երեսը, խորհրդավոր կերպով նայեց ինձ և եռանդով պատասխանեց,
– Ես մինչև այսօր այդպիսի ընկեր չեմ ունեցել. ես ծարավ եմ այդ տեսակի հոգիների ընկերակցության: Բոլոր շրջաններում, ուր որ մի անգամ ես ոտք եմ դրել, դատարկություն և ամայություն է տիրում: Այստեղ ես պետք է աղջիկներից ընտրեի իմ գաղափարակիցը և մտերիմը. բայց ավաղ, դատարկությունը ավելի նրանց մեջ է զգալի. նրրանք կամ ինձ չեն հասկանում և կամ ծաղրում են…
– Եթե դուք գտնեք այդ ընկերությունը մի երիտասարդի մեջ, որ ընդունակ լիներ ձեզ հասկանալու, դուք կմերժեի՞ք նրան ձեր ընկերակցությունը, – հարցրի ես ժպտալով:
– Ինձ համար միևնույն է. ես չեմ խորշում մարդիկներից, – պատասխանեց նա սառնությամբ: – Դուք անշուշտ հիշում եք, որ ես երեկ առաջարկեցի ձեզ հաճախել մեզ մոտ: Իմ միտքը ոչ այլ ինչ էր, եթե ոչ լցնել իմ սրտի դատարկությունը մի մարդու ընկերակցությամբ, որ կարող էր հասկանալ ինձ: Ես այդպիսիներին որոնում եմ, ինչպես մի մարդ, որ չէ կամենում ամայության մեջ խեղդվել: Եվ հավատացեք, որ եթե ես չգտնեի ձեր մեջ իմ որոնած բարեմասնությունները, ես իսկույն կհեռանայի, թողնելով ձեզ՝ միայն ինձ ծանոթ լինելու իրավունքը:
Այստեղ ես մնացել էի շվարած, իմ ուղեղը էլ չէր գործում: Երեկոյան այդ աղջկա մասին իմ ունեցած ցնորքների տպավորությունը անհետացավ և նույնիսկ այս առավոտ նրա մասին երազներս պղպջակների պես ցնցվեցան օդի մեջ: «Ես այս աղջկան չկարողացա ճանաչել, ես միայն երազում էի», մտածեցի ինքս ինձ և սկսա ամաչել: Առաջին անգամն էր իմ կյանքում, որ մի աղջկա ներկայությունը ճնշում էր իմ հոգին: «Բայց պետք է ավելի որոշ դրության մեջ դնել գործը», մտածեցի ես երիտասարդներին հատուկ հանդգնությամբ և նկատեցի.
– Դուք շատ խիստ եք, օրիորդ, ամեն մարդ օժտված չէ լինում կատարյալ բարեմասնություններով, և եթե ամենքի մեջ ձեր ցանկացածը որոնեիք, դուք միշտ դատարկաձեռն կմնայիք և ամայությունը հավիտյան ձեզ կշրջապատեր: Ես ինքս օրինակ հոժարությամբ խույս կտայի ձեր բծախնդրությունից, եթե դուք չշատանայիք այսքանով, ինչքան ես կարող եմ նվիրաբերել ձեր բարեկամությանը: Ինչպես նյութական նույնպես և հոգեկան հարստությունը սահմանավոր է, մարդկանց տենչանքն է միայն` որ սահման չունի: Ի՞նչ իրավունքով դուք պիտի մերժեք ինձ ձեր բարեկամությունը, եթե օրինակ ես նրան կամենում եմ վաստակել իմ սահմանափակ ընդունակություններով: Չէ՞ որ զոհաբերությանց մեջ լուման էլ արժեք ունի և նվիրաբերությանց ժամանակ հաշվի է առնվում նվիրողի սիրտը, քան թե նվերի արժանավորությունը:
Մարգարիտան սկսավ ծիծաղել: Ես ավելի սիրտ առնելով նրա ուրախ տրամադրությունից, հարցրի.
– Ի՞նչ, մի՞թե դուք կմերժեիք ինձ ձեր բարեկամությունը, եթե օրինակ ես կամենայի գնել նրան ամենաանկեղծ սիրո գնով, եթե ես նրա համար նվիրեի ձեզ իմ սիրտը ամբողջապես:
Օրիորդի դեմքը մռայլվեցավ.
– Սիրո և սրտի վերա խոսելուց ես միշտ հրաժարվում եմ, – ասաց նա թույլ ձայնով, – որովհետև դեռ ապացուցված չէ, թե որոնք կարող են սիրել և որոնք սիրտ ունին:
Այս ասելով նա շրջվեցավ դեպի ընդհանուր ճեմելիքը և առանց մի ուրիշ բառ արտասանելու մոտեցավ այն խմբակին, որի մեջ գտնվում էին յուր մայրը և քույրս:
Ես, իհարկե, հետևեցի նրան. բայց փշրված հույսերով և բեկված սրտով:
Այգիից դուրս գալուց հետ՝ ես հույս ունեի, որ նրանք կգային մեզ մոտ ճաշելու և ես դեռ ժամանակ կունենայի Մարգարիտայից բացատրություններ խնդրելու, բայց որքան մեծ եղավ իմ տխրությունը, որ նրանք մերժեցին մեր խնդիրը, պատճառ բռնելով մի երկու օտարական հյուրերին, որոնք այդ օրը իրենց մոտ պիտի ճաշեին:
Մնաս բարևի ժամանակ տիկինը խնդրեց, որ ես անպատճառ իրենց տուն գնամ նույն օրը կամ վաղը:
– Նույնը խնդրում եմ և ես, – ասաց Մարգարիտան, և մենք բաժանվեցինք միմյանցից այնպես սառը կերպով, որ կարծես մի մեծ կռիվ էր տեղի ունեցել մեր մեջ:
Տիկինը և քույրս չնկատեցին, իհարկե, այս տարօրինակ հանգամանքը:
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
Մարգարիտայից բաժանվելուց հետո ինձ մեծ զգուշություն էր հարկավոր վրդովմունքը քրոջիցս ծածկելու համար, մանավանդ որ նա անտեղյակ չէր իմ հոգեկան մոլորությանը, ինչպես ասում են հին մարդիկները: Ճանապարհին արդարև նա ոչինչ փոփոխություն չկարողացավ նշմարել ինձ վերա, բայց տան մեջ իմ մտախոհ կերպարանքը տեսնելով անհանգստացավ:
– Ի՞նչ է պատահել քեզ, – հարցրեց նա, – դու չափից դուրս տխուր ես:
– Ես մի փոքր հիվանդ եմ զգում ինձ, – ասացի, – գլուխս ցավում է:
Բայց կարծես նա հասկանում էր, որ ես խաբում եմ իրեն:
– Ոչինչ, դա շուտով կանցնի, – նկատեց նա, – միայն դու ինձ այն ասա, ի՞նչ խոսացիք Մարգարիտայի հետ. ձեր բարեկամությունը հաստատվեցա՞վ, թե՞ ոչ:
– Ի՞նչ բարեկամություն, ես քեզ չեմ հասկանում, – զարմացում կեղծելով՝ հարցրի ես:
– Դու ինձ չե՞ս հասկանում, – ժպտալով հարցրավ նա ինձ և ծիծաղկոտ աչքերով սկսավ նայել ինձ վերա:
Ես երկար կեղծել չկարողացա, ես նույնպես ժպտացի. և այդ ժպիտը ամեն բան խոստովանեց: Բայց քույրս կամենալով քնքշությամբ քերել այդ հարցը, ուրիշ բանի վերա դարձրեց յուր խոսքը, և մի քանի կցկտուր պատասխաններ տալուց հետո առանձնացա տան դեպի ծովը նայող պատշգամը:
Սիրտս խռովյալ ծովի պես ալեկոծում էր, ես ոչ մի տեղ հանգստություն չէի կարողանում գտնել: Ամբողջ ժամերով անց ու դարձ արի պատշգամի վերա:
«Ի՞նչ արավ ինձ հետ այս աղջիկը, – մտածում էի ինքս ինձ, – ես նրան չէի պտրտում, բայց ինքը ստիպեց ինձ այդ անելու: Նրա հայացքները, նրա ժպիտը, նրա քնքշությունները դեպի ինձ և վերջապես նրա մտերմական խոսակցությունները‘ ինձ իրավունք Էին տալիս կարծելու, որ այդ աղջիկը բաժանում է այն զգացումը, որը յուր կախարդող հայացքները բորբոքել էին իմ մեջ: Ես հետևեցի իմ հոգվո թելադրությանը: Ես անկեղծ եղա: Բայց, տեր աստվա՛ծ, որպիսի սառնությամբ խոսեց նա ինձ հետ. որպիսի՜ արհամարհանքով ընդունեց իմ խոսքերը, երբ ես նրան սիրո և սրտի նվիրման համար խոսեցի: Իհարկե ավելիին ես արժանի չէի: Որովհետև հանդգնել էի ինձ անծանոթ բնավորության վերա իշխելու: Եվ արդարև ի՞նչ բան է կինը, եթե ոչ մի հանելուկ, որին լուծելու համար իզուր վաստակում է խելքը: Եվ հենց այդ ժամանակ երբ գիտնական գլուխը զբաղված է նախ նրան ուսումնասիրելու և ապա թե լուծելու դժվարին խնդրով, հիմարներից մինը արդեն այդ անելուկը ամենադյուրին ճանապարհով լուծած վերջացրած է լինում: Այդպիսի դեպքում գիտնական գլխին միայն մի մխիթարություն է մնում, այն է՝ ծիծաղել յուր վերա»:
Եվ այսպես ես չարաչար սխալված էի իմ հաշվի մեջ. իմ հուսախաբությունը ինձ հանգստություն չէր տալիս: Երբեմն ես վճռում էի այլևս չտեսնվել Մարգարիտայի հետ, մոռանալ նրան, իբրև մի անծանոթի և երբեմն մտադրվում էի վազել նրա տունը և բացատրություններ խնդրել յուր վարմունքի համար: Այսուամենայնիվ երկու դիպվածումն էլ ինձ թույլ և անկարող էի գտնում:
Բայց մի միտք հանկարծ ուրախացրեց ինձ: Այդ երեկո քաղաքի ժողովարանում պարահանդես կար, և Մարգարիտան գուցե այդտեղ լիներ: Մտածեցի անպատճառ ներկա լինել հանդեսին և այնտեղ թե՞ վերջավորել մեր ընդհատված խոսակցությունը և թե՞ բացատրություններ առնել նրանից յուր տարօրինակ վարմունքի համար:
Այդ հուսով ես դիմեցի քրոջս հարցնելու, թե արդյոք պարահանդես կգա՞ր Մարգարիտան թե ոչ: Եվ երբ նա ինձ միամտացրեց, որ նա անպատճառ այնտեղ կլինի.
– Թեպետ Մարգարիտան շատ չէ սիրում պարահանդեսներ, բայց նրա մայրը միշտ տանում է նրան, որպեսզի տանը տխուր չնստի, – ասաց ինձ քույրս:
Ես ուրախությամբ վերադարձա իմ պատշգամս և սկսա երգելով անցնել մնացորդ ժամերը, մինչև որ ճաշի կհրավիրեին ինձ:
Ցանկալի երեկոն թեպետ մի փոքր ուշ, այսուամենայնիվ հասավ: Ես, քույրս և փեսաս հագնվեցանք, սարքվեցանք և դիմեցինք քաղաքի ժողովարանը, որը գտնվում էր քաղաքային այգվո մի ծայրում, գրեթե ծովափի վերա:
Գեղեցիկ և զով գիշեր էր. լուսնի եղջյուրը լուսավորում էր այգին յուր աղոտ և խորհրդավոր լուսով: Դեպի ժողովարան տանող ճանապարհի վերա միայն վառվում էին մի քանի լապտերներ, որոնք ծառայում էին ավելի ամառային գիշերի գեղեցիկ ներդաշնակությունը խանգարելուն: Երբ մենք մտանք այգին, երաժշտությունը արդեն թնդում էր նրա մի ծայրում; «Երևի պարերը սկսված են» մտածեցի ես, և զարմացա, որ այդքան շուտ են սկսում այստեղ պարերը:
Վերջապես մոտեցանք ժողովարանին: Նա ներսից և դրսից աչք շլացնելու չափ լուսավորված էր: Մեծ և լայն պատուհաններից արդեն նշմարվում էր ալեկոծյալ բազմությունը յուր խայտաբղետ շարժումներով:
Մենք ներս մտանք: Հյուրերը վալս Էին պարում: Գեղեցիկ տիկիններ, նորատի օրիորդներ, պճնված նորագույն տարազով և կպած քնքշասեր ասպետների կրծքին, անընդհատ թրթռում և պտույտներ Էին անում ընդարձակ դահլիճի մեջ, քարշ տալով իրենց ետևից շրջազգեստների հարուստ և փառահեղ տուտերը և տոգորելով ամբողջ սրահի օդը իրենց պաճուճանքների անուշահոտությանց բուրմունքով: Պարերի այդ արագաշարժ թռույցքներով նրանք նմանում էին գեղեցիկ նայադների խմբին, որոնք ծաղկեպսակ և սիրաժպիտ, խաղալով զեփյուռների հետ, դիմավորում են գարնան:
Տեսարանը գեղեցիկ և գրավիչ էր: Բայց գրկախառնյալ վալսը ինձ վերա լավ տպավորություն չարավ: Պարող զույգերի մեջ ես պտրտում էի Մարգարիտային նախանձահույզ աչքերով: Ես կամենում էի տեսնել թե առավոտյան լրջամիտ և սեր ու սիրտ արհամարհող օրիորդը ինչպես է զվարճանում այս խառնիճաղանճ ամբոխի մեջ և որ ավելին է՝ թե նա ինչ ասպետի հետ է գրկախառնված:
Բայց իզուր էի ես սպասում: Մարգարիտան չերևաց պարողների մեջ: Այս հանգամանքը թեպետ մի կողմից ներքին ուրախություն պատճառեց ինձ, բայց մյուս կողմից էլ տխրեցրեց, որովհետև դահլիճի և ոչ մի խմբակի մեջ չտեսի նրան:
– Մարգարիտան այստեղ չէ, – ասացի քրոջս, – դու ինձ սխալեցրիր:
– Անցիր հանդիպակաց դռնով, մտիր երրորդ սենյակը, նա անշուշտ ընթերցարանում կլինի, – ծիծաղելով պատասխանեց քույրս:
Ես գնացի դեպի նշանակյալ սենյակը, և, ո՛վ զարմանք. Մարգարիտան նստած էր այդտեղ մեն մենակ և լրագիր էր կարդում: Դահլիճի մեջ թնդացող երաժշտությունը, պարողների ուրախ և զվարթ ձայները, յուր շրջապատում տիրապետող անսովոր շարժումը կարծես նրա վերա ոչինչ ազդեցություն չէին անում, նա խորասուզված յուր ընթերցանության մեջ մինչև անգամ իմ յուր մոտ մտնելս էլ չիմացավ:
Երկար ես նայում էի նրան, նայում էի և հիանում: Կանթեղի լույսը ընկել էր նրա վերա և կիսով չափ լուսավորել նրա դեմքը, այնպես որ մյուս կեսը մնում էր ստվերի մեջ: Այս դրությամբ նրա պրոֆիլը նմանում էր մի գեղեցիկ մարմարիոնե արձանի, որով հանճարեղ քանդակագործը պատկերացնում է մարդկության բարերար աստվածուհիներից մինին այն վայրկյանում, երբ նա մոլորյալ հոգիների հանցանաց գիրքը քրքրելով՝ ճգնում է գտնել իրավունքի մի ճանապարհ, որով նրանց անիրավ ճակատագիրը ջնջել կարողանա:
«Ահա՛ այն կինը, որին ես երազում էի» մտածեցի ինքս ինձ. և հուշիկ մոտեցա գեղեցիկ օրիորդին: Նա գլուխը վեր բարձրացրեց և ժպտաց:
– Դուք չե՞ք բարկանում, որ ես խանգարում եմ ձեր մենավոր զբաղմունքը, – ասացի ես պարզելով ձեռքս դեպի նրան:
– Բոլորովին ո՛չ, – պատասխանեց նա և քնքշաբար սեղմեց իմ ձեռքը:
– Այս անգամ ես դարձյալ անորոշ գաղափար ունիմ ձեր մասին, օրիորդ, դուք ինձ և՛ հիացնում, և՛ զարմացնում եք…
– Հիացումը թողեք, – ընդհատեց նա, – զարմացման մասին խոսեցեք: Ինչո՞ւ համար եք զարմանում:
– Եվ մի՞թե դուք դեռ կարոտում եք իմ բացատրությանը: Տեսնում եք, այստեղ պարահանդես է. երաժշտություն է որոտում, ձեր սեռի ներկայացուցիչները նախանձ են բերում աստվածուհիներին, ասպետները նրանց հաճոյանալու համար շահատակում են աջ ու ձախ, ամեն տեղ ուրախություն, ամեն կողմ հրճվանք… և դուք ի՞նչ եք անում, աստվա՛ծ իմ, դուք միանձնուհվո դեր եք կատարում այստեղ:
Այս խոսքի վերա Մարգարիտան մեղմով ժպտաց և շարժեց գլուխը:
– Ահա՞ թե ինչու համար ես միայնակ էի մինչև այսօր և միայնակ պիտի մնամ երևի մինչև վերջը, – խոսեց նա տխրությամբ: – Դուք էլ նույնն եք անում ինձ, ինչ որ ուրիշ շատերը: Ցավալի է: Մինչև այսօր լսած քարոզներս ինձ վերա տխուր տպավորություն չեն արել. ես ներել եմ բոլորին, բայց ձեր խոսածները այդ տպավորությունը արին: Որովհետև ես սպասում էի ձեզանից ավելին, ես սպասում էի, որ դուք ուրիշներին չնմանեք, բայց երևի ես եմ մոլորվածը և ես պետք է զիջանեմ իմ քարոզներին…
– Մի՞թե դուք վշտացաք իմ խոսքերից, օրիորդ, – հարցրի ես անհանգստությամբ:
– Այո՛ , ես վշտացա. դուք իմ վարմունքը տարօրինակ եք գտնում, որովհետև ես պարահանդեսը թողած ընթերցանությամբ եմ ժամանակ անցկացնում, որովհետև ես ասպետների գրկերից փախչելով՝ այստեղ միանձնուհվո դեր եմ կատարում… Այո,՞ պարոն, այդ խոսքերով դուք ինձ վիրավորում եք… Բայց ինչ որ ես անում եմ, գիտակցաբար և խոր համոզմունքով եմ անում: Ճշմարիտ է, ես այս րոպեին նստած եմ միևնույն տանը, ուր երաժշտությունը որոտում և պարերը պտտվում են: Բայց այստեղ ինձ բերել է իմ մայրը. ես չեմ կարողանում ընդդիմանալ նրա թախանձանացը: Նա կամենում է ինձ զոռով զվարճացնել, և ես հնազանդվում եմ նրա մայրական խանդակաթ սիրտը չվիրավորելու համար: Քանի որ նա ինձ գաղափարակից չէ, ես ճնշում եմ իմ սիրտը, որպեսզի նա հավատալով, թե ինձ ուրախացնում է, ինքը ևս ուրախանա, ապա թե ոչ պարահանդեսները ինձ զվարճություն չեն պատճառում, այն զբոսանքները, որոնց մեջ կինը միայն հաճության աղջիկն է, ես ատելով ատում եմ. ես կամենում եմ, որ իմ սեռը հարգված մնա գոնե իմ մեջ… Եվ վերջապես ի՞նչ զվարճություն կարող է պատճառել ինձ այդ րոպեական խելագարությունը, եթե նա մինչև անգամ նույն ինքը երջանկությունը լիներ:
– Իմ խոսածներս կատակ էին, օրիո՞րդ, – պատասխանեցի ես, – այս րոպեին դուք իմ համոզմանց և զգացմանց թարգման եք հանդիսանում, և ես չգիտեմ ինչպես արտահայտեմ իմ խորին և անկեղծ հարգանքը դեպի ձեզ: Այն մտքերը, որոնք ինձ զբաղեցրել են մինչև այսօր, ես ձեր մեջ իրացած եմ տեսնում, հենց այդ պատճառով էլ ես ինձ երջանիկ եմ զգում ձեր առաջ:
– Դուք համակրո՞ւմ եք իմ գաղափարներին, դուք ինձ չե՞ք խաբում ոգևորված հարցրեց Մարգարիտան:
– Ես չեմ երդվում, օրիորդ, բայց խոսում եմ ազնվաբար և անկեղծությամբ, դուք մինչև անգամ կարող եք ինձ չհավատալ, բայց դա ինձ չի վշտացնիլ, դուք արդեն ինձ վարձատրել եք ձեր համոզմունքների անկեղծ արտահայտությամբ:
– Տվեք ինձ ձեր աջը, ես ձեզ հավատում եմ, – ասաց նա ոգևորությամբ և սեղմեց իմ ձեռքը ի նշան վստահության:
Եվ ապա աթոռից բարձրանալով ավելացրեց.
– Այսուամենայնիվ, մենք կարող ենք մի փոքր ավելի օգուտ քաղել մեր հանդիպումից, գնանք շրջելու մյուս կողմերը:
– Դուք կամենում եք դահլիճը մտնել, – հարցրի ես:
– Ոչ, դուրս գնանք այգին, – պատասխանեց նա, – և մենք կողմնակի սանդուղքներից իջնելով մտանք մի փոքրիկ ծառուղի, որը ընկած էր ծովափի երկարությամբ:
Լուսինը արդեն բարձրացել էր երկնակամարի վերա: Գիշերային մեղմ հովի առաջ հուշիկ շարժվում էին ծառերը և թփիկները և նրանց ոստերի գետնի վերա թողած ստվերները անընդհատ խաղում էին միմյանց հետ: Ծովը խաղաղ էր և նրա լայնատարած մակերևույթը այդ րոպեին մուգ արծաթի գույն էր առել լուսնի առաջ: Փոքրիկ ալիքները մերթ ծփալով խաղում էին նրա երեսին և մերթ հովից մղվելով գալիս կոծում էին ափի ավազուտը:
– Այստեղ շատ գեղեցիկ է, մենք կարող ենք մի փոքր ազատ զբոսնել, – ասաց Մարգարիտան, մտնելով փոքրիկ ծառուղիի մեջ:
– Իսկ մայրդ անհանգիստ չի՞ լինի, օրիորդ, – հարցրի ես, – մենք նրան չհայտնեցինք ձեր այստեղ լինելը:
– Ավելորդ է, մինչև պարահանդեսի վերջը նա ինձ չի պտրտիլ: Նա գիտե իմ բնությունս և կկարծե, որ ընթերցարանումն եմ:
Ես ոչինչ չպատասխանեցի, և մենք սկսանք մի քանի վայրկյան լուռ զբոսնել: Հետո նա ինքը լռությունը ընդհատեց հարցնելով.
– Դուք հիշո՞ւմ եք այս ավուր մեր խոսակցությունը:
– Այո՞ , հիշում եմ, – պատասխանեցի, – ես հիշում եմ մինչև անգամ, թե ո՞ր տեղումը ընդհատվեցավ այդ խոսակցությունը:
– Այնտե՛ղ, որտեղ դուք սիրո և սրտի նվիրման վերա էիք խոսում, – հարցրեց Մարգարիտան ժպտալով:
– Եվ որտեղ դուք ձեր անվստահ նկատողություններով իմ հույսերը փշրեցիք, – ավելացրի ես:
– Հույսե՛ր, – զարմացման եղանակով բացականչեց Մարգարիտան, – ի՞նչ հույսեր ունեիք դուք:
– Օրիորդ, թո՛ւյլ տվեք ինձ անկեղծ լինել, թույլ տվեք որ ես կամ երազներից սթափվիմ և կամ իսկական երջանկությունը ճանաչեմ, ես տանջվում եմ…
– Ես ձեզ չեմ հասկանում, – երկյուղած ձայնով խոսաց Մարգարիտան, – դուք կարող եք անկեղծ լինել:
– Շնորհակալ եմ, օրիորդ, ուրեմն լսեցեք ինձ: Այս երրորդ օրն է, ինչ որ ես այս քաղաքի մեջ եմ գտնվում, և այն րոպեից ի վեր, երբ դուք նավահանգստում ձեր առաջին հայացքը ձգեցիք ինձ վերա, իմ միտքը էլ ուրիշ ոչնչով չէ զբաղվում, ձեր այդ հայացքը ինձ հալածում է ամեն տեղ… Երեկ իսկ ձեր այգում դուք կրկնեցիք այդ հայացքը ձեր կենացի ժամանակ, և նույն րոպեին իմ ոսկորների մեջ սարսուռ ընկավ, երեկվանից սկսած անհանգստությունը ճնշում է իմ հոգին, ես զգում եմ որ մի անսովոր կրակ այրվում է այստեղ, իմ կրծքի տակ… Ես մինչև այսօր չեմ սիրել, բայց զգում եմ որ սիրում եմ ձեզ, օրիորդ, դուք պետք է անողոք չլինեիք…
Այս խոսքերը արտասանելու ժամանակ ես չգիտեմ ինչպես էր պատահել, որ նրա ձեռքը ես սեղմում էի իմինի մեջ. բայց նա, որ մինչև այն համբերությամբ լսում էր իմ խոստովանությունը, հետ քաշեց յուր ձեռքը և մեղմով պատասխանեց.
– Ես երբեք չեմ շտապում. մի՞ պահանջեք ինձանից այն, ինչ որ ես չեմ կարող ձեզ տալ առանց կատարյալ վստահության: Իմ բոլոր ձեռնարկությանց մեջ ինձ առաջնորդում են՝ իմ գիտակցությունը և համոզմունքը: Ապացույցներն անգամ արժեք չունին իմ առաջ, որովհետև նրանց ամեն գնով և ամեն տեղ կարելի է ձեռք բերել:
– Դուք շատ խիստ եք, օրիո՞րդ, – բացականչեցի ես – հավատացե՞ք, որ երբեք չէի հանդգնիլ մոտենալ ձեզ, եթե չզգայի իմ մեջ բավական ուժ ձեր բոլորանվեր ջերմեռանդությամբ պաշտելու համար… բայց և այնպես ես չեմ կամենում ձեր սերը մուրանալ, որովհետև երբեք չէի հոժարիլ, որ մի մուրացողին պատկաներ ձեր սիրտը, որին ես այնքան մեծագին եմ դավանում:
– Դուք կարող եք իշխել այդ սրտի վերա, եթե կամենաք, – հակիրճ պատասխանեց Մարգարիտան և իմ ձեռքս ամուր սեղմելով հեռացավ: Ես ուրախությունից մի վայրկյան անզգայացա: Երբ դիմեցի պարահանդեսի դահլիճը, նա արդեն խառնվել էր օրիորդների խմբի մեջ:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽՆԱՄԱԿԱԼ
Հետևյալ առավոտը Մարգարիտայի աղախինը եկավ մեր տուն: Սա մի երիտասարդ աղջիկ էր, բարի և համակրական դեմքով: Մտնելով սենյակը նա հանձնեց ինձ մի նամակ, ավելացնելով, որ յուր տիրուհին խնդրել էր ինձ գնալ իրենց մոտ: Ես շտապով ծրարը բացի, նրա մեջ օրիորդը ներփակել էր հետևյալ տողերը.
«Հարգելի բարեկամ.
Ես մոռացա մի քանի տեղեկություններ հաղորդելու ձեզ: Այսօր ևեթ անհրաժեշտ է, որ իմ սխալը ուղղեմ: Նամակս ստանալուն պես բարեհաճեցեք շնորհ բերել մեզ մոտ: Ձեր ուշանալը կարող է խանգարել իմ դիտավորությունը:
Ձեր աղախին՝
Մարգարիտա Լուսինյան¦:
Երբ նամակաբերը դուրս գնաց, քույրս հարցրեց.
– Ո՞վ է գրել այդ նամակը:
– Օրիորդը, – պատասխանեցի ես միամտաբար:
– Մարգարիտա՞ն, – զարմացմամբ բացականչեց նա, – չեմ կարող հավատալ:
– Մի՞թե այդ հանցանք է նրա համար, – նկատեցի ես: – Նա յուր մոր կողմից ինձ հրավիրում է, ի՞նչ զարմանալու բան կա այստեղ:
– Այսուամենայնիվ Մարգարիտան հեշտությամբ չէր ստորագրիլ այդ նամակին: Պետք է մտածել ուրեմն, որ նա չափազանց շատ է հարգում քեզ:
Ես հասկացա իմ քրոջ ակնարկությունը, բայց երկարելու ժամանակ չկար, ես պետք է շտապեի օրիորդի մոտ:
Մի քառորդ ժամից ետ կառքս դղրդալով կանգնեց Լուսինյանների տան առաջ: Օրիորդը ինձ դիմավորեց սանդուղքի վերա և առաջնորդեց իրենց ընդունարանը:
Սա միջին մեծությամբ մի սենյակ էր, կահավորված թավիշեպատ դիվանով և բազկաթոռներով, նրանց մեջտեղում հարուստ սփռոցով ծածկված սեղանի վերա հանգչում էր մի ճենապակյա շքեզ կանթեղ, մի քանի գեղեցիկ նկարներ ոսկեզօծ շրջանակներով զարդարում էին սենյակի պատերը, իսկ այդ բոլորի վերա իշխում էր Պիոս 9-րդի մեծադիր պատկերը, որը դրված էր արծաթյա գեղաքանդակ շրջանակի մեջ:
– Իմ ծնողները տանը չեն այսօր, – սկսեց խոսել Մարգարիտան: – Նրանք գնացին մեր այգին տեսնելու, այնտեղ մի ինչ-որ զանցառություն է գործվել մեր այգեպանի կողմից: Ես չկամեցա նրանց ընկերանալ, որովհետև անպատճառ ուզում էի ձեզ տեսնել: Ես գաղտնիքներ ունիմ ձեզ հայտնելու:
Այս ասելով Մարգարիտան նստեց դիվանի վերա և առաջարկեց ինձ ևս նստել յուր կողքին:
Ես հրաժարվեցի այդ պատվից և կամեցա նստել բազկաթոռի վերա, որովհետև գիտեի, թե որքան շատ է հարգում նա համեստությունը:
– Ոչ, այդ ես եմ խնդրում ձեզ, – նկատեց նա, – ես կամենում եմ, որ դուք այս անգամ ինձ մոտ նստեք:
Ես հնազանդվեցա:
– Այժմ լսեցեք իմ պատմությունը – ասաց նա և սկսավ կամացուկ ձայնով խոսել:
– Այսօր շատ առավոտանց մեր տան դուռը ծեծում են. ծնողներս դեռ քնած են: Ես վաղ էի զարթել, ո՞վ պետք է լինի՝ մտածում եմ, և ահա Մարի՛ն, իմ աղախինը, մի նամակ է բերում ինձ: «Սա պատեր-Սիմոնիցն է, – ասում է նա, – նամակ բերող ծառան պատվիրեց ինձ, որ անպատճառ աղային հանձնեմ»: Հասցեն կարդում եմ – հորս վերան է: Պետք էր ի՛հարկե հանձնել նրան: Բայց Մարիի այն խոսքը թե՝ «ծառան պատվիրեց անպատճառ հորս ձեռքը հանձնել նամակը» ինձ կասկածի մեջ գցեց: Երբեք ես այդ մարդուց բարիք չեմ սպասել, և հավատում էի, որ այդ նամակը չարիքից զատ ուրիշ ոչինչ չէ պարունակում յուր մեջ: Տխուր նախազգացումը ինձ անհանգստացնում է, և ես բանում եմ այդ նամակը – ահա՛ նա, կարդացեք:
«Սիրելի որդյա՞ կ, որքան էլ ես կամենայի չհեռացնել ձեր ընտանիքի վերայից իմ հսկողությունը, այսուամենայնիվ ես ամենայն տեղ նրան հետևել անկարող եմ. դուք էլ պետք է մասամբ օգնեք ինձ այդ գործում: Դուք շատ լավ գիտեք թե ես որքան եմ հոգում մանավանդ ձեր միամոր դստեր, իմ սիրելի Մարգարիտայի մասին, գիտեք, թե ինչպես դողում եմ նրա պատվի և անվան համար: Այսուամենայնիվ իմ Կլեմեսը (յուր սարկավագի անուն է) տեսել է, որ երեկ գիշեր նա զբոսնում է եղել քաղաքային այգվո մթին ծառուղիներից մինում ձեր նոր հերետիկոս բարեկամի – Արամ Բյուրատյանի հետ; Զգուշացե՞ք այդ երիտասարդից, աղաչում եմ, դուք կարող եք կորցնել ձեր աղջկանը: Այդ երիտասարդը այն հերետիկոս վարժապետից ավելի վտանգավոր է երևում իմ աչքում, զգուշացե՞ ք:
Սուրբ Տիրամոր նվաստ ծառա:
պատեր-Սիմոն»:
Երբ նամակը կարդացի մնացի շվարած: Նամակագրի չարախոսության նպատակը ինձ համար հասկանալի էր: Մարգարիտան սկսեց խոսել.
– «Դուք այս նամակից ոչինչ չեք հասկանում, այնպես չէ՞, բայց ես իսկույն ամեն բան կբացատրեմ ձեզ, լսեցեք:
Մի քանի տարի սրանից առաջ Սարատովից եկել էր մի երիտասարդ քահանա այստեղի կաթոլիկ հայերին հովվելու համար: Նրան անվանում էին պատեր-Պետրե: Եվ որովհետև այն ժամանակ այստեղի կաթոլիկների թիվը մեծ էր, ուստի նա մշտապես բնակվում էր այս քաղաքում: Երկու տարի շարունակ ես կարդում էի նրա մոտ իտալերեն և ֆրանսերեն լեզուներ: Վարժապետս գովում էր իմ ընդունակությունը և ծնողներս ամենայն տեղ պարծենում էին իմ ընդունակությամբ:
Բայց մի բախտավոր դիպվածով ես մի օր հասի այն գիտակցության, որ անհրաժեշտ էր ինձ համար սովորել և իմ մայրենի լեզուն: Դրա համար ես թախանձեցի շատ իմ ծնողներին, և նրանք ինձ համար վարձեցին մի հայագետ վարժապետ, որը յուր ընտանիքով ապրում էր այստեղ: Այս նորությունը պատեր-Պետրեին դուր չեկավ և իմ ծնողներին պատժելու համար հրաժարվեցավ ինձ իտալերեն և ֆրանսերեն լեզուները սովորեցնելուց: Այս բանը շատ վշտացրեց իմ ծնողներին, բայց ինձ ընդհակառակը մեծ ուրախություն պատճառեց:
Պ. Սերովբյանը (սա էր իմ վարժապետի անունը) մի ազնվասիրտ և զարգացած երիտասարդ էր. նա ամեն ջանք գործ դրավ իմ մտավոր ընդունակությունները ուղիղ ճանապարհով զարգացնելու: Երեք տարի շարունակ ես պարապում էի նրա մոտ:
Պատեր-Պետրեն հաճախ տեսնվում էր ինձ հետ զանազան շրջաններում, բայց հազիվ հաջողում էր նրան խոսել ինձ հետ: Ես միշտ խույս էի տալիս նրա քարոզներից: Մի օր վերջապես ես վեճի բռնվեցա նրա հետ ազգականներից մեկի տանը, հենց այն ժամանակ, երբ նա Հռովմի համաշխարհային իշխանության համար ստրուկներ էր որսում: Ես չկարողացա տանել նրա անարդար հայհոյանքները դեպի մեր լեզուն և կշտամբեցի նրան դառն հանդիմանություններով: «Մոլորյալ, – բացականչեց նա կատաղությամբ, – ես ցույց կտամ քո ծնողացը և վարժապետին, թե ում դեմ են զինում նրանք քեզ նման մի թշվառ արարածին: Ես կպատժեմ նրանց հերետիկոսությունը»:
Մյուս օրը պատեր-Պետրեն հեռացել էր այս քաղաքից, հասկացնելով տեղացի կաթոլիկներին թե՝ որովհետև Լուսինանները իրենց տան մեջ հերետիկոս և հերձվածող մարդիկներ են պահում, որոնք շուտով պիտի վարակեն սրբազան քահանայապետի սիրեցյալ հոտը և որովհետև ինքը անձեռնահաս է այդ հերետիկոսության սերմը արմատից խլելու, հետևապես հեռանում է այս քաղաքից‘ հերձվածողների շնչած օդը չծծելու և դրանով դժոխոց բաժին չդառնալու համար: Սրա հետ միասին նա սրբազան քահանայապետի անունով անիծել էր այն բոլորին, որոնք մեզ հետ հարաբերություն կունենային:
Պատեր-Պետրեի այս վարմունքը մեծ դժգոհությանց պատճառ դարձավ: Այս քաղաքի բոլոր կաթոլիկ-հայերը թշնամացան մեր ընտանիքի հետ և նրանցից շատերը մեզ հետ բնավ կենակցություն չանելու համար հեռացան այս քաղաքից:
«Մարգարիտա, դու ինձ կատարելապես կործանեցիր, ասում էր ինձ հաճախ իմ հայրը, դու իմ անպատվության պատճառ դարձար …»:
Ես ոչինչ չէի կարողանում խոսել, որովհետև նրան անհասկանալի և անմատչելի էին իմ գաղափարները:
Քիչ ժամանակից հետո այստեղ ժամանեց մեր այժմյան պատեր-Սիմոնը: Նա ավելի փորձված և ավելի ճարպիկ էր, քան թե յուր նախորդը: Տեղեկանալով գործի դրությանը, նա շտապեց հաշտեցնել մնացող ընտանիքներին մեր տան հետ: Բայց սկսեց անողոք հալածանք իմ խեղճ վարժապետի, այն ազնիվ և բարի Սերովբյանի դեմ՝ իբրև չարյաց սկզբնապատճառի: Ամեն տեսակ ստոր մատնություններ արավ նա նրա վերա, ամեն տեսակ կեղտ քսեց նրա երեսին, մինչև որ բոլոր քաղաքի մեջ խաղք խայտառակ շինելով յուր ընտանյաց հետ միասին արտաքսել տվավ այստեղից:
Հեռանալու ժամանակ նա լաց լինելով ասաց ինձ.
«Մարգարիտա. ես մեծ զրկանքներ կրեցի այստեղ, բայց ուրախ եմ որ դրա փոխարեն քեզ նման անմեղ մի աղջկանը ազատեցի: Ես հավատում եմ, որ այսուհետև քո սրտի անդաստանը հարյուրապատիկ կպտղաբերե յուր ընդունած սերմերը, ես դրանով էլ վարձատրված եմ»:
Ես ինքս շատ վշտացա, երբ նա հեռացավ այստեղից, բայց կորուստը դարմանելու հնար չկար: Պատեր-Սիմոնը անպարտելի ուժ և զորեղ պաշտպանություն ուներ… Ինձ միայն մնում էր դրանց հաղթելու համար զարգացնել իմ մեջ Սերովբյանի ներշնչած ուսումն և նրանով առաջնորդել ինձ դեպի ուղիղ ճանապարհը…
Բայց պատեր-Սիմոնը իմ հոր վերա կատարելապես տիրելու համար, հայտնեց նրան՝ որ պատեր-Պետրեն արդեն Սարատովի լատին եպիսկոպոսի միջոցով հաջողել էր հերետիկոսների անվանց ցանկի մեջ մտցնելու նրա անունը և այդ ցանկը սրբազան պապին ներկայացնելու:
Այդ հայտնությունը ինքն ըստ ինքյան սուտ և շինծո բան էր, բայց հորս վերա զգալի ներգործություն արավ: Յուր մեղքը քավելու համար նա պետք է, պատերի ասելով. դիմեք Հռովմ՝ սրբազան պապի ոտքերը համբուրելու: Եվ նա այնպես էլ արավ: Դուք երևի հիշում եք որ անցյալ օր նա մի առիթով հիշեց յուր Հռովմ գնալը: Ես ամաչեցի և վախենալով թե ձեր հարցի վերա նա կհայտներ յուր գնալու բուն նպատակը, ես ինքս շտապեցի պատասխանելու, որ նա ճանապարհորդելու նպատակով է գնացել այնտեղ:
Հռովմից դառնալուց ետ հայրս այնպես էր տոգորված մոլեռանդությամբ, այնպես սովորել էր խորշել յուր հայադավան ազգակիցներից, որ պատեր-Սիմոնը հանգիստ սրտով կարողացավ մինչև անգամ ամիսներով բացակայել այս քաղաքից, հավատացած լինելով՝ որ էլ այնուհետև ոչ մի Սերովբյան չէր կարող շեղել նրան ճանապարհից:
Երկար, շատ երկար տևեց, որ ես նրան կրկին մոտեցրի այստեղի հայադավան ընտանիքներին, հասկացնելով նրան կրոնական համոզմանց և մտերմական բարեկամության մեջ եղած տարբերությունները:
Այսուամենայնիվ մինչև այսօր էլ հայրս պատեր-Սիմոնին հարգում է և երբեք նրա խոսքից դուրս չէ գալիս, որովհետև միայն նրա խորհրդով և շնորհիվն է, որ նա արժանացել է սրբազան պապի ոտքերը համբուրելու և դրանով դժոխոց տանջանքներից ազատվելու: Այնպիսի դեպքերում, որպիսին հորս տեղացի հայադավանների հետ բարեկամություն անելն է, պատեր-Սիմոնը յուր նախորդին չէ հետևում: Նա ավելի ներողամիտ և համբերող է, որովհետև համոզված է, որ այդպիսի անվնասակար դիպվածներում կոպիտ բռնությունը կարող է ապստամբեցնել յուր հպատակներին: Բայց հիմնական և ծանրակշիռ գործերում նա անողոքելի է: Տեսնո՞ւմ եք, նա Սերովբյանի մեջ նկատել էր մի գրական թշնամի, մի մարդ, որի վարդապետությունը հիմն ի վեր է կործանում այն զորավոր սյուները, որոնց վերա բարձրացած է պապական գերիշխանությունը, այդ պատճառով նա նրան հալածեց և հալածեց անողորմաբար: Այժմ միևնույն զորավոր թշնամին նա ձեր անձնավորության մեջ է տեսնում, բայց այս անգամ բոլորովին տարբեր պատճառներով: Նրա սրատես աչքերից չէին կարող ծածկվիլ մեր միմյանց ուղղած հայացքները. և ահա յուր Կլեմեսի միջոցով լրտեսել է իմ հետքերը պարահանդեսի ժամանակ, նա լավ ապացույց է ձեռք բերել ձեզ մեր տանից հեռացնելու համար: Բայց նա դրանով չի բավականանալ: Նա Լոյոլայի ամնաճարպիկ աշակերտներից մինն է, և ճիշտ կարողացել է գուշակել՝ թե ի՞նչ ելք կունենա մեր երկուսի մտերմական հարաբերությունները: Այդ պատճառով նա կուսումնասիրե ձեր բնավորությունը, կծանոթանա ձեր դիտումներին, կլրտեսե ամեն տեղ ձեր հետքերը, և անհերքելի ապացույցները ձեռքին կսկսե յուր հալածանքը, ոչ միայն ձեր այլ և քրոջդ ընտանիքի դեմ: Եվ որովհետև ես վճռել եմ այլևս չթաքցնել ձեզանից իմ զգացմունքները, որպեսզի անտեղի զգուշությամբ վտանգների մեջ չգլորվիմ, ուստի բացարձակապես խոստովանում եմ, որ դուք, Արամ, արդեն իշխում եք իմ հոգվո վերա և որ իմ սիրտը կատարելապես պատկանում է ձեզ…»:
Այս խոսքի վերա նա քնքշաբար պարզեց ինձ յուր ձեռը, ես ծնկի վերա գալով ջերմությամբ համբուրեցի նրան:
– Այժմ լսեցեք, – ասաց նա, բարձրացնելով ինձ, – դուք պետք է ներեք իմ սառն վարմունքը դեպի ձեզ, մի քանի դեպքերում: Մենք աղջիկներս առհասարակ ավելի շուտ ենք գրավվում և ավելի շուտ հավատում: Այր մարդիկ միշտ ի չարն են գործ դնում մեր անմեղ վստահությունը, այդ պատճառով և մենք միշտ ավելի ենք տուժում:
Չի պիտի զարմանաք ուրեմն, որ այս ճշմարիտ գիտակցության հասած մի անձն հեշտությամբ չէ կարողացել հավատալ առաջին պատահողին, մանավանդ որ մեր դարում ազնվություն կեղծելը և հավատարմություն խոստանալը‘ հասարակ քաղաքավարության կարգն է անցել: Ես խոստովանում եմ, որ դեռ դողում եմ այսքան հապճեպ ձեզ իմ սիրտը բանալով, բայց մի կողմից իմ անկեղծ սերը և մյուս կողմից պատեր-Սիմոնի ձեզ համար լարած մեքենայությանց մոտալուտ վտանգը, ինձ ստիպեցին շտապեցնել իմ խոստովանությունը… Ես ասացի ձեզ բոլորը, ես հանձնեցի ձեզ իմ սիրտը և նրա հետ էլ իմ բախտը և պատիվը: Արեք նրանց հետ ինչ կամենում եք, բայց ի սեր երիտասարդության պատվույն, մի ավելացնեք կնոջ հավատը կործանող անարժան ուխտադրուժների թիվը…
Մարգարիտայի այս խոսքերը բոցավառ կայծակների նման տանջում էին իմ սիրտը. բայց ես հնար չունեի պատառել նրան և ցույց տալ իմ աստվածուհվույն այն սրբազան կրակը, որ հրդեհում էր նրա մեջ:
– Մարգարիտա, – բացականչեցի ես, – եթե երբևիցե այս սիրտը մոլորվելու լինի, հավատա ինձ, որ ևս կխլեմ նրան իմ կրծքից, որպեսզի մինչև իմ վերջին շունչը օտար կրակով չպղծվի այն սեղանը, որի վերա Մարգարիտան երկրպագվեցավ…
– Ոչինչ կասկած էլ չէ վրդովում իմ սիրտը, Արամ, – հաստատուն ձայնով խոսեց Մարգարիտան, – դու ինձ սիրում ես, ես հավատում եմ, ինչպես հավատում եմ աստուծո գոյության: Այժմ մտածենք մեր ապագա երջանկության վերա: Գնա՞ դու այստեղից և միջոցներ որոնի՛ր ամենից առաջ պատեր-Սիմոնի թակարդների մեջ չընկնելու, վաստակիր մինչև անգամ նրա բարեկամությունը, եթե կարող ես այդ անել առանց ազնվության դեմ մեղանչելու: Ես մինչև մահվանս շունչը քեզ հավատարիմ եմ:
– Երբ դու ինձ հետ ես, Մարգարիտա, ինձ չեն կարող հաղթահարել ո՞չ պատեր-Սիմոնի և ո՞չ եզվիտների ամբողջ լեգեոնի մեքենայությունները: Ես կապրեմ քեզ համար և կմեռնիմ միայն քեզ համար, այս հաստատ է, – պատասխանեցի ես:
Այս խոսքերից հետ մենք բաժանվեցանք:
Սանդուղքներից իջնելու ժամանակ Մարգարիտան ժպտալով ասաց.
– Ես այնպես գրավվեցա իմ պատմություններով, որ անքաղաքավարությամբ սուրճ էլ չհրամեցրի քեզ:
– Դու այնքան շատ քաղցրություններ վայելել տվիր ինձ, որ սուրճը ավելորդ կլիներ, – պատասխանեցի ես ծիծաղելով և դուրս գնացի:
ԱՎԵՏԻՔ
Շատ անգամ ապագա երջանկության հույսը այնպիսի ուրախություն է ներշնչում մարդու մեջ, որի նմանը նա չէ ունենում նույնիսկ բուն երջանկությանը հասած ժամանակ: Այդ տեսակ ուրախություն էր լցված իմ սրտի մեջ, երբ ես Մարգարիտայի տնից վերադարձա: Նրա ինձ արած սիրո խոստովանությունը իմ ցնորքների լրումն էր: Պատեր-Սիմոնի մասին խոսածները գրեթե մոռացել էի: Եվ իրավ, ի՞նչ կարող էր անել ինձ մի մարդ, որից ես կախում չունեի: Դրա մասին մտածելը, ինձ համար երկրորդական խնդիր էր: Երբ տուն հասա, քույրս տեսնելով իմ անսովոր ուրախությունը, հարցրավ պատճառը: Ես, իհարկե, ոչինչ չթաքցրի և ամեն բան մի առ մի պատմեցի նրան: Նա այնպես ուրախացավ, և պատմեց, թե ինչպես ինքն էլ միևնույնը գուշակում է եղել:
– Առաջին օրից իսկ, երբ դուք պատահեցիք միմյանց, – ասաց նա, – ես Մարգարիտային քեզ համար հարսնացու ընտրեցի: Այժմ ուրախ եմ, որ իմ ցանկությունը կատարված եմ տեսնում: Բայց ինչ որ Մարգարիտան պատեր-Սիմոնի մասին խոսակցել է, – ավելացավ քույրս, – դրանք բոլորը ուշադրության արժանի բաներ են: Քո նպատակին դյուրավ հասնելու համար անհրաժեշտ է որ պատեր-Սիմոնի բարեկամությունը վաստակես, որովհետև նրա խոսքը մեծ կշիռ և նշանակություն ունի Մարգարիտայի ծնողաց համար:
Այնուհետև մենք որոշեցինք, որ քույրս յուր ամուսնու հետ միասին խնամախոս գնար նրա ծնողաց մոտ: Բայց այս բանի համար անհրաժեշտ էր նախ և առաջ Մարգարիտայի համաձայնությունը ստանալ:
Սույն ավուր երեկոյան ես նրա հետ տեսնվեցա քաղաքային այգվո մեջ: Մենք ժամադիր չէինք եղած, բայց կարծես նախազգացմամբ գիտեինք, որ պիտի պատահենք միմյանց, նա եկել էր այդտեղ Մարիի հետ:
Առաջին անգամ երբ Մարգարիտան ինձ տեսավ, շառագունեց: Նա կարծես ամաչում էր յուր ինձ արած խոստովանությունից: Ես նույնպես մի րոպե այդ շփոթությանը ենթարկվեցա: Բայց մի քանի վայրկյանում ամեն բան անցավ: Մենք մոտեցանք և ջերմությամբ ձեռք սեղմեցինք:
Մի քանի խոսք փոխանակելուց հետո, Մարին կամաց կամաց հեռացավ մեզանից և խառնվեցավ յուր ծանոթ աղախինների խմբի մեջ, որոնք իրենց տիրուհիների փոքրիկները զբոսեցնելու էին բերել:
Մենք նույնպես խույս տվինք դեպի մենավոր ծառուղիները:
– Չե՞ս զարմանում, որ պատեր-Սիմոնի այսօրվա նամակից հետ ես դարձյալ եկել եմ քեզ հետ զբոսնելու, – ծիծաղելով հարցրեց ինձ Մարգարիտան:
– Քո խոստովանությունը լսելուց ետ, մի՞թե պետք է զարմանայի, – պատասխանեցի ես:
Մարգարիտան մի խորհրդավոր ակնարկ ձգեց ինձ վերա և ժպտաց:
« – Բայց ես իմ պատմությունը շարունակելու համար եկա, – ասաց նա: – Այսօր հեռանալուց քիչ ժամանակ հետո ծնողներս այգուց վերադարձան: Պատեր-Սիմոնի նամակը ես բաց հանձնեցի հորս, նա կարդաց նրան և զայրացավ: Բայց այդ զայրացումը ոչ թե իմ, այլ պատեր-Սիմոնի դեմ էր: Հայրս զգաց թե որ աստիճան պետք է վիրավորված լինեի ես այդ նամակը կարդալով.
Ինչո՞ւ համար չպատռեցիր նրան, ի՞նչ նպատակով տվիր ինձ այդ նամակը, – հարցրեց նա դժգոհությամբ:
– Որովհետև նա քո անունին էր ուղղված, իսկ ես սխալմամբ էի բացել, – պատասխանեցի ես: – Բացի այդ. անհրաժեշտ էր որ դու տեղեկանայիր թե քո աղջիկը ի՞նչ անվայել գործեր է կատարում – մութ ժամանակ զբոսնելով այգիում օտար երիտասարդների հետ, և թե քո լրտեսները ինչպես լավ հսկում են նրա վերա, – ավելացրի ես դառնությամբ:
– Մարգարիտա՛, դու ինձ կրկնակի ես վիրավորում, – սրտնեղությամբ բացականչեց հայրս, – ես լրտեսներ չունիմ ես իմ աղջկա վերա խնամակալներ կարգելու էլ հարկավորուոթյուն չունիմ… ինչո՞ւ համար ինձ ես վերագրում ուրիշի հանցանքը:
Իմ հոր այս բարեսիրտ պատասխանը այնքան շարժեց իմ սիրտը, որ ես լաց եղա, դա ներքին ուրախության արտահայտություն էր. բայց հայրս այնպես կարծեց թե տխրությունից եմ արտասվում: Նա գրկեց ինձ և սկսավ ամոք խոսքերով իմ սիրտը սփոփել: Ներս մտավ և մայրս:
– Ի՞նչ է պատահել, ինչու՞ համար ես լաց լինում, – անհանգստությամբ հարցրեց նա:
Հայրս ամեն բան պատմեց նրան: Ես չեմ կարող նկարագրել թե այդ րոպեին ո՞ր աստիճան կատաղեց նա:
– Այդ մարդը այժմ էլ իմ մի հատիկ աղջկա համար է դավեր լարում, – գոչեց նա զայրացած: – Ի՞նչ ունի նա մեզ հետ բաժանելու, ո՞վ է նրան վերակացու կարգել իմ տան և ընտանիքի վերա: Բավական չէի՞ն արդյոք անցյալ տարիների նրա ձեռքով մեր ընտանիքում սերմանած երկպառակությունները և այժմ էլ դեռ նորե՞ն է ուզում ստեղծել… – Այս խոսքերի վերա նա կանչեց ծառային և հրամայեց գնալ և պատեր-Սիմոնին հրավիրել. նա կամենում էր խնդրել նրան, որ երկրորդ անգամ յուր տան խաղաղությունը խանգարելու փորձեր չանե: Դժբախտաբար պատվելին այսօր վաղ առավոտ հեռացած է եղել քաղաքից: Ծառան եկավ և հայտնեց, որ պ. Կլեմեսը ասել է նրան, թե մինչև երեք օրը կվերադառնա, որովհետև սեփական գործի համար մոտակա գյուղն է գնացել:
Այդ ժամանակ միայն հանելուկը ինձ համար լուծվեցավ: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարելի էր, որ պատեր-Սիմոնը նամակով աներ յուր այդ չարախոսությունը: Ես գիտեի, որ նա այդպիսի դիպվածում անձամբ կներկայանար հորս՝ կասկածը ավելի ճարպկությամբ նրա սրտի մեջ սերմ անելու: Բայց նա դրա համար ժամանակ չէ ունեցել և ի չարյաց փոքրագույնն ընտրելու համար այս անգամ դավաճանել է յուր սկզբունքին: Ինչ որ է, այս հանգամանքը մեր օգտին է ծառայել: Դու դեռ չգիտես թե իմ մայրը որ աստիճան քնքշությամբ է սիրում ինձ և թե որքան բարեսիրտ է նա: Խեղճ կինը չկարողացավ տանել իմ տխրությունը: «Մարգարիտա, ասաց նա ինձ գրկելով, – եթե պատվելին քեզ վիրավորել է յուր այդ չարախոսությամբ, ես դրա փոխարեն կամենում եմ վրեժխնդիր լինել նրան, եթե միայն այդ բանը քեզ կարող է ուրախացնել: Խոստովանիր ինձ ճշմարիտը, եթե դու համակրում ես Բյուրատյանին և կարող ես սիրել նրան, ես քեզ կամուսնացնեմ նրա հետ, այդ մասին երեկ պարահանդեսում ինձ հետ խոսում էր նրա քույրը, ես տեղեկացելեմ, որ այդ երիտասարդը անտարբեր չէ դեպի քեզ»:
– Միթե այդպես բան կա, ուրեմն պատվելին հոտ է առել, – ծիծաղելով խոսեց հայրս, – դեհ, սիրելիս, ասա ինձ, ես ուրախությամբ կշնորհավորեմ քո նշանադրությունը:
Ես զգացի որ շառագունում եմ, բայց ոչինչ չկարողացա պատասխանել:
– Ամեն բան վերջացած է, – ասաց հայրս, ուրախ ուրախ ծիծաղելով, – մնում է, որ Մարգարիտան այս դեպքում էլ մի փոքր ճշմարտախոս լինի: Իմ ծնողաց ուրախ տրամադրությունը ինձ սիրտ տվավ:
– Այո, ես սիրում եմ Բյուրատյանին, – ասացի ես և ամաչելուց գլուխս գետին խոնարհեցի:
Իմ ծնողաց այս վարմունքը ինձ համար անսպասելի էր: Երբեք ես չէի կարող կարծել, թե բախտը այսքան շուտով կծիծաղեր ինձ, և մանավանդ, թե իմ հայրը կկարողանար այսքան աննպաստ ցույցեր անել պատեր-Սիմոնի վերաբերութւամբ: Նա մինչև անգամ մոտեցավ և կաթոգին համբուրեց ինձ, ասելով.
– Ոչ մի բանի վերա մի մտածիր, որդյակս, իմ կյանքի նպատակը քո բախտավորությունն է, եթե դու ընտրում ես Բյուրատյանին քեզ ընկեր. ես այդ բանին բնավ ընդդեմ չեմ. նամանավանդ որ երիտասարդը դեռ անցյալ օրվանից գրավել է իմ համակրությունը և սերը:
Դու կարող ես այժմ երևակայել, Արամ, թե որքա՞ն մեծ կլիներ իմ ուրախությունը: Ես չգիտեի թե ինչպես արտահայտեմ իմ շնորհակալությունը: Բայց նրանք արդեն ամեն բան կարդում էին իմ երեսի վերա և ինձ հետ միասին ուրախանում: Երբ ես միայնակ մնացի, սկսա մտածել այս առավոտվա քեզ տված տեղեկությունների վերա: Ես գիտեի, որ պատեր-Սիմոնի մասին պատմածներս քեզ կարող էին անհանգստացնել, ուստի կամեցա մի ժամ առաջ հայտնել քեզ այս բոլորը: Բայց ինչպե՞ս անեի, նամակ գրելու հարմարություն չկար, ձեր տունը գալ չէի կարող: Մտածեցի գալ այգի, ես գուշակում էի որ դու այստեղ կլինես, և ահա իմ նախազգացումը ինձ չդավաճանեց»:
Մարգարիտայի բոլոր պատմածները ես լսում էի գրեթե հիացած: Իմ երազները վերջապես իրականություն էին ստացել, Մարգարիտան իմն է… Եվ այս միտքը լցնում էր իմ սիրտը մի անսպառ և անսահման ուրախությամբ, որը գնալով աճում և զեղում էր իմ բոլոր երակների մեջ:
Բայց ես հազիվ կարողացա մի քանի խոսք ասել նրան. Մարգարիտան շտապում էր:
– Ես միայն այս ավետիքը քեզ բերելու եկա, – ասաց նա ինձ, – այժմ թույլ տուր, որ բաժանվիմ քեզանից, որովհետև ես մորս խոստացա մի շրջան միայն անել այգում և իսկույն վերադառնալ: Մարին ինձ սպասում է. մնացյալը դու ինքդ կարող ես կարգադրել…
Այս ասելով նա սեղմեց իմ ձեռը և հեռացավ: Մարին յուր ընկերուհիների խմբից դուրս գալով ընկերացավ նրան և երկուսը միասին շտապով ուղղվեցան դեպի տուն:
ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հետևյալ առավոտ քույրս և փեսաս գնացին Լուսինյանների տունը Մարգարիտայի համար խնամախոսելու: Տիկին և պարոն Լուսինյանները, հայտնել էին, որ իրենք արդեն սպասում էին այդ առաջարկությանը, ուստի մեծ ուրախությամբ ընդունելով այն, խոստացել էին տալ ինձ իրենց դստեր ձեռքը: Այդ միևնույն օրը ես հրավիրվեցա Լուսինյանների տունը և ես գրեթե ամբողջ օրը նրանց մոտ անցուցի:
Մյուս ավուր երեկոյան պետք է կատարվեր նշանադրության հանդեսը: Բայց մինչև որ այդ ժամը կհասներ, ես անհանգստությունից տանջվում էի: Մարգարիտայի փոքրիկ անցյալին ծանոթանալուց ետ դժվար չէր ինձ գուշակել, որ մեր այդ բարեկամութունը պատեր-Սիմոնի համար շատ, անախորժ պիտի լիներ, հետևապես ցանկանում էի, որ այդ պաշտոնական արարողությունը, որին նշանադրություն են անվանում, կատարվեր որքան կարելի է շուտ, որպեսզի պատեր-Սիմոնը յուր ներկայությամբ չխանգարեր մեզ: Դժբախտաբար այն ժամադրությունը, որ նշանադրության համար նշանակել էին Լուսինյանները, նպաստում էր իմ անհանգստության ավելանալուն, որովհետև հենց այդ երեկոյան էլ պատերը պիտի վերադառնար յուր ճանապարհորդությունից: Ես հավատում էի, որ նշանադրությունը կատարվելուց ետ, նա էլ ոչնչով մեզ խանգարել չէր կարող:
Ցանկալի երեկոն մոտենում էր: Մարգարիտայի և յուր ծնողաց պատվույն վայել պատրաստությամբ մենք սպասում էինք վերջնական հրավերին: Մեր տան մեջ հավաքվել էին իմ քրոջ և փեսայի բարեկամներից և բարեկամուհիներից շատերը: Այդտեղ եկավ և Հովհաննես քահանա Մարանջյանը յուր կնոջ և դստեր հետ: Ես ծանոթացա նրա հետ առաջին անգամ մեր տան մեջ:
Սա մի բարձրահասակ, վայելչակազմ, փառավոր մորուքով և քաղցր ու ամոք դեմքով քահանա էր մոտ քառասուն և հինգ տարեկան: Առաջին անգամ նրա վերա նայելով՝ մարդ կամա ակամա մի խորին երեկյուղածություն և պատկառանք էր զգում: Նրա ձայնը, խոսակցությունը և ժպիտը կազմում էին մի քաղցր և գրավիչ ներդաշնակություն, նրան կարելի էր ժամերով լսել և երբեք չձանձրանալ: Տեր-հոր խոսակցության նյութը իմ և Մարգարիտայի միությանն էր վերաբերում: Բոլորին հայտնի էր, որ ես հայադավան էի, իսկ իմ հայ հարսնացուն կաթոլիկ: Ներկա եղողներից մինը, որ խիստ ջերմեռանդ էր, բայց երիտասարդական ոչինչ չուներ յուր վերա, անհաջող էր գտել իմ ընտրությունը, ըստ որում յուր կարծիքով ես մեծ սխալմունք էի գործում օտարուհվո հետ ամուսնանալով:
– Նրանցից ոչ մինը օտար չէ մյուսի համար, – ասում էր տեր-հայրը: – Երկուսն էլ միևնույն ազգի անդամներ են. երկուսն էլ հայ ծնողաց զավակներ են: Եթե բախտի բերմունքով նրանք այսօր առանձին են աղոթում, եթե նրանցից մեկը տեր-Հովհաննեսին է դիմում յուր հանցանքը խոստովանելու և մյուսը պատեր-Սիմոնին, եթե մեկի հոգվո փրկության համար հայ եկեղեցին է բարեխոսում և մյուսի համար կաթոլիկ‘ այդտեղ նրանք հանցանք չեն գործում: Ի՞հարկե, ավելի ցանկալի կլիներ, որ ազգով հայ մարդը յուր ազգային եկեղեցին ճանաչեր, յուր հնադարյան ավանդությանց հավատարիմ մնար, յուր եղբայրների հետ միասին միևնույն տաճարում ծնվեր, ապրեր և մեռներ: Բայց քանի որ աշխարհում գոյություն ունի համոզմունքների տարբերությունը, քանի որ բախտի ձախող բերմունքով ազգի կրոնական ամբողջությունը բաժանված է մի քանի մասերի, և դեռևս անծանոթ է աշխարհին այն գերբնական ուժը, որ կարողանար կրոնով միմյանցից տարբեր մասերը մի ակնթարթում միացնել և ի մի ձուլել, անհրաժեշտ է ուրեմն, որ մենք չհալածենք միմյանց, որ մենք չատենք և չարհամարհենք իրար. Կաթոլիկ և բողոքական հայերը, եթե միայն իրենք իրենց հայ անվանելուց չեն խորշում, նույնչափ հայ են, որքան և հայադավան հայերը, ինչու՞ համար չսիրել նրանց նույնչափ, որչափ սիրում ենք մեր դավանակիցներին: Եթե մի հայադավան աղջիկ և մի հայ-կաթոլիկ երիտասարդ սիրում են միմյանց, ինչո՞ւ համար խանգարել նրանց սերը, ինչու՞ չթողնել նրանց երջանիկ լինիլ, եթե նրանք երջանկությունը գտնում են միմյանց սիրելու մեջ:
Չէ՞ որ նույն ինքը Քրիստոս սերն էր և սեր էր քարոզում: Մի՞թե մենք իրավունք ունինք մեզ Քրիստոսի աշակերտ և հետևող անվանելու, եթե մենք սիրելու փոխարեն հալածում ենք միմյանց:
Կան իհարկե մարդիկ, որոնք հալածվելու արժանի են և որոնց պետք է հալածել – դրանք այն չար ոգիներն են, որոնք ատելության և երկպառակության սերմն են ցանում միարյուն և միալեզու եղբայրների մեջ, որոնք սուրբ Ավետարանի և Քրիստոսի անունով ճնշում են ազատ մտածողությանը, պղտորում են սրտերը, կապում կաշկանդում են անգետ ամբոխի միտքը, հոգին և զգացմունքները, խանգարում են ընտանիքների խաղաղությունը, և այս բոլորը միայն նրա համար, որ նորանոր որսերով հարստացնեն իրենց ավարը և այդ ամոթալի հաղթության համար վարձատրություններ ստանան իրենց առաքողից:
– Դուք, սիրելի բարեկամներս, – շարունակում էր տեր – հայրը, – մի՞ նմանիք այդ մարդիկներին, դրանք ո՛չ աստուծո երկյուղ և ո՛չ մարզիկներից ամոթ ունին. և նրանք չեն էլ ցավում մարդկանց թշվառությունների վերա: Դուք սիրեցե՛ք ձեր եղբայրակիցներին, ինչ դավանության էլ պատկանելիս լինին նրանք, սիրեցե՛ք անկեղծությամբ, սիրեցե՛ք եղբայրական քնքշությամբ և մոտեցե՛ք նրանց մտերիմ հոգով, որպեսզի դևերը ձեզ կորցնելու համար չկարողանան միաբանվիլ:
Այս և սրա նման շատ բաներ էր խոսում տեր-հայրը: Մյուսների հետ ես էլ հիացած լսում էի նրան: Եվ որքա՛ն պարզ, և հասկանալի էին նրա զրույցները, բայց ամենից ավելի ինձ գրավում էր այն անխարդախ և անկեղծ հոգին, որ արտափայլում էր նրա խոսքերի մեջ: Տեր-Հովհաննեսը ինձ երևում էր իբրև մի մարմնացյալ բարություն, որ յուր գոյությունը որոնում է միմիայն մարդիկների երջանկության մեջ: Ես շատ զղջացի, որ այսքան ուշ էի ծանոթացել հարգելի քահանայի հետ, և հաստատապես դրի մտքումս այնուհետև հաճախել նրա տունը կամ շուտ շուտ հրավիրել իրեն մեզ մոտ խոսելու համար:
Բայց Լուսինյանների տնից արդեն խնդրարկուները եկել էին մեզ հրավիրելու: Մեր բարեկամների խումբը կազմ և պատրաստ էր այդ ժամանակ, շուտով բոլորս միասին կառքերի մեջ լցվեցանք և հանդիսավոր գնացքով ուղղվեցինք դեպի իմ հարսնացուի տունը:
Ճանապարհին դարձյալ մի կասկած պաշարեց ինձ: «Եթե պատեր-Սիմոնը վերադարձած լինի, եթե նա ընդդիմանա Լուսինյանների դիտավորությանը, ի՞նչ կլինի այն ժամանակ իմ դրությունը» – մտածում էի ինքս ինձ: Բայց մի գաղտնի հույս դարձյալ կազդուրում էր ինձ: «Ի՞նչ կարող է անել մեզ պատերը, քանի որ Մարգարիտան սիրում է ինձ, – ասում էի ես, – չէ՞ որ նա առ առավելն միայն նրա հոր և մոր վերա կարող է ազդել և ո՞չ Մարգարիտայի. իսկ ինձ միայն այս վերջինի կամքն է հարկավոր»: Մյուս կողմից ես տեսնում էի պատկառելի Տեր-Հովհաննեսին իմ կողքին նստած և հավատում էի, որ նա յուր քրիստոնեական բարությամբ կհաղթահարե պատերին, եթե նա չար դիտավորությամբ մեր միության գործը խանգարելու լինի: Այդ րոպեին ես նմանում էի մի երեխայի, որ վտանգի ժամանակ ոգևորվում է յուր հոր ամենազորությամբ:
Երբ հասանք Լուսինյանների տան մոտ, լսելի եղան ներսից խիստ երաժշտության ձայներ: Տան թե՞ դուրսը և թե ներսը փառավոր կերպով լուսավորված էր, և փողոցի վերա նայող դահլիճի պատուհաններից ներսում երևում էր հրավիրյալների մի պատկառելի բազմություն:
Ես չէի կարծել թե մեր նշանադրության հանդեսը այսքան հրապարակական պետք է լիներ, բայց երևի տիկին և պարոն Լուսինյանները կամեցել էին իրենց միակ դստեր ամուսնության գործը փառահեղ նախատոնիքով սկսել:
Երաժշտությունը արդեն դադարել էր, երբ մենք մտանք դահլիճը:
Ամենից առաջ իմ աչքերը դարձան Մարգարիտայի վերա: Նա նստած էր դահլիճի վերևում, թավշեպատ հենարանի վերա և շրջապատված յուր ընկերուհիներով: Բայց նա այնքան փոխվել էր, որ ես մի րոպե չճանաչեցի նրան: Որովհետև ես նրա մեջ չտեսա իմ պարզ և անպաճույճ Մարգարիտային: Նա. հագնված էր ամենաշքեղ տարազով, և յուր կիսամերկ պարանոցի և բազուկների վերա վառվում էին ոսկեհուռ ադամանդներ: Նրա սևաթույր մազերը, որոնց ես տեսել էի թույւ հյուսերով շուշված յուր ուսերի վերա, այսօր փոխակերպվել էին գանգրյալ խոպոպիկների և նրա լայնադիր ճակատի վերա կազմում էին կարծես մի բոլորակ ծաղկեպսակ:
Արվեստի այդ ներդաշնակ պաճուճանքների մեջ Մարգարիտան սովորականից ավել գեղեցիկ և հրապուրիչ էր:
Երբ ես մոտեցա նրան, նա արդեն ոտքի վերա էր: Անուշ ժպիտով իմ ողջույնը ընդունելով՝ նա շշնջաց ինձ հազիվ լսելի ձայնով.
– Դու չե՞ս զարմանում իմ հանցավոր կերպարանափոխության վերա:
Այս խոսքերով կարծես նա կամենում էր ազատել իրեն պճնասիրության մեջ մեղադրվելու պատասխանատվություննից, որովհետև և նա ինքը սկզբունքով շատ դեմ էր այդ մոլորությանը և ակամայից էր ստիպվել այսօր հասարակաց ձայնին հնազանդելու և նրանց ճաշակը չվիրավորելու:
– Ուր էր, թե բոլոր հանցանքները այդչափ անվնաս լինեին և նպաստեին միայն գեղեցկության հրապույրները բազմացնելու, այդ ժամանակ մարդիկ աստվածներին նախանձ կբերեին, – պատասխանեցի ես:
Շուտով մեր բերած հյուրերի շնորհիվ ուրախությունները սկսան կրկնապատվիլ, պարերը կենդանացան, և դահլիճը ընդունեց ալեկոծյալ կերպարանք:
Ամեն բան լավ էր գնում: Բայց պարոն Լուսինյանը շատ էր անհանգստանում պատեր-Սիմոնի պատճառով: Նա խոստացել էր երեկոյան ժամը ութին ներկա գտնվիլ, բայց տասը արդեն լրանում էր, և նա չկար:
– Մի՞թե առանց նրան չէր կարելի գործը վերջացնել, – հարցրի ես տեր-Հովհաննեսից:
– Ոչ, – պատասխանեց նա: – Այսպիսի մի համաձայնության խորհուրդը առանց ինձ ես իրավունք կտայի ձեզ վերջացնելու, որովհետև ուր որ երկու սրտերի համաձայնություն է գործը պսակում, այդտեղ մի քահանայի օրհնություն էլ բավական է, ինչ եկեղեցուն էլ այդ քահանան պատկանելիս լիներ, բայց կաթոլիկ կղերը նախանձախնդիր է յուր իրավունքներին, առանց բացառության, և չնայելով, որ այսպիսի հանգամանքներում միշտ մենք ենք զիջանում, ընտանիքների խաղաղությունը չի վրդովելու համար, այսուամենայնիվ նրանց բծախնդրությունը դարձյալ հալածում է մեզ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ մենք առիթ չտանք պատեր-Սիմոնին հակառակելու մեր ձեռնարկությանը:
Տեր-Հովհաննեսի նկատողությունները իրավացի էին: Պետք էր խոհեմությամբ շարժվիլ:
Բայց պ. Լուսինյանի վրդովված երեսով դահլիճ մտնելը և իմ փեսային կանչելը ինձ սաստիկ անհանգստացրեց: Մարգարիտան ոչինչ չէր նկատում, նա խոսակցում էր յուր ընկերուհիների հետ: Ես կամացուկ հեռացա նրանից և դիմեցի դեպի միևնույն սենյակը, ուր որ պ. Լուսինյանը և փեսաս էին մտել:
Պատեր-Սիմոնը արդեն այդտեղ էր և կատաղած խոսում էր Լուսինյանների և իմ փեսայի հետ: Նրա աչքերը զայրույթից կրակ էին կտրել և յուր շրջապատողները հազիվ էին զսպում նրա ձայնը, որ որոտալով չթնդար դահլիճի մեջ: Ես իսկույն կծկվեցա դռան մեջ, ինչպես մի հանցավոր, որ ծածկում է յուր անձը խուզարկուների աչքից:
Ես խոստացել եմ ձեր խնդրարկուին գալ, – ասում էր նա զայրացած, – որովհետև նա ինձ չասաց թե ո՞ւմ վերա եք նշանադրում ձեր աղջիկը, որովհետև նա ինձ չասաց թե ձեր փեսան մի հերետիկոս և հերձվածող է: Իսկ այժմ ես հազար անգամ կանիծեմ ինձ, բայց մի անգամ չեմ օրհնիլ այդ անհավասար զույգի նշանը: Ես չեմ կարող սուրբ Տիրամոր սիրելին հանձնել գեհենիին… Ես սարսափում եմ դժոխքից և սատանաներից…
Երկար ժամանակ տիկին և պարոն Լուսինյանները թախանձում էին նրան զիջանել նրանց խնդրանացը. փեսաս հազիվ թե չէր ընկնում պատվելիի ոտքերը, նրա ողորմածությունը հայցելու համար, բայց բոլորը անօգուտ: Լոյուայի աշակերտը մնում էր անողոքելի:
Զայրույթի մի հնոց կամաց կամաց վառվում էր իմ սրտի մեջ. ես զգում էի, որ խոհեմությունը տեղի է տալիս կատաղությանը և վճռում էի հարձակվիլ նրա վերա և միանգամով փշրել նրա գլուխը իմ բռունցքների տակ:
Բայց պարոն Լուսինյանի բարկությունը մեղմեց իմ զայրույթը տեսնելով, որ պատերը ոչնչով չէ ուզում համոզվիլ, նա բռնեց նրա ձեռքից և քաշելով դեպի սենյակի անկյունը, ասաց վճռողական ձայնով:
– Պատվելի, ես իմ փեսային խոսք եմ տվել, ես նրան հարգում եմ, իսկ իմ աղջիկը սիրում է նրան: Ես չեմ կարող դառնալ իմ խոսքից, ես չեմ կարող անպատվել իմ անունը, եթե նույն ինքը սրբազան պապը հրամայի ինձ այդ անելու…
– Մոլորյալ, – ընդհատեց նրան պատվելին, – դու համարձակվում ես սրբազան պապի սուրբ անունը հիշելու, այս հերետիկոսների ներկայությամբ,,.
Պ. Լուսինյանը երկու քայլ հետ կանգնեց, կատաղությունը մի րոպե սառեցավ նրա երակների մեջ և պատվասիրության զգացումը տիրապետեց նրա վրդովված հոգուն:
– Դուրս գնացեք այստեղից, պատեր, ես հայ եմ, և այստեղ իմ տանը հայ քահանա ունիմ, ես կարոտ չեմ ձեր ողորմածությանը:
Այս ասելով նա շուռ տվավ երեսը և մոտենալով ինձ, բռնեց իմ ձեռքից. – Գնանք սիրելիս, – ասաց, – մենք այստեղ քահանա ունինք:
Պատեր-Սիմոնը անլուր անեծքներ թափելով, կատաղությամբ դուրս գնաց սենյակից, իսկ մենք մտանք դահլիճը, հյուրերի մոտ:
Երաժշտության աղմկարար ձայնը օգնել էր մեզ. հյուրերից ոչ ոք չէր իմացել թե ի՞նչ անցք է անցել դրացի սենյակում:
Երբ ես մոտեցա Մարգարիտային, նա իսկույն նկատեց իմ վրդովմունքը և հարցրեց,
– Ի՞նչ է պատահել քեզ, քո դեմքը բոլորովին այլայլված է:
– Ոչինչ, – պատասխանեցի ես ժպտալով:
– Այդ անկարելի է. «ոչինչը» չէր կարող քեզ վրդովեցնել, – նկատեց նա:
Ես աշխատեցի հանգիստ ձևանալ, ժպտալ, ծիծաղել, բայց այս բոլորը ավելի էին մատնում իմ ներքին խռովությունը: Վերջապես ես երկար չկարողացա նրա թախանձանաց դիմանալ և բոլոր տեսածս ու լսածս պատմեցի նրան:
Մարգարիտան մի քանի վայրկյան մտածմանց մեջ ընկավ: Կնճիռները ծածկեցին նրա խոպոպներով զարդարուն ճակատը, դեմքը մռայլվեցավ, նա էլ չէր ժպտում… Ես նայում էի նրա վերա:
Անցան մի քանի վայրկյաններ, և ահա կրկին նրա ճակատը պարզվեցավ և դեմքը նորեն ստացավ յուր ծիծաղկոտ պատկերը: Այդ րոպեին նրա գեղեցիկ գլուխը նմանում էր կանաչազարդ լեռան գագաթին, որին հանկարծ շրջապատում են սևաթույր ամպերը‘ սպառնալով ծածկել նրա հսկայական մարմինը արևի լուսավոր ճառագայթներից: Բայց Հյուսիսը շարժում է յուր թևերը, և կուտակված ամպերը հալածվում են մի ակնթարթում: Կրկին երևում է կանաչազարդ գագաթը շողերով լուսավորված և հպարտ հպարտ նայում է իրեն շրջապատող ձորերի և բլրակների վերա:
– Մի՞թե դու տխրում ես այն բանի համար, – մեղմով ժպտալով հարցրեց նա:
– Եթե դու ուրախ ես, Մարգարիտա, ինձ ոչինչ չէ կարող տխրեցնել, – պատասխանեցի ես:
– Այո՛, ես այժմ ուրախ եմ. ինձ չէ վրդովում պատեր-Սիմոնի վարմունքը. ավելին նրանից սպասել անկարելի էր: Դու գիտես որ նրա համար անտանելի էր մինչև անգամ իմ քեզ հետ ման գալն, ո՞ւր մնաց, որ նա հանկարծ գալիս և տեսնում է՝ թե մենք արդեն նշանվում ենք: Այդ դիպվածում ես կատաղելուց զատ ոչ մի բանի ընդունակ լինել չէր կարող: Բայց մի ուրիշ բան իմ սիրտը լցնում է ուրախությամբ – դա իմ հոր քաջասիրտ վարմունքն է: Եվ դեռ անցյալ տարիներից ուրիշ գաղափար ունեի կազմած նրա մասին, ես կարծում էի, որ նա չափից դուրս երկչոտ և այդ պատերների ազդեցության գերի մի մարդ էր: Բացի այս երկու օրվա մեջ նա յուր անկախ բնավորության երկու փառավոր ապացույցներ տվավ. առաջին՝ որ նա արհամարհանքով ընդունեց պատեր-Սիմոնի չարախոսությունը և իմ ձեռքը տվավ քեզ. և երկրորդ էր նա պատերին արտաքսեց յուր տնից: Եթե դուք այնքան ճանաչեք իմ հորը որքան ես եմ ճանաչում, այն ժամանակ կհասկանաք, թե նրա բնավորությունը ինչ հեղափոխության պետք է ենթարկված լինի, որ նա վճռում է այսպիսի համարձակ քայլ անելու դեպի յուր դստեր բախտը:
– Եվ եթե նա կարողանա այդպես շարունակել մինչև վերջը…
0, դա ինձ համար կատարյալ երջանկություն կլրնի, – ոգևորությամբ ընդհատեց ինձ Մարգարիտան, – այն ժամանակ իմ բոլոր ցանկությունները իրագործված կլինին:
Ժամանակը մոտենում էր. պետք էր նշանադրության հանդեսը կատարեին: Պ. Լուսինյանը առաջարկեց տեր-Հովհաննեսին սկսել յուր օրհնությունը: Վերջինս արդեն ամեն բան գիտեր: Բայց Լուսինյանի դավանակիցներից մի քանիսը հետաքրքրվեցան իմանալու թե ինչու՞ համար պատեր-Սիմոնը չէր երևում այդտեղ:
– Նա գյուղումն է, – պատասխանեց նրանց Լուսինյանը, – և գրել էր, որ իրեն վերաբերյալ պաշտոնն էլ հանձնենք տեր-Հովհաննեսին: Պատվելին երևի այս դիպվածում ոչինչ խտրություն չէ դնում յուր և տեր-հոր մեջ:
– Իհարկե, ի՞նչ խտրություն պիտի դներ. մենք բոլորս էլ եղբայրներ ենք, մենք բոլորս էլ հայեր ենք. թե՞ տեր-Հովհաննես և թե՝ պատեր-Սիմոն երկուսն էլ մեր հոգևոր հայրերն են, – ձայն տվին գրեթե միաբերան Լուսինյանի դավանակիցները, – թո՞ղ տեր-Հովհաննեսը օրհնե նշանը:
«Բարի մարդիկ, մտածեցի ինքս ինձ, ձեր և տեր-Հովաննեսի գաղափարների մեջ ոչինչ խտրություն չկա. դուք բոլորդ էլ զգում եք, որ միևնույն մոր զավակներն եք, որ միևնույն արյունն եք կրում ձեր երակներում. ձեր սրտերը չեն ուզում բաժանվիլ միմյանցից, դուք ներողամիտ աչքով նայում եք ձեր եղբարց կրոնական համոզմունքների վերա, բայց չարության սերմնացանները հանգիստ չեն թողում ձեզ: Նրանք թունավորում են հարազատության արյունը, բաժանում են ձեր որդիքը, մեռցնում են ձեր քնքուշ զգացումները…»:
Հետո ես համեմատում էի տեր-Հովհաննեսի մեր տան քարոզածները պատեր-Սիմոնի կատաղի հայհոյանքների և անեծքների հետ: Առաջինը ցոլացնում էր յուր մեջ քրիստոնեական բարություն, հայրական սեր և եղբայրական անհիշաչարություն, իսկ վերջինը‘ դժոխային չարություն, պառակտիչ հոգի և վրիժառու նախանձ:
Առաջինը ապրում էր յուր ժողովրդին ծառայելու, իսկ վերջինը ժողովուրդը յուր անձին ծառայեցնելու: Տարբերությունը մեծ և շոշափելի էր: Բայց որի՞ն բողոքել, մարդկանց կորությունը իրենց անբռնաբարելի սեփականությունն է:
Պ. Լուսինյանի հրավիրանոք տեր-Հովհաննեսը մոտեցավ պատրաստած սեղանին և քահանայական շուրջառը հագնելով սկսավ կարդալ սովորական օրհնությունները: Ես և Մարգարիտան կանգնած էինք սեղանի առաջ դեմ առ դեմ, շրջան բոլորած մեզ պատել էին գլխավորապես տիկինները և օրիորդները, որոնք նշանադրության և հարսանյաց հանդեսներում միշտ հետաքրքիր հասարակությունն են հաշվվում:
Մարգարիտան աչքերը գետին խոնարհած անմռունչ կանգնած էր: Յուր ընկերուհիները զանազան կատակներ էին շշնջում նրա ականջին, բայց նա կարծես անզգա էր և ոչինչ չէր լսում: Ինչի՞ վերա էր նա մտածում. դեպի ո՞ւր էին սլանում նրա մտքերը, երևակայությունը – հայտնի չէր: Բայց այդ խորհրդավոր րոպեին ես էլ ուրախ չէի, հազար և մի տխուր մտածություններ ալեկոծում էին իմ սիրտը, չգիտեմ ինչու չարագուշակ նախազգացումը դարձյալ տանջում էր ինձ: Անախորժ դեպքի ազդեցությունի՞ց էր ճնշվում իմ հոգին, թե` մարգարեանում էր ապա չարիքները, չկարողացա իմանալ:
Միայն երբ քահանայի հրամանով նշանի մատանին հագցրի իմ հարսնացուին և համբուրվեցա նրա հետ, իսկույն տխուր մտածմունքները տեղի տվին մի ներքին ուրախության, ես տեսա, որ ինձ հետ միասին զվարթացավ և Մարգարիտան: Մեր երկուսի այս հանկարծական փոփոխությունը նկատելի եղավ մինչև անգամ հյուրերին և զվարճասեր օրիորդները սկսան կատակներ անել մեզ հետ:
– Այդ համբույրի՞ համար էիք խռովել, – շշնջաց իմ և Մարգարիտայի ականջին օրիորդ Մարանջյանը:
– Այո՛, – պատասխանեցի ես. – մի՞թե փոքր գին ունի նա ձեր աչքում:
– Ձեզ համար էլ միշտ թանկագին չի մնալ, նա դեռ առաջինն է, մի փոքր համբերեցեք, – նկատեց նա ծիծաղելով:
Հետո Մարգարիտայի ծնողները մոտեցան և համբուրեցին մեզ երկուսիս, և ապա քույրս ու փեսաս:
Այնուհետև մյուս հրավիրյալները սկսան իրենց շնորհավորությունները, որոնց երկար ժամանակ մենք ստիպված էինք մեր շնորհակալությունները կրկնելու:
Մի քանի ժամ շարունակ ընթրիքի, պարերի և ընդհանուր ուրախության նվիրելուց հետո, հյուրերը ցրվեցան: Ամենից ուշ ես դուրս եկա մերոնց հետ: Երբ անցանք առաջին փողոցը, հայոց եկեղեցու զանգակները ղողանջում էին, առավոտյան ժամերգությունը սկսելու համար: Եթե ես միայնակ լինեի այդ րոպեին ծնկի կգայի և կաղոթեի աստծուն, այնքան ջերմեռանդությունս շարժված էր. կաղոթեի, որ նա պաշտպաներ ինձ և իմ հարսնացուին, որովհետև ես դեռ երկյուղ էի կրում չարության ոգիներից: Բայց ինձ հետ ուրիշներն էլ կային, և ես շատացա միայն մի քանի աղոթքներ մրմնջալով կառքի մեջ նստած:
ՆՇՍՆԱԴՐՈԻԹՅՈԻՆԻՑ ՀԵՏ
Ես երբեք չէի կարողանում մոռանալ այն օրերը, որը մեր նշանադրությունից հետո ես անցուցանում էի Մարգարիտայի հետ: Իմ կյանքի խավար հորիզոնի վերա այդ սուղ օրերը մի-մի լուսավոր աստղեր էին: Երջանկությունը ես միայն նրանցով ճաշակեցի. երանությունը ես միայն նրանց մեջ ճանաչեցի:
Մեր նշանադրությունից հետո արդեն անցել էր երեք շաբաթ: Ես հաճախ այցելում էի Մարգարիտային. նա ինքը նույնպես գալիս էր մեր տուն: Եվ այսպես գրեթե մենք ամենայն օր միմյանց մոտ էինք գտնվում: Երբեմն ժամադիր լինելով գնում էինք քաղաքային և կամ իրենց այգին մեր ընտանիքների հետ միասին: Այդտեղ արդեն մենք բաժանվում էինք վերջիններից և զբոսնում միայնակ:
Շատ անգամ մեր մենավոր զբոսանաց ժամանակ մեզ ընկերակցում էին արծաթափայլ լուսինը‘ յուր դշխոյական նազելաճեմ ընթացքով, գիշերային մեղմ հովեր, որոնք ծառերի մեջ խաղալով ստեղծում էին մեզ համար մի սիրազվարճ սոսափյուն, հեզասահ առուներ, որոնք թփերի տակ հոսելով խառնում էին մեր սիրային զրույցների հետ իրենց ախորժալուր կարկաչն ու մրմունջը: Երբեմն էլ մենք նստում էինք ծովափի մոտ, և կամ նավահանգստի ժայռերի վերա, ուր փոքրիկ կոհակները անընդհատ մեկը մյուսի հետևից գալիս փշրվում էին մեր ոտքերի տակ:
Այդտեղ մենք երկար ժամերով խոսում էինք միմյանց հետ, խոսում էինք և չէինք կշտանում, մեր զրույցները անհատում, մեր մտքերը անսպառ էին: Գրեթե միշտ մեզ հետ միասին զբոսանքի եկողները մեզ թողնում հեռանում էին տուն, նրանք չէին ուզում մեզ խանգարել, շատ անգամ մենք վերադառնում էինք կես գիշերին:
Մարգարիտայի ծնողները այնքան վստահ էին նրա վերա և այնքան բարի դեպի իրենց դուստրը, որ չէին մերժում նրան այս տարաժամ զբոսանքները:
Այդ երանելի երեկոներից մի երկուսը ես բոլորովին չեմ մոռանում մանավանդ այն երեկոները, երբ Մարգարիտան ինձ հետ թև թևի, ծառերի տակ զբոսնելով բացատրում էր յուր գաղափարները սիրո, ամուսնության վերաբերությամբ:
Մի անգամ մենք բոլորս միասին գնացել էինք իրենց այգին այնտեղ գիշերելու դիտավորությամբ: Երեկոյան դեմ ըստ մեր սովորության մենք հեռացանք մերոնցից և զբոսնում էինք այգվո մեջ: Երբ մութը կոխեց, մենք դուրս եկանք այգուց և կամաց-կամաց առաջ էինք գնում սիզավետ լեռնադաշտի վերա, մինչև որ հասանք բարձրավանդակի ծայրը, այդտեղից մեր առաջ և բացվում էր հրաշալի տեսարան: Լուսնի շառագույն սկավառակը կիսով չափ դուրս էր եկել ծովի ալիքներից և նմանում էր մի հեռավոր կղզվո, որի մեջ հրդեհվում են բազմադարյան կաղնիների անտառները: Մենք կանգ առինք այդտեղ: Մարգարիտան յուր աջ ձեռքը իմ պարանոցով պատելով հենվել էր ինձ վերա. մենք հիացմամբ նայում էինք բնության այդ հրաշալի տեսարանին: Լուսնի սկավառակը աննշմարելի կերպով բարձրանում ծածանում էր ալիքների վրայից և մի քանի վայրկյանում ամբողջ գունդը զատվեցավ ծովի մակերևույթից:
– Նստենք այստեղ, և տեսնենք, թե ինչպես է լուսավորում նա ծովի մակերևույթը, – ասաց Մարգարիտան:
Մենք նստեցինք և ուշադրությամբ դիտում էինք լուսնի ընթացքը: Կամաց կամաց ծովի մակերևույթը մուգ պղնձի գույն էր ստանում և անհանգիստ ալիքները այս ու այն կողմը ծփալով՝ բեկբեկում էին նրա հավասարությունը ամբողջ մակերևույթի վերա բյուրավոր լուսնիկներ ցոլացնելով, բայց գիշերային լուսաբերը հանդարտ ընթանում էր դեպի երկնակամարը: Նրա շառագույն դեմքը տակավ առ տակավ պարզվում և լուսավորվում էր, ծովը նույնպես սկսում էր արծաթազօծվիլ, և մեզ շրջապատող բնությունը կենդանանում էր աղոտ լույսով:
– Երանի՛ թե մեր կյանքն էլ լուսնի կյանքին նմաներ, – ասաց ինձ Մարգարիտան, – և մենք երբեք չմեռնեինք՝ հավիտյան միմյանց սիրելու համար:
– Ի՞նչ, մի՞թե դու հավատում ես, թե հավիտյան ապրելով հավիտյան էլ կսիրեի՞ր, – հարցրի ես նրան:
– Մի քանի ժամանակ առաջ ես չէի հավատալ, ես այն ժամանակ մինչև անգամ չգիտեի, թե արդյոք սերը գոյություն ունի՞ աշխարհում, թե՞ բանաստեղծների գլխումն է ապրում նա: Իսկ այսօր, Արա՛մ, այսօր հավատում եմ որ նա կա, որ նա ապրում է մեր սրտի և հոգվո մեջ, որ նա նույն ինքն է երջանկություն… Ես հավատում եմ, որ եթե անմահ անգամ լինեի, հավիտյան կսիրեի, որպեսզի հավիտյան երջանիկ լինեի…
– Ես ինքս քեզ հետ համաձայն եմ, Մարգարիտա, բայց դու գիտես, որ փորձված մարդիկ սիրո հավիտենականությանը չեն հավատում, նույնիսկ մարդկային կարճատև կյանքի համար, – ասացի ես:
– Փորձված մարդի՞կ. բայց ինչ բանի մեջ փորձված ի՞հարկե նրանք, որոնք մի ամբողջ կյանք ապրել են առանց սերը ճանաչելու, նրանք ոչ միայն սիրո հավիտենականությանը, այլև նրա վայրկենական հրապույրներին չեն հավատալ:
– Ո՞չ, այդ տեսակ մարդիկները չեն սիրո հավիտենականություն չնդունողները, այլ նրանք, որոնց կյանքը անցել է սիրահարական արկածներում, որոնք առույգ երիտասարդությունը ամբողջապես նվիրված է եղել սիրո աստվածությանը:
– Այդ անկարելի է, – բացականչեց Մարգարիտան, – ամեն մարդ փափագում է երջանկությանը, իսկ երջանկությունը գտնվում է միայն սիրո մեջ… Ես չեմ կամենում հավատալ, թե կա մարդ, որ մի անգամ սիրել կարողանալուց հետո ուրանում է սիրո հավիտենականությունը…
– Պետք է հավատալ, որ կան այդպիսիները. նրանք մարդկային և ոչ մի զգացմունքների մեջ հավիտենականություն չեն ճանաչում: «Սիրո հավիտենականությունը, – ասում էր իմ բարեկամներից մինը, – գտնվում է միայն փոփոխության մեջ»:
– Օ՛, մի՞ խոսիր, մի՞ խոսիր այդ մարզիկների մասին, դրանք սիրո հավատի հերետիկոսներն են, մենք չենք հետևիլ նրանց, Արա՛մ, մենք կսիրենք միմիյանց անկեղծ և անհարամ սիրով, մենք կսիրենք մինչև մեր հետին շունչը, մինչև մեր գերեզմանը…
Այս խոսքերով նա փաթաթվեցավ իմ պարանոցին և ամուր ամուր սեղմեց ինձ յուր կուրծքին:
– Մենք հրեշտակներին նախանձ ենք բերում… – կամացուկ շնջաց նա, և մեր շրթունքները սեղմվեցան իրար…
Երկար մենք նստած էինք կանաչազարդ բարձրավանդակի վերա, մեր ոտքերի տակ վառվում էին հարյուրավոր ճրագներ, և վերևում փայփլում էր անհուն աստեղազարդը: Ծովի կողմից փչող սղոխներն էին միայն, որ իրենց շնչով խանգարում էին մեզ շրջապատող լռությունը և ընդնմին զովացնում էին մեր կրակվող երեսները: Կարծում էինք, որ լուսնից զատ էլ ոչ ոք հանդիսատես չէ մեր սիրակցություններին:
– Լուսինը սիրահարների բարեկամն է, նա մեզ չի մատնիլ, – ասում էի ես ծիծաղելով, – երբ Մարգարիտան կասկած էր հայտնում, թե մեզ կարող են լրտեսել:
Եվ որքա՜ն մեծ եղավ մեր զարմանքը, երբ տուն գնալու համար տեղից բարձրանալով‘ հիսուն քայլ հեռավորության վերա նշմարեցինք մի կնոջ կերպարանք:
– Ո՞վ է սա, – երկյուղով բացականչեց Մարգարիտան և կպավ իմ կրծքին:
– Մի՞ վախենա, այդ. ես եմ, – ձայն տվավ կերպարանքը և մոտեցավ մեզ: Դա քույրս էր. նա եկել էր մեզ վերա հեռվից հսկելու, որպեսզի մեր սիրային արբեցությանց ժամանակ հանկարծահաս վտանգներից չզարնվեինք մենք: Մարգարիտան իսկույն վազեց դեպի նրան և սեղմելով յուր կրծքին ջերմությամբ համբուրեց:
– Դու մեզ վերա չես բարկանում, այնպես չէ՞, Շուշա՛ն, – հարցրավ նա մանկական անմեղությամբ:
– Ո՛չ, սիրելիս, ես ընդհակառակը ուրախանում եմ, – պատասխանեց քույրս, – և մենք երեքս էլ թև թևի տալով շտապեցինք դեպի տուն:
Մեր նշանադրությունից հետ այսպիսի տեսակցություններ, ինչպես ասացի, մենք շատ էինք ունենում: Բայց միասին անցուցած այդ սիրազվարճ ժամերը այնպես շուտով էին սահում, և ընդհակառակը, իրարից հեռու, գտնված միջոցի ժամերը այնքան համր ընթանում, որ մենք միշտ գանգատվում էինք մեր բախտից կարծելով, թե շատ ուշ ենք հանդիպում միմյանց:
Այսպես անցան երեք ամբողջ շաբաթներ և չորրորդի վերջում արդեն մեր հարսանիքը պիտի կատարվեր:
Երկու կողմից էլ պատրաստություններ էին տեսնում. Լուսինյան այր և կին իրենց աղջկա համար, իսկ քույրս ու փեսաս՝ ինձ համար: Քաղաքի մեջ պարապ չէին և զվարճասեր աղջիկներն ու մանկամարդ տիկնայք, նրանք էլ իրենց տուալետն էին կարգավորում, որպեսզի խնդրարկուի առաջին հրավերը ստանալուն պես կազմ և պատրաստ գտնվին իրենց այցելությամբ մեր հարսանիքը պատվելու:
Եվ այսպես բոլորն էլ անխտիր ուրախ էին: Մինչև անգամ պատեր-Սիմոնի մասին Մարգարիտան պատմում էր, որ արդեն հաշտվել էր յուր հոր հետ և արդեն մի շաբաթ էր, ինչ որ նա հաճախում էր իրենց տունը և բարեկամական առանձին տեսակցություններ էր ունենում յուր հոր հետ:
Մեր բախտի երկինքը դեռ պարզ էր, ամպեր չէին երեվում, փոթորիկ չէր գուշակվում…
ԲԱԽՏԻՍ ԱՆԻՎԸ ԴԱՌՆՈԻՄ Է
Մարդիկ առհասարակ գրգռված ժամանակն են հիմարություններ գործում, այսինքն երբ կամքի ղեկավարը կիրքն է լինում: Խելքը երևան է գալիս այն ժամանակ, երբ սիրտը խաղաղ և հոգին անվրդով է մարդու մեջ: Սրա հակառակ կան և մարդիկ, որոնք սեփական կամք և հաստատուն բնավորություն չունենալով, միշտ ենթարկված են ուրիշների ազդեցության և իրենց սրտի և հոգվո խաղաղ ժամանակը՝ միայն անշունչ գործիքներ են լինում ճարպիկների ձեռքում, հետևապես և հիմարությանդ հեղինակ: Այս տեսակ մարդկանց մեջ ընդհակառակը գրգռված ժամանակն է երևան գալիս կամքի և խելքի ույժը, այսինքն, երբ կրքերի հուզվելով զարթնում է նրանց մեջ պատվասիրության զգացումը, և նրանք գործում են ինչպես անկախ մարդիկ:
Այս վերջինների տեսակին էր պատկանում պ. Լուսինյսնը, Մարգարիտայի հայրը:
Մի առավոտ ես գնում էի զբոսնելու: Ճանապարհին պատահեցի պատեր-Սիմոնին, նրա հետ կային և երկու ուրիշ պատերներ, որոնց հետ նա խոսելով բարձրանում էր դեպի այն ճանապարհը, որի վերա գտնվում էր Լուսինյանների տունը: Ես հետաքրքրվեցա իմանալու, թե արդյոք նրանք այնտե՞ղ են գնում, թե՞ ոչ. և հետևեցի նրանց քայլ առ քայլ: Երեք պատերները հասան Լուսինյանների տանը և պատեր-Սիմոնը հնչակը քաշեց: Ես շրջեցա պատվարի մյուս կողմը նրանց աչքից թաքչելու համար: Երբ նրանք ներս մտան, ես դուրս եկա և կամենում էի ճանապարհս շարունակել: Դռան առաջ Մարին կանգնած էր:
– Ովքե՞ր են այդ երկու պատերները, – մոտենալով հարցրի նրան:
– Դրանցից մինը պատեր-Պետրեն է, իսկ մյուսին չեմ ճանաչում, դրանք առաջին անգամն են գալիս մեզ մոտ, – պատասխանեց Մարին:
– Ասա Մարգարիտային, որ ես գնում եմ այգում զբոսնելու, թող իմանա ինչու՞ համար են եկել դրանք և ինձ լուր բերե, ես իրեն կսպասեմ այնտեղ, – պատվիրեցի ես և հեռացա:
Արդեն կասկածն ու երկյուղը պաշարել էին ինձ. ես տխուր գուշակություններ էի անում, որովհետև վստահ չէի իմ աներոջ հաստատակամության վերա: Թեպետ մի կողմից ես չէի մոռանում մեր հանդիսավոր նշանադրությունը, որ ամենալավ գրավական էր մեր բարեկամության հաստատությանը, բայց մյուս կողմից կաթոլիկ կղերի մեքենայությանց մասին կարդացածներս մտաբերելով սարսափում էի: Ես գիտեի, որ նրանք ամենազոր և ամենակարող են:
Մտնելով այգին ես պատահեցի պատեր-Սիմոնի ջենտլմեն սարկավագին: Նա ինքը առաջինը մոտեցավ ինձ և բարեկամաբար ողջունեց:
– Ես կամենում էի ձեզ տեսնել, – ասաց ինձ պ. Կլեմեսը, – և ուրախ եմ որ այստեղ պատահեցանք:
– Շնորհ արեք, ինչով պիտի ծառայեմ ձեզ:
– Ես եմ կամենում մի ծառայություն անել ձեզ, – ասաց նա, – լսեցեք ինձ:
Մենք նստանք մի հովանավոր ակաթենու տակ, նստարանի վերա:
– Դուք կարո ղ՞ եք հավատալ իմ անկեղծությանը. – հարցրեց նա:
– Ես վստահ եմ ձեր վերա, խոսացեք, – պատասխանեցի ես:
– Ձեր ամուսնության գործը վատ կերպարանք է առնում, – ասաց նա, – պատեր-Սիմոնը նորանոր մեքենայություններ է լարում ձեր դեմ: Ես իբրև երիտասարդ մարդ և կրոնական մոլեռանդության ատեցող՝ կամենում եմ ձեզ զգուշացնել: Ես ձեզ և օրիորդ Մարգարիտային հարգում եմ և չէի կամենալ, որ դուք թշվառանայիք:
– Դուք ինձ կատարելապես պարտավորեցնում էք, պարոն, չգիտեմ ինչով եմ արժանացել ձեր ուշադրությանը, – բացականչեցի ես:
– Գիտե՞ք որ «բոլոր դևերը չար չեն», – ասաց նա ժպտալով, – ես բախտի բերմունքով կաթոլիկ կղերի կոչումն եմ առել ինձ վրա և մտել այս սքեմի տակ, բայց երիտասարդությունը դեռ ամբողջապես չէ մեռել իմ մեջ: Ես դեռ կարող եմ մի բանով օգնել ձեզ, մանավանդ որ ես արդեն պաշտոնից հրաժարված եմ:
Այստեղ արդեն ամեն բան պարզվեցավ ինձ համար, ուրեմն Կլեմեսը վիրավորված էր այդ մարդիկներից և այդ է պատճառը, որ նա առաջարկում էր ինձ յուր նոր բարեկամոթյունը: Ես այժմ ավելի վստահությամբ կարող էի նրան լսել:
– «Ա՛յն օրը, որ ձեր նշանադրությունը կատարվում էր, – շարունակեց նա, – պատեր-Սիմոնը վաղուց արդեն տան մեջ նստած էր. նա ամեն բան գիտեր: Միայն այնքան ուշ ձեզ մոտ գալը նրա համար էր, որ ամեն բան կազմ և պատրաստ լինելուց ետ ինքը գար և խափաներ, որպեսզի յուր հաղթությունը և հայադավանների խայտառակությունը կատարյալ լիներ: Բայց այս անգամ նա յուր հաշվի մեջ սխալվել էր: Պ. Լուսինյանի վարմունքը մինչև այսօր էլ նրան ապշեցրել է, որովհետև նա մինչև այժմ այն աստիճան հլու հպատակ է եղել պատեր-Սիմոնին, որ վերջինս երբեք այդպիսի ընդդիմություն նրանից չէր կարող սպասել: Արտաքսվելով Լուսինյանի տնից նա կատաղած վերադարձավ ինձ մոտ և անդադար հայհոյում էր թե ձեզ և թե Լուսինյանին: Ամբողջ գիշեր նա քնել չկարողացավ: Առավոտյան պահուն մի հեռագիր քաշեց Սարատովի մեր եպիսկոպոսին, հայտնելով, որ այստեղ վերահաս վտանգ է սպառնում յուր հոտին, հետևապես ինքը կարոտում է երկու գործունյա քարոզիչների օգնության:
Հեռագիրը քաշելուց ետ միայն նա զղջաց յուր սխալմունքի վերա: «Ես դավաճանեցի մեր սկզբունքներին, – ասում էր նա, – ես իրավունք չունեի բռնությամբ գործ կատարելու, և եթե այսօր Լուսինյանի ընտանիքը հերետիկոսների ձեռքը մատնվի, ես եմ մեղավորը»: Բայց արդեն ուշ էր: Վախենայով ապագա քննություններից, նա միևնույն օրը մի նամակ էլ գրեց մեր եպիսկոպոսին, որի մեջ բացատրում էր յուր հեռագրի նշանակությունը և աշխատում էր արդարացնել իրեն: Որովհետև այդպիսի դեպքերում բոլոր պատասխանատվությունը պատերի վերա է մնում: Մեր օրենքով նա իրավունք չունի սխալվելու, ըստ որում սրբազան պապի հոտը պաշտպանելու համար նա վայելում է անսահման արտոնություններ, նա ազատ է գործադրելու ամեն տեսակ միջոցներ, ներելի լինին դրանք թե աններելի…
Ահա այս զղջումն էր պատճառը, որ մի քանի օր անցնելուց ետ պատեր-Սիմոնը կրկին խոնարհվելով գնաց Լուսինյանի մոտ. ինքը նախ ներումն խնդրեց և ապա նրան էլ ներումն շնորհելով հաշտվեցավ նրա հետ: Ահա մի ամբողջ շաբաթ է, որ նա քարոզում է Լուսինյանին: Երեկ երեկոյան նա ուրախությամբ վերադարձավ Լուսինյանի տնից և հայտնեց ինձ, որ ամեն բան արդեն յուր նախկին կերպարանքն է առել և Լուսինյանը զղջալով յուր արարմունքի վերա խոստացել է հետ դարձնել Բյուրատյանի նշանը և մերժել նրան յուր դստեր ձեռքը:
Այս ավետիքը ինձ տալու ժամանակ հասան արդեն այստեղ Սարատովից ղրկված երկու հոգևորականները, մինը այստեղի նախկին քահանա պատեր-Պետին և մյուսը Ֆրանկիսկոս-Լորենտանո, մի շատ ճարպիկ և փորձված քարոզիչ տեղյակ ամեն լեզուների և ամեն տեսակ մեքենայությանց: Երեկոյան հարցաքննության ժամանակ արդեն այս գործում ինձ մեղավոր ճանաչեց այդ անիծյալ քարոզիչը և ընդհանուրի հավանությամբ ինձ հրաժարեցրին իմ պաշտոնից, առարկելով, որ ես աչալրջությամբ չեմ հսկել իմ շուրջը կատարվող գործերի վերա, շուտ չեմ իմացրել պատեր-Սիմոնին գործի էությունը: Իսկ այսօր արդեն նրանք Լուսինյանի մոտ պիտի գնան:
Մնում է ինձ ասել, որ ես իմ խիղճը արդարացնելու համար միայն պատմեցի ձեզ այս բոլորը և ոչ թե պատեր-Սիմոնից վրեժխնդիր լինելու դիտավորությամբ: Որովհետև ինձ համար անտանելի է, երբ տեսնում եմ, թե՝ երկու երիտասարդ սրտերի բախտը խաղալիք է դարձած մի անխիղճ հոգևորականի ձեռքում:
Այսուհետև ինչ որ կարող եք ինքներդ անել – վտանգը ձեզանից հեռացնելու համար, արեք, ես առայժմ իմ բարոյական պարտքը կատարեցի, կարևոր դեպքում էլ ձեզ կարող եմ օգնել»:
Այս ասելով Կլեմեսը վերկացավ տեղից: Ես հայտնեցի նրան իմ խորին և անկեղծ շնորհակալությունը յուր անակնկալ բարեկամության համար և ողջունելով նրան, քայլերս ուղղեցի դեպի պարտիզի դուռը:
Սարկավագի ճշմարտախոսության վերա ես չէի կասկածում, այդ պատճառով և անհանգստութունը սկսում ալեկոծել իմ սիրտը: Այն միտքը, թե Մարգարիտային կարող էին խլել ինձանից, գրեթե խելագարեցնում էր ինձ: Ես շտապ շտապ առաջ էի գնում առանց իմանալու, թե ո՞ւր եմ գնում, առանց հիշելու, որ Մարգարիտային ժամադիր էի եղել այգում:
Բարեբախտաբար շատ չէի հեռացել պարտեզից, երբ մեր ծառան ինձ պատահեց:
– Օրիորդը մեր տանը սպասում է ձեզ, – ասաց նա: Ես սրտատրոփ դիմեցի դեպի տուն:
Երբ ներս մտի, տեսա, որ քույրս տանը չէր. Մարգարիտան միայնակ նստած էր իմ սենյակի մի անկյունում և ձեռքը կռթնած պատուհանի վերա տխրադեմ նայում էր դեպի փողոցը: Նրա աչքերը կարմրած և ուռած էին, երևում էր, որ նա շատ լաց էր եղել:
Ինձ տեսնելով ցատկեց տեղից և վազելով դեպի ինձ բացականչեց.
– Արամ, Արամ, մեզ բաժանում են միմյանցից, և դու դեռ ոչինչ չգիտես … – և խեղճ աղջիկը էլ չկարողացավ շարունակել խոսքը, նա բարձրաձայն հեկեկաց և ընկավ իմ պարանոցով:
– Մարգարիտա, իմ անգին Մարգարիտա, մի՞ լար, մեզ ո՞չ ոք չի կարող բաժանել, մեզ երկուսիս միասին գուցե կարողանան անշնչացնել, բայց բաժանել միմյանցից երբե՛ք… – մխիթարում էի ես նրան:
– Օ՛, դու դեռ ոչինչ չգիտես, շարունակեց նա, իմ հայրը արդեն յուր վճիռը տվել է. նա պատրաստվում է վերադարձնել քեզ իմ հարսնախոսության մատանին… ես չեմ կարող ապրել, ես կմեռնե՛մ…
Կլեմեսի պատմածները ճշմարտանում էին, բայց պետք էր գործին ավելի մոտ ծանոթանալ: Թեպետ իմ սրտի մեջ արդեն արյուն էր կաթում, բայց ես աշխատեցի հանգստացնել Մարգարիտային և խնդրեցի նրան պատմել ինձ ամենը ինչ որ գիտեր:
– Դու անշուշտ հիշում ես, – սկսավ խոսել նա, – որ ես մի երկու օր առաջ ասացի քեզ‘ թե պատեր-Սիմոնը արդեն հաշտվել է իմ հոր հետ և մի շաբաթ է, ինչ նա հաճախում է մեր տուն և առանձին տեսակցություններ է ունենում հորս հետ: Ես այս հայտնեցի՝ քեզ ուրախացնելու համար, որովհետև կարծում էի, թե այդ հաշտությամբ արդեն վերանում էր մեր ապագա միության կասկածելի արգելառիթը: Բայց, ավա՛ղ, ես չարաչար սխալվել էի: Այդ հաշտությունը կայացել էր միայն ի կորուստ մեր երջանկության: Պատեր-Սիմոնի հորս հետ ունեցած առանձին տեսակցությունները ոչ թե նախկին բարեկամությունը վերականգնելու, այլ հորս հոգին և միտքը մոլորեցնելու համար են եղել: Ամբողջ այդ շաբաթվա մեջ այդ եզվիտ պատերը հորս քարոզում է եղել, եթե նա մոլորվել է, թե նա մեծ հանցանք է գործել, թե նա աստուծո ահեղ բարկությունն շարժել է յուր վերա, որ ուղղափառ հավատին պատկանող աղջիկը հերետիկոս աղանդավորին է տվել: Այսօր իմ հայրը կատարելապես փոխվել է, նա էլ չի մտածում յուր պատվո խոստման վերա, դժոխքի ճիվաղները նրան սարսափեցնում են…
– Եթե դու առաջուց իսկ աշխատեիր պատերի դիտավորությունը հասկանալ, մենք ժամանակին և կոչնչացնեինք նրա մեքենայությունները, – նկատեցի ես:
– Իզուր դու ինձ անհոգության մեջ ես մեղադրում–պատասխանեց նա, – այդ կասկածը վաղուց ծնվել էր իմ մեջ, բայց մինչև երեկվա օրը հորս վարմունքի մեջ ես ոչինչ փոփոխություն չկարողացա նշմարել: Երևի պատերը ինքն էր այդպես կարգադրել, որպեսզի դեռ հորս համոզմունքներին չտիրած, չհայտնվեր յուր չար դիտավորությունը:
Երեկ երեկոյան մորս հետ միասին նստած էի յուր սենյակում, պատերը դարձյալ հորս մոտ էր, բավական ժամանակ էր անցել, ինչ նրանք միասին էին: Երբ նա դուրս գնաց, հայրս մտավ մեզ մոտ: Ես նկատեցի, որ նա պատրաստվում է մի ինչ-որ նորություն հայտնել մեզ, բայց չէր վստահանում. այդ բանը ինձ անհանգստացրեց: Մի քանի անգամ սենյակի մեջ անցուդարձ անելուց հետ վերջապես նա գուժեց. «Մարգարիտա, դու պետք է թողնես Բյուրատյանին, մենք մեր ընտրության մեջ չարաչար սխալվել ենք… »:
Ես էլ ավելի չկարողացա լսել նրան. ամբողջ տունը գլխիս վերա պտտվեցավ և մի վայրկյան կարծեցի թե տան ձեղունը պիտի փլչի ինձ վերա. մի ակնթարթում պատերի մեքենայությանց բոլոր շինվածքը իմ աչքի առաջ կանգնած էր.
«Այդ սարսափելի է, չկրկնես այդ խոսքը…» բացականչեցի ես և խելագարի նման դուրս ընկա դահլիճը, հետո ես մտա իմ ննջարանը և սկսա դառնապես լաց լինել: Ես չլսեցի, թե մայրս ինչ պատասխան տվավ հորս, բայց մի փոքր ժամանակից հետո նա սրդողած եկավ ինձ մոտ և երկար աշխատում էր ինձ մխիթարել. նա սպառնում էր, որ պատերին կարտաքսե մեր տնից և խոստանում էր, որ նշանակված օրը կատարել կտա մեր պսակը: Բայց իմ հոր անակնկալ հայտնությունը ինձ սարսափեցրել էր. մորս խոստումներն անգամ չկարողացան ամոքել ինձ. ես մի րոպե քնել չկարողացա և ամբողջ գիշեր լաց էի լինում… և եթե գիտենայիր թե ի՛նչ հուսահատություն էր տիրում ինձ վերա, եթե գիտենայիր թե ի՛նչ սոսկալի վճիռ էի ուզում կայացնել…:
Ես իսկույն հասկացա թե ի՛նչ վճռի մասին էր խոսում խեղճ աղջիկը:
– Մարգարիտա՛, Մարգարիտա՛, ուրեմն դու կարո՞ղ ես վճիռներ էլ կայացնել, – տխրությամբ նկատեցի ես, – ուրեմն դու չե՞ս հավատում, որ մի ուրիշ սիրտ էլ կա աշխարհում, որ քո սրտի հետ հավասար պիտի բաբախե և նրա հետ միասին անշնչանա…
– Ներիր ինձ, Արամ, – պատասխանեց Մարգարիտան, – կյանքի մեջ շատ անգամ այնպիսի րոպեներ են պատահում, երբ մարդու աչքում կյանքը կորցնում է յուր արժեքը: Ես ինքս միշտ դատապարտել եմ հուսահատ վճիռները, բայց իզո՛ւր. երբ գալիս է հուսահատությունը‘ ամենազորեղ սիրտն էլ ընկճվում է նրա առաջ… Գիտենալ, թե կարող են ինձ բաժանել քեզանից և այնուհետև ցանկանալ ապրել.. ո-հ, ո՞չ, ես չեմ կամենում քիչ-քիչ մեռնել, ես թույլ եմ և ամենից առաջ ես կին եմ…
Այս խոսքերից հետ նա կրկին հեկեկաց և ընկավ իմ պարանոցով: Իմ սիրտը մորմոքում էր. ես էլ կամենում էի լաց լինել նրա հետ, բայց իմ պաշտոնը ծանր էր, ես պետք է սիրտս սեղմեի և մխիթարեի նրան:
– Մարգարիտա, ուրեմն դու հավատում ես որ օտարի ձեռքերը կարող են շոշափել այն սրբարանը, ուր մեր սրտերը միացած են. դու հավատո՞ւմ ես, որ օտարները կարող են բռնանալ մեր սիրո վերա…
– Ես այժմ ամեն բանի հավատում եմ, – պատասխանեց նա դառնությամբ, – երբ հարազատ հայրն է առաջնորդում օտարին, իհարկե, մենք կհաղթվինք: Դու դեռ բոլորը չգիտես: Հիշո՞ւմ ես արդյոք, որ դեռ մեր նշանադրության երեկոյին իմ հոր և պատեր-Սիմոնի մեջ տեղի ունեցած կռիվը լսելով մի քանի վայրկյան սաստիկ տխրեցի, այդ նրա համար էր, որ ես ճանաչում էի իմ հոր թույլ բնավորությունը և գիտեի, թե նա յուր գրգռված ժամանակ գործած այդ հերոսական հանցանքը ինչ փոքրոգությամբ պիտի քավեր ապագայում: Եվ որքան էլ որ ես աշխատեցի հեռացնել ինձանից տխուր մտածմունքները, այսուամենայնիվ իմ կասկածները մարմին առան: Բավական չէր, որ պատեր-Սիմոնի մի շաբաթվա քարոզությունները արդեն հորս կերպարանափոխել էին, այսօր, ինչպես գիտես, մի ույժի վերա երկու ուրիշ հսկաներ էլ ավելացան. Սարատովի գերապայծառը առանց մի վայրկյան կորցնելու օգնություն է հասցրել յուր անօգնական պատերին:
Այսօր երբ Մարին հայտնեց ինձ երկու նորեկների գալուստը և յուր քեզ հետ տեսնվիլը, ես շտապեցի տեղեկանալ, թե ի՞նչ նոր դարան է լարվում մեզ համար: Ես չկարողացա իմանալ, թե ո՞վ էր պատեր-Սիմոնի երկրորդ ընկերը, բայց դռան ետևից ես զարհուրելի վճիռ լսեցի, խոսողը իմ հայրս էր. կարող ես երևակայել, թե ինչ եղա ես, երբ առաջին անգամ ականջիս զարկան նրա հետևյալ խոսքերը.
– Ես արդեն հայտնել եմ պատվելիին, որ ես հնազանդվում եմ գերապայծառի հրամանին և մերժում եմ հերետիկոսին իմ դստեր ձեռքը, երեկ երեկոյան ես հայտնեցի իմ վճիռը Մարգարիտայիս, որքան էլ նա կամ յուր մայրը գոհ չեղան այս հայտնությամբ, այսուամենայնիվ իմ վճիռը անդառնալի է. և ես այսօր իսկ մտադիր եմ վերադարձնել այն երիտասարդին յուր հարսնախոսության մատանին»:
Ես ավելի նրանց լսել չկարողացա, ոտքերս թուլացան և ես մի կերպ քարշ գալով դուրս ընկա պատշգամը, հետո Մարին օգնեց ինձ մորիցս ծածուկ կառք նստելու և ինձ այստեղ ձգելու…
Այս խոսքերից ետ Մարգարիտան մի վայրկյան նայեց ուղղակի իմ աչքերին և բացականչեց,
– Աստվա՛ծ իմ, քեզ վերա ոչինչ ազդեցություն չէ անում իմ բերած գույժը, ես խելագարվո՛ ւմ եմ…
– Մի՞ անհանգստանար, Մարգարիտա՞, – պատասխանեցի ես սեղմելով նրան իմ կրծքին, – մարդու դեմքը միշտ սրտի թարգմանը չէ, և դու գուցե սարսափես, եթե բանամ քեզ այդ սիրտը, բայց ճշմարիտ է, որ քո բերած գույժը ինձ վերա քո սպասած ազդեցությունը չարավ, այդ նրա համար է, որ ես նրան առաջին անգամ չեմ լսում…
– Ի՞նչ, մի՞թե դու այդ գիտեիր արդեն, – ընդհատեց ինձ Մարգարիտան:
– Այո, ես դեռ մի փոքր ավելին գիտեմ, – պատասխանեցի ես և պատմեցի նրան Կլեմես սարկավագի ինձ խոսածները:
Երբ խոսքս վերջացրի, մտավ մեզ մոտ քույրս: Նա յուր դրացուհվո մոտից էր գալիս և դեռ ոչինչ չգիտեր: Մեր վրդովված դեմքերը նրան գրեթե սարսափեցրին: Անհանգստությամբ հարցրեց նա մեր տխրության պատճառը, մենք պատմեցինք նրան բոլորը: Խեղճ քույրս սրտնեղությունից չկարողացավ մի բառ անգամ արտասանել և սկսավ լաց լինել, Մարգարիտան արդեն մի առիթ էր որոնում, նա էլ քրոջս ընկերացավ: Բանից երևում էր, որ նրանք ինձանից ավելի լավ էին հասկանում մեր թշվառության ծանրությունը, ըստ որում ավելի լավ էին ճանաչում իմ աներոջ բնավորությունը և կաթոլիկ կղերի զորությունը: Երկար թախանձելուց հետ հազիվ կարողացա հանդարտեցնել նրանց: Հետո քրոջս խնդրեցի, որ Մարգարիտային ընկերակցե մինչև իրենց տունը, իսկ ես պատրաստվեցա այցելել պատեր-Սիմոնին և նրա երկու նոր ընկերներին:
Ես կամենում էի հենց միևնույն օրվա մեջ որոշել իմ բախտը, կամ հաղթել և տիրել իմ սեփականությանը և կամ ընկնել առանց երկար տանջվելու: Մարգարիտան համաձայն էր ինձ հետ:
ԿԱԹՈԼԻԿ ԿՂԵՐԻ ՄՈՏ
Բաժանվելով Մարգարիտայից ես դիմեցի դեպի պատեր-Սիմոնի տունը: Ճանապարհին զանազան մտքեր պաշարել էին ինձ. կամ մտածում էի՝ գնալ և այդ մարդուց հաշիվ պահանջել յուր գործած չարությունների համար և տալ նրան յուր արժանավոր հատուցումը, կամ դիմել նրան և աղաչել, որ հեռացնե ինձանից յուր ցասումը և արգելք չդառնա մեր միությանը. երբեմն էլ մտածում էի՝ ընկնել քարոզիչ Լորենտանոյի ոտքերը և աղերսել նրա օգնությունը, զիջանելով նրան մինչև անգամ իմ կրոնական համոզմունքները… բայց վերջին երկու միջոցը իմ արժանապատվությունը վիրավորող էի գտնում: «Ոչնչացնել, կամ ոչնչանալ» վճռեցի ես վերջապես և նոր ուժով կազդուրված քայլերս շտապեցրի:
Երեք ընկերները հենց նոր էին վերադարձել Լուսինյանների տնից: Շատ քաղցր բարեկամությամբ նրանք ընդունեցին ինձ: Պատեր-Սիմոնը քաղաքավարությամբ ծանոթացրեց ինձ Ֆրանցիսկոս Լորենտանո քարոզչի և գիտնական պատեր-Պետրեի հետ:
Ֆրանցիսկոս Լորենտանոն հասակն առած մոտ հիսուն և հինգ տարեկան մի մարդ էր. բարձրահասակ և վայելչակազմ, դեմքը շատ քաղցր և ժպտող, նրա երեսի վերա փայլում էր կատարյալ առողջություն, իսկ այտերը վառվում էին մի նորատի կնոջ դեմքին հատուկ կարմրությամբ: Նրա սափրած ծնոտի տակ հանգչում էր մի երկրորդ ծնոտ, որ ալիքավոր անհավասարությամբ իջնում միանում յուր պարանոցի հետ: Նրա ամբողջ կազմվածքի ներդաշնակությունը խանգարում էր միայն պատերական լայն և ուռած փորը, որի վերա չէր կարողանում տիրապետել յուր ոչ պակաս լայնադիր կուրծքը: Մի քանի րոպե ես հիացմունքով նայեցի նրա վերա:
Այդ մարդին արտաքուստ դատելով ես չար չգտի. նրա ձայնի և նայվածքի մեջ կար մի բան, որ կախարդում էր: Շինծո՞ւ էր այդ, թե՞ բնական, դեռ չգիտեի:
Պատեր-Պետրեն, ընդհակառակը, նիհար, հակակրական դեմքով և մաշված կազմվածքով մի արարած էր. նրա դեմքի և նայվածքի մեջ ես պարզ կարդում էի դիվական չարություն: Նրա ձայնն անգամ անախորժ էր և խռպոտ: Առաջին անգամից իսկ ես զզվեցա նրանից:
Նստելով ինձ առաջարկած աթոռի վերա, ես թույլ չտվի իմ նոր բարեկամներին մի որևէ քաղցր խոսք փոխանակել ինձ հետ, կասկածելով կորցնել խստությունս, ուստի ուղղակի գործից սկսեցի.
– Վերապատվելի հարք, դուք արդեն ամեն բան գիտեք, և կարող եք գուշակել նույնիսկ իմ այցելության պատճառը, – ասացի ես, – հետևապես ես ձեզ նոր բան պատմելու կարևորություն չեմ տեսնում: Ես սիրում եմ Լուսինյանի աղջկան և արդեն նշանված եմ նրա վերա, այդ գիտեք դուք: Բայց մեր ամուսնությունը ձեզ հաճելի չէ, որովհետև աղջիկը պատկանում է կաթոլիկ դավանության, և դրա համար էլ դուք ամեն ջանք գործ եք դնում խափանել մեր միությունը: Ես եկա հարցնելու ձեզ, վերապատվելի հարք, թե ի՞նչ բարիք ստեղծելու՞ համար եք գործում այդ չարությունը, և թե ի՞նչ է ձեր պահանջը ինձանից:
– Չարություն մենք չենք գործում, – քաղցրությամբ պատասխանեց քարոզիչը, – Հիսուս Քրիստոսը երբեք յուր աշակերտներին չարություն չէ սովորեցրել…
– Այդ ես գիտեմ, – դառնությամբ ընդհատեցի նրան, – բայց դուք ձեր վարմունքով նրա աշակերտներին չեք նմանում. Քրիստոս սեր էր քարոզում, իսկ դուք սերը քանդում եք…
Այս խոսքի վերա Ֆրանցիսկոս Լորենտանոն ձեռքերը դեպի վեր բարձրացրեց և աչքերը առաստաղի վերա սևեռելով երկյուղած ձայնով բացականչեց.
– Ով սուրբ Տիրամայր, բարեխոսիր քո անմահ Հիսուսին, որ ներե այս հայհոյող մահկանացուին, որ լուսավորե այս մոլորյալի աչքերը և առաջնորդե նրան դեպի ճշմարտության ճանապարհը…
Իսկույն մյուս երկու ֆրերներն էլ հետևեցին քարոզչի օրինակին. կարծես թե այստեղ մի կրոնական ծանր արարողություն էր կատարվում:
Այս կատակերգությունը թեպետ մի վայրկյան շարժեց իմ ծիծաղը, բայց ավելի զայրույթս գրգռեց: Ես տեսա, որ այս մարդիկ ինձ մի անփորձ տղայի տեղ դնելով կրոնական թեորիաներով են ուզում ճնշել սրտիս մեջ ալեկոծվող կատաղությունը:
– Վերապատվելի հարք, ես հավատում եմ ձեր ջերմեռանդությանը, – ընդհատեցի ես նրանց, – բայց այս րոպեին ես կարոտում եմ ավելի ձեր ճշմարտախոսությանը քան թե աստվածապաշտությանը: Ասացեք ինձ, ինչո՞ւ համար եք դժբախտացնում երկու սիրող սրտեր: Ինչո՞ւ համար եք խեղդամահ անում մի կյանք, որ սկսում է շնչավորվիլ, մի՞թե այդ ձեզ սուրբ Տիրամոր որդին է սովորեցրել:
– Որդյակ, դուք դարձյալ հայհոյում եք. բայց դա հանցանք է, – կրկին սկսավ խոսել քարոզիչը: – Մենք սուրբ ավետարանի աշակերտներ ենք և քարոզում ենք խաղաղություն, մենք ձեզ էլ ներում ենք, որովհետև Հիսուս Քրիստոսը ներողություն քարոզեց, մենք աղոթում ենք միայն հոգիների փրկության համար…
Այս աննպատակ և անմիտ խոսքերը սկսում էին ձանձրացնել ինձ, քարոզիչը խուսափում էր իմ հարցերին ուղղակի պատասխանելուց:
– Ֆրանցիսկոս Լորենտանո, ձեզ երդվեցնում եմ ձեր վարդապետ Հիսուսի անունով, խոսեցեք ինձ հետ անկեղծությամբ, ես անմիտ քարոզներ լսելու ժամանակ չունիմ. – ինչու՞ համար եք արգելում իմ և Լուսինյանի դստեր ամուսնությունը, դուք, որ խաղաղություն եք քարոզում, դուք, որ հոգիների փրկության համար եք աղոթում, պետք է, որ հոգիների կորուստյան համար էլ դավեր չլարեք, բայց դուք այդ անում եք. դուք մոլորեցնում եք խեղճ աղջկա հորը, դուք նրան դժոխքի ճիվաղներով և սատանաներով եք սպառնում, դուք նրան ավետարանի ճշմարտությունը քարոզելու փոխարեն, առասպելական մոլորություններով եք զբաղեցնում, ա՞յդ է միթե հոգիների փրկության համար աշխատելը:
– Մենք ձեր ամուսնության գործում չենք խառնվում, որովհետև դա հոգիների փրկության չէ վերաբերում, մենք չենք խառնվում և սիրահարական գործերում, որը դևերից ներշնչված մի զգացմունք է. մենք կցանկանայինք փրկել ձեր հոգին, եթե այդ դուք կամենայիք, մենք մինչև անգամ մաղթանքներ կուղղեինք ձեր հոգվո փրկության համար առ սուրբ Տիրամայրն, որ նա բարեխոսեր ձեր մասին Հիսուսի անմահ աթոռի առաջ: Կհամաձայնվեի՞ք դուք փրկել ձեր հոգին, ասացե՛ք, մենք կաշխատենք դրա համար:
– Այո՛, այո՛, մենք կաշխատենք դրա համար, – գրեթե միաբերան կրկնեցին Սիմոն և Պետրե պատերները:
Ես պարզ տեսնում էի, որ այդ մարդիկը դիտմամբ ուզում են ինձ հիմարացնել: Իմ բոլոր հարցերը նրանք խեղաթյուրում էին, էլ չարժեր երկարել:
– Ուրեմն ասում եք, որ մեր ամուսնության գործում դուք չեք խառնվում, – վերջնական հարցով դարձա ես քարոզչին:
– Ոչ, մենք չենք կարող խառնվել, – պատասխանեց նա, – բայց կցանկանայինք ձեզ դարձնել դեպի ճշմարիտ հավատը և փրկել ձեր հոգին:
– Հոգվո փրկությունը մի կողմ: Ուրեմն դուք չե՞ք արգելում Լուսինյանին, որ նա յուր աղջիկը ամուսնացնե ինձ հետ, – կրկնեցի ես:
– Մենք իրավունք չունինք. դա նրա գործն է, մենք միայն ուղղափառ հոգիների համար կարող ենք մտածել:
– Դուք այնքան բարի կլինեինք ուրեմն, որ այդ միևնույնը կրկնեք նրան, այնպես չէ՞ , – հարցրի ես:
– Այո՛, մենք կասենք նրան, որ սրբազան պապի ծառաները միայն ուղղափառ հոգիների փրկության համար կարող են մտածել:
– Եվ դուք չե՞ք արգելիլ, որ նա յուր աղջիկը ամուսնացնե ինձ հետ:
– Մենք ձեր հոգվո փրկության համար էլ կաղոթենք, – եղավ իմ հարցի պատասխանը:
Էլ երկարելու հարկ չկար, այս անմիտ հարց ու պատասխանը չէր հատնելու, եթե շարունակեինք: Ես վեր կացա և առանց պատվելիներին ողջունելու, գրգռված դուրս գնացի:
ՇԱՐԺՈՒՆ ԵՂԵԳՆ
Ինչպես տեսաք իմ բախտը դեռ մնաց անորոշ: Ես այցելեցի պատերներին նրա համար, որ վերջնականապես որոշեի իմ իրավունքի սահմանը – տիրել իմ սեփականությանը կամ զրկվիլ նրանից: Բայց երևի վճռաջինջ ատյանը այդտեղ չէր: Ես կես զայրացած և կես հուսահատ դիմեցի Լուսինյանների տունը: Հույս ունեի, թե այդտեղ վերջապես կգտնեմ իմ հանգիստը:
Զարմանալի՛ է, որքա՛ն մեծ ազդեցություն ունի մարդկային սրտի վերա երևակայությունը: Շատ անգամ նրա աշխարհում մարդ մի ամբողջ կյանք ապրում և վերջացնում է կատարյալ երջանկությամբ և այդ հենց այն ժամանակ, երբ իրական աշխարհի մեջ, միևնույն մարդը, ընկճված է կատարյալ թշվառության ներքո: Շատ անգամ էլ այդ գերբնական աշխարհը դառնում է մի հրավառ Սոդոմ, ուր իրական աշխարհի երջանիկները հրդեհվում են անողորմաբար: Պատիժը և վարձատրությունը չափվում է այդտեղ միայն մոլորության գնով: Որքան էլ խաբուսիկ է այդ աշխարհի գոյությունը, այսուամենայնիվ հոգիները ապրում են այնտեղ և մարդկային սիրտը վճարում է նրանց համար յուր հարկը:
Լուսինյանների տունը միևնույն էր. ոչինչ նրա մեջ չէր փոխվել: Այնտեղ էլի ապրում էր իմ Մարգարիտան յուր ծնողների հետ: Բայց ես նրա մեջ մեծամեծ փոփոխություններ էի տեսնում, իմ երևակայությունը ժխտում էր ա՞յն ամենի գոյությունը, ինչ որ ես դեռ մի երկու օր առաջ տեսել էի նրա մեջ: «Այնտեղ էլ սեր չկա, – ասում էր ինձ մի աներևույթ ձայն, – գգվանքները փախուստ են տվել այդ տանից, ընտանեկան խաղաղությանը հաջորդել է գժտության ոգին. մի փոքր էլ, և նա դժոխք կդառնա…»:
Եվ իրավ, երբ ես այդ տունը մտա, կարծես բոլոր ինձ ծանոթ առարկաները բողոք բարձին մի չար ոգվո դեմ, որ տխրության քողով պատել էր նրանց:
Տան բնակիչների վերա նույնպես տիրում էր մի ընդհանուր թախծություն: Նրանց բոլորին ես ժողոված գտի իմ զոքանչի սենյակում: Մարգարիտան լուռ նստած էր սենյակի մի անկյունում, նրա մոտ էր և քույրս: Լուսինյան այր և կին տաք տաք վիճաբանում էին, և երբ ես ներս մտա, նրանք լռեցին:
Ես լուռ ողջունեցի նրանց գլխի շարժումով և նստեցի դռան մոտիկ մի աթոռի վերա:
– Ինչո՞ւ համար ես այդտեղ նստում, Արամ, ե՛կ, այստեղ, նստիր ինձ մոտ, – քնքշաբար խոսեց զոքանչս և մի աթոռ քաշեց դեպի իրեն:
Ես լուռ նստա առաջարկած աթոռի վերա:
– Ինչո՞ւ համար ես տխուր, ինչո՞ւ չես խոսում, – կրկին անգամ հարցրեց զոքանչս:
– Ինչո՞վ ուրախ լինեմ, և ի՞նչ խոսեմ, ես դեռ չգիտեմ, թե արդյոք իրավունք ունեի՞ ձեր տուն մտնելու, թե՞ ոչ, – պատասխանեցի ես:
– Քանի որ ես կենդանի եմ, իմ տունը քեզ համար բաց է, դու իմ որդին և փեսաս ես, – ասաց նա, – ինձանից հետո միայն կարող են քեզ հեռացնել այստեղից:
– Արամը արդեն ամեն բան գիտե, նա խելոք երիտասարդ է և հույս ունիմ ինձ կհասկանա, թողեք, որ ես նրան հայտնեմ իմ միտքը, – այս խոսքերով մոտեցավ ինձ պ. Լուսինյանը և ուզում էր խոսել:
– Ոչինչ հարկավոր չէ ասել նրան, ես արդեն վճռել եմ, ես պատերների հրամանին հնազանդվող չեմ:
– Թողեք, մայրիկ, թողեք որ խոսե, ես կամենում եմ լսել նրան, – խնդրեցի ես զոքանչիս, և նա լռեց:
Պ. Լուսինյանը վերցրեց մի աթոռ և նստեց իմ հանդեպ:
– Դուք հիշո՞ւմ եք, բարեկամ, որ ես առաջին անգամից իսկ շատ լավ ընդունելություն արի ձեզ, – սկսեց խոսել նա, – ես ձեզ համակրեցի, հարգեցի, և հետո, երբ իմ դստեր ձեռքը խնդրեցիք, ես տվի նրան ձեզ: Այդ ժամանակ ես դեռ չէի մտածում տխուր ապագայի մասին, ճշմարիտն ասած, ես մինչև անգամ ձեր ինչ դավանության պատկանելը չգիտեի: Տեսնելով, որ Մարգարիտան համակրում է ձեզ, ես ցանկացա ամուսնացնել նրան ձեզ հետ: Դուք ինքներդ վկա էիք մինչև անգամ, թե ինչպես կոպտությամբ արտաքսեցի պատեր-Սիմոնին իմ տանից, որովհետև նա ընդդիմանում էր իմ դստեր կամքին: Այդ բոլորը ես արի Մարգարիտայիս սիրտը շահելու և նրան գոհացնելու համար: Բայց ամենն էլ անհեռատեսությամբ արի: Իմ վարմունքով ես դժոխքի կրակներին մատնել էի մի ամբողջ ընտանիքի հոգիները: Իմ Մարգարիտան, որին այնքան սիրում եմ ես, պետք է հավիտենական տանջանքների մատնվեր յուր հոր հիմարության պատճառով:
Իմ չարագործության լուրը արդեն հեռագրով հասել է սրբազան պապի ականջը: Եվ նա, որ մի օր օրհնել էր ինձ և որի օրհնությամբ ես այսքան տարի բախտավոր էի ապրում, այժմ, ինչպես ինքը քարոզիչն է պատմում, անիծել է ինձ և իմ բոլոր ընտանիքը: Ես հաստատ գիտեմ, որ մի քանի օր չանցած ես կդժբախտանամ, և ինձ հետ միասին էլ իմ անունը և ընտանիքը կկործանվի: Այս բավական չէ, դեռ մեր դժբախտ մահվանից հետո էլ մեր հոգիները հավիտենական կրակներում պիտի պապակին…
Ես ծիծաղեցի:
– Ո՛հ, մի ծիծաղեք, ես սուտ բան չեմ ասում, և եթե ձեր մեջ սիրտ և հոգի կա, օգնեցեք ինձ իմ այս հանցանքը քավելու, հեռացե՛ք իմ աղջկանից, այդ է մեր փրկության միակ ճանապարհը, և դրանով միայն մենք կկարողանանք սրբազան պապի ներողամտությունը վաստակելու:
– Ձեր կարծիքով ի՞նչ եմ ես, որ ինձ հետ բարեկամ լինելը դուք հանցանք եք համարում:
– Պատվելիները ասում են, որ դուք հերետիկոս եք:
– Բայց ի՞նչ բան է հերետիկոսը:
– Հերետիկո՛սը… Օ՛, հերետիկոսները աստված չունին, նրանք Հիսուս Քրիստոսին չեն ճանաչում, նրանք սուրբ աստվածամորը չեն պաշտում, նրանք սատանաների հետ են գործ շինում… Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող կորցնել իմ աղջիկը, ազատեցեք իմ ընտանիքը այդ պատուհասից, աղաչում եմ ձեզ…
Ես ապշած նայում էի այս մարդուն, նա շատ քիչ էր զանազանվում մի խելագարից: Բայց ի՞նչ պետք էր անել, նա ընտանիքի տեր էր, և այսօր իմ իրավունքը գտնվում էր նրա ձեռքում: Ես տեսնում էի, որ Մարգարիտան և յուր մայրը նույնպես նայում էին նրա վերա ինչպես մի հոգեպես հիվանդացած մարդու վերա, և իրենց տխուր նայվածքով կարծես ինձանից դեղ և դարման էին աղերսում նրա համար:
– Այդ բոլորը ձեզ պատմել են ձեր քահանաները, – պատասխանեցի ես, – բայց նրանք մի հատ ճշմարտություն անգամ չեն ասել ձեզ: Մենք և դուք մի ազգ և մի արյուն ենք. այդ դուք էլ գիտեք, այդ դուք ինքներդ էլ խոստովանեցիք հենց այն երեկոյան, երբ այն չարագործ պատերին արտաքսեցիք այս տեղից: Մենք էլ ձեզ նման քրիստոնյաներ ենք, մենք էլ միևնույն աստված և աստուծո որդին ենք պաշտում, որին և դուք: Ինչպես դուք եք սատանաներից հեռու փախչում, այնպես էլ մենք: Այդ բոլորը ինչ որ դուք մեր մասին ասացիք, խայտառակ զրպարտություններ են: Այդ անզգամները ձեզ խաբում են: Նույնիսկ պապը ձեր մասին ոչ կարող է մի բան լսել, և ոչ էլ կմտածե, թե ձեզ նման մի մարդ կա այս կորած անկյունում, այս և այն հանցանքն է գործում: Այդ շինծու խոսքերով այդ մարդիկ միայն խաբում են ձեզ: Բացեք ձեր աչքերը, ճանաչեցեք ձեր բարեկամներին և ազատեցեք ձեր տունը այդ անզգամների մեքենայություններից: Սրանց շարունակ քարոզությունները ձեզ արբեցրել են: Զգաստացե՞ ք, խեղճ եք դուք, խեղճ է ձեր ընտանիքը:
Պ. Լուսինյանը մի քանի վայրկյան հառեց ինձ վերա յուր աչքերը, և ապա ուրախ ուրախ մոտենալով բռնեց իմ ձեռքը և ասաց.
– Եթե այդ բոլորը ճշմարիտ է, և եթե դուք հերետիկոս չեք, աղաչում եմ ձեզ, վաղ առավոտ եկեք այստեղ, ես կկանչեմ և մեր պատվելիներին. ապացուցեք նրանց առաջ, որ դուք էլ ճշմարիտ քրիստոնյա եք, և ես այն ժամանակ կտամ ձեզ իմ Մարգարիտային, ինչպես խոստացել եմ:
Ես այդ րոպեին կատարելապես կարեկցում էի կրոնական նախապաշարմունքների այդ դժբախտ զոհին, մանավանդ որ նա իմ սիրած աղջկա հայրն էր, բայց ամենից ավելի կատաղում էի նրան մոլորեցնող դևերի դեմ: Այդ խեղճ մարդը անմեղ էր:
– Շատ լավ, ես վաղ առավոտ կգամ այստեղ, կանչիր և ձեր պատերներին. ես նրանց հետ կխոսեմ ձեր ներկայությամբ:
Պ. Լուսինյանը ուրախությունից չգիտեր ի՞նչ աներ, նա ջերմությամբ ողջունեց ինձ ու քրոջս և դուրս գնաց: Մի քառորդ ժամ Մարգարիտայի և նրա մոր հետ խոսակցելուց հետո մենք էլ դուրս եկանք:
Ճանապարհին մենք անցանք պատեր-Սիմոնի տան մոտից: Ներսից լսվում էին հարբած մարդկանց ձայներ: Ես հետաքրքրվեցա նայել պատուհանից. Քրիստոնեության առաքյալները կիսով չափ հանված նստած էին սեղանի շուրջը և կոնծում էին…
ՀԱՎԱՏԱՔՆՆՈԻԹՅՈԻՆ
Հետևյալ օրը ես շատ վաղ զարթեցի, որովհետև չարագուշակ երազները ամբողջ գիշեր վրդովում էին քունս: Արշալույսը նոր էր շառագունում, երբ ես հագնված և պատրաստ դուրս եկա տանից: Առավոտյան զովարար հովը կազդուրիչ ազդեցություն ունեցավ իմ մարմնո և հոգվո վերա: Ես կամենում էի իջնել ծովեզրը, ավելի և սթափվելու համար, բայց այդ ժամանակ եկեղեցվո զանգակները սկսան ղողանջել, և ես հիշեցի իմ այս օրվա ծանր պարտավորությունը:
Դեռ աշակերտությանց ժամանակից սկսած ես ատում էի կրոնական վիճաբանությունները, անօգուտ ժամավաճառություն անվանելով նրանց: Այսօր ես ինքս ստիպված էի այդ բանով զբաղվիլ իմ մահու և կյանքի խնդիրը վճռել կարողանալու համար: Բախտը շատ անգամ այս օրինակով է խաղում մարդու հետ: Բայց ամենից ցավալին այն էր, որ ես թեպետ իմ ուղղադավան լինելս գիտեի, բայց շատ թույլ էի կրոնական վիճաբանությունների մեջ և իսկապես չգիտեի, թե ինչ տարբերություններ կային մեր և կաթոլիկ եկեղեցիների մեջ: Կասկածելի էր, որ իմ այս տգիտության պատճառով ես կորցնեի մինչև անգամ իմ դատը:
Այս պատճառով ես վճռեցի տանել ինձ հետ տեր-Հովհաննեսին և այդ դատը նրան հանձնել: Այս դիտավորությամբ ես դիմեցի դեպի եկեղեցին: Աստուծո տան այդ օրվա այցելուները մի քանի պառավներ և նույնչափ ծերունիներ էին: Նրանք ջերմեռանդությամբ աղոթում էին. իսկ իմ ներկայությունը կարծես խանգարեց ընդհանուր ներդաշնակությունը:
Այսուամենայնիվ ես էլ սկսա աղոթել: Եվ ամբողջ իմ կյանքում չեմ հիշում այնպիսի վայրկյաններ, որոնց մեջ ես նույնչափ ջերմեռանդությամբ աղոթած լինեի, որպիսի ջերմեռանդությամբ ես այդտեղ աղոթեցի: Այդտեղ ես առաջին անգամ զգացի հոգեկան մխիթարության քաղցրությունը, – մի բարիք, որին չեն կարողանում ո՞չ հափշտակել և ո՞չ բռնաբարել…
Երբ ժամասացությունը վերջացավ և ժամավորները դուրս գնացին, ես մոտեցա տեր-Հովհաննեսին և ողջունեցի նրան:
– Ի՞նչպես է պատահել, որ այսօր եկեղեցի եք եկել, – հարցրեց նա ժպտալով:
– Այսօր աստծուն աղոթելու կարիք զգացի, – պատասխանեցի ես: Տեր Հովհաննեսը երևի գիտեր իմ գլխին հասած չարիքը, ուստի.
– Միշտ այդպես է. թշվառությանը հասած ժամանակն են մարդիկ դիմում աստծուն, – նկատեց նա ծանրությամբ, – բայց ավելի լավ կլիներ եթե նրանք մինչև թշվառության հասնելը հիշեին նրան:
Ես կարմրեցի: Բայց բարի քահանան իսկույն փոխեց յուր խոսակցության եղանակը և սկսավ իմ ակնարկած թշվառության մասին հարցուփորձել ինձ:
Ես ամեն բան մանրամասնաբար պատմեցի նրան:
Եվ հետո երբ իրեն հայտնեցի իմ դիտավորությունը, նրան Լուսինյանի տունը տանելու համար, նա ուրախությամբ համաձայնվեցավ: Բայց ամենից առաջ մենք մտինք յուր տունը, որը գտնվում էր եկեղեցվո բակում, թեյ առնելու համար:
Օրիորդ Վարդուհին դիմավորեց մեզ յուր սովորական ուրախ և կատակներ անելու պատրաստ տրամադրությամբ և. ծանոթացրեց ինձ յուր քրոջ և մոր հետ:
Որքան էլ որ ես տրամադիր չէի ծիծաղելու, դարձյալ նրա զվարճախոսությունները կորզում էին մի մի ժպիտ իմ շրթունքներից: Ինձ հետ պատահած անախորժ դեպքն անգամ նա յուր կատակների նյութն էր շինում:
– Երջանիկ հոգի, երբեք չես ծերանալ, – ասում էի ես նրան:
Բայց, իհարկե, ով կարող էր երաշխավորել, թե նրա գեղածիծաղ պատանեկությունը մի օր չէր ընկճվիլ ամենածանր թշվառության տակ:
Մի ժամից հետո ես և տեր – Հովհաննեսն ուղղվեցանք դեպի Լուսինյանների տունը: Երբ ներս մտանք արդեն նրանց ընդունարանում նստած էին Ֆրանցիսկոս Լորենտանո քարոզիչը և նրա աջ ու ձախ կողքերին Սիմոն ու Պետրե պատերները: Նրանց երեսների վերա նշմարվում էր մի խորհրդավոր և լուրջ մտածություն, իսկ իրենց բարեպաշտ հայացքները սևեռված էին Պիոս 9-րդի պատկերի վերա: Ըստ երևույթին, նրանք տեր-Հովհաննեսին չէին սպասում, որովհետև տանուտերը ինքն էլ չգիտեր, թե նա պիտի գար ինձ հետ. ուստի երբ մենք ներս մտանք, նրանք բոլորն էլ մի անհանգիստ շարժում գործեցին: Պ. Լուսինյանը իսկույն բարձրացավ աթոռից, ողջունեց տեր-հորը և առաջարկեց նրան յուր աթոռը:
Երբ մենք մեր տեղերը բռնեցինք, ավագերեց քարոզիչը բարձրացավ տեղից և դառնալով յուր ընկերներին, ասաց.
– Մենք այս անգամ էլ խաբվեցանք մեր անհնազանդ հավատացյալից, գնանք, նա արժանի չէ սուրբերի սիրելին դառնալու, – և իսկույն երկու պատերները ոտքի կանգնեցան:
– Ո՞ ւր եք գնում, պատվելիներ, դուք գործի համար էիք եկած իմ տունը, – մի փոքր վրդովված հարցրեց Լուսինյանը;
– Դուք մեզ չէիք հայտնած, թե հայոց քահանայի հետ պետք է մենք գործ ունենանք, մենք այլադավանների հետ ժամավաճառ լինել չենք կարող…
– Իմ քահանային ես ինքս բերի: Պ. Լուսինյանը այդ մասին տեղեկություն չունի, – ընդհատեցի ես քարոզչին:
Բայց վերջինս մինչև անգամ չնայեց իմ երեսին:
– Պատվելի, դուք լսեցիք, որ պարոնը խոստովանեց ճշմարտությունը. ես ձեզ խաբելու կարիք չունեի, – խոսեց կրկին Լուսինյանը և սպասում էր քարոզչի ներողամտությանն արժանանալու:
Բայց պատվելիները պատրաստվում էին արդեն անհնազանդ հավատացյալի տունը թողնելու:
– Որովհետև ես երկար Ժամանակ այս անորոշ դրության մեջ մնալ և իմ ընտանիքը խռովության մեջ պահել չեմ կարող, – առաջ անցնելով խոսաց պ. Լուսինյանը, – ուստի հայտնում եմ ձեզ, պատվելի հայրեր, որ եթե դուք ինձ հակառակը չեք համոզիլ, ես հենց այս երեկո կպսակեմ նրա հետ իմ աղջիկը:
Այս անկեղծ և վճռողական սպառնալիքը յուր ներգործությունը ունեցավ պատերների վերա, նրանք ետ դարձան:
– Մենք չենք հրաժարվում, – միաբերան բացականչեցին պատերները և հանդիսավոր կերպարանք առնելով‘ շարվեցան փափուկ բազմարանի վերա:
– Դուք կամենում եք, որ ես ձեր փեսայի հետ հավատի մասին դատողություն անեմ, – դարձավ Լուսինյանին քարոզիչը, – շատ լավ, ես այդ կանեմ, միայն թող նա մի առ մի պատասխանե իմ հարցերին:
Այս ասելով նա դարձավ դեպի ինձ և սկսավ յուր հարցաքննությունը:
Ես հայտնեցի հավատաքննիչ պատերին, որ յուր բոլոր հարցերին անձամբ պատասխանել չէի կարող, որովհետև իմ դավանության վերաբերյալ խնդիրների հետ ես ինքս էլ լավ ծանոթ չէի: Ուստի խնդրեցի, որ նա այդ հարցերը տեր-Հովհաննեսին ուղղե, ինչպես իմ հավատո ուսուցչին և պաշտպանին:
Քարոզիչ պատերը համաձայնվեցավ:
Եվ ահա շուտավ հանդես բերվեցան կրոնական այն մանրակրկիտ խնդիրները, որոնք երկար դարեր զբաղեցնում էին եկեղեցական և հոգևոր աշխարհները:
Այդ հավատաքննությունը բավական ժամանակ տևեց: Ես մեծ հոժարությամբ լսում էի երկու կողմի վիճաբանություններն էլ, որոնք հետզհետե տաքանում էին և երկարում:
Տեր-Հովհաննեսը քաջությամբ էր պաշտպանում իմ դատը և փաստերով հերքում քարոզչի մեղադրանքները: Երկու օգնական պատերները մի քանի րոպե մնացել էին շվարած, իսկ Լուսինյանի ուրախությունը հետզհետե ավելանում էր:
– Ես այժմ ամեն բան հասկացա, ես էլ չեմ զղջում, – շուտ շուտ կրկնում էր, նաև յուր ցնծությամբ լի աչքերը դարձնում մերթ ինձ և մերթ տեր-Հովհաննեսի վերա:
Երբ օգնական պատերների միջամտությունը սպասված ընդունելությունը չգտավ, կրկին քարոզիչը վիճաբանության մեջ մտավ Տեր-Հովհաննեսի հետ: Բայց տեր-հայրը դեռ չէր պատասխանել նրան, երբ դիմացի դուռը բացվեցավ, և Մարգարիտան ներս մտավ հավատաքննական ատյանը:
Բոլորը լռեցին և ուղղվեցան իրենց աթոռների մեջ. իսկ իմ մարմնի վրայից անցավ մի հանկարծական սարսուռ…
Մարգարիտայի դեմքը թեպետ տխրությունից դալկացած, բայց յուր աչքերը զայրույթից վառվում էին. նա այդ րոպեին և՛ գեղեցիկ, և՛ զարհուրելի էր… Հառաջանալով դեպի հավատաքննիչները, նա կանգնեց նրանց դեմ առ դեմ և սրտմտությունից դողացող ձայնով ասաց.
– Պատվելիներ, դուք շատ խոսացիք և ապարդյուն խոսացիք. այժմ հերթն իմն է, ուրեմն ինձ լսեցեք: – Ձեր բոլոր վիճաբանությունները, ձեր քննությունները և ընդդիմախոսությունները ինձ համար են. դուք կամենում եք փրկել իմ հոգին դժոխքից, շնորհակալ եմ ձեր հոգատարության համար: Բայց թույլ տվեք ինձ անկեղծ լինել և խոստովանել իմ զգացումները և հավատը: – Ես սիրում եմ այս երիտասարդին, (նա այդ ժամանակ մատնացույց արավ ինձ վերա), և իմ հոգին մեր միությունից չի կորչիլ: Այս երիտասարդին եմ նվիրել ես իմ սիրտը, այս երիտասարդին էլ կնվիրեմ այդ հոգին… Ազատեցե՛ք մեր տունը ձեր խռովարարությունից, դարձրե՛ք մեզ մեր ընտանեկան խաղաղությունը…Եթե դուք քրիստոնեությունն եք պաշտպանում, քրիստոնեությունը իմ խնդիրքի մեջ է, պատկառ կացեք նրան: Բայց դուք կամենում եք դեռ երկար համառել, հավատացեք, որ այդ համառումը ապարդյուն կլինի, որովհետև ես իմ կամքիս հաստատ եմ և իմ զգացմունքներիս հավատարիմ:
Այս ասելով նա մի մտերմական, բայց դեռ զայրույթից անբաժան ակնարկ ձգեց ինձ վերա և դուռը շառաչմամբ փակելով, դուրս գնաց:
Պ. Լուսինյանը մնացել էր ապշած, ես և տեր-Հովհաննեսը հիացել էինք, իսկ հավատաքննիչ պատերները ձեռնամբարձ աղոթում էին դեպի Պիոս 9-րդի պատկերը:
Մի քանի րոպեից հետ տեր-հոր ընկերակցությամբ ես էլ դուրս գնացի հավատաքննական ատենից: Թե ինչ պատահեց այնուհետև պատերների հետ, ես չիմացա:
ՄԻ ՆՈՐ ՓՈՐՁ
Մեր հավատաքննական հաշիվը կաթոլիկ կղերի հետ վերջացնելուց հետո պ. Լուսինյանը բոլորովին փոխվել և նոր հոգի ու սիրտ էր ստացել: Այն բոլոր վշտերը, որ նա յուր վարմունքով պատճառել էր ինձ և Մարգարիտային, այժմ աշխատում էր մոռացնել տալ մեզ: Նա ինքը զանազան զվարճություններ էր պատրաստում մեզ համար, դաշտային զբոսանքների էր հրավիրում մեզ և տխուր անցքերի հիշատակը մեր մտքերից գլխովին ջնջելու համար փոքրիկ խնջույքներ էր սարքում յուր տան մեջ կամ այգիում և հրավիրում ինձ և Մարգարիտային սիրելի ընկերությունները:
Ճշմարիտ սիրող սրտերը չափազանց դյուրազգաց են լինում, որքան շուտ են վիրավորվում նրանք մարդիկների անիրավությունից, նույնչափ շուտ էլ խանդաղատվում են նրանց բարությունով: Ապագայի փոքրիկ քաղցրության հասնելուն պես անցյալի մեծ դառնությունները երազի նման անհետանում են սիրող մարդու աչքում, որովհետև սերը ինքը տրամադիր է միշտ չարությունը մոռանալու: Տվեք նրան երջանիկ լինելու համար մի օր, և նա կներե ամբողջ տարիների ընթացքում ձեր յուր դեմ լարած մեքենայությանց բոլոր հանցանքը…
Զարմանալի չէր լինիլ ուրեմն, եթե ես և Մարգարիտան նույնպես հեշտությամբ մոռացության տայինք մեր կրած վշտերը: Առաջին անգամ երբ ես կրկին լսեցի Լուսինյանից, որ նա չէ մերժում այլևս յուր դստեր ձեռքը ինձ տալու, ուրախությունից չգիտեի ինչ անել: Մարգարիտան այդ ժամանակ կանգնած էր ինձ մոտ ներքին հրճվանքից այրվող երեսով, յուր հոր վճիռը լսելուն պես մեր հայացքները ուղղվեցան միմյանց, և մենք ինքնաբերաբար գրկախառնվեցանք, ջերմությամբ սեղմվեցինք իրար և արտասվեցինք… այդ րոպեին ես էլ ուրիշ բան չէի հիշում բացի այն, որ Մարգարիտան իմ գրկումս էր, որ Մարգարիտան իմն էր…
«Օ՛ն և օ՛ն, էլ ոչ մի ույժ, էլ ոչ մի մեքենայություն չէր կարող խլել նրան ինձանից, – մտածում էի ես, – այս անգամ ես Մարգարիտային իմ կրծքի վերա, իմ գրկերի մեջ պիտի պահեմ. առաջ մահ և ապա թե պարտություն…»:
Երկու օր անցավ, երկու երջանիկ օրեր: Ամեն բան լավ էր գնում, վերքերը արդեն բուժվել էին, սերը ապրում էր…
Մենք նորեն ձեռք առինք այն մենավոր զբոսանքները, որոնք սնունդ և կյանք են տալիս սիրահարներին: Մեր զրույցները թեպետ մի առ ժամանակ անցյալ վշտերին և մեր դեմ լարած մեքենայություններին էին նվիրված, բայց շուտով էլ նախնի կերպարանքն առին: – Սիրել, սիրվիլ, ամուսնական երջանկություն, ապագայի երջանկություն… ահա այն խնդիրները, որոնք զբաղեցնում էին մեզ:
Շուտով քաղաքի մեջ էլ սկսան խոսել մեր մոտալուտ հարսանիքի վերա և զվարճասեր օրիորդները դարձյալ տուալետներով գբաղվիլ սկսան:
Բայց «մարդը մտադրվում է, աստված կարգադրում է». դեռ ոչ ոք չէր գուշակել այն, ինչ որ կատարվեցավ:
Լուսինյանի վերջնական համաձայնությունը առնելուս երրորդ օրն էր: Համաձայն մեր նախընթաց ավուր ժամադրության ես մեր տան մեջ սպասում էի Մարգարիտային: Բայց որոշյալ ժամանակից մի քանի ժամ արդեն անցել էր, և նա չէր երևում: Ես սկսում էի անհանգստանալ. մի փոքր հետո որոշեցի գնալ իրեն մոտ: Բայց դեռ նախասենյակից դուրս չէի եկել, երբ Մարիին տեսա, որը գալիս էր ինձ մոտ:
– Բարի լինի գալուստդ, ի՞նչ կա, – հարցրի ես.
Մարին ոչինչ չպատասխանեց և տվավ ինձ մի նամակ: Նրա լռությունը և դեմքի չափազանց տխրությունը արդեն գուժում էին ինձ մի նոր դժբախտություն: Ես շտապ շտապ բացի նամակը և կարդացի.
«Սիրեցյալդ իմ Արամ:
Որքան էլ դու հավատում էիր մեր բախտին, այսուամենայնիվ ես թերահավատում էի, թեպետ չէի արտահայտում այդ զգացմունքը, թերահավատում էի, որովհետև մի անգամ այս բախտը սկսել էր գլորվիլ և պիտի մինչև վերջը գլորվեր… Մի նոր դժբախտություն էլ այսօր երևան եկավ. պատրաստվիր նրան էլ քաջությամբ դիմավորելու, մինչև որ ես կգամ քեզ մոտ: Այս անգամ ես զգում եմ արդեն, որ կարող եմ հերոսուհի լինել. պատրաստվիր ինձ հետ միասին հերոսանալու: Դժբախտության մեջ երջանկություն գտնել անկարելի են համարում փիլիսոփաները, բայց մենք կապացուցենք դրա կարելիությունը:
Այսօր քեզ հետ կդարձնեն քո նշանատվության ընծաները. ընդունի՞ր նրանց անվրդով, առանց տխրության, որովհետև նրանց մեջ չես գտնիլ այն ընծան, որ ամենից թանկագին է և որը քո հոգին է նվիրել ինձ. նա պահվում է իմ կրծքի տակ և մարդկային ձեռքը անզոր է նրան այնտեղից դուրս խլելու:
Մինչև ընդ փույթ ցտեսություն:
Քո Մարգարիտա»:
Նամակը կարդալուց ետ իմ սիրտը բոլորովին հանգիստ էր. Մարին զարմացավ իմ սառնասրտության վերա:
– Գնա՛ և ասա՛ Մարգարիտային, որ ես չտխրեցի, – ասացի նրան և դուրս գնացի պատշգամբ:
Բայց որովհետև քույրս դեռ ոչինչ չգիտեր և կարող էր այլայվիլ եթե իմ նշանատվության ընծաները հետ բերեին մեզ, ուստի նրան էլ կանչեցի ինձ մոտ և նամակը կարդացի իրեն:
Ինչպե՞ս կարող էր լսել մի թույլ կին այս հայտնությունը. հենց այդպես էլ լսեց նա: Կսկիծ, զայրույթ, հոգեկան այլայլություն և վերջը վհատություն ու լաց՝ ահա այն զենքերը, որոնցով իմ քույրը դիմավորեց իմ հաղորդած չարագույժ նորությանը:
Բայց ես սկսա համոզել, խոսքերով մխիթարել նրան, հասկացնելով, որ ինձ ոչինչ տխրություն չեն կարող պատկառել հետ դարձող ընծաները, բավական է, որ Մարգարիտան այս դեպքում այնքան արիություն է ցույց տալիս:
Քիչ ժամանակ չանցած մեզ մոտ մտավ ոստիկանական մի պաշտոնյա, քաղաքի նոտարի հետ միասին:
– Մենք ձեզ մի քանի իրեղեններ ունինք հանձնելու համաձայն այն հրամանին, որ Սարատովի գերապայծառը նույն տեղի ոստիկանության միջոցով հեռագրով հաղորդել է մեր ոստիկանատանը, – ասաց պաշտոնյան և բանալով յուր անթի տակ առած արկղիկը, հանեց նրա միջից իմ նշանատվության ընծաները և մի մի համարելով հանձնեց ինձ: Հետո նոտարը բացավ մի մատյան, որի մեջ ցուցակագրված էին այդ իրեղենները և ինձ առաջարկեց ստացումս ստորագրելու: Ես իհարկե կատարեցի այդ առաջարկությունն էլ:
Այս պաշտոնական այցելությունը վերջացնելուց հետ մեր անծանոթ հյուրերը քաղաքավարությամբ ողջունեցին մեզ և դուրս գնացին:
Թեպետ ես շատ լավ համոզված էի, որ մեզ բերած անշունչ առարկաները չէին մեր սիրո պատճառն ու գրավական, թեպետ ես գիտեի, որ ոչ մի պաշտոնական նշանադրություն կամ քահանայական օրհնություններ չէին կարող սրտեր կապել և մի ամուսնություն երջանիկ անել, եթե սերը չէր սրտերի կապը, եթե սերը չէր ամուսնության թագադիրը, այսուամենայնիվ ես չկարողացա այդ ժամուն զսպել իմ վրդովմունքը: Այդ հետ դարձրած ընծաները իմ .աչքում մի մի կենդանի հոգիներ էին երևում, սևասքող և տխրադեմ, ես երկար նրանց նայել չկարողացա և հրամայեցի քրոջս հեռացնել իմ աչքից: Մինչև այդ, ես դեռ մի փոքր արիություն էի պահպանում, բայց երբ քույրս մոտեցավ գոհարներին և նրանց մինը վերցնելուն պես լաց եղավ, ես այլևս չկարողացա զսպել ինձ. ես էլ իսկույն արտասվեցա… Բայց ամոթից թաքցրի այդ արտասուքները և դուրս գնացի:
Երեկոյան դեմ Մարգարիտան եկավ ինձ մոտ: Այդ միջոցին ես միայնակ նստած իմ սենյակում խորասուզվել էի տխուր մտածմունքների մեջ: Ես մինչև անգամ մոռացել էի, որ Մարգարիտան ժամադիր էր եղել ինձ այցելելու, և նրան չէի սպասում:
Մտնելով սենյակս նա ժպտալով ողջունեց ինձ: Ես բոլորովին շվարած նայեցի նրա վերա:
– Զարմանո՞՜ւմ ես, որ ես տխրամած դեմքով չեմ հանդիպում քեզ, – հարցրեց նա:
– Մի՞թե չպետք է զարմանամ, – պատասխանեցի ես և դողդոջուն ձեռքով նրա աջը սեղմեցի:
– Եթե դու հոգեբան լինեիր, ինձ կհասկանայիր, – պատասխանեց նա, – շատ անգամ ծայրահեղ չարիքները մեծամեծ բարիքներ են ծնեցնում, որովհետև թշվառության ծանրությունը ստիպում է մարդիկներին զգաստանալ և հաղթահարել նրան: Եթե չար ոգիները այսքան եռանդով զինվեին իմ բախտի դեմ, երբեք ես չէի վստահանալ նրանց դեմ ապստամբվելու: Այժմ չոր փայտի հետ դալարն էլ պիտի այրվի, ես…արդեն որոշել եմ:
Մարգարիտան այնպիսի հաստատուն ձայնով արտասանեց յուր այս խոսքերը, որ ես մի վայրկյան սարսափեցի:
– Ի՞նչ ես որոշել դու անելու, – անհանգստությամբ հարցրի ես, – քո ողջույնի ժպիտը ուրախության ժպիտ չէր. այլ հուսահատության, ասա ինձ, մի՞թե դու որոշել ես ինձ կրկնապատիկ անբախտացնելու…
– Անբախտացնել, ինչու՞ համար, – բացականչեց նա ոգևորությամբ, – ես կամենում եմ դեռ ապրել և քեզ հետ միասին երջանկանալ: Մի՞թե դու կարծում ես, թե ես անձնասպանության վերա՞ եմ մտածում, բնավ, դեռ իմ հոգին այդքան ընկճված չէ, դեռ ես պետք է ապրեմ իմ թշնամիներին վրեժխնդիր լինելու համար…
– Մարգարիտա, դու ինձ հիացնում ես, ի՞նչ ես որոշել դու, ասա՞ շուտով, ես կամենում եմ իմանալ:
– Ես քեզ կասեմ, բայց ո՛չ այստեղ, – պատասխանեց նա, – գնանք դուրս, դու ամբողջ օրը սենյակումն ես փակվել, այդ լավ չէ: Բացի այդ, ես կամենում եմ մի քիչ զբոսնել քեզ հետ այգում: Գնա՛նք, ամեն բան դու այնտեղ կլսես:
Ես հնազանդվեցա:
Քույրս երևի կարծելով, որ ես արդեն քնանում եմ իմ սենյակում, ինքն էլ միամտվել և քնել էր յուր ննջարանում: Ես չկամեցա արթնացնել նրան, բայց կասկածելով, որ այսպիսի միջոցներում իմ բացակայությունը կարող էր նրան անհանգստացնել, պատվիրեցի ծառային հայտնել նրան մեր տեղը և ապա մենք դուրս գնացինք:
Երբ այգին հասանք, արեգակը խոնարհվում էր դեպի յուր մուտը. նրա վերջին ճառագայթները խաղում էին կանաչազարդ ծառերի կատարների վերա: Երեկոյան հովին արդեն տեղի էր տվել ցերեկվա տոթը, և այգվո մենավոր ճեմիլիքների մեջ հետզհետե խռնվում էին զբոսնողների խմբակները: Մարդիկներից չտեսնվելու համար մենք հեռացանք մի ամենախուլ անկյուն, ուր գրեթե վերջանում էր այգվո ծառաստանը և սկսվում ծովի ավազուտը, և նստեցինք անձրևի ու ալիքների հարվածներից մաշված մի նստարանի վերա:
– Դու կամենում էիր իմ որոշման համար լսել, – հարցրեց Մարգարիտան:
– Ոչ, ամենից առաջ դու ինձ այն օրվա հանելուկի մասին պատմիր, ես նրա վերաբերությամբ, դեռ շվարման մեջ եմ, – պատասխանեցի ես: – Ո՞վ հրամայեց ձեզ հետ դարձնել ինձ իմ նշանադրության ընծաները:
– Այդ հրամանը եկավ Սարատովի եպիսկոպոսից և մեզ հաղորդվեցավ ոստիկանատնից, պատասխանեց Մարգարիտան: Գերապայծառը յուր պաշտոնական հեռագրի մեջ հայտնել էր ոստիկանապետին, որ ինքը հիմնվելով յուր վերապատվելի քարոզիչ Ֆրանցիսկոս Լորենտանի և Պետրե ու Սիմոն հայրերի հեռագրական զեկուցման վերա, մեծ և անզիջանելի չհասություն է գտնում Լուսինյան օրիորդի և Բյուրատյաների երիտասարդի ամուսնության մեջ, հետևապես օգտվելով յուր սրբազան իրավունքից արգելում է այդ միությունը. ընդ նմին և հրամայելով վերադարձնել երիտասարդին յուր նշանատվության առհավատչյան: Ահա բոլորը, ինչ որ ես գիտեմ այս օրվա հանելուկի մասին:
Ես աչքերս հառած լսում էի Մարգարիտային: Երբ խոսքը վերջացրավ, ես հարցրի նրան,
– Ի՞նչ մարդ է ձեր հայրը, դուք ճանաչո՞ւմ եք նրան:
– Այո՛, ճանաչում եմ, նա այն մարդիկներից մինն է, որոնք ապրում են՝ և մեռած են. որոնց ուղեղը աշխատում է՝ բայց իրենց համար, որոնց սիրտը բաբախում է՝ բայց ստրկական զգացումներով… այո, ես ճանաչում եմ իմ հորը:
– Եվ այդպես դու նրանից ոչինչ չե՞ս պահանջում:
– Ես նրանից ոչինչ էլ չեմ սպասում: Գերապայծառի հրամանը նրա համար սուրբ է, և նա մինչև վերջը հնազանդ կմնա նրան: Բայց ես որոշել եմ չթողնել քեզ…
– Այո՛, քո որոշումը, ես այդ մոռացել էի:
– Եվ որոշել եմ հեռանալ քեզ հետ…
– Հեռանա՞լ. մի՞թե այդ հնարավոր է:
– Այո հեռանալ, մենք պետք է միասին քո հայրենիքը գնանք:
– Բայց քո մայրը…
– Մենք մի օր դարձյալ կվերադառնանք նրա մոտ: Նա իմ որոշման համար շատ չի տխրիլ: Որովհետև ավելի սիրելի է նրան լսել, որ մենք միասին ենք և երջանիկ, քան տեսնել ինձ յուր մոտ և դժբախտ…
– Մարգարիտա, դու մի քաջ աղջիկ ես, ես հազիվ թե արժանի եմ քեզ, – բացականչեցի ես, – գնանք, ես իմ թևերի վերա կտանեմ քեզ:
– Ուրեմն համաձա՞յն ես…
– Եվ դու կասկածում էի՞ր… մի՞թե ես արդեն երջանկության մեջ ծերացա… Քեզ հետ միասին՝ թեկուզ աշխարհի ծայրը:
– Ուրեմն վճռված է, մենք կերթանք:
– Հենց առաջիկա շոգենավով, – ավելացրի ես, – ուշանալու կարիք չկա:
Եվ մենք որոշելով տեղը և ժամանակը, ուր կարևոր պատրաստությունների վերա պիտի խոսեինք, հեռացանք այգիից:
ԴԱՐԱՆ
Նույն ավուր երեկոյան պահուն այցելեց ինձ իմ հին բարեկամ Կլեմեսը: Պատերների մասին արած հայտնությունից ի վեր՝ կաթոլիկ սարկավագը ինձ սիրելի էր դարձել: Շատ անգամ ես նրա հետ զբոսնում էի ծովափում և պատմում էի նրան մինչև անգամ իմ ցավերը: Նա այնքան բարի և ազնիվ էր երևացել իմ աչքում, որ ես անխոհեմություն չէի համարում հայտնել նրան մինչև անգամ մի քանի գաղտնիքները:
Երբ նա մտավ ինձ մոտ, ես ուրախացա, որովհետև գիտեի, որ միշտ մի նոր լուր պետք է հաղորդեր ինձ. բացի այդ պատերների մասին ես մի քանի տեղեկություններ պետք է քաղեի նրանից: Թեպետ Կլեմեսը այլևս նրանց մոտ չէր գնում, բայց ինչպես ինքն ասում էր, միշտ հետևում էր նրանց քայլերին և ամեն բանի մասին լիուլի տեղեկություններ ուներ:
– Ես շատ անհանգիստ եմ, և շտապեցի ձեզ մոտ մի շատ կարևոր գործի համար, – ասաց նա, պարզելով ինձ յուր ձեռքը:
– Ի՞նչ կա, – հարցրեցի ես անհանգստությամբ, – պատմեցեք տեսնեմ:
– Դուք անցաթուղթ ունե՞ք, – հարցրեց նա:
– Ինչո՞ւ համար եք հարցնում:
– Դեռ ասացե՛ք, շուտ, ես անհանգստանում եմ:
– Այո՛, ունիմ:
– Հապա ո՞րտեղ է. ցույց տվեք ինձ, ես կամենում եմ աչքով տեսնել:
– Բայց ինչու՞ համար է ձեզ այդ հետաքրքրությունը, – հարցրի ես, – առաջ դուք պատմեցեք:
– Ինձ ցույց տվեք ձեր անցաթուղթը, – կրկնեց նա միևնույն եղանակով, – հետո ես կպատմեմ:
Ես դուրս քաշեցի մահճակալի տակից իմ պայուսակը և բանալով նրան, հանեցի նրա միջից իմ անցաթուղթը և ցույց տվի բարեկամիս:
Կլեմեսը կարդալով նրան մինչև վերջը, ծալեց և հետ տվավ ինձ, ասելով.
Դրեք յուր տեղը, այժմ ես հանգիստ եմ:
– Էհ, հիմա պատմեցեք, տեսնեմ ինչու համար էիք անհանգստանում, – հարցրի ես:
– Ահա՛ թե ինչու համար, – պատասխանեց նա: – Ոստիկանության մեջ ծառայող իմ մի բարեկամը այսօր պատմեց ինձ, որ պատեր-Սիմոնը հայտնել է ոստիկանապետին, թե դուք անցաթուղթ չունենալով հանդերձ եկել եք այստեղ և խռովում եք յուր փոքրաթիվ հոտը, ուստի և խնդրել է հեռացնել ձեզ այստեղից համաձայն օրինական կանոնադրության: Ոստիկանապետն էլ իրավացի գտնելով պատվելիի պահանջը, հրամայել է թաղապետին գալ և այս մասին հայտնել ձեզ: Այժմ փառք աստուծո, որ դուք անցաթուղթ ունիք և ես նրան իմ աչքովս տեսա: Այսուհետև ոչինչ երկյուղ չունիմ. թո՛ղ դարաններ լարեն, որքան կամենում են. աստված անմեղի կողմն է…
Այս անակնկալ հայտնությունը որքան զարմացրեց ինձ. նույնչափ էլ ավելացրեց իմ սերը և համակրությունը դեպի երիտասարդ սարկավագը: Ես սկսում էի անկեղծությամբ կապվիլ նրա հետ. մինչև այժմ հասարակ գաղտնիքներն էի հայտնում նրան, բայց այս նորությունը լսելուց հետո ես մինչև անգամ վստահացա մեր փախչելու համար ունեցած դիտավորությունն էլ նրան հայտնելու:
– Ահա՛ խելոք միտք, – բացականչեց նա, երբ ես պատմեցի նրան փախուստի համար մեր ունեցած ծրագրի մանրամասնությունները, – գնացեք, բարի ճանապարհ, այնուհետև էլ ոչ ոք չէ կարող խլել ձեզանից ձեր Մարգարիտային: Ճանապարհվեցեք որքան կարող եք շուտ, որովհետև ձեր կորցրած ամեն մի վայրկյան թանկ է, և եթե ուշանաք, դուք կարող եք երբևիցե բռնվիլ պատերների որոգայթի մեջ:
Այնուհետև նա ինձ խորհուրդներ էր տալիս, թե որ շոգենավով ավելի հարմար և ապահով կլիներ մեր փախուստը, թե ինչ ձևով պետք է վարվեինք նավի մեջ անծանոթ մնալու համար, թե ինչ պետք է անենք իմ հայրենիքը հասնելուն պես և այլն և այլն:
Երբ այս բոլորի մասին կարևոր խոսակցությունը ավարտեցինք, Կլեմեսը խնդրեց ինձ, որ յուր հետ միասին գնայինք յուր տունը:
– Քանի որ դուք մտադիր եք հեռանալ այստեղից, գոնե մի անգամ այդ պատիվն արեք ինձ, – ասաց նա, – այցելեցեք ինձ իմ տան մեջ, և ես չեմ մոռանալ երբեք, որ մի անգամ դուք իմ ամենալավ բարեկամն էիք…
Ես այս խոսքերից մինչև անգամ գորովվեցա:
– Գնանք, – պատասխանեցի ես, – ինձ համար ավելի սիրելի է ձեզ նման անկեղծ մարդու տնակում ժամանակ անցկացնել, քան կեղծավոր մարզիկների ապարանքում:
Երբ մենք դուրս եկանք տանից արդեն մութն էր:
Երկինքը ամպամած լինելով աստղեր չէին երևում և խավարը արդեն բռնել էր փողոցները, լապտերների նվազ լույսն էր միայն աղոտ կերպով լուսավորում նրանց: Եթե մի լուսնյակ գիշեր լիներ, գուցե ես զղջայի, որ հոժարվեցա ամառային երեկոն մի խուցում անցուցանելու, բայց այժմ ուրախությամբ էի ընկերակցում սարկավագ բարեկամիս:
– Դուք երևի, չգիտեք, թե ինչ ճանապարհներով եմ ես այս պատերների գաղտնիքները իմանում, – հարցրեց նա, երբ մենք մոտեցանք պատեր-Սիմոնի բնակարանին:
– Ո՛չ, ես մինչև անգամ այդ կամեցել եմ հարցնել ձեզ, բայց միշտ մոռացել եմ, – պատասխանեցի ես:
– Պատեր-Սիմոնի մոտ ծառայողը իմ քրոջ որդին է, – խոսեց Կլեմեսը: – Նա ինքն էլ ատելով ատում է նրանց: Բայց ինչ անե խեղճը. նա աղքատ է, և պաշտոնը թողնել անկարող է: Ես դեն շպրտեցի իմ պաշտոնը նրա համար, որ փոքր ի շատե կարողություն ունեի, և նրանով էլ ապրում եմ, բայց նա չէ կարող: Միայն թե յուր ատելությունը դեպի նրանց և հավատարմությունը դեպի ինձ նրանով է ապացուցանում, որ ամեն գաղտնիք հայտնում է ինձ և ես կարևոր օգուտները քաղում եմ նրանից: Այսօր էլ մի կարևոր հանձնարարություն ունեմ արած. այժմ իսկ պիտի հարցնեմ և տեսնեմ. կատարե՞լ է, թե՞ ոչ: Դուք այստեղ մի վայրկյան սպասեցեք, ես կմտնեմ նրա մոտ, – այս ասելով նա ներս մտավ արդեն բաց դռնով և անհայտացավ բակի խավարի մեջ:
Ես հետաքրքրությամբ մոտեցա դեպի փողոցը նայող սենյակի պատուհանին‘ տեսնելու համար, թե ովքեր կան ներսում: Բայց հաստ վարագույրը արգելեց ինձ իմ նպատակին հասնելու, միայն ներսում խոսում էին մի քանի ձայներ, որոնց մեջ ես որոշակի ճանաչեցի և պ. Լուսինյանի ձայնը: Ես ավելի հետաքրքրվեցա և սկսա ուշադրությունս ի մի ամփոփել տեղի ունեցող խոսակցությունից մի բան որոշելու համար, բայց մինչ այդ Կլեմեսը դուրս եկավ:
– Գնանք, հանձնարարությունս դեռ չէ կատարել, – ասաց նա, – երևի վաղը կհաջողվի նրան այդ:
– Ի՞նչ հանձնարարություն է, չեմ կարող իմանալ:
– Ոչ, երբ կվերջանա, ես կհայտնեմ ձեզ, և դուք ինձանից շնորհակալ կլինեք, – ասաց նա:
– Դուք իմացա՞ք, թե ովքեր կան այդտեղ, – հարցրի ես:
– Ինչպես չէ, պ. Լուսինյանը, նա մի քանի ժամ է, ինչ որ այստեղ է գտնվում, այսպես ասաց ինձ իմ քեռորդին, – պատասխանեց Կլեմեսը:
– Այո՛, ես էլ նրա ձայնը լսեցի, – պատասխանեցի ես, – բայց չիմացանք, թե ինչու համար էր եկել:
– Այդպես շուտ չէր կարելի իմանալ. դրա համար դեռ վաղը պիտի տեղեկանամ, – ասաց սարկավագը, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը:
Կլեմեսի պատեր-Սիմոնի տուն մտնելը իմ մեջ ոչ մի կասկած չզարթեցրեց. ես հավատացի նրա բոլոր խոսքերին:
Երբ հասանք մի նեղ փողոց, խավար անկյունի մեջ նա ցույց տվավ մի մեծ դուռ, որը բացված էր երկու փեղկերի վերա, և ասաց.
– Ահա՛ այստեղ, այս բակումն է իմ սենյակը, մտնենք: Եվ նա առաջնորդեց ինձ դեպի ընդարձակ բակը, որը յուր կենդանությամբ բոլորովին հակառակ պատկեր էր ներկայացնում այդ տունը շրջապատող փողոցին: Բակի երկու կողմից հորիզոնական ձևով շինված էին բազմաթիվ սենյակներ, քարվանսարայի խուցերի ձևով, որոնց բոլորի պատուհաններն էլ լուսավորված էին և հաստ վարագույրներով ծածկված: Նրանցից մեկի դուռը բացավ Կլեմեսը և ներս մտավ: Ես էլ հետևեցի նրան:
– Ուրիշ ո՞վքեր են ապրում այս տան մեջ, – հարցրի ես:
– Շատերը. բայց բոլորին էլ ես անծանոթ եմ. իմ բնակարանը միայն այս սենյակն է: Նա միևնույն ժամանակ է և՛ իմ ննջարանը, և՛ հյուրասենյակը, և՛ դահլիճը, և՛ գրասենյակը. մեզ նման մարդիկ դրանից ավելի իրավունք չունին ունենալու:
Այս ասելով նա հրավիրեց ինձ սենյակի անկյունում դրված մի կլորիկ սեղանի մոտ, որի վերա արդեն դրված էին գինվո մի կիսատ շիշ, երկու բաժակներով, միրգ և շաքարահաց:
– Նստեցեք այստեղ և վայելեցեք, մինչև ես տիրուհուս կկանչեմ, – ասաց Կլեմեսը և պատրաստվեց դուրս գնալու:
– Ի՞նչ, մի՞թե դուք միայնակ չեք ապրում այստեղ, – հարցրի ես:
– Ոչ, միայնակ չեմ, – պատասխանեց նա:
– Ուրեմն դուք ամուսնացա՞ծ եք:
– Դարձյալ ոչ: Բայց դուք խո երիտասարդ եք և ինձ չեք բամբասիլ, եթե, օրինակ, իմանաք, որ ես մի աղջկա հետ եմ ապրում:
– Բնավ, ինչու՞ համար պետք է նեղանամ, ամենայն մարդ ազատ է յուր տան մեջ:
– Ուրեմն ես իսկույն կծանոթացնեմ ձեզ իմ Լուիզիայի հետ, – այս ասելով Կլեմեսը դուրս գնաց:
Ես իսկույն զղջացի իմ արածից. չպետք է գայի այստեղ, մտածեցի ես, բայց արդեն ուշ չէր, պետք է քաղաքավարությամբ վերջացնեի սկսածս:
Կլեմեսը ուշանում էր: Ես սկսա զննել սարկավագի սենյակը, բայց որքան մեծ եղավ զարմանքս երբ սարկավագական ոչինչ չգտի այնտեղ: Մի մահճակալ բռնել էր խուցի գրեթե կեսը, պատի տակ դրած սեղանի վերա ընկած էր մի փոքրիկ հայելի և նրա չորս կողմը անկարգ և անկանոն ցրված էին հոտավետ ջրերի շիշեր, պուդրի կամ երեսաներկի տուփեր և զանազան օծանելիքներ: Սենյակի պատերի վերա կախված էին աղջկերանց և կանանց զանազան պատկերներ, ոմանք լուսանկար, և ոմանք վիմատիպ: Նրանցից մի քանիսը ներկայացնում էին մինչև անգամ մերկ աղջիկներ, ջրերի մեջ լողանալիս, կամ ուրիշ անպատկառ գործերով պարապած:
Մահճակալի ոտքերի մոտ միայն ընկած էր մի գիրք, որը և հետաքրքրվեցա վերցնելու: Դա Պոլ-դը-Քոկի այն խայտառակ ռոմաններից մինն էր, որոնք ի սկզբանե անտի մեծ ընդունելություն են գտել աշխարհի անբարոյական շրջաններում: Մի փոքր հեռու, սենյակի մի անկյունում կախված էին մի քանի ժյուպոններ և ուրիշ կանացի հագուստներ:
Այս բոլորը տեսնելուց հետո ես պատրաստվում էի Կլեմես բարեկամիս ամենածանր հանդիմանություններ անել, նկատելով, որ նրա սենյակը բնավ իրեն պատիվ չէր բերում և որ նա ավելի հասարակաց կնոջ` քան մի սարկավագի բնակության հարմարություն և կերպարանք ուներ:
Դեռ այս մտածմունքի մեջ էի երբ սենյակի դուռը բացվեցավ և ներս մտավ ինձ մոտ մի գեղեցիկ աղջիկ գանգրահեր, հարուստ հագնված, կիսամերկ կրծքով և բազուկներով և որ ի կարգին… նա ժպտադեմ մոտենալով, պարզեց դեպի ինձ յուր ձեռքը և ասաց.
– Ես ձեզ շատ սպասել տվի կարծեմ, ներեցեք, ես զբաղված էի:
Ես մնացի բոլորովին ապշած. և չգիտեի ինչ պատասխանել.
– Նստեցեք խնդրեմ. ինչու՞ համար եք տխուր. նստեցեք, ես իսկույն կուրախացնեմ ձեզ:
Այս ասելով նա բռնեց ձեռքիցս և տարավ դեպի աթոռը, ես ապուշի նման հետևեցի նրան և նստեցի սեղանի մոտ: Բայց մի փոքր հետո ինքս ինձ գալով հարցրի.
– Ասացեք խնդրեմ, ո՞ւր է Կլեմեսը, ինչո՞ւ նա չէ գալիս այստեղ:
– Ահ, ի՞նչ կանեք Կլեմեսը, նրան ուղարկեցի գինի բերելու, ես մի՞թե բավական գրավիչ չեմ ձեզ համար, խմեցեք գինի, գինի խմեցեք, – այս ասելով նա լցրեց սեղանի վերա դրած երկու բաժակները, և նրանցից մինը իմ կենացը դատարկելով, մյուսն էլ դրավ իմ առաջս և ստիպեց, որ յուր կենացը խմեմ:
Ես զարմացած նայում էի տարօրինակ կնոջ երեսին, նա մի անբարոյական կին էր. ես այդ տեսնում էի, բայց թե իրավ նա Կլեմեսի տիրուհի՞ն էր, այդ մեկը ես չգիտեի:
– Տիկին, ես կամենում եմ Կլեմեսին տեսնել, բարեհաճեցեք նրան կանչելու, ես երկար այստեղ մնալ չեմ կարող, – թախանձում էի անծանոթ կնոջը, բայց նա պատասխանելու փոխարեն բարձրաձայն ծիծաղում էր և կատակներ անում: Հետո բաժակը աջ ձեռքն առնելով և ձախը պարանոցովս պատելով ասաց.
– Խմեցեք իմ կենացս, և ես կերթամ նրան իսկույն կանչելու:
Ես մեքենայաբար բաժակը ձեռքս առի:
– Իմ կենացը, իմ կենացը, – բացականչեց նա, և, այդ րոպեին սենյակի դուռը բացվեցավ:
Ես կարծում էի որ Կլեմեսը պիտի մտներ. բայց որքան մեծ եղավ իմ զարմանքն ու ապշությունը, երբ տեսա թե մտնողները պ. Լուսինյանը, յուր երկու ազգականները և պատեր-Սիմոնն էին:
Վերջինս ամենից առաջ անցնելով նայեց ուղղակի իմ երեսին, և ապա Լուսինյանի ձեռքից բռնելով առաջ բերավ նրան դեպի ինձ, և ասաց.
– Ահա՞ հասարակաց տունը, ահա՞ հասարակաց աղջիկը, ահա՞ ձեր ազնիվ փեսան. – էլ ուրիշ ի՞նչ ապացույց եք կամենում:
Պ. Լուսինյանը մոտեցավ դեպի ինձ այնպիսի մի հանդուգն երեսով, որպիսին ունենում են առհասարակ տերերի անկումը տեսնող ստրուկները և բացականչեց.
– Պարոն, դուք, որ այդքան ստոր և խառնագնաց եք, դուք, որ հասարակաց տների մեջ եք քարշ գալիս, ի՞նչ իրավունքով չեք ձեռք վերցնում իմ աղջկանից: Միթե ինքներդ չե՞ք խղճահարվում, երբ համարձակվում եք իմ միամոր հրեշտակի անմեղությունը ձեր կեղտոտ անվան հետ կապելու…
Ես մինչև այն մնացել էի շվարած և ուր լինելը չգիտեի: Պատեր-Սիմոնի խոսքերից հետո ես արդեն հասկացա, որ Կլեմես սարկավագը ինձ դավաճանել էր և որ նրա այսքան ժամանակ ինձ հետ մտերմություն պահպանելը վերջ ի վերջո այսպիսի մի ստոր դիտավորության գլուխ բերելու համար էր եղած:
Ես կես ցնորված և կես անզգայացած էի, բայց Լուսինյանի խոսքերը լսելով արյունս զարկավ գլխիս և կատաղություն եկավ վրաս:
– Պարոն, մի համարձակվեք ինձ հայհոյելու, – գոչեցի ես դողդողացող ձայնով, – ես պոռնկանոց չեմ եկած. այլ Կլեմես սարկավագի տունը, ես մեղավոր չեմ, որ նա ինձ դավաճանել է… ես այդ տան մեջ էլ ավելի սուրբ եմ քան թե ձեզ այստեղ առաջնորդողները…
Դեռ խոսքս չավարտած կողքիս կանգնած կինը մեջ մտավ և սկսավ իբր թե պաշտպանել ինձ:
– Պարոններ, ինչո՞ւ համար եք իմ բարեկամի վերա հարձակվում. նա իմ սիրահարն է, նա իմ ապագա ամուսինն է…
– Էհ, ի՞նչ պատասխան ունիք սրան, պարոն, – դառն հեգնությամբ հարցրեց ինձ Լուսինյանը, – այս կինն է՞լ է դավաճանում ձեզ:
Ես տեսա, որ ամեն բան վարպետությամբ է սարքված. Լուսինյանը իրավունք ուներ հիմարանալու:
– Պարոն, անմեղը այստեղ միայն ես եմ և դուք, – պատասխանեցի ես, – խաբվողը միայն մենք երկուսս ենք, հավատացեք ինձ:
– Այո, այո, նա իմ սիրահարն է, – Կրկին մեջ մտավ կինը, – դուրս գնացեք, մի խանգարեք մեր զվարճությունը:
Ես էլ համբերել և կատաղությունս զսպել չկարողանալով, հարձակվեցա անզգամ կնոջ վերա և մի շեշտակի հարված իջեցրի նրա գլխին, կինը երերաց և բարձրաձայն ճչալով գլորվեցավ գետնին:
Մի ակնթարթի մեջ պատեր-Սիմոնը, Լուսինյանը և յուր ազգականները դուրս փախան, և նրանց հաջորդեց լկտի կանանց և արբած երիտասարդների մի բազմություն, որը հարևան սենյակներից էր դուրս թափել: Մի պառավ և ջատուկ կին դուրս գալով այդ բազմության միջից աղաղակելով ընկավ վերաս, և քիչ էր մնում, որ մազերս պիտի փետտեր, բայց ներկա եղող երիտասարդներից երկուսը ինձ ազատեցին: Ճիչ, աղաղակ, հիշոցներ, մի րոպեի մեջ բռնեց ամբողջ տունը, և մոտակա հարևանները ներս խուժելով լցվեցան ընդարձակ բակի մեջ:
Մինչ այս մինչ այն հասավ և ոստիկանությունը: Իմ դատախազները բազմաթիվ էին, և նրանց ձայնը ավելի շուտ լսելի եղավ քան թե իմը:
Ես ճանաչվեցա իբր մի չարագործ մարդ, որ համարձակվել էր մի կնոջ ծեծելու: Տեղի ունեցած դեպքի մասին արձանագրություն կազմելուց հետ ոստիկանական պաշտոնյան առաջնորդեց ինձ դեպի քաղաքի բանտը…
ԲԱՆՏԻ ՄԵՋ
Հասնելով բանտը՝ ոստիկանական պաշտոնյան ինձ հանձնեց բանտապետին պատվիրելով արգելել ինձ մի սենյակում, մինչև ցպահանջ, և ինքը դուրս գնաց:
Բանտապետը մի ծեր, միջին հասակով և չոր կազմվածքով մարդ էր: Ճակատի կնճիռները գրեթե իրենց ծանրությամբ ճնշում էին նրա երկարամազ և թավ հոնքերը, որոնք ծածկում էին երկու մեծ մեծ, բայց խոր ընկած աչքեր: Նրա դեմքի արտահայտությունը սառն էր և անտարբեր: Յուր պաշտոնը կարծես մեռցրել էր նրա մեջ կարեկցելու գողտրիկ զգացմունքը: Ոստիկանական պաշտոնյայի հեռանալուց հետ նա դարձավ դեպի ինձ:
– Բարեհաճեցեք խնդրեմ ինձ հետևելու:
Այս խոսքերը թեպետ շատ քաղաքավարի էին, բայց նա արտասանեց մի այնպիսի եղանակով, որ նրանք ամենակոպիտ հրամանից էլ ավելի վատ ազդեցություն արին ինձ վերա:
Ես հետևեցի բանտապետին, բայց սրտնեղությունից տանջվում էի, որ նա մի բառ անգամ չէր ուզում արտասանել, իմ այստեղ մտնելու պատճառը իմանալու համար:
Մենք անցնում էինք մի նեղ, երկար և կամարակապ միջանցքով, որի երկու կողմից շինված էին բազմաթիվ սենյակներ, երկաթապատ դռներով: Նրանցից յուրաքանչյուրի առաջ կանգնած էր մի հրացանակիր պահապան, որը դռան մեջ շինված փոքրիկ ծակով մերթ ընդ մերթ դիտում էր սենյակի մեջ խլրտվող բանտարկյալների շարժումները:
Հասնելով միջանցքի ծայրը բանտապետը հրամայեց պահապանին բանալ մի սենյակ, որը մյուսներից զանազանվում էր նրանով միայն, որ երկաթապատ դռան փոխարեն հասարակ փայտյա դուռ ուներ վրան: Երբ սենյակը բացվեցավ, նա առաջարկեց ինձ մտնել այնտեղ:
– Չէի՞ք կարող մի ավելի մաքուր սենյակ զիջանել ինձ, ես տկար եմ, և այստեղ օդը կարող է ինձ վնասել, – ասացի ես բանտապետին:
– Սա ամենից մաքուրն է, – պատասխանեց բանտապետը, – իսկ ձեր տկարության հարցի մեջ մենք խառնվելու իրավունք չունենք: Երևի բավական առողջ եք, որ բանտարկության արժանի հանցանք եք գործել:
– Դուք շատ վատ գաղափար ունիք ինձ վերա, պ. բանտապետ, թույլ տվեք, որ պատմեմ ձեզ ինձ այստեղ բերելուն պատճառը, և դուք քաջահույս եմ, կկարեկցեք ինձ:
– Օ՛, դա բոլորովին ավելորդ է. եթե ես ամեն մի բանտարկյալի պատմությունը լսելու լինեմ, ճաշելու համար ինձ ժամանակ չի մնալ, բարեհաճեցեք հանգստանալու ձեր խուցում, դա ավելի օգուտ է ձեզ: Դեռ փառք տվեք աստծուն, որ ձեր քունը ոչ ոք չէ խանգարելու:
Ես այլևս ընդդիմանալ չկարողացա, ներս մտի ինձ սպասող խուցը և դուռը վրաս փակվեցավ:
Ես արդեն բանտարկված էի:
Առաջին մի քանի վայրկյանները թեթև կերպով անցան: Իմ վիճակի ծանրությունը դեռ այնքան զգալի չէր ինձ: Միայն տխրեցա շատ իմ ճգնարանի անմաքրությունը և օդի ապականությունը տեսնելով: Սա մի փոքրիկ և նեղ սենյակ էր, գրեթե առաստաղին կպած մի պատուհանով և աղյուսե հատակով: Նրա բոլոր կարասին կազմում էր մի հասարակ տախտակյա թախտ, ծածկված փոշիով և սատակած ճիճուներով: Խոնավությունից սևացած կամարակապի վերա կախված էին բյուրավոր սարդի ոստայներ, որոնք կանթեղի աղոտ լույսի առաջ մի զզվելի պատկեր էին ներկայացնում: Իսկ այս բոլորից հառաջացած գարշահոտությունը խառնվելով կանթեղի մեջ վառվող նավթի ծուխի հետ, մի անտանելի և խեղդող մթնոլորտ էին ստեղծում այդ դժոխային խուցի մեջ:
Այստեղ ի՛հարկե ո՛չ քնել կարելի էր և ո՛չ արթուն մնալ: Եթե օդը գոնե մաքուր լիներ, մյուս անմաքրությունների վերա ուշադրություն չէի դարձնիլ, իսկ դրա համար էլ հարկավոր էր, որ պատուհանը կարողանայի բանալ, բայց նա չափից դուրս բարձր էր շինված:
Վերջապես մտածեցի դիմել պահապանին և սենյակիս օդը մաքրելու համար մի հնար խնդրել նրանից: Եվ որքան մեծ եղավ ուրախությունս, երբ նա ցույց տվավ ինձ մի թել, որի քաշելուց իսկույն պատուհանի փեղկերը բացվեցան: Հետո նա դռան ծակով տվավ ինձ մի լաթ, որով փոշոտած թախտը սրբեցի: Մի քանի րոպեից հետ արդեն իմ ննջարանը պատրաստ էր:
Բայց քունը աչքերիս չմոտեցավ: Ես սկսա մտածել իմ վիճակի վերա և սարսափեցի: Իմ թշնամիներին ամեն բան հաջողում էր: Նրանք խանգարեցին իմ ամուսնությունը, նրանք հետ դարձրին ինձ այդ ամուսնության առհավատչյան, նրանք անբարոյական տան մեջ բռնել տվին ինձ, նրանք իմ անունը աղարտեցին և վերջի վերջո բանտի մեջ արգելեցին: Ես իրավունք ունեի հավատալու, որ նրանք Մարգարիտայի սերն էլ կհեռացնեն ինձանից… և այս միտքը կտրտում էր իմ սիրտը: «Իհարկե, ինչ կա սրանից ավելի հեշտ, – մտածում էի ինքս ինձ, – հարյուրավոր մարդիկ կվկայեն, որ ինձ տեսել են պոռնկանոցի մեջ, անբարոյական աղջկա գրկերում, տոփանաց դիցուհվույն անձնատուր… Ոստիկանական ցուցումները կվկայեն, որ ես հասարակաց տան մեջ սկանդալ գործեցի, որ ես մի տկար կնոջ վերա բռնացա…Այս բաները կլսին օտարները և կծիծաղին ինձ վերա, կլսին իմ ազգականները և կխոցոտվին. կլսե Մարգարիտան և զզվանոք երես կդարձնի ինձանից… Ո՞վ պետք է պաշտպանե ինձ. և ինչու՞ համար պիտի պաշտպանե, չէ՞ որ բոլոր փաստերը ինձ դեմ են աղաղակում, չէ՞ որ բոլորի վկայություններն էլ ճշմարիտ են… միայն մեկը կա, որ գիտե իմ անմեղությունը, բայց այդ մեկն էլ վկայություններ չէ տալիս անմեղության համար, ապա թե ոչ չարությունը այսքան հանդգնությամբ չէր բռնանալ աշխարհի վերա..»:
Այս մտածմունքները երկար ժամանակ տանջում էին ինձ, աշխատում էի աչքերս փակել, բայց հնար չէր լինում: Վերջապես սկսա ավելի լրջությամբ մտածել:
«Ինչի՞ս են պետք մարդիկների վկայությունները, – ասում էի ինքս ինձ, – եթե ինձ կդատապարտեն, կկրեմ անիրավության պատիժը, մի՞թե նա ավելի ծանր պիտի լինի, քան այն տանջանքը, որ կարող էր պատճառել ինձ իմ խղճի խայթը, եթե իրոք ես հանցավոր լինեի: Ամբոխի ծիծաղը ինձ համար նշանակություն չունի: Ի՞նչ բան է նա, եթե ոչ մի բազմոտանի կենդանի, որի սանձը շատ անգամ գտնվում է սրիկաների ձեռքում և որին կարող է, հեծնել ամեն մի բախտախնդիր… միևնույն արժեքը չունի՞ արդյոք նրա ծափահարությունը, ինչ որ նրա հայհոյանքը: Ինչ վերաբերում է իմ ազգականներին, նրանք ինձ ճանաչում են և բյուրավոր բարբաջանքներին ավելի իմ. միակ վկայությունը կգերադասեն: Իսկ եթե Մարգարիտան նրանց նման չի մտածիլ, եթե նա կթերահավատե իմ ազնվության վերա և ամբոխի աղաղակը կշարժե նրան ինչպես մի եղեգն, թո՛ղ նա էլ հեռանա ինձանից. թո՛ղ նա էլ արհամարհե ինձ… Եթե ես կկորցնեմ սերը, գոնե կբուժեմ իմ վիրավոր սիրտը և կդադարեմ քիչ-քիչ մեռնելուց…»:
Այս մտածմունքներից հետ վրդովմունքս անցավ, սիրտս սկսավ հանգստանալ և անուշարար քունը կամաց կամաց ծանրացավ իմ արտևանունքների վերա: Ես մինչև առավոտ քնեցի:
ԱԶԱՏԱՐԱՐՈԻՀԻՆԵՐԸ
Առավոտը արեգական շողերը արդեն թափանցել էին իմ խուցի մեջ, երբ ես զարթեցա: Ուրիշ ժամանակ երեկոյան դեմ ունեցած ամենափոքր վրդովմունքի պատճառով ամբողջ գիշեր ես կերազեի. դա իմ սովորությունս էր: Շատ անգամ իմ քունը ընդհատվում էր հրեշավոր անուրջներով, և ես սարսափահաի վեր էի թռչում անկողնից: Բայց այս գիշեր ես ավելի քան հանգիստ քնեցի: Զարմանում էի, որ ոչ մի տեսիլ կամ երազ չէր վրդովել իմ քունը, և չոր տախտակե թախտը փափուկ մահճակալից ավելի հանգիստ էր պարգևել ինձ:
Ես դեռ նոր սկսում էի մտածել երեկվա անցքի վերա, երբ մի կանացի ձայն լսվեցավ միջանցքի մեջ: Այդ ձայնը ծանոթ էր ինձ, ես սկսա ուշադրությամբ լսել: Շուտով իմ խուցի փականքը սկսան շարժիլ, դռները բացվեցան և Մարգարիտան վազելով ներս ընկավ խուցի մեջ:
– Արա՛մ…
Մարգարիտա.. խոսքերը միաժամանակ դուրս թռան մեր բերաններից և մենք գրեթե հափշտակված փաթաթվեցանք միմյանց… Բավական ժամանակ այս դրության մեջ լուռ և անխոս մնալուց հետ վերջապես մենք թող տվինք իրար: Այդ ժամանակ միայն ես նկատեցի, որ Մարգարիտան միայնակ չէր. նրան ընկերակցում էր օր. Վարվարա Սիլիկյանը: Ես իսկույն մոտեցա նրան, ջերմությամբ սեղմեցի յուր ձեռը և երկուսին էլ հրամեցրի իմ աղքատիկ թախտի վերա նստելու:
– Չե՞ք վախենում բամբասանքից, որ ինձ նման անբարոյական մարդուն այցելում եք բանտի մեջ, – հեգնությամբ հարցրի ես օրիորդներին, երբ նրանք նստեցին թախտի վերա:
– Քեզ հետ թեկուզ դժոխքը քարշ տան ինձ, – հարեց իսկույն Մարգարիտան, – առանց քեզ՝ արքայություն էլ ինձ համար դժոխք է…
– Իսկ ինձ ինչու՞ համար եք վիրավորում, – խոսեց օր. Վարվարան, – մի՞թե կարծում եք, թե ձեզ չճանաչելու չափ անփորձ մի աղջիկ եմ ես:
– Ես իրավունք չունիմ հուսալու, թե այս դեպքից հետո իմ բարեկամներն անգամ իրենց իմ վերաբերությամբ ունեցած նախկին կարծիքը անխախտ պահել կկարողանան. փաստերը ինձ դեմ են խոսում, մարդիկ ինձ դեմ են լսում, ինչպե՞ս պահանջել, որ նրանք չհավատան միմյանց…
– «Արամ, թող տուր այդ խոսքերը, – պատասխանեց Մարգարիտան, – մենք միմյանց լավ ենք ճանաչում. մեզ ճանաչում են և մեր ընկերուհիները: Դեպքերը և փաստերը մեզ համար չեն, այլ ամբոխի: Թող որ հասարակաց կարծիքը մի պարապմունք ունենա յուր համար, իսկ դու ինձ լսիր: – Այսպիսի մի դարան վաղ թե ուշ պիտի լարվեր քեզ համար, ես այդ գուշակում էի: Գերապայծառի հրամանը ստացվելուց և քո նշանատվության ընծաները քեզ հետ դարձնելուց ետ ես ամեն հաշիվ վերջացրի իմ հոր հետ: Դու անշուշտ հիշում ես, որ ես ասացի քեզ. «Եթե չար ոգիները այսքան եռանդով չզինվեին իմ դեմ, երբեք ես չէի վստահանալ նրանց դեմ պատերազմելու, այժմ չոր փայտի հետ դալարս էլ պիտի այրվի…»:
Այդ դալար փայտը իմ հայրն էր: Ես մինչև այս հասակը նրան ընդդիմացած չէի. նրա հրամանները միշտ ինձ համար սուրբ են եղած: Բայց այն օրից սկսած, երբ նա յուր ուսուցիչների խորհրդով սպանել ուզեց իմ երջանկությունը, ես նրան հայտնեցի, որ նա այլևս աղջիկ չունի, որ Մարգարիտան նրա համար մեռած է: Իմ այս վճիռը հաստատ էր և անդառնալի, նա այդ գիտեր: Ուստի մեծ ուրախությամբ լսեց պատերների քո մասին տված նոր վկայությունը, այն է, որ դու բարոյապես փչացած մի երիտասարդ ես: Իմ հայրը գիտեր, որ միայն քո անբարոյական լինելը կարող էր հեռացնել ինձ քեզանից, ուստի խնդրեց յուր ուսուցիչներին, որ շոշափելի փաստերով ապացուցանեն քո անբարոյականությունը: Եվ նրանք, ինչպես երևում է, ապացուցել են, բայց իհարկե ոչ ինձ, այլ իմ հոր համար: Երեկ երեկոյան հայրս վերադարձավ տուն պատեր-Սիմոնի և մեր երկու ազգականների հետ միասին, և հաղթական եղանակով պատմեց, թե ինչպես քեզ տեսել էին հասարակաց տան մեջ, մի անբարոյական աղջկա հետ գրկախառնված և վերջը թե ինչպես դու հարբելով ծեծել էիր քեզ հետ զվարճացող կնոջը և մատնվել էիր ոստիկանության ձեռքը իբրև մի ոճրագործ: Այս բոլորը մի առ մի պատմում էր հայրս, այս բոլորին վկայում էին մեր ազգականները և պատեր – Սիմոնը:
Ես իհարկե գիտեի, որ ճիշտ էին նրանց պատմածները, բայց գիտեի և այն, որ դրանք բոլորը պատեր-Սիմոնի և ընկերության ձեռքով սարքված բաներ էին, հետևապես այդ պատմությունները ինձ վերա ոչինչ ազդեցություն անել չկարողացան, ես միայն տխրեցի, որ դու բռնվել էիր սատանայական վարմի մեջ…
– Ձեր պատմությունները միայն ձեր աչքում կշիռ ունին, – ասացի ես հորս և նրա ընկերակիցներին, – իսկ ինձ համար միայն առասպելներ են: Իմ սիրած երիտասարդին ես ճանաչում եմ. ինձ չեն կարող հեռացնել նրանից մարդկային մեքենայությունները, եթե նրանք մինչև անգամ սատանաների ձեռքով էլ դարբնված լինին, իզուր է ուրեմն ձեր դժոխային ուրախությունը…
Այս ասելով ես հեռացա նրանցից և այսօր ես քեզ մոտ եմ»:
– Ինչպե՞ս եկաք այստեղ, – հարցրի ես Մարգարիտային, երբ նա վերջացրավ յուր պատմությունը:
– Ես այս առավոտ դիմեցի օր.Վարվարայի հորը, նա բանտապետի ամենալավ բարեկամն է, և խնդրեցի նրան հնար գտնել ինձ համար քեզ տեսնելու, և ահա նա օրիորդին ընկերացրեց ինձ հետ և մենք բանտապետի հրամանով անարգել եկանք քեզ մոտ:
Այժմ դու պատմիր մեզ երեկվա անցքի բոլոր մանրամասնությունները, որպեսզի նույնը Վարվարան յուր հորը հաղորդե. իսկ նա յուր կողմից ոստիկանապետին հարկ եղածը հասկացնելով ազատությանդ հրամանը պիտի ստանա. այդ մասին մենք արդեն խոսացել ենք:
Ես իսկույն պատմեցի նրանց իմ ընթերցողներին հայտնի պատմությունը, սկզբից մինչև վերջ առանց մի կետ մոռանալու կամ թաքցնելու:
Երբ իմ պատմությունը վերջացավ, օրիորդ Վարվարան վեր կացավ տեղից և ասաց.
– Սպասեցեք ինձ երկու ժամ, և ես ազատության հրամանի հետ միասին կվերադառնամ այստեղ, – և այս ասելով դուրս գնաց:
– Իսկ դու, Մարգարիտա, ինչու՞ համար ես մնում այստեղ, ընկերացիր օրիորդին, – ասացի ես:
Բայց նա հեգնությամբ ժպտալով պատասխանեց.
– Ի՞նչ իրավունքով ես սիրում ինձ ուրեմն, եթե այդքան փոքրոգի ես կարծում ինձ, մի՞թե մի քանի ժամ էլ ես քեզ հետ բանտարկված չեմ կարող մնալ, և դու չե՞ս հավատում ուրեմն, երբ ես քեզ ասում եմ, թե՝ քեզ հետ միասին ուրախությամբ դժոխք կիջնեմ…
Իբր պատասխան ես միայն համբուրեցի սիրուհուս, և այնուհետև սկսանք կրկին խոսել մեր ապագա ձեռնարկության մասին, որ էր միասին հեռանալ իմ հայրենիքը:
Ինչպես հայտնեց Մարգարիտան, հետևյալ ավուր գիշերը շոգենավ էր ճանապարհվում դեպի Բ., մենք որոշեցինք հենց նրանով էլ հեռանալ:
Երկու ժամից ետ, ինչպես խոստացել էր, վերադարձավ օրիորդ Վարվարան, և բերավ յուր հետ իմ ազատության հրամանը: Երկու ազատարարուհիներիս հետ միասին ես դուռ եկա իմ տխուր բնակարանից:
Բանտի բակից հեռանալու ժամանակ բանտապետը եկավ և ներողություն խնդրեց ինձանից, որ նա սխալմամբ շատ կոպիտ էր վարվել գնդապետ Սիլիկյանի բարեկամի հետ և նրան յուր սենյակում չէր հյուրասիրել: Ես իհարկե ներեցի նրան յուր չգործած հանցանքը և հեռացա:
ԱՆՀԱՋՈՂ ՓԱԽՈՒՍՏ
Դեռ մեր տուն չհասած ճանապարհին պատահեցի իմ փեսին, որ շտապ շտապ վազում էր դեպի ոստիկանատան փողոցը: Տեսնելով ինձ, որ գալիս էի երկու օրիորդների հետ, նա կանգ առավ և զարմացմամբ սկսավ նայել ինձ վերա, կարծես թե չհավատալով յուր աչքերին, որ ինձ էր տեսնում յուր առաջ:
– Այդ ո՞րտեղից. քեզ համար ասացին, որ բանտարկված ես, ես գնում էի ոստիկանապետի մոտ, – հարցրեց փեսաս:
– Ուշացել ես. օրհնությունը Հակովբ տարավ, – պատասխանեց Մարգարիտան, և մենք բոլորս միասին ծիծաղեցինք:
Այսուամենայնիվ փեսաս անհանգստանում էր և ցանկանում էր մի րոպե առաջ իմանալ այս հանելուկի ինչ լինելը:
Ես իհարկե նրան էլ պատմեցի ամեն բան մանրամասնաբար: Հետո հարցրի, թե ինքը ի՞նչ ձևով էր լսել այդ պատմությունը:
– Երեկոյան մենք քեզ սպասեցինք մինչև տասներկուժամը, – պատասխանեց փեսաս, բայց տեսնելով, որ չես վերադառնում, քույրդ սկսավ անհանգստանալ, իսկ ես դուրս եկա փողոց քեզ որոնելու: Այդտեղ ինձ ասացին, որ քեզ Կլեմես սարկավագի հետ են տեսել: Ես դիմեցի նրա տունը, բայց նա հայտնեց, որ դու միայն կես ժամ ես մնացել նրա մոտ և թե այնուհետև քո ուր գնալը չգիտե: Շուկայի հրապարակով անցնելու ժամանակ ես պատահեցի մեր տղաներից մի քանիսին, որոնք այնտեղ հավաքված հենց քո այդ դեպքի մասին էին խոսում: Նրանք ինձ պատմեցին ամեն բան. պատմեցին և այն, որ դու բանտարկված ես: Այդ լուրը ինձ սաստիկ խռովեց, բայց ժամանակը ուշ էր, ոստիկանապետի մոտ գնալ չէի կարող: Վերադարձա տուն և քրոջդ խաբեցի, որ դու մեր տղաների հետ գնացել ես այգիները քեֆ անելու: Միայն իհարկե այդ սուտը երկար չէր թաքնվելու, ես վախենում էի, որ մեր շատախոս դրացուհիներից մինը այսօր ևեթ կգար և կպատմեր նրան ամեն բան: Բայց այժմ արդեն վտանգն անցած է. մնում է ինձ շնորհակալություն անել մեր գեղեցիկ օրիորդներին, որոնք այսքան մեծ ուրախություն պատճառեցին մեզ բոլորիս:
– Օրիորդները հարկավ չեն սպասում քո շնորհակալությանը, – նկատեցի ես:
– Իհարկե մենք չենք կամենալ, որ մեզանից շնորհակալ լինեին այն գործի համար, որը մենք կատարել ենք միայն մեզ ուրախացնելու համար, – պատասխանեց օրիորդ Վարվարան:
– Դու ինձ տեղ էլ խոսացիր, – նկատեց Մարգարիտան և պարզելով յուր ձեռքը սեղմեց օրիորդի աջը ի նշան շնորհակալության:
Մի քանի րոպեից հետ մենք հասանք տուն: Քույրս գրեթե սարսափելով լսեց այս անախորժ անցքի բոլոր պատմությունը: Բայց իհարկե նա չվշտացավ, որովհետև ես արդեն յուր մոտն էի:
Այդ օրը մենք արտաքո կարգի ուրախությամբ տոնեցինք իմ ազատությունը:
Երեկոյան դեմ, երբ իմ երկու ազատարարուհիները հեռացան, ես հայտնեցի քրոջս ու փեսայիս իմ դիտավորությունը, որ է՝ Մարգարիտայի հետ փախչել իմ հայրենիքը:
Առաջին նվագում նրանք երկուսն էլ ընդդիմացան իմ այդ որոշմանը: Բայց երբ ես բացատրեցի նրանց, որ այս քաղաքում իմ և Մարգարիտայի ամուսնանալը անհնար է, ըստ որում կաթոլիկ կղերը մինչև վերջին շունչը պիտի պատերազմեր ինձ հետ, նրանք համոզվեցան:
– Այսուամենայնիվ այդ փախուստն էլ դժվար է, – նկատեց փեսաս, – որովհետև քանի որ դու այդ գաղտնիքը հայտնել ես Կլեմես սարկավագին, կնշանակե այդ բանը գիտեն և՛ պատերները, և՛ Լուսինյանը. հետևապես նրանք ձեզ կհետևեն ամեն մի շոգենավ ճանապարհվելիս և կխանգարեն ձեր փախուստը:
Այս կասկածը հիմնավոր էր. ուրեմն պետք էր ձեռնարկել այնպիսի մի միջոցի, որով մեր հակառակորդների հետապնդությունը կարելի լիներ ի դերև հանել:
Բայց իհարկե, ես ինձանից ոչինչ միջոց առաջարկել չէի կարող, ես սպասում էի, որ դարձյալ փեսաս գտներ այդ միջոցը:
– Նավահանգստի կողմից նավ մտնել, առանց տեսնվելու անկարելի է, – շարունակեց փեսաս, – որովհետև չնայելով, որ շոգենավը գիշեր ժամանակ պիտի ճանապարհվի, այսուամենայնիվ շատերը նավահանգստում կլինին, և այդտեղ ուղղակի նավակ նստել չեք կարող: Եթե հնար լիներ մի ուրիշ ճանապարհով հասնել շոգենավին, այն ժամանակ գործը կհեշտանար, որովհետև նավը թեպետ նավահանգստումն է, բայց շատ հեռու է կանգնած ափից, այնպես, որ նավամատույցի վերա գտնվողներից ոչ ոք գիշեր ժամանակ չէ կարող ճանաչել շոգենավ մտնողներին:
– Մի՞թե ուրեմն մի ուրիշ հարմար տեղ դու չե՞ս ճանաչում, – հարցրի ես:
Փեսաս մի փոքր մտածեց և ապա հարցրեց:
– Դուք կարո՞ղ եք բաց ծովից նավակ նստել:
– Ինչու՞ չէ, – պատասխանեցի ես, – մի՞թե մի առանձին վտանգ կա դրանում:
– Վտանգ չկա, բայց պետք է արիություն ունենալ: Դուք պետք է մի վերստ հեռավորությունից ծով մտնեք և նավակով հառաջանաք մինչև նավահանգիստը: Հասնելով նավահանգստին՝ պիտի պտտեք նրա շուրջը և ուղղակի նրա բերանից ներս մտնելով բարձրանաք շոգենավը: Կարո՞ղ եք այդ անել:
– Գտիր մեզ համար մի լավ նավակ և մի քաջ նավաստի, – պատասխանեցի ես, – մնացածը հեշտ է. ես բաց ծովից չեմ վախենում, հույս ունիմ Մարգարիտան էլ ինձ հետ նավելու քաջություն կունենա:
– Շատ լավ. ուրեմն ամեն բան հենց վաղը առավոտվանից կպատրաստենք: Ես մի ծանոթ նավաստի ունիմ, կպատվիրեմ, որ նա մի քանի ժամ առաջ յուր նավակը նավահանգստից նշանակյալ տեղ տանե, իսկ ես և Շուշանը երեկոյան կտանենք ձեզ ծովափը:
Մյուս օր առավոտ ես կրկին տեսնվեցա Մարգարիտայի հետ: Նա ուրախությամբ լսեց իմ փեսայի առաջարկությունը:
– Ես երկչոտ չեմ, – ասաց նա, – բավական է, որ Արամը ինձ հետ լինի. ծովի ալիքները ինձ չէին վաիեցնիլ, եթե մինչև անգամ նրանք մեր նավակը ընկղմիլ կարողանալու չափ կատարած լինին:
Այնուհետև մենք խոսացինք մեր ուղևորության վերաբերյալ զանազան պատրաստությունների վերա: Քույրս կամենում էր մինչև անգամ նվերների մի քանի կապոցներ հանձնել ինձ մեր ընտանիքին և ազգականներին տանելու համար: Բայց ես հայտնեցի նրան, որ բացի իմ ճանապարհորդական պայուսակը ուրիշ ոչինչ ինձ հետ վերցնելու չեմ. ըստ որում ես արդեն ինձ հետ ամենաթանկագին բեռն էի տանում, և իմ բոլոր աչալրջությունը նրան պիտի նվիրեի:
Կարևոր նախապատրաստությանց մասին մեր խորհրդածությունները վերջացնելուց հետո, ես ժամադիր եղա Մարգարիտային թե երբ և որտեղ պիտի սպասեր նա ինձ այդ ավուր երեկոյան, որպեսզի մենք միասին ծովափը իջնեինք: Եվ ապա նա գնաց յուր մորը հայտնելու մեզանից լսածներն, ըստ որում մեր փախուստի համար նա արդեն տվել էր յուր համաձայնությունը: Իսկ փեսաս գնաց լավ նավակ և քաջ նավաստի վարձելու:
Երեկոն հասավ, մենք պետք է ճանապարհվեինք: Քույրս ցանկանում էր գալ մինչև ծովափը ինձ ճանապարհ ձգելու, բայց ես. վախենալով, որ հակառակ կողմից մարդիկ կարող էին գալ մեր տուն և մեզ բոլորիս բացակա գտնելով‘ կարող էին կասկածի երթալ մեր փախուստի համար, ուստի լավ համարեցի, որ քույրս մնար տանը: Հետո նրան իմ հրաժեշտի ողջույնը տալով փեսայիս հետ կառք նստա և ուղևորվեցա դեպի նշանակյալ տեղին:
Դեռ երկու փողոց հազիվ էինք անցել, երբ փեսաս հիշեցրեց ինձ, որ պայուսակս մոռացել էի:
– Ոչինչ. մինչև, Բ. ես պայուսակի հարկավորություն չեմ ունենալ, – պատասխանեցի ես, – որքան թեթև լինիմ, այնքան .լավ է: Բայց դեռ վերջին խոսքերը չէի արտասանել, երբ փեսաս արմունկով նշանացի արեց որ լռեմ: Այդ միջոցին,մի ստվեր անցավ մեր մոտից:
– Ի՞նչ կա, – հարցրի ես կամացուկ ձայնով:
– Կլեմեսը անցավ, չտեսա՞ր, դու այնպես բարձր էիր խոսում, որ նա անշուշտ քեզ կլսեր, – պատասխանեց փեսաս:
– Էլ այսուհետև ի՞նչ կարող է նա անել մեզ, նկատեցի անհոգությամբ, – բայց մի քանի րոպեից հետ մի գաղտնի երկյուղ պաշարեց սիրտս: Այդ զգացմունքը իհարկե ես թաքցրի իմ փեսայից:
Այգու մոտ հասնելով ես իջա կառքից և պատվիրեցի փեսայիս պատվիլ դեպի ցանկապատի հյուսիսակողմը և սպասել այնտեղ: Մարգարիտային ես ժամադիր էի եղել այգվո ծառուղիներից մինում: Ես շտապ շտապ վազեցի նշանակված տեղը: Երկու մեծ նոճիներով հովանավորված և մացառներով ծածկված մի նստարանի վերա սպասում էր ինձ իմ սիրուհին, նրա հետ էր և Մարին:
– Դու ուշացար, – կամացուկ ձայնով շշնջաց Մարգարիտան, – ես վաղուց է սպասում եմ այստեղ:
– Հոգ չէ, սիրելիս, այս վերջին անգամն է, որ մենք գաղտագողի տեսակցություն ենք ունենում և սխալվում ենք Ժամադրության մեջ, – պատասխանեցի ես, – այսուհետև էլ այսպիսի սխալմունքներ չեն կրկնվիլ:
Այս ասելով շտապով թևս առի նրան և ուղղվեցա դեպի այն կողմը, ուր սպասում էր փեսաս յուր կառքով:
Երբ հասանք կառքին և Մարգարիտայի հետ միասին նստանք նրա մեջ, Մարին տվավ մեզ յուր հրաժեշտի ողջույնը և բարի ճանապարհ մաղթելով ինձ և յուր տիրուհուն հեռացավ:
Մենք դիմեցինք դեպի մեր փախուստի ճանապարհը:
Ամպամած և խավար գիշեր էր. քամին կամաց կամաց սկսում էր զորանալ, և ամայի ծովափի վերա արդեն բարձրանում էին ավազուտի փոշիները: Ես վախենում էի, թե գուցե ալեկոծություն պատահեր: Բայց փեսաս, որ ավելի ծանոթ էր ծովային շարժումներին, հանգստացրեց ինձ ասելով, որ այդ տեսակ քամիները առհասարակ շուտով ալեկոծություն չեն բերում:
Երբ հասանք նշանակյալ տեղը, մեր նավաստին արդեն պատրաստ սպասում էր մեզ:
– Եթե մի փոքր ուշանայիք ես պետք է վերադառնայի նավահանգիստը, – ասաց նա, – որովհետև փոթորիկ է գուշակվում:
– Ուրեմն չգնանք, եթե կարծում ես, որ փոթորիկ կլինի, – ասացի ես:
– Ոչ, մենք դեռ ժամանակ ունենք նավահանգիստը հասնելու համար, – պատասխանեց նա, – մտե՛ք նավակը:
Բայց ծովի ալիքները արդեն բավական բարձրացել էին և մեզ տանող նավակը մի չոր տերևի պես խաղում էր նրանց վերա:
– Ժամանակ չկորցնենք, – ասաց Մարգարիտան մտնենք նավակը, րոպեները թանկ են…
– Դու այս ալիքներից չե՞ս վախենում, – հարցրի ես նրան:
– Ո՛չ, – պատասխանեց նա հաստատուն ձայնով, – նրանք մեզ ավելի վնաս չեն կարող տալ, քան մարդիկները եթե այդ ալիքները մեռցնելու էլ լինին մեզ, գոնե, երկուսիս միասին կմեռցնեն. ավելի քաղցր է մեկտեղ մեռնել քան բաժանված ապրել…
Ես տեսնում էի իմ առջև մի աղջիկ, որի մեջ սերը մեռցրել էր արդեն կանացի թուլությունը, և որի կրծքի տակ բաբախում էր առնական մի ազնվարյուն սիրտ: Ես նայում էի նրա վերա. նայում էի և հիանում: Շառաչող ալիքների առաջ նա կանգնած էր հանգիստ և անհողդողդ, ինչպես մարմարիոնե մի արձան, և անթարթ աչերով դիտում էր հեռու, նավակայմի վերա վառվող լապտերը: Նա շտապում էր ժամ առաջ հասնել այնտեղ, իմ և յուր բախտը ապահովել կարողանալու համար… այսպիսի մի կին ամենահուսահատ սրտերն անգամ կարող էր ոգևորել, իսկ ինձ՝ նա գրեթե առյուծի սիրտ և արծվո թևեր էր տալիս:
– Գնանք ուրեմն, Մարգարիտա, – ասացի ես, և համբուրվելով փեսայիս հետ առաջինը ցատկեցի նավակի մեջ: Մարգարիտան իսկույն հետևեց իմ օրինակին: Փեսաս առաջացավ դեպի նավակը և երկու ոսկի հանելով տվավ նավաստիին և ասաց.
– Քո վարձը մի քառորդ արծաթ է. ես քեզ երկու ոսկի եմ նվիրում: Այնպես կտանես դրանց մինչև նավահանգիստը, որ ամենափոքր նեղություն անգամ չեն զգալ ճանապարհին: Հենց որ հաջողությամբ հասցրիր դրանց շոգենավը, դարձիր ինձ մոտ և երկու ոսկի նորեն կստանաս:
Նավաստին մեծ ուրախությամբ ոսկիները գրպանը դրավ և նոր խոստումով ոգևորված բացականչեց.
– Հանգիստ ինչպես շոգենավի մեջ. այնպես չէ՞. Էհ իմ զույգ աչքերի վերա. այնպես տանեմ իմ տիրոջն ու տիրուհուն, որ նավակի մեջ քուն մտնեն:
Այս ասելով նա շարժեց թևճակները: Եվ մենք ջերմա-ջերմ ողջունելով փեսայիս հեռացանք ափից: Մի քանի րոպեի մեջ մենք արդեն բաց ծովի վերա էինք:
Թեպետ դեռ ալեկոծություն չկար, բայց կոհակների ծփանքը սաստիկ անհավասար լինելով նավակը անընդհատ մի խութից մյուսի վերա էր բարձրանում: Այդ բավական չէր: Նա սկսում էր հեռանալ ափից: Նավաստին տեսավ, որ խոստումը անթերի կատարելու համար յուր ույժերը չպիտի բավեն, թեպետ շատ էր աշխատում ալիքներին տիրելու, ուստի խնդրեց ինձ օգնել իրեն, եթե այդ կարող էի անել: Իսկույն նավակի մեջ դրված թիակներից երկուսը իմ ձեռքս առի, և չորս թևճակների հարվածներով սկսանք առաջ վարել նավակը: Մարգարիտան նույնպես կամեցավ մի բանով օգնել մեզ և ձեռքն առավ նավակի փոքրիկ ղեկը, որը մինչև այն բարձիթողի էր արված: Մեր հավաքական ույժը կարողացավ հանել նավակը զարտուղի ճանապարհից և մոտեցնել ափին: Այնուհետև հեշտանում էր նավաստիի գործը, որովհետև ափերից մոտիկ պիտի լողար նավակը, իսկ այդ դեպքում մեծ ույծ գործ դնելու կարիք չկար: Երբ մենք մտինք հին նավահանգստի ձանձաղուտը մեր պ. նավավարը սկսավ երգել, այդ նշան էր, որ վտանգավոր ճանապարհը արդեն անցել էինք:
Ես էլ սկսա մի փոքր զրույց անել մեր նոր բարեկամի հետ:
– Ինչպես երևում է այժմ լավ տրամադրության մեջ ես, բարեկամ, – ասացի նրան, – մի փոքր առաջ քեֆդ տեղը չէր:
– Ճշմարիտ է, տեղը չէր, – պատասխանեց նավաստին, – բայց այդ դուք ո՞րտեղից գիտեիք:
– Ես տեսնում էի, որ ալիքների չարությունը քեզ բարկացնում էր:
– Ալիքների չարությո՞ւնը, բնա՛վ, նրանց չարությունը ինձ չէ բարկացնում, այլ ընդհակառակը զվարճություն է պատճառում: Ես տխուր էի ձեր գալուց առաջ:
– Ինչո՞ւ համար:
– Որովհետև ամբողջ չորս ժամ ձեզ սպասեցի: Էլի օրհնյալ լինի ձեր ծառան, նա ինձ մի փոքր զբաղեցրեց:
– Մեր ծառա՞ն, – զարմացմամբ հարցրի ես, – բայց որտեղ տեսիր դու նրան:
– Նա ինձ մոտ էր, եկել էր տեսնելու, թե ես պատրա՛ստ եմ ձեզ իմ նավակի մեջ ընդունելու համար:
Ես մնացի շվարած: «Մեր ծառան սրա մոտ չէր գալ, – մտածեցի ես, – երևի մի ուրիշը այդ անունով մոտեցել է սրան և մեր գաղտնիքն իմացել»:
– Ի՞նչ ուներ հագած մեր ծառան, – հարցրի ես:
– Օ՛, ծիծաղելի հագուստ. զարմանալի է, ինչպես պատահեց, որ ես մոռացա այդ հագուստի մասին խոսել ձեզ հետ: Ասացեք խնդրեմ մի՞թե ձեր ծառան քահանա պիտի շինեք:
– Ասա՛, ասա՛, ինչ հագուստ ուներ:
– Օ՛, շատ ծիծաղելի հագուստ, մի երկար լոդիկ. մի մալականի գդակ… մի… հա՞ էլ ուրիշ բան չուներ:
– Դա Կլեմեսն է եղել, – շշնջաց ինձ Մարգարիտան:
– Գուշակությունդ սխալ չէ, – պատասխանեցի ես և ապա դառնալով նավավարին հարցրի.
– Ի՞նչ խոսեց քեզ հետ մեր ծառան:
– Ոչինչ. նա հարցնում էր թե քանիսո՞վ է վարձել քեզ մեր աղան, թե ինչ ճանապարհով պետք է ես տանեի ձեզ նավահանգիստը, թե ինչու՞ համար անպատճառ այս ճանապարհովը պետք է ես ձեզ տանեի և ոչ թե ուղղակի նավամատույցի կամուրջից և այլն:
– Իսկ դու ի՞նչ պատասխանեցիր նրան:
– Ինչ որ գիտեք, ինչ որ ինձ ասել էր ձեր մեծ աղան, – պատասխանեց նավաստին և ապա կրկին սկսավ երգել:
– Բռնվեցանք, ուրեմն շոգենավում մեզ սպասում են, խոսեց Մարգարիտան և շրթունքները ատամների մեջ սեղմելով կպավ իմ կրծքին:
– Հանգիստ եղիր, հոգյակս, մեզ ոչ ոք չի արգելիլ. մենք կերթանք, – սիրտ էի տալիս ես Մարգարիտային, բայց նա կարծես չէր լսում ինձ, նավավարի հայտնությունները նրա հոգին խռովել և. ուղեղը շփոթեցրել էին:
Բայց էլ ինչ կարող էինք անել. հետ դառնալ անհնարին էր. պիտի շարունակեինք մեր ճանապարհը՝ դեպի կորուստ կամ դեպի ազատություն…
Այն միջոցին երբ ես աշխատում էի Մարգարիտային սրտապնդել, շոգենավը սուլեց: Նրա սուր առաձգական ձայնը, որ միգապատ ալիքների վերա մի տեսակ տխուր հագագներով էր հնչվում, սթափեցրեց իսկույն Մարգարիտային և նա շտապ-շտապ ուղղվելով նստարանի վերա,
– Գնանք, շտապենք, – ասաց, – շոգենավը արդեն առաջին նշանը տվավ:
Ես էլ ոչինչ չխոսեցի, այլ թիերը ձեռս առնելով սկսա օգնել նավաստիին նավակը առաջ վարելու:
Մի քանի րոպեից հետ մենք հասանք նավահանգստի բերանը և կամաց-կամաց սկսանք հառաջանալ դեպի շոգենավը:
Հիսուն քայլ հազիվ էր մնացել մինչև շոգենավը, երբ երկրորդ նշանը սուլեց:
Մենք կրկնապատկեցինք մեր եռանդը և մի քանի րոպեից հետ արդեն շոգենավի մոտ էինք: Բոլոր ճանապարհորդները արդեն տախտակամածի վերա էին: Շոգենավի շուրջը պտտում էին միայն դատարկ – նավակները, որոնք քաղաք դարձող հուղարկուներին էին սպասում: Ես օգնեցի Մարգարիտային. բ՜արձրանալ նավի տախտակամածը հանող երկաթե սանդուղքի վերա և. ապա ես էլ նրա ետևից բարձրացա:
Հազիվ թե ոտքներիս կոխեցինք տախտակամածի վերա և ահա նշմարեցինք Լուսինյանին, որ յուր մի երկու ազգականների, ոստիկանապետի և մի քանի ոստիկանների ընկերակցությամբ կանգնած էր նավախուցերի մուտքի մոտ: Ըստ երևույթին նրանք սպասում էին մեզ:
– Ամեն հույս կորավ, – շշնջաց Մարգարիտան և դալկահար կրթնեց իմ թևի վերա:
Ես զգացի, որ նա թուլանում էր և իսկույն գրկեցի նրան:
Բայց մի րոպեից հետո նա կրկին զգաստացավ և սկսավ առաջանալ դեպի յուր հայրը:
– Մարգարիտա, ո՞ւր ես գնում. այնտեղ քո հայրն է կանգնած, – զգուշացրի ես, – եկ թաքնվինք այստեղ, մինչև որ երրորդ նշանը կտան, և նրանք կհեռանան…
– Թաքչի՞լ‚ ինչու՞ համար, – բացականչեց նա, զվարթ ձայնով, – ես չեմ կամենում մինչև վերջը վատությամբ փախուստ տալ իմ ճակատագրից. ես էլ ավելի թաքնվելու ույժ չունիմ, բայց գիտցիր, որ մարդիկներից էլ չեմ վախենում. եթե նրանք ինձ կարգելեն քեզ հետևելու, այն ժամանակ ես կիջնեմ ծովի հատակը, նա բավական խոր է, և իմ հայրը չէ կարող այնտեղ ոստիկաններ ուղարկել:
Այս ասելով նա սիգաճեմ առաջ գնաց: Լուսինյանը տեսավ աղջկան թե չէ, իսկույն վազեց նրա մոտ և հաղթական ձայնով բացականչեց.
– Մարգարիտա, ի՞նչ ունիս դու այստեղ. ո՞ւմ հետ եկար այս կես գիշերին…
– Ամենից առաջ դուք ասացեք, ո՞վ եք դուք և ի՞նչ ունիք ինձ հետ:
Լուսինյանը զարմացած աչքերով նայեց աղջկա վերա.
– Ո՞վ եմ ես. մի՞թե չգիտես, ես քո հայրն եմ… Մարգարիտա…
– Դուք իմ հայրը չեք. հայրերը իրենց աղջկերանց չեն հալածում, իսկ դուք հալածում եք ինձ:
– Մարգարիտա, որդյա՛կս, մի կործանիր ինձ, – ձայնը նվազեցնելով խոսաց Լուսինյանը, – դարձիր տուն, դարձիր քո մոր մոտ, ես կաշխատեմ այսուհետև քո բոլոր ցանկությունները կատարելու…
– Ապարդյուն քարոզներ են, ես այստեղից վերադարձող չեմ, կամ իմ նշանածի հետ՝ կամ ծովի հատակը – այս է իմ վերջին վճիռը… – Այս ասելով Մարգարիտան շուռ տվավ երեսը և հեռացավ:
– Դուք չեք ամաչում, անօրեն, որ իմ միակ սիրելի աղջիկը հափշտակում եք իմ գրկից, գոռաց դեպի ինձ Լուսինյանը, – չեք խղճահարվում, որ մի պատվավոր ընտանիք անպատվում եք ձեր խայտառակ վարմունքով՝ առանց այդ ընտանիքից մի վնաս տեսած լինելու:
– Եթե դուք իմ հարսնացուի հայրը չլինեիք, ես նույնպիսի լեզվով կխոսեի ձեզ հետ, ինչ լեզվով որ դուք եք խոսում, – պատասխանեցի ես, – բայց ես ձեզ խնայում եմ: Թեպետ չեմ էլ լռիլ ինձ արդարացնելու. ես իմ վարմունքով ոչինչ հանցանք չեմ գործում, դուք բռնանում եք ձեր աղջկա զգացմունքների վերա, իսկ ես պատսպարում եմ նրան. այս է իմ և ձեր գործի մեջ եղած տարբերությունը: Ինքներդ կարող եք դատել, թե ով է մեզանից հանցավորը:
– Դուք իմ աղջկա փեսան լինել չեք կարող, այդ միանգամից պիտի գիտենաք:
– Այդ ձեր աղջիկը պիտի ասե ինձ և ոչ թե դուք:
– Ես նրա հայրն եմ:
– Բայց դուք նրա տեղը չեք…
Այս խոսքի վերա շոգեմեքենան երրորդ անգամ սուլեց նավի անվաթևերը սկսում էին շարժվիլ:
– Շուտ շուտ, ներքև իջեք, շոգենավը ճանապարհվում է, – հրամայեց ոստիկանապետը Լուսինյանին, նրա բարեկամներին և Մարգարիտային:
Բոլորը դիմեցին դեպի սանդուղքները, բայց Մարգարիտան չշարժվեց տեղից:
– Գնանք, աղջիկս, սպասելու ժամանակ չէ, – ասաց Լուսինյանը և դիմելով դեպի Մարգարիտան բռնեց թեը և սկսավ քաշել:
– Ես չի պիտի գամ. հեռու ինձանից, – բացականչեց նա և թևը դուրս խլելով հեռացավ:
– Օգնեցե՛ք, ի սեր աստուծո, օգնեցեք, աղջիկս հափշտակում են, – սկսավ գոռալ Լուսինյանը բռնելով Մարգարիտայի ձեռքերից և քաշելով դեպ առաջ:
Ոստիկանապետը և ազգականները հետ դարձան և պաշարեցին խեղճ աղջկանը:
– Գնացեք, գնացեք, մի անպատվեք ձեր հորը, հեռացեք այդ չարագործ մարդուց, նա ձեզ կկործանի… նա ձեզ կոչնչացնե, – ամեն տեղից գոչում էին Լուսինյանի ազգականները:
Հետո ոստիկանապետը առաջ եկավ և հրամայեց իջնել շուտով դեպի սպասող նավակը:
Մարգարիտան էլ ընդդիմանալու ուժ չուներ, նրան գրեթե անզգայացած քարշ տվին դեպի նավակը: Սանդուղքներից իջեցնելու ժամանակ նա երկու անգամ փորձ փորձեց իրեն ծովի մեջ նետելու, բայց շրջապատողները թույլ չտվին:
Ես մնացել էի շվարած և չգիտեի ուր գնալ: Մերթ մտածում էի Մարգարիտայի փոխարեն ինքս ինձ ձգել ծովը և ազատել թե՛ ինձ, թե՛ նրան և թե՛ նրա կիսամեռ ընտանիքը. մերթ վճռում էի թողնել և հեռանալ մի անծանոթ երկիր, ուր ազատ իմ բախտը կարողանայի ողբալ և մերթ՝ գնալ դեռ Մարգարիտայի ետևից և քամել դառնության բաժակը մինչև մրուրը…
Դեռ այս տարուբերման մեջ էի, երբ Մարգարիտան տանող նավակը սկսավ հեռանալ. սիրուհիս տեսավ.ինձ նավի ելքի մոտ կանգնած և աղիողորմ-ձայնով ճչաց.
– Արամ, մի՞թե ինձ թողնում ես դու…
Այս ձայնը, մինչև իմ ոսկորների ուղեղը թափանցեց. ես կամեցա վազել ներքև, բայց նավի սանդուղքը արդեն բարձրացրել էին, ճանապարհ չկար. գլուխս սկսավ պտտվիլ… Ես առանց աջ ու ձախ նայելու կշռեցի իմ սիրուհին տանող նավակի և շոգենավի հեռավորությունը և արագությամբ բարձրանալով նավի .խելի վերա մի ուժեղ ոստումով նետեցի ինձ դեպի հեռացող նավակը, դժբախտաբար փոխանակ իմ նպատակակետը հասնելու, ընկա ծովի մեջ: Մի քանի րոպեից՜ զգացի, որ ալիքները խեղդում են ինձ..
«ԽԵՂԴՎԵԼՈԻՑ ՀԵՏՈ»
Առաջին անգամ, երբ աչքս բացի ինձ իմ քրոջ տանը տեսի մահճակալի վերա պառկած: Ինձ մոտ կանգնած էր բժիշկը և չորս կողմս տխրադեմ և արտասված աչքերով պատել էին քույրս, փեսաս, Մարգարիտան և յուր մայրը: Առաջին անգամ կենդանության նշույլ տեսնելով իմ մեջ նրանք բոլորը միասին սկսան ուրախանալ և ժպտալ, բժիշկը նրանց հուսադրում էր. ես լսում էի նրա խոսքերը, տեսնում էի նրա շրթունքների շարժվածքը, բայց անկարող էի մի բառ անգամ արտասանել: Ես տեսնում էի, թե ինչպես Մարգարիտան ուրախությունից գրեթե շնչասպառ խոնարհվել էր ինձ վերա, սեղմում էր ձեռքերս, փայփայում էր ինձ հազար և մի անուշ խոսքերով և կիսահագագ սպասում էր, որ մի բառ, մի խոսք արտասանեմ իրեն… Ես հազիվ կարողանում էի իմ համր և սիրապատար հայացքով հայտնել՜ նրան, որ տեսնում և լսում եմ իրեն, որ հրճվում, ուրախանում եմ իրեն ինձ մոտ տեսնելով…
Անցան մի քանի ժամեր, բժիշկը կրկնապատկում էր յուր դարմանները, կամաց-կամաց և լեզուս սկսում էր բացվիլ: Առաջին խոսքը ես Մարգարիտային ուղղեցի, ցանկություն հայտնելով, որ նա միշտ մնար ինձ մոտ. հետո սկսա խոսել քրոջս և զոքանչիս հետ. ուրախությունը մի քանի րոպեի մեջ տիրեց ամբողջ տան մեջ:
Արդեն կես գիշեր էր: Բժիշկը խորհուրդ տվավ ամենքին հեռանալ իմ սենյակից և թույլ տալ ինձ քնանալու: Բոլորը դուրս գնացին տեսնելով ուրախությամբ, որ ես արդեն լավ եմ զգում ինձ. և միայն քույրս մնաց ինձ մոտ գիշերը հսկելու համար:
Մինչև առավոտ ես շատ հանգիստ քնեցի: Արեգակը արրդեն բարձրացել էր, երբ ես զարթեցա: Խեղճ քույրս դեռ աթոռի վերա նստած անքնությունից ննջում էր:
Ես իսկույն սթափեցրի նրան և խնդրեցի, որ շուտով գնար յուր ննջարանում հանգստանալու: Բայց նա չէր ուզում լսել ինձ: Այդ միջոցին ներս մտավ Մարգարիտան և ինձ բոլորովին առողջ տեսնելով վազեց, գրկեց և համբուրեց:
– Աստված քեզ կրկին անգամ պարգևեց ինձ, Արամ, – ասաց նա ոգևորությամբ, – այսուհետև մենք չպիտի բաժանվինք միմյանցից մինչև անգամ մի րոպե…
Ես կրկին իմ համբույրներով պատասխանեցի սիրուհուս և ապա երկուսս միասին ստիպեցինք քրոջս գնալ հանգստանալու:
– Ես այստեղ եմ, կարող ես մի քանի ժամ ինձ հանձնել եղբորդ խնամարարությունը, – ասաց Մարգարիտան ծիծաղելով:
Քույրս այլևս չընդիմացավ և քաշվեցավ յուր ննջարանը:
Երբ մենք մենակ մնացինք, ես խնդրեցի Մարգարիտային պատմել, թե ինչ պատահեց ինձ հետ ծովի մեջ ընկնելուց հետո:
– «Ինչ որ պատահեց, ես մանրամասնաբար հիշել չեմ կարող, – պատասխանեց Մարգարիտան, – որովհետև այդ րոպեին ես էլ ինձ կորցրել էի. միայն կպատմեմ, ինչ որ հիշում եմ:
Այն րոպեին որ դու թռար դեպի մեր նավակը, ես ցատկեցի իմ նստարանից, ես կամենում էի իմ գրկերի մեջ ընդունել քեզ, բայց անիծյալ նավաստին վարձված ավազակին մեկն էր, նա դիտմամբ այնպեսի հարված տվավ ալիքներին՝ որ թե՞ ես փռվեցա նավակի մեջ և թե՞ դու վրիպեցիր քո նպատակից:
Երբ ես կրկին անգամ բարձրացա, դու արդեն կռվում էիր ալիքների հետ, նրանք սպառնում էին խորասուզել քեզ, և դու աշխատում էիր թևակոխել նրանց և հասնել մեզ… Տեսնելով քեզ ծովի ծփանաց խաղալիք, ես աղաղակեցի իմ բոլոր ուժով. «Օգնեցեք, օգնեցեք, նա խեղդվում է…»: Բայց մեր նավաստին փոխանակ դեպի քեզ մոտենալու սխալ հարվածներով հեռացնում էր նավակը քեզանից, ես սկսում էի խելագարվիլ և մի քանի անգամ փորձ փորձեցի դուրս թռչել նավակից, ազատել քեզ կամ քեզ հետ միասին խուրասուզվիլ… Բայց մի քանի ձեռքեր միանվագ բռնեցին ինձ:
Ես մնացի անշարժ, և ճչում էի աղիողորմ ձայնով: Ոչ ոք իմայիններից ձայն չէր հանում, նրանցից մինը մինչև անգամ սաստեց ինձ‘ լռել, ես կատաղում եմ… Բայց ոստիկանապետը իսկույն ևեթ հրամայեց հետ դարձնել նավակը, նավաստին այս անգամ չհամարձակվեցավ ընդդիմանալ. մյուս կողմերից էլ շրջապատեցին քեզ ուրիշ նավաստիներ իրենց նավակներով, ամենքն էլ ճիգ էին թափում քեզ փրկելու: Մի քանի անգամ դու դուրս խլվեցար նրանց ձեռքից, որովհետև հագուստներդ ողողվել և քեզ ծանրացրել էին: Այդ հուսահատ րոպեին նավաստիներից մինը, որ արդեն մերկացել էր, ձգեց իրեն ջրի մեջ և հափշտակելով՝ քեզ սկսավ լողալ դեպի յուր նավակը: Նրա արհեստակիցները օգնեցին նրան ձգել քեզ նավակի մեջ. հետո ինքն էլ ցատկեց և դուրս եկավ ջրից: Այդ ազատարար հրեշտակը այն նավաստին էր, որ մեզ յուր նավակով բաց ծովից բերել էր նավահանգիստը:
Բայց շուտով հայտնեց նա ոստիկանապետին, որ դու արդեն անշնչացած էիր…
Օ՛, եթե կարողանայի նկարագրել քեզ՝ թե ինչ հուսահատություն տիրեց ինձ այն րոպեին, երբ այդ մահագույժը լսեցի… դու անշուշտ կսարսափեիր… բայց ես զգում էի, որ արդեն խելագարվում եմ, որովհետև սոսկալի վշտի ծանրությունը մի րոպե տեղի տվավ իմ մեջ ուրախության, կարծես թե ես կամենում էի ծիծաղել և կանխահաս գիտակցությունը խեղդեց իմ մեջ խելագարության այդ երկունքը…
Չնայելով իմ հոր և ազգականների խստության, ես միջոց գտի մեր նավակից թռչել դեպի քեզ և գրկել քո ողողված և անշնչացած մարմինը. «Արամ, տար ինձ քեզ հետ… մի թողնիր ինձ…» անընդհատ ճչում և ողբում էի, կամ խելագարի նման խոսում էի քեզ հետ, բայց երբ ոչինչ պատասխան չէի առնում, ընկնում էի քեզ վերա և անընդհատ համբույրներով ծածկում էի փակված աչքերդ և անշնչացած շրթունքներդ:
Ոստիկանապետի հրամանով նավաստիները բազմապատկել էին իրենց ույժերը, և մեր նավակները շոգենավի պես թռչում էին ծածանուտ ալիքների վերա:
Մի քանի րոպեից ետ մենք արդեն նավակամրջի վերա էինք:
Նավակամրջի վերա, լապտերի լույսի առաջ ես նշմարեցի փեսայիդ… խեղճը երևի սպասում էր այստեղ հավաստիանալու համար, թե արդյոք անվտանգ ճանապարհվեցա՞նք մենք, թե՞ ոչ: Բայց տեսնելով առաջին նավակում հորս և ազգականներիս շփոթված առաջ եկավ:
– Արամը մեռավ, օգնության հասիր, – աղաղակեցի ես նավակի միջից. և խեղճ մարդը շփոթված թռավ ինձ մոտ:
Քո անշունչ մարմինը շոշափելով նա մի հուսահատ ձայն արձակեց և ապա չոքելով առավ քեզ յուր գրկերի մեջ, մինչև որ ոստիկանապետի հրամանով նավակամրջի վերա գտնվող կառքերը մեզ բերին այստեղ:
Երբ մոտենում էինք ձեր տանը, հայրս և ազգականներս շրջապատեցին ինձ և չէին ուզում թողնել, որ ներս մտնեմ, նրանցից մինը, որին ես իսկույն չկարողացա ճանաչել, մինչև անգամ հանդգնաբար նկատեց. «Չգիտեմ ինչու համար չթողին, որ չարագործը խորասուզվեր ծովի հատակը և մենք ազատվեինք»: Ես մոտեցա նրան կատաղի հայացքով և արդեն պատրաստվում էի շեշտակի ապտակ իջեցնել երեսին, երբ նրա ծպտյալ կերպարանքի մեջ ճանաչեցի պատեր – Սիմոնին, մեր այսքան թշվառությանց հեղինակին:
«Դժոխքն է խոսում քո բերանով, ոճրագործ, մի հանդգնիր այդ շրթունքներովդ արդարի անունը արտասանելու» ասացի նրան և հետ խլվելով մտա այստեղ:
Բարեբախտաբար քույրդ քնած էր. փեսադ ամեն զգուշություն գործադրեց որ նա մեր գլխին հասած այս դժբախտությունը չիմանար: Շուտով հասավ և բժիշկը, որը ուրախացրեց մեզ ասելով, որ վտանգավոր ոչինչ չկա: Նրա գործ դրած մի քանի դարմաններից հետ դու արդեն շնչում էիր: Մայրս հասավ հենց այն ժամանակ, երբ Շուշանը զարթել էր. փեսադ երկուսին էլ ժամ առաջ նախապատրաստեց և ապա թե թույլ տվավ որ մտնեն քեզ մոտ:
Բայց առաջին վայրկյանի ազդեցությունը միայն բավական եղավ նրանց լացացնելու:
Տեսնելով նրանց, ես նույնպես չկարողացա զսպել իմ արտասուքները: Բարեբախտաբար այդ վայրկյանները չերկարացան:
Շուտով դու աչքերդ բացիր, և քո առաջին հայացքի հետ հույս և ուրախություն ներշնչեցիր մեզ: Իսկ այնուհետև, ես, և մայրս թողեցինք քեզ և չիմացանք, թե ինչ պատահեց քեզ հետ»:
– Եվ այնուհետև ես շատ հանգիստ քնեցի, հոգյակս, այնպես հանգիստ, որ այժմ կատարյալ առողջ եմ զգում ինձ, – ավելացրի ես, և տարածելով ձեռքերս գրկեցի սիրուհուս և ջերմաջերմ սեղմեցի կրծքիս վերա:
Այնուհետև բժշկի խորհրդով ես դեռ երկու օր էլ պառկած մնացի, կատարելապես կազդուրվելու համար:
Մարգարիտան այդ երկու օրը, գրեթե առավոտից մինչև երեկո ինձ մոտ էր անցուցանում:
Մենք անդադար խոսում էինք մեր փոքրիկ, բայց երջանկությամբ և դժբախտությամբ լի անցյալից և մերթ տխրում, մերթ ուրախանում էինք:
Երբ ես բոլորովին կազդուրվեցա, նորից վճռեցի վերցնել հարսնացուս և փախչել: Բայց այս անգամ ոչ թե ծովի ալիքներին ապավինելով, այլ Դաղստանի ահարկու լեռներին: Այս նպատակին հաջողությամբ հասնելու համար, ես որոշեցի իմ փեսայի աջակցությամբ դիմել նրա բարեկամ մի խումբ լեզգիների օգնության, որոնց խոսքը և գործը առհասարակ պատերների մեքենայությանց հետ ոչինչ կապ չէր. կարող ունենալ:
Բայց այս երկրորդ փախուստս ապահով ճանապարհի վերա դնելու համար ես պետք է դեռ մի ամբողջ շաբաթ, սպասեի, և որ, կարևորն էր – շատ խորհրդապահ մնայի:
Այս անգամ դիտավորությունս միայն իմ փեսային հայտնեցի:
ՆՈՐ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆ
Առողջանալուց հետո դեռ առաջին օրն էր, որ ես տանից դուրս գալ էի ուզում, երբ պ. Լուսինյանը եկավ ինձ մոտ: Նրա անակնկալ այցելությունը մի առանձին ուրախություն պատճառեց ինձ: Ես մտածում էի, թե գուցե յուր ուսուցիչների ձեռով ինձ և յուր դստերը հասցրած այսքան վշտերը նա նորից է ուզում դարմանել և մեր միությանը համաձայնություն տալու համար է եկել: Բայց երևաց, որ իմ նախկին աները բոլորովին հակառակ դիտավորությամբ է այցելել ինձ:
Նստելով իմ առաջարկած աթոռի վեր, նա սկսավ խոսել:
– Հարգելի բարեկամ, մինչև այսօր քո գործ դրած բոլոր միջոցները իմ աղջիկը քո ամուսինդ դարձնելու համար ապարդյուն անցան, ինչպես ապարդյուն անցան և իմ ջանքերը, աղջիկս քեզանից հեռացնելու համար: Դուք այժմ միմյանց սիրում եք, ճշմարիտ է, բայց որ դուք. միմյանց պատկանելու չեք, այդ ավելի է ճշմարիտ: Ինչպես գիտեք ի սկզբանե անտի ես ընդդեմ չէի: Ձեր երկուսի ամուսնության, այդ պատճառով էլ նշանադրեցի ձեզ, բայց երբ տեսա, թե կրոնական խտրություններ կան մեր մեջ, երբ տեսա, որ իմ պատվելի քահանաները ընդդեմ են այս միության և երբ տեսնում եմ, որ մեր գերապայծառ եպիսկոպոսը հրամայում է ինձ յուր սուրբ բերանով‘ չամուսնացնել քեզ հետ իմ աղջիկը .ավելի գերադասում եմ նրանց հաճությունը և կամքը կատարել, քան թե քո և իմ աղջկան ցանկությունը: Այս վճիռը անխախտ և անքակտելի է: Ուրեմն շնորհ արեք թողնել իմ աղջկան. հեռացրեք նրան ձեզանից, այդ դուք կարող եք… այս ես խնդրում եմ…
– Ձեր պահանջը կատարել իմ ուժից բարձր է, – պատասխանեցի ես, – դուք աշխատեցեք ձեր աղջկանը համոզել, և երբ նա ինքը կկամենա հեռանալ ինձանից, ես այլևս նրան չեմ հետևիլ:
– Իմ աղջիկը ինձ չէ լսում, նա անտարբեր է իմ աղաչանաց, իմ արտասունքների առաջ… Ահա մի քանի օր է ինչ որ դուք պառկած եք, նա էլ իմ ընտանիքում չէ երևում. միշտ ձեզ հետ, միշտ ձեզ մոտ… Ի սեր աստուծո, խղճացե՛ք ինձ, խղճացե՛ք, նա իմ մի հատիկ զավակն է, ես նրանից զրկվել չեմ կարող…
– Եթե սիրում եք նրան, սիրեցեք և ինձ, ամուսնացրեք նրան ինձ հետ, և դուք մեկի տեղ երկու զավակ կունենաք, եթե սիրում եք ձեր աղջկան, մի՞ տանջեք նրան, մի՞ հալածեք նրանից սիրված մարդուն:
– Այդ մի՞ ասեք, այդ ես չեմ կարող անել, մեր պատերները, մեր գերապայծառը այդ չեն կամենում:
– Ուրեմն իզուր եք ինձանից ձեր խնդրի կատարումը սպասում. ես առաջ իմ կյանքից կզրկվեմ, հետո իմ հարսնացուից, այս էլ իմ անխախտ և անքակտելի վճիռն է, իմացե՛ք:
– Եթե դուք ձեռք չեք վերցնիլ իմ աղջկանից, ձեզ զոռով կհեռացնեն այս քաղաքից, իմացած եղեք, ես կամենում եմ, որ դուք ձեր պատվով հեռանաք, որպեսզի իմ աղջիկը մի ցավ ավելի չունենա:
– Ո՛չ ինձ հեռացնել կարող են այստեղից և ո՛չ ձեր աղջիկը ինձանից խլել, ապահով եղեք:
– Եթե ես այս խոսքերը ասում եմ ձեզ, բարեկամաբար եմ ասում. թողեք իմ աղջկան, հակառակ դեպքում դուք կզղջաք:
– Իմ թշնամիների ձեռքով ես արքայություն էլ չեմ մտնիլ. դուք խլում եք ինձանից իմ ուրախությունը, իմ կյանքը, և դուք իմ թշնամին եք. ես մերժում եմ ձեր բարեկամական խնդիրն էլ, խորհուրդն էլ:
– Դուք կպատժվիք և կզղջաք, – հաստատ ձայնով սպառնաց ինձ Լուսինյանը և դուրս գնաց:
«Ի՞նչ պետք է անեն ինձ այս մարդիկ, – մտածեցի ինքս ինձ, – մի՞թե դավադրությունների ցանկը դեռ վերջացած չէ»: Բայց ո՞վ կարող էր գուշակել, թե ի՞նչ կանեին, պատեր-Սիմոնը և յուր ընկերները ամեն տեսակ չարիքներ նյութելու պատրաստ էին: Բավական է, որ առիթ կար:
Մնում էր ինձ սպասել մի մոտալուտ դժբախտության: Հետևյալ առավոտ եկավ ինձ մոտ մի ոստիկան և հայտնեց, որ ոստիկանատնից ինձ պահանջում են: Ես իսկույն հետևեցի նրան:
Ոստիկանական վարչության մեջ սկսան հարցուփորձել ինձ թե ո՞վ էի ես, ո՞րտեղից եմ եկած, ի՞նչ գործով եմ պարապում այստեղ և այլն: Բոլոր հարցերին էլ ես մի առ մի պատասխանեցի: Հետո ոստիկանատան մի պաշտոնյան հարցրեց, թե արդյոք անցաթուղթ ունեի՞ ես:
– Անցաթուղթ ունիմ, – վստահությամբ պատասխանեցի ես:
Իսկ պաշտոնյան, որ կասկածանքով էր նայում ինձ վերա, պահանջեց, որ ցույց տամ իրեն:
– Ինձ մոտ չէ, բայց կներկայացնեմ ձեզ, – պատասխանեցի ես:
– Ուրեմն մեր պաշտոնատարը կընկերակցե ձեզ, տվեք նրան անցաթուղթը, որ բերե, իսկ մենք նրա համարը մեր գրքերի մեջ արձանագրելուց հետո, անմիջապես կվերադարձնենք ձեզ:
– Շատ լավ, – պատասխանեցի ես և պաշտոնատարի հետ դուրս եկա:
Հասնելով տուն առաջին գործս այն եղավ, որ վազեցի պայուսակս վերցնելու, որովհետև անցաթուղթս նրա մեջ ունեի պահած: Բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ պայուսակս մահճակալի տակ չտեսի, ես նրան միշտ այնտեղ էի պահում և չէր կարելի, որ մի ուրիշը փոխադրած լիներ այնտեղից մի ուրիշ տեղ: Հանկարծ միտքս եկավ, որ փախուստի գիշերը նրան պետք է վերցնեի ինձ հետ, բայց մոռացա և տանը թողի: «Ուրեմն քույրս վերցրած կլիներ նրան մի ապահով տեղ դնելու համար» մտածեցի ինքս ինձ և դիմեցի քրոջս մոտ:
– Դու նրան անպատճառ շոգենավումն ես մոռացել, – նկատեց ինձ քույրս, – այնպիսի շփոթված դրության մեջ իհարկե, դու նրան վերցնելու վերա չէիր մտածիլ:
– Ի՞նչ ես խոսում, քույրիկս, այն երեկո ես ինձ հետ չեմ տարել իմ պայուսակս. ես մինչև անգամ լավ հիշում եմ, որ ճանապարհին փեսան հիշեցրեց ինձ, որ ես մոռացել եմ նրան, իսկ ես պատասխանեցի, որ պայուսակս ինձ չի պիտի հարկավորվի մինչև Բ., ուստի մի դժբախտություն էլ չէ, որ մոռացել եմ նրան:
– Այդ ճշմարիտ է, դու մոռացել էիր նրան, պատասխանեց քույրս, բայց մինչև այգին դեռ հասած չէիք լինի՝ որ մի տղայի ղրկեցիք ինձ մոտ թե՝ «Պայուսակս մոռացել եմ, շուտ ղրկիր, ճանապարհին սպասում ենք»: Ես էլ տվի տղային և նա բերավ ձեզ:
– Կատա՞կ ես անում, քույրիկս, – բացականչեցի ես շփոթված, – մենք այդպես տղա չենք ուղարկել քեզ մոտ, մենք պայուսակ չենք պահանջել:
– Կատա՞ կ, ինչու՞ համար, ես քեզ իրողություն եմ պատմում:
Ես մնացի արձանացած: Ո՞վ պետք է լիներ այդ տղան, և կամ ի՞նչ կարող էր իմանալ նա, թե ես պայուսակ եմ մոռացել տանը: Այս ճարպիկ հափշտակությունը ինձ ապշեցնում էր:
Բայց այդ ժամանակ վերա հասավ փեսաս և հանելուկը լուծեց:
– Հիշո՞ւմ ես, – ասաց նա, – որ այն երեկո այգու ճանապարհովն անցնելու ժամանակ ես հիշեցրի քեզ պայուսակի մոռացման մասին, և դու բարձրաձայն պատասխանեցիր թե՝ «Ոչինչ, ես իմ պայուսակին հարկավորություն չեմ ունենալ մինչև Բ.», այդ ժամանակ անցավ մեր մոտից Կլեմեսը…
– Ա՛ , այժմ հասկանում եմ… նա է ճարպկությամբ՝ տանել տվել պայուսակս, այդ անիծյալը մի քանի օր առաջ եկավ և վարպետությամբ տեղեկացավ, թե արդյոք անցաթուղթ ունի՞մ ես. նա մինչև անգամ տեսավ, թե որտեղ եմ պահում նրան: Եվ որովհետև նա առաջուց տեղեկացել էր նավաստիից ամեն բան, ուստի մեր կառքով անցնելն էլ տեսնելով շտապել է հարմար րոպեից օգուտ քաղել:
Պաշտոնատարը դրսում ինձ սպասում էր, ես մնացել էի տարակուսված, և չգիտեի ինչ պատասխանել նրան: Մի րոպե ցանկացա դիմել սարկավագին և խնդրել նրան հետ դարձնել ինձ անցաթուղթս, բայց մտածելով, որ նա հենց այն դիտավորությամբ է ձեռք գցել, որ կարողանա պատժել ինձ, ես թողեցի այդ միտքը: Ի՞նչ զենքով կարող էի ես համոզել այդ երիտասարդին, որ նա կարեկցեր ինձ:
Ինձ բարություն անելու տեղ, ճիզվիթների այդ արբանյակը կարող էր մինչև անգամ մեղադրել ինձ զրպարտության մեջ և նորանոր փորձանքներ բերել իմ գլխին: Այժմ ես վախենում էի նրանից նույնչափ, որչափ և յուր ուսուցիչներից: Ինձ մնում էր դիմել ոստիկանատան և հայտնել նրա վարչությանը ճշմարիտ իրողությունը: Եվ ես գնացի:
Բայց ոստիկանական պաշտոնյան ո՞չ միայն սառնությամբ լսեց իմ պատճառաբանությունը, այլև վերջում մի հեգնական ժպիտ և խորհրդավոր հայացք ուղղեց դեպի ինձ, որով ուզում էր հասկացնել, թե ինքն արդեն գիտե, որ ես ստախոսում եմ, բայց չէ կամենում իմ հանցանքը բռնել իմ երեսին…
Ոչինչ այնքան վիրավորական չէ, քան թե այն շնորհը, որով մարդիկ – իբր քեզ հանցավոր ճանաչելով – քաղաքավարությամբ լռության են տալիս այն հանցանքը, որը դու չես գործել, բայց որին քեզ իրենք հեղինակ են ճանաչում…
Իմ զեկուցումը լսելուց հետո պաշտոնյան ներս մտավ ոստիկանապետի մոտ: Մի քառորդ ժամ այնտեղ խոսակցելուց հետո դուրս եկավ և խնդրեց ինձ ներկայանալ ոստիկանապետին:
– Ձեզ վերա մեծամեծ ամբաստանություններ կան, – ասաց ինձ ոստիկանապետը, երբ ես ներս մտնելով ողջունեցի նրան, – այդ ամբաստանությունները գրավոր կերպով ներկայացրել են ինձ ամենանշանավոր մարդիկ, – Սարատովի ավագերեցը Ֆրանցիսկոս Լորենտանո և քաղաքիս մեջ մեծ անուն և հարգանք վայելող զույգ քահանաներ՝ պատեր-Սիմոնը և պատեր-Պետրեն: Բացի այն, որ ամբաստանությունը ներկայացնողները վարկ և կշիռ ունեցող անձնավորություններ են, նույնիսկ ամբաստանությունը պարունակում է յուր մեջ անհերքելի փաստեր և ապացույցներ: Ամբաստանության մեջ ասված է, որ դուք մի փախստական եք և խռովարար: Առաջինը հաստատում եք ինքներդ չկարողանալով ներկայացնել մեզ ձեր անցաթուղթը, որի համար մի ժամ առաջ ասում էիք, թե՝ ունի: Երկրորդ ամբաստանության համար էլ դեռ անկորուստ մնում են այն արձանագրությունները, որոնք վկայում են հասարակաց տան մեջ ձեր գործած սկանդալները, մի պատվավոր ընտանիքի աղջկան մոլորեցնելը և նրան վտանգավոր նավարկությամբ փախցնել կամենալը… և այլն: Ձեր առաջին հանցանքը ես ներեցի ի շնորհս իմ մի հարգելի բարեկամին: Վերջինի համար ես չեմ կարող ներողամիտ լինել, մանավանդ որ պաշտոնական ամբաստանագրով երեք պատվելի անձնավորություններ դատ են պահանջում ինձանից:
Ոստիկանապետը որքան խիստ, նույնչափ էլ դյուրահավատ մարդ էր երևում ինձ. ես սկսա սկզբից մինչև վերջը պատմել նրան իմ գլխով անցածները: Այսպիսի գավառական քաղաքներում առհասարակ վարչությանց գլուխները ավելի ժամանակ և հոժարություն են ունենում լսելու: Մեր ոստիկանապետը դեռ մի քիչ էլ ավելի ուներ: Հետևապես նա լսեց ինձ ոչ միայն համբերությամբ, այլև, մեծ զվարճությամբ:
Երբ ես վերջացրի, նա ծալեց յուր առաջ գրած ամբաստանագիրը և դնելով սեղանի մի անկյունում ասաց.
– Այս թուղթը մենք կընդունենք իբրև մի զրպարտություն, և նրա վերա ուշրադրություն չենք դարձնիլ, որովհետեվ նրա մեջ հիշված ամբաստանությունները դուք կարող եք հերքել նույնիսկ դատաստանի առաջ, բայց ի՞նչ կարող եմ անել ես ձեր անցաթղթի համար: Ճշմարիտ է, ես հավատում եմ, որ նա կորած է, բայց օրենքի առաջ իմ հավատը նշանակություն չունի: Նա պահանջում է, որ անցաթուղթ չունեցողներն հետիոտն իրենց հայրենիքը ուղարկվին: Ձեր հակառակորդները շատ ճարպիկ են շարժել և օրենքի այդ տրամադրության համաձայն կպահանջեն ինձանից օրինաց ճշտիվ գործադրությունը: Ես չեմ կարող նրանց պահանջը չկատարել, որովհետև ինձ տերությունն է կերակրում, և ես պարտավոր եմ օրենքը սրբությամբ գործադրել. հակառակ դեպքում ես կպատժվիմ և կպատժվի ինձ հետ իմ ընտանիքը:
– Ի՞նչ եք կամենում ուրեմն որ ես անեմ, – հարցրի ոստիկանապետին:
– Դուք պետք է հեռանաք այստեղից:
– Իսկ եթե չկարողանա՞մ:
– Այն ժամանակ ստիպված կլինեմ օրենքի հրամանը գործադրել. ուրիշ ելք չկա:
– Գոնե ինձ ժամանակ տայիք իմ հարսնացուն ինձ հետ վերցնելու…
– Օ՛, դուք կամենում եք իմ ձեռքով հանցանք գործել, – շփոթված ընդհատեց ինձ ոստիկանապետը, – հետ առեք ձեր խոսքը, Եթե ես թույլատրեմ ձեզ ձեր կամքովը հեռանալ դա շատ մեծ զիջում է, որովհետև հենց այդ դեպքում էլ ես օրինաց հակառակ վարված կլինեմ: Օրենքը հրամայում է հետիոտ և պահապանների հսկողության ներքո: Հասկանո՞ւմ եք:
– Ուրեմն դուք չե՞ք կամենում ինձ ժամանակ տալ:
– Ես կամենում եմ, բայց չեմ կարող, դուք պիտի այնպես հեռանաք, որ ես այդ չիմանամ, ապա թե ոչ, պատերների կողմից կրկին անգամ զեկուցում ստանալուն պես ՝ ես կշտապեմ գործադրել օրինաց հրամանը:
Ընդդիմությունը կարող էր զայրույթ ծնեցնել: Ես խոստացա ոստիկանապետին առաջին շոգենավովն իսկ ճանապարհվիլ դեպի իմ հայրենիքը և դուրս գնացի:
ԱԿԱՄԱ ԶԻՋՈՂՈՒԹՅՈՒՆ
Վերադառնալով տուն, տեսա, որ քույրս և փեսաս անհամբեր սպասում էին ինձ: Իմ հայտնությունը, հակառակ իմ սպասածին, նրանց վերա տխուր տպավորություն չարավ: Ես զարմացա:
– Դուք չե՞ք ցավում ուրեմն, որ ես այսքան անարդությամբ պիտի փախուստ տամ այստեղից, – հարցրի ես քրոջս վիրավորված սրտով:
– Բնավ, ընդհակառակը մենք շատ ուրախ ենք, – պատասխանեց նա ժպտալով:
– Ես ոչինչ չեմ հասկանում քո խոսքերից, մի փոքր ավելի պարզ խոսիր, – նկատեցի ես:
– Ուրախ ենք նրա համար, որ քեզ միայնակ չենք ուղարկելու, մենք էլ պիտի ընկերակցենք քեզ. պատասխանեց քույրս: Երբ դու ոստիկանատանն էիր, մենք արդեն որոշեցինք այս բանը, որովհետև գուշակում էինք, թե ինչ հրաման պիտի ստանայիր ոստիկանությունից: Ես ավելի եմ ուրախ, որովհետև այս դեպքը առիթ կդառնա, որ ես ու փեսադ գոնե միանգամ կայցելենք մեր մորը և բարեկամներին: Ահա յոթներորդ տարին լրանում է, ինչ որ մենք բաժանվել ենք նրանցից:
– Այդ բոլորը լավ. հապա Մարգարիտան. մի՞թե պիտի թողնենք նրան:
– Իհարկե կթողնենք, – հարեց փեսաս, – մենք այնտեղ երկար չենք կարող ուշանալ: Մի ամիս չի տևի, և մենք կվերադառնանք: Այն ժամանակ դու էլ նոր անցաղթով կգաս մեզ հետ այստեղ, և ինչ դիտավորություն որ ունես, անարգել կկատարես: Այն ժամանակ դու ավելի սառնարյունությամբ գործ կբռնես:
– Մի ամի՛ս… ամբողջ մի ամիս չտեսնել Մարգարիտային… օ՛հ, այդ իմ ուժից վեր է…և վերջապես ո՞ւմ հուսովն ենք թողնում նրան այստեղ:
– Յուր մոր հուսով, – հարեց քույրս, – նա ավելի պակաս չէ սիրում յուր աղջկանը, քան թե դու և ես: Մարգարիտան այնքան խելոք աղջիկ է, որ համբերությամբ կտանե քո մի ամսվա բացակայությունը, մանավանդ որ այդ բանը առիթ կտա կրքերի խաղաղվելուն: Գուցե մինչև մեր վերադարձը կհեռանան այստեղից և պատեր-Սիմոնի օգնականները և այնուհետև հեշտ կլինի քեզ համար հաղթահարել նրան: Նույնիսկ Լուսինյանը կարող է այդքան ժամանակում խելքի գալ, ճանաչել յուր սխալները և զղջալ: Միով բանիվ այդ մի ամսվա բացակայությունդ շատ բարիք կարող է հառաջացնել թե՛ քեզ և թե՛ Մարգարիտայի համար: Գոնե դուք մի փոքր կկազդուրվիք, որովհետև հոգեկան անընդհատ հուզմունքներից երկուսդ էլ արդեն կորցրել եք ձեր առողջությունը:
Քրոջս խորհուրդները վատ չէին. ուղեղս խոնարհվում էր նրանց առաջ, միայն ապստամբը – սիրտս էր. նա լսել անգամ չէր հանդուրժում:
Բայց ի՞նչ կարող էի անել: Նույնիսկ ոստիկանական հրամանը հարկադրում էր ինձ հեռանալ, – և ես նորանոր փորձությանը ենթարկվելու այլևս ուժ չունեի: Պետք էր վերջապես խոնարհվիլ ճակատագրի առաջ, պատվավոր ազատության ելք չկար: Եվ ես տվի իմ համաձայնությունը:
Մի օրից հետ արդեն առաջին շոգենավը ճանապարհվում էր: Քույրս ու փեսաս սկսան կարևոր պատրաստությունները տեսնել, իսկ ես շտապեցի հայտնելու սիրուհուս մեր դիտավորությունը:
Մենավոր խոսակցությանց համար իմ և Մարգարիտայի մշտական տեսակցությանց տեղը այգին էր: Կարևոր դեպքում. Մարգարիտան դուրս էր գալիս տնից Մարիի հետ, զբոսնելու պատրվակով, և ես նրան պատահում էի միշտ ծովափի մոտ գտնվող մեր մի սիրելի ծառուղիում:
Ուղարկելով Մարգարիտայի ժամադրությանս տոմսակը, քայլերս ուղղեցի դեպի այգին: Բայց ի՞նչպես պետք է ասեի նրան, թե հեռանում եմ քեզանից, այդ միտքը տանջում էր ինձ: Մեր հապճեպ ուղևորության ճշմարիտ պատճառը հայտնել չէի կարող, որովհետև նրա առանց այն էլ վշտացած սիրտը կրկնապատիկ կխոցոտվեր, մնում էր մի սուտ պատճառ հնարել, մի պատճառ, որը նա հերքել չկարողանար: Եվ ահա. այդ պատճառը գտնելու համար էր, որ ես հոգնեցնում էի իմ ուղեղը, բայց գտնել չէի կարողանում:
Շատ անգամ մեծամեծ խնդիրներ, որոնց լուծելու համար տարիներով պարապում են փորձառու գլուխները, լուծվում են ամենաչնչին և ամենաաննշան դիպվածներով: Այդպես էլ պատահեց ինձ հետ: Դեռ այգին չհասած հանդիպեց ինձ հեռագրական ցրիչը և տվավ ինձ մի հեռագիր, որը մի առևտրական գործի համար քաշել էր ինձ բարեկամներիցս մեկը: Հեռագրի տեսքը միայն բավական եղավ ինձ իմ որոնած պատճառը գտնելու:
«Կասեմ Մարգարիտային, որ մեր տնից հեռագիր ստացա, որով հայտնում են՝ թե մայրս մերձ ի մահ հիվանդ է և ինձ ուզում է» մտածեցի ինքս ինձ և ուրախացա: Պատրվակը ամենահարմարն էր, մանավանդ որ քույրս ու փեսաս ընկերակցում էին ինձ: Հենց այդ պատճառով էլ Մարգարիտան չէր կարող կասկածել իմ խոսքերի ճշմարտության վերա: Իսկ կրկին այստեղ վերադառնալուց, իհարկե, ես նրան կխոստովանեի ճշմարտությունը, բավական էր, որ մինչև իմ վերադարձը նա հանգիստ լիներ:
Բայց պետք էր հարկավոր դիպվածում ցույց տալ նրան հեռագիրը:
Այդ պատճառով ես կրկին վերադարձա տուն, պատրաստեցի այդ մտքով մի հեռագիր, և քրոջս ու փեսայիս էլ նախապատրաստելով շտապեցի Մարգարիտայի մոտ:
Սա արդեն մտախոհ ճեմում էր յուր սիրելի մենարանում, իսկ մի քանի քայլ հեռավորության վերա նստած էր Մարին:
– Սիրելի Մարգարիտա, այսօր անախորժ լուր պիտի հաղորդեմ քեզ, – ասացի նրան ողջունելուց հետ:
– Այնքան շատ անախորժ լուրեր եմ լսել, որ ականջներս սովորել են, – պատասխանեց նա տխրությամբ, – ասա, ես հանգիստ սրտով կլսեմ քեզ:
– Գիտե՞ս, սիրելիս, ես պետք է հեռանամ քեզանից…
– Հեռանա՞լ… երբե՛ք, այդպիսի լուր ես չեմ կարող լսել. ես կմեռնեմ…
– Բայց գիտես, պիտի հեռանամ շատ կարճ ժամանակ, ընդամենը մի ամսով:
– Եվ ու իսկ մի օրով, բացականչեց նա ջերմությամբ, – այն օրը որ դու կհեռանաս ինձանից, այն օրն էլ դու ինձ կկորցնես հավիտյան…
– Մարգարիտա, հոգյակս, դու այնպես ես խոսում, որ իբր թե այս բաժանումը շատ ցանկալի է ինձ համար, բայց գիտցիր, որ ես սիրտս սեղմելով եմ զիջանում այս ձեռնարկությանը, որովհետև անհրաժեշտ է նա:
– Անհրաժե՛շտ, բայց ինչու՞ համար, մի՞թե կա մի ուրիշ գործ ավելի անհրաժեշտ քան այն, որ քո ներկայությամբ դու պիտի սփոփես քո սիրատանջ և վշտահար Մարգարիտային…
Ես մի վայրկյան լռեցի, որովհետև չէի համարձակվում խաբել իմ սիրուհուն, այդ րոպեին նա իմ աչքում երևում էր ինչպես մի գերբնական ոգի, որ կարող էր թափանցել իմ սրտի մեջ և քննել նրա գաղտնիքները… Այդ սիրտը, ինչպես մի հանցավոր, դողում էր նրա առաջ և խելքն ու կամքը տեղի էին տալիս իմ մեջ սրտի սրբազան զգացմունքներին…
Բայց չէ՞ որ չարիքներից փոքրագույնը պետք էր ընտրել. ավելի լավ էր խաբել նրան վիշտ չպատճառելու համար, քան վշտացնել՝ մի անօգուտ ճշմարտություն խոստովանելու համար: Կամաց կամաց ես հակվում էի վերջին միջոցի կողմը: Ուստի երբ նա կրկին հարցրեց թե՝ ինչու՞ համար է անհրաժեշտ իմ հեռանալը, ես ցույց տվի նրան շինծու հեռագիրը: Խեղճ Մարգարիտա, նա իսկույն հավատաց ինձ և տխուր ձայնով մրմնջաց.
– Քանի որ մայրդ հիվանդ է, ես չեմ կարող ստիպել քեզ, որ ուշանաս: Գնա, գուցե նա կարոտ է քո օգնության, գուցե նրա կյանքը քո վերադարձից կախում ունի. նա կարող է վշտանալ և անիծել այն ձեռքը, որ արգելում է քո վերադարձը… բայց ասա նրան, Արա՛մ, որ այդ ձեռքը իմն է, որ ես պաշտում եմ քեզ… որ ես պիտի մեռնեմ առանց քեզ…
Այս խոսքերով նա ընկավ իմ պարանոցով և սկսավ հեկեկալ և դառնապես արտասվիլ… Իմ սիրտը կտրտվում էր, ես կամենում էի ընկնել իմ սիրուհու ոտքերի առաջ, ծածկել նրանց իմ համբույրներով և հենց այդտեղ, նրա ոտքերի տակ, ավանդել իմ հոգին…
Բայց ավա՛ղ, մարդիկ ցանկացած րոպեին երջանկանալ կարենալու չափ ուժ չունին. նույնիսկ մահը փախուստ է տալիս նրանցից, երբ գիտե, թե յուր մատչելով՝ գոհություն պիտի պատճառե մահկանացուին…
Եվ այսպես, մենք երկար գրկախառնված միայն լալիս էինք, մինչև որ վերջապես մեր արտասվաց առուները փակվեցան, և մենք հոգեկան վրդովմունքից գրեթե վաստակած նստանք հովանավոր ուռիների տակ:
Մարգարիտան դեռ չգիտեր, թե քույրս և փեսաս էլ պիտի ընկերակցեին ինձ, բայց երբ այս բանը ես հայտնեցի նրան, շատ ուրախացավ, որովհետև, դա մի հաստատուն գրավական էր իմ շուտափույթ վերադարձի համար, ըստ որում Մարգարիտան ինքն էլ գիտեր, որ փեսաս ու քույրս երկար բացակայել չէին կարող:
– Երբ կերթաք մորդ մոտ և աստուծով նրան կառողջացնեք, – սկսավ սիրաբանել Մարգարիտան, – ասացեք նրան, որ դուք թողել եք այստեղ մի երկրորդ հիվանդ, որը նույնպես կարոտ է յուր որդու հոգատարության, թող նա շուտ, շատ շուտ վերադարձնե քեզ ինձ մոտ: Այսուհետև օրերը տարիներ պիտի դառնան ինձ համար և արևը մութ ու լուսինը խավար պիտի երևի իմ աչքում: Ասա մորդ, որ նա խղճա ինձ, յուր երկրորդ աղջկանը, յուր Արամի Մարգարիտային… Ասա, որ ես սիրում եմ նրան, որովհետև նա քո մայրդ է. ասա՛, որ ես ճնշում եմ իմ սիրտը, որ ես խեղդում եմ իմ սերը, միմիայն յուր համար, թող ինքն էլ չզլանա ինձ ամենափոքրիկ զոհողություն – զրկվիլ քեզանից միայն մի ամիս, այնուհետև մենք կրկին կվերադառնանք յուր մոտ և միշտ միասին կլինինք…
Այս և սրա նման շատ խոսքեր էր խոսում ինձ Մարգարիտան սևեռելով ինձ վերա յուր սևորակ և գեղեցիկ աչերը‘ մերթ կրակոտ և սիրապատար, մերթ մեղմ և աղաչավոր հայացքներով: Ես լսում էի նրան հոգեզվարճ հիացմունքով և սրբազան հափշտակությամբ… Եվ երբ նա ավարտեց յուր խոսքը, մենք ուղղվեցանք դեպի տուն:
Քույրս ու փեսաս մեր ուղևորության միակ արգելքը Մարգարիտայի կողմից էին սպասում, բայց նրանք շատ ուրախացան, երբ Մարգարիտան զվարթ երեսով հանդիպեց նրանց և մինչև անգամ բարի ճանապարհ մաղթեց: Իրենք էլ մյուս կողմից ավելի սփոփեցին նրան, խոստանալով, որ ամեն ջանք գործ կդնեն ինձ շուտ վերադարձնելու: Մյուս կողմից էլ, երբ բացատրեցին նրան մեր ուղևորության անհրաժեշտությունը, նույնիսկ մեր և յուր հոր լարված դրությունը բարեփոխելու և պատերների խումբը ցրվելու նպատակով
Մարգարիտան ավելի հանգստացավ և սկսեց մինչև անգամ օգնել քրոջս մեր ուղևորության պատրաստությունների մեջ: Ամբողջ այդ օրը Մարգարիտան մնաց մեզ մոտ և երեկոյան դեմ հեռանալով՝ ժամադիր եղավ առավոտը շոգենավի ճանապարհվելու ժամանակ գալ ուղղակի նավահանգիստը և այնտեղ նավամատույցի վերա առնել մեր վերջին հրաժեշտի ողջույնը:
ՀՈԻՅՍԵՐՍ ՓՇՐՎԵՑԱՆ
Դուք անշուշտ երազներին չեք հավատում, ես էլ ձեզ նման սնահավատ չեմ: Բայց համոզվեցեք, որ կան երազներ, որոնք չեն խաբում և որոնց պետք է հավատալ: Ահա այդ երազներից մինն էր, որ այդ միևնույն գիշերը խռովեց իմ հանգիստը:
Ինձ թվում էր, թե Մարգարիտայի հետ զբոսնում էի մի գեղազարդ այգիի մեջ, ուր ամեն կողմից մեզ շրջապատում էին հարուստ և բարձրաբերձ ձառեր, ծաղկափթիթ պուրակներ և կանաչազարդ թփիկներով եզերված առուներ, որոնք կարկաչասահ և բազմապտույտ ոռոգում էին գեղեցիկ դարաստանը:
Մենք թևիթև ճեմում էինք հովանավոր ծառերի տակ, և Մարգարիտան մերթ ընդ մերթ ամենագեղեցիկ ծաղիկները փրցնելով նրանցից փնջեր էր կապում և կախում էր իմ կրծքի վերա:
– Այս փնջերը թող հիշատակ մնան քեզ մոտ, Արա՛մ, – ասում էր նա, – որովհետև իմ վախճանը մոտեցել է, և ես պետք է մեռնիմ… Բայց երդվիր ինձ, որ իմ մահից հետո, դու անթառամ կպահես այս փնջերը և երբ քո հոգին կբաժանվի քեզանից, դու նրան կհանձնես մեր սիրո այս գողտրիկ հիշատակները ինձ բերելու համար…
Եվ այս խոսքերը դեռ նա չէր ավարտել, երբ մի հանկարծական թնդյուն շրջապատեց մեզ, գեղեցիկ դարաստանը փրոխվեցավ մի հորձանուտ ծովակի, որի կոհակները կատաղի շառաչմամբ դիմում էին դեպի մեզ… Մենք սարսափահար սկսանք փախչել նրանցից:
Այդ փախուստի ժամանակ հանկարծ Մարգարիտան ճչաց` «Արամ, ազատիր ինձ…»: Ես իսկույն հետ դարձա և ինչ եմ տեսնում, ո՛վ աստված, կոհակներից մինը մարդու կերպարանք առած ահագին բերանով և կատաղի աչքերով վազում էր մեր ետևից, նա հագած ուներ սառույցներից շինված քահանայական սքեմ և նույնպիսի սաղավարտ, իսկ ձեռքի մեջ մի հրեղեն սուր և մի արյունոտ խաչ… Հենց այն րոպեին, որ ես կամենում էի պատսպարել Մարգարիտային, նա խլեց նրան իմ ձեռքից և, մի ակնթարթում անհայտացավ ծովակի ալիքների մեջ…
– Մարգարիտա, – աղաղակեցի ես իմ բոլոր ուժով և սարսափահար վեր թռա քնիցս:
Թեպետ նույն րոպեին երազի մեջ լինելս իմանալով ուրախացա, բայց երկյուղից ամբողջ մարմինս դողում էր:
Արդեն մոտ էր լուսանալու, ես էլ քնել չկարողացա: Զանազան տխուր մտածմունքներ հետզհետե սկսում էին ինձ պաշարել: Ես վախենում էի, թե չլինի՞ այդ տարօրինակ երազը կատարումն ստանա:
Եվ թեպետ մերոնք արթնանալով ինձ ևս ստիպեցին վեր կենալ և ուղևորության համար պատրաստվիլ, բայց ամբողջ ժամանակ սիրտս մեռածի պես էր, և երակներիս մեջ կարծես արտասուք էր հոսում…
Վերջապես կամաց-կամաց սկսանք պատրաստվիլ, ծանր իրեղենները ժամ առաջ շոգենավը ղրկեցինք, տանը մնացած իրեղենները ըստ պատշաճի ամրացրինք, և նրանց պահպանելու համար ծառաներին կարևոր հրահանգները տվինք և այսպես մինչև ժամ ութը ամեն բան վերջացնելով դուրս եկանք տնից և ուղղվեցանք դեպի նավահանգիստը:
Ես սկսա շտապեցնել քայլերս նավակամրջի վերա Մարգարիտային տեսնելու և նրա հետ մի քանի վայրկյան ավելի խոսելու համար:
Բայց դեռ ծովափը տանող ճանապարհի վերա էի, երբ տեսա, որ Մարին վազում է իմ ետևից:
– Ի՞նչ կա, Մարի՛, – : շտապով հարցրի ես:
– Օրիորդը այս նամակը տվավ ինձ, որ ձեզ հանձնեմ, պատասխանեց նա և մի նամակ տվավ իմ ձեռքը:
– Իսկ ինքը ո՞ւր է, մի՞թե չէ գալու, – հարցրի ես անհանգստությամբ:
– Չգիտեմ. մենք նրան այսօր յուր անկողնում չգտանք, երևի շատ վաղ է վերկացել, մենք կարծում էինք, թե նա ձեզ մոտ կլիներ:
– Ինչպե՞ս թե մեզ մոտ, – շվարած հարցրի ես, և ապա նամակը հիշելով հարեցի, – հապա այս նամակը նա ե՞րբ տվավ քեզ:
– Երեկ երեկոյան և խնդրեց, որ այս առավոտ հանձնեմ ձեզ:
Ես կամեցա իսկույն բանալ նամակը, բայց ծրարի վերա գրված մի քանի տողերը իմ ձեռքերը թուլացրին:
«Արամ, երդվեցնում եմ քեզ մեր սուրբ սիրո անունով, որ կատարես իմ վերջին խնդիրը: Այս նամակը կարդա այն ժամանակ, երբ դու արդեն շոգենավով մի քանի փարսախ հեռացած կլինիես»:
«Ի՞նչ նամակ պետք է լինի այս» մտածեցի ես զարհուրելով և շտապեցի նավահանգիստը:
Մարգարիտան յուր խոստման համաձայն այնտեղ պիտի լիներ:
Բայց որքան մեծ եղավ երկյուղս, երբ այնտեղ էլ Մարգարիտային չտեսա: Նավահանգիստ եկողները – ճանապարհորդները թե հուղարկուներ, բոլորը արդեն հավաքվել էին, մերոնք արդեն պատրաստվում էին նավակի մեջ մտնելու, բայց Մարգարիտան դեռ չկար:
– Նստիր նավակում, դեռ գնանք շոգենավը, – ասում էր ինձ փեսաս, – Մարգարիտան նավակով այնտեղ էլ կգա:
Բայց մի՞թե ես կարող էի լսել նրան: Մի քանի րոպեից եկան և Մարգարիտայի զույգ ընկերուհիները՝ Վարդուհին և Վարվարան, նույնպես և տեր-Հովհաննեսը և մեր մյուս բարեկամները և ծանոթները, բայց Մարգարիտան դարձյալ չէր երևում: Ամենից վերջը եկավ իմ զոքանչը միայնակ: Էլ սարսափը տիրեց ոսկորներիս:
«Ի՞նչ բան է վերջապես այս նամակը, ի՞նչ եմ հիմարացել, ինչու՞ չեմ կարդում» կշտամբեցի ինքս ինձ և դողացող ձեռքերով բանալով նրան սկսա կարդալ:
«Սիրեցյալդ իմ Արամ.
Ճակատագիրը մեզ հալածում էր, և մենք իզուր էինք կռվում նրա դեմ. տկար մահկանացուի համար չէ սերը և ո՛չ էլ երկիրն է նրա բնակարանը. պետք էր հնազանդիլ անողոք ճակատագրին, երկինքն ընտրելով մեզ համար սիրո ասպարեզ… Դու երեկ խաբեցիր ինձ, թե քո մոր հիվանդության պատճառով ես հեռանում այստեղից, դու վախենում էիր ճշմարիտ պատճառը ինձ հայտնելու, որովհետև ճանաչում էիր քո Մարգարիտային և գիտեիր, որ նա իսկույն կմեռներ… Բայց միթե ավելի լա՞վ չէր քեզ մոտ, քո գրկերում մեռնիլ…
Երեկ երեկոյան եկան մեզ մոտ պատերները և նրանց հետ էլ մի ոստիկանական պաշտոնյա և մեզ մոտ ուրախության տոն կատարեցին, որ կարողացել էին ոստիկանական ուժով քշել տալ քեզ այստեղից և դեռ խրոխտանում էին, որ քիչ ժամանակից հետ պիտի աքսորել տան քեզ քո հայրենիքից… Իմ հայրը ուրախությամբ հյուրասիրում էր նրանց, նա տոնում էր յուր աղջկա ազատությունը՝ նրա սիրելուն հալածելով… ասա՛ ինձ, Արամ, մի՞թե կարող էի ես բաց աչքերով քո հավիտյան ինձանից բաժանվիլը տեսնել, մի՞թե կարող էի ես իմ հոր ձեռքով քեզ հասած դժբախտությունները լսել… Վերջապես, մի՞թե կարող էի ես մի վայրկյան անգամ քեզանից հեռու և քեզ տեսնելուց հուսահատ ապրել… Օ՛հ, ոչ, ես այդքան ույժ չունիմ, ես միայն մի բան կարողացա վճռել և կատարել: Քանի որ Մարգարիտան քոնը չէր, նա ուրիշինն էլ չի պիտի լիներ… Ես կամեցա իմ սերը սուրբ պահել և ես նրան ինձ հետ երկինքը տարա… այն ժամանակ երբ դու այս տողերը կկարդաս, քո Մարգարիտան ծովի ալիքների մեջ անշնչացած կլինի… բայց դու ներիր քո դժբախտ Մարգարիտային…»:
Նամակը դեռ չվերջացրած, գլուխս սկսավ պտտվիլ, աչքերս սևացան, և ես թուլացած ծնկներով ընկա նավակամրջի նստարանի վերա:
Բոլոր շրջապատողները թափվեցան ինձ վերա, քույրս ու բարեկամներս սկսան շփոթվիլ, հարցեր անել ինձ, ճիչեր արձակել, բայց ես կարծես խլացած ոչինչ չէի լսում, աչքերս միայն ապուշ-ապուշ շրջում էի այս ու այն կողմը՝ առանց մի բան տեսնել կարողանալու: Զգում էի, որ անդամներս սառչում էին, մահը կարծես թե մոտենում էր ինձ…
Մեկ էլ հանկարծ իմ չորս կողմը ձայներ լսվեցան.
– Խեղդված մարդ են բերում, խեղդված մարդ:
Ես իսկույն վեր ցատկեցի, հետաքրքիր ամբոխը խռնվում էր դեպի նավակամրջի ծայրը. ես էլ խելագարի նման վազեցի նրանց մոտ:
Հիսուն քայլ հեռավորությունից լողում էր դեպի մեզ քաղաքի «փրկարար նավակը» յուր կարմրագույն դրոշակով: Չորս նավաստիներ արագ-արագ շարժում էին թիակները. մի քանի րոպեից հետ մակույկը մոտեցավ նավակամրջին: Դիակը արդեն դուրս էին հանում նավաստիները, երբ ես ամբոխը ճեղքելով առաջ անցա: Եվ ի՞նչ տեսին աչքերս, աստված իմ, Մարգարիտան առավոտյան սպիտակ լոդիկով, հերարձակ և կիսամերկ բազուկներով՝ անշնչացած ընկած էր իմ առաջ…
– Երա՛զ… Մարգարիտա, – աղաղակեցի ես և ուշաթափ ընկա սիրուհուս դիակի վերան…
Թե ի՞նչ պատահեց ինձ հետ այնուհետև, էլ ես չիմացա: Առաջին անգամ որ աչքերս բացի, ես արդեն ծովի վերա էի, պառկած նավի տախտակամածի վերա: Ինձ տխրադեմ շրջապատել էին քույրս, փեսաս և մեզ հետ եղող մեր մի քանի ծանոթները:
Նավը սլանում էր, և ես հավիտյան բաժանվում էի Մարգարիտայից…
ՀԱՍԱՐԱԿԱՑ ՈՐԴԵԳԻՐԸ
Մութն արդեն կոխել էր, երբ Գուստավի արհեստանոցի մեջ շոգեմեքենան սուլեց: Դա նշան էր, որ աշխատանքը դադարում է: Մի քանի րոպեի մեջ գործավորներն իրենց գործիքները տեղավորեցին և խառնաշփոթ աղաղակներով դուրս թափվեցան արհեստանոցի բակը: Նոցանից մաքրասերներն իսկույն զբաղվեցան իրենց հագուստների փոշին մաքրելով, ուրիշներն սկսան լվացվիլ արհեստանոցի բակում շինված ավազանի մեջ, իսկ մի քանի անհոգներ դեռ շարունակում էին իրենց տաք վիճաբանությունը, որն սկսվել էր արհեստանոցի մեջ:
Շառլ Գուստավի գործարանում անխտիր բանում էին թե՛ ռուս, թե՛ հայ և թե՛ վրացի երիտասարդներ: Նոքա, ճշմարիտը խոստովանած, վարվում էին միմյանց հետ հաշտ և բարեկամաբար: Բայց այդ, իհարկե, ծերունի Գուստավի շնորհիվն էր, որը աշխատանքները բաժանելու մեջ երբեք հավասարակշռությունը ձեռքից չէր թողնում: Իսկ եթե նա երբեմն, իրենից անկախ պատճառներով, սխալներ էր գործում, այդ ժամանակ, իհարկե, յուր գործավորների միմյանց հետ ունեցած հարաբերությունը շատ էլ գովելի չէր լինում: Եվ շատ բնական էր որ փոքրիկ վիճաբանություններին հաջորդեին փոքրիկ հայհոյանքներ, իսկ այս վերջիններին՝ փոքրիկ կռիվներ: Որքան և այդ բանն անհաճո լիներ ծերունի Գուստավին, այսուամենայնիվ նա չէր կարող յուր գործարանը բարոյականության դպրոց դարձնել կովկասցի կիսավայրենիների համար: Հենց այս երեկո էլ քիչ էր մնացել, որ ծերունի Գուստավը մի մեծ կռիվ գցեր յուր գործավորների մեջ, եթե յուր դուստրը օգնության չհասներ իրեն:
Պատճառը ես իսկույն կասեմ:
Գործարանի մեջ աշխատանքը դադարելուց ետ, երբ գործավորները բակը ժողովվեցան, պարոն Գուստավը հայտնեց նորանց, որ գործարանի մեջ նույն օրն ավարտած չորս հատ երկաթե վանդակները պետք է հասցնվի պատվիրող պարոն Սոմարյանցի տունը: Այս հայտնությունից ետ մի քանի րոպե լռություն տիրեց ամբողջ բակի մեջ և ոչ ոք չէր կամենում ձայն հանել, որովհետև վախենում էր, որ այդ ծանրությունը յուր վերա կբարձեն:
– Ինչու՞ եք լռում, – վերջապես ձայն տվավ Գուստավը, – ձեզանից մեկն անպատճառ պետք է այդ վանդակները հասցնե պատվիրողի տունը, որովհետև խոստացել եմ:
– Թող Վալուշկինը տանե, հերթը նորանն է, – խմբի միջից ձայն տվավ մի գործավոր:
– Ինչու՞ համար դու ինքդ չես տանում, հիմա՛ր, – գոռաց բարկությամբ Վալուշկինը:
– Հիմարը դուն ես, ես շաբաթ օրը իմ հերթը վերջացրի:
– Մի՛ կռվեք. հերթը Կուլակովինն է, – ձայն տվավ մի ուրիշը:
– Կուլակովը գործարանի մշակ չէ՞ խո, – խռպոտ ձայնով գոչեց վերջինս: – Երեկ չէ՞ր, որ ես ձողերը երկաթուղին տարա: Շաբաթը խո տասն անգամ չպետք է իմ հերթը հասնի:
– Ուրեմն Կամարիձեն պետք է տանի, – լսելի արավ յուր ձայնը մի ուրիշը:
– Իմ ոտքը ցավում է, ես չեմ կարող, – պատասխանեց Կամարիձեն և ապա՝ «Ինչո՞ւ այս հայերը չեն տանում, իրենց հայն է պատվիրողն» ասելով հեռացավ դեպի բակի մի խավար անկյունը:
– Այո՛, այո՛, այս հայերը պետք է տանեն. իրենց հայն է պատվիրողը, – աղաղակեցին իսկույն մի քանի հոգի:
– Այդ ի՞նչ հիմարություն է, – խոսեց խմբի միջից մի առոողջակազմ հայ երիտասարդ, – եթե հայի պատվիրածն անպատճառ հայ գործավորը տանե, դուք՝ ռուս և վրացի գործավորներդ պետք է երբեք ոչինչ չտանեք, որովհետև ձեր ազգակիցները մեր գործարանին գրեթե պատվերներ չեն տալիս, ըստ որում ո՞ չ փող ունին, ո՛չ կարիք:
– Պարոննե՛ր, ինչու՞ համար եք վիճում, թողեք ինձ ես այդ խնդիրը կլուծեմ, – լսվեցավ մի կանացի ձայն գործարանի վերնահարկի պատշգամբից:
Դա պարոն Գուստավի աղջկա ձայնն էր:
– Այո՛, այո՛, օրիորդ, ի սեր աստուծո, դուք վճռեցեք, – ձայն տվին ամեն կողմերից գործավորները և հավաքվեցան պատշգամբի տակը:
– Խոստանո՞ւմ եք, որ կկատարեք իմ վճիռը, պարոններ, – հարցրավ նրանց Շառլոտան:
– Այո՞, օրիորդ, խոստանում ենք, կկատարենք, – ձայն տվին բոլորը միաբերան:
– Շատ լավ, լսեցեք: Ես չեմ ճանաչում, թե ո՞րտեղ է գտնվում պարոն Սոմարյանցի տունը և չեմ էլ ճանաչում ձեր, գործավորներիդ տները. ուրեմն ինչ որ առաջարկեմ, իմացեք, որ բոլորովին անկողմնապահությամբ եմ առաջարկում: Ահա իմ առաջարկությունը. թո՛ղ այդ վանդակները տանե նա, որի տունն ավելի մոտ է Սոմարյանցի տանը:
– Կեցջի՛ք, կեցջի՛ք, օրիորդ, լավ վճիռ կայացրիք, – ուրախությամբ գոչեցին մի քանիսը, – ուրեմն մեր երգիչ Գեվորգը կտանե, որովհետև նա Սոմարյանցի դրացին է:
– Մի՞թե, – զարմացմամբ և շփոթված հարցրավ Շառլոտան:
– Այո՛, այո՛, Գևորգը Սոմարյանցի ամենամոտ դրացին է, – կրկնեցին գործավորները և հարցը վճռված համարելով, սկսեցին ցրվել յուրաքանչյուրը դեպի յուր տունը:
Ծերունի Գուստավն էլ, բավական յուր դստեր վճռից, մտավ տուն: Իսկ խեղճ Գևորգը, որ մի տասն և ինն տարեկան պատանի էր, անցավ դեպի գործարանը՝ վանդակները վերցնելու համար:
Շառլոտան շատ զղջացավ յուր այդպիսի առաջարկություն անելուն համար: Նա շատ սիրում ու հարգում էր Գևորգին, իբրև բոլոր գործավորների մեջ ամենից համեստ տղային: Բացի այդ, Գևորգը, որ գեղեցիկ ձայն ուներ, շատ անգամ աշխատանքից դառնալուց ետ, յուր սիրուն երգերով զվարճություն էր պատճառում Շառլոտային, երբ սա զբոսնում էր տան այգիում լուսնկա գիշերներով: Գևորգի բարության փոխարեն Շառլոտան այս տեսակ վարձատրություն, իհարկե, չէր ցանկանալ անել նրան, բայց սխալն ուղղելու հնար չկար:
Երբ Գևորգը նորից երևեցավ բակի մեջ յուր ծանր բեռով, Շառլոտան իսկույն իջավ սանդուղքից և վազելով դեպի նորան՝ «Ների՞ ր ինձ, Գևորգ, – ասաց նրան, – ես բոլորովին չէի կարծում, թե վիճակը քեզ պետք է դուրս գար, ապա թե ոչ, երբեք այդպիսի առաջարկություն չէի անիլ գործավորներին: Այդ վանդակները շատ ծանր են, թո՛ղ որ հորս խնդրեմ, որպեսզի մեր ծառային քեզ հետ դնե, բեռանդ կեսը նա կարող է վերցնել»:
– Շնորհակա՛լ եմ, օրիորդ, – հեզությամբ պատասխանեց Գևորգը, – Դուք շատ բարի եք. այս բեռը որովհետև ձեր առաջարկությամբ եմ կրում, ինձ համար ծանր չէ, մանավանդ թե շատ թեթև է… – այս ասելով նա դուրս գնաց բակի մեծ դռնից:
Շառլոտան մի քանի վայրկյան մնաց կանգնած բակի մեջ. նորան սաստիկ վշտացնում էր իր գործած սխալը. վերջապես նա վերադարձավ տուն:
Բ
Հուշիկ և ծանր քայլերով Գևորգը գնում էր երկար և ուղղաձիգ փողոցով, Չնայելով որ նորա բեռը չափազանց շատ ծանր էր, այսուամենայնիվ նա շունչ առնելու համար ոչ մի տեղ չէր կանգնում: Նա մինչև անգամ ուշադրություն չէր դարձնում ա՛յն մեծ շարժողության վրա, որը երեկոյան այդ պահուն, ինչպես միշտ, կար այդ փողոցում: Անդադար անցուդարձ անող կառքերի դղրդյունը, ձիաքարշի հաճախակի զանգահարությունը, երթևեկ ամբոխի շշուկը, գործից դարձող բանվորների ուրախ և բարձրաձայն խոսակցությունները, այս բոլորն անլսելի և անտեսանելի էին նորա համար: Նա մտածմունքների մեջ խորասուզված անընդհատ շարունակում էր յուր ճանապարհը և հուսահատված խոսում էր ինքն իրեն. «Այս բեռն ինձ համար ծանր չէ. ես սորանից ավելի ծանր ծառայություններ եմ արել Գուստավին, բայց ծանր է արդարև նորա աղջկա ինձ հասցրած վիրավորանքը: Նա դիտմամբ արավ այդ բանը, այո՞, դիտմամբ: Նա ճանաչում էր իմ տունը, երևի ճանաչում էր Սոմարյանցի տունը. գիտեր, որ նա մեր դրացին է, նա դիտմամբ հանձնեց ինձ այս ծառայությունը, հասկացնելու համար, որ ես ոչ այլ ինչ եմ, եթե ոչ՝ յուր հոր գործարանի մշակը… Եվ իհարկե, ես մի ողորմելի մշակ եմ, իսկ ինքը հարուստ գործարանատիրոջ աղջիկ… Ա՛խ, ուր էր թե ես էլ հարուստ լինեի…»: Այս խոսքերի հետ նա մի խորը հառաչ արձակեց և իտալացու ջարդված գլխարկը գլխից հանելով և ճակատի վրա վազող քրտինքը սրբելով‘ շարունակեց յուր ճանապարհը:
Մի քառորդ ժամից նա հասավ Սոմարյանցի տունը, որն այդ երեկո փայլում էր արտաքո կարգի լուսավորությամբ: Յուր ծանր բեռը բակի մեջ գետին ձգելով՝ Գևորգն ուղղվեց ամբողջ թիկունքով, հանգիստ շունչ քաշեց և սկսավ նայել դեպի վեր, տան դստիկոնը:
Սոմարյանցի տան այդ մասը լուսավորված էր աչք շլացնելու չափ: Դահլիճի ահագին պատուհաններից երևում էին բյուրեղյա ջահերը‘ կրակված հարյուրավոր ճրագներով: Բազմաթիվ հյուրեր անցուդարձ էին անում այդտեղ, և նոցա ուրախ խոսակցության ձայները, խառնվելով թնդացող երաժշտության հետ, մի կախարդական կերպարանք էին տալիս այդ հոյակապ տանը:
Գևորգը երկար նայում էր հարուստ մարդիկների ուրախությանը և ինքն իրեն շշնջում էր. «Ահա՛ ինչ կնշանակե հարուստ լինել, շատ փող ունենալ: Եվ ես հարյուր տարի էլ եթե ապրեի այսուհետև, դարձյալ Սոմարյանցի դահլիճի ներսը ոտք դնել չէի կարող: Ախր ի՞նչ մարդիկներ ենք մենք, չէ որ աստված մեզ ստեղծել է միայն բախտավոր հարուստներին ծառայելու համար: Ես և Սոմարյանցի տղան միասին էինք կարդում, ես նորանից ավելի լավ էի կարդում և նորանից ավելի շուտ ավարտեցի: Բայց որովհետև աղքատ էի, ես գնացի դարբին Գուստավի մոտ արհեստ սովորելու, իսկ նա մտավ գիմնազիոն, այժմ էլ նա ուրախանում է յուր հարուստ հոր հյուրերի հետ: Իսկ ես, իբրև մշակ, մի վերստ հեռավորությունից շալակել բերել եմ նրանց վանդակները: Իհարկե, Շառլոտայի նման գեղեցիկ աղջիկները Սոմարյանցի տղին կսիրեին, իսկ ինձ վրա կծիծաղեին, շատ բնական է…»: Այսպես խոսելով նա մոտեցավ սանդուղքի լուսավորված մուտքին և հնչակը քաշեց: Իսկույն երևեցավ ֆրակով և սպիտակ փողպատով մի սպասավոր: Գևորգը նորան հայտնեց, որ Գուստավի գործարանից բերել է յուր տիրոջ պատվիրած վանդակները և խնդրում էր, որ կարգադրեն ծառաներին ներս տանելու:
Ֆրակով սպասավորը, ինչպես սպասելի էր, սաստիկ բարկացավ Գևորգի համարձակության վրա. «Թշվառակա՛ն, – գոչեց նա կոպիտ ձայնով, – չէի՞ր կարող այդ մասին դռնապանին հայտնել, որ ինձ էիր անհանգստացնում»: Այս խոսքերով նա արագությամբ փակեց սանդուղքի մուտքը և անհետացավ:
Գևորգը մի քանի րոպե մնաց շվարած կանգնած. ծառայի հանդգնությունը վերջին աստիճանի վիրավորեց նորան, բայց ի՞նչ կարող էր անել: Նա լուռ ու մունջ ետ դարձավ և գտնելով դռնապանին, որ բակի դռան ետքում խռմփալով քնում էր, զարթեցրավ նորան և իրեն այդքան նեղություն պատճառող վանդակները նորան հանձնելով՝ գնաց տուն:
Գ
Գևորգենց տունը իսկապես մի հողե կտուրով աղքատիկ տնակ էր, բաղկացած մի մեծ սենյակից և մի խոհանոցից: Դարբին Ղազարը հազիվ էր կարողացել այդ փոքրիկ կալվածը ձեռք բերել յուր ճակատի քրտինքով: Ինքը երեխայությունից լինելով որբ և ամեն տեսակ պաշտպաններից զուրկ, դեռ տղա հասակում մուրալով էր ապրել: Հետո յուր մի բարի դրացուհու միջնորդությամբ մի դարբնի մոտ աշակերտ մտնելով, սովորել էր դարբնությունը: Մինչև քսանհինգ տարեկան հասակը, նա կարողացել էր այնքան գումար վաստակել, որ գնել էր այդ փոքրիկ տնակը և ամուսնացել Սարաջ-Օհանի աղջկա` Թամարի հետ:
Դարբին Ղազարը գուցե կարող կլիներ շատ առաջ գնալ, կարող կլիներ և մի փոքր հարստություն ձեռք բերել, այս աշխարհում մի՞թե այդ բանն անկարելի է, բայց մի անակնկալ հիվանդություն, դեռ երիտասարդ հասակում, խլեց նորան յուր սիրելի կնոջ գրկից, նորա համար միակ մխիթարության թողնելով երկու տարեկան Գևորգին:
Խեղճ Թամարը շատ երկար սգաց յուր ամուսնի մահը. նա մերժեց յուր ազգականների թախանձանքը՝ կրկին ամուսնանալու համար, և յուր բոլոր խանդաղատանքը փոքրիկ Գեվորգի մեջ ամփոփելով, սկսավ ապրել միմիայն նրա համար:
Թամարն ամուսնու մահից հետո յուր և որդու ապրելու հոգսը յուր վերա տեսնելով՝ հանձն առավ մերձակա լվացարանում լվացարարի պաշտոն և ամսական 25 ռուբլի ստանալով, ապրում էր ինքը և ապրեցնում էր որդուն:
Երբ Գևորգը տասներեք տարեկան դարձավ, նա տվավ նորան հայոց դպրոցը, որտեղ նորան ձրի ընդունեցին: Գևորգը շատ ուշիմ տղա էր. նա լավ էր սովորում և բոլոր վարժապետները նորանից գոհ էին: Ինչ վերաբերում էր դպրոցի վերակացուին, նա պատրաստ էր ամսական 50 ռուբլու փոխարեն 25-ով ծառայել, եթե միայն դպրոցի բոլոր աշակերտները Գևորգի նման համեստ և խոնարհ տղաներ լինեին:
Գևորգը 17 տարեկան հասակում յուր ուսման ընթացքն ավարտեց և այնքան բան գիտեր, որքան նորան սովորեցրել էին դպրոցում: Այժմ հարկավոր էր, որ նա յուր համար մի պարապմունք գտներ: Գևորգը հավատարիմ մնալով այդ ժամանակներում դպրոցում տիրապետող ոգուն, կամենում էր անպատճառ գործակատար դառնալ և շուտով հարստանալ: Բայց հանգուցյալ տեր-Օհանեսը, որ շատ սիրահար էր արհեստներին, կարողացավ համոզել նորան, որ յուր մոր ցանկության համեմատ շարունակեր յուր հոր՝ Ղազարի արհեստը, այն է՝ դարբնություն: Բայց, իհարկե, Գևորգը հայոց դպրոցն ավարտած և յուր վարժապետների ասելով զարգացած տղա, խո չէր կարող հասարակ դարբին լինել՝ արդեն մեծ զիջում էր անում նա մորը և տեր-Օհանեսին, որ գործակատար լինելու դիտավորությունը թողնում էր, ուստի նա ընտրեց փականագործությունը և մտավ գործարանատեր Շառլ Գուստավի մոտ:
Այստեղ երկու տարվա մեջ Գևորգը բավական առաջ գնաց յուր արհեստի մեջ, և ծերունի Գուստավը հատկացրավ նորան ամսական 15 ռուբլի:
Այժմ նա կամաց-կամաց մոտենում էր ցանկացած նպատակին, այն է՝ ազատել մորը լվացարանում օրն ի բուն չարաչար աշխատելուց:
Բայց մեկը, որ Գևորգին ավելի կապեց Գուստավի գործարանի հետ, այդ նորա դուստրը՝ գեղեցիկ Շառլոտան էր: Նորա գեղեցկությունն առաջին անգամից իսկ գրավեց Գևորգի ուշադրությունը, և նա հետզհետե գործարանը գնալով և հաճախ Շառլոտային տեսնելով, զգաց, որ այլևս անտարբեր չէ դեպի նորան: Մինչև այժմ իրեն անծանոթ մի զգացմունք սկսեց անհանգստացնել նորան: Նա ամենից վաղ շտապում էր Գուստավի գործարանը և ամենից ուշ հեռանում էր այնտեղից և այս միայն նորա համար, որ ավելի շատ ժամանակ ունենա Շառլոտային տեսնելու: Խեղճ երիտասարդը սիրում էր նորան…
Բայց Գուստավի աղջիկը, իհարկե, նրա զգացմունքը չէր բաժանում և այդ երազել անգամ չէր կարող նա: Միայն թե բոլոր գործավորներից ավելի նորան էր համակրում: Գևորգը շատ համեստ և համակրական դեմք ուներ, առաջին անգամ նորան նայողը կսիրեր նորան. և Շառլոտան սիրում էր նորան, իբրև յուր հոր գործարանի մի բարի, աշխատասեր և պարկեշտ գործավորին: Բայց յուր քաղցր վարմունքը դեպի Գևորգը՝ վերջինիս մեջ բոլոր երիտասարդներին հատուկ մի սխալ կարծիք էր ծնեցրել, այսինքն թե նա սիրում է իրեն: Այս սխալ կարծիքի մեջ ավելի հաստատվեցավ Գևորգն այն օրից, երբ Շառլոտան պատահմամբ նորա երգելը լսելով, հրավիրեց նորան իրենց տան այգին և մի քանի նվագ յուր ծնողաց առաջ երգել տվավ նորան: Իսկ այնուհետև յուրաքանչյուր երեկո, երբ գեղեցիկ եղանակ կամ լուսին էր լինում, ինքը միայնակ զբոսնում էր այգիում և Գևորգին խնդրում էր նստել մեծ ակաթենու տակ և երգել: Գևորգը երգում էր նորա համար շատ քաղցր և գողտրիկ երգեր… Նա երգում էր մինչև անգամ այնպիսի կտորներ, որոնց մեջ յուր սրտի խանդն ու զգացմունքներն էին արտահայտվում:
Շառլոտան, իհարկե, հայերեն չգիտենալով, չէր էլ հասկանում Գևորգի երգերի միտքը, բայց երբ սա մի օր կամեցավ թարգմանել նորան յուր շատ սիրած երգի մի կտորը. նա թողեց Գևորգին այգիում և անխոս հեռացավ նորանից…
Գևորգի մեջ մի կասկած զարթեցավ:
Նա զգաց, որ սխալված է, որ Շառլոտան նրան երբեք չի սիրել… Եվ այս տխուր ճշմարտությունն օրից օր ավելի հասկանալի էր դառնում նորա համար: Իսկ այս երեկո արդեն ամեն բան պարզվել էր: «Գուստավի աղջիկը, – մտածում էր ինքն իրեն Գևորգը, – ոչ միայն անկարող եղավ իմ զգացմունքը բաժանել, այլև ծիծաղեց ինձ վերա երկաթե վանդակները դիտմամբ շալակել տալով ինձ, որպեսզի զգալ տա ինձ նման թշվառականին յուր և մի խեղճ գործավորի մեջ եղած անհամեմատելի անհավասարությունը…»:
Այս խորհրդածություններն ալեկոծում էին դարձյալ խեղճ Գևորգի գլուխը, երբ նա հասավ տուն:
Խեղճ Թամարը երկար դրսում կանգնած՝ սպասում էր յուր որդուն, որովհետև նա այս երեկո սովորականից ավելի ուշացավ: Երբ Գևորգը մոտեցավ բակի դռանը, մայրը վազեց նորա առաջ: «Հոգյակս, ինչու՞ այսքան ուշացար», հարցրավ նորան մայրական խանդաղատանոք: Բայց Գևորգը այնքան վրդովված էր, որ մոր հարցին ոչինչ չպատասխանեց: Թամարը սաստիկ այլայլվեց: «Ի՞նչ է պատահել արդյոք նորան» – շշնջաց ինքն իրեն խեղճ մայրը և վազեց որդվո ետևից դեպի տուն»:
Այստեղ Գևորգը պատմեց նորան յուր տխրության պատճառը: Մայրն, իհարկե, մեծ նշանակություն չտվավ որդու պատմածներին, բայց աշխատեց մխիթարել նրան. «Դու քո գործը շինիր, որդի, – ասում էր նորան, – աշխատիր որքան կարող ես մի քանի շահի ետ գցել, և երբ ժամանակը կհասնի, ես քեզ համար այնպես լավ աղջիկ կուզեմ, որ դու իրեն կսիրես, ինքը`քեզ: Ի՞նչ ունիս դու գերմանացու աղջկա հետ. դու հայ ես, օտարի հետ խո չե՞ս պսակվելու»: Թամարը շատ լավ էր ասում, բայց որդու սրտից չէր խոսում:
– Մայրիկ, կարծում ես, թե ես նորա համա՞ր եմ մտածում, – պատասխանում է Գևորգը, – թե ինչու՞ Գուստավի աղջիկն ինձ չէ սիրում, բնա՛վ, ինձ տանջում է միայն այն բանը, թե ինչու՞ մենք աղքատ ենք, որ մի փականագործի աղջիկ ինձ վերա ծիծաղի և Սոմարյանցի ծառան այդքան կոպտությամբ գոռա ինձ վերա: Ահա այս է ինձ սպանողը: Ես տեսնում եմ, թե արհեստավորը որքան ողորմելի մարդ է աշխարհի մեջ: Եվ եթե դուք թողնեիք ինձ գործակատար լինել… Այստեղ Գևորգն այլևս չկարողացավ իրեն պահել և սկսավ լալ:
– Դատարկ բաների վերա ես մտածում, որդի, – շարունակեց մայրը, – արհեստը ոսկի պարապմունք է. այդ պարապմունքով էլ դու մարդ կդառնաս և պատիվ կվաստակես, եթե միայն կամենաս: Տեսնո՞ւմ ես, այն ծերունի Գուստավը քեզ օրինակ: Չէ՞ որ նա էլ առաջ քեզ պես մի խեղճ գործավոր է եղել, իսկ այսօր մի ամբողջ գործարան ունի: – Այս ասելով Թամարը վեր կացավ և բերավ որդու համար վաղուց արդեն պատրաստ ընթրիքը, որը բաղկանում էր մի կտոր սառած մսից, պանրից և սև հացից:
Գևորգը, չնայելով իր ներքին վրդովմանցը, շատ ախորժակով ընթրեց: Եվ երբ վերջացրավ, վեր առավ յուր սրինգը և դուրս գնաց բակը:
Գեղեցիկ և լուսնկա գիշեր էր:
Գևորգի դրացուհիները՝ կանայք և աղջիկներ, դուրս էին եկել կտուրների վերա և թամաշա էին անում Սոմարյանցի տան մեջ եռացող խնջույքին: Բայց Գևորգին Սոմարյանցի տունը չէր գրավում, նրա սիրտն ուրիշ ցավ էր տանջում: Նա նստավ բակի մեծ տանձենու տակ, մի կոճղի վրա, որ նայում էր ուղիղ Սոմարյանցի տան լուսավորված դահլիճին և սկսավ մեղմ և քաղցր ձայնով երգել «Զրկված սիրահարի» տխուր երգը:
Ա՛խ, երանի տկար սրտին
Սիրո նետեր չդիպչեր.
Երանի՛ թե աղքատ մարդին
Սիրուց բաժին չտրվեր:
Նոր մանկության հովտեն ելած
Մտի սիրո բուրաստան,
Ուր հույլ ի հոյլ դեռ թերաբաց
Փայլում են վարդն ու շուշան:
Ուր սոխակը ոլորում է
Յուր սրտառուչ դայլայլիկ,
Եվ զեփյուռը գուրգուրում է
Առվին ալիք գեղեցիկ:
Ինձ պատում են բյուր հրապույրներ
Գեղ և շնորհք երկնային,
Եվ հնչում են թովիչ ձայներ
Իմ փափկալուր ականջին:
Իմ սառ սիրտը ջերմանում է,
Ներսս վառվում նոր կրակ,
Եվ վարդենին ինձ դյութում է
Յուր աչքերովն անուշակ:
Աղբերակունք վճիտ, մաքուր,
Խաղացնում եմ նորա շուրջ,
Հովհարներով բերում զեփյուռ
Յուր վարդերին փչել շունչ:
Սպասում եմ, որ տար ծաղիկ
Ինձ իմ գողտրիկ վարդենին.
Փնջիկներով հանգչեր իմ գիրկ
Մեղմիկ բուրեր իմ սրտին…
Ափսոս, դաժան էր պարտիզպան,
Նա իմ հույսը կործանեց.
Աղքատների բաժին չէ սա»,
Ասաց և ինձ դուրս հանեց:
Եվ ցողեցին աչքերս առատ,
Կյանքս դարձավ սգալից.
Եվ ոչ մի ձայն իմ հուսահատ
Սրտին եղավ կարեկից:
Բայց երանի- տկար սրտին
Սիրո նետեր չդիպչեր,
երանի- թե աղքատ մարդին
Սիրուց բաժին չտրվեր…:
Եվ երգի յուրաքանչյուր տունը ավարտելուց հետո Գևորգը հնչեցնում էր յուր տխուր և մելամաղձիկ սրինգը, որի բեկբեկուն ձայնը գիշերային լռության մեջ թռչում, հասնում էր թաղի հեռավոր անկյունները:
Այս միջոցին Սոմարյանցի տան մեջ հրավիրյալների ուրախությունը հասել էր յուր գագաթնակետին: Մի կողմից երաժշտությունը, մյուս կողմից բազմականների խառնաշփոթ աղաղակը դղրդեցնում էին ամբողջ տունը: Սեղանի վերա արդեն պտտվում էր 3-րդ խորտիկը, գինով շշերը վաղուց արդեն կորցրել էին իրենց կանոնավոր դիրքը, կենացները և էքստրաներն անդադար հաջորդում էին միմյանց:
Սոմարյանցի հրավերքը հասարակ մարդկանց հրավերքին չէր նմանվում: Նրա հյուրերը բոլորն էլ զարգացած մարդիկներ էին: Բոլորն էլ զուտ հայեր և «անխառն ազգասերներ»: Այդ էր պատճառը, որ հրավերքն ընդունել էր մի տեսակ ազգային հանդեսի կերպարանք: Այստեղ առաջարկվում էին և հայ գործիչների ու բարերարների կենացները, որոնց արժանավորագույնը պսակվում էր պարոն սեղանապետի գեղեցիկ ատենաբանությամբ և բազմականների անվերջ ծափահարություններով: Այսպիսի պատվի արժանացավ, իհարկե, հայոց ապագա կաթողիկոսի և ապա, ինչպես որ մոդա էր, Կ. Պոլսի Ներսես պատրիարքի, Խրիմյան Հայրիկի և այլոց կենացները:
Բազմականներից մեկը, որ ըստ երևույթին թեմական տեսուչ էր, առաջարկեց խմել հայոց դպրոցների կենացն այնպիսի եռանդուն նախանձախնդրությամբ, որ կարծես այդ կենացից կախված լիներ հայոց դպրոցների ներկան ու ապագան: Պարոն սեղանապետը հարգեց, իհարկե, այս առաջարկությունը, և դահլիճը թնդաց կեցցեների աղաղակներով:
Մի ուրիշ պարոն, որ բավական նուրբ ճաշակով հագնված էր և որ յուր շարժմունքների մեջ ոչնչով ետ չէր մնալ մի ամենակոկետ կնոջից, առաջարկեց խմել հայոց թատրոնի կենացը:
– Այո՛, այո՛ հայոց թատրոնի կենացը, – գոչեցին մի խումբ նրբաճաշակ և ըստ երևույթին գեղարվեստը պաշտող երիտասարդներ, որոնք առանձին ժողովված էին սեղանի մի անկյունում:
Սեղանապետը հարգեց և այդ առաջարկությունը և դարձյալ մի ատենաբանությամբ առաջարկեց նորան հյուրերին, վերջիններս, իհարկե, ընդդիմություն ցույց չտվին բաժակները դատարկելու մեջ:
Բայց սեղանի մի անկյունում հավաքված նրբաճաշակ երիտասարդների խումբը, անկախ սեղանապետի բարեհաճությունից, խմեց և հայոց գեղեցիկ դերասանուհիների կենացը: Իմ ընթերցողներն, իհարկե, ինձ հետ միասին, այս վերջինը ամենից արժանավորն են գտնում:
Այս բոլոր կենացներին մի մարդ միայն չէր մասնակցում: Դա հայոց լավ հեղինակներից մինն էր, որ կանգնած դահլիճի պատուհանում, երկար նայում էր դեպի դուրսը: Թատրոնի կենացից հետո միայն սեղանապետը նշմարեց նորան և բավական ծանր նկատողություն արավ նորան յուր այդ անկարգ վարմանց համար:
– Ներեցե՛ք ինձ, պարոն սեղանապետ, – դարձավ նորան հեղինակը, – այստեղ մի երգչի չնաշխարհիկ ձայնը գրավել է ինձ ավելի, քան ձեր բոլոր կենացները (սեղանի շուրջը հավաքված երիտասարդների մեջ անբավականության նշաններ). լսեցեք նորան մի փոքր և տեսեք արդյոք իրավունք չունեի՞ ես ուշադիր լինելու ավելի այս երգչին, քան թե ձեր կենացներին:
– Ի՞նչ երգիչ է, հապա՛ տեսնենք: – Այս ասելով տեղից վեր կացավ սեղանապետը և մոտեցավ պատուհանին: Սեղանապետի օրինակին հետևեցին և հրավիրյալներից շատերը և մի ակնթարթում ժողովվեցան դահլիճի պատուհանների մոտ:
Երաժշտությունը լռեց. Սոմարյանցի հյուրերն ամենայն ուշադրությամբ լսում էին դրացի տան բակում երգող երգչին: Դա Գևորգն էր, որ հնչեցնում էր յուր սրինգը և երգում էր… Հրավիրյալները որոշ լսեցին նորա երգի հետւևյալ կտորը,
Բայց ափսո՛ս, որ միշտ կմնամ հուսահատ.
Քեզ ժառանգելու չեմ ունենար բախտ.
Քեզ փեսա կընտրես հարուստ և իշխան.
Բայց ես սիրուց զատ՝ չունիմ ուրիշ բան:
– Ո՞վ է այս տղան, Սերգեյ Յագորիչ, – հիացած ձայն տվավ սեղանապետը:
– Մեր դրացի դարբին Ղազարի որդին է, – այս խոսքերով մոտեցավ սեղանապետին պարոն Սոմարյանցը և հարցրեց, – հավանո՞ւմ եք նորան:
– Նա ինձ հիացնում է, խնդրում եմ, կանչել տվեք նորան այստեղ:
– Այո՛, այո՛, նա մեզ հիացնում է, բերել տվեք նորան այստեղ, – գոչեցին բոլոր հյուրերը գրեթե միաբերան:
– Իսկույն, – պատասխանեց Սերգեյ Յագորիչը և ներկա եղող ծառաներից մեկին հրամայեց գնալ և կանչել Գևորգին:
Ներկա գտնվողը միևնույն ծառան էր, որ կոպտությամբ վիրավորել էր խեղճ Գևորգին, նա չհամարձակվեցավ անձամբ գնալ նրա մոտ, որ մի գուցե նրա զայրույթը գրգռելով, առիթ տար յուր վատ վարմանց երևան հանելուն, այլ յուր կողմից մի ուրիշին ուղարկեց Գևորգի մոտ:
– Աղան ձեզ խնդրում է, որ գաք մեզ մոտ, – ասաց Սոմարյանցի ծառան, մոտենալով Գևորգին:
– Ի՞նձ, – հարցրեց զարմացմամբ Գևորգը:
– Այո՛, ձեզ, – պատասխանեց ծառան:
Գևորգի համար բոլորովին անսպասելի չէր այդ հրավերը, ուստի նա շփոթվելով հարցրեց. «Ի՞նչ ունի ինձ հետ ձեր աղան այս ժամին, վանդակների համար չէ ուզում խոսել»:
– Ի՞նչ վանդակների համար:
– Այն վանդակների, որ ես այսօր բերի ձեր տուն:
– Ո՛չ, կարծեմ մեր հյուրերը լսել են ձեր երգելը և կամենում են, որ գաս իրենց մոտ էլ երգես:
Գևորգի շփոթությունն անցավ, և մի գաղտնի ուրախոթյուն, որ առաջանում է անմեղ փառասիրությունը գգված լինելուց, պատեց նորա սիրտը:
– Լա՛վ, կգամ, դուք գնացեք, – ասաց նա ծառային և ինքը մտավ տուն, մորը իմացնելու: Բայց մայրն արդեն Օրփեոսի գրկումն էր, և չկամենալով նորան զարթեցնել‘ լվացվեցավ, մաքրվեցավ և դուրս գնաց:
Հասնելով Սոմարյանցի տան այն մուտքին, որ հանում էր խնջույքի հարկը, նա կանգ առավ և չէր վստահանում միայնակ բարձրանալ: Նա հնչակը քաշեց:
Իսկույն երևեցավ միևնույն ծառան, որ Գևորգին հրավիելու էր գնացել:
– Պարոն Գևորգ, ինչո՞ւ չեք գալիս, հրամեցե՛ք:
– Գալիս եմ, բայց…
– Բայց ի՞նչ, ամաչո՞ւմ եք:
– Ոչ… բայց ասացեք խնդրեմ, շա՞տ մարդ կա այդտեղ:
– Իհարկե շատ մարդ կա. բայց ձեզ ի՞նչ. շատ մարդիկ ձեզ խո չե՞ն ուտելու, հրամեցեք:
Գևորգը յուր բոլոր արիությունը ժողովելով` բարձրացավ սանդուղքից, հասնելով գեղեցիկ լուսավորված նախագավիթը, նորեն կանգ առավ:
– Դուք դարձյալ կանգնո՞ւմ եք, իսկ ձեզ սպասում են, – նկատեց ծառան:
Գևորգը տեղից չշարժվեց, նա ամբողջ մարմնով դողում էր:
Սպասավորը երկար չսպասեց, նա շտապ մտավ դահլիճը և հայտնեց աղային, որ Գևորգը եկել է, բայց ամաչում է մտնել:
– Ի՞նչ հիմարություն, ո՞ւր է, – բացականչելով դուրս եկավ պարոն Սոմարյանցը նախագավիթը և տեսնելով Գևորգին, որ կծկվել էր դռան մոտ՝ «Վա՞, արի՛ է, ինչու՞ համար ես ամաչում, ձեր հարևանի տունն է, օտարի տուն խո չէ», – այս խոսքերով բռնեց նա Գևորգի ձեռքից և խնամակալի իշխանությամբ ներս քաշեց նրան դեպի դահլիճը:
Դ
Սոմարյանցի հյուրերը Գևորգին տեսնելով ուրախության աղաղակ բարձրացրին: Նրանցից մի մասը ուռա- էր կանչում, մյուսները գժանոցից փախած խելագարների նման բացականչություններ էին անում, ուրիշները հրավիրում էին նրան իրենց մոտ նստել, իսկ երաժիշտները, որ այդ միջոցին լուռ էին, սկսան ի պատիվ Գևորգի մի տուշ ածել:
Գևորգն առաջին անգամ մի այսպիսի տեղ մտնելով, մնացել էր ապշած:
Դահլիճի հրաշալի լուսավորությունը, նորա շլացնող զարդարանքները, հարուստ և շքեղ սեղանը, փայլուն հյուրերի բազմությունը, երաժշտության որոտը, այդ բոլորը մի րոպեում այնպիսի կախարդական ազդեցություն արին նրա վերա, որ խեղճն իրեն երազի մեջ էր կարծում: Հենց առաջին րոպեներից սկսած մի տեսակ թմրություն կամաց-կամաց պատեց նրա ամբողջ մարմինը, նա կարծես հետզհետե խլանում էր. նրա աչքերը սկսում էին մթագնել, դահլիճի մեջ որոտացող երաժշտության ձայնը, հարբած հյուրերի աղաղակն այլևս լսելի չէին լինում նրան, դահլիճի հարյուրավոր ճրագները, յուր չորս կողմը պտտվող բազմությունը, կամացկամաց անհետանում էին նորա աչքից և ստանում էին հյուլեների կերպարանք, որոնք արեգակի շողերի առաջ լողում են օդի մեջ: Նա սկսում է թուլանալ:
– Գևո՛րգ, ի՞նչ պատահեց քեզ, – վրդովված ձայնով գոչեց տանուտերը, տեսնելով, որ պատանին երերվում է ոտքի վրա, – դու հիվա՞նդ ես, հա՛ , դու հիվա՞ դ ես:
Գևորգը ոչինչ չպատասխանեց:
– Աթո՛ռ, աթոռ տվե՛ք տղային, որ նստե, – ձայն տվին մի քանիսը:
– Նա ուշաթափվում է, ջո՛ւր հասցրեք, – աղաղակում էր մի ուրիշը:
– Ջո՛ւր, ջուր սրսկեցեք, – հրամայեց սեղանապետը: Եվ իսկույն ծառաներից մի ամենաշնորհալին ջրի շիշը կըլթ, կըլթ, կըլթ, թափեց խեղճ Գևորգի գլխին և շորերի վերա:
– Կամա՛ց, հիմա՛ր, խեղճ տղայի շորերը բոլորովին թրջեցիր, – բարկությամբ գոչեց Սոմարյանցը և սեղանից անձեռոցը վերցնելով, սրբեց Գևորգի շորերը:
Սպասավորի շնորհալի բարերարությունը և Սոմարյանցի ու հյուրերի աղաղակը սթափեցրին Գևորգին թմրությունից: Նա իսկույն բարձրացավ աթոռից և շփոթված սկսեց ուղղել յուր հագուստները:
– Ի՞նչ պատահեց քեզ, ո՛րդի, – հարցրեց նրան Սոմարյանցը, – ինչո՞ւ այդպես դարձար:
– Ոչի՛նչ, գլուխս մի փոքր պտույտ եկավ, – աչքերը գետնին գցած պատասխանեց Գևորգը:
– Ոչի՛նչ, ոչի՛նչ, կա՛նցնե, շուտով կանցնե, – գոչեց մյուս կողմից սեղանապետը, և մոտենալով բռնեց նրա ձեռքից և նստեցրեց յուր կողքին:
– Այժմ դեռ պետք է մեր սեղանից մի բան վայելես, հետո մեր հյուրերի կենացը կխմես, և հետո մեզ համար կերգես, այնպես չէ՞: Դե-, սկսիր առաջին գործդ, – ասաց նրան սեղանապետը և հրամեցրեց նրան հատկապես սեղանապետի համար պատրաստված կարկանդակը:
Գևորգը սաստիկ ամաչում էր: Յուր կյանքում նա առաջին անգամն էր արժանանում այսպիսի բարձրաստիճան հյուրերի ուշադրության: Ուստի և նա ոչինչ չկարողացավ ճաշակել, ամոթից քրտինքը վազում էր նրա ճակատի վերա:
– Պարոն սեղանապե՞տ, դուք, շատ քնքշաբար եք վարվում իմ դրացու հետ, – նկատեց Սոմարյանցը, – ինձ թողեք նորա մտերմությունը վաստակել: – Այս ասելով նա մոտեցավ Գևորգին, կտրեց կարկանդակից մի մեծ կտոր և սկսավ զոռով խրել Գևորգի բերանը: Էլ այժմ ազատում չկար, պետք էր վայելել այդ անիծյալ կարկանդակը: Եվ Գևորգը հնազանդվեցավ յուր ճակատագրին: Բայց դեռ վերջին պատառը չէր անցել նրա կոկորդից, և ահա՞ սեղանապետը մոտեցրեց նրան գինվո ահագին բաժակը:
– Ես գինի չեմ խմում, պարոն սեղանապետ, – համեստությամբ նկատեց պատանին և բաժակը հեռացրեց իրենից:
– Այդ անկարելի է, – գոչեց սեղանապետը յուր բոլոր սեղանապետական արժանավորությամբ, – դու պետք է մեր հյուրերի կենացը խմես:
– Այո՞, այո՞, անկարելի է, պետք է, որ մեր կենացը խմե, – աղաղակեցին միաբերան մի քանիսը:
– Իսկ եթե չի խմիլ, ես գինու բաժակը կթափեմ նրա գլխին, – ավելացրեց Սոմարյանցը:
Գևորգն այս վերջին սպառնալիքից վախեցավ: Նա ձեռքն առավ բաժակը և աչքերը գետին խոնարհած՝ «Ձեր կենացը», – շշնջաց հազիվ լսելի ձայնով և խմեց մի քանի կաթիլ:
– Չեղա՞ վ, չեղա՞վ, բոլորը պետք է խմել, – աղաղակեց սեղանապետը:
– Բաժակի հատակը պետք է չորացնել, – գոչեց մի ուրիշը, որ ըստ երևույթին առանձին հմտություն ուներ արբեցության արհեստի մեջ: Գևորգը այս անգամ կես ամոթից և կես բարկությունից ստիպված մի կողմ թողեց յուր ծայրահեղ ամոթխածությունը և բաժակը դատարկեց փառավորապես:
– Կեցցե՛ս, կեցցե՛ս, – աղաղակեցին հյուրերը և երաժշտությունը սկսավ նրանց ձայնակցել:
Մի փոքր ժամանակից հետո սեղանապետը նշան տվավ, և երաժշտությունը լռեց:
– Այժմ դու պետք է մեզ համար երգես, – ասաց նա Գևորգին և դառնալով դեպի հյուրերը, հրամայեց, որ բոլորն էլ լռեն:
– Ի՞նչ երգ եք կամենում, որ ես երգեմ, – հարցրեց Գեվորգը ոտի կանգնելով:
– Որը որ դու ավելի լավն ես համարում:
– Այո՛, որը որ դու ավելի լավն ես համարում, – արձագանք տվին սեղանապետի խոսքերին մի ուրիշ անկյունից: Բայց ո՞ր երգն էր ավելի լավ յուր գիտեցածներից, այդ մեկը նույն րոպեին Գևորգը չէր կարողանում որոշել, ուստի մի քանի րոպե մնաց լուռ կանգնած և բոլոր դահլիճն ուշադրությունը լարած՝ սպասում էր նրան:
«Ես կերգեմ ա՛յն երգը, որ Շառլոտան ավելի էր սիրում», – վերջապես մտածեց ինքն իրեն պատանին, – «երևի դա է ամենից լավը իմ երգերից»: Եվ նա սկսեց քաղցր և մեղմ ձայնով երգել «Սիրահարի բաղձանքը»:
Տխուր գիշեր, աղոտ լուսին
Թե լինեին ինձ ընկեր,
Շունչ զեփյուռին, մրմունջ առվին
Շշնջեին ինձ երգեր:
Մայրյաց թավուտ, մարմանդ դալար,
Մարդկան ոտից անկոխ հովիտ,
Ուր սուրբ սիրույն ծխի բուրվառ
Թե իրենց մեջ տային հանգիստ:
Այդ սրբազան միայնության
Մեջ կերգեի իմ Սիրուհին,
Եվ իմ դողդոջ երգերի ձայն
Կավանդեի գողտրիկ հովին:
Որ նա տաներ, մեղմիկ հնչեր
Այնտեղ, ուր նա կննջե լռին,
Եվ նորա սիրտն առներ, բերեր
Իմ սիրալիր սեղմեր սրտին:
Վերջին տունը հազիվ թե վերջացրեց երգիչը և ահա դահլիճի մեջ որոտացին ծափահարությունների և կեցցեների ձայները: Բոլոր հրավիրյալներն անխտիր հիացան պատանու գողտրիկ և ոլորուն ձայնի վերա, բոլորն էլ միաբերան գովում էին նրան:
Բայց այդ միակ երգով չբավականացան, իհարկե, Սոմարյանցի հյուրերը: Նրանք խնդրեցին սեղանապետին, որ կրկին երգել տա Գևորգին:
Գևորգն այժմ այլևս չէր ամաչում, նա սկսեց երգել, և երգեց մոտ տասը հատ երգեր, մեկը մյուսից հաջողակ:
Ծափահարություններին և կեցցեներին վերջ չկար:
Այժմ մեր հրավիրյալներն սկսան խորը կերպով հետաքրքրվել պատանու դրությամբ, հարցնում էին Սոմարյանցից նրա հոր, մոր և մինչև անգամ ազգականների անունները: Տեղեկություններ էին պահանջում նրա կեցության և պարապմանց մասին և այլն, և այլն:
Պարոն Սոմարյանցը, պետք է խոստովանել, շատ քիչ բան գիտեր յուր դրացու մասին, և նրա նման մի հարուստին այդ բանում մեղադրել անկարելի էր. ուստի նա հազիվ թե կարողանում էր գոհացնել յուր հյուրերի հարցասիրությունը:
Բայց դահլիճի մի ուրիշ անկյունում, մի խումբ հյուրեր բոլորովին ուրիշ կարծիքներ էին հայտնում Գևորգի մասին: Նրանցից մի քանիսը պնդում էին, որ նա հայոց դպրոցներից մեկի աշակերտն է դեռ. մյուսները հաստատում էին, որ նա նոտայի վարժապետ է. յուր քթի մեծությամբ նշանավոր մի պարոն հիշում էր, որ այդ տղային տեսել էր Թիֆլիսի երաժշտական դպրոցում, մի ուրիշը հաստատում էր, որ նա մասնակցում էր Հայոց բարեգործական ընկերության վերջին անգամ տված նվագահանդիսին. իսկ հայոց «գեղեցիկ դերասանուհիների» կենացը խմող երիտասարդներից մեկն ասում էր և փաստերով հաստատում, որ ինքն այդ տղային անցյալ տարի տեսել էր Պետերբուրգի երաժշտական դպրոցում և զարմանում էր, թե նա այժմ ի՞նչ էր շինում Թիֆլիսում և կամ ինչո՞ ւ այդպես աղքատ է հագնված:
Այս տարաձայն խոսակցությունները, որոնք հակասում էին միմյանց, շատ անհանգստություն պատճառեցին երիտասարդ բժիշկ Դուդուկջյանին, որը գեղեցիկ սովորություն ուներ ամեն տեսակ ժողովների մեջ բոլորից առաջ խոսելու: Նա բարձրացավ յուր տեղից և գինվո բաժակը ձեռքում բռնած (մոռանալով, որ կենաց առաջարկելու համար չէր կանգնել), ամենին լսելի ձայնով հարցրեց.
– Պարոն սեղանապե՞տ, մեր հարգելի հյուրերը ցանկանում են իմանալ, թե արդյոք մեր այդ տաղանդավոր և շնորհալի երգիչը ո՞րտեղ և ինչո՞վ է պարապում: Արդյոք կարո՞ղ եք հրամայել, որ նա բավարարություն տա նրանց հետաքրքրությանը:
– Ինչո՞ւ չէ, – պատասխանեց սեղանապետը և ապա դառնալով դեպի Գևորգը հարցրեց.
– Դու ի՞նչ գործով ես պարապում, մեր հյուրերը կամենում են իմանալ:
– Ես լինում եմ գերմանացի Գուստավի գործարանում և պարապում են փականագործությամբ, – համեստությամբ պատասխանեց Գևորգը:
– Փականագործությա՞մբ, – զարմացմամբ հարցրին մի քանի տեղերից:
– Այո , փականագործությամբ, – կրկնեց պատանին:
– Ի՞նչ եք ասում, մի՞թե կարելի է, որ ձեզ պես շնորհալի երիտասարդը փականագործությամբ է պարապում, – տաքացած մոտեցավ նրան բժիշկը, ձեռքի բաժակը սեղանի վրա դնելով:
– Ի՞նչ պետք է անել, պարոն բժիշկ, դրանից ավելի լավ պարապմունք ինձ ո՞վ պիտի տար:
– Ա՛, ինչ եք ասում, պարոն, դուք ձեզ կորցրել եք անհայտության մեջ:
– Բայց ես չեմ կարող հավատալ մեր երգչի խոսքերին, նա երևի կատակ է անում, – ձայնը լսելի արավ հայոց «գեղեցիկ դերասանուհիների» կենացը խմող և Գևորգին Պետերբուրգի երաժշտական դպրոցում տեսնող պարոնը:
– Ես կատակ չեմ անում, հարգելի պարոն, ես փականագործությամբ եմ պարապում պարոն Գուստավի գործարանում:
– Ցավալի է, շատ ցավալի է, – հարեց սեղանի ձախ կողմից երդվյալ հավատարմատար Մաստակյանը, խիստ կարեկցական արտահայտություն տալով յուր դեմքին, բայց և այնպես շամպանիայի բաժակը ձեռքից չթողնելով:
– Իսկ ես պիտի ասեմ, որ ոչ միայն ցավալի, այլև ամոթ է ձեզ, ռուսաստանցիներուդ համար ասանկ շնորհալի երիտասարդ մը ունենալ և զանի, ինչպես հարկն է, խնամել չկամենալ: – Այս փոքրիկ հառաջաբանով խառնվեցավ խոսողների հետ պարոն Դեմուրջյանը, մի պոլսեցի նորեկ երիտասարդ, որ բավական խնամքով սրել էր յուր ընչացքի ծայրերը և «Մասիսի» մի համարը ծալած դրել էր րեդինգոտի գրպանը – եթե ասանկ տաղանդավոր պատանի մմեր Պոլիսը գտնվեր, – շարունակում էր նա, – կտեսնեիք, թե մեր հոնտեղի ազգայինք ի՛նչ մեծ զոհաբերություններով զանի առաջ պիտի քաշեին գեղարվեստից տաճարներուն մեջ:
– Բայց դուք հարգելի պարոն, մի Դուրյան ունեիք, երիտասարդ, բայց իրոք տաղանդավոր բանաստեղծ, որ մեծ ապագա էր խոստանում և նա քսան և երկու տարեկան հասակում մեռավ Պոլսում, վերջին աղքատության մեջ, – նկատեց նրան պարոն Սլաքյանը, որ մի կողմը քաշված մեծ զվարճությամբ լսում էր հափշտակված հյուրերի ճառախոսությունները:
– Եթե ամեն բանի մեջ ատանկ ծուռը դատելու ըլլանք նե, պարոն, – հարեց Դեմուրջյանը, – գիտե՞ք ուր կհանգի ձեր ճանապարհը – Կրետեի հին լաբյուրինթոսին մեջ, որը, ինչպես գիտեք, Մենովսի հրամանավ Դեդալոս անդրիագործը շինեց…
– Լաբյուրինթոսների պատմությունն անել ավելորդ է, շարունակեցեք բուն խնդրի վրա խոսել, – ընդհատեց նորան պարոն Սլաքյանը:
– Դարձյալ ծուռը կդատիք, պարոն, լաբյուրինթոսներու պատմությունն անանկ հետաքրքիր նյութ մ’է հնագիտության համար, որ մեր դարու բոլոր հնախոսք մեծամեծ հատորներ հրատարակած են ցարդ անոնց վրայոք: Եթե ինձ չեք հավատար, շնորհ ըրեք մեր Պոլսո գրավաճառանոցներն այցելելու ու հոն պիտի տեսնեք, թե ի-՜նչ ահագին հատորներ կվաճառվեն, բոլորն ալ հնագիտության և գլխավորապես լաբյուրինթոսներու մասին հարուստ տեղեկությամբք լի…
– Պարո՛ն, դուք դարձյալ բուն խնդիրը մոռացաք, – նորեն ընդմիջեց նրան պարոն Սլաքյանը, – ես Դուրյանի մասին էի խոսում, որ Պոլսում աղքատության մեջ մեռավ, դուք ի՞նչ էիք կամենում սրա մասին ասել:
– Հա, մոռցա, ես ալ ադոր համար պիտի խոսեի: Դուք, հարգելի պարոն, Դուրյանի անուն տալով խնդիրը կշփոթեք: Վասնզի այլ է բանաստեղծ, այլ է երգիչ: Բանաստեղծը չկրնար երգիչ ըլլալ և ոչ ալ երգիչը բանաստեղծ: Սա անանկ ճշմարտություն մ’է, որ մեր Պոլսո բոլոր ազգայինք գիտեն, և ձեզի պես նշանավոր ազգասերի մ’ալ չգիտնալը պատիվ չի բերեր…
– Մենք, պարո՛ն, գիտենք ըստ հարկին պատվել զԼիթռե, զՎիկթոր Հուկո, դուք Կովկասու հայքդ հազիվ կրցաք Դյուլոռեի մը հոգեհանգիստը կատարել:
– Բայց բուն խնդիրը, պարո՛ն, բուն խնդիրը, – անհամբերությամբ ընդհատեց նրան պարոն Սլաքյանը:
– Բուն խնդիրն այն է, որ Դուրյան իբրև սոսկ բանաստեղծ կրնար աղքատության մեջ մեռնիլ, ըստ որում բանաստեղծությունը մեր պոլսեցվոց մոտ գին չունի, մինչ երգիչ մը կրնա դյուրավ հաճո ըլլալ անոնց, մանավանդ, ա՛յն մեծ խնջույքներուն մեջ, որք հաճախ տեղի կունենան մեր Պոլիսը հարուստներու քով: Եվ ասանկով այդ երգիչը կրնա յուր համար ապահով ապագա մը պատրաստել, ինչպես խել մը եվրոպացի նշանավոր երգիչք… – Պարոն Դեմուրջյանը դեռ չէր ավարտել յուր ճառը, որ ծիծաղն ու քրքիչը լցվեցավ դահլիճը: Պարոն ճառախոսը զգաց, որ յուր իմաստալից խոսքերն ըմբռնողներ չգտնվեցան յուր սեղանակիցների մեջ, ուստի «անհասկացողներու առաջ խոսելը հիմարություն մ՛է» փնթփնթալով անցավ և յուր տեղը բռնեց:
Պարոն Դեմուրջյանին հաջորդեց մեզ ծանոթ երիտասարդ բժիշկը հետևյալ ճառով.
«Պարոննե՛ր, մեր ազգն այժմ աղքատ է մեծ մարդիկներով և դորա պատճառը մենք ինքներս ենք: Որովհետև, ո՞չ թե ազգն է ամուլ, որ չէ ծնում այդ տեսակ մարդիկներ, այլ մենք, ազգի անդամներս ենք մեղավոր, որ նրա ծնածները չենք խնամում: Մեր մեջ շատերը կան, որոնք ի բնե կանչված են մեծ մարդիկներ լինելու համար, բայց այդպիսիներն անխնամ մնալով չեն զարգանում, չեն ուռճանում, այլ վայրի բույսերի նման մի աննշան հասակ առնելով՝ գոսանում, անհետանում են: Այդ տեսակ ծնունդներ, այդ տեսակ ուժեր մեր մեջ շատ կան. մնում է միայն հետամուտ լինել՝ նրանց գտնելու համար, և գտնելուց հետո ըստ պատշաճին խնամել նրանց: Մի որոշ ժամանակից հետո մենք մեծ մարդիկներ կունենանք, այնքան մեծ, որ մենք նրանցով կկարողանանք պարծենալ… (կեցցեներ և ծափահարություններ):
«Այս երիտասարդը, – շարունակեց ճառախոսը, – որ այսօր մեզ հոգեկան զվարճություն պատճառեց յուր գեղեցիկ երգերով և գրավեց մեր բոլորի ուշադրությունը, իմ հիշած ուժերից մեկն է, նա կարող է ապագայում մի նշանավոր երգիչ լինել, նա կարող է և օտարների ուշադրությունը գրավել յուր երկնատուր շնորհքների կատարելագործությամբը. բայց նա կարող է և կորչիլ անհայտության մեջ, որովհետև մի կտոր հացի համար ծառայում է փականագործի գծուծ արհեստով: Ուրեմն, մենք պետք է օգնենք նրան յուր կոչմանը ծառայելու:
(Համաձայնության աղաղակներ):
«Ես տեսնում եմ, որ դուք համակրում եք իմ խոսածներին, ինձ մնում է առաջարկել այն միջոցը, որով կարելի կլինի օգնել այդ երիտասարդին բարձրացնելու ա՞յն աստիճանների վերա, որի համար օժտված է նա բնությունիցս»:
– Առաջարկեռե՞ք, առաջարկեցե՞ք, – ձայն տվին մի քանի տեղերից:
– Ահա՛ իմ առաջարկությունը, պարոններ: Ես կարևոր եմ համարում հենց այստեղ ստորագրություն բանալ այդ երիտասարդի օգտին, որին մենք բոլորս անխտիր կմասնակցենք: Յուրաքանչյուրը մեզանից, յուր կարողության համաձայն, թո՛ղ մի գումար ստորագրե, և այդ ժողովված փողով մենք կղրկենք այս երիտասարդին Պետերբուրգի կամ եվրոպական մի ուրիշ նշանավոր քաղաքի երաժշտական դպրոցը, ուր նա յուր ձայնը կմշակե և երգելու արհեստի մեջ կկատարելագործվի:
– Կեցցե՛, կեցցե՛, պարոն բժիշկ, – գոռացին հրավիրյալները և ծափահարություններով թնդացրին դահլիճը:
Իսկ սեղանապետը իբրև վարձատրություն նորա գեղեցիկ ճառին, առաջարկեց խմել պարոն բժշկի կենացը:
Բոլոր հրավիրյալներն ուրախությամբ ընդունեցին այդ առաջարկությունը և դատարկեցին բաժակները:
Սակայն մեր նախածանոթ պարոն Դեմուրջյանը ռուսահայոց նման լռությամբ կենացներ խմելն անվայել համարելով, առաջ անցավ և ձախ ձեռքում բաժակը բռնած, իսկ աջով յուր ընչացքը ոլորելով, խոսեց. «Ձեր թանկագին կենացը կպարպեմ սա բաժակը, պարոն բժիշկ: Մեր ամենուս մեջ, եթե չասեմ խելոքը, գեթ ամենեն ազգասերը գտնվեցաք: Ձեր ըրած առաջարկությունը մեր երգչին քոնսերվատոր խրկելու համար անանկ խելացի առաջարկություն մ’է, որ պատիվ կբերե թե՛ առաջարկողին և թե՛ ընդունողներուն: Քաջահույս եմ, թե մեծարգո հրավիրյանք, որքան հնարավոր է առատագույնս պիտի նվիրաբերին սա հանրօգուտ գործին համար: Ձեր ճառի համար ալ պիտի ըսեմ, պարոն բժիշկ, որ հրաշալի բան մ’էր: Շատուց ի վեր է, որ Պոլսեն հեռի գտնվելու ապաբախտություն ունենալուս համար, ասանկ շենք ու շնորհքով ատենաբանություն մը լսած չունեի: Կցավեմ միայն, որ համառոտ անցաք: Գիտե՞ք, ասանկ փափուկ նյութը մեր ազգային ժողովի մեջ երկար վիճաբանությանց առարկա կըլլա. ան ատեն տեսնելու է, թե մեր պատվելի երեցփոխանք ի՞նչ գովության արժանի ճիգեր կթափին ատենաբանությանց մեջ զիրար գերազանցելու: Գեղեցիկ խոսելն ալ առանձին ձիրք մ’է, զոր աստված ի վերուստ շնորհած է մեզ մահկանացուներուս: Դժբախտաբար մեր Ռուսիո ազգայինք սա շնորհքեն զուրկ ըլլալուն համար, անոր հարգը, ինչպես որ կվայելի, չեն ճանչնար է: Մինչդեռ անդին պոլսեցի մը յուր կյանքը կտա գեղեցիկ ատենաբանություն մը լսելու համար…
– Փառավոր լինեք, պարոն Դեմուրջյան, շատ գեղեցիկ եք խոսում, – ընդհատեց նրան սեղանապետը, տեսնելով, որ պարոն ճառախոսի ախորժակը հետզհետե բացվում է խոսելու համար, – դուք այնքան բարի կլինեք, որ թույլ կտաք ինձ իսկույն ևեթ գործին ձեռնարկել, որովհետև ինչպես որ դուք, պոլսեցիներդ խոսելն եք սիրում, այնպես էլ մենք ռուսաստանցիներս` գործելը:
– Շնորհ ըրեք, կաղաչեմ, կրնա՞մ մի ձեզ ընդդիմանալ, – այս ասելով պարոն Դեմուրջյանը կրկին դիմեց բժշկին և «Ձեր թանկագին կենացը» ասելով բաժակը դատարկեց:
Երիտասարդ բժիշկ Դուդուկջյանը չկամենալով հարմար րոպեն ձեռքից թողնել, իսկույն թուղթ պահանջեց և սովորական վերտառությունը նրա վրա գրելով, առաջարկեց սեղանապետին ստորագրելու:
– Որովհետև առաջարկությունը ձերն է, առաջ դուք ստորագրեցե՛ք, – դարձավ սեղանապետը բժշկին:
– Ո՛չ, պարոն սեղանապետ. դուք եք այժմ մեր մեծն ու կառավարիչը. ձեզ է վայել առաջնորդ լինել մեզ և այս գեղեցիկ գործի մեջ:
Այս խոսքերը սեղանապետի ինքնասիրությունը գգվեցին, և նա գրիչը ձեռքն առնելով և բարձրաձայն արտասանելով, ստորագրեց՝ «Բանկիր Աբրահամ Տանպետյանց 500 ռուբլի»:
«Կեցջի՛ք, կեցջի՛ք», – գոչեցին միաբերան հրավիրյալները և տեղերից բարձրանալով իրենք էլ միաբերան ոգևորված առաջ անցան և սկսան կարգով ստորագրել:
– Ի՞նչ ըսավ. 500 ռո՞ւբլ, – բացականչեց զարմացմամբ պարոն Դեմուրջյանը և մոտենալով Դուրյանի մասին իրեն նկատողություն անող պարոն Սլաքյանին, նրա ականջում շշնջաց. «Լսա՞ք ինչ ըսավ պարոն սեղանապետը»:
– Այո՞, ի՞նչ կա, – սառնությամբ հարցրավ Սլաքյանը:
– 500 ռուբլ ըսավ, եղբայր, ասանկ առատաձեռնություն կըլլա՞ մի:
– Ինչո՞ւ չէ. դուք ինքներդ չէի՞ք, որ ձեր ճառի մեջ հույս էիք հայտնում, թե «առատագույնս պիտի նվիրաբերեն»:
– Կսխալիք, բարեկամս. եթե բոլորս ալ 500-ական ռուբլ ստորագրելու ըլլանք նե, գիտե՞ք ծայրը ո՞ւր կհանգի:
– Կրետեի լաբյուրինթոսին մեջ, զոր Մինովսի հրամանավ Դեդալիոս անդրիագործը շինեց, – ծիծաղելով պատասխանեց պարոն Սլաքյանը:
– Դուք զիս կծաղրե՞ք, հա՞, բայց ես առանց կատակի կխոսեմ, – տաքացած շարունակեց Դեմուրջյանը: – Ասանկով դուք ժողովուրղը կանբարոյականացնեք:
Ի՞նչ հարկ կա այս աստիճան առատությամբ վարձատրել ողորմելի երգիչ մը, մինչդեռ անդեն Երուսաղեմ յուր լեռնակուտակ պարտքերուն տակ կհեծե…
Պարոն Սլաքյանը որ յուրայինների ինչ պտուղ լինելը լավ էր ճանաչում, ծիծաղեց Դեմուրջյանի միամտության վերա, և «Երուսաղեմի պարտքն էլ պոլսեցիներդ կհոգաք» ասելով հեռացավ:
Մինչդեռ այստեղ Դեմուրջյանն ու Սլաքյանը խոսում էին, մյուս հրավիրյալները սեղանապետի գլխին թափված եռանդով ստորագրում էին: Սեղանապետից հետո ստորագրեց Սոմարյանցը՝ դարձյալ նրա օրինակին հետևելով, 500 ռուբլ: Իսկ մյուս հյուրերը ոչ ավելի քան 200, 150, 100 և 50 ռ.: Վերջին գումարից պակաս ստորագրող չեղավ: Կես ժամվա մեջ ամբողջ թերթը ծածկվեցավ ստորագրություններով:
Երբ բոլորը վերջացրին, երիտասարդ բժիշկը հաշվեց, և, ի մեծ ուրախություն հրավիրյալների, հայտնեց, որ ստորագրվածների գումարը հասնում է 4550 ռուբլու:
Դահլիճը դարձյալ թնդաց ուրախության աղաղակներով և ծափահարություններով: Գևորգը մնացել էր ապշած: Մի քանի րոպե նա կարծեց թե ինքը երազի մեջ է: Նա մինչև անգամ մտաբերեց իրենց հարևան պառավ Սալոմեի պատմությունը, թե ի՛նչպես մի գիշեր քաջքերը նրան տարել էին հարսանիք, ի՛նչպես նրան պատիվներ և ընծաներ էին տվել, ոսկե զարդեր էին հագցրել, մինչևի լույս իր հետ խաղացել, պարել և քեֆ էին արել, իսկ հետո լուսաբացին տարել էին, որ սարից ներքև. գլորեն, բայց նա իսկույն երեսին խաչակնքել էր և քաջքերն աներևութացել էին, իսկ ինքը ողջ և առողջ վերադարձել էր տուն»:
Այս պատմությունը մտաբերելով, Գևորգը կամեցավ մինչև անգամ երեսին խաչակնքել, կասկածելով թե գուցե յուր տեսած բարի մարդիկներն էլ քաջքեր էին, ապա թե ոչ, ի՞նչ տարօրինակ երևույթ էր այս, որ երեկ Գուստավի գործարանում մշակի պես բանող գործավորը, որին երեկոյան ինչպես մի գրաստի շալակել էին տվել երկաթե վանդակները, մի քանի ժամից հետո հանկարծ մի այդպիսի շքեղ դահլիճում գտնվեր, այդքան մեծ պատիվներ ու գովությունների արժանանար, հարուստ մարդիկ իրենով հետաքրքրվեին, մի կես ժամում 4550 ռուբլ փող ժողովեին իրեն համար, Պետերբուրգ ղրկելու խոստումներ անեին և այլն, և այլն:
«Չէ՛, չէ՛, սա երազ է», – շշնջաց ինքն իրեն պատանին և ձեռքի պատառաքաղը սեղանի տակով գաղտուկ դեպի ազդրը տանելով պինդ հրեց մարմնի վրա, որ տեսնե՝ եթե միսը ծակում է և ինքը ցավ է զգում, ուրեմն երազ չէ, իսկ եթե ոչինչ չէ զգում, ուրեմն ճիշտ որ քաջքերի մեջ է գտնվում:
Հարկ չկա ասել, որ հարուստի պատառաքաղը նոր և սուր լինելով, կատակներ չէ անում, այդ պատճառով էլ խեղճ Գեվորգի բարակ վարտիքն ու ազդրը նրա սուր ծայրին չդիմադրեցին, և ծակվելով բավական կսկիծ պատճառեցին իրենց տիրոջը:
Այսուամենայնիվ, Գևորգը շուտով զվարթացավ, երբ յուր հետ պատահածների երազ չլինելն ստուգեց:
Պարոն Դուդուկջյանը ստորագրված փողերի հաշիվն անելուց հետո թուղթը ծալեց և հանձնեց սեղանապետին:
– Ի՞նչ պետք է անեմ այս թուղթը, – հարցրեց նրանից սեղանապետը:
– Այդտեղ ստորագրված փողերը կժողովեք և հարկ եղած հոգացողությունն անելուց հետո, մեր երգչին կուղարկեք Պետերբուրգի երաժշտական դպրոցը:
– Անպատճառ Պետերբուրգի՞:
– Այո՛, իմ կարծիքով:
– Պարոննե՛ր, դուք ո՞րտեղ ավելի հարմար կդատեք, – հարցրեց սեղանապետը հրավիրյալներին:
– Վիեննա, – գոչեց մեկը սեղանի ծայրից:
– Ո՛չ, Փարիզ, – կրկնեց մի ուրիշը:
– Ավելի լավ չէ՞, որ Լոնդոն ղրկենք, – հարցրեց մի երրորդը:
– Ինչո՞ւ Իտալիա չուղարկենք, մուսաների աշխարհը:
– Իմ կարծիքով, թե փողը կբավականանա, ղրկենք Նյու-Յորք, այդ ամենից նպատակահարմարն է:
– Ինձի լսեիք նե, Փարիզ կղրկեիք, – մեջ մտավ պարոն Դեմուրջյանը, – վասնզի հոն…
– Ո՛չ, ո՛չ, Լայպցիգ ղրկենք. այդ քաղաքը նշանավոր է իր երաժշտական դպրոցով, – ընդհատեց պոլսեցուն մի ուրիշ երիտասարդ:
Իսկ մի հաղթանդամ կապալառու, որ մի անգամ կարդացել էր «Բազմավեպի» մեջ Եվդոկիա քաղաքի նկարագրությունը, մի գլուխ գոչում էր՝ «Եվդոկիա ղրկենք, Եվդոկիա, պարոն սեղանապետ »:
Պարոն Դեմուրջյանը, որ լավ ծանոթ էր Եվդոկիային, խիստ բարկացավ կապալառուի վրա և առաջ նետվելով գոչեց. «Պարո՛ն, ինչու՞ այդ աստիճան տգետ եք, չգիտեք, որ Եվդոկիայում քոնսերվատոր չկա ու հոն պղինձ շինելեն զատ ուրիշ ոչինչ չգիտեն»:
– Վնաս չունի, կարելի է, կարելի է, – անտարբերությամբ կրկնում էր հաղթանդամ կապալառուն:
Սեղանապետը տեսնելով, որ խոսողները շատացան, հրամայեց, որ բոլորն էլ լռեն: «Ես ինքս կկարգագրեմ, ուր որ ղրկելու է. միայն թե դուք ձեր ստորագրած փողերը վաղվանից սկսեցեք վճարել», – ավելացրեց նա:
– Շատ լավ, շատ լավ, դուք կարգադրեցեք, – կրկնեցին ամեն կողմից հրավիրյալները: Եվ սեղանապետը շնորհակալություն հայտնելով նրանց՝ շարունակեց կենացների ընդհատված գործը:
Այժմ Գևորգի բարեկամները շատացան: Երիտասարդ, հասակավոր, ուսումնական, վաճառական, բոլորն էլ խնդակցում էին նորան, սեղմում էին նորա կոշտ ձեռքերը, հետաքրքրվում էին նորա անցյալով և ներկա դրությամբ: Մինչև անգամ Գևորգին Եվդոկիա ղրկելու համար խորհուրդ տվող կապալառուն խոստացավ յուր աղջիկը տալ նորան, երբ նա Եվդոկիայից ուսումն ավարտած կվերադառնար: Իսկ հայոց թատրոնին ծառայող մի հին դերասան շշնջում էր Գևորգի ականջին, «Գիտե՞ս, պարոն, եթե ես այստեղ չլինեի, դու այդպես մեծ ընդունելություն չէիր գտնիլ: Ես ինքս առաջին անգամ ճառախոս բժշկին խորհուրդ տվի հրավիրյալների ուշադրությունը դարձնել քեզ վրա և ստորագրություն բանալ քեզ երաժշտական դպրոցը ղրկելու համար»:
Գևորգը բոլորովին զգացվել և ուրախությունից շփոթվել էր, նա չգիտեր, որի՞ն արդյոք պատասխաներ, և ճարահատյալ գլուխ էր իջեցնում աջ ու ձախ ի նշան շնորհակալության: Վերջապես ճառախոս բժիշկը մոտեցավ նորան և պատվիրեց, որ հենց վաղվանից թողնե յուր պաշտոնը Գուստավի գործարանում և ապա ներկայանա պարոն Տանպետյանցին, որը նույնպես յուր կողմից հարկավոր հոգացողությունները վաղվանից կանե՝ նորան Պետերբուրգ ղրկելու համար:
Գևորգը խոնարհությամբ գլուխ տվավ և խոստացավ, բժիշկի պատվերի համաձայն, վաղվանից թողնել յուր պաշտոնը Գուստավի գործարանում:
Առավոտյան չորս ժամին Սոմարյանցի տան մեջ ընթրիքը և հրավիրյալների ուրախությունները վերջացան: Հյուրերից յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը, նոցա հետ էլ երգիչ Գևորգը:
Առավոտյան շատ վաղ Թամարը զարթելով որդու անկողինը պարապ գտավ: Այդ բանն առաջին անգամ նորան չանհանգստացրեց, որովհետև Գևորգը սովորություն ուներ շատ անգամ դեռ լուսաբացին տանից դուրս գալու: Նա գնում էր Քուռի ափին լվացվելու և ապա մոտակա այգիները պտտում էր, մինչև Գուստավի գործարանում աշխատանքը կսկսվեր: Բայց մի փոքր հետո Թամարը նկատեց, որ երեկոյան յուր ձևռքռվ պատրաստած անկողնին գրեթե ձեռք դիպած չէր: Եթե Գևորգը այստեղ քնած լիներ, նա ամեն ավուր պես խառն ու անկարգ դրության մեջ կլիներ: Թամարն սկսեց անհանգստանալ. նա շտապավ անկողնից ելնելով հագնվեցավ և դուրս թռավ բակը:
Բակի դուռը նույնպես բաց էր: «Անպատճառ երեխաս մի չարիք է բերել յուր գլխին, նա երեկոյան տխուր էր», – շշնջաց ինքն իրեն Թամարը, նա պատրաստվում էր փողոց դուրս գալու և ահա բակը մտավ Գևորգը: Նա ուրախությունից բոլորովին այլայլվել էր:
– Ո՞րտեղ էիր, որդի՛, ի՞նչ է պատահել քեզ, ինչու՞ այդպես այլայլված ես… – իրար ետևից հարցնում էր մայրը:
– Այս րոպեիս կասեմ, մայրիկ, դու տուն արի: – Այս ասելով նա մոր ձեռքից բռնած շտապեց դեպի տուն:
Երբ նոքա ներս մտան, Գևորգը գրկեց մորը և բացականչեց.
– Ուրախացի՛ր, մայրիկ, ուրախացի՛ր, մենք բախտավոր ենք…
– Բայց ի՞նչ է պատահել քեզ, որդի, ես ոչինչ չեմ հասկանում, – անհանգստությամբ ընդհատեց նորան մայրը:
– Այս րոպեիս, մայրիկ, այս րոպեիս, կպատմեմ քեզ բոլորը, և դու կտեսնես, որ մենք բախտավորվել ենք:
Այս ասելով Գևորգը նստեց մահճակալի ծայրին և մի փոքր շունչ առնելուց ետ, սկսեց պատմել բոլորը, ինչ որ երեկ երեկոյանից մինչև այն րոպեն անցել էր յուր գլխով:
Այսպես նա պատմեց Սոմարյանցի տանից յուր հրավիրվելը, նրա պատվարժան հյուրերի առաջ երգելը, յուր գտած ընդունելությունը, հյուրերի յուր մասին խոսածները, վերջապես, իրեն Պետերբուրգ ղրկելու համար ստորագրությամբ փող ժողովելը և այլն, և այլն:
Թամարը մնացել էր ապշած, նա չէր կարողանում յուր ականջներին հավատալ: «Սոմարյա՞նց և դարբին Ղազարի որդին. իմ Գևորգը, և Պետերբուրգ: ոչինչ չեմ հասկանում…», – շշնջում էր ինքն իրեն խեղճ կինը: Բայց երբ Գևորգը սկսեց նորան հավատացնել, որ յուր բոլոր պատմածները ճիշտ է և ադ պատճառով էլ ինքն այս գիշեր տանը չէ քնել, որի ապացույցը յուր անձեռնամուխ անկողինն է, Թամարը սկսեց ուրախությունից լալ: Նա գրկեց որդուն, սեղմեց յուր կրծքին և երկար համբուրում էր նրան:
Երբ մոր և որդու հուզմունքը մի փոքր մեղմացավ, Թամարը հարցրեց. – «Այժմ ի՞նչ ես կամենում անել, որդի»:
– Ի՞նչ պիտի անեմ, պետք է գնամ Գուստավի մոտ և հայտնեմ նրան, որ թողնում եմ յուր գործարանը:
– Բայց մի՞թե այդպես շտապավ:
– Իհարկե, մայրիկ: Պարոն բժիշկն ինձ պատվիրեց, որ այսօր անպատճառ թողնեմ իմ այդ կեղտոտ արհեստը և պատրաստվեմ Պետերբուրգ գնալու համար: Պատրաստվելու համար էլ քիչ ժամանակ չէ հարկավոր:
– Բայց թե քո պաշտոնը այդտեղ թողնես և հետո քեզ չուղարկե՞ն, այն ժամանակ ի՞նչ կլինի մեր ճարը, Գուստավն էլ քեզ չի ընդունիլ…
– Հա՛, հա՛, հա՛, հա՛, ի՞նչ միամիտ ես, մայրիկ, – լիքը բերանով ծիծաղեց Գևորգը, – Սոմարյանցին, Տանպետյանցին կամ թե նոցա մյուս պատվավոր հյուրերին, դու հավասարեցնում ես մեր աղքատ Ալեքսին ու Սանդրոյին, էլի՞: Հիանալի է, հիանալի, հա՛, հա՛, հա՛, հա՛, – և ուրախ ձայնով կրկին Գևորգն սկսավ կարկաչել;
– Ինչու՞ համար ես ծիծաղում, որդի: Մի՞թե չէ կարող պատահել, որ այսօր քեզ խոստանան և վաղը չկատարեն:
– Է՛, է՛, սիրելի մայրիկ, շատ միամիտ ես: Դու մեծ մարզիկներին չես ճանաչում. նոցա տված խոսքն ու գլուխը մեկ է: Վերջապես ինչպե՞ս կարող են չկատարել. կատարել տվողը փողը չէ՞: Փողն արդեն պատրաստ է, ուրեմն իմ Պետերբուրգ գնալս էլ վերջացած գործ է:
– Աստված տա, որ այդպես լինի, որդի: Միայն թե պիտի գիտենաս, որ Գուստավի գործարանը թողնելը հեշտ է. ոչ ոք զոռով քեզ չի կարող կապել նորա հետ: Ավելի լավ է առայժմ շարունակես գնալ քո առաջվան գործին, և երբ այդ քո բարերարներն ամեն բան կկարգադրեն ու կպատրաստեն, այն ժամանակ կթողնես Գուստավի գործարանը և ուղղակի կճանապարհվես Պետերբուրգ:
– Սխալվում ես, մայրիկ: Ես խոսք եմ տվել պարոն բժշկին, և եթե հենց այսօրվանից չթողնեմ իմ պաշտոնը, նա ինձ վերա վատ գաղափար կկազմե: Նա մինչև անգամ իմ Պետերբուրգ գնալուն էլ արգելք կդառնա:
– Դու գիտես, որդի: Ինքդ չափահաս տղա ես. ես չպետք է քեզ խելք սովորեցնեմ: Եթե գիտես, որ հաստատ քեզ տերություն պիտի անեն այդ մարդիկը և եթե դու վստահ ես նրանց վրա, կատարիր քո տված խոսքը և հենց այսօրվանից թողիր պաշտոնդ: Իսկ եթե մի փոքր կասկածելի տեղ ունես, իզուր մի դժբախտացնիր քեզ և քեզ հետ էլ քո մորը: Աչքիս մեջ մազ է բուսել, մինչև որ քեզ այդ հասակին եմ հասցրել և մի արհեստի տիրացրել: Այնպես չանես, որ կրկին ինձ ստիպես լվացարանում աշխատելու: Արդեն ուժից ընկել եմ ես, և դու պետք է այսուհետև հոգաս ինձ և քո ապագայիդ համար:
– Միամիտ կաց, սիրելի մայրիկ, ես պետք է մեռնեմ, որ դու կրկին լվացարան գնաս, բայց քանի որ կենդանի եմ, այդ բանը քեզ հետ չի պատահիլ:
Իսկ ինչ կվերաբերի իմ բարերարների վրա վստահ լինելուն, ես շատ եմ վստահ: Եթե դու ինքդ լինեիր Սոմարյանցի տանը և տեսնեիր, թե ինչե՞ր էին անում ինձ համար այդ մարդիկը, դու ինքդ առաջինն ինձ կստիպեիր, որ թողնեմ իմ պաշտոնը: Վերջապես այդ մարդիկն ինձ իրենց որդեգիին են ընդունել: Մի՞թե մի ամբողջ հասարակություն չի կարողանալ մի որդեգիր պահել:
– Դու գիտես, որդի, ես էլ ոչինչ ընդդիմանալու չունեմ, երբ դու ինքդ վստահ ես այդ մարդկանց վրա, ես ի՞նչ կարող եմ ասել, դու խո քո թշնամին չես:
Արա՛, ինչպես կամենում ես:
– Ուրեմն հենց այս րոպեից կերթամ Գուստավին հայտնելու, որ թողնում եմ ծառայությունս:
– Ո՛չ դեռ քնիր մի փոքր, հանգստացիր, և հետո կերթաս: Անքնությունդ քեզ կարող է հիվանդացնել:
Գևորգը չընդդիմացավ: Նա հանվեցավ պառկեց և չնայելով որ չափից դուրս ուրախ էր, այսուամևնայնիվ, քունը շուտով ծանրացավ նորա արտևանունքների վերա:
Կես օրը արդեն անցել էր, երբ Գևորգը զարթեցավ:
– Ա՛խ, մայրիկ, ինչու՞ համար ինձ ժամանակին չզարթեցրիր, ես ուշացա, – տրտնջաց Գևորգը և ցատկելով անկողնից սկսավ շտապ-շտապ հագուստները հագնել:
– Չես ուշացել, որդի. Գուստավին մինչև երեկո կարող ես՞ տեսել, – հանգստացրեց նրան մայրը:
– Գուստավը չէ իմ ցավը: Պարոն Տանպետյանցին և բժշկին պիտի տեսնեի:
– Իզուր է, մի՞ շտապիր: Այդ մարդիկն ամբողջ գիշերը քեֆ են արել, նրանք աղքատների պես չեն ապրում, ամբողջ օրը քնում կլինեն:
– Ճշմարի՞տ ես ասում, մայրիկ:
– Իհարկե, որդի, նրանք դեռ քնած կլինեն: Մինչև անգամ հարմար էլ չէ, որ հենց այսօր գնաս այդ մարդկանց մոտ և նրանց անհանգստացնես:
– Ինչպե՞ս թե հարմար չէ, բայց ե՞րբ պիտի գնամ:
– Վաղը: Այդ ավելի քաղաքավարություն կլինի քո կողմից.
– Ճշմարիտ որ այդպես է, մայրիկ. Իսկույն ևեթ այդ մարդկանց անհանգստացնելը լավ չէ: Ուրեմն վաղը կերթամ նրանց մոտ: Իսկ այժմ կշտապեմ Գուստավի գործարանը, այնպես չէ՞:
– Բայց էլի մի բան եմ ուզում հարցնել քեզ, որդի, – խոսեց Թամարը երկչոտ ձայնով:
– Ի՞նչ բան, ի՞նչ բան, – շտապով ընդհատեց նրան Գևորգը:
– Ուզում էի հարցնել, թե՝ արդյոք դու լավ վստա՞հ ես այդ մարդկանց վերա, և համոզվա՞ծ ես, որ նրանք քեզ չեն խաբիլ:
– Վստահ եմ, վստահ եմ, մայրիկ. բնավ մի կասկածիր:
– Տե՛ս, չզղջաս: Գուստավի գործարանը մի անգամ թողնելուց ետ, երկրորդ անգամ դու նրան դիմել չես կարող:
– Չէ՛, մայրիկ, չեմ զղջալ, միամիտ եղիր: – Այս ասելով Գևորգը վեր առավ յուր ջարդված գդակը և դուրս գնաց:
Այսուամենայնիվ Թամարն ուրախ չէր: Մի տխուր մտածմունք, որը նա իրենից հեռացնել չէր կարողանում, անհանգստացնում էր նրան: Նա հավատացած էր, որ Գևորգը մի սխալմունք է գործում Գուստավի գործարանը թողնելով, բայց և այնպես նա նրան արգելք դնել չէր կարող, որովհետև Գևորգն էլ պակաս չէր հավատում յուր բարերարների արած խոստմունքներին:
Փողոցը դուրս գալով՝ Գևորգը բոլորովին ուրիշ տրամադրության մեջ մտավ: Նա գնում էր Գուստավի մոտ յուր ծառայությունը թողնելու, այդ արդեն վճռված էր: Ուստի նա ուրախ էր և այդ ուրախությունը կարծես թևեր էր տալիս նորա ոտքերին: Ուրիշ ժամանակ գուցե մի այդպիսի դեպք, որպիսին էր նրան Պետերբուրգ ղրկելը, գուցե շատ դժվարությամբ հեռացներ նրան Գուստավի գործարանից, որովհետև նա պետք է հեռանար Շառլոտայից, բայց այժմ նա ուրախ է: Ինչո՞ւ համար, պատճառը շատ պարզ է: Նա վիրավորված է: Նա դրանով կարող կլինի վրեժխնդիր լինել թե՞ Գուստավի և թե՞ նրա աղջկանից:
Գուստավի ամբողջ գործարանը, դրա հետ էլ միասին նրա բոլոր ընտանիքը մինչև այսօր Գևորգին ճանաչել էին ինչպես մի հասարակ գործավոր, մի մշակ և դորա համեմատ էլ վարվել էին նրա հետ: Բայց նա մի հասարակ մշակ չէր, նա… բայց թողնենք, որ ինքը խոսի յուր համար: «Այո՞, ես մի հասարակ բանվոր չեմ, – մտածում էր Գևորգը, արագ արագ յուր քայլերը փոխելով, – ես ունեմ արժանավորություններ, ես բարձր եմ Գուստավի բոլոր գործավորներից մի ամբողջ գլխով: Եվ այդ բանը ես չեմ ասողը: Սոմարյանցի պատվարժան հյուրերի կարծիքն է սա: Ես տեսա, թե ինչպես զարմացան նոքա, երբ ես հայտնեցի, թե մի փականագործի մոտ եմ ծառայում: Այդ խելոք մարդիկները իսկույն ճանաչեցին իմ արժանիքը և ափսոսացին: Ես տաղանդ ունիմ, ես ձիրքեր ունիմ. այդ բանը Սոմարյանցի բոլոր հյուրերն էլ վկայում էին, ինչու՞, ուրեմն, անհայտության մեջ թաղել այլ հարստությունը: Ճշմարիտ է, ես իմ արժանիքը մինչև այսօր չեմ ճանաչել, բայց ես մեղավոր չէի: Ես մեղավոր կլինեմ, արդարև, թե այսօրվանից հետո դարձյալ նույն հիմարը մնամ, եթե ես Գուստավի գործարանում կորաքամակ երկաթ ծեծեմ, ճախարակ պտտեցնեմ և թույլ տամ, որ օրիորդ Շառլոտան երկաթե վանդակները շալակել տա ինձ ինչպես գրաստի…Իսկ քեզ հետ, հարգելի օրիորդ, իմ հաշիվը հետո կվերջացնեմ, – տաքացած շարունակում էր Գևորգը: – Ես քեզ սիրում էի, ես քեզ համար մտածում էի, իսկ դու արհամարհեցի՞ր ինձ: Հոգ չէ: Մենք մի օր կտեսնվինք միմյանց հետ: Այդ օրը ես աղքատ հագուստներում չեմ լինի և ոչ էլ ջարդված գդակով: Այդ օրը դու գուցե կմեկնես ինձ քո ձեռը, իսկ ես արհամարհանքով շուռ կտամ իմ երեսը: Իսկ դուք, ողորմելի հիմարներ, – ինքն իրեն դառնում էր Գևորգը յուր ընկեր բանվորներին, – դուք, որ առիթ չէիք փախցնում ինձ ծաղրելու և չարչարելու համար, դուք միշտ էլ այդպես ողորմելի կմնաք, պատռտած հագուստով և մրոտած երեսով: Եվ այն ժամանակ, երբ ես մի նշանավոր երգչի համբավ կվայելեմ, երբ ամենայն տեղ ժողովուրդն ինձ ծափահարություններով կդիմավորե, երբ ես հարուստ, բախտավոր կլինեմ, այն ժամանակ էլ դեռ դուք երկաթ կծեծեք, և պողպատ կսղոցեք…»:
Այս մտածմունքներով Գևորգը շարունակում էր յուր ճանապարհը: Վերջապես նա հասավ Գուստավի գործարանին. – «Այժմ, երբ ինձ Գուստավը տեսնե, դեմքը պիտի խոժոռե, իսկ իմ ընկերակիցներն անշուշտ կսկսեն հաչել, թե ինչու՞ համար եմ ուշացել»: Ինքն իրեն խոսում էր Գևորգը գործարանի բակը մտնելով: – «Բայց ինչպես պիտի զարմանան, – շարունակում էր նա, – երբ ես հայտնեմ նրանց, թե թողնում եմ ծառայությունս: Եվ այն ժամանակ թող Շառլոտան ու յուր հայրը կարծեն, թե հենց երեկվա ինձ հասցրած վիրավորանքի համար եմ թողնում իմ ծառայությունը. Այդ ավելի կտանջե նրանց»:
Գևորգը դեռ չէր հասել գործարանի դռանը, և ահա ծերունի Գուստավը դիմավորեց նրան. բահը ուսին դրած նա գալիս էր պարտիզից: Բայց նա յուր դեմքը չխոժոռեց, ինչպես Գևորգը գուշակել էր: Ընդհակառակը, շատ բարեսրտությամբ խոսեց նրա հետ:
– Գևորգ, դու շատ ես ուշացել: Տեսնում ես, ծեր մարդ, վաղ առավոտվանից սկսած բանում եմ պարտիզի մեջ, իսկ դու կես օրը անցկացրել ես և հետո ես գալիս: Երիտասարդ մարդը ծերից ավելի պիտի գործ շինե, իսկ դու ընդհակառակն ես անում, մի՞թե այդ լավ է:
– Ես ուշացա նրա համար, պարոն Գուստավ, որ այսօրվանից վճռեցի թողնել իմ ծառայությունը ձեզ մոտ:
– Ինչպե՞ս թե վճռեցիք թողնել ձեր ծառայությունը, – զարմացմամբ հարցրեց Գուստավը:
– Այնպես էլի. վճռեցի, որ այսուհետև այլևս փականագործությամբ չպարապեմ:
– Դուք կատա՞կ եք անում:
– Բնավ, շատ լրջությամբ եմ խոսում:
– Ուրեմն գործարանատերերից մեկը ձեզ ավելի ռոճիկ է խոստացել հա՞, – հարցրեց Գուստավը, ձեռքի բահը տան պատի վերա հենելով:
– Ոչ, պարոն Գուստավ: Ինձ ո՛չ ոք գործարանատերերից ոչինչ չէ խոստացել, այլ երեկվանից ես վճռեցի, որ ձեզ մոտ այլևս չծառայեմ:
– Ինչո՞ւ համար անպատճառ երեկվանից:
– Անշուշտ նրա համար, որ երեկ վանդակներն իրեն շալակել տվինք, – այս խոսքերով իջավ սանդուղքից Շառլոտան, որ մինչև այդ պատշգամբի վերա կանգնած լսում էր յուր հոր և Գևորգի խոսակցությունը:
Գևորգը Շառլոտային տեսնելուց մի տեսակ վրդովմունք զգաց սրտի մեջ և մի քանի քայլ անզգայաբար ետ քաշվեցավ: Օրիորդը կանգնեց Գևորգի հանդեպ:
– Ճշմարի՞տ, որ դուք թողնում եք մեր գործարանը, – հարցրեց նրանից Շառլոտան յուր խելոք և գեղեցիկ հայացքը սևեռելով Գևորգի վերա:
– Այո՞… ես արդեն հայտնեցի պարոն Գուստավին:
– Եվ պատճառն այն էր, որ մենք վանդակները երեկ ձեզ հանձնեցինք տանելու, այնպես չէ՞ :
Գևորգը ոչինչ չպատասխանեց:
– Կարծում եմ մեղավորը ես էի: Եթե ես ներողություն խնդրեմ խո կմնա՞ք մեզ մոտ, – հարցրեց նորեն Շառլոտան:
– Ինչներուդ եմ ես պետք, օրիորդ, դուք արդեն ինձանից լավ շատ գործավորներ ունեք:
– Բայց ես կկամենայի, որ դուք անպատճառ մնայիք ինձ մոտ, դուք կարող էիք առաջ գնալ, – ասաց նրան Գուստավը:
– Նույնը ես էի ուզում ասել, Գևորգ: Դուք իզուր եք ձեր երկու տարվա աշխատանքը կորցնում, դուք գուցե կզղջաք, – ավելացրեց Շառլոտան:
– Մեծապես շնորհակալ եմ ձեր բարերարությունից, բայց ինչ որ լինի, ես պետք է անպատճառ թողնեմ իմ ծառայությունը: Այդ արդեն վճռված գործ է:
– Եթե ես ավելացնեմ ձեր ռոճիկը, կմնա՞ք ինձ մոտ, – հարցրեց Գուստավը:
– Ո՞ չ չեմ կարող:
– Հետո ինչո՞վ պիտի պարապեք…
– Ա՛խ, հայրիկ, ինչու՞ համար ավելորդ հարցեր եք անում դրան, – բարկացած ընդհատեց հորը Շառլոտան, – եթե չէ կամենում մնալ մեզ մոտ, թո՛ղ չմնա, մենք հո չպետք է աղաչենք նրան: Յուր հաշիվը վերջացրեք և հետո` բարի ճանապարհ, ուր կամենում է, թող գնա: – Այս ասելով Շառլոտան բարձրացավ սանդուղքի վերա և մտավ տուն:
Օրիորդի այդ տեսակ վարմունքն ավելի խորը վիրավորեց Գևորգի սիրտը: Նա թեպետ վճռել էր թողնել Գուստավի գործարանը, բայց Շառլոտայի երևալը կարծես թե կոտրել էր յուր կամքի հաստատությունը, յուր տված պատասխանները շինծու էին, նա իսկույն կհաղթահարվեր Շառլոտայից, եթե նա շարունակեր յուր մեղմ և անուշ խոսակցությունը: Բայց Գևորգի բախտը բանեց.
Շառլոտան արհամարհանքով վերաբերվեց դեպի նրան, վիրավորեց նրա ինքնասիրությունը, այժմ ավելի հեշտ կլինի նրա համար Գուստավից հեռանալը, այժմ առանց զղջալու կթողնե Շառլոտային…
Ուրեմն մնաք բարով, պարոն Գուստավ, – դարձավ դեպի «
– րան Գևորգը Շառլոտայի հեռանալուց հետո և խորը գլուխ տալով, կամենում էր հեռանալ:
– Սպասեց՛եք, դեռ պետք է ձեր հաշիվը վերջացնեմ, – այս ասելով Գուստավը հանեց գրպանից քսակը և քսան ռուբլ համարելով առաջարկեց Գևորգին, – տասը ռուբլին ձեր այս ամսվա վարձից ձեզ հասանելիքն է, – ասաց նրան, – իսկ տասը ռուբլին ես ձեզ նվեր եմ տալիս, վերցրեք:
– Դուք ինձ տվեք միայն իմ վարձը, իսկ նվերը… կարծեմ ես նրան արժանի չեմ…
– Վերցրեք, – ընդհատեց նրան Գուստավը, – դուք արժանի եք վարձատրվելու, ցավալի է միայն, որ թողնում եք ձեր պաշտոնը, դուք շնորհալի տղա եք, դուք կարող էիք առաջ գնալ, բայց ձեզ սխալեցրել են:
– Ինձ ոչ ոք չէ սխալեցրել, ես ավելի առաջ գնալու համար եմ թողնում իմ պաշտոնը:
– Աստված տա, որ սխալված չլինեք, բարի ճանապարհ, – այս ասելով Գուստավը փողերը տվավ Գևորգին, հեռացավ:
Գևորգը խորը գլուխ տալով ուղղվեցավ դեպի բակի դուռը:
– Գևորգ, Գևորգ, դո՞ւրս ես գնում, անպիտան, եկ մի մնաք բարով էլ է ասա մեզ, է՛, – գոչեցին մի քանի հոգի գործարանի բանվորներից, որոնք մինչև այն հեռվից ականջ էին դնում նրա ու Գուստավի խոսակցությանը: Գևորգն իսկույն զգաց յուր սխալը և դարձավ բանվորների մոտ: Նոքա գործերը թողնելով շրջապատեցին նրան:
Տո, ո՞ւր ես կորչում, – հարցնում էր մեկը:
– Ժաքոյի գործարանն ես գնո՞ւմ, հա՞, – հարցնում էր մի ուրիշը:
Կարելի է նորից գիմնազիա՞ է մտնում, ո՞վ գիտե, – ավելացնում է մի երրորդը:
– Տո ձեր ինչի՞ն է հարկավոր, ուր որ գնում եմ, այդ իմ գործն է, կանչել եք, որ մնաք բարև ասեմ ձեզ, ահա՛ ասում եմ՝ մնա՛ք բարև: – Այս ասելով Գևորգը կամեցավ հեռանալ: Բայց մի վրացի երիտասարդ բռնեց նրան և հարցրեց.
– Ճշմարիտն ասա, փո՞ղ ես գտել, որ դուրս ես գալիս:
– Ի՞նչ հիմարն ես, – վրա բերավ մի ռուս գործավոր, – չե՞ս իմանում, որ հայը գործից դուրս կգա միմիայն տերտեր դառնալու համար:
– Ինչպես և ռուսն ազատ արբելու համար, – ավելացրեց մի հայ երիտասարդ:
– Ներեցեք, ես ժամանակ չունեմ, ես գնում եմ, մնաք բարյավ: – Ասաց Գևորգը և շտապով հեռացավ:
Գործավորներից մի քանիսն աշխատեցին նրան բռնել դարձյալ իրենց վայրախոսությունները շարունակելու համար, բայց նա ճարպկությամբ դուրս պրծավ նրանց ձեռքից և բակի դռնից փախավ:
Զ
Գևորգը թեպետ կարծում էր, որ յուր հեռանալով մեծ կսկիծ ու վնաս պատճառեց Գուստավին և նրա դստերը, և նա այս անվանում էր մի վրեժխնդրություն յուր ստացած վիրավորանքի համար, բայց, իսկապես, նոցանից և ոչ մեկը ոչինչ չէր կորցրել այդ դեպքում: Գուստավի համար բանվորները պակաս չէին: Նա ափսոսաց միայն, որ այդ երիտասարդը յուր անմիտ վարմունքով վնասեց յուր ապագային, իսկ Շառլոտան, որ առաջ համակրում էր նրան իբրև մի համեստ և շնորհալի տղայի, այժմ փոխեց նրա մասին ունեցած կարծիքը և արհամարհեց նրա, մինչև այն օրն իրեն անհայտ, համառ բնավորությունը: Սրանով էլ վերջացավ Գևորգի՝ պարոն Գուստավի գործարանի հետ ունեցած հարաբերության բոլոր պատմությունը:
Այսուամենայնիվ, Գևորգը շտապում էր դեպի տուն այնպիսի ուրախությամբ, որ կարծես մի փառավոր հաղթությունից էր վերադառնում: Նա այժմ ազատ մարդ էր: Նա բանվոր չէր: Նրա առաջ բացվում էր նոր բախտ, երջանկության նոր աշխարհ: 4500 ռուբլի. Պետերբուրգ. երաժշտական դպրոց. սրանք այնպիսի բաներ էին, որ բոլոր երիտասարդներին կգժվեցնեին: Իհարկե, ես դեռ չեմ հիշում այն բախտավոր ժամանակը, երբ Գևորգը յուր ուսումը վերջացրած, պատվավոր դիպլոմով կթողնե Պետերբուրգի երաժշտական դպրոցը, երբ նա կտա յուր առաջին նվագահանդեսը և կհիացնե ժողովրդին. երբ հազարները, իբրև խոնարհ ծառա, միմյանց ետևից կգան կդարսվեն նրա գրպանում, երբ… բայց ո՞ր մեկը հիշել: Մի՞թե բոլորիդ էլ հայտնի չէ, թե երբ բախտը ժպտում է մեկին յուր գեղեցիկ շրթունքներով և ավելի ևս գեղեցիկ աչքերով, ի՛ նչ նախանձելի բարձրության է հասնում նա:
Տուն հասնելով Գևորգը պատմեց մորը Գուստավի հետ ունեցած խոսակցության բոլոր մանրամասնաթյունները, բայց չկարողացավ գովությամբ չհիշատակել Գուստավի ազնիվ վարմունքը յուր հաշիվը վերջացնելու վերաբերությամբ:
– Նա միշտ բարի է եղել դեպի քեզ, որդի, դու էիր անշնորհակալը, որ իզուր տեղը թողեցիր քո պաշտոնը… – նկատեց նրան մայրը:
– Մի՛ խոսիր, մայրիկ, մի՛ խոսիր այլևս Գուստավի մասին, – շուտով ընդհատեց նրան Գևորգը, – այժմ ամեն բան վերջացած է և պետք է մտածեի թե ի՞նչ պատրաստությամբ պետք է ներկայանամ իմ բարեկամներին:
Թամարը լռեց:
– Այս կեղտոտ հագուստներով, իհարկե, չի կարելի այդ պատվավոր մարդկանց մոտ գնալ, – շարունակեց Գևորգը, – պետք է մի ձեռք նոր հագուստ գնել:
– Արա՞, ինչ կամենում ես, որդի, այդ քո գիտենալու գործն է: Ես քեզ չեմ խանգարում:
– Շատ լավ, սիրելի մայրիկ, այժմ դու վեր կաց իմ պահած քսան ռուբլուց դարձյալ տասը բեր ինձ, որ մոտս ունեցածի հետ դառնա երեսուն, և ես կշտապեմ, քանի որ խանութները չեն կողպել, մի ձեռք հագուստ կգնեմ, վաղն ուշ կլինի:
Թամարը վեր կացավ տեղից, բացավ սնդուկը և յուր որդու խնայողություններից գոյացած բոլոր հարստության, կեսը՝ տասը ռուբլին, բերավ և տվավ նրան:
– Երկու ժամից ետ ես կվերադառնամ, – ասաց Գևորգը և փողը գրպանը դնելով դուրս պրծավ:
Կարճ միջոցի մեջ նա հանդիպեց բոլոր հագուստ վաճառողների խանութները:
«Լավը, գեղեցիկը և աժանը», – կրկնում էր նա ամեն տեղ, բայց և ոչ մի տեղ այդ երեք հատկություններով հագուստ չէր գտնվում:
Ինչպես հայտնի է, դեռ մինչև այսօր աղքատի այդ երեք համառոտ պահանջները` «լավը, գեղեցիկը և աժանը» ոչ մի դերձակ կամ հագուստներ վաճառող չէ գոհացրել: Բայց ի մեծ զարմացումն բոլորիդ, պիտի ասեմ, որ մի անմորուս հրեա այդ բավականությունը տվեց Գևորգին: Մի րեդինգոտ, մի ժիլետ և մի վարտիք, շատ լավը, շատ գեղեցիկը և շատ աժանը նա յուր պահեստում գտավ Գևորգի համար, և միայն նրա համար: Գևորգը վճարեց քսան և հինգ ռուբլին և նոր հագուստների սեփականատեր դարձավ: Հենց դպրոցի խանութում էլ նա գնեց մի նոր գլխարկ: Այժմ ամեն բան պատրաստ էր: Տուն վերադառնալով՝ Գևորգը յուր սրբազան պարտքը համարեց յուր նոր հագուստները հագնել և մի լավ դիտել յուր շնորհքը նոր սեփականության մեջ:
– Ի՞նչ սիրուն սազ է գալիս քեզ այդ տեսակ հագուստը, Գևորգ, – հիացմունքով բացականչեց Թամարը սենյակը մտնելով:
– Իրա՞վ, մայրիկ:
– Այո՞ , շատ սազ է գալիս: Կարծես հենց քեզ վրա ձևած է եղել:
– Գեղեցիկ է կարված, այնպես չէ՞:
– Շատ գեղեցիկ է. իրավ որ շատ գեղեցիկ է, բայց քանիսո՞վ գնեցիր:
– Քսան և հինգ մանեթով:
– Քսան և հի՛նգ. այդքան թա՞նկ:
– Մի՞թե թանկ է, մայրիկ. ընդհակառակը, շատ աժան է:
– Իհարկե, մեզ համար թանկ է: Ի՞նչ է մեր աշխատանքը, որ քսան ու հինգ մանեթանոց շորը մեզ համար թանկ չերևա:
– Ա՛խ, մայրիկ, ճշմարիտ, որ դու մոռացել ես Սոմարյանցի տան անցքը: Ախր չէ՞ որ մենք այժմ հարուստ ենք, չէ որ 4500 ռուբլուց ավելի փող կա հավաքած մեր անունով:
– Ո՞վ գիտի, որդի, այդ փողը մեզ կտա՞ ն, թե՞ ոչ:
– Է՛հ, մայրիկ, դու միշտ միևնույնն ես կրկնում: Չէ որ քեզ հարյուր անգամ ասացի, թե այդ մարդիկը խաբեբաներ չեն: Ախար ինչու՞ համար ես կասկածում նրանց վերա: Դու խո անձամբ նրանց չես ճանաչում, նրանց վերա մի վատ բան լսած չունիս:
– Ես ինքս չգիտեմ, որդի, թե ինչու համար եմ կասկածում, միայն թե սիրտս վկայում է, որ այդ մարդիկը մեզ դժբախտացնելու են. պետք է, որ դու չհեռանայիր Գուստավից:
– Ա՛խ, մայրիկ, միշտ վատ բաներ ես մտածում: Ուրեմն աշխարհքի մեջ ոչ ոքի չպետք է հավատալ, քանի որ Սոմարյանցի տան մեջ գտնվող պատվելի և զարգացած հյուրերն էլ խաբեբաներ են եղել: Եվ վերջապես, նրանք ինչ շահ ունեին ինձ խաբելուց, ո՞վ էր նրանց ստիպում ինձ համար այդ տեսակ խոստմունքներ անել փողեր ստորագրել, ոչինչ չեմ հասկանում: Սխալվում ես, շատ ես սխալվում, մայրիկ:
Թամարը ոչինչ չպատասխանեց, նա գնաց ընթրիք պատրաստելու:
Առավոտյան շատ վաղ էր զարթել Գևորգը: Պետք է, որքան կարելի էր, շենք ու շնորհքով պատրաստվեր նա յուր բարերարներին այցելելու համար: Այդ պատճառով և ջուր ու սապոն չխնայեց: Առաջին անգամ նա յուր կյանքում սապոնով երեսը լվացավ: Այդ բանը մի քանի օր առաջ նա դարձյալ կանացիություն կանվաներ, բայց այժմ հանգամանքները փոխվել էին, չէր կարելի նրանց չհարմարվել:
Նոր հագուստներն այս առավոտ ավելի գեղեցիկ էին:
– Ոչինչ, պակասություն չեմ բերիլ իմ բարերարներին, եթե այս պատրաստությամբ այցելեմ նրանց, – խոսեց ինքն իրեն Գևորգը, իրենց կոտրած հայելիի մեջ յուր պատկերը տեսնելուց հետո:
– Դու արդեն պատրաստվել ես և գնո՞ւմ ես, – հարցրեց որդուն Թամարը եկեղեցուց դառնալով:
– Այո՛, գնում եմ. բարեմաղթություն արա ինձ համար, որ գործս հաջող լինի:
– Ես արդեն շատ եմ աղոթել, որդիս, գնա՛, աստված քեզ հետ:
Փողոց դուրս գալով, Գևորգը մտածում էր, թե առաջ ո՞ւմ մոտ պետք է գնար:
«Բժիշկն ինձ ասաց, որ գնամ. պարոն Տանպետյանցի մոտ, բայց ավելի լավ է առաջ բժշկի մոտ գնամ և թող նա յուր այն երեկոյան պատվերը կրկնե», – վերջապես վճռեց Գևորգը և բռնեց բժշկի տան ճանապարհը:
Կես ժամից ետ նա նրա մուտքի մոտ էր:
Երեք անգամ հնչակ քաշելուց հետո միայն ծառան երևեցավ:
– Ո՞ւմն եք կամենում, պարոն:
– Պարոն բժշկին, տա՞նն է նա:
– Տանն է, բայց այսպես վաղ չէ կարելի նրան անհանգստացնել, նա քնած է:
– Ո՞ր ժամին կարող եմ տեսնել:
– Տասին, – պատասխանեց ծառան և շտապով դուռը փակեց:
«Ուրեմն, մինչև որ սա կզարթնի, ես կերթամ Տանպետյանցին տեսնելու. նա անշուշտ զարթած կլինի», – խոսեց ինքն իրեն Գևորգը և ուղղվեցավ դեպի Տանպետյանցի տունը:
Մի քառորդ ժամից նա այնտեղ էր:
– Ո՞ւմն եք կամենում, – հնչակը մի թեթև քաշելուց երևեցավ Տանպետյանցի ծառան՝ այս հարցով:
– Պարոն Տանպետյանցին կարելի՞ է տեսնել:
– Ո՛չ նա դեռ քնած է, – եղավ ծառայի պատասխանը և դուռը դարձյալ կողպվեցավ:
«Դարձյա՞լ քնած: Հաջողությամբ չէ սկսվում գործս, մտածեց Գևորգը, բայց գուցե հաջողությամբ կվերջանա: Տեսնենք»:
Այս հուսատու խորհրդածությամբ հեռացավ նա Տանպետյանցի տնից և մտավ քաղաքային այգին, որ մոտ էր, որպեսզի մի փոքր ժամանակ այնտեղ զբոսնե, մինչև որ յուր հարուստ բարերարները կզարթնեին:
Մի ժամից հետո տասը լրացավ: Գևորգը դարձյալ բռնեց բժշկի տան երկար ճանապարհը: Կես ժամից հետո նա դարձյալ նրա մուտքի մոտ էր:
– Այս անգամ պատրաստ է, կարող եք տեսնել նրան, – պատասխանեց բժշկի ծառան Գևորգի «զարթե՞լ է բժիշկը հարցին:
Երբ ծառան հայտնեց յուր տիրոջն այցելողի մասին, պարոն Դուդուկջյանն առաջին անգամ կարծեց, որ երեք ռուբլ բերող մի հիվանդ է նա, ուստի շատ քաղցր և ամոք արտահայտություն տվավ դեմքին ընդունարանը մտնելու ժամանակ, բայց երբ այդտեղ մեր երգիչ Գևորգին տեսավ, յուր բնական մթին կերպարանքն առավ:
– Ի՞նչ եք հրամայում, – դարձավ նա Գևորգին:
– Ես եկի հիշեցնելու ձեզ այն երեկոյան ձեր ինձ արած պատվերի մասին, – ակնածությամբ պատասխանեց Գևորգը:
– Ի՞նչ պատվեր, ես լավ չեմ հիշում, – հարցրեց բժիշկն աչքի մեկը խփելով և ծնոտը դեպի պատուհանը ծռելով:
– Դուք պարոն Սոմարյանցի տանը ինձ պատվիրեցիք, որ իմ պաշտոնը թողնեի Գուստավի գործարանում, և իսկույն գնայի պարոն Տանպետյանցի մոտ, որը պետք է, հոգար ինձ Պետերբուրգ ղրկելու համար:
– Այո, հիշում եմք դուք այն երեկոյան երգում էիք մեզ մոտ: Եվ դուք արդեն թողե՞լ եք ձեր պաշտոնը, – ավելացրավ բժիշկը:
– Այո՛, պարոն բժիշկ, ձեր պատվերի համաձայն հենց երեկ թողեցի:
– Ի՞նչ եք ասում, – կես զարմացած գոչեց Դուդուկջյանը:
– Այո՛, դուք այնպես պատվիրեցիք և ես չկամեցա ճշտիվ չկատարել ձեր պատվերը:
– Չեմ կարծում, թե ես այդպես բան լինիմ պատվիրած: Այսուամենայնիվ, այդպես շուտ ձեր պաշտոնը թողելնիդ անխոհեմություն է:
– Բայց ես ձեր պատվերը կատարեցի:
– Այդ միևնույն է, բայց ինչ որ է, անցել է:
– Այժմ ի՞նչ եք հրամայում, որ ես անեմ, պարոն բժիշկ, – հարցրեց Գևորգը մի փոքր վրդովված:
– Դուք պետք է գնաք պարոն Տանպետյանցի մոտ: Ստորագրության թուղթը նրա մոտ է, նա պետք է փողերը հավաքե և հարկավոր հոգացողությունը անե ձեզ համար: Ինչ որ ինձ է վերաբերում, ես արդեն արել եմ, և կարծեմ բավական մեծ բան եմ արել ձեզ համար:
– Մեծապատիվ շնորհակալ եմ ձեզանից, պարոն բժիշկ. միայն թե դուք բարեհաճեիք…
– Ո՛չ, ո՛չ, ինձ ուրիշ ոչինչ չի մնում անելու, դուք դիմեցեք պարոն Տանպետյանցին, նա ամեն բան կհոգա, – այս խոսքերով ընդհատեց բժիշկը Գևորգին և մտավ յուր առանձնարանը:
Գևորգը նույնպես դուրս գնաց: Սանդուղքներով իջնելիս քիչ էր մնում, որ նա գլխի վերա ցած գլորվեր, այնքան նա վրդովված և շփոթված էր: Վերջապես նա դուրս գնաց փողոց:
Դրսի օդը նրան մի փոքր օգնեց: Նա կանգնեց բժշկի տան մուտքի մոտ և ընկավ խորը մտածության մեջ: «Եթե. գործն այսպես շարունակվի, ի՞նչ կլինի իմ ապագա վիճակը, – շշնջաց նա, բայց մի քանի րոպեից հետո սիրտ առնելով, քայլերը շտապեցրեց դեպի Տանպետյանցի տունը:
Ուշացաք, պարոն, իմ աղան արդեն դուրս գնաց և նա ժամը երկուսին կվերադառնա, – եղավ Տանպետյանցի ծառայի պտասխանը:
Գևորգը մնաց շվարած:
«Այժմ ի՞նչ պատասխան տանեմ մորս, նա սպասում է ինձ, – մտածեց ինքն իրեն Գևորգը, – առաջին քայլափոխում իսկ ես անհաջողության եմ հանդիպում… Եվ եթե այսպես շարունակվի՞ … եթե իմ մոր գուշակությունները կատարվե՞ն… Օ՛հ, ես այն ժամանակ ինձ ջուրը կձգեմ… – Բայց ի՞նչ հիմարն եմ ես, – նորեն սիրտ էր տալիս իրեն Գևորգը, – դեռ ի՞նչ է պատահել, որ ես այսպես հուսահատվում եմ: Բժիշկն ինձ այնպես մի մերժողական բան չասաց: Նա կրկնեց այն, ինչ որ ինձ ասել էր խնջույքի երեկոյին, նա խորհուրդ տվավ Տանպետյանցին տեսնել: Է՛հ, սրան էլ չկարողացա տեսնեի որովհետև ուշացա, ի՞նչ վնաս, հիմա չլինի, երկու ժամեն լինի: Կտեսնվենք, կխոսենք, դեռ ժամանակ ունինք»:
Այս մտածմունքներով քաջալերում էր իրեն Գևորգը և աշխատում էր զոռով ցրել այն անձուկը, որ յուր կամաց հակառակը գալիս, ծանրանում էր իր սրտի վերա: Այս պատճառով իսկ նա յուր քայլերը դարձյալ ուղղեց դեպի այգին: «Այստեղ կզբոսնեմ, մինչև որ երկու ժամը կլրանա», – մտածեց նա և խառնվեցավ այգու ճեմելիքները լցնող ամբոխի մեջ:
Ը
Չնայելով, որ այդ օրվա տոնի պատճառով այգին շատ զվարթ կերպարանք էր առել, որ նրա բոլոր ճեմելիքները լցված էին բազմությամբ, որ երաժշտական խումբը գրավիչ եղանակներով նվագում էր, այսուամենայնիվ, այն երեք ժամերը, որ Գևորգն ստիպված էր այստեղ անցկացնել, չափազանց երկարեցան: Գևորգին թվում էր, թե այդ երեք ժամվա միջոցում նա մի քանի հարյուր անգամ պտտել էր ամբողջ այգին:
Վերջապես, զինվորանոցի ժամացույցը զարկեց ցանկալի երկու ժամը:
Մի քառորդ ժամից Գևորգն արդեն բազմած էր պարոն Տանպետյանցի շքեղ ընդունարանում:
– Ա՛, այս դո՞ւք եք, բարով, հիշում եմ. այն երեկոյան դուք մեզ մեծ հաճություն պատճառեցիք ձեր գեղեցիկ երգերով: Նստեցեք, խնդրեմ: – Այս սիրալիր խոսքերով ընդունեց տանուտերը Գևորգին և ապա բազկաթոռի մեջ խրվելով հարցրեց.
– Ինչո՞ւ համար եք շնորհ բերել:
– Ինձ ուղարկեց ձեզ մոտ պարոն Դուդուկջյանը:
– Ա՛, մեր բժի՞շկը:
– Այո՞, պարոն բժիշկը:
– Շատ գեղեցիկ, հրամայեցե՛ք, լսում եմ:
– Պարոն բժիշկն ասաց, որ իմ մասին ձեզ հետ խոսեցած է պարոն Սոմարյանցի տանը…:
– Ի՞նչ, չեմ հիշում:
– Այն, որ ինձ համար ստորագրություն բացվեցավ և ինձ Պետերբուրգ…
– Այո՛, այո՛, այդպիսի մի բան հիշում եմ, շարունակեցեք խնդրեմ:
– …Եվ ինձ Պետերբուրգ ղրկելու համար փող գրեցին պ. պ. հրավիրյալները:
– Այո՛, հիշում եմ, հետո՞:
– Այժմ պարոն բժիշկն ասում է, որ ստորագրության թերթը ձեզ մոտ է գտնվում…
– Այո՛, կարծեմ ինձ մոտ է:
– Ես եկա ձեզ խնդրելու, որ բարեհաճեք փողերը ժողովել, որպեսզի կարողանամ…
– Որ կարողանաք գնալ Պետերբո՞ւրգ:
– Այո՛:
– Ա՛, սիրելի բարեկամ, այդպես հեշտությամբ կարծում եք կարելի՞ է մեր մարդիկներից փող ժողովել, որ դեռ դուք էլ Պետերբուրգ գնաք:
– Բայց ես ձեր և պարոն բժշկի հրամանով արդեն թողել եմ իմ պաշտոնը, ինձ համար դժվար է երկար պարապ մնալը:
– Ի՞նչ պաշտոն եք թողել: Դուք պաշտո՞ն ունեիք:
– Դուք, ինչպես երևում է, իմ մասին ամեն բան մոռացել եք, ես փականագործի մոտ էի. դուք այս մասին ինձանից տեղեկություններ ստացաք պարոն Սոմարյանցի տանը:
– Այո՛, այո՛, այժմ հիշում եմ, դուք պատմեցիք, որ փականագործի մոտ եք լինում: Եվ դուք թողե՞լ եք արդեն այդ պաշտոնը:
Այո՛:
– Շատ լավ եք արել: Այդ տեսակ գծուծ պաշտոնը ձեզ վայել չէ, դուք շնորհալի տղա եք և կարող եք ուրիշ լավ գործերում առաջ գնալ:
Գևորգը, որ մինչև այն սաստիկ տագնապի մեջ էր, այս խոսքերից հետո մի փոքր շունչ առավ:
– Այժմ ի՞նչ եք հրամայում, որ անեմ, – դարձավ նա Տանպետյանցին:
– Մի փոքր ինձ ժամանակ տվեք: Այս քանի օրը ես խառնված եմ սեփական գործերով: Ազատ միջոց գտնելուց անմիջապես ձեր մասին հարկավոր հոգացողություն կանեմ:
– Ուրեմն ե՞րբ կհրամայեք, որ կրկին ներկայանամ ձեզ:
– Երկու շաբաթից հետո:
– Բայց այդ շատ երկար ժամանակ է ինձ համար, պարոն Տանպետյան:
– Ուրիշ կերպ անկարելի է, սիրելի բարեկամ, երկու շաբաթում էլ հազիվ կարելի է տեսնվել ստորագրվող պարոնների հետ:
Գոնե, կարո՞ղ եմ հուսալ, որ այդ փողերը կժողովվի և ես կերթամ Պետերբուրգ մի բան սովորելու:
– Իհարկե, բարեկամ, իհարկե: Դուք դեռ երիտասարդ եք, դուք շատ բան կարող եք սովորել այսուհետև:
– Ուրեմն երկու շաբաթից հետո ներկայանա՞մ ձեզ, – տեղից բարձրանալով հարցրեց կրկին Գևորգը:
– Այո՛, այս կյուրակե չէ, մյուս կյուրակե: Այս երկու շաբաթում դուք կարող եք մի բանով պարապել, օրինակ հենց ռուսերեն լեզվով:
– Եվ մինչև այն դուք կհոգա՞ք իմ մասին…
– Այո՛, այո՛, միամիտ եղեք, կաշխատեմ, որքան կարող եմ:
– Մեծապես շնորհակալ եմ, պարոն Տանպետյան, դուք մեծ բարերարություն եք անում ինձ և իմ խեղճ մորը, մենք երկուսս էլ անպաշտպան ենք և կարոտ ձեր նման բարի մարդիկների օգնությանը:
– Այո՛, մեր պարտքն է, կաշխատենք:
– Ուրեմն…
– Գնացե՛ք, միամիտ եղեք, անպատճառ կաշխատենք: Գևորգը շատ խոնարհ գլուխ տալով դուրս եկավ սենյակից:
– Ավռաամ, ո՞վ էր այդ երիտասարդն, – ընդունարանը մտնելով հարցրեց ամուսնուց տիկին Ելիզավետա Սերգեևնան, այդպես էր կոչում դրան պարոն Տանպետյանցը:
– Մի խեղճ տղա է, լավ երգում է: Անցյալ երեկոյան Սոմարյանցի տանն էր:
– Իսկ քեզ մոտ ինչու՞ համար էր եկել:
– Դրա համար այնտեղ ստորագրություն էինք բացել Պետերբուրգ ղրկելու նպատակով: Ստորագրության թուղթը ինձ մոտ էր, եկել էր խնդրելու, որ սկսենք փողերը ժողովել:
– Շա՞տ ստորագրեցին:
– Ոչինչ չեմ հիշում: A’propos, Ելիզավետա, հանիր խնդրեմ իմ այն ավուր հագած րետինգոտի գրպանից այդ թուղթը և բե՛ր ինձ: – Ելիզավետա Սերգեևնան հնազանդվեցավ:
– Տեսնենք, դու ո՞րքան ես ստորագրվել, – դարձավ նա ամուսնուն, թուղթը ձեռքին սենյակը մտնելով:
– Տո՛ւր տեսնեմ, չգիտեմ:
– Տե՛ս, եթե տասը ռուբլուց ավել ստորագրած լինիս,ականջդ պիտի քաշեմ, – ասաց նա քնքշաբար և թուղթը հանձնեց մարդուն:
– Ա՞յս ինչ է, – վախեցած վեր թռավ Տանպետյանցը թղթին նայելուց հետո:
– Ի՞նչ պատահեցավ, – անհանգստությամբ հարցրեց նրան տիկինը:
– Վա՛, վա՛, գժվա՞ծ եմ եղել, – բացականչեց Տանպետյանցը, – առանց կնոջ հարցին ուղղակի պատասխանելու:
– Ի՞նչ պատահեց քեզ, Ավռաամ, ասա՞ է, – , տասը ռուբլուց ավել ես ստորագրվել, հա՞:
– Ի՞նչ տասը, ի՞նչ քսան, ի՞նչ հիսուն…
– Բա ո՞րքան:
– Հինգ հարյուր, տո՛, հինգ հարյո՛ւր:
– Ասա ճիշտ գժված ես եղել էլի՛:
– Գժվածն էլ խո պոզեր չի՞ ունենա:
– Դե լավ, ստորագրվել ես, ստորագրվել, խո այդքան փողը չե՞ս վճարելու:
– Իհարկե չեմ վճարելու: Արբած մարդիկ ենք եղել, գինին ինչ որ հրամայել է, արել ենք էլի. չե՞ս տեսնում մեր Սոմարյանցն էլ հինգ հարյուր ռուբլի ստորագրել:
– Բրավո՛, բրավո՛, մեծ գործ եք կատարել, լավ է, որ չեք ամաչում, – այժմ խստությամբ նկատեց տիկինը:
– Բայց, Ելիզավետա, տե՛ս, աստծո ողորմությունը ինչպես է հասել, որ թուղթը մնացել է ինձ մոտ, թե չէ այն անպիտան Սլաքյանի ձեռքն ընկներ բոլորին էլ կխայտառակեր:
– Նա ի՞նչ ունի ձեզ հետ:
– Օ՛, օ՛ նա շատ վատ մարդ է. այսպիսի դեպքերում նա սատանայից էլ չար է: Նրա կարծիքով թե արբած և թե լուրջ ժամանակ, միշտ միևնույն մարդը պիտի լինիս, ինչ խոստացել ես, պիտի կատարես:
– Որովհետև աշխարհում այդ տեսակ մարդիկներ էլ կան, ես նրանց աչքը, ա՛յ, այսպես կհանեմ, – այս ասելով տիկին Տանպետյանցը խլեց մարդու ձեռքից ստորագրության թուղթը և պատռեց:
– Օ՛, օ՛, այդ լավ չարիր, Ելիզավետա, այդ լավ չարիր, – արտաքին դժգոհությամբ և ներքին գոհունակությամբ բացականչեց Տանպետյանցը:
– Շատ լավ արի: Թող այդ տեսակ թղթերը ոչ մնան, ոչ էլ ընկնեն Սլաքյանի նման չար մարդկանց ձեռքը: Այս ասելով դուրս գնաց տիկինը, պատռոտած թղթի կտորտանքը դուրս թափելու համար:
Ամուսինը հետևեց նրան:
– Ելիզավետա, թո՛ղ գոնե այդտեղ ստորագրվողներից մի քանիսի անունները նշանակեմ իմ հիշողության տետրակում, նա ինձ կհարկավորվի:
Ելիզավետան չընդդիմացավ, և Տանպետյանցը մի տասը ստորագրողների անուններ, իրենց ստորագրած փողերի հետ. միասին արձանագրեց յուր հիշողության տետրակում:
Գևորգը բոլորովին գոհ դուրս գնաց Տանպետյանցի տնից: Վերջինիս իրեն արած խոստումն այս անգամ ավելի վստահության արժանի համարեց նա:
Տուն հասնելով՝ նա ուրախությամբ հայտնեց մորը, որ երկու շաբաթից հետո անպատճառ ամեն բան վերջացած կլինի, փողերը կհավաքվին և ինքը կճանապարհվի Պետերբուրգ:
Այս անգամ Թամարն էլ մի փոքր ավելի հավատաց, որովհետև նոր խոստումը խնջույքի մեջ չէր արված, այլ սեփական տանը և սառը գլխով: Իսկ հավատալուց հետո, իհարկե, չէր կարող չխնդակցել որդուն:
Այժմ մնում էր Գևորգին այս երկու շաբաթվա մեջ մի բանով զբաղվիլ: Նա սովոր չէր պարապ ժամանակ անցնելուն:
Նա միանգամայն մոռացության տվեց այն ամենն, ինչ որ վերաբերվում էր յուր փականագործական արհեստին, և սկսեց ամենայն օր հաճախել գրադարանները, տեսնվում էր յուր դպրոցական ընկերների հետ, ներկա էր գտնվում նրանց ժողովներին, ուսումնական վիճաբանություններին: Վերջինների շնորհիվ նա ծանոթացավ և նոր ուսանողների հետ:
Նա մինչև անգամ սկսեց այցելել և հայոց հոգևարք թատրոնը, յուր համար տոմսակ առնելով, իհարկե, առայժմ գալերեայում:
Միով բանիվ նա դարձավ անդամ երիտասարդական այն շրջանների, որոնք բաղկացած են հայոց դպրոցների և գիմնազիոնների ուսանողներից, դերասանություն սովորող տղաներից, լուսավորության բարեկամ գործակատարներից, հեղինակներ լինելու համար պատրաստվող երեխաներից, տղայական խմբագրության անդամներից և այլն, և այլն, որոնց գլխավոր և սրտին ամենամոտիկ պարապմունքը ոչ թե մի բան սովորելն էր լինում, այլ ընդհանրապես սովորեցնելը, դատելը, վճռելը, չգիտցած և չսովորած բաների վրա վիճաբանելը, արժանավոր մարդիկների վրա հանդգնությամբ վայրահաչելը և այլն, և այլն:
Գևորգի ժամանակն այս շրջաններում տխուր չէր անցնում: Նա կարողացել էր նրանց մեջ յուր համար առանձին տեղ գրավել:
Բոլորը գիտեին, որ նա պատրաստվում է Պետերբուրգ գնալու, որովհետև հասարակությունը որդեգրել է նրան և մեծ գումար է հավաքել նրա համար, այս պատճառով և մի առանձին համակրությամբ էին վերաբերվում դեպի նրա անձնավորությունը: Մինչև անգամ երիտասարդների մի որոշ խումբ աշխատում էր մի առանձին մտերմություն հաստատել նրա հետ, յուր այս կամ այն նպատակներին նրան գործիք դարձնելու համար:
Իհարկե, բոլորն էլ լավ էին անում, բոլորն էլ իրավունք ունեին, բայց մենք կդառնանք մեր պատմության:
Վերջապես երկու շաբաթը լրացավ: Նշանակված կյուրակե օրը Գևորգն ըստ պատշաճի հագնվեցավ և դիմեց պարոն Տանպետյանցի տունը: Հասնելով նրա մուտքին՝ Գևորգի սիրտն սկսավ անհանգստությամբ տրոփել:
– Արդյոք ի՞նչ պատասխան պիտի առներ նա Տանպետյանցից: Կարողացե՞լ էր նա փողերը ժողովել կամ իրեն Պետերբուրգ ղրկելու համար հոգացե՞լ էր մի բան: Այս հարցերը սաստիկ անհանգստացնում էին նրան:
Պարոն Աբրահամ Տանպետյանցն այսօր տանն էր: Նա առանց ուշացնելու ընդունեց Գևորգին դարձյալ յուր շքեղ ընդունարանում:
– Ցավալի լուր պետք է հաղորդեմ ձեզ, սիրելի բարեկամ, – այս խոսքերով դարձավ նա Գևորգին, – իմ այսքան օրվա անխոնջ աշխատությունս իզուր անցավ, ոչ ոք չկամեցավ յուր ստորագրած գումարը վճարել:
– Ի՞նչպես թե չկամեցավ… – երկյուղից դողալով հարցրեց Գևորգը, – ուրեմն ինչու՞ էին ստորագրում… ինչու՞ իզուր տեղից ինձ…
– Այո՛, այո՛, իրավունք ունիք, – ընդմիջեց նրան Տանպետյանցը, – դուք կամենում եք ասել՝ ինչու՞, ուրեմն, խոստացան ձեզ, այնպես չէ՞:
– Ոչ, հարգելի պարոն, ո՞չ, խոստանալ և չտալն իրենց կամքից է կախված, ես կամենում եմ ասել՝ ինչու, ուրեմն, ինձ ստիպեցին իմ պաշտոնը թողնել, իմ մի կտոր հացից զրկվել:
– Է՛հ, այդտեղ դուք անարդար եք խոսում, բարեկամ, ձեզ շատ բան կարող են ասել, մի՞թե բոլոր ասածներին պարտավոր եք լսել: Ձեր պաշտոնը մանավանդ, դուք իրավունք չունեիք թողնելու, քանի որ խոստացվածը դեռ առձեռն պատրաստ չէր. այստեղ դուք եք մեղավոր:
Գևորգը չափազանց զայրույթից գունաթափվեցավ. նա ամբողջ մարմնով դողում էր:
– Հարգելի պարոն, ես ոչինչ մեղ չունիմ այստեղ: Ձեր պարոն բժիշկը պատվիրեց ինձ անպատճառ թողնել իմ գծուծ պաշտոնը, որովհետև դուք բոլորդ էլ ծիծաղում էիք նորա վրա, որովհետև դուք ապահովացրիք ինձ ձեր պատվավոր ստորագրություններով, և. ես ձեզ լսելով, իբրև պատվավոր մարդիկների, թողեցի իմ պաշտոնը…
– Դուք, պարո՛ն, արդեն սկսում եք անքաղաքավար խոսել, ես շատ չեմ համբերում այդ տեսակ վարմունքին, – երեսը խոժոռելով նկատեց Տանպետյանցը:
Գևորգը զգաց իսկույն յուր թշվառ և անզոր դրությունը, և նա սկսավ աղաչավոր ձայնով.
– Ներեցե՞ ք ինձ, հարգելի պարոն, եթե ես համարձակվեցա անքաղաքավար գտնվիլ ձեր առաջ. բայց հավատացեք, որ ես արժանի եմ ձեր կարեկցության: Ես թողել եմ իմ պաշտոնը, որի միակ արդյունքովը կերակրում էի ինձ և իմ խեղճ մորը, ես թողել եմ նրան ձեր հույսով, ձեր բարերարության վրա վստահանալով. դուք չպիտի կամենաք թշվառացնել մեզ, մենք աղքատ ենք, հավատացեք, մենք անպաշտպան ենք… – և այս խոսքերի հետ նա սկսավ դառնապես լալ:
– Իզուր եք լաց լինում, բարեկամ, – մի փոքր մեղմությամբ պատասխանեց Տանպետյանցը, – ես ինչ որ հարկավորն էր արել եմ, խնդրել եմ, ստիպել եմ, մինչև անգամ աղաչել եմ: Բայց երբ մարդիկ չեն կամենում, զոռով խո նրանցից փող խլել չէի կարող: Ավելի լավ է, դարձյալ դուք գնաք ձեր պաշտոնը խնդրեք, և միառժամանակ պարապեք նրանով, մինչև որ մենք տեսնենք, թե այս մեր ժլատ հայերի հետ ինչ ենք անում:
– Օ՛հ, այդ մի՞ ասեք, պարո՞ ն, ես իմ պաշտոնը կրկին խնդրել չեմ կարող, ես ավելի շուտ ինձ ջուրը կձգեմ…
– Ինչո՞ւ համար, – զարմացմամբ հարցրեց Տանպետյանցը:
– Այո՛, չեմ կարող. Գուստավը քանի՛ քանի՛ անգամ խնդրեց, որ ես իմ պաշտոնը չթողնեի, ես նրա խնդիրքը մերժեցի, այժմ ի՞ նչ երեսով կարող եմ գնալ նորեն նրա մոտ:
– Այդ երեխայություն է. ուրիշ ոչինչ:
– Ո՛չ, պարո՛ն, ես իմ խոսքի տերն եմ, թեպետ աղքատ:
– Էհ, ուրեմն, ազատ եք, արեք ինչ ուզում եք. ես սրանից ավել ոչինչ չեմ կարող անել ձեզ համար:
Գևորգը մնաց շվարած, և չգիտեր ի՞նչ ասեր:
– Շնորհեցեք ինձ այն ստորագրության թուղթը, – խոսեց նա վերջապես, – գուցե ես կկարողանամ մի բան ստանալ ստորագրող պարոններից:
– Բոլորովին իզուր կաշխատեք, ես՝ ումնից որ պահանջելի էր՝ պահանջեցի, դուք ինձանից ավելի ազդել չեք կարող: Այսուամենայնիվ, – ավելացրեց նա, – ես ձեզ կտամ մի տասը մարդկանց անունները, նրանք ամենից հուսալի անձինքներն են, փորձեցեք, դիմեցեք նրանց, գուցե ձեզ կհաջողվի մի բան ստանալ:
Եվ նա յուր հիշողության տետրակը հանելով գրեց մի թղթի վերա ա՛յն անունները, որը ստորագրության պատռած թերթից հանել էր, և տվավ Գևորգին: Այդտեղ Սոմարյանցի անունն էլ կար յուր 500 ռուբլու հետ միասին: Գևորգն այն նկատելով մի փոքր ուրախացավ: «Եթե Պետերբուրգ չգնամ, գոնե միառժամանակ կառավարվելու համար փող կունենամ», – մտածում էր նա:
– Իսկ դուք պիտի վճարե՞ք ձեր ստորագրած 500 ռուբլին, այնպես չէ՞, – հարցրեց Գևորգը Տանպետյանցին:
– Ի՞նչ 500 ռուբլ:
– Դուք այդչափ չստորագրեցի՞ք, միթե:
– Հա՛, հա՛, հա՛, հա՛, – բարձրաձայն սկսավ կարկաչել պարոն Տանպետյանցը, Գևորգի ուսը քնքշաբար ծեծելով: – Ի՛նչ միամիտ եք, ի՛նչ բարի եք. ո՞վ ասաց ձեզ, թե ես 500 ռուբլ եմ ստորագրել:
– Ես ինքս լսեցի, երբ դուք բարձրաձայն արտասանելով ստորագրեցիք:
– Հա՛, հա՛, հա՛, – նորեն ծիծաղեց Տանպետյանցը, – ես այնպես բարձրաձայն արտասանեցի կատակի համար. բայց ստորագրածս իսկապես քսան և հինգ ռուբլ էր. դա էլ քիչ փող չէր, իհարկե: Բայց դեռ գնացեք, հեշտ է, թե մյուս ստորագրողները փող կտան, ես էլ մի բան կտամ: – Այս ասելով ողջունեց նա Գևորգին, և առանց նորա ողջույնն առնելու, մտավ մյուս սենյակը:
Գևորգը նույնպես դուրս գնաց:
ԺԱ
Սանդուղքից իջնելով Գևորգը դարձյալ մնաց շվարած, յուր ինչ անելիքը չգիտեր:
«Աստվա՛ծ իմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, – ՜ մտածում էր նա, – մի՞թե բոլոր այս մարդիկներն էլ, որոնց անունները ես ունեմ, Տանպետյանցի նմանները չեն. մի՞թե նրանք էլ միևնույնը չպիտի կրկնեն, ինչ որ սրանից լսեցի, և դեռ սա իմ կարծիքով ամենից լավն էր: – Բայց… ոչ, ես իմ մոր երեսը դուրս գալ չեմ կարող, ես չեմ կարող գուժել նրան, որ իմ հիմարության պատճառով ես պատժված եմ. չեմ կարող ասել, որ յուր գուշակությունները կատարվել են, նա գիտեր, որ այս մարդիկները պիտի խաբեին ինձ, նրա սիրտը գուշակում էր, որ մենք պետք է թշվառանանք, նա գիտեր, նա ամեն բան գիտեր, նա ամեն բան գուշակում էր. բայց ե՛ս, ե՛ս հիմարս նրան չլսեցի… ես թշվառացրի նրան և ինձ…»: Եվ այս խոսքերի հետ նա սկսեց հեկեկալ:
Երկար այս դրության մեջ Գևորգը մնացել էր կանգնած: Վերջապես նա վճռեց դիմել այն մարդկանց, որոնց ցուցակը գտնվում էր յուր ձեռքում:
– «Այսպիսով ոչինչ չի դառնալ, – մտածում էր նա, – ես ձեռնունայն իմ մոր մոտ չպիտի դառնամ, այս վճռված է: Ամբողջ օրը պիտի ման գամ, բոլորին պիտի տեսնեմ, պիտի խնդրեմ, պիտի աղաչեմ, մինչև որ ձեռքումս մի բան ունենամ տուն վերադառնալու համար: Իսկ եթե բոլորից էլ մերժում կստանամ, այն ժամանակ… այն ժամանակ ես գիտեմ ի՞նչ կանեմ… այն ժամանակ իմ ապրելս ավելորդ է»:
Այս խորհրդածություններով նա քայլերն ուղղեց դեպի Սոմարյանցի տունը: Նա տանը չէր: Վերադարձավ մի ուրիշի մոտ: Սա էլ հյուրեր ուներ, տեսնել չէր կարող: Երրորդի մոտ վազեց, նա պատասխանեց, որ այդպիսի ստորագրության համար տեղեկություն չունի և խոստացավ Տանպետյանցին տեսնել: Չորրորդը մինչև անգամ պատուհանից տեսած լինելով, թե հնչակ քաշողն ով է, ծառային հրամայեց ասել «տանը չէ» այնպես բարկացած և բարձր ձայնով, որ Գևորգն ինքն այդ լսելով և առանց ծառայի պատասխանին սպասելու հեռացավ: Հինգերորդի համար ասացին, որ հենց այն առավոտը Փոթի էր գնացել: Վեցերորդը, որ բարեհաճեց Գևորգի հետ յուր բակում մի քանի խոսք խոսալ, նրան դատապարտեց յուր պաշտոնը թողնելուն համար, և վերջումն էլ նրան «ձրիակեր» անունը տվավ: Գևորգը խորը վիրավորված հեռացավ և՛ այդտեղից: Յոթներորդը ճաշի վրա էր արդեն, ուստի չէր կարող այդպիսի ժամանակ այցելու ընդունել: Գեղեցիկ հագնված սպասավորը մինչև անգամ նկատողություն արավ, որ ժամը երեքին այցելության գնալն անհարմար է, և ժամանակ որոշեց առավոտյան ժամը 10 – 11-ը:
Գևորգը գրեթե խելագարված սկսեց թափառել փողոցներում, նա չգիտեր ո՞ւր է գնում, ո՞ւմ է պտռում: «Ճաշի ժամանակն անհարմար է այցելել» – այս լսել էր ութերորդի ծառայից, և սպասում էր, որ այդ ժամանակն անցնե:
Արդեն ութ անձինքներից և ոչ մեկի մոտ ցանկացած ընդունելությունը չգտավ. բայց նա դեռ հույս ուներ, թե մնացած երկուսն անպատճառ ավելի բարի և մարդասեր պիտի գտնվեին: Անցավ մի երկու ժամ: Վերջապես նա դիմեց իններորդին, նա քնած էր, տեսնել անկարելի է: Դիմեց տասներորդին, նա նույնպես քնած էր:
Վերջապես: Ի՞նչ պետք էր անել այժմ: Գևորգը ոչինչ չգիտեր: Նա այժմ մտածելու էլ անընդունակ էր դարձել: Ամբողջ օրը մի պատառ հաց չէր դրել բերանը, բայց նա քաղցածություն անգամ չէր զգում: Նա այժմ մի բան էր միայն ցանկանում, հեռանալ, հեռանալ որքան կարելի է մարդիկներից, ընկնել մի ամայի, մի անբնակ տեղ… Եվ նա գնում էր առանց մտածելու, առանց աջ ու ձախ նայելու…
Թողնենք նրան հանգիստ, և ես ձեզ կպատմեմ, թե ինչու համար բոլոր այս տասը մարդիկներից գեթ մեկի մոտ նա ոչինչ հաջողություն չգտավ:
Գևորգը Տանպետյանցին այցելելու առաջին օրից երկու օր հետո, պարոն Տանպետյանցն ընտանեկան երեկույթի ժամանակ գտնվում էր կլուբում: Նա այդտեղ պատահեց շատերին ա՞յն պարոններից, որոնք իրեն հետ միասին հրավիրված էին եղել Սոմարյանցի տանը: Միջերնին խոսք բացվելով, նա հիշեցրեց նրանց այն ստորագրության մասին, որով նոքա փող էին խոստացել մեր երգչին Պետերբուրգ ղրկելու համար: Այդ հիշեցնելը ներկա եղողներին շատ դուր չեկավ: Տանպետանցը նկատեց, թե ինչպես նրանցից մի քանիսը երեսները թթվացրին, մյուսները կամաց-կամաց պատրաստվում էին հեռանալ, իսկ մի երկու տաք-գլուխներ բարկացած զարմանք հայտնեցին, որ Տանպետյանցը թույլ է տալիս իրեն հիշեցնել նրանց մի խոստման և ստորագրության մասին, որը նրանք արել են արբած և հիմարացած ժամանակ: Պարոններից մեկը մինչև անգամ հայհոյեց բժիշկ Դուդուկջյանին, որ նա քաջ իմանալով հյուրերի արբած լինելը, դարձյալ հանդգնել էր մի այդպիսի ստորագրության թուղթ բանալ նոցա առաջ և այսօրվան համար մի խայտառակության գործ պատրաստել:
Տանպետյանցի ուզածն էլ հենց այդ էր: Տեսնելով յուր բարեկամների տրամադրությունը այդ խնդրում, նա վստահություն առավ և պատմեց նրանց, թե ինչպես Ելիզավետա Սերգեևնան բարկացել և պատռտել էր ստորագրության թերթը և սրանով ազատել նրանց արբած ժամանակի խոստումը կատարելուց:
– Կեցցե՛, կեցցե՛ Ելիզավետա Սերգեևնան, – գոչեցին Տանպետյանցի բարեկամները գրեթե միաբերան, նոքա, որոնք սկզբումը թթվացրել էին իրենց երեսները, կամ պատրաստվել էին խմբից հեռանալու, իսկույն փոխեցին իրենց տրամադրությունը և հավաքվելով բոլորը միասին սկսան գովություններ շռայլել Ելիզավետա Սերգեևնայի խելացի արարքի համար:
Թեպետ այդ րոպեին Տանպետյանցի մոտ չէին Սոմարյանցի խնջույքին ներկա գտնվող բոլոր հյուրերը, սակայն մի երկու օրվա մեջ նրանք բոլորն արդեն գիտեին Ելիզավետա Սերգեևնայի արածը, և չէին կարողանում ներքին գոհունակությամբ շնորհակալություն չանել նրան: Բայց ո՞ւր գնաց մեր խեղճ Գևորգը:
Նա արդեն դուրս էր եկել քաղաքից և գտնվում էր Քռի ափում, մի ամայի տեղ: Մութը կոխել էր. լուսին չկար բայց աստղերն ադամանդների նման շողշողում էին կապուտակ երկնակամարի վրա: Նրան շրջապատող լռությունը խանգարվում էր միայն գետի խուլ հոսանքի ձայնով:
Նա մոտեցավ գետի ափին, դիտեց նրան լուռ ու մունջ և շշնջաց. «Օգնության հույս էլ չկա, ապրել այսուհետև ամոթ է ինձ համար, ահա՞ իմ տեղը, – և նա դողացող ձեռքը պարզեց դեպի գետի խորը, – բայց ի՞նչ եմ անում ես» – գոչեց նա հանկարծ և սոսկալով ետ դարձավ:
– «Հիմար, հիմար, – խոսում էր նա ինքն իրեն, – ո՞ւմ հույսով ես թողնում քո մորը, ո՞վ պիտի պահե, ո՞վ պիտի կերակրե նրան, ինչու՞ ես դառնացնում նրա ծերության օրերը, ինչու՞ ես սպանում նրան…»: Եվ այս մտածությունը կարծես նրան հոգի ու սիրտ տվավ. նրա հուսահատությունը, որ իրեն մոլորեցրել էր, անցավ, և նա արագ-արագ քայլերով դիմեց դեպի քաղաքը:
Երեկոյան ժամը 11-ին նա հասավ տուն:
ԺԲ
Թամարը շատ չէր անհանգստացել յուր որդու ուշանալու վերա: Նա կարծել էր, թե հարուստ բարերարներից մեկն այդ օրը հյուրասիրել էր յուր Գևորգին: Բայց նա ամբողջ մարմնով սոսկաց, երբ Գևորգը յուր գլխով անցածը բոլորը պատմեց: Նա չսոսկաց նրա համար, որ բարերարները մերժել էին յուր որդուն խոստացած օգնությունը, այլ սոսկաց նրա համար, որ նոցա շնորհիվ պիտի հավիտյան կորցներ յուր որդուն:
– Դու ոչ մի բանի վերա մի մտածիր, Գևորգ, հոգյակս, ես դարձյալ լվացքարանը կմտնեմ, ես կաշխատեմ և կպահեմ քեզ, քանի ուժ ունեմ, միայն թե դու ողջ-առողջ ման գաս իմ աչքերի առաջ, մինչև որ ես գերեզման կմտնեմ… – Ասում էր նրան Թամարը, աշխատելով սփոփել յուր որդու հուսահատությունը:
Այս անգամ նա չէր հիշում մինչև անգամ այն գուշակությունները, որ նա արել էր օրերով առաջ, նրա միակ մտածությունը յուր որդու տխրությունը փարատելն էր:
Գևորգը հետզհետե սիրտ էր առնում. նրան սպանող հուսահատությունն անցնում էր:
– Ես դեռ կստիպեմ այդ մարդկանց իրենց ստորագրությունը հարգել, – ասում էր նա, քաջալերվելով մոր գորովալիր խոսքերով, – ես այդ մարդիկներից այդպես շուտով ձեռք չեմ վերցնիլ:
Բայց իսկապես ի՞նչ կարողացավ անել նա. ոչի՛նչ: Անցան օրեր, անցան շաբաթներ: Եվ Գևորգն անընդհատ դիմում էր մերթ սրան, մերթ նրան, խնդրում էր, աղաչում էր, բայց իզուր, ոչ ոք նրան չլսեց. ոչ ոք նրա խնդիրն ուշադրության չառավ:
Եվ նա սովորեց միայն փողոցներում այդ պատրվակով թափառել:
Մի ամիսն անցավ: Թամարի բոլոր խնայողությունը սպառվեցավ. մի քանի օր շարունակ մայր և որդի ցամաք հաց էին ուտում, մի օր մինչև անգամ նրանք քաղցած անցրին:
Թամարի բոլոր աշխատությունը Գևորգին նորեն Գուստավի մոտ ղրկելու համար՝ ապարդյուն անցավ: Նա ավելի նախապատիվ էր համարում մեռնիլ, կամ Քռի մեջ խեղդվիլ, քան նորեն Գուստավին դիմել, նրա աղջկա արհամարհանքը տանել և յուր ընկեր բանվորների մոտ ծիծաղի առարկա դառնալ:
Ուրիշ գործարան էլ նա մտնել չհամաձայնվեցավ, որովհետև Սոմարյանցի տանը հասկացրել էին, որ ինքը մեծ մարդ է. և այդ գիտեին յուր նոր բարեկամները, դպրոցական աշակերտները, լուսավորության բարեկամ գործակատարները, դատելու ու վճռելու վարդապետ տղաները, և նա նրանցից ամաչում էր:
Ի՞նչ պետք էր անել, ուտելու հաց չկար:
Վերջապես խեղճ Թամարը նորեն մտավ լվացքարան, բայց այս անգամ 20 ռուբլով, որովհետև նա առաջվան ուժը չուներ և նրան ավելի չվճարեցին:
—
Եվ դուք ի՞նչպես վարվեցիք խեղճ փականագործի և նրա մոր հետ, դո՞ւք, փայլուն հասարակության զարգացած անդամներ: Դուք ձեր ոգևորության մեջ ճառեր խոսացիք, խոստումներ արիք, ձեր անտեղի գովեստներով խեղճ երիտասարդին փչացրիք, զրկեցիք նրան յուր պաշտոնից, թշվառացրիք նրա ապագան. ուժասպառ մորը նորեն լվացքարան ղրկեցիք.. և հե՞տո – ոչինչ. դուք ավելացրիք մեկն ա՞յն դատարկապորտ տղաներից, որոնք բուլվարների վերա օրն ի բուն շրջում են պարապ, անգործ, որոնք դատում են, վճռում են, դատապարտում են և առանց մի բան գիտենալու, առանց մի բան սովորած լինելու, ամենակար և ամենագետ են:
Ահա՛ ձեր գործը:
ՀԱՐՈւՍՏՆԵՐԸ ԶՎԱՐՃԱՆՈւՄ ԵՆ
ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈԻՄՆ
Գարնանային սիրուն երեկո էր: Արեգակը խոնարհվում էր դեպի յուր մուտքը: Օդը թեպետ մի փոքր տոթային, սակայն քաղցրաշունչ հովը բարեխառնում էր նրան և խիստ ախորժելի դարձնում զբոսասեր բազմությանը, որը լցված էր Ալեքսանդրյան այգու ճեմելիքները: «Ազնվականական» կոչված բարձրադիր ծառուղին գրեթե խեղդվում էր զբոսողների շատությամբ: Գեղեցիկ հագնված տիկիններ, վերջին տարազով պճնված օրիորդներ, նրբաճաշակ երիտասարդներ – կոկված Փարիզի նորությանց համեմատ, միշտ չարություններ և սկանդալներ անելու համար պատրաստ ուսանողներ և վերջիններին պաշտող ուսանողուհիներ, բոլորն էլ խառնիխուռն զբոսնում էին այդտեղ: Նրանց անընդհատ անցուդարձը նմանվում էր մի հանդիսավոր կադրիլի, որը պարում են հարուստ իշխանի դահլիճում նրա բազմաթիվ հյուրերը:
«Ազնվականական» ծառուղիում արգելված չէր, իհարկե, և աղքատներին զբոսնելու, միայն թե նրանք քաղաքավարությամբ խույս էին տալիս դեպի մենավոր ճեմելիքները, որպեսզի իրենց ներկայությամբ չխանգարեն հարուստներիդ կամ գոնե հարուստ երևացողների զվարճությունը: Հագուստի անշնորհքությունն ստիպում էր նրանց շքեղության աչքից հեռու պտտելու: Իսկ նրանք, որոնք թեպետ աղքատ, բայց շնորհքով էին հագնված, կարծիք չկա, զբոսարանական մրցումից չէին վախենում:
Այս վերջինների թվին պատկանում էին տիկին Բերնարի երեք նորատի կարողուհիները: Սրանք բոլորն էլ հայուհիներ էին, խեղճ ընտանյաց աղջիկներ, որոնք կարանոցում հենց նոր էին ավարտել մի մեծ աշխատանք և տիկին Բերնարն – արձակել էր նրանց մի փոքր ժամանակով այգում զբոսնելու համար:
Հեղինեն, որին յուր ընկերուհիները Ելենա էին կանչում, յուր ընկերուհիների մեջ փայլում էր յուր արտաքո կարգի գեղեցկությամբ: Նրա բարձր հասակը, շնորհալի քայլվածքը, և մանավանդ երկարատեգ արտևունքներով եզերված կախարդող հայացքը գրավել էին զբոսնողների ուշադրությունը:
Նրա դեմքի յուրաքանչյուր շարժվածքը, նրա նրբաձայն ծիծաղը, նրա խոսակցությունը, դիտում և զննում էին հարյուրավոր աչքեր: Հեղինեի ընկերուհիները, որոնք ավելի զարգացած էին այդ բաները նկատելու համար, հասկացնում էին նրան, և սա ընդ ակամբ զննում էր այդ բոլորը և հրճվում կատարյալ երեխայական անմեղությամբ: Բայց նա չէր տեսնում, թե ինչպիսի նախանձոտ հայացքներ էին գցում իր վրա շքեղ հագնված, բայց ոչ գեղեցիկ տիկինները և օրիորդները, մանավանդ երբ սրանց երիտասարդ ասպետները հիացմունքով մատնացույց էին անում յուր վրա և ցանկություն էին հայտնում յուր ո՞վ լինելն իմանալու համար:
– Ո՞վ պետք է լինի, մի անառակ աղջիկ, – պատասխանում էին նրանց օրիորդ-տիկինները, արհամարհական հայացք ձգելով Հեղինեի վրա:
– «Մի անառակ աղջիկ», – և ինչպե՛ս շուտ և սահուն կերպով արտասանում է այդ բառերը կնոջ քնքուշ բերանը, ինչպե՛ս պատրաստ է նա առանց խղճահարվելու ցեխոտել յուր ցեղի ամենաանարատ հոգին, եթե սա հանդգնում է, յուր խեղճության մեջ, մի բանով գերազանցել իրենց, եթե նրա ճշմարիտ արժանիքը ճնշում է զգայուն սրտերը և խլում է իրենց զոռով վաստակած երկրպագուներին: Բայց Հեղինեն «անառակ աղջիկ» չէր. նրա արտաքին գեղեցկության չափ գեղեցիկ էր և նրա հոգին: Նա բարի էր ինչպես հրեշտակ և առաքինի, ինչպես անապատի միանձնուհին:
Դուք կարող եք կարծել, որ ես չափազանցնում եմ, որովհետև այս քաղաքի մեջ մեր օրով հազվագյուտ են այդ հատկությանց տեր աղջիկներ, մանավանդ երբ դրանք աշխատում են կարանոցներում: Բայց իսկույն կծանոթացնեմ ձեզ նրա հետ: Հեղինեն Թիֆլիսեցի չէր: Նրա ծնողները նոր էին գաղթել այստեղ մի գավառական քաղաքից: Նրանք շատ պարկեշտ մարդիկներ էին, և Հեղինեն կրթվելով նրանց հոգատարության տակ, պարզ է, որ բոլորովին չպիտի նմաներ այստեղացիներին: Հեղինեի հայրը պարապում էր հյուսնությամբ, մայրը մերձակա հարուստ տներում լվացարարություն էր անում, իսկ իրեն մի քանի ամիս էր, ինչ որ տվել էին տիկին Բերնարի մոտ կար ու ձև սովորելու: Հեղինեն այդտեղ էլ մի քանի ուրիշ աղջիկների պես ապրում, ուտում և հագնվում էր տիկին Բերնարի հաշվով, և միայն կյուրակե օրերը գնում էր յուր ծնողացը այցելելու:
Հասարակությունը, որի մեջ ապրում էր նա և որը բաղկացած էր աղքատ ընտանյաց աղջիկներից, կարող էր վնասավոր լինել Հեղինեի պես մի անփորձ աղջկա համար: Հաճախ նա լսում էր յուր ականջների համար բոլորովին խորթ զրույցներ, անպատկառ խոսակցություններ, որոնք առհասարակ անպակաս են լինում կարանոցներում: Բայց նա կարողանում էր տիրել իրեն: Նա զզվում էր, և այդ տեսակ անախորժ վայրաբանությունները չլսելու համար քաշվում էր կարանոցի մի հեռավոր անկյունը և լուռ ու մունջ կարում էր յուր գործը: Բայց միշտ այդպես վարվել նրան չէր հաջողվում: Պատահում էր, որ նա ստիպված էր լինում կարել մի մեծ գործ, երեք-չորս աղջիկների հետ միասին, որոնք այդ ժամանակ էլ շարունակում էին իրենց վայրաբանությունները, մանավանդ, երբ տիկին Բերնարն այստեղ չէր լինում: Այդպիսի դիպվածներում Հեղինեն գործ էր դնում յուր բոլոր ուժը՝ այդ աղջիկների մեջ ամոթի զգացմունքը զարթեցնելու համար, և նրա ջանքը երբեմն պսակվում էր հաջողությամբ: Բոլոր կարողների մեջ նա միայն երկու աղջիկների հավանեց, որոնք թե՝ բնավորությամբ և թե՝ աշխատասիրությամբ նմանվում էին իրեն: Դրանցից մեկը Նինոն էր, խառատ Օսեփի աղջիկը, որ թեպետ մի առանձին գեղեցկություն չուներ, բայց հայտնի էր յուր չափազանց բարի և ազնիվ բնավորությամբ, իսկ մյուսը ղազազ Ալեքսի թոռը՝ Շուշանը, որ մեծ հեղինակություն ուներ կարանոցի մեջ, իբրև ամենից ավելի հառաջադեմ և լավ կարող աղջիկ: Այդ երկուսին էլ Հեղինեն յուր համար մշտական ընկերուհիներ ընտրեց: Նրանք երեքն էլ միմյանց չափից դուրս սիրում էին, սեղանի վրա միշտ միասին էին նստում, մեծ գործերը միասին կարում և ազատ ժամանակները միասին զբոսնում: Հենց այսօր էլ այգու մեջ դրանք երեքը միասին էին ման գալիս: Բայց ինչպես ասացինք, «Ազնվականական» ծառուղիի մեջ զբոսնողների ուշադրությունը միայն Հեղինեն էր գրաված:
Երկու երիտասարդներ, որոնցից մեկն ավելի աչքի էր ընկնում յուր դեմքի և կազմվածքի գեղեցկությամբ և հագնված էր խիստ նուրբ ճաշակով, ուշի ուշով հետևում էին տիկին Բերնարի կարողուհիներին: Յուրաքանչյուր անցուդարձի մեջ նրանք մի քանի անգամ պտույտ էին գալիս երեք աղջիկներին դեմ առ դեմ պատահելու համար, և նրանց հանդիպած ժամանակ խոր ուշադրությամբ սևեռում էին իրենց աչքերը Հեղինեի վրա, որն ամոթից իսկույն շառագունում էր: Ամբողջ զբոսանքի ժամանակ մի րոպե անգամ նրանք չհեռացան այդ աղջիկներից: Նինոն և Շուշանը գիտեին, որ երկու երիտասարդների դեգերանքը Հեղինեի համար էր, սակայն նրանք ոչ միայն չէին նախանձում նրան, այլև այդ առիթով նրա հետ կատակներ էին անում:
– Ելենա, այս երիտասարդները շատ են գրավվել քեզնով: Նրանցից մեկը անպատճառ քեզ ուզելու է, – ասում էր նրան Շուշանը ծիծաղելով:
– Ինչո՞ւ համար ես կարծում, որ ինձմով են գրավվել և ոչ թե քեզմով կամ Նինոյով, – պատասխանեց Ելենան շառագունելով:
– Ի՞նչ հարկ կա այդ հարցնելու, որովհետև դու ավելի գեղեցիկ ես, քան թե մենք երկուքս, – շտապավ կցեց Նինոն և գաղտուկ դիտեց Շուշանին: Նրանք երկուսը միասին սկսան ծիծաղել:
– Ա՛խ, Նինո, ես չե՞մ խնդրել, որ ինձ մոտ այդպես բաներ չխոսա՞ք, – նեղացած տրտնջաց Ելենան:
– Ի սեր աստծո, Ելենա՛, թողի՛ր այդ հիմարությունները, մինչև ե՞րբ պետք է դու երեխա մնաս. Թիֆլիսո՞ւմ չես ապրում, ի՞նչ է, – կշտամբեց նրան Շուշանը:
– Քո արևը վկա՛, Շո՛ւշան, ես ձեր թիֆլիսեցիների պես չեմ սիրում տղաների վրա խոսելը, ի՞նչ անեմ, մի բան, որ ինձ դուր չէ գալիս, խո զոռով չպիտի՞ սիրեմ: Ես սովոր չեմ այդ տեսակ խոսք ու զրույցների:
– Լավ, լավ. տեսնենք մինչև ե՞րբ այդպես խելոք կմնաս, – պատասխանեց նրան Շուշանը և լռեց:
– Բայց իրավ, Ելենա՞, տե՞ս ի՞նչ գեղեցիկ տղա է այդ երիտասարդը, – կրկին դիմեց նրան Նինոն ծիծաղելով, երբ երկու երիտասարդները դեմ առ դեմ հանդիպեցին նրանց:
– Ա՛խ, Նինո, դու բոլորովին զայրացնում ես ինձ, – բարկացած պատասխանեց նրան Ելենան ու ուղղվեցավ դեպի զառիվայր ճեմելիքը տուն վերադառնալու դիտավորությամբ: Նինոն և Շուշանը քրքջալով հետևեցին նրան:
Բայց մի քանի քայլ հազիվ էր փոխել Ելենան, որ գեղեցիկ երիտասարդը հեռվից յուր աչքովն ընկավ: Նրանց հայացքները պատահեցին միմյանց և մի քանի րոպե դեպի իրար սևեռած մնացին: Ելենան տեսավ, որ երիտասարդն իրոք շատ գեղեցիկ էր, Նինոն իրավունք ուներ նրանով հետաքրքրվելու: Բայց նա շատ երկար չնայեց նրան, այլ աչքերը դարձնելով շարունակեց յուր ճանապարհը:
Յուր ընկերուհիները երկու հայացքների միմյանց պատահելը չնկատեցին:
Երկու երիտասարդները նույնպես ուղղվեցան դեպի զառիվայր ծառուղին: Նրանք հետևում էին երեք ընկերուհիներին:
– Սամվել, մի՞թե դու չես ճանաչում այս աղջկանը, – հարցնում էր գեղեցիկ երիտասարդին յուր ընկեր Մարգարը:
– Չեմ ճանաչում, մինչև այսօր էլ տեսած չեմ:
– Զարմանք. ի՞նչ է շինում ուրեմն քո Սալոմեն, եթե այսպիսի թռչունները քեզանից անհայտ կարող են ապրել Թիֆլիսում:
– Ի՞նչ զարմանք, նա խո ամբողջ քաղաքը չի ճանաչում:
– Չէ, բարեկամ, չէ. ես չեմ հավատում, թե դու այս աղջկան տեսած չլինիս. երևի ժլատություն ես անում և կամ փորձել ես ու ձեռքդ խաղողին չէ հասել:
– Ինչ վերաբերում է ժլատության, կարծում եմ՝ դու ինքդ էլ չես կարող հավատալ, թե երբևիցե ես կարող եմ ժլատ լինել: Բայց թե փորձել եմ ու ձեռքս խաղողին չէ հասել, այդ ինձ համար չէ ասված, եթե այդպես բան պատահելու լինի ինձ հետ, դա առաջին անհաջողությունը կլինի իմ ամբողջ կյանքում:
– Դու կարո՞ղ ես ապացուցանել, որ այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չես արել դու:
– Ո՞րքան ժամանակ ես տալիս ինձ:
– Մի ամիս:
Սամվելը ոչինչ չպատասխանեց:
– Եթե այդ քիչ է, ես մի ամիս էլ կավելացնեմ, – հեգնելով ավելացրեց Մարգարը:
– Մի փոքր սպասիր, բարեկամ, թո՞ղ տեսնեմ այս աղջիկները ո՞րտեղ են մտնում և հետո ես քեզ կպատասխանեմ, – ասաց նրան Սամվելը և լռեց: Մարգարը նույնպես լռեց: Նրանք երկուսը միասին քայլ առ քայլ հետևեցին երեք աղջիկներին:
Վերջիններս դուրս եկան պրոսպեկտի վրա, անցան առաջին և երկրորդ փողոցները և ապա խոտորվելով դեպի ձախակողմյան նեղ ճանապարհը, մտին մի խանութ, որի լայն պարավորի վերա ոսկեզօծ մեծ տառերով գրված էր՝ «Տիկին Մարգարիտա Բերնար»: Սա տիկին Բերնարի կարանոցն էր:
Սամվելը տեսնելով, թե որտեղ մտան աղջիկները՝ հանգստացավ և դառնալով դեպի ընկերը հարցրեց,
– Դու ո՞րքան ժամանակ տվիր ինձ ապացուցանելու համար, որ ես այս աղջկա վերաբերությամբ ոչինչ անհաջող փորձ չեմ արել:
– Մի ամիս, – պատասխանեց Մարգարը:
– Այդ շատ է. կյուրակե օրն այդ աղջիկը իմ առանձնարանում կլինի, և ես քեզ կհրավիրեմ այնտեղ միասին նրա հետ ճաշելու:
– Ճշմարի՞տ ես ասում, – ծիծաղելով հարցրավ Մարգարը:
– Դու այդ կտեսնես, – հակիրճ պատասխանեց Սամվելը և ողջունելով բարեկամին, հեռացավ:
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒՆ
Կաթոլիկների գերեզմանատան աջ կողմում, մի բավական ընդարձակ զառիվայրի վերա ընկած են մի երկու նեղ փողոցներ, մոտ հարյուրաչափ տներով, որոնք շինված են խիստ խառն ու անկարգ դրության մեջ: Ճարտարապետի կարակինը ոչինչ աշխատանք չի կրել այս անորոշ թաղի համար: Այդտեղ շինությունները կարծես բնությունն ինքն է բուսեցրել առանց մարդիկներին նեղություն պատճառելու: Շատ տեղ նրանք ներկայացնում են բազմաթիվ խորշերի մի խառնուրդ: Շատ տեղ էլ մեկի կտուրը կազմում է մի ուրիշի բակը. և երբեմն երրորդի դուռը մտնելու համար ստիպված ես անցնելու առաջինի պատշգամբով և երկրորդի խարխուլ սանդուղքներով: Այդ տներից մի քանիսը կպած են բարձր զառիվայրի ապառաժի կրծքին, և նմանվում են ավելի անգղների բներին:
Այս փոքրիկ թաղի մեջ բնակվում են ամեն սեռի և ամեն տեսակի մարդիկներ: Սկսած արհեստավորներից, լվացարարներից, կարողուհիներից և վերջացրած խաբեբա գրբացներով, վհուկներով և անառակ կանանցով: Սրանք բոլորը միմյանց ճանաչում են, ծանոթ են մինչև անգամ միմյանց մանրամասն կենսագրության: Բայց դրսի թաղերից շատ քչերն են իրենց ճանաչում: Եվ այն էլ մի որոշ արհեստների ծառայող անձինք, որոնք շարունակ հարաբերություն ունին իրանց հետ: Երբեմն էլ այս թաղին գիշերով այցելում են հարուստ տներից զանազան երիտասարդ և պառավ անձինք, իրենց ծանոթներին զանազան պատվերներ տալու համար:
Երեկոյան ութ ժամն էր: Երկինքը թեպետ պարզ և աստեղավառ, բայց լուսինը դեռ ծածկված էր հեռու լեռների ետևում և նրա շուտ ծագելուն հույս չկար: Այս ժամին, երբ Թիֆլիսի գլխավոր փողոցներում դեռ մեծ կենդանություն է տիրում, այս թաղի մեջ լռությունը կատարյալ էր. միայն թե այս ու այն բակում շների աննպատակ հաչոցը մերթ ընդ մերթ ընդհատում էր նրան:
Զառիվայրի կրծքին կպած տներից մեկի նեղ բակում այս միջոցին անց ու դարձ էր անում մի սև ստվեր, նա երբեմն գալիս հասնում էր յուր բակի շարունակությունը կազմող հարևան տան կտուրի ծայրը և երկար արձանացած կանգնում էր այնտեղ, և երբեմն անցուդարձ անելուց հոգնելով նստում էր կտուրի ճակատին: Իրենից մի փոքր հեռու երկու փոքրիկ պատուհաններում երևում էր ճրագի նվաղ լույս, դա ստվերի կացարանն էր: Գիշերվա այս խավար ժամին ամենափորձ խուզարկուն անգամ չէր կարող գտնել այդ խորհրդավոր բարձրության ճանապարհը:
Մի ընդարձակ և ուղղաձիգ փողոց, որի վրա անընդհատ անցուդարձ էին անում կառքերը, կազմում էր զառիվայր թաղի ստորոտը: Մեռ ծանոթ ստվերի դեմքը միշտ ուղղված էր լինում դեպի այդ կողմը: Հանկարծ փողոցի ծայրում երևաց կարմիր լապտերներով մի կառք: Ստվերը, որ նստած էր կտուրի ճակատին, իսկույն բարձրացավ տեղից և մի քանի արագ քայլեր փոխելով դեպի ներքև, անհայտացավ խավարի մեջ: Կարմիր լապտերներով կառքը խուլ դղրդյունով, ինչպես այդ հատուկ է հարուստների սեփական կառքերին, առաջանում էր դեպի զառիվայրի թաղը: Հասնելով այն բարձրության հանդեպը, ուր անցուդարձ էր անում ստվերը, նա կանգնեց:
Կառքի միջից դուրս եկավ մի բարձրահասակ երիտասարդ ծածկված վերարկուի մեջ և հապճեպ քայլերով ուղղվեցավ դեպի զառիվայրը հանող ճանապարհը: Բայց նա հարյուր քայլ դեռ չէր հեռացել, երբ նրան հանդիպեց մի սևազգեստ կին. սա մեզ ծանոթ ստվերն էր: Երիտասարդը ողջունեց նրան առանց ձեռք պարզելու: Երևում էր, որ կինը նույնպես անկեղծությամբ է վերաբերվում դեպի նրան, որովհետև խոնարհ գլուխ իջեցնելով միայն պատասխանեց երիտասարդի ողջույնին:
– Ի՞նչ պատահեց քեզ, որդի, էս քանի-օր է էլ քո Սալոմեին չես հարցնում, – խոսեց սևազգեստ կինը, հետևելով երիտասարդին, որ բարձրանում էր դեպի զառիվայրը:
– Ես քեզ վերա շատ եմ բարկացած, Սալոմե, գիտե՞ս, թե ոչ:
– Ի՞նձ վերա, և ինչո՞ւ համար, որդի, – վախենալով հարցրեց նրան Սալոմեն:
– Տիկին Բերնարի կարանոցում մի աղջիկ կա, դու նրա մասին ինձ ոչինչ տեղեկություն չես տվել մինչև այսօր:
– Տիկին Բերնարի՞… այդ կարանոցը ես…
– Այդ կարանոցը դու երևի չես էլ ճանաչում:
– Այո՛, որդի՛, ինչ թաքցնեմ, չեմ ճանաչում:
– Հիմա՛ր, թե ասում էիր ամբողջ Թիֆլիսը ճանաչում ես. մինչև այսօր խաբու՞մ էիր ինձ:
– Ինչո՞ւ այդպես բան ես ասում, որդի, ես քեզ ինչո՞ւ համար պիտի խաբեմ, մի՞թե ամբողջ Թիֆլիսում մի այնպիսի կորած անկյուն չի՞ պատահիլ, որը ես չճանաչեմ:
– Բերնարի կարանոցը կորած անկյուն չէ, նա քաղաքի մեջտեղումն է և ամենալավ փողոցի վրա:
– Հազար անգամ ներողություն եմ խնդրում: Բայց ի՞նչ ես հրամայում, ասա, որդիս, ես իսկույն կկատարեմ:
– Վաղը ամեն բան վերջացած պետք է լինի:
– Այժմեն իսկ կարող ես վերջացած համարել. միայն պատմիր, թե բանն ինչումն է:
Մինչ այս նրանք հասել էին Սալոմեի տան բակը, մի շատ կարճ ճանապարհով: Պառավը հրավիրեց երիտասարդին յուր կացարանը: Սա մի փոքրիկ տնակ էր, բաղկացած երկու սենյակներից: Նրանցից մեկը տանտիրուհու և՛ հյուրանոցը, և՛ սեղանատունը, և՛ դահլիճը, և՛ ննջարանն էր, կահավորված ամենահասարակ կարասիներով, որոնք աչքի էին ընկնում իրենց զանազանակերպ աններդաշնակությամբ: Նրա աջ կողմը դրված էր մի թախտ, ծածկված թաղիքներով, իսկ նրանց վրայով փռված էր մի կոշտ և կեղտոտ օթոց: Պահարանի նման մի խորության մեջ վառվում էր կանթեղը, որի ծուռ կտրված պատրույգից առաջացած ծուխը սևացրել էր ապակիի ամբողջ կեսը: Հարևան սենյակը Սալոմեի խոհանոցը, մառանը և փայտատունն էր: Նրա բաց դռներից փչում էր մի տեսակ սառն խոնավություն, որը միանալով կանթեղից առաջացած ծխի հետ, լցրել էր սենյակը մի անախորժ գարշահոտությամբ:
Այսուամենայնիվ, երիտասարդն առանց ոչինչ զզվանք զգալու մտավ այդտեղ և անցնելով նստավ թախտի պատվավոր տեղում, այսինքն այնտեղ, ուր դրված էր հին թավշապատ մութաքը: Նրա շարժվածքից երևում էր, որ առաջին անգամը չէ այցելում այս տնակին:
– Հա՛, տիկին Բերնարի կարանոցը գտնվում է Ս… փողոցի վրա, – շարունակեց երիտասարդն ընդհատված խոսակցությունը: – Այդտեղ մի աղջիկ կա Ելենա անունով. բարձրահասակ, գեղեցիկ դեմքով, սև և գրավիչ աչքերով, միով բանիվ բոլոր կարողուհիների մեջ նա ամենից գեղեցիկն է: Երեկ ես նրան պատահեցա այգիում յուր ընկերուհիների հետ զբոսնելիս: Հետո ավելի մոտիկից զննելու համար անձամբ մտի տիկին Բերնարի մոտ և նրան դիտմամբ կես դյհւժին շապիկներ պատվիրեցի:
Այդ առիթով ես մոտեցա և այդ աղջկանը. նա հայուհի է. մի քառորդ ժամու չափ խոսեցի նրա հետ. նա ինձ կախարդեց, ես հիացած եմ նրանով. հասկանո՞ւմ ես, հիացած եմ…
– Հասկանում եմ, որդի, հասկանում եմ, բոլոր աղջիկներն առաջին անգամ քեզ հիացնում են…
– Ա՛յ, որ ոչինչ չես հասկանում, – ընդհատեց Սալոմեին երիտասարդը, – նա բոլորովին ուրիշ աղջիկ է, ես մինչև անգամ նրան սիրեցի. հասկանո՞ւմ ես…
– Հասկանում եմ, որդի, հասկանում եմ, – ամենախոնարհ ձայնով պատասխանեց Սալոմեն:
– Այդպես, նա շատ սիրուն աղջիկ է, ես մինչև անգամ լավ տեղեկացա, թե նա ով է և որտեղացի է:
– Մի՞թե թիֆլիսեցի չէ:
– Ո՞չ, նա գավառական քաղաքներից է:
– Օ՛, օ՛, ասա կռո՛ է, էլի. բաս բանը շատ դժվար պիտի գլուխ գա, – հուսահատաբար խոսեց Սալոմեն և շարժեց գլուխը:
– Դժվար-մժվար չգիտեմ: Այսօր հինգշաբթի է, կյուրակե օրը նա իմ առանձնարանում պիտի լինի, որովհետև ես խոստացել եմ մեր Մարգարին, որ այդ օրը Ելենայի հետ միասին ճաշ տամ նրան այնտեղ:
Պառավը մի փոքր ժամանակ մնաց լուռ և աչքերը սևեռեց գետնին: Երևում էր, որ նա մի մեծ արգելք է նկատում յուր ճանապարհի վրա. նա հետզհետե ընկղմվում էր մտածողության մեջ:
– Սալոմե՞, ի՞նչ ես լռել, քնո՞ւմ ես, – գոչեց հանկարծ երիտասարդն այնպիսի ձայնով, որ պառավը վեր թռավ:
– Չեմ քնում, որդի, մտածում եմ:
– Ի՛նչ ես մտածում. քեզ խոսք եմ ասում, կյուրակե օրը Ելենան իմ առանձնարանում պիտի լինի:
– Լսեցի, որդի, լսեցի:
– Լսելը բավական չէ. դու ինձ ասա՞, խոստանո՞ւմ ես, որ նրան կբերես ինձ մոտ:
– Մի փոքր համբերություն ունեցիր, որդի, առաջ մի տեսնեմ ինչ աղջիկ է, ասում ես, թե Թիֆլիսեցի չէ, կարելի է ծնողները չեն համաձայնում, այն ժամանակ շատ դժվար…
– Լռի՛ր, լռի՛ր, – ընդհատեց Սալոմեին երիտասարդը, – ես քեզ ասել եմ, որ ինձ մոտ այդպիսի բաներ չխոսես. «չեմ կարող, կամ դժվար է» բառերն ինձ մոտ բերանիցդ չհանես, հասկացա՞ր: Կյուրակե օրը նա ինձ մոտ պիտի լինի:
Այս ասելով երիտասարդը վեր կացավ տեղից:
– Ինչո՞ւ ես բարկանում, որդիս, եթե այդ է քո ցանկությունը, ինչպե՞ս կարող եմ հակառակել, – հեզությամբ պատասխանեց պառավը, – միամիտ եղիր, կերթամ, կաշխատեմ և չեմ ուտիլ, չեմ քնիլ, մինչև չկատարեմ քո ցանկությունը, Սալոմեի համար այդ խո առաջինը չէ՞:
– Ա՛յ, այդպես պետք է խոսես, Սալոմե, այն ժամանակ ես քեզանից շնորհակալ կլինիմ. աշխատիր, որ երբեք ինձ չբարկացնես. դու խո գիտե՞ս, ես ինչ բնություն ունեմ:
Այս ասելով երիտասարդը հանեց գրպանից յուր պորտմոնեն և մի քանի թղթադրամներ պառավի ձեռքը խրելով դուրս գնաց սենյակից:
Սալոմեն դարձյալ նույն ճանապարհով ուղեկցեց նրան մինչև կառքը:
– Կյուրակե օ՞րը, չմոռանաս, – կրկին հիշեցրեց նա պառավին իր պատվերը և կառքը նստելով հեռացավ:
Ընթերցողները ճանաչեցին, իհարկե, որ այս երիտասարդը Սամվելն էր, որին նրանք տեսել էին Ալեքսանդրյան այգիում Բերնարի կարողուհիների ետևից դեգերելու ժամանակ:
Սալոմեն վերադարձավ յուր բնակարանը:
ԳՐԲԱՑ ՍԱԼՈՄԵՆ
Մեզ ծանոթ Սալոմեի արտաքին կերպարանքը հակակրական չէր, ինչպես այդ հատուկ է այս քաղաքի պառավներից շատերին: Նա կարճահասակ էր, կլորիկ և քաղցր երեսով, միշտ ժպտող բերանով: Նրա աչքերը թեպետ պառավությունից կկոցված, բայց դեռ պահել էին իրենց մեջ վաղեմի գեղեցկության հետքերը, խորշոմները դեռ բոլորովին չէին գրավել նրա այտերը, որոնց վրա միշտ փայլում էր մի գունատ կարմրություն:
Նրա հայացքը երբեմն քաղցր էր և պարզ, և երբեմն սուր և խորհրդավոր: Սալոմեն թեպետ սիրում էր շատախոսել, բայց նա յուր գաղտնիքներից ոչինչ չէր հայտնում յուր մերձավորներին, իսկ գաղտնիքներ նա շատ ուներ: Եվ այդ գաղտնիքների սկիզբը դրվեցավ այն օրից, երբ յուր հանգուցյալ ամուսին դերձակ Սանդրոն գինու տկճուրը մի ձեռքում և խորովածի շամփուրը մյուսում քարափից ներքև գլորվեցավ և խեղդվեցավ Քռի մեջ: Հանգուցյալի համփսոններն ասում էին, որ իբր Սանդրոն հարբած լինելով գինու տկճուրը և խորովածը ձեռքին կամեցել է պարել քարափի ծայրին, բայց չկարողանալով պահել իրան, սահել է և գինու ու խորովածի հետ միասին գլորվել Քռի մեջ: Իսկ Սալոմեն, իհարկե, չէր հավատում Սանդրոյի համփսոնների պատմության, որովհետև յուր ամուսնու խեղդված գիշերը սուրբ Ծիրանավորը երեվացել էր նրան և ասել էր, թե Սանդրոյին ինքն է տարել իր մոտ, որ սուրբերի համար շորեր կարի: Իսկ դրա փոխարեն սուրբ Ծիրանավորը տվել էր Սալոմեին մարգարեության շնորհք, որով նա կարող էր բոլոր երիտասարդների և աղջկերանց գաղտնիքները հասկանալ, նրանց ապագան գուշակել, աստծու բարկությունը մարդիկներից հեռացնել և այլն, և այլն:
Հարկ չկա ասել, որ Սանդրոյի մահից հետո, Սալոմեն քաղցից կմեռներ, եթե սուրբ Ծիրանավորը նրան մարգարեության այդ շնորհքը չտար:
Եվ այսպես, տասը տարի առաջ Հավլաբարում «դերձակ Սանդրոյի կին» անունով հայտնի Սալոմեն մի գեղեցիկ օր երևեցավ մեզ հայտնի թաղում «գրբաց Սալոմե» անունով և ամսական երկու ռուբլիով վարձեց ա՞յն տունը, որի մեջ մինչև այսօր էլ ապրում է նա:
Հետզհետե նրա մոտ սկսավ հաճախել իրենց ապագայի հետ ծանոթանալ ցանկացող կանայք և աղջիկներ: Սալոմեն շատ ճշտությամբ գուշակում էր նրանց սրտի ցանկությունները, ցավերը, հոգեկան վշտերը և զարմանալի մարգարեություններ էր անում նրանց ապագայի համար, որոնք միշտ կատարվում էին:
Այսպես, օրինակ, մի մանկամարդ կին հայտնում էր նրան, որ ինքը սիրում է այսինչ երիտասարդին, բայց ամաչում է յուր սերը հայտնել նրան, ուստի խնդրում էր Սալոմեին, որ փալին նայե ու տեսնե, արդյոք հույս կա՞, որ այդ երիտասարդն էլ իրեն սիրե:
Սալոմեն իսկույն շարում էր յուր թղթերը զանազան ուղղությամբ, երկար նայում էր նրանց վրա, ապա զատում էր նրանցից մի քանիսը, կրկին խառնում էր, կրկին շարում, և հետո սկսում էր յուր գուշակությունները: – «Այդ երիտասարդը երեք օրից հետո առանձին քեզ նամակ կգրե, կհայտնե քեզ յուր սերը, մի տեղ կնշանակե, ուր դուք իրար հետ կտեսնվիք և ապա կսկսեք ձեր բարեկամությունը…»: Եվ իրավ, երեք օրից հետո մանկամարդ կինը ստանում էր յուր սիրած երիտասարդից առանձին նամակ, նրանք տեսնվում էին իրար հետ և սկսում էին իրենց երջանիկ բարեկամությունը…
Ի՞նչպես էր պատահում այդ. հրաշքո՞վ, – ո՛չ. ամենապարզ եղանակով: Սալոմեն մանկամարդ տիկնոջ գաղտնիքն իմանալուց հետո անձամբ տեսնվում էր երիտասարդի հետ, հայտնում էր նրան տիկնոջ խոսածները և գործը կարգադրում էր այնպես, ինչպես ինքն էր գուշակել: Հարկ չկա ասելու, որ երիտասարդն էլ իր կողմից մեծ հաճությամբ կատարում էր Սալոմեի պատվերը թե՞ նրա գուշակությունը սուտ չհանելու և թե յուր բախտը լիովին վայելելու համար: Իսկ Սալոմեն պարզ է, որ երկու կողմից էլ առատ վարձատրություն էր ստանում:
Այսպիսի հրաշագործություններով քիչ ժամանակի մեջ նա այնպիսի հռչակ ստացավ, որ քաղաքի ամեն անկյուններից կանայք, աղջիկներ և նախապաշարյալ մարդիկ բազմությամբ դիմում էին նրա մոտ իրենց ցավերին դեղ ու դարման անելու համար: Իսկ ավելի բարձր ընտանիքները նրան պատվով հրավիրում էին իրենց տունը, և ամենայն տեղ էլ առատ վարձատրությամբ վարձատրում նրան:
Նախապաշարմունքը, կախարդության և հմայության հավատալը՝ միայն աղքատ և տգետ կանանց բաժինը չէ. մեր մեջ այդ ախտով տոոգորված են նույնիսկ զարգացածները, դպրոցներ և վարժարաններ ավարտած կանայք, արիստոկրատ տիկնայք և մեծանուն օրիորդներ: Փիլիսոփայական խորհրդածություններ կարդացող և հասկացող աղջիկը նույնչափ հավատով և հաճությամբ է նայում գրբացությանը, հմայական հռութներին և նոր կախարդական խաբեություններին, որչափ հավլաբարցի մի տգետ կալատոզի աղջիկը: Պարզ է, ուրեմն, որ Սալոմեի նման մի խաբեբա պառավը մեծ ժողովրդականություն պիտի վաստակեր այս քաղաքի մեջ. Բայց – այդ դեռ բոլորը չէ:
Սալոմեն յուր այդ արհեստի շնորհիվ հետզհետե ծանոթանալով քաղաքի ամեն անկյունների հետ, յուր համար մի այլ եկամտի աղբյուր էլ հնարեց, այն է – գտնել հարուստ և շռայլող երիտասարդների համար զվարճության նորանոր առարկաներ, այսինքն՝ բարեկամուհիներ, տարփածուներ… Նա այնքան հնարագետ և ճարպիկ էր, որ այդ տեսակ գործերից ամենադժվարին անգամ աներկյուղ ձեռնարկում էր և հաջողությամբ գլուխ հանում: Յուր արհեստը այդ բանում օգնում էր նրան: Ծանոթ լինելով ամեն տեսակ ընտանիքների հետ, նա յուր առաջ փակ դուռ չուներ: Նա թափանցում էր անմատչելի գաղտնարանները, մտնում էր սկեսրարներով և տագրներով շրջապատված հարսի առանձնարանը, խոսակցում էր հոր բռնության տակ ապրող աղջկա հետ, հիմարացնում էր հարուստ և աղքատ, բայց միշտ գեղեցիկ այրիներին, խաբում էր չքավոր մայրերին և հրապուրում թեթևսոլիկ աղջիկներին…
Ահա այսպիսի մի ծառայության համար էլ նա ծանոթացավ քաղաքի մի շատ հարուստ մարդու, այն է՝ Աղաբաբ Փուլշատյանի որդու՝ Սամվելի հետ: Վերջինս մի քանի դեպքերում տեսնելով Սալոմեի արտաքո կարգի խորամանկությունը և ճարպկությունը – յուր սիրած գործերում, ընտրեց նրան յուր համար մշտական զվարճությանց մատակարար ամսական որոշ թոշակ կապելով նրա համար: Այսպիսով Սալոմեն պարտավոր էր քաղաքի մեջ լույս ընկնող ամեն մի գեղեցկուհու մասին տեղեկություններ տալ երիտասարդ Փուլշատյանին, թե արդյոք ո՞վ և ո՞ր տեղացի է այդ գեղեցկուհին, ի՞նչ պաշտպաններ ունի, ինչո՞վ կարելի է նրան ձեռք բերել – ոսկո՞վ, թե ուրիշ միջոցներով, և այս ամենը ստուգելուց հետո ծանոթացնել և բարեկամացնել նրան Սամվելի հետ…
Գրբացությունը և. զանազան հմայությունները, որոնք մինչև այն Սալոմեի համար միակ ապրուստի միջոցնեին էին, այժմ ծառայում էին նրան իբր մի ուռկան, որի մեջ անխտիր բռնվում էին թե՛ խեղճ ծնողաց աղջիկները, թե՛ անպաշտպան որբուկները և թե՛, նույնիսկ, և՛ հարստություն, և՛ պաշտպանություն վայելող գեղանիները: Հարկ չկա ասել, որ զվարճասեր Փուլշատյանն այս բավականության համար ոչինչ չէր խնայում այն մեծ հարստությունից, որը դիզել էր յուր հայրը ճակատի քրտինքով, ինչպես նա միշտ սովոր էր ասել: Եվ Սալոմեն յուր սկսած գործերի մեջ երևան եկող դժվարություններն և արգելքները հաղթելու համար ամեն միջոց առձեռն ուներ, որովհետև յուր երիտասարդ պարոնի մոտ վայելում էր անսահման վարկ և հավատարմություն:
Զվարճության մի «առարկան» ձեռք բերելուց ետ, խորամանկ պառավը իսկույն ևեթ սկսում էր որոնել մի ուրիշը, որովհետև այնպես էր հրամայված յուր երիտասարդ պարոնից, որը շատ սիրում էր փոփոխությունները… Իսկ այդ «ուրիշը» գրավելուց հետո նա պարտավոր էր հետամուտ լինել «երրորդին» և այսպես շարունակ:
Նախընթաց գլխում Սալոմեի մոտ գիշերով այցելող երիտասարդի հանձնարարությունը նույնպես վերաբերում էր՝ այս «ուրիշներից» կամ «երրորդներից» մինին:
ՏԻԿԻՆ ԲԵՐՆԱՐԻ ԿԱՐԱՆՈՑՈՒՄ
Այն խանութները, որոնց մեջ զետեղված էր տիկին Բերնարի կարանոցը, բաղկացած էին մի քանի մասերից: Առաջին բաժանման մեջ, որը նայում էր մեծ փողոցի վրա, բանում էին նրա կարողուհիները, իսկ նրա ետքի սենյակներում բնակվում էր ինքը՝ տիկին Բերնարը և յուր գիշերօթիկ բանողները:
Չնայելով, որ դեռ առավոտյան ժամը յոթն էր, Բերնարի կարանոցում արդեն աշխատանքները սկսված էին: Մոտ քսանևհինգ աղջիկներ, ոմանք խմբակներով, ոմանք երկ-երկու և այլք առանձին-առանձին նստած, գլխակոր և անխոս կարում էին: Նրանց մեջ լուռ և մունջ անցուդարձ էր անում ինքը՝ տիկին Բերնարը: Սա մի հաստլիկ, միջահասակ և համակրական դեմքով կնիկ էր: Թեպետ տեսնողը նրան հազիվ քառասուն տարեկան կկարծեր, բայց, իրոք, հիսունից անց էր: Տիկին Բերնարի անցյալի մասին շատ քչերը միայն տեղեկություններ ունեին, և այդ քչերը պատկանում էին վաթսունական թվականների այն երիտասարդական խմբին, որ յուր կյանքի ամենաթանկ րոպեներն անցուցել է Օրթաճալայի այգիներում, անուշ գինիների և գեղեցիկ աղջիկների ընկերակցությամբ: Պատմում են, որ տիկին Բերնարն այդ միջոցներում արտասահմանից դեռ նոր էր եկել Կովկաս: Նա նշանավոր էր յուր գեղեցկությամբ, այդ պատճառով էլ իսկույն գնահատվեցավ զարգացած ճաշակ ունեցող երիտասարդությունից: Այդ ժամանակ ամենակատարյալ քեֆերը սարքվում էին միայն տիկին Բերնարի համար, ամենագեղեցիկ երգերը երգվում էին նրա ներկայությամբ և ամենաթանկագին գինիներով խմում էին նրա կենացը:
Ինչպես պատմում են՝ լոգարանը (ванна) շամպանիայով լցնելը, նրա մեջ լողանալը և յուր մարմինը լվացած շամպանիայով երկրպագուներին արբեցնելը առաջին անգամ Կովկաս մտցրեց տիկին Բերնարը: Քեֆերի ժամանակ նրա երկրպագուներից շատերը բաժակի փոխարեն նրա ոտնամաններով էին գինի խմում: Նա ինքը մի օր գրել է Նիցցայում ապրող յուր մի բարեկամուհուն հետևյալը.
– «Իզուր են կարծում, թե Կովկասում վայրենիներ են ապրում: Թիֆլիսը ճաշակի զարգացման կողմից ոչնչով ետ չի մնում եվրոպական նշանավոր քաղաքներից: Չի պիտի զարմանաք եթե ասեմ, թե այստեղի ապրել գիտցող երիտասարդությունը տասը տարվա ընթացքում ինձ համար զոհել է հինգ միլիոն ֆրանկից ավելի: Եվ թեպետ այդ բոլորը գործադրվել է միմիայն մեր բարեկամական շրջանի կյանքը մասամբ քաղցրացնելու համար, այսուամենայնիվ հենց այդ բարեկամաց շնորհիվ ես այսօր մի ապահովված դրություն ունիմ…»:
Այո՞, տիկին Բերնարը մի օր Թիֆլիսի երիտասարդության աստվածուհին էր. բայց չէ՞ որ քսանևհինգ տարին մի շատ երկար ժամանակ է: Իսկ ժամանակը, որ կոթողները մաշում է և կամարները կործանում, պետք է յուր դրոշմը դներ տիկին Բերնարի գեղեցիկ դեմքին և խորշոմներով ծածկեր նրան… Այդ շատ անախորժ բան է, բայց ո՞վ կարող է կռվել բնության հետ. դարձյալ խելոքը նա է, որ հարմարվում է ժամանակի հետ:
Ահա` թե ինչո՞ւ այսօր տիկին Բերնարը կարանոց էր պահում և այժմ էլ այդ ճանապարհով է փող վաստակում:
Դառնանք այժմ մեր պատմության:
Տիկին Բերնարը շարունակում էր յուր լուռ անցուդարձը կարանոցի մեջ. երբեմն-երբեմն էլ խոնարհվելով դեպի այս ու այն կարողը դիտում էր նրա գործը և զանազան նկատողություններ անում: Կարողուհիներից ոչ ոք գրեթե ոչինչ չէր խոսում, բացի այն ժամանակ, երբ հարկավոր էր մի բան հարցնել տիկնոջից:
Այս միջոցին Բերնարի աղախինը մտավ կարանոցը և. հայտնեց տիկնոջը, որ մի հայ կին ուզում է իրեն տեսնել: Տիկին Բերնարը դուրս գնաց: Կարողուհիներն սկսան իրենց խոսք ու զրույցը:
Մի րոպեի մեջ կարանոցը նմանվեցավ դպրոցի այն դասատուններից մեկին, որի վարժապետը բացակա է:
Ամեն անկյունից այժմ լսվում էին հարց ու պատասխաններ, ծիծաղ, քրքիջ և երբեմն էլ կանացի փոքրիկ հայհոյանքներ, անեծքներ:
Կարանոցի աջ անկյունի մոտ գտնվող մեծ պատուհանի առաջ դարձյալ միասին նստած էին մեր նախածանոթ երեք կարողուհիները՝ Ելենան, Նինոն և Շուշանը և փոքրիկ զրուցատրությամբ կարում էին իրենց գործը: Նրանց խոսակցության առարկան դարձյալ երեկվա գեղեցիկ երիտասարդն էր:
– Լավ, Ելենա, եթե այն տղի աչքը քեզ վրա չէր, ինչո՞ւ համար մեր ետքից մտավ այստեղ և շապիկներ պատվիրեց, – կամացուկ խոսում էր Շուշանը:
– Զարմանալի բան ես հարցնում, այդ մարդուն շապիկներ էին հարկավոր և եկավ պատվիրեց, ինչո՞ւ անպատճառ իմ պատճառով պիտի լիներ: Եվ վերջապես մի՞թե ես միայնակ եմ այստեղ և ուրիշ աղջիկներ չկա՞ն, որ նրանց պատճառով լիներ:
– Ուրիշ աղջիկներ էլ կան, բայց տեսա՞ր, որ նա միայն քեզ մոտեցավ և քեզ հետ խոսեց:
– Ձեզ հետ էլ խոսեց:
– Ո՞չ, մեզ հետ միայն քո պատճառով խոսեց:
– Դուք էլի՞ սկսեցիք վիճել, – մեջ մտավ Նինոն:
– Ի՞նչ անեմ, չե՞ս տեսնում, Շուշանը ուզում է անպատճառ հաստատել, որ այդ երիտասարդն ինձ ուզում է, – կես բարկությամբ հարեց Ելենան, – չեմ իմանում ի՞նչն է ստիպում նրան միշտ այդ առարկայի վերա խոսել:
– Է՛հ, լավ, Ելենա, ճշմարիտն ասա, եթե այդ տղան քեզ ուզելու լինի, չե՞ս գնալ, – հարցրեց Նինոն:
Ելենան ոչինչ չպատասխանեց:
– Քեզ հետ չե՞մ, ինչու՞ չես պատասխանում, – կրկին խոսեց Նինոն և կարը թողնելով սևեռեց աչքերը Ելենայի վրա:
– Իմ գլխի տերը ես չեմ, որ գնամ կամ չգնամ, այդ իմ ծնողների գործն է, – պատասխանեց նա:
– Իսկ եթե նրանք համաձայնվելու լինեն, կերթա՞ս:
– Ինչո՞ւ չէ, – կամացուկ պատասխանեց Ելենան և ժպտաց:
– Ա՛, ուրեմն դու սկսել ես նրան սիրել:
– Այնպես երիտասարդին ո՞վ չի սիրիլ, – նկատեց Շուշանը:
– Ճշմարի՞տ չէ. սկսել ես սիրել, – կրկին հարցրեց Նինոն:
– Այո՛, այո՛, սկսել եմ սիրել, – իբր թե բարկացած պատասխանեց Ելենան, բայց նրա հանկարծակի շառագունիլը հայտնի ապացուցանում էր, որ օրիորդն անտարբեր չէր դեպի գեղեցիկ երիտասարդը:
Համեստությունը, որ այնքան զորեղ կերպով կապանքներ է դնում պարկեշտ աղջկա բերանին, միշտ անզոր է գտնվել նրա սիրտը շղթայելու համար: Իզուր միամիտ խնամակալները սրտի անմեղությունը չափում են նրա բերանի լռությամբ: Այդ լռությունը շատ անգամ ավելի է խոսում, քան լեզուն, որ նրան հնազանդվում է. միայն ցավալին այն է, որ շատ քչերն են ըմբռնում լռության խոսքը: Ելենան, չնայելով յուր լռակեցությանը, ճշմարիտ, որ սկսել էր սիրել գեղեցիկ երիտասարդին: Առաջին անգամից իսկ, երբ այգու մեջ նրա հայացքը հանդիպեցավ երիտասարդի հայացքին և նրանից հեռացավ, մի անծանոթ անհանգստություն պղտորեց նրա սիրտը, ի՞նչ զգացում էր այդ, նա չգիտեր, բայց կցանկանար, որ այդ հայացքը կրկին պատահեր իրեն, միայն այնպես, որ ուրիշները չնկատեին, որ նույնիսկ երիտասարդն այդ չհասկանար: Հենց այդ րոպեից սկսած նա անուշադիր էր յուր ընկերուհիների խոսակցության, և միայն այն ժամանակն էր մտադրությամբ լսում նրանց, երբ խոսքը դառնում էր գեղեցիկ երիտասարդի վրա:
Երեկ իսկ, երբ նա մտավ կարանոցը շապիկներ պատվիրելու համար, և մոտեցավ իրեն հետ խոսելու, Ելենան սաստիկ շառագունեցավ, նրա սիրտն սկսեց անհանգստությամբ տրոփել. այդ բանը նկատեցին յուր ընկերուհիները և սկսան ծիծաղել, նրանք այդ վերագրում էին միայն նրա ամոթխածությանը, որը միշտ ծաղրում էին: Իսկ այս գիշեր նա մինչև անգամ շատ անհանգիստ քնեց, յուր երազներում հաճախ տեսնում էր գեղեցիկ երիտասարդին և փախչում էր նրանից: Անմեղ սիրտը սկսել էր խաղալիք դառնալ սիրո անդրանիկ հարվածին…
Այն միջոցին, երբ երեք ընկերուհիներն իրենց ծանոթ երիտասարդի մասին կամացուկ խոսելով էին զբաղված, կարանոցի ետքը առանձնարանումն էլ մի ուրիշ խոսակցություն էր շարունակվում տիկին Բերնարի և գրբաց Սալոմեի մեջ: Թե ինչ էր, իսկապես, դրանց խոսակցության առարկան, հայտնի չէր, միայն թե նրանց հետևյալ խոսքերից կա՛րելի էր եզրակացնել, որ մի ինչ-որ խորհրդավոր առևտուր պիտի լիներ նա:
– Հավատացնում եմ ձեզ, որ չեմ կարող, – համոզում էր տիկին Բերնարը Սալոմեին, – ձեր առաջարկածը շատ չնչին գին է համեմատելով առարկայի մեծության և այն վտանգի հետ, որին ինքս ինձ ենթարկում եմ:
– Թե առարկան մեծ և արժանավոր է, դրան խոսք չունեմ, բայց պիտի իմանաք, որ մեր առաջարկած վարձատրությունն էլ պակաս գին չէ: Ես այդ գնով ավելի լավերն եմ ձեռք բերել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե դուք վտանգի եք ենթարկվում մեր առաջարկությունն ընդունելով, դա բոլորովին ավելորդ երկյուղ է: Մենք խո այս բանի մասին միմյանց թուղթ չե՞նք տալիս: Ո՞վ կարող է ապացուցանել, որ այդ գործում դուք եք մեղավորը:
Այս միամտացնող խոսքերի վերա տիկին Բերնարը ժպտաց: Նա կարծես դրանով կամենում էր հասկացնել Սալոմեին թե՝ «քո կողմից ինձ խելք սովորեցնելն ավելորդ է. այս առաջին անգամը չէ, որ ես այդ տեսակ առևտուր եմ անում: Ուրեմն որքան էլ որ քիչ հասկացողություն ունենամ այդ ճանապարհների մասին, գոնե մի որևէ գրբաց Սալոմեից հետ չեմ մնալ»:
– Այսպես թե այնպես, մա՛յրիկ, ես ձեր առաջարկությունն ընդունել չեմ կարող, – վճռաբար խոսաց տիկին Բերնարը, – ես մի գին ասացի, վերջացրի: Կամենո՞ւմ եք, տվեք՝ չե՞ք կամենում, բարով եկիք. ես երկար խոսելու ժամանակ, չունիմ:
– Լավ, ուրեմն թող կրկնապատիկը լինի, սրա դեմ հո խոսք չունի՞ք, – վստահությամբ հարցրավ Սալոմեն:
– Ձեզ ասացի, որ պակաս անկարելի է, ինչու համար իզուր տեղը ժամանակ եք վատնում: – Այս ասելով, իբրև թե բարկացած, վեր կացավ տիկին Բերնարը և ուղղվեցավ դեպի դուռը:
Երևում էր, որ էլ խոսելու տեղ չկար. Սալոմեն մնացել էր շվարած:
– Լավ, մի՛ գնաք, համաձայն եմ, – գոչեց նա տիկին Բերնարի ետևից և յուր ձեռքը պարզեց դեպի նրան ի նշան հաճության: Տիկին Բերնարն յուր կողմից սեղմեց նրան, և առևտուրը վերջացավ:
– Ուրեմն ի՞նչպես կանեք, որ էգուց երեկոյան ես տանեմ նրան, – հարցրավ Սալոմեն տիկին Բերնարին:
– Դուք գնացեք փողը բերեք, իսկ մնացածը թողեք ինձ կարգադրելու, – հակիրճ պատասխանեց տիկին Բերնարը և հեռացավ:
Սալոմեն ուրախությամբ դուրս գնաց:
– Աղջիկներ, ինչո՞վ եք զբաղվում, մի քանիսդ թողեցեք քիչ հարկավոր գործերը և սկսեցեք կարել երեկվա պատվիրած շապիկները, նրանք շատ հարկավոր են, ես խոստացա վաղը երեկոյան հանձնել տիրոջը: – Այս խոսքերով տիկին Բերնարը մտավ կարանոցը և մի քանի աղջկերանց ձեռքից իրենց կարերը վերցնելով, փոխարենը բաժանեց պարոն Փուլշատյանի պատվիրած շապիկներից մի-մի հատ:
Այս կարողների շարքում կային Ելենան և յուր երկու ընկերուհիները: Նրանք անընդհատ նայում էին միմյանց իրենց խորհրդավոր հայացքներով և ժպտում:
– Ուրախացի՛ր, Ելենա, էգուց պետք է գեղեցիկ երիտասարդին տեսնես, – կամացուկ շշնջաց Նինոն Ելենայի ականջում, տիկին Բերնարի ծանուցումը լսելուց ետ:
– Անշուշտ վաղը դու մեզ նրա հետ կծանոթացնես, այնպես չէ՞, դու արդեն նրա ծանոթն ես, – ավելացնում էր մյուս կողմից Շուշանը: Իսկ Ելենան, որ արտաքուստ բնավ չէր հաշտվում յուր ընկերուհիների կատակների հետ, ներքուստ մեծ հրճվանք էր զգում սիրած երիտասարդի մասին այդքան արձակ խոսակցություններ լսելուն համար: Նա մինչև անգամ մի առանձին փութաջանությամբ սկսեց յուր կարը: Բայց տիկին Բերնարի նոր պատվերն անհանգստացնելու չափ հետաքրքրում էր նրան:
Ի՛նչ էր արդյոք պատճառը, որ նա շտապեցնում էր երիտասարդի գործը: Ելենան շատ լավ հիշում էր, որ երեկ տիկին Բերնարը նրան ոչինչ խոստում չէր արել շապիկները շուտ հանձնելու համար, և եթե արած էլ լիներ, ինչո՞ւ առավոտվանից չտվավ նա այդ պատվերը կարողներին: Եվ վերջապես ո՞վ էր այն կինը, որ նրան կանչեց, ի՞նչ էր խոսում նա նրա հետ, այդ մանավանդ շատ հետաքրքրում էր իրեն, որովհետև նրա խոսածների և տիկին Բերնարի նոր պատվերի մեջ նա մի կապ էր նշմարում, բայց ճշմարտության հասու լինել չէր կարողանում:
Մինչև այն, տիկին Բերնարի մոտ շատ կանայք էին եկել, և տիկին Բերնարը շատ նոր պատվերներ էր տվել յուր կարողներին, բայց այդ դեպքերից և ոչ մեկն իրեն չէին հետաքրքրել: Իսկ այսօր … այսօր նա ամեն ելումուտ հետաքրքրությամբ դիտում է, բոլոր խոսակցությունները լսում է, բոլոր ակնարկները զննում է: Մի գաղտնի նախազգացմունք անհանգստացնում է նրան, նա սպասում է մի ինչ-որ նորության, որ անշուշտ իրեն պիտի վերաբերեր… և այդ նորությունը, որի ինչ լինելն ինքը չգիտեր, մերթ ուրախացնում և մերթ սարսափեցնում էր նրան:
ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՎՈԻՄ Է
Բարոյախոսները թանկագին հարստություն են համարում «վարկը» և «պատիվը», և նրանց անարատ պահելու համար քարոզներ են կարդում մեր գլխին: Բայց մարդկությունն ավելի շնորհապարտ կլիներ նրանց, եթե այդ հարստությունը պաշտպանելու համար, դրանք կարողանային զենքեր հնարել և մեր ձեռքը տալ: «Քարոզները» շատ թույլ միջոցներ են «պատվի» սեփականությունը պաշտպանելու համար, մանավանդ, որ նրանք շատ անգամ ծառայում են իբր զենք հենց ա՛յն մարդկանց ձեռքում, որոնք «վարկի» և «պատվի» գողությամբ են ապրում: Նյութական հարստություն պաշտպանելու գործն ավելի դյուրին է, քան բարոյական հարստության: Առաջինի համար բավական են երկու զորեղ բազուկներ և մի փայլուն սուր, նյութական հարստությունը մեր տան մեջ, մեր առջևն է, հափշտակողին մի հարված, և դատաստանը վերջացած է: Իսկ բարոյական հարստությունը … ավա՛ղ նա մեր ձեռքում չէ, նա գտնվում է հասարակաց կարծիքի հրապարակի վրա: Շատ անգամ ճարպիկ սրիկաներ գողանում են նրան առանց մեր գիտության, և հենց այն րոպեին, երբ մենք պաշտպանում ենք նրան կարծելով, թե նա մեր ձեռքում, մեր գրկումն է, նա հրապարակի վրա վաճառքի է հանվում…
Հասարակաց կարծիքը չէ որոնում ավազակներին, չէ պատժում մեր բարոյական հարստությունը գաղտագողի հափշտակողներին. նա միայն մի բան գիտե, նա դատավոր է նստում մեր գլխին և դատապարտում է մեզ, որ մենք մեր «վարկը» և «պատիվը» կորցրինք… Իսկ ճշմարտությո՞ւնը. Օ՛հ նա ամենից երկչոտ արարածն է: Նա տեսնում է, թե ինչպես խորամանկները մեր շփոթությունը նկատելով անկյուններում ծիծաղում են, խեղկատակներն անխղճաբար ծաղրում են մեզ և ամբոխը քարեր է շպրտում մեզ վրա, նա տեսնում է այս ամենը, նա գիտե, որ մենք արդար ենք և դարձյալ երկյուղից կծկվում է յուր գաղտնարանում, և լույս աշխարհ գալիս միայն այն ժամանակ, երբ մենք արդեն ամբոխի կատաղի հարվածներից անշնչացած՝ գլորված ենք գետնի վրա…
Ի՞նչ դարման ունին արդյոք բարոյագետներն այս ցավալի դրության համար, իհարկե ոչինչ …
Մութը կոխել էր, կրպակներում հետզհետե վառվում էին կանթեղները և գնալով փողոցների մեջ անցուդարձը կենդանանում էր: Բերնարի կարանոցը միայն բացառություն էր կազմում լուսավորված խանութների շարքի մեջ: Նրա դռները պինդ-պինդ կողպվում էին, որովհետև օրվան այդ ժամանակը այդտեղ դադարում էին աշխատանքները: Երթևեկ բանվորուհիներն արդեն ցրվել էին իրենց բնակարանները, և տիկին Բերնարի մոտ մնում էին նրա սակավաթիվ գիշերօթիկները, որոնք մի մեծ սենյակի մեջ հավաքված շաղակրատում էին, կատակներ էին անում և ծիծաղում էին: Ելենան նրանց մեջ չէր. այդ ժամանակ նա գտնվում էր տիկին Բերնարի առանձնասենյակում:
– Դու ասում ես պատրա՞ստ է արդեն այն պարոնի շապիկները, – հարցնում էր Ելենային տիկինը, անցուդարձ անելով սենյակի մեջ:
– Այո՛, ես ինքս իմ ձեռքով դարսեցի նրանց կողովի. նա բոլորովին պատրաստ է, կարող եք ուղարկել:
– Շատ լավ, շատ լավ, – մեքենայաբար կրկնեց տիկինը և մի քանի անգամ անց ու դարձ անելուց ետ եկավ նստեց փափուկ բազկաթոռի վրա:
– Արի նստի՞ր ինձ մոտ, Ելենա, քեզ հետ գաղտնի խոսելիք ունիմ, – ասաց նա և մի աթոռ քաշեց իրեն մոտ:
Ելենան ծանր և կարծես ակամա քայլերով մոտեցավ տիկնոջը և նստեց նրա կողքին:
– Դու տեսա՞ր երեկվա երիտասարդին, Ելենա , – հարցրեց տիկինը:
– Ի՞նչ երիտասարդ:
– Ա՛յն, որ մեզ շապիկներ պատվիրեց:
– Այո՛… ի՞նչ կա:
– Դու նրան հավանո՞ւմ ես:
– Ի՞նչպես թե հավանում եմ, տիկին, ես ձեզ չեմ հասկանում, – հարցրեց Ելենան շառագունելով:
– Այնպես' էլի, չե՞ս հասկանում, ուզում եմ ասել, հավանո՞ւմ ես նրա գեղեցկությանը, նրա շնորհքին, նրա…
– Ա՛խ, տիկին, թողեք խնդրեմ. այդ ի՞նչ հարցեր են, – դժգոհությամբ ընդհատեց նրան Ելենան և կամենում էր տեղից վեր կենալ:
– Սպասի՞ր, ո՞ւր ես գնում, ես քեզ հետ կատակի համար չեմ խոսում, այլ կարևոր գործի և քո օգտի համար, – նկատեց նրան տիկինը և ձեռքից բռնելով նստեցրեց յուր տեղը:
– Այդ երիտասարդը, – շարունակեց տիկին Բերնարը, – մի շատ պատվական երիտասարդ է. խելոք, ուսումնական և շատ հարուստ: Նա յուր բարեկամուհու ձեռքով հայտնել է, որ քեզ հետ ուզում է ամուսնանալ, ուստի ամենից առաջ ցանկանում է, որ քեզ կրկին տեսնե:
– Այդ բանի համար, տիկին, դուք իմ ծնողաց հետ պիտի խոսեք և ոչ ինձ հետ:
– Շատ լավ ես ասում, Ելենա, բայց քո ծնողներդ գավառացի մարդիկ են, նրանց չէ կարելի համոզել, որ քեզ թողնեն գնալ երիտասարդի մոտ, որ նա քեզ տեսնե, դու ավելի շուտ մեզ կհասկանաս:
– Ինչպե՞ս թե գնալ երիտասարդի մոտ:
– Հապա նա իր տանն է ուզում քեզ տեսնել. նա մեծ մարդու որդի է, խո քո ոտքդ չի՞ գալու:
– Ներեցեք, տիկին, ոչ ե՛ս կպահանջեմ, որ նա իմ ոտքը գա, և ոչ էլ ես կերթամ նրա մոտ. խնդրում եմ, թողեցեք ինձ հետ այդ խոսակցությունը և եթե կամենում եք, տեսնվեցեք իմ ծնողաց հետ, այդպես բաների վրա խոսել իմ գործը չէ:
– Լսի՛ր, Ելենա , ես քեզ ափսոսում եմ. դու քո բախտիցդ մի զրկվիր. այսպես բան էլ քեզ հետ չի պատահիլ: Քո ծնողներին նայելով՝ քեզ հետ կամուսնանա շատ-շատ մի հյուսն կամ մի դարբին: Բայց սա քաղաքի ամենահարուստ մարդու որդին է. մոտ քսան և հինգ տեղ մեծամեծ տներ և հարյուրավոր խանութներ ունի, ապրում է իշխանի նման շքեղ պալատի մեջ. ման է գալիս սեփական կառետով, առջևը կանգնած ունի տասնյակ ծառաներ, աղախիններ և վերջապես քաղաքի առաջին մարդն է համարվում, նրա աչքը հարստության վրա չէ. քեզ տեսել է, հավանել է, և այժմ ուզում է ամուսնանալ քեզ հետ. մի՞թե հիմար չես լինիլ, որ մերժես նրա առաջարկությունը:
– Ես չեմ մերժում նրա առաջարկությունը, տիկին, ընդհակառակը, ես բախտավոր կլինեմ այդպես ամուսին ունենալով, բայց այդ առաջարկությունն ինքս ընդունել չեմ կարող. այդ պարոնը պետք է իմ ծնողացը հայտնե յուր կամքը:
– Աղջիկ, դու գժվել ես, կամ ինձ չես հասկանում: Նա խո այս րոպեին քեզ հետ չի ամուսնանում, այլ ուզում է կրկին քեզ տեսնել, լավ տնտղել, այդ բանի համար չարժե, որ հայտնենք քո ծնողացը և նրանք էլ, ո՞վ գիտե, ի՞նչ հիմար պատասխան տան և գործը քանդվի: Այս երեկո լուռ ու մունջ կերթաս նրա մոտ (նա միայնակ մի առանձին տան է կենում), այնպես որ մեր աղջիկներից ոչ ոք ոչինչ չի իմանալ, մի կես ժամ քեզ կտեսնե, հետդ կխոսա և էլի կվերադառնաս ինձ մոտ:
– Ի՞նչ եք խոսում, տիկին, ես վեր կենամ գնամ նրա մոտ, թե ի՞նչ է՝ «եկել եմ, ինձ տեսնե՞ս…»:
– Ո՛չ, ո՛չ ,հիմար չեմ. եթե ուղարկեմ, ես գիտեմ ի՛նչպես կուղարկեմ, դու քո համաձայնությունը տուր, մնացածը իմ գործս է:
Ելենայի հաստատամտությունը խախտվել էր: Յուր դեպի երիտասարդն ունեցած գաղտնի սերը, տիկնոջ խոսածների ազդեցությունը, հարուստ ամուսին ունենալու հույսը, բոլորը խառնվել միացել էին նրա մեջ. նա տարուբերվում էր հուսո և երկյուղի, ուրախության և անհանգստության մեջ, նա հակվում էր դեպի համաձայնվելու կողմը:
– Դիցուք թե համաձայնվում եմ, բայց ի՛նչ պատրվակով եմ գնում նրա մոտ և ո՞ ւմ հետ:
– Պատրվա՞կը, ա՛յ, այս շապիկներն են: Ես նրանց կտամ իմ, մի բարեկամ կին ունեմ, Սալոմե անունով, նրա ձեռքը երկուսդ միասին կնստեք ծածկված կառքում, կեթաք այն պարոնի տունը: Եվ դու կասես իբրև թե շապիկները բերել եմ տիկին Բերնարի կողմից, որ հանձնեմ ձեզ: Այնուհետև երիտասարդը գուցե մի փոքր կուշացնի քեզ, թեյ, բան կառաջարկի, այդ կնոջ հետ միասին մի փոքր կնստեք, կխմեք և կրկին կվերադառնաք:
– Բայց այդ ի՛նչ կին է, որ ինձ հետ պիտի գա, – կարծես անվստահությամբ հարցրեց Ելենան:
– Օ՛, դա մի շատ բարի կին է. մի քանի տարի առաջ նա ինձ մոտ կար էր անում, այժմ խեղճի աչքերը լավ չեն տեսնում, բայց ես երբեմն-երբեմն նրան այդ տեսակ ծառայություններ եմ հանձնում և վարձատրում եմ: Այո՛, մի շա՞տ բարի կին է: Բայց դու մի ուշանար, գնա լվացվիր և մի փոքր ուղղիր հագուստներդ, – ավելացրեց տիկինը, – որքան էլ գեղեցիկ լինիս, դարձյալ լավ չէ, որ այդպես քծծված մազերով և ջարդված շորերով երևաս այն երիտասարդի մոտ. քո պակասությունն էլ իմ կարանոցին է վերաբերում:
Ելենան գնաց: Մի ներքին ուրախություն, որից դեռ չէր բաժանվում երկյուղի նման մի զգացմունք, լցրել էր նրա սիրտը: Նա պետք է տեսներ ա՛յն երիտասարդին, որին սիրում էր, որը իրեն ամուսնություն էր առաջարկում և որը գեղեցիկ ու հարուստ էր…
Եվ նա գնաց լվացվելու:
Այդ միջոցին ներս մտավ և Սալոմեն, որը մինչև այն պահված էր ետևի սենյակում:
– Հա՛, ամեն բան պատրաստ է, – խոսեց տիկին Բերնարը նրան տեսնելով, – բե՛ր մնացած փողը, որ մեր հաշիվները վերջացնենք:
Սալոմեն ուրախությամբ տարավ ձեռքը գրպանը և հանելով մի քանի ծալած թղթադրամներ, տվեց տիկնոջն ասելով՝ «Երեկ ես վճարեցի ձեզ 250 ռուբլին և ահա ինչպես պայմանավորված էինք, տալիս եմ ձեզ մյուս 250 ռուբլին»:
Տիկին Բերնարը համարեց փողերը և գրպանը դնելով գլխի թեթև շարժումով շնորհակալություն արեց Սալոմեին: Հետո նա պատմեց ինչ որ ինքը խոսացել էր Ելենայի հետ և պատվիրեց նրան, որ յուր խոսածների համաձայն վարվի և խոսա նրա հետ:
– Իսկ ինչ վերաբերում է Ելենայի երիտասարդի մոտ մնալուն, – ավելացրեց տիկինը, – նա կարող է մնալ այնտեղ այնքան ժամանակ, որքան ինքը կկամենա, նրա ծնողներին հարկ եղած պատասխանը ես ինքս կտամ:
Կես ժամից հետո Ելենան և Սալոմեն կարած շապիկներն իրենց հետ վերցրած, նստեցին մի ծածկված կառքի մեջ և ուղղվեցին դեպի Սամվել Փուլշատյանի առանձնարանը:
ՍՊԱՆԴԱՆՈՑ
Քաղաքի մի հետ ընկած մասում, բայց գեղեցիկ և մաքուր փողոցի վրա, գտնվում էր մի փոքրիկ երկհարկյան տուն, երեք կողմից շրջապատված պարսպապատ այգիով: Նրա դրացիները, որոնք գլխավորապես օտարազգիներ էին, գրեթե տեղեկություն չունեին, թե իսկապես ո՞ւմ էր պատկանում այդ շինությունը: Ցերեկով այդտեղ ոչ ոք չէր լինում, բացի մի ծառայից և աղախնուց, որոնք շատ հազիվ էին երևում փողոցի մեջ և դրացիներից ոչ ոքի հետ հարաբերություն կամ խոսակցություն չունեին: Գիշեր ժամանակ այդ տան բոլոր պատուհանները, որոնք նայում էին գեղեցիկ փողոցի վերա, փակվում էին տախտակյա փեղկերով, մինչդեռ դեպի այգին բացվողները միշտ լուսավորված էին լինում: Փողոցի վրա բացվող մուտքը նույնպես ցերեկով միշտ փակ էր, և երթևեկությունը կատարվում էր պարտեզի մի գաղտնի դռնով, որ բացվում էր նեղ և մութ փողոցի մեջ: Մերձակա դրացիների համար դա մի խորհրդավոր բնակարան էր: Շատ անգամ նրանք այդ տունը երթևեկողների մասին հարց ու փորձ էին անում այն կառապաններից, որոնք գիշերվա ժամերում կանգնած էին լինում տան գլխավոր մուտքի առաջ, բայց դրանք իրենք էլ չգիտեին, թե ո՞ւմն են բերել այստեղ և ո՞ւմ պիտի տանեն:
Այս տունը Սամվել Փուլշատյանի առանձնարանն էր, որի անունը քանիցս առիթ ունեցա հիշելու: Նրա գոյության մասին տեղեկություն չուներ մինչև անգամ յուր հայրը: Նա կառուցվել էր Սամվելի անվամբ և սեփական փողերով: (Չմոռանանք հիշել, որ երիտասարդը սեփական էր անվանում այն փողերը, որ նա ճարպկությամբ և հաշիվներ խարդախելով գողանում էր յուր հորից): Այս փոքրիկ տան մեջ ամեն բան նախատեսված և պատրաստված էր գեղեցիկ ճաշակով և այստեղ երիտասարդ Փուլշատյանն անցուցանում էր գիշերային ժամերի մեծ մասը՝ յուր գեղեցիկ սիրուհիների և երբեմն էլ քեֆ սիրող մտերիմների հետ:
Երեկոյան ժամը ութն էր և մութը տիրել էր ամեն կողմ: Սամվելը լուռ և մտախոհ ճեմում էր գեղեցիկ կահավորված ընդունարանում: Առաստաղից կախված թանկագին ջահը յուր հինգ փառավոր կանթեղներով աչք կուրացնելու չափ լուսավորում էր սենյակը: Ամեն կողմը փայլում էր հարստություն և ճոխություն: Իսկ երիտասարդ տանուտերը՝ յուր բարեկազմ հասակով, գեղեցիկ դեմքով և գանգրահեր ճակատով լրացնում էր այդ սենյակի զարդարանքը:
Բայց նրա քայլվածքն անհանգիստ էր: Նա անհամբերությամբ սպասում էր մեկին և ստեպ-ստեպ ժամացույցը հանելով նայում էր նրան: Փողոցի մեջ անցնող յուրաքանչյուր կառքի դղրդյունը նրա սիրտը թունդ էր հանում, նա ականջը կախում էր դեպի այդ ձայնը և հուսով սպասում, որ ահա՞ մի, կամ երկու րոպեից այդ կառքը կկանգնի յուր տան առաջ. բայց դղրդյունը շարունակվում էր, կառքն անցնում էր և նա հուսահատաբար կրկին առաջ էր շարժում յուր քայլերը: Վերջապես մյուս սենյակում պատի ժամացույցը զարկեց ութ և կեսը. Սամվելը չէր հավատում նրան, հանեց իսկույն և յուրը, նայեց, սխալ չկար: Նա համբերությունից դուրս եկավ և վազելով դեպի դուռը, հենց կամենում էր ծառային կանչել, և ահա գլխավոր դռան հնչակը ամուր-ամուր քաշեցին: «Նա է. եկավ…», – շշնջաց ինքն իրեն Սամվելը և գնաց նստեց թավշապատ բազկաթոռի վրա և ձեռքն առնելով օրվան լրագիրը սկսեց մեքենայաբար կարդալ նրան:
Մի քանի րոպեից հետո ընդունարանի դուռը բացվեցավ և նեռս մտավ Սալոմեն:
– Միայնա՞կ ես, ի՞նչ է, ո՞ւր է Ելենան… – անհամբերությամբ վեր թռավ բազկաթոռից Սամվելը և այս խոսքերով դիմեց Սալոմեին:
– Միայնակ չեմ, նա այստեղ նախասենյակումն է, բայց ամաչում է գալ:
– Ի՞նչ հիմարություն, և դու թողել ես նրան այնտեղ միայնակ: – Այս ասելով Սամվելը դուրս թռավ նախասենյակ և տեսնելով Ելենային, որ կողովը ձեռքին կանգնած էր այստեղ, իսկույն բացականչեց՝ «Ա՛, բարյավ ձեզ, օրիորդ, ինչո՞ւ համար եք այդտեղ կանգնել, խնդրեմ ներս հրամայեցեք»:
Ելենան ոչինչ չպատասխանեց, բայց երիտասարդին տեսնելով սաստիկ շառագունեց:
– Դուք դարձյալ կանգնո՞ւմ եք. բայց ես խնդրում եմ ձեզ:
– Ներս գալու ոչինչ կարիք չկա, պարոն, ես տիկին Բերնարի կողմից բերի այս շապիկները ձեզ ցույց տալու համար. խնդրեմ նայեցեք և եթե մի որևէ պակասություն նշմարեք, ասացեք, որ ուղղենք: – Այս ասելով նա վայր դրավ ձեռքի կողովը պատուհանի վրա:
– Խնդրեմ ներս բերեք, ես այնտեղ կնայեմ, – ասաց Սամվելը և ակնարկելով Սալոմեին, ինքը ներս մտավ:
Սալոմեն վերցրեց կողովը և Ելենայի ձեռքից բռնելով, գրեթե զոռով, ներս քաշեց նրան դեպի երիտասարդի ընդունարանը:
– Ասացեք խնդրեմ, ինչ կա քաշվելու, մի քանի րոպե նստեցեք այստեղ, իսկ ես կնայեմ շապիկները, – այս խոսքերով նա աթոռ առաջարկեց Ելենային: Նրանք նստեցին:
Մի քանի վայրկյան Սամվելը տնտղեց շապիկները. նայեց աջ, ձախ և ապա «շատ լավ է, շատ գեղեցիկ է» ասելով, կանչեց աղախնին և հանձնեց նրան, միևնույն ժամանակ պատվիրելով թեյ բերել հյուրերի համար:
Իսկույն հայտնվեցավ գեղեցիկ և մաքուր հագնված ծառան և արծաթյա ափսեով թեյ առաջարկեց յուր տիրոջը և նրա հյուրերին, թեյի հետ էլ բերելով կաթ և շաքարահաց:
Ելենան դժվարանում էր մինչև անգամ այդ հասարակ հյուրասիրությունն ընդունելու, բայց Սամվելն այնքան շատ ստիպեց նրան, որ նա հակառակել չկարողացավ:
– Այժմ մենք կարող ենք գնալ, – ցած ձայնով շշնջաց Սալոմեի ականջում Ելենան յուր բաժակը դատարկելուց հետո և վեր կացավ աթոռից:
– Ո՛չ, դեռ ձեզ հետ մի փոքր խոսելիք ունիմ, օրիորդ, մի շտապեք, – նկատեց Սամվելը նույնպես տեղից բարձրանալով:
– Հրամայեցեք, ես լսում եմ, – համեստությամբ պատասխանեց Ելենան:
– Ես առանձին պետք է խոսեմ ձեզ հետ:
– Ուրեմն ես դրսումը կսպասեմ, – ասաց Սալոմեն և արագ դուրս գնաց սենյակից:
– Սպասի՛ր, ո՞ւր ես գնում – բացականչեց Ելենան Սալոմեի ետևից և պատրաստվեցավ ինքը ևս դուրս գնալու:
– Դուք ո՞ւր եք գնում, օրիորդ, սպասեցեք, ես ձեզ հետ շատ կարևոր խոսելիք ունեմ, – այս ասելով բռնեց երիտասարդը Ելենայի ձեռքից և զոռով նստեցրեց թավշապատ դիվանի վրա:
– Ասացեք խնդրեմ, ինչ որ կամենում եք. ես շատ ուշանալ չեմ կարող, տիկին Բերնարն ինձ սպասում է:
– Ես ձեզ չեմ ուշացնիլ. բնավ մի անհանգստանաք, – միամտացրեց նրան Սամվելը և սկսավ յուր «կարևոր խոսելիքը»:
Ի՞նչ էր իսկապես նրա «կարևոր խոսելիքը», ես այդ մի առ մի չեմ կրկնիլ այստեղ՝ ձեզ չձանձրացնելու համար: Այսքանը միայն կասեմ, որ դա շատ նման էր ա՛յն սիրալիր և սրտառուչ խոսակցության, որ տեղի է ունենում առաջին անգամ միայնության մեջ միմյանց պատահած երկու սիրող սրտերի, երկու միմյանց անկեղծաբար պաշտող հոգիների մեջ:
Սամվելը գեղեցիկ խոսելու ձիրք ուներ, նա գիտեր գրավել, գիտեր հրապուրել: Նույնիսկ յուր մարմնական գեղեցկությունն օգնում էր նրան այդ բանում: Նա ճանաչում էր յուր ուժը, ճանաչում էր և գեղեցիկ սեռի թուլությունը:
Եվ ահա բոլոր այդ զենքերով նա զինվել էր մի տկար և անմեղ աղջկա դեմ, մի աղջկա, որ լռիկ, յուր սրտում, սիրում էր նրան:
Կկամենա՞ք լսել մի քանի կտոր երիտասարդի խոսակցությունից, ահա՞ նրանք՝ «Օ՛, եթե գիտենաս, Ելենա, թե ինչպես սիրում ու պաշտում եմ քեզ… այն օրից, որ առաջին անգամ քեզ այգիում տեսի, ես այլևս հանգստություն չունեի, ես խելագարի նման թափառում էի փողոցներում, ամեն տեղ պտրում էի քեզ, ամեն տեղ որոնում էի քո հետքերը, քո քաղցր հայացքը, քո անուշ ձայնը… Առանց քեզ ես չեմ կամենում ապրել, առանց քեզ աշխարհը ինձ համար մութն է և կյանքը տանջանք… և եթե դու այսօր եկած չլինեիր ինձ մոտ, ես ուղղակի դեպի Քուռը կվազեի և պիտի խեղդեի ինձ նրա մեջ…»:
Այս և սրա նման գողտրիկ խոսքեր անընդհատ շռայլում էր նա յուր սիրուհու առաջ: Ելենան, որ յուր ամբողջ կյանքում այսպիսի քնքուշ խոսքեր լսած չուներ, զմայլած նայում էր նրան, նա հափշտակվել էր, և բնավ չէր հիշում ոչ տիկին Բերնարի կարանոցը և ոչ յուր ծնողները:
– Իսկ դու, Ելենա, մի՜՞թե դու ինձ չես սիրում:
– Ե՛ս, ես էլ քեզ շատ եմ սիրում, շատ, շատ… – այսքանը միայն կարողացավ արտասանել անմեղ աղջիկը և շառագունելով գլուխը կախեց ցած:
– Օ՛, քեզ կարելի է միայն պաշտել, – բացականչեց երիտասարդը և յուր հափշտակության մեջ ամուր գրկելով նրան, համբուրեց նրա շրթունքները:
Այդ համբույրից Ելենան ցնցվեցավ ամբողջ մարմնով և խլվելով երիտասարդի գրկից շառագունված ետ քաշվեցավ:
– Ա՛խ, ի՞նչ եք անում դուք, – շշնջաց նա հազիվ լսելի ձայնով և ապա տեղից վեր բարձրանալով՝ «Ես պիտի գնամ, ուշանում եմ», – ասաց նա և ուղղվեցավ դեպի դուռը:
– Ոչ, սիրելիս, ես քեզ այդպես շուտ չեմ թողնիլ, – խոսեց Սամվելը նույնպես տեղից վեր բարձրանալով և Ելենայի ձեռքից բռնելով, – դու դեռ ինձ մոտ պիտի ընթրես. մենք դեռ մի քանի ժամ էլ միասին կանցկացնենք, և հետո կերթաս:
– Ոչ, խնդրում եմ, ինձ բաց թողեցեք, ես կամենում եմ գնալ:
– Այդ անկարելի է, Ելենա, դու պիտի մնաս, ես խնդրում եմ: Եվ մի՞թե դու կկամենայիր իմ խնդիրը մերժել:
– Բայց տիկին Բերնարը… ա՛խ, նա ինձ կսպասե… գիտե՞ք, մեր այնտեղի աղջիկները շատ վատ աղջիկներ են, նրանք հազար մի բաներ կխոսեն…
Ո՞չինչ, ո՞չինչ, հոգյակս, նրանք ովքե՞ր են, որ դու նրանց խոսելու վրա ուշադրություն ես դարձնում, մի շաբաթից հետո մենք պսակված կլինենք, դու ամենից հարուստ մարդու ամուսինը կդառնաս և նրանք հեռվից միայն մտիկ կտան քեզ վերա և չեն համարձակվիլ անգամ քեզ բարևել: Այո՛, դու այդ տեսակ աղջիկներին քեզ աղախին պիտի ունենաս, արժե՞ ուրեմն նրանց վերա մտածել:
Այսպիսի հուսալիր խոսքերով Սամվելը դեռ հանգստացնում էր Ելենային, երբ ծառան մտավ և հայտնեց որ սեղանը պատրաստ է:
Երիտասարդը Ելենային յուր թևն առավ և ուղղվեցավ դեպի սեղանատունը:
– Բայց խնդրում եմ, այն կնոջն էլ կանչեցեք, և եթե մենք ընթրում ենք, թող նա էլ մեզ հետ ընթրի, նա երևի ինձ սպասում է այնտեղ, – ասաց Ելենան, չկամենալով միայնակ սեղանի վերա գտնվիլ օտար երիտասարդի հետ:
– Ա՛, ինչպես կարելի է, Ելենա: Էգուց մենք պետք է ամուսիններ լինենք, և այսօր ուզում ես, որ մեր սեղանի վերա մեզ հետ ընկերացնենք մի ողորմելի աղքատ պառավի: Դու անփորձ ես, դու հարուստների շրջաններում չես գտնվել, դա շատ ամոթ բան է մեզ համար: Այն կինը կարող է ներքև մեր ծառայի և աղախնի հետ ընթրել, նրա համար ամեն բան կհոգացվի, դու միամիտ եղիր:
Ելենան ոչինչ չուներ պատասխանելու, նա լռեց, որովհետև կարծում էր, թե երիտասարդի խոսածներն այնպիսի ճշմարտություններ էին, որ ինքը չէր կարող հասկանալ:
Երբ նրանք մտան սեղանատունը, օրիորդի աչքերը շլացան: Գեղեցիկ կահավորված, մանավանդ գեղեցիկ լուսավորված սենյակում բացված էր մի շքեղ սեղան, որի վերա կարգով շարված էին բազմաթիվ և բազմատեսակ ուտելիքներ, հախճապակյա և ոսկեզօծ ամանների և սկուտեղների մեջ: Շամպայնի շշերը և մի քանի ուրիշ ըմպելիքներ արծաթապատ պնակների վրա փայլում էին ինչպես բյուրեղ, նրանց մոտ շարված էին մի քանի տեսակ ոսկեզօծ բաժակներ, որոնցից յուրաքանչյուրը հատկացված էր մի տեսակ ըմպելիքի համար: Սեղանի երկու կողմերում դրված էին մի-մի արծաթի բարձրադիր աշտարակներ հնգական ճյուղերով և նրանց մեջտեղում բարձրանում էր բյուրեղյա, աստիճանավոր ափսեներից կազմված մրգերի և շաքարեղենների մի կոթող, իսկ նրա գլխին տնկված էր թարմ ծաղիկներից և վարդերից շինած մի քաղցրաբույր և գեղեցիկ փունջ: Սեղանի մոտ դրված էր մի նորաձև բազկաթոռ, որ երկու իրար կից նստատեղիներ ուներ, նրանցից մեկի վրա նստեց երիտասարդ տանուտերը և յուր կողքին էլ քնքշաբար նստեցրեց Ելենային: Եվ նրանք սկսեցին ընթրել:
Ծառան հետզհետե ներս էր բերում զանազան համեղ խորտիկներ և Սամվելն ամեն մեկից յուր ձեռքովն էր բաժին վերցնում յուր գեղեցիկ հյուրի համար: Ելենան սկզբում ամաչում էր և քաշվելով էր ուտում, բայց մի երկու բաժակ շամպանիան, որ երիտասարդ տանուտերը զոռով խմացրեց նրան, բացավ նրա երեսը: Նա մինչև անգամ սկսավ ազատ խոսել և ծիծաղել յուր ապագա ամուսնու հետ:
Գինին ընդհանրապես բարերար ազդեցություն է անում ամաչկոտ և մանավանդ տխրազգաց մարզիկների վրա: Նա համր լեզուների և անխոս շրթունքների հրաշալի բանալին է: Նրա շնորհիվ կարելի է կարդալ սրտերի մեջ այն ամենն, ինչ որ լրջությունը ծածկում, թաքցնում է: Նույնիսկ ամենագործնական մարդիկը, որոնք իրենց գոյությունը պահպանելու համար միշտ շողոքորթում և կեղծավորում են, դարձյալ չեն կարողանում մի քանի ժամ անկեղծ չլինել այս հրաշալի նեկտարը որոշ չափով իրենց մեջ հյուրընկալելուց հետո: Գինու համար առանձին աստված չստեղծելով, աստվածաբանական մի մեծ սխալ գործած կլիներ հին դիցապաշտ աշխարհը. բայց Բաքոսի անունը և նրա երբեմն գոյություն ունեցող հոյակապ տաճարները, ապացուցանում են, որ մարդկությունը դեռ շատ հեռու անցյալում ճանաչում և պաշտում էր գինվո անմահ զորությունը:
Ահա՛ այս ամենակարող զորությունն էլ իրեն օգնության էր հրավիրել երիտասարդ Փուլշատյանը: Նա հետզհետե լցնում էր Ելենայի բաժակը քաղցր և անուշահամ գինիով և զանազան ոգելից օշարակներով: Օրիորդի կողմից ամենազորեղ ընդդիմությունն էլ ապարդյուն էր անցնում. Սամվելը նրան մերթ ստիպում, մերթ թախանձում էր և վերջ ի վերջո նա ստիպված էր լինում դատարկել բաժակը:
Ընթրիքը վերջանալու մոտ Սամվելը սկսեց երգել: Նա շատ քաղցր և դուրեկան ձայն ուներ: Այս վերջաբանը այնքան շատ դուր եկավ Ելենային, որ նա ինքը մինչև անգամ սկսեց ձայնակցել գեղեցիկ երիտասարդին, յուր թևը նրա վզով բերելով և կրակվող ճակատը նրա կրծքին հանգչեցնելով: Անուշ գինիներ, գողտրիկ երգեր, սիրալիր գրկախառնություն և կաթոգին համբույրներ… Այս բոլորը միախառնված ո՞ւր պիտի տանեին երկու երիտասարդներին… Իհարկե հանգստյան կայանը…
– Ա՛խ, ես ուշացա, ես պիտի գնամ, – նվաղած ձայնով շշնջում էր օրիորդը, բայց, անզոր ինքն իրեն տիրապետելու, թուլացած ընկնում էր իրան գրկող բազուկների վրա:
– Դու կերթաս, միամիտ եղիր… դու կերթաս, – մեքենայաբար կրկնում էր Սամվելը: Ելենան հավատում էր յուր ապագա ամուսնուն և չէր ընդդիմանում նրան…
ՀԵՂԻՆԵԻ ԾՆՈՂՆԵՐԸ
Արեգակը դեռ նոր էր բարձրանում Մախաթի ետևից, և նրա բեկբեկուն ճառագայթները ծիրանի գույնով խաղում էին քաղաքի հին բերդի ավերակների վրա: Քարափի թաղում հարուստ մարդիկ դեռ հանգիստ քնում էին. բայց մեր ծանոթ Ելենայի հայրը – հյուսն Անտոնը վաղուց արդեն զարթել, լվացվել և շտապել էր եկեղեցի՝ կյուրակե օրվա պատարագին ներկա գտնվելու: Նրա կինը՝ Հռիփսիմեն, տուն տեղը սրբել, մաքրել ու կարգավորել էր և այժմ զբաղված էր կեսօրվան ճաշի համար մի քանի պատրաստություններով:
Առավոտները նա եկեղեցի չէր գնում, որովհետև իրենից հետո տանը ոչ ոք չէր մնում, ուստի և բավականանում էր մի քանի անգամ երեսը խաչակնքելով, երբ լսում էր Բեթխայինի զանգակների ձայնը: Իսկ կեսօրին, Ելենայի գալուց ետ, իհարկե, նա պիտի ներկա գտնվեր պատարագին մի որևէ եկեղեցում, ուր առավոտյան ժամասացությունը կեսից չէր եղած: Ելենան սովորություն ուներ կյուրակե օրերը շատ վառ յուր ծնողաց մոտ գալու, և այդ էր պատճառը, որ Անտոնը մինչև պատարագի վերջը եկեղեցում սպասել չէր կարողանում: Սուրբ-սուրբը լսելուց ետ նա դուրս էր գալիս: Եվ որքա՛ն մեծ էր լինում նրա ուրախությունը, երբ մի ամբողջ շաբաթ յուր սիրելի Ելենային չտեսնելուց հետո պատահում էր նրան բակի դռան մոտ` իրեն սպասելիս, կամ մաքուր-պսպղան ինքնաեռի մոտ՝ թեյ շինելիս:
Անտոնը կրթված քաղաքացիների նման ջերմությամբ չէր ողջագուրում յուր աղջկանը, նա միայն մի քաղցր ժպիտով էր դիմավորում նրան, բայց այդ ամաչկոտ ժպիտի մեջ որքա՛ն բուռն սեր, որքա՛ն հայրական խանդ և գորով էին պարունակում… Ամբողջ շաբաթվա մեջ, յուր տաժանակիր աշխատությանց ժամանակ կրած նեղությունները նա իսկույն մոռանում էր, հենց որ տեսնում էր նրան: Այդ միամոր աղջկա մեջ նա ամփոփել էր յուր բոլոր բախտը, կյանքը և հարստությունը: Ելենան նրա համար մի ամբողջ աշխարհք էր…
Իսկ Հռիփսիմեն, իհարկե, Անտոնի նման չէր: Մայրական սիրտը ամենայն տեղ միևնույն է. նա նույնչափ քնքուշ, նույնչափ գթոտ է աղքատի խրճիթում, որչափ և մեծատան սրահներում: Դեռ մի քանի տասնյակ քայլ իրենց տնից հեռու, երբ նա նկատում էր Ելենային, իսկույն վազում, փաթաթվում էր նրան, սեղմում էր կրծքին, համբուրում էր, կարծես թե երկար տարիներ էին անցել, ինչ որ նա չէր տեսել Ելենային, և ապա ձեռքիցը բռնած բերում էր տուն: Յուրաքանչյուր կյուրակե հյուսն Անտոնի տունը կերպարանափոխվում էր. Ելենայի ներկայությունը լցնում էր ամեն դատարկություն, տան թե՛ ներսը և թե՛ դուրսը մի առանձին կենդանություն էին ստանում: Շաբաթվա մեջ խնայածներն այդ օրը սեղանի վրա էին հանվում: Ելենայի ուրախությունը կատարյալ անելու համար հրավիրում էին դրացի աղջիկներից մի քանիսը, որոնք ճաշից հետո դահիրա էին ածում և Ելենայի հետ միասին երգում և պարում էին:
Միով բանիվ այդ օրն Անտոնի և Հռիփսիմեի աղքատիկ տնակը կատարյալ երջանկության մեջ էր լինում:
– Մեր ուրախությունը ոչնչով պակաս չէ մեր հարուստ դրացիների ուրախությունից, – հաճախ կրկնում էին մարդ ու կին և երախտագետ սրտով փառք տալիս աստծուն:
Ահա՛ այս երջանիկ օրը վայելելու համար էր, որ Անտոնը եկեղեցուց շտապով վերադառնում էր տուն:
– Ո՛ւր է Ելենան, դեռ չէ՛ եկել, – հարցրեց Անտոնը կնոջը՝ տուն մտնելով և «ողորմի աստված» ասելով:
– Չէ, դեռ չէ եկել, չգիտեմ ինչո՞ւ այսօր այսքան ուշացավ:
– Զարմանալի է, նա այս ժամին միշտ այստեղ է լինում:
– Ի՞նչ զարմանալու բան կա. երևի այն անպիտան վարպետուհին էլի գործ է տվել շինելու: Խեղճ երեխաս ամբողջ շաբաթը տանջվում է բավական չէ, և դեռ կյուրակե օրն էլ հանգիստ չեն թողնում:
– Չէ՛, ա՛յ կին, ես պետք է Ելենայիս հանեմ այդ կնոջ մոտից, նա նրան բոլորովին կմաշե:
– Ես խո սկզբից էի ասում, թե Բերնարի համար լավ չեն խոսում, ասում էին, որ նա աղջկերանց միսն ուտում է, բայց դու ինձ չլսեցիր և աղջիկդ տվիր նրան:
– Ոչինչ, թող այս ամիսն էլ անցնի, այն ժամանակ ես գիտեմ ինչ կանեմ, – ասաց Անտոնն սպառնացող եղանակով, և ապա դուրս եկավ բակը տեսնելու համար, թե արդյոք հեռվից չէ երևում Ելենան:
Նա երկար նայեց այստեղից դեպի ներքևի փողոցը, և ոչինչ չնշմարեց: Վերջապես կամաց-կամաց բարձրացավ դեպի քարափի բարձրությունը, այնտեղից ավելի լավ դիտելու համար: Երկար ժամանակ նա այդտեղ արձանացած կանգնած էր, բայց Ելենան չէր երևում: Անհանգստությունը սկսեց նրան տանջել, նա իջավ տուն:
– Ա՛յ կին, ես գնում եմ դեպի կարանոցը., տեսնեմ երեխային ինչ պատճառով են այսքան ուշացնում, – ասաց նա Հռիփսիմեին, գլուխը սենյակի պատուհանից ներս մտցնելով:
– Գնա՛, գնա՛, գուցե այն անզգամ կինը քեզ տեսնելով ամաչե, – պատասխանեց Հռիփսիմեն, – գնա և խնդրիր, որ երկրորդ անգամ այսքան երկար չպահե երեխային. թող միշտ առավոտը ղրկե:
Անտոնը շտապ-շտապ դիմեց դեպի տիկին Բերնարի կարանոցը:
Բակը մտնելով նա առաջին անգամ պատահեց Շուշանին:
– Ինչո՞ւ քո տիկինը Ելենային այսքան ուշացնում է, ամոթ չէ՞, – ասաց նա նրան, – ամբողջ շաբաթ խեղճը տանջվում էր բավական չէ, դեռ կյուրակե օրերն էլ է բանեցնում:
– Ի՞նչ եք խոսում դուք, – զարմացմամբ հարցրավ Շուշանը, – Ելենան երեկ երեկոյան է եկել ձեզ մոտ:
– Գժվե՞լ ես, ի՞նչ է, ի՞նչպես թե երեկ երեկոյան է եկել մեզ մոտ. նա այստեղ է. նա… ո՞ւր է տիկինդ, ո՞ւր է Ելենան, – այս խոսքերով նա խելագարվածի նման վազեց դեպի տիկին Բերնարի առանձնարանը: Տիկինն այդ ժամանակ կանգած հայելու առաջ սանդրվում էր, նա հայելու մեջ տեսավ, թե ինչպես Անտոնը շփոթված ներս ընկավ յուր սենյակը. բայց նա այդ բանից բնավ չվրդովվեցավ:
– Հա, ի՞նչ կա, Անտոն, բա՞ն ունիս ասելու, – հարցրեց, նա նրան կատարյալ հանգստությամբ և առանց երեսը շուռ տալու:
– Տիկի՛ն, ո՞ւր է Ելենան, ինչու՞ մինչև այժմ պահել եք նրան:
– Ելենա՞ն, – զարմացմամբ հարցրեց նա:
– Այո՛, այո՛, Ելենան, ո՞ւր է, ինչու՞ է ուշանում:
– Ի՞նչ եք ասում: Ելենան երեկ երեկոյան եկավ ձեզ մոտ:
– Տիկի՛ն, դուք կատակ եք անում, – վայրենի ձայնով գոչեց Անտոնը, և նրա դեմքը կտավի գույն ստացավ…
– Ի՞նչ կատակ, ի՞նչ բան, ձեզ ասում են, որ երեկ երեկոյան նա եկել է ձեզ մոտ: Ի՞նչ անեմ, շատ խնդրեց, ես էլ չկարողացա բացասել. մի՞թե վատություն եմ արել:
Անտոնի ոտքերը թուլացան: Նա երերվեցավ և քիչ էր մնում, որ գետին ընկնի, բայց իսկույն հենվեցավ պատուհանին:
– Տիկի՛ն, դուք ինձ խելագարեցնում եք. նա մեզ մոտ չի եկել, ասացեք, ի սեր աստծո, ո՞ւր է նա…ո՞ւր է գնացել…
– Ձեր հայերը միշտ այդպես կոպիտ են, պարոն, – կեղծ բարկությամբ նկատեց տիկին Բերնարը, – ես ձեզ սուտ չեմ ասում խո. ի՞նչ է, ինձ մոտ է և ես ծածկո՞ւմ եմ:
– Բայց նա մեզ մոտ չի եկել տիկին, ո՞րտեղ է ուրեմն…
– Գուցե ձեր բարեկամներից մեկի տանն է, ես ի՞նչ գիտեմ, ո՞րտեղ է. ես խո փողոցում էլ նրա պահապանը չեմ:
Անտոնը ոչինչ չպատասխանեց, նա երերվելով դուրս գնաց:
– Աղջկերք, գուցե դուք գիտեք, ասացեք, ո՞ւր է Ելենան, – գրեթե շնչասպառ մոտեցավ նա մի քանի կարողուհիների, որոնք հավաքված էին պատշգամբի մի անկյունը:
– Ի՞նչ է, չէ՞ եկել ձեզ մոտ, – զարմացմամբ հարցրեց նրանցից մինը:
– Նա երեկ երեկոյան դուրս գնաց այստեղից, – հարեց մի ուրիշը:
– Ի՞նչ է պատահել, մի՞թե իրենց տուն չէ գնացել, – մի երրորդը հարցնում էր իր ընկերուհուն:
– Այ, չե՞ս տեսնում, հայրն ասում է, որ չէ գնացել, – պատասխանում էր նա:
– Աստված իմ, ի՞նչ եք ասում, ուրեմն ո՞ւր պետք է գնացած լինի, – բացականչում էր Նինոն:
– Գուցե ձեր քրոջ տանն է, պարոն, այնտեղ հանդիպեցեք – վերջապես խորհուրդ էր տալիս Շուշանը:
Անտոնն այս բոլոր հարց ու պատասխաններից ոչինչ նոր բան չհասկացավ, նրա համար միայն այն տխուր լուրը հաստատվեցավ, որ Ելենան երեկ երեկոյան կարանոցից դուրս է գնացել, բայց թե ո՞ւր է գնացել, նա չէր կարողանում հասկանալ: Վերջապես նա շվարած դիմեց դեպի իր քրոջ՝ Եղիսաբեթի տունը, որը Բերնարի կարանոցից մոտ էր գտնվում:
Ճանապարհին մի նվազ հույս պահում էր նրան, նա ուզում էր հավատալ, որ Ելենան երևի իր քրոջ տունն է գնացել, որովհետև քաղաքի մեջ նա էր իրենց միակ ազգականը, թեպետ այդ բանը նա առանց ծնողներին իմացնելու չէր անիլ: Բայց չէ՞ որ խեղդվող մարդն ամեն անզոր ճյուղից էլ բռնում է, հուսալով, որ նա կազատե իրեն…
– Այստե՞ղ է Ելենան, – հարցրեց Անտոնը քրոջից բակի մեջ նրան պատահելով:
– Ելենա՞ն, – զարմացմամբ հարցրավ քույրը:
– Այո՛, ուրեմն այստե՞ղ չէ… կորե՞լ է… – էլ ոչինչ չկարողացավ շարունակել Անտոնը և սկսեց գլուխը ծեծել:
– Ի՛նչ է պատահել, Անտոն, ոչինչ չեմ հասկանում, ասա, ի սեր աստծո, ի՞ նչ է պատահել…
– Ելենա՛ն… Ելենա՛ն կորել է, երեկ երեկոյան դուրս է գնացել կարանոցից և այժմ չկա… – դողալով մրմնջում էր Անտոնը և գլուխն ու ծնկները հարվածում…
– Ի՞նչ ասացիր այդ, Անտոն, – սարսափով բացականչեց Եղիսաբեթը և սկսավ բարձրաձայն հեկեկալ:
– Գնանք, գնանք մոր մոտ, գնանք ասենք, որ Ելենան չկա, մեռել է… – խելագարի նման մրմնջում էր Անտոնը, – գնանք, նա սպասում է ինձ…
Եվ հեկեկալով ու վայ տալով քույր և եղբայր ճանապարհ ընկան դեպի տուն:
Հռիփսիմեն դեռ կանգնած բակի ծայրում անթարթ աչքերով նայում էր հեռու, դեպի փողոցը, նա սպասում էր իր գեղեցիկ Ելենային… Եվ ահա` նկատեց փողոցի ծայրում Անտոնին, նրա հետ մի կին էլ կար, բայց հագուստները Ելենայի հագուստների նման չէին նա հետաքրքրությամբ դիտում էր նրանց, վերջապես ճանաչեց Եղիսաբեթին: Իսկ Ելենան ինչու՞ չկար, Եղիսաբեթը ու՞ր էր գալիս, նա ոչինչ չէր կարողանում հասկանալ:
Նրանք մոտեցան: Հռիփսիմեն նկատեց նրանց հուսահատ շարժումները, նա վերջապես տեսավ, որ Եղիսաբեթը լաց էր լինում, և ծնկները դողդողացին…
– Ին՞չ է պատահել, ո՞ւր է Ելենան, ինչո՞ւ առանց նրան եք եկել… – իրար ետևից հարցրեց Հռիփսիմեն, առանց մի քայլ անգամ առաջ գնալ կարողանալու:
– Ելենան… երեկ երեկոյան… – կակազեց Անտոնը և հեկեկանքը խեղդեցին նրա ձայնը:
– Ի՞նչ, երեկ երեկոյան մեռա՞վ… – սարսափով գոչեց Հռիփսիմեն:
– Ու՞ր էր թե մեռներ… երեկ երեկոյան կարանոցից դուրս է գնացել և էլ չկա… – դառն կսկիծով հարեց Եղիսաբեթը:
– Ա՛հ, Ելենա՛ս, – սուր ձայնով ճչաց Հռիփսիմեն և ուշաթափ գլորվեցավ գետին:
– Ի՞նչ արի՞ր դու, Եղիսաբեթ, ինչո՞ւ սրան էլ ես սպանում, – սոսկալով գոչեց Անտոնը և շտապով գրկեց դալկահար և ուշաթափ ամուսնուն:
Եղիսաբեթը դողալով վազեց տուն և ջրի սափորը քարշ տալով բերավ և սկսեց ջուր սրսկել Հռիփսիմեի վրա: Անտոնը որքան ուժ ուներ ձեռքերում, սկսավ շփել նրա մարմինը, քաշել ականջներից և կամ մատներն ատամների մեջ խրելով աշխատում էր զոռով բաժանել նրա միմյանց հետ կպած ծնոտները:
Անցան մի քանի վայրկյաններ, և Հռիփսիմեն աչքերը բացավ‘ «Ելենաս, ո՞ւր է Ելենաս…», – նվաղած ձայնով մրմնջաց նա, և կրկին թուլացավ:
Անտոնը և Եղիսաբեթը կրկնապատկեցին իրենց ջանքերը և մի քառորդ ժամից հետո հազիվ հաջողեցան ուշքի բերել Հռիփսիմեին, որն այժմ սկսել էր դառնապես լալ և մազերը փետել:
– Անտո՛ն, ո՞ւր է Ելենաս, նրան տարել են, նրան սպանել են… ինչու՞ համար ես կանգնել, գնա՛, գնա՛ գտիր նրան… – անդադար հեծեծում էր խեղճ կինը և անխնայաբար գլուխը և ծնկները հարվածում:
Թշվառ ընտանիքի լաց ու կոծի վրա հավաքվել էին դրացիներից և դրացուհիներից մի քանիսը. նրանք սիրտ էին տալիս Հռիփսիմեին, հուսադրում էին նրան, բայց բոլորի ջանքերն էլ ապարդյուն էին անցնում. Հռիփսիմեն ոչինչ չէր, ուզում լսել, նա անդադար յուր անձը կոծում էր: Վերջապես խառատ Օսեփը, որ նրանց դրացիներից մինն էր, առաջարկեց Անտոնին յուր հետ միասին գնալ և ոստիկանության հայտնել, խուզարկություն անելու համար:
Խեղճ Անտոնը մինչև այն արձանացած կանգնած էր. արտասվաց կաթիլները սառել մնացել էին յուր ծնոտների վրա: Դրացու առաջարկությունը լսելուն պես, կարծես նա նորից արթնացավ, և յուր կորուստի սոսկալի ծանրությունն զգալով սկսավ դառնապես լալ: Հետո գլխակոր առաջ անցավ ոստիկանատունը գնալու համար:
– Ո՞ւր ես գնում, ինձ էլ տար հետդ, – ճչաց Հռիփսիմեն նրա ետևից, – տար, ես չեմ կարող այստեղ մնալ, ես էլ եմ ուզում որոնել իմ Ելենային…
Շրջապատող կանայք շատ աշխատեցին պահել նրան, բայց հնար չեղավ. «Ես չեմ մնալ, ես կմեռնեմ…», – շարունակ կրկնում էր խեղճ կինը: Բայց նա չկարողացավ մի քանի քայլ անգամ փոխել, նրա ծնկներում ուժ չէր մնացել: Վերջապես կառք բերել տվին և նրանով չորս հոգի ուղղվեցան դեպի ոստիկանատունը՝ Անտոնը, Հռիփսիմեն, Եղիսաբեթը և խառատ Օսեփը:
Բայց դեռ ճանապարհի կեսը չանցած, Հռիփսիմեն կանգնեցրեց կառքը և պահանջեց, որ գնան առաջ Բերնարի կարանոցը, «Գնանք այնտեղ, Ելենան այնտեղ է, ես գիտեմ… – խելագարի նման խոսում էր նա, – գնանք, ես ինքս ուզում եմ ստուգել ամեն բան…»:
Կառքը ուղղվեցավ դեպի Բերնարի կարանոցը:
ԿՐԿԻՆ ՏԻԿԻՆ ԲԵՐՆԱՐԻ ԿԱՐԱՆՈՑՈՒՄ
Ժամը 12-ի մոտ էր. տիկին Բերնարը վաղուց արդեն հագնվել պատրաստվել էր: Այժմ նա հենված փափուկ բազկաթոռին լրագիր էր կարդում, իսկ առջևը գտնվող կոլորիկ սեղանի վերա դրված էր կաթով սուրճ և պաքսիմատ: Նրա դեմքը ոչինչ անհանգստություն չէր արտահայտում, նա նույնն էր, ինչ որ երեկ կամ անցյալ օրը: Յուր ամբողջ ընթերցանության ժամանակ նրա ճակատի կնճիռները միահավասար և անշարժ դրություն էին պահպանում. ամենահետաքրքիր գրվածքն անգամ նրա ուշադրությունը չէր լարում, ամենասրտաշարժ նկարագիրն անգամ նա կարդում էր անտարբերությամբ: Տիկին Բերնարը նմանում էր ա՛յն անձիքներից մինին, որ անցնելով աշխարհային կյանքի ամենաքաղցր և ամենադառն փորձերից, կանգնել է գործնական հողի վերա և յուր բոլոր առած դասերով հասել ա՞յն թշվառ եզրակացության, որ զգալը և կարեկցիլը առաջնորդում են մարդուն միմիայն դեպի թշվառություն, մինչդեռ անտարբերությունը բերում է նրան հանգիստ և խաղաղություն: Տիկին Բերնարը յուր գեղեցկությամբ հանդերձ, մի ամենօրյա կին էր, և կյանքի փորձերից պիտի հաներ այդ եզրակացությունը… մի բան, որ անում են ներքին արժանավորությունից և հոգվո մեծությունից զուրկ բոլոր մարդիկը:
Հազիվ նա վայր դրավ թերթը և պարզեց ձեռքը սուրճը առնելու, ահա կարողուհիներից մեկը ներս մտավ և հայտնեց, որ Ելենայի ծնողները և բարեկամները եկել են իրեն տեսնելու:
– Ի՞նչ է պատահել, ի՞նչ ունին նրանք ինձ հետ, – դժգոհությամբ հարցրեց տիկին Բերնարը, – չե՞ ն կամենում մի օր հանգիստ տալ մեզ: – Բայց խոսքը դեռ չէր վերջացրել, երբ խելացնորի նման ներս ընկավ Հռիփսիմեն:
– Տիկին, ո՞ւր է Ելենաս, – գոչեց նա Բերնարին դիմելով, – ինչո՞ւ նա մեզ մոտ չէ այսօր, ո՞րտեղ ես ղրկել նրան…
– Ձեր աղջիկը երեկ ես ղրկեցի ձեր տուն, – սառնությամբ պատասխանեց տիկին Բերնարը, – ես միևնույնն ասացի՝ այսօր առավոտ ձեր մարդուն, ուրեմն էլ ի՞նչ հարկ կար կրկին հարցուփորձի գալ այստեղ:
– Տիկի՛ն, իմ աղջիկը, իմ Ելենաս… նա մեզ մոտ չէ եկել… ես նրան ձեզ եմ տվել, ես պահանջում եմ իմ աղջիկը…
– Ի սեր աստծո, ես ոչ ժամանակ և ոչ ցանկություն ունեմ ձեզ լսելու, ձեր աղջիկը ինքը խնդրել և դուրս է գնացել եմ կարանոցից, ի՞նչ մեղավոր եմ ես այստեղ, հանգիստ թողեցեք ինձ, – ասաց տիկին Բերնարը և կրկին թերթը ձեռքն առնելով սկսավ կարդալ:
– Օ՛հ, տիկի՛ն, աղաչում եմ ձեզ, անգութ մի՞ լինեք, խղճացեք ինձ վրա… – այս խոսքերով նա ընկավ տիկին Բերնարի ոտքերը և նրա ծնկներին փարելով աղիողորմ ձայնով շարունակեց, – իմ Ելենան, տիկի՛ն, ասացեք, ի սեր աստծո, ո՞ւր է նա, ի՞նչպես հեռացավ նա ձեզանից, ո ՞վ գողացավ նրան, տիկին, այս բոլորը դուք կարող եք գիտենալ. դուք կարող եք նրան գտնել. դուք փորձված եք… օ՛հ, ես խելագարվում եմ, տիկին, օգնեցեք ինձ. տվեք ինձ իմ աղջիկը… իմ Ելենան…
– Դուք կարծես թե դիտմամբ ինձանի՞ց եք պահանջում ձեր աղջիկը, – բարկացած վեր թռավ սեղանից տիկին Բերնարը և մի կողմ հրեց Հռիփսիմեին:
– Այո՛, տիկին, իմ աղջիկը ես ձեզանից եմ պահանջում, – հաստատ ձայնով գոչեց Հռիփսիմեն, – ես նրան ձեզ հանձնեցի, և դուք պիտի նրան իմ ձեռքը տաք… ես ոչ ոքին չեմ ճանաչում:
Այս միջոցին գրեթե բոլոր կարողները հավաքվել էին տիկին Բերնարի սենյակը, վերջինս բարկացած անցուդարձ էր անում նրանց մեջ: Հռիփսիմեի վերջին խոսքերը լսելով՝ «Կարոլի՛նա, – դարձավ նա աղջիկներից մինին, – կանչիր այստեղ ծառային, այս մարդկանցը ես խոսք չպիտի կարողանամ հասկացնել, թող ուրիշները այդ անեն»:
Կարոլինան իսկույն դուրս գնաց: Մի րոպեից հետո ծառան ներս մտավ:
– Ա՛յ տղա, գնա՛ այս րոպեին կանչիր այստեղ ոստիկանական վերակացուին, – ասաց նրան տիկին Բերնարը, – թող նա գա և արձանագրություն կազմե մի փախստական աղջկա համար, որի պատճառով մեզ զրպարտում են այստեղ:
Ծառան դուրս գնաց:
– Փախստակա՞ն… ուրեմն իմ Ելենան մի փախստակա՞ն է… – կսկծալով խոսեց Հռիփսիմեն, – ինչպես հեշտությամբ անպատվում են նրան… օ՛հ, ո՛չ, ես չեմ հավատում, այնպես չէ՞, Անտոն, չէ՞ որ մեր Ելենան մի անմեղ, մի սուրբ աղջիկ էր. իմ սիրտս վկայում է, որ նրան գողացել են, որ նրան ծախել են… նա ինքը չէր փախչիլ…
Այդ միջոցին Հռիփսիմեի աչքն ընկավ Նինոյի և Շուշանի վերա, նա իսկույն վեր թռավ տեղից և դիմեց դեպի նրանց:
– Նինո՛, Շուշա՛ն, դուք այստե՞ղ եք. ի՞նչպես ես ձեզ չտեսի, ա՛խ, ինչպես ես ուրախ եմ, դուք կասեք ինձ, թե ո՞ւր է գնացել Ելենան, այնպես չէ՞, դուք նրա ընկերուհիներն եք.
Նա ձեզ սիրում էր… դուք անպատճառ կգիտենաք նրա տեղը ձեր տիկինը ինձ խաբում է. ասացեք սիրելիներս, ասացեք ո՞ւր է ձեր ընկերուհին… ո՞ւր է Ելենան, ասացեք, ես խելագարվոսմ եմ, ո՞ւր է իմ աղջիկը… – և նա բարձր ձայնով սկսեց հեկեկալ: Շուշանը և Նինոն չդիմացան այս աղիողորմ տեսարանին և փղձկալով ընկան Հռիփսիմեի գիրկը և սկսան լաց լինել: Բոլոր ներկա գտնվողները հետևեցին նրանց: Անտոնը սրտի կսկծից մորմոքելով կոտրատում է յուր մատները և խառատ Օսեփը սենյակի անկյունում կծկված լռիկ արտասվում էր…
Այս բոլորի մեջ անտարբեր և անողոք երեսով անց ու դարձ էր անում տիկին Բերնարը, լացի և մորմոքվելու ձայները ոչինչ չէին ազդում նրա կարծրացած սրտի վերա…
Մի քառորդ ժամից հետո ներս մտավ ոստիկանական վերակացուն:
– Ի՞նչ եք հրամայում, տիկին, – դարձավ նա Բերնարին:
– Երեկ երեկոյան իմ գիշերօթիկ կարողուհիներից մինը, Ելենա անունով, այս պարոնի և այս տիկնոջ աղջիկը, – այս խոսքերով նա մատնացույց արավ Անտոնին և Հռիփսիմեին, – խնդրեց ինձանից, որ թույլ տամ իրեն գնալ յուր հոր տունը, ինչպես միշտ սովորություն ուներ տոն օրերին գնալու, և ես արձակեցի: Այդ աղջիկը դուրս գալով իմ կարանոցից, չգիտեմ ո՞ւր է գնացել, որովհետև ինչպես սրանք ասում են, իրենց տանը չէ. այժմ նրա այս հարգելի ծնողները եկել և ինձանից են պահանջում իրենց դուստրը, հազար մի տեսակ զրպարտող ակնարկություններ անելով ինձ դեմ: Խնդրում եմ այդ բանի մասին հարցուփորձեցեք բոլոր իմ կարողներին և հարկ եղած արձանագրությունը կազմելով, ազատեցեք ինձ այս մարդիկների անիրավ և ձանձրացուցիչ պահանջներից:
Այս փաստաբանական ճառից ետ տիկին Բերնարը բարկացած գնաց և նստեց բազկաթոռի վերա և յուր փղոսկրյա հովհարը վերցնելով, երեսը շուռ տվավ դեպի պատուհանը և սկսավ արագ-արագ հովհարել երեսը, որը, իբրև թե այրվում էր բարկության սաստկությունից:
Ոստիկանական վերակացուն, ինչպես որ սպասելի էր, օտարոտի գտավ Ելենայի ծնողների պահանջը: Նա երկար հարցուփորձեց թե՞ նրանց, թե՞ ներկա գտնվող աղջիկներին և թե՞ տան ծառային, և ապա ստանալով մանրամասն ցուցումներ տիկին Բերնարի կողմից, կազմեց կարևոր արձանագրությունը: Հետո դառնալով որդեկորույս ծնողներին ասաց.
– Ձեր աղջկա կորուստի կամ փախստյան համար ամենից առաջ դուք պարտավոր էիք դիմել ոստիկանությանը. տիկին Բերնարին անհանգստացնելը բոլորովին անիրավացի է ձեր կողմից: Այսուամենայնիվ հույս ունեմ, որ նա կարեկցելով ձեր դրությանը կներե և ձեր այդ սխալմանցը, որը օրենքը կարող էր դատապարտել իբր զրպարտություն: Ինչ վերաբերում է ձեր աղջկա մասին լինելիք հետախուզությանը, այդ կկատարե ոստիկանությունը ամենայն աչալրջությամբ և եռանդով: Կարող եք հուսալ, որ նա շուտով կգտնե և կհանձնե ձեզ ձեր աղջիկը կամ գոնե կարելին եղած տեղեկությունները կհաղորդե ձեզ նրա ուր գտնվելու վերաբերությամբ: Այժմ դուք կարող եք հանգիստ թողնել տիկնոջը:
Անտոնը և Եղիսաբեթը վերցրին Հռիփսիմեին, որը ուժասպառ ընկած էր դեռ հատակի վրա, և նրա թևի տակը մտնելով, դուրս հանեցին սենյակից: Խառատ Օսեփը և ապա ոստիկանական վերակացուն հետևեցին նրանց:
ՍԹԱՓՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Առավոտյան ա՛յն ժամին, երբ Ելենայի ծնողներն անհամբերությամբ սպասում էին նրա գալստյանը, Ելենան զարթեցավ Փուլշատյանի առանձնարանում: Առաջին անգամ հենց որ աչքերը բացավ, վեր թռավ բացականչելով՝ «Աստվա՞ծ իմ, այս ո՞րտեղ եմ ես, այս ո՞ւմ տունն է…երազի մեջ եմ, թե՞ արթուն»: Եվ նա սկսավ ուշադրությամբ դիտել յուր չորս կողմը: Նա գտնվում էր մի գեղեցիկ ննջարանի մեջ, այդտեղ ոչ ոք չկար, ինքը միայնակ էր…
– «Ճշմարիտ որ սա երազ է… – կամացուկ շշնջում էր նա ինքն իրեն, – ես ինչու՞ համար պետք է այս տան մեջ լինիմ… ո՞վ բերեց ինձ այստեղ… բայց չէ, ես չեմ հավատում… ես չեմ եկել այստեղ…»: Եվ յուր սևորակ, մեծ-մեծ աչքերը նա ծանր և մտախոհ դարձնում էր այս ու այն կողմը և կես զարմացման մեջ: Մի քառորդ ժամ այս թմրած դրության մեջ մնալուց հետո նա հանկարծ բացականչեց.
– Ա՛հ, հասկանում եմ, հասկանում եմ… – և ապա կարծես ինքը յուր ձայնից սարսափելով, սկսավ կծել շրթունքները, խփել ճակատին և քաշել մազերը. – օ՛, օ՛ , այս ի՛նչ արի ես… ի՛նչ արի… և մի՞թե ճշմարիտ է… մի՞թե այս բոլորը երազ չէ… մի՞թե ես անպատված եմ.. – շարունակ հեծեծում էր խեղճ աղջիկը: Վերջապես նա դողալով ոտքի կանգնեց, մի քանի քայլ առաջ գնաց և կրկին կանգ առնելով, սկսավ ապուշ-ապուշ յուր շուրջը դիտել: Հետո հանկարծ աչքերը հառեց մի կետի վերա, որի մեջ կարծես որոնում էր մի բան, որ կորցրել էր… և մի րոպեից ետ սարսափահար շուռ տվավ երեսը, ճչաց և ուշաթափ փռվեցավ հատակի վրա:
Երևում էր, որ այդ տան մեջ ոչ ոք չլսեց խեղճ աղջկա ճիչը, որովհետև ոչ ոք էլ չմտավ նրա մոտ:
Թշվառ զոհը երկար ժամանակ զգայազուրկ ընկած էր հատակի վրա: Վերջապես նա կամաց-կամաց սթափվեցավ, բացավ աչքերը և բարձրացավ նստեց աթոռի վրա: Մի քանի վայրկյան ոգի առնելուց հետո նա արագ վեր թռավ տեղից. հագնվեցավ և դիմեց դեպի դուռը: Նա այնքան շփոթված էր, որ դռան փեղկը բանալու համար շարունակ դեպի հակառակ կողմն էր ձգում և հետո կարծելով, որ կողպված է, սկսավ ոտքերով հարվածել նրան: Այդ ձայնի վրա միայն երևեցավ տան աղախինը և բացավ դուռը: Երկու անծանոթ հայացքներ պատահեցին միմյանց և մի քանի րոպե սևեռվեցան դեպի իրար: Աղախնվո հայացքի մեջ պարզ կարդացվում էր կարեկցություն և խղճահարություն՝ անմեղ աղջկա դրության վրա, մինչդեռ Ելենայինը արտահայտում էր կատարյալ ապշություն:
– Դուք կամենո՞ւմ եք լվացվել, – հարցրեց առաջին անգամ աղախինը:
– Այո՛, կամենում եմ, – մեքենայաբար պատասխանեց Ելենան և հետևեց աղախնին, որը առաջնորդեց նրան դեպի ննջարանին կից լվացարանը: Այդտեղ լվացվելուց և վերիվերո պատրաստվելուց հետո Ելենան կիսաձայն հարցրեց աղախնուց:
– Ո՞ւր է նա…
– Ո՞վ, աղա Սամվե՞լը:
– Այո՛:
– Նա մյուս սենյակումն է և սպասում է ձեզ հետ միասին թեյ առնելու:
Ելենան լռեց:
– Դուք կամենում եք գնալ նրա մոտ, այնպես չէ՞. գնանք, ես ձեզ ցույց կտամ նրա սենյակը: – Ելենան դարձյալ անխոս հետևեց աղախնուն:
– Ահավասիկ, այստեղ է աղա Սամվելը, կարող եք մտնել: – Այս ասելով աղախինը հեռացավ:
Ելենան չհամարձակվեցավ դուռը բանալու, նա անշարժ կանգնել էր նրա մոտ: Բայց աղախնու խոսակցությունը լսել էր Սամվելը, ուստի և շտապով սենյակից դուրս եկավ:
– Դու արդեն զարթել ե՞ս, ես դիտմամբ թույլ տվի քեզ երկար քնելու. ինչու՞ համար ես կանգնել այդտեղ, արի՛, արի՛ ներս, – և այս ասելով նա կամեցավ բռնել Ելենայի ձեռքը:
– Հեռու, հեռու ինձանից, – ետ-ետ քաշվելով բացականչեց Ելենան, – ես սարսափում եմ ձեզանից…
– Ելենա, հոգյակս, ի՞նչ է պատահել քեզ. մի՞թե դու տխուր ես, մի՞թե դու ինձ ատում ես…
– Այո՛, ես ձեզ ատում եմ. ես ի՞նչ ունիմ այստեղ, ո՞վ եք դուք, ինչու՞ համար ես ձեր տան մեջ եմ, ինչու՞ համար ինձ խաբեցիք… ի՞նչ պիտի անեմ ես այսուհետև… – իրար ետևից հարցրեց Ելենան և սկսեց հեկեկալ: Նրա՝ ամոթից, երկյուղից և հոգեկան տանջանաց սաստկությունից կապված արտասուքներն սկսան առվի պես հոսել:
– Ելենա՛, հոգյա՛կս, ինչու՞ համար ես այդպես նեղսրտում, ինչու՞ համար ես արտասվում, մի՞թե ես քեզ խաբել եմ, և մի՞թե ես կարող եմ խաբել: Ամոթ չէ՞, որ այդպես խոսք ես ասում ինձ: Գնա՛նք, գնա՛նք, հոգյակս: Այդպես հիմար մտածմունքներով մի նեղացնիլ քեզ. մի՞ թե դու մոռացար այն ամենն, ինչ որ ես քեզ հետ երեկ խոսեցի: Դու իմ նշանածն ես. մի քանի օրից հետո մենք կպսակվենք, մենք բախտավոր կլինենք… Եվ այս խոսքերի հետ նա Ելենային զոռով յուր թևն առավ և մտավ սենյակը:
– Բայց ո՞ւր եք քարշ տալիս ինձ. ես պետք է իմ ծնողաց մոտ գնամ. նրանք այժմ ինձ սպասում են, նրանք կգան իմ ետևից և ինձ կարանոցում չգտնելով կշվարեն, կխելագարվեն… թողեք ինձ, որ ես գնամ նրանց մոտ. գոնե նրանցից կարողանամ ծածկել առայժմ իմ ամոթալի արարքը… իմ խայտառակությունը…
Բայց Սամվելը չէր կարող նրան թողնել. Ելենան դեռ մի քանի ժամ էլ հարկավոր էր իրեն, – նա պետք է յուր խոստումը կատարեր, այսինքն յուր ընկեր Մարգարին պիտի ծանոթացներ Ելենայի հետ և երեքը միասին պիտի ճաշեին այսօր, ինչպես Սամվելը խոստացել էր այդ Մարգարին մի քանի օր առաջ:
– Դու այժմ չես կարող գնալ, Ելենա, դու այսօր պիտի ճաշես այստեղ, – ասաց Սամվելը, – որովհետև…
– Ո՛չ, ո՛չ, մի՛ ասեք, ես չեմ կարող մնալ, – լալով ընդհատեց նրան Ելենան, – իմ ծնողներն այժմ ինձ պտրտում են, նրանք ցավից կմեռնեն, ես պետք է գնամ նրանց մոտ:
– Լսի՞ր, սիրելի Ելենա, ես այսօր հրավիրել եմ այստեղ իմ բարեկամ և ընկեր Մարգարին, որը պետք է իմ և քո խաչեղբայրը լինի: Մեր պսակի մասին մենք այսօր միմյանց հետ կարևոր խոսելիք ունինք, և դու էլ անպատճառ ներկա պիտի լինիս այդ խոսակցությանը, ուրեմն քո ծնողներդ մի քանի ժամ առաջ տեսնելու պատճառով այդ կարևոր գործը մի խանգարիր, Մարգարը գուցե երկրորդ անգամ քեզ տեսնել չկարողացավ. իսկ ես կամենում եմ, որ մեր պսակը շատ շուտ կատարվի, հասկանո՞ւմ ես. բայց եթե դու թողնես գնաս, այն ժամանակ ամիսներով կուշանա մեր ամուսնության գործը: Դու ինքդ չպետք է ցանկանաս այդ բանը, որովհետև դրանով կդժբախտացնես թե՛ ինձ և թե՛ քեզ…
Ի՞նչ աներ Ելենան, այն խեղճ, անմեղ աղջիկը: Կամուրջն արդեն ետևից վերցված էր, ճանապարհի կիսից ետ դառնալն անհնարին էր… Բացի այդ, նա սիրում էր Սամվելին. նա հավատում էր նրան, և մի՞թե կարող էր ընդդիմանալ, մանավանդ, երբ հարցը օրինավոր ամուսնության էր վերաբերում:
Եվ նա համաձայնվեցավ մնալ:
ԽՈՍՏՈՒՄՍ ԿԱՏԱՐԵՑԻ
Կեսօրից երկու ժամ արդեն անցել էր: Սամվելը Ելենային յուր թևն առած զբոսնում էր առանձնարանի հովանավոր այգիում և զանազան խոսակցություններով ու սիրալիր կատակներով զբաղեցնում էր նրան, աշխատելով միառժամանակ ցրել նրա տխրությունը: Նրանք դեռ չէին ճաշել և սպասում էին իրենց ապագա խաչեղբայր Մարգարին: Վերջինս շատ էլ սպասեցնել չտվավ: Հազիվ երկու զույգերը մի փոքր հանգստանալու համար նստեցին շատրվանի մոտ գտնվող նստարանի վերա և, ահա, պարտիզի կանաչ վանդակադռան մեջ երևեցավ Մարգարը: Մոտենալով շատ քաղաքավարությամբ ողջունեց նա Ելենային և Սամվելին: Վերջինս ծանոթացրեց նրան յուր սիրուհվո հետ, յուր «ապագա հարսնացուն» անվանելով նրան:
– Ամենից առաջ պատիվ ունեմ ձեր, թանկագին առողջության մասին հարցնել, օրիորդ: Ես ինձ բախտավոր եմ համարում այս րոպեին ձեր ընկերության մեջ գտնվելուս համար, – այս բերան արած հաճոյախոսությամբ դիմեց Մարգարը Ելենային:
– Շնորհակալ եմ, պարոն, շատ լավ եմ, – ամաչկոտ ձայնով պատասխանեց Ելենան և աչքերը գցեց գետնին:
– Իսկ հետո սրբազան պարտք եմ համարում խոստովանել ձեր առաջ, – դարձավ նա Սամվելին, – որ դուք մի շատ քաջ երիտասարդ եք, և արժե ձեզ հարգել, որովհետև ինչ որ խոստացաք, այն էլ կատարեցիք: Այսուհետև ես ձեզ կանվանեմ «ամենակարող»…
– Դուք այն առևտրական գործի վերաբերությա՞մբ եք խոսում, – ընդհատեց նրան Սամվելը (տեսնելով, որ յուր բարեկամը քիչ է մնում, թե յուր հիմարությամբ ամեն գաղտնիք լույս աշխարհ հանե). – այո՞, այդ գործում ես շատ ճարպիկ շարժվեցա:
Մարգարն իսկույն հասկացավ յուր սխալը և խոսքը շուռ տվեց:
– Այդ բոլորը թողնենք մյուս կողմը, դուք ա՞յն ասացեք, թե ե՞րբ եք հանձնում ինձ իմ պաշտոնը:
– Խաչեղբայրությո՞ւն, – հարցրեց Սամվելը:
– Իհարկե. ես այսօր հենց այդ բանն իմանալու համար եկա:
– Շատ շուտ, մինչև երկու շաբաթը:
– Օ՛, օ՛ , ոչ, ես համաձայն չեմ, այդ շատ է հեռի. միայն մի շաբաթ կարող եմ ես ժամանակ տալ ձեզ:
– Դո՞ւք ինչ կասեք սրա համար, օրիորդ, արդյոք ես ավելի լավ չե՞մ խոսում:
Ելենան ոչինչ չպատասխանեց, այլ շառագունվելով աչքերը դարձրեց մյուս կողմը:
Սամվելը նրա շփոթությունը տեսնելով, նկատեց. – Այդ բանի համար մենք այսօր առանձին կխոսենք, օրիորդը երևի չէ ուզում մասնակցել մեր այդ զրույցին: Առայժմ երթանք ճաշելու, – հարեց նա, – ծառան ահա մեզ հրավիրելու է գալիս:
Եվ նրանք ուղղվեցան դեպի տուն:
Այսօր ճաշը փառավոր և բազմախորտիկ էր. և սակավաթիվ հյուրերին ծառայում էին երկու մաքուր հագնված սպասավորներ: Թանկագին գինիների և օշարակների թիվը նույնպես կատարյալ էր: Կենացներից առաջինը նվիրվեցավ Ելենային. երկրորդը Սամվելին և երրորդն ապագա խաչեղբայր Մարգարին, այնուհետև առաջ անցան ապագա նշանադրության, հարսանյաց, ծննդյան և այլ կենացներ, որոնք բոլորն էլ համեմվում էին ախորժելի երգերով: Այդ բոլորը մի փոքր ուրախացնում էր Ելենայի սիրտը և մոտալուտ երջանկության մի հույս պարուրում էր նրա ճնշված և կոտրված սիրտը…
Բայց ճաշից հետո երբ Սամվելը Մարգարի հետ առանձնացավ դահլիճը, իբր թե իրենց ամուսնության մասին նրա հետ խորհրդածելու համար, և Ելենան մնաց միայն, դարձյալ տխուր մտատանջությունները պաշարեցին նրան:
«Այս ո՞րտեղ եմ ես, այս ի՞նչ եմ անում… – մտածում էր նա ինքն իրեն, – փախստական իմ ընկերուհիների միջից, ես նստել եմ մի օտարի տանը, օտար տղաների հետ, և քեֆ եմ անում… գինի եմ խմում, կենացներ եմ դատարկում… բայց իմ մայրը, իմ հայրը… ո՞ւր են նրանք, ո՞րտեղ են, չէ որ ինձ են պտրտում… Եվ մի՞թե ես խելագարվել եմ, ո՞ւր եմ մնում այստեղ և մինչև ե՞րբ պիտի մնամ…»: Այս մտածմունքները նրան շատ վրդովեցին: Նա վեր կացավ տեղից և դիմեց դեպի դահլիճի դուռը՝ դուրս գնալու դիտավորությամբ: Հանկարծ նրա ականջին զարկեց Մարգարի ձայնը, նա այնպես բարձր էր խոսում, որ Ելենան որոշ կերպով լսեց հետևյալ խոսքերը.
– Բայց գիտես ի՞նչ իրարանցում է եղել այսօր տիկին Բերնարի կարանոցում. Ելենայի ծնողները գնացել են այնտեղ, պահանջել են իրենց աղջիկը:
Տիկին Բերնարը նրանց հետ կռվել է. վերջը ոստիկանությունը հրավիրելով արձանագրություն է կազմել տվել իբր թե նրանց պատմելու համար, որովհետև իրեն զրպարտել են: Հենց այն ժամին, երբ ես անցնում էի կարանոցի առջևից, Ելենայի ծնողները նոր էին դուրս եկել տիկին Բերնարի մոտից. խեղճ մայրը այնպես էր լաց լինում, այնպես էր կոծում իրեն, որ ամբողջ փողոցը թափվել էր գլխին… – Ելենան այլևս սպասել չկարողացավ, նա արագությամբ բացավ դուռը և խելագարի նման ներս ընկավ դահլիճը:
– Այդ ինչե՞ր եք պատմում, այդ ինչե՞ր են պատահել, իմ ծնողները պտրտում են ինձ, նրանք լաց են լինում, նրանք ծեծում են իրենց… իսկ այդ բոլորը դուք թարցում եք ինձանից… ա՛խ անգութներ, ինչու՞ քնացրիք ինձ, ինչու՞ սպանում եք մեզ…
– Ի՞նչ է պատահել, Ելենա, հոգյակս, ի՞նչ բանից ես վրդովվել, – փաղաքշում էր նրան Սամվելը, իբր ոչինչ չիմանալով:
– Ի՞նչ բանից… դեռ նո՞ր եք հարցնում, բայց ես բոլորը լսեցի… ի սեր աստծո, պարոն, ազատեցեք ինձ այստեղից. տարեք ինձ իմ ծնողների մոտ. ես չեմ կարող ուշանալ, իմ շունչը կտրվում է, ես խելագարվում եմ… տարեք ինձ…
– Բայց ես այսպես ցերեկով քեզ հետ գնալ չեմ կարող, դա ամոթ բան է ինձ համար. սպասիր մութը մի փոքր կկոխե, այն ժամանակ ես կուղեկցեմ քեզ:
– Ամոթ բա՞ն է… օ՛ օ՛, ամոթ բան է ինձ հետ մանգալ, շատ լավ. ուրեմն ես միայնակ կերթամ. գոնե ցույց տվեք ինձ ձեր տանից դուրս գալու ճանապարհը:
– Բայց այժմ ո՞ւր ես գնում դու, գոնե մի երկու ժամ էլ սպասիր…
Ելենան թողեց Սամվելի խոսքը յուր բերանում և ինքը դուրս պրծավ դեպի պատշգամբը. այդտեղից այծյամի արագությամբ վար իջավ պարտեզը: Զբոսանքի ժամանակ նա այդտեղ նկատել էր մի գաղտնի դուռ, որ և յուր բախտից բաց գտավ:
Այդ դռնից նա դուրս փախավ և այլայլված սկսավ վազել մենավոր մի նեղ փողոցի մեջ:
– Ինչո՞ւ համար ծառաներից մեկին չես հրամայում ետ դարձնել նրան, – հարցրավ Մարգարը Սամվելից, երբ Ելենան իջավ պարտեզ:
– Ի՞նչ հարկ կա. թող ուր ուզում է գնա, – պատասխանեց Սամվելը, – այդպիսով նա իմ գործը դյուրացրավ: Իմ միակ ցանկությունն այն էր, որ այսօր քեզ նրա հետ ճաշ տայի իմ տանս. խոստումս կատարեցի և այժմ հանգիստ եմ:
ՃԳՆԱԺԱՄ
Հասնելով մի մեծ փողոց, Ելենան, դանդաղեցրավ յուր քայլերը, որպեսզի երագելով անցորդների ուշադրությունը չգրավե: Եվ թեպետ նրա վրա ոչ ոք մի առանձին ուշադրություն չէր դարձնում, բայց ինքն անդադար աջ, ձախ և ետ էր նայում: Նա կարծում էր, որ բոլորը գիտեն յուր արածը, որ բոլորը յուր վերա են խոսում… Նա մինչև անգամ յուր երևակայության մեջ լսում էր, թե ինչպես յուր ետևից ծաղրում են իրեն: Եթե մեկը ճանապարհին դեմուդեմ պատահում էր նրան և աչքերն ուղղում էր յուր վերա, ինքը երեսը շուռ էր տալիս, վախենալով թե՝ իսկույն մի նախատինք պիտի լսի այդ անցորդից, նա մինչև անգամ ամաչում էր օրը ցերեկով փողոցի մեջ, բաց երկնքի տակ գտնվելու համար և անհանգստությամբ շտապում էր մի գաղտնարանի մեջ ծածկվելու: Փուլշատյանի առանձնարանից դուրս գալու րոպեին նա միայն մի բան էր մտածում՝ դիմել յուր ծնողաց մոտ, հայտնել, որ ինքը կորած չէ, որ ինքը կենդանի է, և այսպիսով ուրախացնել նրանց… իսկ այժմ նա այդ մտքից անգամ սարսափում էր: Ի՞նչ երեսով գնալ յուր ծնողաց մոտ, ինչո՞վ արդարացնել յուր անհայտանալը…
Վերջապես նա վճռեց դեռ գնալ տիկին Բերնարի մոտ, այն կնոջ, որ յուր համար պատրաստեց այս հոգեկան տագնապը… Գուցե նա նրան մի ելք սովորեցներ… ուստի և ուղղեց յուր քայլերը դեպի կարանոցը:
Կյուրակե լինելով օրվան այդ ժամին կարանոցի մեջ ոչ ոք չկար: Թե՞ կարողուհիները և թե՞ ինքը՝ տիկին Բերնարը դուրս էին եկել զբոսնելու, միայն պառավ աղախինն էր, որ յուր տիկնոջ առանձնարանի դռան առաջ պառկած քնած էր: Ելենան առանց նրան զարթեցնելու, անցավ նախասենյակից և մտավ ա՞յն փոքրիկ սենյակը, ուր սովորաբար իրենց կարերով առանձնանում էին ինքը, Նինոն և Շուշանը կարողուհիների շաղակրատությունից և ափեղցփեղ խոսակցություններից ազատվելու համար: Նա տխուր և լռիկ նստեց յուր սիրելի անկյունում և ընկավ մտածողության մեջ:
Կարանոցի ամայությունն այժմ ավելի և ավելի զգալի էր դարձնում նրան յուր դրության ծանրությունը, «Անցյալ կյուրակե այս միևնույն ժամին ես էլ զբոսնում էի նրանց հետ», – մտածում էր խեղճ աղջիկը. – «այն օրը ես էլ ուրախ և անհոգ էի իմ ընկերուհիների նման, ոչ մի միտք ինձ չէր տանջում… իսկ այսօր… օ՛հ, ինչպես ծանր է. ինչպես անտանելի է… և այս բոլորը փոխվեցավ միմիայն մի շաբաթվա մեջ… այսօր ես վախենում եմ մինչև անգամ մարդու երես դուրս գալու, մարդու հետ խոսակցելու… իսկ իմ ծնողները… աստված իմ, ես սարսափում եմ, թե ի՞նչպես կարող եմ երևալ նրանց աչքին…»:
Այս և սրա նման մտքերով բավական երկար տանջվեցավ խեղճ աղջիկը: Ապա կես տխրությունից և կես հոգնածությունից նրա աչքերը ծանրացան և նա քնեց հենց այն փոքրիկ թախտի վերա, ուր նստած էր:
Երեկոյան դեմ բոլորը վերադարձան տուն, բայց Ելենայի բախտից ոչ ոք չմտավ այն սենյակը, ուր նա պառկած էր: Ամբողջ գիշեր նա հանգիստ քնեց այնտեղ:
Առավոտը մի ինչ որ գործի համար Նինոն մտավ այդտեղ և որքա՛ ն մեծ եղավ նրա զարմանքը, երբ Ելենային քնած գտավ այդ սենյակի մեջ: – Ելենա, մի՞թե դու այստեղ ես… – ուրախությամբ բացականչեց նա և վազեց փաթաթվեց յուր ընկերուհուն, որ դռան ճռնչալուց արդեն զարթել էր:
– Ա՛խ, այդ դո՞ւ ես, Նինո… – մրմնջաց Ելենան և գրկեց նրան:
– Ո՞րտեղ էիր դու, ասա, հոգիս, ո՞ւր էիր գնացել, ամբողջ քաղաքում քեզ պտրտում են: Ո՛րքան մենք տխրեցինք, ո՛րքան լացինք, եթե գիտենայիր… ասա, խնդրում եմ, ո՞րտեղ էիր, ե՞րբ եկար այստեղ:
– Ինձանից ոչինչ մի հարցնիլ, Նինո, հոգյակս, ես այժմ ոչինչ չեմ կարող ասել քեզ …
– Ի՞նչպես թե ոչինչ չես կարող ասել, մի՞թե մի դժբախտություն է պատահել քեզ հետ:
– Ոչինչ, դժբախտություն չէ պատահել, միամիտ եղիր, միայն թե այժմ ես ոչինչ չեմ կարող խոսել, ես հիվանդ եմ…
– Ուրեմն սպասիր, որ տիկնոջն ու Շուշանին հայտնեմ քո գալդ, նրանք էլ շատ անհանգիստ են:
– Ո՛չ, դեռ ոչ ոքին ոչինչ մի՞ հայտնիր, ամենից առաջ խնդրում եմ պատմի՛ր ինձ, թե ի՞նչ է պատահել ինձանից հետո: Դրանով դու ինձ շատ կպարտավորեցնես. իսկ հետո ես քեզ իմ ուր գնացած լինելս կասեմ:
Եվ Նինոն սկսավ մանրամասնաբար պատմել բոլորը, ինչ որ երեկ անցել էր կարանոցի մեջ. նա շատ սրտաշարժ ձևով նկարագրեց և Ելենայի ծնողաց դրությունը, նա պատմեց մինչև անգամ կարողուհիների մեջ յուր մասին տեղի ունեցած կեղտոտ խոսակցությունները…
Այդ բոլորը Ելենան լսեց մերթ ապշությամբ, մերթ կսկիծով և մերթ սարսափելով: Երբ Նինոն վերջացրավ յուր պատմությունը – «այժմ կարող ես իմ մասին հայտնել տիկնոջը», – ասաց նա ընկերուհուն, – «ես այստեղ սպասում եմ նրան»:
– Եվ միայն տիկնո՞ջը:
– Այո՛, առայժմ նրան. Շուշանին անգամ ոչինչ չասես, աղաչում եմ:
– Բայց դու խոստացար ասել ինձ, թե ո՞ւր էիր գնացել:
– Հետո՛, հետո՛, աղաչում եմ, այժմ մի՞ հարցնիր այդ, – թախանձեց նա Նինոյին և վերջինս դուրս գնաց:
Մի քառորդ ժամից հետո տիկին Բերնարը մտավ Ելենայի մոտ:
– Այս ո՞րտեղ էիք դուք, Ելենա, ձեզ չարաչար պտրտում էին ձեր ծնողները;
– Մի՞թե չգիտեք, թե որտեղ էի:
– Ճշմարիտ, որ չգիտեմ:
– Կատա՞կ եք անում, տիկին…
– Ոչինչ կատակ չեմ անում:
– Ես այնտեղ էի, ուր որ դուք ղրկել էիք, – կոշտ ձայնով նկատեց Ելենան, – այս դուք պետք է որ գիտենաք…
– Երիտասարդ Փուլշատյանի տա՞նը:
– Այո՛:
– Բայց ես չէի ղրկել ձեզ, որ այսքան ժամանակ այնտեղ մնայիք և ձեր անքաղաքավար ծնողները ինձ վերա կատաղեցնեիք:
– Անկե՞ղծ եք խոսում, տիկին: – Այս ասելով Ելենան յուր հայացքը սևեռեց ուղղակի տիկնոջ աչքերին:
Տիկին Բերնարն ուշադրություն անգամ չդարձրավ նրա .խորհրդավոր հայացքին, և սառնասրտությամբ շարունակեց:
– Օրիորդ, ես ձեզ այդպես չէի ճանաչել. այժմ դուք մի շատ վտանգավոր աղջիկ եք երևում իմ աչքում, ձեր այդ ակնարկություններն ինձ համար անտանելի են. և ես կկամենայի, որ իմ կարանոցը օր առաջ ազատ լիներ մի զրպարտողից. դուք կարող եք մինչև անգամ արատավորել նրա անունը:
Հեղինեն մնաց ընդարմացած. այս նրա սրտին կայծակի հարված իջեցրեց, և նա առաջին անգամ զգաց պատվի կործանման ծանրությունը…
Բայց տիկին Բերնարի այս տեսակ անողոք վարմունքն ուներ իր բնական պատճառները: Զգալով յուր գործած հանցանքի մեծությունը, նա աշխատում էր Ելենայի ամենափոքր ակնարկություններն անգամ, որոնք վերաբերում էին իրեն, պատժել սպառնալիքներով և նրա ամոթխած ու երկչոտ բնավորությունն այս ճանապարհով բռնաբարելուց ետ, չքացնել միանգամայն յուր անձին սպառնացող վտանգները: Եվ նա յուր հաշվի մեջ չէր սխալվում: Ելենան այժմ մի ծծկեր երեխայից է՞լ ավելի անզոր էր դարձել, ամեն մի ծանր խոսք նրան շփոթում էր. և տիկին Բերնարը վտանգներից իրեն ապահովեցնելու համար կարող էր անել նրա հետ ինչ որ կամենար:
– Դուք պետք է գնաք ձեր ծնողաց մոտ, – խոսեց նա կրկին, երբ տեսավ, թե Ելենայի լռությունը շարունակվում է, – գոնե ձեր տան մեջ դուք պաշտպանված կլինիք, մինչդեռ այստեղ մեր աղջիկները ձեզ շատ նեղություն կպատճառեն. ձեր վարմունքն առիթ կտա նրանց ձեզ ծաղրելու, իսկ ես չեմ կարող միշտ զսպել նրանց:
Այս նոր հարվածի վերա Ելենան ամբողջ մարմնով դողդողաց. նա ըմբռնեց տիկնոջ խոսքերի բոլոր ճշմարտությունը… Եվ իրավ, չէ որ նա այժմ մի անպատված աղջիկ էր, և նրան ամեն մարդ կարող էր և իրավունք ուներ ծաղրել… Այո՞, ամեն մարդ, մինչև անգամ փողոցի կանայք…
– Շնորհակալ եմ, տիկին. դուք ինձ լավ խորհուրդ եք տալիս, – վերջապես խոսեց Ելենան նվաղած ձայնով, – ես կերթամ, կհեռանամ այստեղից, միայն մինչև երեկո թույլ պիտի տաք մնալ այստեղ, ես օրը ցերեկով չեմ կամենում ոչ ոքի երևալ:
– Շատ լավ, ինչպես կամենում եք, – ասաց տիկին Բերնարը և դուրս գնաց սենյակից:
Ելենան մնաց միայնակ. նա գլուխը կախեց և ընկղմվեցավ տխուր մտածմունքների և հոգեկան տանջանաց անհատակ ծովի մեջ:
– Այո՞, ես մի անպատված աղջիկ եմ, և տիկին Բերնարն իրավունք ունի ինձ յուր կարանոցից արտաքսելու. ես կարող եմ արատավորել նրա անունը… նա մինչև անգամ ինձ խղճում է, նա չէ կամենում, որ յուր աղջիկները ծաղրեն ինձ… Աստված իմ, աստված իմ, և մի՞թե ես անարգության մինչև այս աստիճանը պետք է հասնեի, մի՞թե ես այնքան պիտի ստորանայի, որ տիկին Բերնարի կարողներն անգամ ծաղրեին ինձ: Եվ տիկին Բերնարը, որ թշվառության այս արկածը յուր ձեռքով իմ գլխի վերա փաթաթեց, չէ կամենում մի օր անգամ պատսպարել ինձ յուր տան մեջ. նա վախենում է հասարակության բերանից, նա պատվավոր կին է.. Իսկ ես ո՞ւր գնամ, աստված իմ, ո՞ւմ դիմեմ, մի՞թե իմ ծնողաց մոտ. բայց ի՞նչ երեսով, ինչու՞ համար, որպեսզի նրանց էլ ընկեր հարևանի մոտ ծաղրի և խայտառակության առարկա շինե՞մ… խեղճ իմ բարի ծնողներ, և դուք երբեք չէիք կարծիլ, թե ձեր Ելենան, ձեր համեստ և ամոթխած աղջիկը, որին այնքան փայփայում, սիրում և պաշտում էիք, մի օր պիտի կորցներ ձեր միակ և թանկագին հարստությունը՝ ձեր անարատ անունը և պատիվը… Օ՛հ, ո՛չ, ես չեմ ապրիլ, որ ձեզ անպատվություն բերեմ, ես կմեռնեմ. ավելի լավ է ինձ կորցնեք, քան թե ձեր բարի անունը…
Այս խոսքերից ետ նա վեր կացավ տեղից և սկսեց հուզված անցուդարձ անել սենյակի մեջ: Հանկարծ մի լուսավոր միտք ծագեց նրա գլխում և նրա երեսը փայլեց մի անսովոր ուրախությամբ:
– Ինչո՞ւ համար այս աստիճան ես կորցրել եմ ինձ, – բացականչեց նա, – ինչո՞ւ համար սպանեմ ինձ, մի՞թե ես այլևս պաշտպան չունեմ, իսկ իմ Սամվե՞լը, ինչու՞ համար ես մոռացել եմ նրան, չէ՞ որ նա ինձ սիրում է. չէ՞ որ նա իմ նշանածն է: Այո՛ ես կերթամ նրա մոտ, նա ինձ կպաշտպանե, նա չի թողնիլ, որ ուրիշները ծաղրեն յուր Ելենային… Ես կխնդրեմ, որ հենց վաղը նա դիմե իմ ծնողներին, խնդրե իմ ձեռքը և իսկույն պսակվի ինձ հետ. Նա իմ խնդիրը չի մերժիլ. նա ինձ սիրում է, նա գիտե, որ ես էլ յուր սրրո համար զոհեցի ինձ… Այո՛, նա կկատարե իմ խնդիրը և այդպիսով կփակե բոլոր խոսող բերանները և այն ժամանակ ես չեմ քաշվիլ բոլոր եղելությունը պատմել իմ ծնողներին, նրանք չեն դատապարտիլ ինձ, որ ես սիրել եմ և կհամոզվեն, որ իզուր չեմ սիրել…
Այս մտքով ոգևորված, Ելենան անհամբերությամբ սպասում էր ցանկալի երեկոյին: Նա տիկին Բերնարի միջոցով կանչեց յուր մոտ Նինոյին և կրկին անգամ թախանձանոք պատվիրեց նրան, որ ոչ ոքի հետ ոչինչ չխոսե յուր մասին մինչև մյուս առավոտ: Նինոն խոստացավ ճշտությամբ կատարել յուր սիրելի ընկերուհվո խնդիրը:
