Читать книгу: «Ազգային ջոջեր»
ՀԱՌԱՋԱԲԱՆ
Որչափ ալ բժիշկները վկայած ըլլան, թե ծիծաղն շատ օգտակար է մարսողության, Լիկուրգոս ծաղու աստվածներու արձաններ դնել տված ըլլա սեղանատուներու մեջ և վերջապես Պղուտարքոս կերակուրներու առաջին համեմն կոչած ըլլա զայն, մենք, այս հրատարակությունն ընելով, երբեք նպատակ ունեցած չենք ոչ փափուկ ստամոքսի տեր ընթերցողներուն մարսողությանը ծառայել և ոչ ալ քիչ կերակուր ուտողներուն ախորժակը բանալ, եթե երբեք գործս պիտի հաջողի քանի մը ժպիտ քաղել յուր ընթերցողներեն:
Մենք այս հրատարակությամբ աշխատած ենք մեր ազգին մեջ գտնված երևելի անձերուն կենսագրություններն ընելով` անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի` առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն:
Կը համարձակինք ըսելու, որ զոք վիրավորել ուզած ենք և ներկայացուցած ենք անձերն այնպես, ինչպես որ են և ոչ թե ինչպես որ կուզեն իրենք և եթե ընթերցողն տեղ տեղ ծանր կետերու հանդիպի` անոնց պատասխանատուն մենք չենք, ո՞ր հայելին գաճաճն Աքիլլես կանդրադարձնե, ո՞ր լեռն սուրբը սատանա կը կրկնե:
Կը խոստովանինք, որ ծննդյան թվականներուն մասին պետք եղած ճշմարտությունը չկրցինք պահել, վասն զի օրինավոր տոմարներու պակասության պատճառավ քառասուն տարիքն անցած մարդ չգտանք և ստիպվեցանք անոնց յուրքանչյուրին տալ այն տարիքն, զոր ունենալ կը թվին:
Հուսալով, որ ընթերցողն ներողամիտ ոգով պիտի նայի գործույս թերություններուն` մենք ինքզինքնիս վարձատրված պիտի համարինք, երբ տեսնինք, որ մեր աշխատությունն յուր նպատակի հասած է:
Հ. Հ. Պ.
ԽՈՐԵՆ ԳԱԼՖԱՅԱՆ
Խորեն եպիսկոպոս, աստվածաբան, կատակերգակ, ազգային երեսփոխան, բանաստեղծ, 1861-ին Գալֆայան, 1870-ին Նար-Պեյ, 1879-ին Լուսինյան – մինչև նոր տնօրենություն – ծնավ Կ. Պոլիս Սամաթիո թաղին մեջ 1841թվականին: Ծնավ գիշերը երեք տեղ հրդեհ պատահեցավ. Արնավուտ-գեղ, Ախրգաբու և Գասըմբաշա:
Խորեն չուշացավ հայտնել, թե յուր ծնունդովն բանաստեղծ մ’ալ ավելցավ ազգին և ոչ թե փորձանք, ինչպես կը գուշակեին քանի մը հեռատես մարդեր. վասն զի երբ մանկաբարձն անոր ոտներուն վրա դիտողություն կըներ, տասն և վեցոտյան ոտանավորներն միշտ այսպես կը վերջանան, պատասխանեց երախա բանաստեղծն, որ ազգային քերթող պիտի հորջորջվեր օր մը մեր ազգային համբակ… սափրիչներեն: Ութ օր վերջը կատարվեցավ յուր մկրտության հանդեսը: Կնքահայրն Ամբակում դրավ անոր անունը, սակայն երախան տուն երթալուն պես փոխեց զայն ու Խորեն դրավ:
Նախազգացմամբ գուշակեց կարծես, թե ձեռք պիտի քաշեր օր մը այս աշխարհիս վաղանցուկ հաճույքներեն, թե յուր կյանքն Աստուծո ծառայության նվիրելով մեծ քաղցրություն պիտի զգար: Ուստի, օր մը աչքերն վեր առնելով կնկան մը երես չէր նայեր… բազմության մեջ, փութանք ավելցնել, թե մեկե մը տեսնվելու կասկած կամ երկյուղ չունեցած ատենն ալ չէր նայեր կիներու… եթե ծեր ըլլային. և հետևապես, կուսակրոն ըլլալու համար ամեն տրամադրություն ուներ: Հազիվ չորս տարեկան կար, դրացվույն տղաներն յուր տունը կը հրավիրեր և անոնց հետ կրոնական խաղեր կը խաղար, նման այն խաղերուն, զորս երբեմն խաղալու չմոռնար: Աթոռի մը վրա բազմելով քարոզ խոսելու համար մեծ փափաք ուներ, իսկ երբ այդ աթոռը պատրիարքական ըլլար` հոգին կուտար:
Հայրը տեսնելով, որ տղան վարդապետ ըլլալու սիրով կը տոչորի, ինչպես որ նույն սիրով կը տոչորին միշտ յոթը տարու տղաներեն ոմանք, որոշեց Վենետիկի վանքը ղրկել զինք. և քիչ ատենեն այս որոշումը գործադրեց առագաստավոր նավու մը հանձնելով յուր զավակն 1847-ին: Երբ Վենետիկ հասավ Խորեն ու վանահոր ներկայացավ, վանահայրն, անոր շարժումները դիտելով, հայտնեց թե անկարելի էր զայն դպրոցի մեջ առնելը, որովհետև, ավելցուց, վանքին տրամադրած օրենքներուն հակառակ էր իգական սեռեն աշակերտ ընդունելը: Մեծ դժվարություն կրեցին համոզելու համար վանահայրն թե աղջիկ չէր իրեն ներկայացվողը: Երկրորդ օրը վանքին դպրոցը ղրկվեցավ Խորեն, ուր քիչ ժամանակի մեջ հսկայաքայլ հառաջ գնաց այն ամեն գիտություններու մեջ, որոնց շնորհիվ մարդս կը հաջողի սիրելի ընել զինք ռամիկներու: Մեր պաշտոնին հավատարիմ մնալու համար պարտավոր ենք հոս հիշել, որ այն ատեն որչափ սրամիտ, նույնչափ ալ խառնակիչ էր Խորեն: Վանահոր ականջներն ալ խուլցած ըլլալով այն տրտունջներեն, զորս Խորենի դեմ կընեին յուր դասընկերները, որոշվեցավ, որ ի պատիժ յուր անվայել վարքին, վարդապետ ձեռնադրվի: Այս ըլլալու էր խելոք չկեցող աշակերտներուն համար վանքին սահմանած պատիժը:
Վանքին մեջ քանի մը տարիներ վարդապետություն ընելեն ետքը, սենյակ մը քաշվելով քարոզ տալու վարժություն ընելեն ետքը – զգաց թե վանքը խիստ անձուկ ասպարեզ մ’էր համեմատորեն յուր ընդարձակ հմտություններուն` որովք օր մը փայլ պիտի առներ յուր անունն պճնասիրության աշխարհին մեջ: Փափաքեցավ անանկ ընդարձակ ասպարեզ մ’ընտրել, որուն մեջ կարող ըլլար ընդարձակորեն ծառայել Աստուծո: Այս փափաքն գոհացնելու համար երկու ոտքով ցատկեց, մեր ազգային պատրիարքարանն ինկավ: Հիշելու բարեբախտությունը չունինք այն թվականն` ուր Խորեն Էջմիածնա հպատակեցավ սակայն լավ հիշելու դժբախտություն ունինք,թե այս թվականեն ի վեր է, որ մեր կուսակրոնները ամեն պարզություն մեկդի դնելով` կիներու պես հագվիլ, սգվիլ և կոտրտվիլ սկսան… աղեկ ծառայություն ընելու համար:
Այն ժամանակները մայրաքաղաքիս հարուստներեն ոմանք իրենց ձիերուն ապագա պատրաստելու նպատակավ անոնց համար հոյակապ ախոռներ կառուցանելեն ետքը` իրենց զավակներուն համար ալ դպրոց մը շինելու գաղափարն հղացան. բայց որովհետև Կ.Պոլսո մեջ դպրոցի համար տեղ մը գտնելն անկարելի էր, որոշեցին որ Բարիզի մեջ բանան այս դպրոցն` որուն մեջ պիտի դաստիարակվեին իրենց զավակներն, և թերևս, իրենց ձիերն ալ, եթե հոս գործ չունենային: Իրենց այս որոշումին ծնունդ տվին Բարիզի մեջ դպրոց մը շինելով… ավազի վրա: Այս դպրոցին, որու անուն Հայկազյան, տնօրեններն եղան 1856-ին հռոմեականությունե հայոց եկեղեցին դարձած, կամ լավ ևս, գերութենե ազատություն դարձած երեք վարդապետներն, որոնց հարեցավ նաև վերջեն Խորեն եպիսկոպոս: Հիշյալ տնօրեններն եթե բան մը չսորվեցուցին աշակերտներուն, որոնք երբ մայրաքաղաքս դարձան բան մը չսորվելեն զատ, հայերեն լեզուն ալ կորսուած էին, գոնե սա սորվեցուցին ազգին թե` շատ լավ բան է իրավունք և պարտք ճանաչելն: Այս սկզբունքը մեզի սովորցնելեն ետքը մաքուր սրտով, հանդարտ խղճով հարյուր հազար ֆրանկի պարտ թողլով, դպրոցին դռները գոցեցին: Խորեն եպիսկոպոս ամենեն ավելի օգուտ քաղեց այդ դպրոցեն. մեծ քայլեր առավ հոն դեպի Պառնասա գագաթ. հոն կատարելագործեց մուսաներու արվեստը: Սա ինքն է որ, յուր վկայությանը նայելով, երկու ամիս աշխատելեն ետքը հետևյալ գյուտն ըրավ.
Զյուր անվան կոչ գիտե՞ս – ոհ, ոչ:
Թեպետև պատմաբաններեն ոմանք Հոմերոսի կընծայեն այս երևելի գյուտն, որ ժամանակագրությունք երևելի անցիցին կարգը գրվելու մոռցված է դժբախտաբար, սակայն մենք պնդելով կը պնդենք, որ այս գյուտին փառքը Խորենի միայն կը պատկանի: Քաջ գիտենք, որ Խորեն եպիսկոպոս այս գյուտն ընելեն անմիջապես ետքը հևալով կը վազե եղբորը և անոր կիմացնե: Եղբայրն նախ չուզեր հավատալ, ասանկ գյուտի մը գյուտն անհնար կը թվի իրեն, բայց վերջապես կը համոզվի և եղբորը փաթտվելով. Խորեն, կըսե, մեծ ծառայություն ըրիր ազգին այդ գյուտովդ. ազգը պարտավոր է երախտագետ մնալ քեզ համենայն ավուրս կենաց յուրոց: Արդարև այդ գյուտը մեր ազգի համար ավելի մեծ նշանակություն ունի քան գյուտ նշխարացը, և կը զարմանանք թե ինչու այդ գյուտին օրը կիրակի չեն բռներ… բանաստեղծները:
Հայկազյան դպրոցին փակումեն ետքը Կ.Պոլիս դարձավ Խորեն: Քանի մը ատեն հոն մնալեն ետքը դասախոսության պաշտոնով Թեոդոսիո Խալիպյան ուսումնարանը մտավ, ուր առավոտե մինչև երեկո դասախոսություն կըներ խմբագրության, պարապելով թերթի մը` որուն անունը կամ Մասյաց աղավնի կամ Պոլսո աղավնի: Աշակերտներն ալ իրենց վարժապետին հանգ կրելով կզբաղեին, որպեսզի հայրենասիրական եռանդուն քերթվածներ շինե ազգին:
Չհասկցվեցավ թե որ գիտության կամ ուսման մեջ հառաջ գացին հիշյալ վարժարանի աշակերտները, միայն սա հայտնվեցավ, որ երբ այդ աշակերտներն իրենց քաղաքները վերադարձան, պատուհաններուն առջևեն չէին հեռանար, փողոցեն անցնող աղջիկներն դիտելու համար: Կը հրաժարինք մանրամասնորեն պատմելե այն կյանքն, զոր վարեց Խորեն Թեոդոսիո մեջ, այո, կը հրաժարվինք, որովհետև դժբախտությունն այն եղանակավ հալածեց զինք Թեոդոսիո մեջ, ինչ եղանակով որ կը հալածե մեկն յուր սպասավորն, որ տան տիկնոջ աչք կը տնկե: Կրոնավոր մը այսչափ հալածվելու չէր… կրոնավորե մը: Եվ միթե հալածումը հաջողեցա՞վ անոր սկզբունքն փոխելու. բնավ երբեք. այլ, ընդհակառակն, ավելի ևս քաջալերեց զայն յուր սկզբունքին մեջ: Սկզբունքը, կըսե Աղեքսանդր Տյումայի որդին, բևեռներու կը նմանին, որչափ զարնես անոնց գլխուն` նույնչափ ավելի կը հաստատվին:
1864-ին դարձյալ ստիպվեցավ Պոլիս դառնալ, ուր քանի մը ամիսե ետքը Բերայի քարոզչության պաշտոնը ձեռք անցուց: Իրեն համար կրնանք ըսել ինչ որ կըսեն Պղատոնի համար, թե մեղուները մեղր քսած էին անոր շուրթերուն – թեպետև ուրիշներն ալ քիչ մը կարմիր քսած էին – այնչափ պերճախոս էր: Ժողովուրդը մինչև այսօր սիրով մտիկ կընե անոր քարոզները մինչև վերջը, և առանց քրտինք թափելու: Յուր քարոզներն ավելի կը փայլին քան յուր մազերը:: Ինչ հարկ կա երկարելու. կետեր կան, որոնց մեջ Խորեն տեսականի մարդ է և գործնականի չգար, կետեր ալ կան, որոնց մեջ միայն գործնական է: Դժբախտությունն հոն ալ վազեց քանի մը տարիեն, հոն ալ հալածեց զինքը. և Խորեն հոժար կամքով հրաժեշտ տվավ յուր պաշտոնին… երբ թաղեցիները վար արին զինքը:
1867-ին եկեղեցական պատգամավոր ընտրվելով` Վեհափառ Գևորգ կաթողիկոսին հուղարկավորությանը գնաց մինչև Էջմիածին, ուր եպիսկոպոսության աստիճան բարձրանալեն ետքը Պոլիս վերադարձավ և Պեշիկթաշի քարոզիչ անվանվեցավ: Հիշյալ թաղին վարժարաններու վերատեսչությունն ստանձնելով բարեկարգության ձեռք զարկավ: Աշակերտներուն սիրտն ու միտքն մշակելու համար անոնց հագուստները հանել տվավ և համաձև զգեստ տվավ և համաձև զգեստ շինել տալով հագցուց անոնց: Ահավասիկ ըրած միակ բարենորոգումն, որ կրնա ըսվիլ թե ավելի դերձակներու համար եղավ, քան աշակերտներու համար:
Քանի մը ամիս այս պաշտոնը վարելեն ետքը հրավիրվեցավ հրաժարիլ անկե.. բնավ դեմ չկեցավ. հրաժարվեցավ և “Մասիսի” խմբագրապետին տանն ապակիները խորտակել տվավ: Քանի մը քաղաքներե առաջնորդ ընտրվեցավ, բայց ինքն իբրև նախանձ նկատելով այն ամեն առաջարկություն, որ կստիպեր զինք հեռանալ Պոլիսեն` մերժեց գավառներու մեջ առաջնորդություն ընելը: Զմյուռնիան ոչ միայն ընտրեց, այլ հրավիրակներ ալ ղրկեց: Ընտրությունն ալ, հրավիրակներն ալ քաղաքավարությամբ վռնտեց: Տիգրանակերտն ալ ունեցավ Զմյուռնիո հիմարությունը, և անոր պես յուր պատիժը կրեց:
Ամենեն վերջը Ռոտոսթոյեն հրավիրվեցավ, որ իբրև հովիվ հոգևոր, արածե զիրենք. Խորեն եպիսկոպոս ընդունեց Ռոտոսթոն, բայց ծանր պայմաններ առաջարկեց, որ Ռոտոսթոն չուզե զինքը, օրինակի համար, այնպիսի ճամփու ծախք մը առաջարկեց, որով Ռոտոսթոյի բոլոր ազգայինները կրնային հոս փոխադրվիլ: Հարկ չէ ըսել թե Ռոտոսթոն ալ ստիպվեցավ, Զմյուռնիո և Տիգրանակերտին պես, ուրիշ առաջնորդ ընտրել իրեն:
Հիշյալ երեք քաղաքներն կը պարծին այսօր Խորենն իրենց առաջնորդ չունենալուն վրա:
Տեղեկանալու համար այն վավերական աղբյուրներուն, որովք անժխտելի կերպով հաստատված է այսօր թե Խորեն Նար-Պեյ Լուսինյանե սերած է, պետք է ներկա գտնվիլ այն գեղեցիկ արքայական երազին, որ պատիվ ունեցած է տեսնել Խորեն եպիսկոպոս 1870-ին:
Այդ երազին մեջ Նար-Պեյ Լուսինյան կը ներկայանա Խորեն եպիսկոպոսին և անոր կըսե. “Ես եմ Նար-Պեյ Լուսինյան, որ 1798-ին Կիպրոսի տաճիկներու հարստահարություններեն փախչելով` Եգիպտոս գացի և Նաբոլեոնեն մեծ պատվով ընդունվեցա:
Դու ինե սիրած ես, շուտ ըրե ել, հագնվե և մականունդ փոխե”: Մենք բնավ կասկած չունինք ասոր ստուգությանը վրա:
Շատերը արդեն այս երազին ներկա գտնված ըլլալով` իբրև ականատես վկա կը պատմեն, մինչև իսկ կը նկարագրեն Նար-Պեյ Լուսինյանի կերպարանքն, որով երևցած է, երազի մեջ, Խորենին:
Իբրև զորավոր փաստ ուրիշ ի՞նչ պահանջելու իրավունք ունինք, միթե Մասիս, Թերճիմանը-էֆքիար և Լրագիր օրագիրներն չհրատարակեցի՞ն զայն արժանահավատ աղբյուրներե քաղելով:
Բայց ի՞նչ օգուտ, մարդիկ որչափ ալ բարձրանան, նորեն բարձրանալ կը փափաքին. Խորեն եպիսկոպոս ալ, իբրև մարդ, քանի մը տարիներ Նար-Պեյով շատանալե վերջը ուզեց, որ Լուսինյան ալ հորջորջվի, նման այն ավազակին, որ ուրիշի մը գույքը հափշտակելեն ետքը կը փափաքի անոր հայրերն ալ կողոպտելու:
Այս չափազանց փափաքե մղվելով է անշուշտ, որ Խորեն եպիսկոպոս ելավ օր մը հետևյալը հրատարակեց.
“Նկատելով, որ Ռուսաստանի մեջ Լուսինյան մը կա, որ նամակով ինձի կիմացունե, թե ես իրեն եղբոր որդին եմ.
“Նկատելով, որ բոլոր եղբայրներս Լուսինյան մականունը կգործածեն.
“Նկատելով, որ հարազատ եղբայրներու մեջ տարբեր մականուններ գործածելն անտեղի է.
“Ես ալ որոշեցի, որ այսուհետև Լուսինյան գործածեմ”:
Փառք տանք Աստուծո, որ միտքը չէ ինկած հետևյալն ալ գրելու.
“Նկատելով, որ եղբայրներս ամուսնացած են…”:
Ինչպես հայտնի կերևա, Խորեն եպիսկոպոս վերոհիշյալ նկատելովներով բոլոր պատասխանատվությունն հորեղբորն ու եղբայրներուն վրա կը ձգե:
Հարկ կը համարինք հոս հիշել, թե Խորեն եպիսկոպոս յուր կարծիքներուն հետ ալ այնպես կվարվի, ինչպես յուր մականուններուն հետ, միայն սա տարբերությամբ, որ կարծիքներն ինն օրը անգամ մը կը փոխե, մինչդեռ մականունները ինը տարին անգամ մը: Թող աղոթք ընե նորին գերապատվությունը, որ վաճառական չէ, եթե վաճառական ըլլար և այնպես հաճախ մականուն փոխեր` քիչ ատենվան մեջ վաճառատունը կը գոցեր:
1876-ին Կրոնական ժողովո ատենապետ ընտրվեցավ շնորհիվ այն կուսակցության, որ իրեն հետ աշխատած էր Խրիմյանը պատրիարքական աթոռեն վար առնելու դյուցազնական գործին մեջ: Ատենապետ ընտրվելուն հետևյալ օրը բանադրեց մեկն, որ բանավոր պատճառներով առաջին կինն թողած ըլլալով` ուրիշ կնիկի մը հետ ամուսնացած էր: Այս բանադրանքը շատերը բավական խնդացուց: Քանի մը օր ետքն ալ Հայաստանյայց եկեղեցվո համաձայն հրատարակեց ճիշտ առաջինին նման ամուսնություն մը` որով ուրիշ մեկն յուր կինը թողած` ուրիշ կնիկ մը առած էր: Աս համաձայնը շատ խնդացուց ժողովուրդն: Այս հակասական վճիռներն մինչև այսօր իրարու դեմ հրացան կը քաշեն Կրոն. ժողովո արձանագրություններու մեջ:
1878-ին իբրև ազգային նվիրակ Խրիմյանի հետ Պերլինի Ավագաժողովը ղրկվեցավ: Թեպետև չգիտցվեցավ թե ինչու չկրցին Ավագաժողովին ներկայանալ, սակայն շատերը պնդեցին այն ատեն, թե ազգը մեծ օգուտ քաղեց անոնց ուղևորությունեն, թե ձայն հանելու չէ, այդ օգուտին ինչ ըլլալը վերջեն պիտի հասկցվի: Ասոր համար է, որ շատերն իրենց բերանը բացած` գործերուն վերջը դիտելու կը պատրաստվին: Եթե այս օգուտներուն երևակայականն մեկդի նետելով իրականին դառնանք` սա օգուտը կը գտնենք, որ առաջ գավառներու մեջ եթե տարին հարյուր հոգի կսպաննվեին` այսօր հազար կսպաննվին և այս ալ մեծ օգուտ է անշուշտ անոնց, որք բազմութենե չեն ախորժիր:
Պետք չէ մոռնալ այն մեծ ծառայություններն, զորս մատուցած է ազգին երեսփոխանական ժողովո մեջ: Յուր ատենաբանություններն շատ ներդաշնակ էին, երեժշտական խումբ մը կը պակսեր զանոնք ավելի ազդու գործելու համար: Յուր ճառերն նույն ազդեցությունը կընեին երեսփոխաններու վրա, ինչ ազդեցություն որ կընեն հատընտիր քաղվածք դպրոցական աշակերտներու վրա:
Չափազանցություն ըրած չենք ըլլար եթե ըսենք թե` իբրև մատենագիր ավելի ծառայած է ազգին քան իբրև կուսակրոն:
Յուր աշխատասիրություններուն մեկ մասը 1879-ին Բերայի հրդեհին հրո ճարակ եղան, ինչպես որ կըլլան դժբախտաբար ամեն երկասիրություններն, որք տպված չեն… գրված չեն:
Այդ գործերու մոխիր դառնալն մեծ կորուստ մ’է անշուշտ ազգին համար, բայց կրնանք մխիթարվիլ յուր հրատարակած գործերով, որոնք քիչ բացառությամբ, արժանիք ունեին… մոխիր դառնալու: Խորեն եպիսկոպոս ունի այսօր տասներկու գործեր: Ասոնց մեջն է Ալաֆրանկա կատակերգությունն, որ կապիկի պես ամեն բանի մեջ ուրիշի նմանելե հառաջ եկած վնասները կը հարվածե: Վարդենիք, անմեղ սերե ներշնչված գողտրիկ ոտանավորներ: Դաշնակք Լամարթինի անմահ բանաստեղծին ոտանավորներում գրաբար թարգմանությունը` զոր հասկանալու համար այն ատենները չորս հոգիե բաղկացյալ մասնաժողով մը կազմվեցավ, որն որ անկարող ըլլալով զայն լուծել թարգմանիչին դիմեց, որ ներումն խնդրելով պատասխանեց թե` վրայեն բավական ժամանակ անցած ըլլալուն պատճառավ ինք ալ չէր կարող հասկնալ: Քրիստոնեական, որ կը պատվիրե էրիկներուն ներել իրենց կիներուն, որքան ալ անպարկեշտ ըլլան, որքան ալ մեծ ըլլա անոնց սիրականներուն թիվը: Նախակրթական ֆրանսերեն լեզվի, ի պետս անոնց, որք փափաք չունին ֆրանսերեն սովրելու: Ստվերք հայկականք, որոնց մեջ առաջին տեղը կը գրավե զհայրենյաց ասա մեզ բան: Օտար լրագիրներու մեջ անդրալեռնականներու դեմ պաշտպանած է Հայաստանյայց եկեղեցին և ժողովրդյան համակրությունը գրաված է:
Խորեն եպիսկոպոս անուշ բնավորություն մ’ունի. ամենուն հետ այսպես կը վարվի, ինչպես որ խմբագիր մը կը վարվի այն մարդուն հետ, որ տարվան մը բաժանորդ կը գրվի և բաժանորդագինն ալ կանխիկ կը վճարե: Վարքեն կրնանք գուշակել թե յուր հարգած սկզբունքներն հետևյալներն ըլլալու են.
“Սիրե հայրդ ու մայրդ… եթե հարուստ են,
“Սիրե թշնամիներդ … երեսանց,
“Սուտ մի խոսիր… եթե շահ չունիս:
“Թող մի տուր կիրքերդ գերի ըլլան անձիդ.
“Դրացիներդ անձիդ պես սիրե”:
Մեռյալներուն գալով` անոնց հետ ալ ավելի քաղցրությամբ կը վարվի: Այնպիսի սրտառուչ դամբանականներ կարձակեր, այնպիսի պերճախոսությամբ կը գովեր արքայությունն, որ ներկա գտնվողները մեռնելու փափաք կզգային: Չմոռնանք սակայն ըսել թե` երբեմն ալ մեռյալն արքայութենեն ավելի կը գովեր` որով ննջեցյալն նախապատիվ կը սեպեր դագաղին մեջ մնալ քան թե արքայության մեջ: Ազգային հիվանդանոցին մոմերուն պես կարգերու կը բաժնվեին յուր դամբանականները, մեկ ոսկի տվող մեռյալն բարեսիրտ կըլլար, երկու ղրկողը բարեսիրտ և քիչ մ’ալ ազգասեր կը հռչակվեր, երեք նվիրողը ազնիվ սրտով և վսեմ զգացմունքներով կը զարդարվեր, չորս համրողը հանրածանոթ ազգասեր կը ծանուցվեր, հինգ տվողն կենդանությանը ժամանակ այնքան գաղտնի ողորմություն տված կըլլար աղքատներուն, որ մարդ տեսած չէր ըլլար, հայրենյաց բարերար կը հորջորջվեր, և ասանկներուն դագաղը ութը հոգի կը կրեր, որովհետև չորս հոգի բավական չէին կրել այնչափ գովեստներով ծանրաբեռնյալ ննջեցյալն:
Դագաղն ալ երբեմն զգացման տեր և ազգասեր կըլլար, եթե զայն շինող ատաղծագործը գերապատիվին մենիտիե մը ղրկեր: Իսկ անոնք, որ ժամանակ չունեին փրկանք վճարել դամբանախոսին` դամբանական լսելու իրավունքե կը զրկվեին, իրենց վերապահելով սակայն մեռնելու իրավունքը: Խորեն եպիսկոպոս յուր պաշտոնակիցներուն պես վարվելով` լռելյայն սա սկզբունք կը քարոզեր թե` չար եղեք որչափ կուզեք, բայց հարուստ եղեք, որչափ կրնաք: Ժողովուրդն, որ շատ անգամ ազգասեր, ողորմած, բարեսիրտ ածականներուն տրվիլը կը լսեր այնպիսի մարդերու` որոնք իրենց կենդանության ժամանակ ազգը մատնած են իրենց շահուն համար, կամ եկեղեցվույն գանձանակեն ստակ գողցած են, ինքնիրեն կըսեր. “Խորանի վրա, բազմության մեջ, այսչափ սուտ ի՞նչպես կարելի է ըսել առանց կարմրելու”:
Խորեն եպիսկոպոս մեծ մարդ է. ավելի մեծ պիտի ըլլա անշուշտ, եթե հաջողի Կիպրոսի մեջ Լուսինյանե մնացած կալվածներն Անգղիո ձեռքեն առնել. և աս ալ անհավատալի բան մը չէ:
Խորեն եպիսկոպոս միջին հասակով, բարեձև կազմով գեղեցիկ մարդ մ’է: Երբ փողոցն ելնե` ընդհանրապես այն դեմքը կունենա, երբ բազմության մեջ մեկն յուր սիրուհիին գաղտնի նշան ընելեն ետքը ուրիշ մը զայն տեսնե և իրեն ըսե. “Ըսածիդ հավնեցա՞ր”:
ՏԻԳՐԱՆ ՅՈՒՍՈՒՖՅԱՆ
Պատմագիրները համաձայն չեն Տիգրան Յուսուֆյանի ծննդյան թվականին վրա:
1850 թվականին ծնունդ կուտան անոր այն պայմանագիրներն, որ ամուսնացնելու աղջիկ ունին. ուրիշներն, որ անոր նախագահությանը տակ կորուսեր են իրենց դատը, 1820-ին կստեղծեն զայն:
Իսկ մենք, որ հաճույք մը չենք զգար կիներու մեջ տարիքի խնդիր հուզելով, կըսենք թե այս երեսփոխանը Միջագյուղ ծնած է 1835-ին, 1854-ին և 1875-ին: 1835-ին` եթե դեմքին նայիս, 1854-ին` եթե պարահանդեսի մը մեջ գտնվի, իսկ 1875-ին` եթե հասակին նայիս:
Ծնած ժամանակն այնքան նիհար էր, որ եթե Լիկուրգոսի օրով ծնած ըլլար` անպատճառ ջուրը ձգված պիտի ըլլար:
Մանկության օրերուն մեջ հանդարտ ու հեզաբարո ըլլալով` բնավ պատճառ չէր տար ստնտուին, որ զինքը կսմթե: Գիշերներն այնպես խոր քուն կը քաշեր, ինչպես որ կը քաշե, երբ իրեն երթաս և բանաս իրեն այնպիսի խոսակցություն մը, որ բնավ վերաբերություն չունի դատի հետ:
Ձմեռվան այն երկար գիշերներուն մեջ անգամ մը միայն կարթննար և այն ալ ոչ թե լալու կամ կաթ ուտելու համար, այլ յուր թաթիկներովն ստնտուին ծիծերը բռնելով քնանալու համար: Ամեն երախա, ինչպես հայտնի է, ունի այս սովորությունը, սակայն կերևի թե այս երախան բավական ատեն հետևած է այս սովորության, վասն զի, կըսեն ոմանք, չորս տարեկան եղած ատեն, տան սպասուհիները Տիգրանիկեն կը գանգատին եղեր:
Տղայական խաղերու բնավ չէր մասնակցեր. խելքն ու միտքը պարգևաբաշխության հանդեսին վրա էր:
Ամեն կիրակի իրեն հասակակից աղջիկներ ու մանչեր տուն հրավիրելով` աթոռներու վրա կը բազմեցուներ, ինքն ալ սեղանի մը վրա կելներ… ճերմակ ձեռնոցներով և կարճ, բայց ազդու ատենաբանությամբ աղջիկներուն երեսը կը նայեր… դաստիարակության օգուտներն անոնց զգալ տալու համար:
Ամիրայության մեծ փափագ ուներ. յուր կարճ բայց ազդու հասակովն ամիրության բարձրանալ կուզեր, վասն զի ամեն բարօրության հոն կը փնտռեր. ուստի նախատինք կը համարեր տեսություն ընել այն ամեն մարդու հետ, որ ամիրայական արգանդե մը ծնած չէին:
Օր մը նպարավաճառի մը ղրկվեցավ, որ քիչ մը պանիր առնե, բայց ինքն երբ տեսավ, որ նպարավաճառն ամիրա չէր, առանց պանիր առնելու ետ դարձավ:
Երբ յոթը տարեկան եղավ, թաղին վարժարանը դրվեցավ, որ ուսում առնե:
Այն ատենները վարժարաններու մեջ ամեն բան կը գտնվեր բացի ուսումե, որով Տիգրանիկն ալ ուսումեն զատ ուրիշ ինչ որ գտավ առավ թաղային վարժարանեն:
1850-ին Բարիզ գնաց և վաճառականության դպրոցը մտավ հոն:
Մեծ հաջողություն ցույց տվավ այն ուսման` զոր մենք վաճառականություն կանվանենք և որուն Խաբեություն անունը կը կարդա Վովընարկ: Քիչ ատենի մեջ կատարյալ սորվեցավ մարդ խաբելու սկզբունքներն, զորք պիտի գործադրեր վաճառականության մեջ: Սակայն բախտը, որ եթե չժպտիր ապուշներու, երբեմն անոնց պաշտպան կը հանդիսանա, ըսավ Տիգրանին.
Արդեն վաճառականները պատժել կուզեի, բայց անանկ պատիժ մը կուզեի, որ խիստ ըլլար: Ուրախ եմ այսօր զքեզ գտնելուս վրա, գնա ուրեմն դատավոր անունով պատիժ եղիր այդ վաճառականներուն վրա”:
Բախտին պատգամը կատարվեցավ, Յուսուֆյան առևտրական ժողովներեն մեկուն նախ անդամ և հետո ամբողջությունն (նախագահ) եղավ:
Նախնիք Արդարությունը տեսած պիտի ըլլան, որ զայն կշիռ ի ձեռին կը ներկայացնեն. անոր բարի ըլլալն ալ ճանչցած են անշուշտ, որ այնչափ հարգ ու պատիվ կընծայեն անոր. մենք դժբախտաբար ժողովներու մեջ ալ իրեն հանդիպած չունինք, որ տեսնեիք, ճանչնայինք և կարենայինք այսօր ըսել, թե Յուսուֆյան շատ լավ կամ գեշ կը վարվի Արդարության հետ:
Շատերը, որ մոտեն կը ճանաչեն Յուսուֆյան էֆենտին, կըսեն թե Արդարության ներկայացուցիչն է ան և թե Արդարության պես կշիռ մը ունի ձեռքը, սակայն պնդողներ ալ կը գտնվին թե` այդ կշիռը ծախու առնված է նպարավաճառե մը, որ պակաս կշռելուն համար ամեն օր տուգանք կը վճարեր:
Աս անհավատալի է:
– Կը տեսնե՞ք փաստաբանները ինչպես ուշի ուշով մտիկ կընեն, որպեսզի կետ մը բռնեն և ինձի դեմ դատ բանալ տալով քառասուն-հիսուն ոսկի վաստկին… Պարոն փաստաբաններ, մի պարծենաք կենսագրություններուս մեջ զիս դատի հրավիրելու բնություն ունեցող կետեր գտնելուդ վրա, որովհետև կենսագրություններս կազմող բոլոր կետերն նույն բնությունն ունին:
Այս պարագայիս մեջ կը նմանցնեմ զձեզ այն ձկնորսին, որ այս օրերս տասը բալամուտ որսալուն վրա կը պարծենա, քանի որ շաբաթե մը ի վեր ծովը բալամուտով լեցված է: Բայց քանի որ ձեզմե շատերը հոդվածի մը մեջ ավելի իրենց գործը կը փնտռեն քան թե արդարություն, ես ալ խոհեմություն կը բանեցնեմ և խոսքս կը փոխեմ: -
Առանց ասոնց կամ անոնց ըսածներուն ականջ կախելու` ես կըսեմ թե Տիգրան էֆենտի Յուսուֆյան միշտ արդարությամբ վարված է, որովհետև ուրիշ կերպով վարվիլը անկարելի է: Մեր բոլոր ժողովներուն մեջ արդարությունը միշտ կը փայլի յուր բացակայությամբը: Տիգրան էֆենտի շատ ճշտություն կը պահե յուր պաշտոնին մեջ. օրինակի համար, եթե պատիվ ունենաս օր մը իրեն ներկայանալու… դատով, նախ և առաջ քեզի պիտի ըսե.
Նախ`աս կողմը անցիր:
Երկրորդ` շիտակ կայնե:
Երրորդ` գլուխդ վեր բռնե:
Չորրորդ` ձեռքդ վար առ:
Եվ դուն այս հրամանները լսելով, անշուշտ պիտի կարծես թե, դերձակի մը առջև կը գտնվիս, որ չափդ պիտի առնե, բայց կը սխալիս, դատավորի մը առջևն ես, և որ ժողովին մեջ որ մտնես, այդ հրամանները պիտի կատարես:
Տիգրան էֆենտին այնչափ կը փափաքի ազգին ծառայություն ընել, որ հարյուր հոգվո գլուխ հանելիք գործը միայն կուզե կատարել: Սուտ չեմ խոսիր: Գնա օր մը իրեն ըսե.
– Էֆենտի, թաղիս մեջ կուզենք բարեգործական ընկերություն մը կազմել:
–Վսեմ գաղափար:
–Կը փափաքիք, որ հրամանքնիդ ալ ատենապետ ըլլաք:
–Սիրով կընդունիմ:
Այս պատասխանը առնելեդ ետքը դուրս ելիր սենյակեն և դռան քովը կեցիր:
Ահա ուրիշ մը կը մտնե.
– Էֆենտի, որոշեցինք վարժարաններու նպաստելու համար ընկերություն մը հաստատել:
– Շատ ազգօգուտ ձեռնարկություն:
–Արդյոք կընդունեի՞ք…
–Ատենապետությո՞ւնը… սիրով կընդունիմ:
–Կընդունեի՞ք տասը բաժին …
–Ընկալագիրն ամսե մը ղրկե:
Սենյակեն դուրս եկած ատենը ասոր ձեռքեն քաշե և քովդ կայնեցուր:
Երրորդ մը կը մտնե.
–Բարև, Էֆենտի:
–Աստուծու բարին:
–Մսավաճառի խանութ մը բանալ կուզենք ընկերությամբ:
– Ազգային դաստիարակությունը զարգացնելու ամենեն կարճ ճամփան…
– Ի՞նչ կըսեք:
– Շատ աղեկ խորհեր եք. առողջ մարմին, առողջ միտք, կըսե առածը. հետևապես մարդս որչափ միս ուտե, այնչափ առողջ միտք կունենա, ուստի որչափ շատնա մսավաճառությունն` այնչափ կը շատնա բանաստեղծությունը, գրականությունը և այլն:
– Շնորհակալ ենք, ի՞նչ պետք է այս գործը գլուխ հանելու համար:
– Ատենապետ մը, և այն ատենապետն ալ ես կըլլամ:
– Դռան քովն ես կարծեմ, ասոր ալ օձիքեն քաշե և չորրորդին սպասե, որ ահա կուգա.
–Բարև, Էֆենտի:
–Աստուծու բարին:
– Քանի մը երիտասարդներ մեկտեղ եկած ընկերություն մը հաստատած են. ասոնք ոչ իրենց ըրածը գիտեն և ոչ ալ ընելիքը. այսպիսի ընկերություններն ազգին չարիք հասցնելեն ուրիշ բանի մը չեն ծառայեր, ուստի մենք որոշեցինք ընկերություն մը կազմել… այդ ընկերությունը կործանելու համար:
– Բուն հայությունն ալ աս է:
– Մեզի կօգնե՞ք այս պարագային մեջ:
– Ինչո՞ւ չէ, քանի որ կըսեք թե ազգին վնասակար է, պետք է որ կործանվի:
Ես անոր ատենապետը կանչել կուտամ և կը խոսիմ:
–Ատենապետը կանչել կուտաք …
–Այո, պիտի վախնա՞մ իրմե:
–Բայց այս ընկերության ատենապետը … դուք եք:
– Ե՞ս եմ… Տեր ողորմյա … ի՞նչ փույթ թե ես եմ. քանի որ նպատակին չի ծառայեր կըսեք, պետք է կործանել:
– Շնորհակալ եմ:
– Մեր պարտքն է կործանել այն բոլոր վնասակար ընկերությունները, ով որ ալ ըլլա անոնց ատենապետը:
Կը կարծիք թե կը կործանե՞. քավ լիցի. – կը կարծեք թե կը շինե՞, երիցս քավ լիցի. այնչափ ընկերություններու անդամ է, որ ժամանակ չունի ոչ կործանելու, ոչ ալ շինելու: Ստույգը խոսելու համար Տիգրան էֆենտի Յուսուֆյան ազգին հառաջադիմությանը մեր ամենեն ավելի փափաքողներեն է, և այս չափազանց փափաքով է անշուշտ, որ ամենուն մեկեն հասնիլ կուզե և ոչ մեկուն կրնա հասնիլ:
Ոչ անցյալ և ոչ աս դարուս մեջ չկա ընկերություն մը, որուն կամ ատենապետն` կամ անդամ չըլլա, և ինչպես որ վարդն առանց փուշի չըլար, ընկերությունն ալ առանց Յուսուֆյանի չկրնար ըլլալ – առակաբանությունը միմիայն վարդին փուշեն անբաժանելի ըլլալուն վրա է, երեսս ինչ կը նայիք, ով չարամիտներ:
1868 –ին անդամ եղավ այն խնամակալության, որ հառաջ պիտի տաներ Շահ-Նազար և Նուպարյան վարժարանը, որ վերջեն աշխարհածանոթ եղավ յուր… կործանմամբը: Արդարությունը խոսելու համար յուր աշխատությունը չզլացավ հոն Յուսուֆյան էֆենտին, և ջանաց, որչափ որ կրնար, կանգուն պահել այդ շենքը, բայց որովհետև անհատի մը կամքն ու ջանքն միայն բավական չեն պայծառ պահել այնպիսի շենք մը, որ ժողովրդյան քաջալերությամբը միայն կրնար հարատևություն գտնել, ուստի և գոցվեցավ:
Հոն կը գտնվեին աշակերտներ, որ կես թոշակով ընդունված էին և քառորդն վճարել կը դժկամակեին, կային աշակերտներ, որ թոշակն բնավ չէին վճարեր և միայն կուտեին կը խմեին, կային որ դրամ մը չվճարելեն զատ կը փափաքեին, որ իրենց հագուստն ալ դպրոցեն շինվի: Այսպես կը վարվին ահավասիկ մեր ազգայիններն, երբ իրենց զավակներն ազգային մասնավոր վարժարանի մը մեջ դնեն, իսկ ընդհակառակն` պահանջվածեն ավելի կուտան, երբ օտարի մը հանձնեն իրենց զավակները:
1870-ին երեսփոխան ընտրվելով` հրավիրվեցավ երեսփոխանական ժողովո մեջ աթոռի վրա բազմելու: Այս ժողովո մեջ բավականեն ավելի գործեց, որովհետև հոն գործելը լեզվով էր ոչ թե ձեռքով: Յուր ատենաբանություններն երբեմն տարապայման կերկննային` և ունկնդիր ժողովրդյան գլխուն ցավ կը պատճառեին, թեպետև շատերը կը հարգեն Յուսուֆյան էֆենտիին ատենախոսություններն իբրև… քրտնեցուցիչ դեղ. և այս է պատճառը, որ հարբուխ եղողները փոխանակ թեյ խմելով կամ ոտքերը տաք ջուրի մեջ դնելով քրտնել աշխատելու` Յուսուֆյան էֆենտիի երկարաձիգ ատենախոսությունները մտիկ կընեին և քրտնելով բժշկություն կը գտնեին: Եթե սովորություն ըլլար, որ թույլ տրվեր կիներու մտնել երեսփոխանական ժողովին մեջ, շատ մը կիներ ուխտի կերթային անոր երկարապոչ ատենախոսություններուն: Երբ կարճ կը խոսեր` լավ կը բացատրեր յուր միտքն և զորավոր փաստերով կըմբերաներ յուր հակառակորդները: Ճշմարտությունը կը հարկադրե զմեզ խոստովանիլ, որ լակոնական ոճին մեջ շատ հառաջ գացած է յուր… հասակը, և երբ զինքը տեսնեմ` մտքես կըսեմ
– Ով մարդ լակոնական, այդ հասակիդ ոճը ինչո՞ւ չես գործածեր ատենախոսություններուդ մեջ:
Ոչ միայն երեսփոխանական ժողովո մեջ, այլ վարժարաններու և թատրոններու մեջ ալ ըրած է ատենաբանություններ, որոնց թիվն այսօր վեց հազար ութը հարյուր իննսունը վեցի կը հասնի: Յուր ատենաբանություննե- րուն մեկ մասը կսկսի “Խնամակալուհի տիկնայք”-ով, մեկ մասը “Տյարք և տիկնայք”-ով, մեկ մասն ալ “Տյարք”-ով:
Ամեն պարգևաբաշխության հանդեսներն ինք կը բանա. եթե երկու կամ երեք ալ կը հասնի, և դաստիարակությունը բնաբան դնելով կը համոզե հանդիսականներն, որ ստակ տան: Յուր համոզողական խոսքերուն շնորհիվն է, որ այսօր Միջագյուղի Ս. Թարգմանչաց վարժարանը գոցվելու վիճակի մեջ ինկած է:
1872-ին անդամ ընտրվեցավ քաղաքական ժողովին, որուն ատենապետն էր Ապրո էֆենտի, որուն հասակը լակոնական ոճի բնավ չէր համապատասխաներ: Յուսուֆյան էֆենտին ատենադպիր էր և երբ ատենապետին քովն նստեր` մարդս ինքնիրեն կըսեր.
“Եթե այս երկու մարդերու կարծիքներն այնպես են, ինչպես իրենց հասակները, ժողովը շատ դժվարություն պիտի քաշե որոշում մը տալու համար”:
Որոշ չգիտցվիր թե այն ատեն ինչ գործ տեսավ Քաղաքական ժողովն: Միայն սա հայտնի է, որ Պրուսիայի առաջնորդ գեր. Բարթուղիմեոս եպիսկոպոս հոս կանչվեցավ. վերջը նորեն տեղը ղրկվեցավ, դարձյալ հոս բերվեցավ, վերստին տեղը ղրկվեցավ, նորեն ետ պիտի կանչվեր, եթե Քաղաքական ժողովին պայմանաժամը լրացած ըլլալով` չհրաժարեր պաշտոնեն: Եվ որովհետև օրենք չէ Քաղաքական ժողովո ատենագրություններն ի լույս ընծայել – անշուշտ աջ ձեռքին գործած բարիքները ձախին ցույց չտալու համար – բնական է, որ անոր մեզի ըրած աղեկությունները չկարենանք հիշել: Եթե պաշտոնյաներուն վկայությանը դիմենք, մինչև այսօր ասոնցմե և ոչ մին քաջություն ունեցած է խոստովանելու թե ձեռքես եկածին չափ աշխատեցա ազգիս չարիք հասցնելու և խիղճս հանգիստ է: Քաղաքական ժողովո անդամ մը երբ յուր պաշտոնեն հրաժարի, կըսե.
“Աշխատեցա որչափ որ կարողությունս կը ներեր մեր ժողովին գործերուն մեջ կանոնավորություն մուծանել. շատ բարիք ըրինք ազգին, բայց նա չճանչցավ, եթե մեր տեղը ուրիշ Քաղաքական ժողովո մը ըլլար` ազգին վիճակը գեշ էր”:
Հիմա շատ աղեկ է… խոստովանիմ և հավատամ:
Տնտեսական խորհրդո անդամ մը կըսե.
“Մեր պաշտոնի գլուխ անցած ժամանակ սնտուկը շատ պարտք ուներ, իսկ հիմա քիչ պարտք ունի, զոր վճարելու անկարող է”:
Ալ այնչափ մեր հույսը կտրած ենք ազգային սնտուկն պարտքե խալսելե, որ անոր քիչ պարտք ունենալն մեզի երջանկություն կը համարինք:
Վերջապես ամեն պաշտոնյա յուր անձնանվիրությունը կը համարե և շատ զարմանալի է, որ ազգն այսչափ բարերարներ ունենալով չկարենա լավագույն վիճակի մը մեջ գտնվիլ: Մենք առանց գիտնալու թե Յուսուֆյան էֆենտին ինչ ընթացք բռնած է յուր այս պաշտոնին մեջ, կրնանք վկայել, որ վարված չէ ոմանց պես, որոնք ազգային պաշտոնատեղին այնպես կերթան, ինչպես կերթաս դուն վաճառատունդ, մյուսն յուր խանութը և ես իմ գրասենյակս: Շատ մը պաշտոնյաներ կան, որոնք ազգային պաշտոններու շնորհիվ իրենց Հնդկաստանի ճամփան ապահոված են:
Յուսուֆյան էֆենտին պատիվ ունեցած է քանի մը անգամներ Միջագյուղի թաղական խորհրդո մեջ գտնվելու, բայց երբեք թաղական խորհրդարանի մեջ: Այսօր հաստատված ճշմարտություն մ’է, որ եթե զինվորական ասպարեզին մեջ գտնվելով` զորաբանակի մը հրամանատար անվանվեր պատերազմի ժամանակ, և եթե այդ զորաբանակն ալ Պաղտատ գտնվեր` ինքն յուր թիկնոցին մեջ փաթթված` յուր Միջագյուղի տունեն դուրս չպիտի ելներ և Պոլսո մեջ հրամանատարություն պիտի ըներ Պաղտատի մեջ գտնված զորքերուն: Եթե իրեն դիտողություն ընեին` այն ատեն իրեն խոհարարը պիտի ղրկեր պատերազմի դաշտին վրա յուր հրահանգները զորանց հաղորդելու համար: Բնավ կարևորություն չտար այն վնասներուն, որ հառաջ կուգան որևէ պաշտոն մը ստանձնելով զայն չկատարելե: Եվ ահա այս սկզբունքով է, որ թաղական խորհրդարան երթալով` յուր պաշտոնին գլուխը անցած չէ: Բայց յուր ընկերներեն մին սնտուկը պարպած է, քահանաներուն իրավունքն յուր կոկորդն անցուցած է, աղքատին դրամը կլլեր է, ի՞նչ փույթ, բավական է, որ ինքն ատանկ բան մը ըրած չէ և հետևապաես պատասխանատվությունը երբեք յուր վրան չառներ: Անհոգութենե ծագած վնասներն իրեն համար առաքինություն կը համարվին: Ծով ինկած մարդ մը եթե ըսե իրեն.
– Կաղաչեմ էֆենտի:
– Ատենապետությո՞ւն ընեմ:
– Կը խեղդվիմ, ձեռքս բռնե որ ելնեմ…
– Կը խոստանամ զքեզ խալսելու, – կը պատասխանե, և գրպանեն Մասիս լրագիրը հանելով կարդալու կզբաղի:
Իրեն սկզբունքով` այդ մարդը ծովեն հանած եղավ, որովհետև խոստացավ: Բայց մարդը խեղդվեր է, հոգ չէ: Յուսուֆյանի համար խալսած է:
Իբրև մատենագիր շատ ծառայած է ազգին, չհրատարակելով յուր երկասիրություններն… եթե Բերայի հրդեհին մեջ հրո ճարակ եղած չեն: Եթե յուր բոլոր ատենախոսություններն լույս տեսած ըլլային` անպատճառ հազար հատոր պիտի կազմեին, և հետևապաես, մեր կյանքն կարճ ըլլալով զանոնք ամբողջ կարդալու համար մեր թոռներուն պիտի պատվիրեինք շարունակել անոնց ընթերցումը, և եթե անոնք ալ չկարողանային լմնցնել` տարակույս չկա, որ անդիի աշխարհին մեջ ալ Յուսուֆյանի երկարաբանությունները կարդալով` պիտի պատժվեինք… Ճշմարտությունը չվիրավորելու համար կը հարկադրվինք խոստովանիլ թե` որքան ալ հրատարակված չըլլան յուր ատենախոսություններն, անոնցմե մեծ մասը շատ ընդունելություն գտած է ժողովրդեն, որ փութացեր է անոնց յուրաքանչյուրին մեյ մեկ արձան կանգնելու:
Ողիմպիական խաղերու մեջ շատ հառաջ գացած է, կըսեն. մանավանդ ուիսթի մեջ: Բոլոր մեծ մարդերու ողիմպիական խաղերեն մեկն է աս, որուն մեջ ամենեն հաջողակը մրցանակ կառնե: Այդ խաղերուն մեջ տրված մրցանակները հայտնի են: Այս ասպարեզին մեջ բավական հրատարակություններ ունեցած է… սեղանի վրա, որոնք, չեն կարծեր, որ անմեղ զբոսանքի սահմանեն անցած ըլլան:
Յուսուֆյան` եթե մաս մաս քննվի` Քյոսե քեհյանին պես ձանձրացուցիչ կողմեր ունի. իսկ երբ ամբողջությունը քննադատենք` ամենքս կը միաբանինք ըսելու, թե չար սիրտ չունի. ազգին շահն յուր շահուն չզոհեր, և երեսփոխանական ժողովին մեջ ճնշման ներքև չիյնար… ուրիշ բան է, եթե վսեմափայլ Տատյան Հարություն պեյին մեկ կարծիքը հերքելու վրա է խնդիրը:
Յուր սկզբունքներն են.
Շատ խոսե, քիչ մտիկ ըրե.
Եթե քու չուզած մեկուն հետ տեսնվիլ չես ուզեր, բացե ի բաց մի մերժեր զինք, այլ այնպիսի ժամադրության տեղ մը ընտրե, ուր չկարենա գալ:
Երջանկությունը շատ անգամ պարգևաբաշխության հանդեսներուն մեջ կը գտնվի:
Խոստանալը կատարել է:
Յուսուֆյան էֆենտին կարճ հասակով, բարձր գաղափարով, վայելուչ երիտասարդ մ’է:
Ձմեռը այնչափ մեծ թիկնոց մը կը հագնի, որ մեջը կը կորսվի, այնպես որ զինքը տեսնողը չըսեր թէ` “որքան մեծ թիկնոց հագեր է”, այլ կըսե. “Եղբայր, կարծես թե սա թիկնոցին մեջ բան մը կա”: Յուր սովորական դեմքը կը հիշեցնե մեզ այն մարդուն դեմքը, որ երեսուն քայլ հեռավորությամբ թռչունի մը ուշադրությամբ նշան կառնե և երբ հրացանը կը պարպե` կը տեսնե, որ թռչունը տեղեն անգամ երերած չէ:
ԿԱՐԱՊԵՏ Ս. ՈՒԹՈՒՃՅԱՆ
Կարապետ ս. Ութուճյան, խմբագիր տնօրեն Մասիս պատմական լրագրո, ազգային երեսփոխան Ընդհանուր ժողովո, ծնած է Պալատ 1823թ. հոկտեմբերի 18-ին: Վիպագիրներեն ոմանք կը ջանան հաստատել, թե Ութուճյան ծնած ժամանակն այնպիսի հեգնական դեմք մը ուներ, որ կարծես դայակին ըսել կուզեր. ինչ մեծ գործ տեսար: Կան պատմագիրներ, որ, հակառակը պնդելով, կը զրուցեն թե Ութուճյան աշխարհ փոխադրված ժամանակն այնչափ խոժոռադեմ էր, որ դայակը վախենալով ինքզինքը սենյակեն դուրս նետեց և, գինիի մեջ քիչ մը մոխիր խառնելով խմելեն ետքը, դրացիներուն վազեց ազդարարել` թե առջի գիշերը տեսած մեկ երազն կատարված էր: Դայակը երազին մեջ տեսած էր, որպես թե մեկն սագի փետուրով ահագին քարեր կը նետեր յուր վրա: Երախան այս բաներեն բնավ տեղեկություն չուներ. յուր սովորությանը համեմատ տասը տարի ետքը իմացավ, սակայն այն ատեն ալ լրագիր չուներ, որ Ներքին Լուրերու մեջ հրատարակեր:
Կարապետն մորն արգանդեն բաժանվելուն պես զգաց` թե մարդս պարտավոր է նախ յուր փորը գոհացնել և ապա բաժանորդները: Ուստի մորը ծիծերեն կախվեցավ և այնչափ անհագաբար ծծել սկսավ, որ քանի մը ամիսեն մորը ծիծերը բոլորովին պարպեց, և ստիպվեցավ մնացած ամիսներն աղվեսի կաթով անցունել:
1831-ին ուսում և գիտություն առնելու համար Պալատի վարժարանը մտավ այն ձևով, որով կը մտնե այսօր մրգավաճառներու խանութը խնձոր առնելու համար: Դասատուներու հետ շատ անգամ կը վիճաբաներ: Ապուշ տղայի մը պես իրեն տրված ամեն դասն առնելով տուն չէր դառնար. շատ անգամ յուր դասատուին կըսեր.
–Այս տված դասը աղեկ չէ, ես աղեկ տեսակեն կուզեմ:
Դասատուն կը ջանար համոզել զինքը` թե տված դասը լավագույն է: Իսկ Ութուճյան դասատուին խոսքերուն բնավ կարևորություն չէր տար և կը պնդեր, որ դասն առաջին տեսակին ըլլա: Դասատուին կառաջարկեր միշտ այս խոսքը. ներսեն հանե, զոր յուր հայրը կը գործածեր, երբ մսավաճառեն միս առնելու երթար: Իրավունք ուներ Ութուճյան այս խոսքը կրկնելու, վասն զի այն ժամանակի դասատուներն հիմակվան մսավաճառներեն ավելի ճշմարտախոս չէին: Այս ընթացքով և փափաքով յուր բոլոր ընկերները գերազանցեց հայկաբանության և սատանայության մեջ: 1834-ին Պալատի վարժարանին հրաժեշտ տալով` Գանլը Քիլիսեի դպրոցը գնաց: Քանի մը տարի հոն աշակերտելով` կատարելապես ձեռք բերավ Հայկաբանությունն և Ճարտասանությունը: 1838-ին մտավ ճեմարան, ուր ճեմելեն զատ բան չսորվեցավ:
Հայրն` որ շատ հարուստ չէր, զավկին ճեմելը տեսնելով` գիրքերն առավ իրմե և արդուկ մը տվավ, որ անով հագուստներ հարդուկե: Այն ատեն ցավոք սրտի համոզվեցավ Կարապետ, որ աշխարհաբարն ուղղելեն առաջ վերարկուներ և վարտիքներ ուղղել պետք էր: Հնազանդեցավ հորը հրամանին և սկսավ խանութը երթալ: Շատ չանցավ, հոն ալ փայլեցուց յուր հանճարը. մեկ ժամվան մեջ քառասուն վերարկու կարդուկեր, թեպետ և շատ անգամ կը խանձեր զանոնք, բայց տրամաբանության ուժով հանցանքը կամ երկաթին վրա կը բեռնավորեր կամ կրակին վրա: Եվ այս եղանակով քանի համոզեր հաճախորդներն այնքան ավելի փափաք կուտար գիտություններու` զորս ուրիշները խաբելու համար ստեղծած կը կարծեր: Երբեմն Հայր Արսենի քերթվածները կարդալու կը զբաղեր և հաճախորդները ժամերով սպասել կուտար:
Պարապո ժամերուն մեջ բնավ չէր մոռանար աշխարհաբար գրություն մը գրաբարի դարձունելեն ետքը նորեն աշխարհաբարի վերածել: Օր մ’ալ տեսավ, որ թիկնոցին երեսը շատ հինցած էր, շրջեց զայն ու հագավ, և երբ հայրն պատճառն հարցուց` պատասխանեց, թե թիկնոցը գրաբարեն աշխարհաբարի դարձուց: Բնական է, որ կարդալու համար սրտին մեջ այնքան փափաք սնուցանող մեկը լաթեղեն ասպարեզն խիստ անձուկ գտնար. ուստի թողուց հորն արվեստն և դասախոսության սկսավ:
1845-ին ազգային վարժարաններու և քանի մը տուներու մեջ այցելու դասատու ընդունվեցավ:
Երեք տարի այս պաշտոնն ամեն հաջողականությամբ վարելով քիչ մը դրամ պատրաստելեն ետքը միտքը դրավ Բարիզ երթալ ու վաճառականության դպրոց մտնել:
1848-ին Պոլիսեն մեկնեցավ Բարիզ երթալու համար, ուր երկու տարի ու կես վաճառականության վարժարանին մեջ առևտրական գործերու վրա կատարյալ հմտություն առնելեն ետքը, 1851-ին Պոլիս դարձավ և հետևյալ օրն ուզեց վաճառատուն մը բանալ: Վաճառականության համար պետք եղած ամեն բաներն ուներ, միայն ստակ չուներ: Իր դեմ ելնող բոլոր բարեկամներուն կառաջարկեր, որ դրամագլուխ դնեն և իրեն հետ ընկերությամբ վաճառականություն ընեն, իսկ անոնք կը մերժեին անոր առաջարկությունն: Վհատություն եկավ վրան. և որովհետև վհատությունն մեր ազգին մեջ մարդս կամ գերեզման կը տանի կամ խմբագրության ասպարեզը կը նետե, այս վերջինին մեջ ձգվելու դժբախտությունն ունեցավ:
1851-ին Մասիս անունով լրագիրն հրատարակելու ձեռնարկեց: Այս լրագիրն բնավ նպատակ չուներ հասարակության լուրեր տալու, այլ պարզապես կը հրատարակվեր աշխարհաբար լեզուն կոկելու և գեղեցկացնելու համար: Եթե մինչև մոտ ատեններս լուրերն ամենեն ուշ կը հաղորդեր` պատճառն այն էր, որ զանոնք սահուն և կոկիկ աշխարհաբարի կը վերածեր և այնպես ի լույս կը հաներ: Եվ այն լուրերն, որոնց մեջ խորթ բառեր կը գտնվեին, բնավ չէին հրատարակվեր Մասիսի մեջ, որքան ալ օգտակար ըլլային յուր ընթերցողներուն. լավ է, կըսեր, որ ընթերցողներս վնասվին քան թե Մասիսի լեզուն: Զարմանալի չպիտի թվի անշուշտ, եթե հայտնեմ, որ երբեմն սկզբունք ալ կը զոհեր լեզվին: Չմոռնանք խոստովանիլ, թե Ութուճյան յուր քերականության մեջ ներդաշնակության առաջին տեղ տված ըլլալով` բավական բառեր հարստահարված է, շատ բառեր սպաննած է, բայց այս դարուս մեջ ո՞ր բարեկարգությունն առանց արյան կարելի եղած է, որ աշխարհաբարի բարեկարգության համար զոհողություններ չըլլան:
Ուրիշ խմբագիրներու պես շաբաթն անգամ մը չփոխեր յուր կարծիքները: Թերևս առարկվի, թե կարծիք ըսածը լաթի պես է, մեկը շատ լաթ ունենալու է, որ շաբաթն անգամ մը կարենա փոխել: Կարծիքներու մասին աղքատ չէ ինքը, մանավանդ թե զինքը աղքատ ամբաստանողներեն շատ ավելի հարուստ է, բայց զանոնք չփոխելը այն հիման վրա հաստատված է, թե մարդս այն ատեն փոխելու է կարծիքը, երբ կը հիննա և ալ չգործածվիր: Ամեն կարծիքներն իրարու ետևե գործածելը` ըստ մեզ, միտքը շռայլության վարժեցունել է, և ինքը շատ խոհեմությամբ կը վարվի յուր կարծիքներուն վրա հաստատ մնալով: Արժեթուղթերու գիներուն հետ ալ իր կարծիքներուն պես կը վարվեր Մասիսի մեջ, բնավ չէր փոխեր զանոնք: Երբ արժեթուղթերուն գիները երկու ֆրանկ բարձրանային, պետք է, կըսեին, Մասիսի մեջ արժեթուղթ դնել և Ղալաթիո հրապարակին վրա երկու ֆրանկ շահով ծախել:
Արդարության ջերմ և նախանձախնդիր պաշտպան է:Ոևէ խնդիր մը անաչառությամբ քննելու համար զայն կը պարզե, անոր մեջ ճշմարտութենե առաջ բաժանորդ կը փնտռե. վասն զի առանց բաժանորդի ճշմարտությունը չպաշտպանվիր: Երբ կը տեսնե, որ ճշմարտությունը խոհեմությամբ կը վարվի` անոր կուսակից կըլլա, իսկ երբ կը նշմարե, որ կը հանդգնի իրեն շահուն դիպչիլ` բոլոր ուժովը կը զինվի անոր դեմ. և իրավունք ալ ունի, քանի որ անձնապաշտպանությունը օրենքն ալ կներե:
Շատերն իրեն մոռացկոտ բնավորությունեն օգուտ քաղելով` երբեմն երբեմն հաջողած են յուր ազգօգուտ լրագրույն մեջ հակասական նամակներ հրատարակել տալ: Բայց քանի մը տարի առաջ Շահ-Հյուսեինի խնդրույն նկատմամբ Փունջի դեմ բացած դատեն խրատվեցավ և հիմա առջի գրածները չմոռնալու համար մատը դերձան կը կապե:
Եվ որովհետև այս դատն 1875-ին բոլոր փաստաբաններն և գրագետները հուզեց, հարկ կը համարինք անոր վրա համառոտ ծանոթություն մը տալ: Գրիգորիս եպիսկոպոս Ալյաթճյան, Երզնկայի առաջնորդ, յուր պաշտոնատեղին երթալեն անմիջապես ետքը հանրածանոթ չարագործ Շահ – Հյուսեինի դեմ նամակ մը գրե Մասիսին: Սույն նամակին հրատարակութենեն քանի մը ամիս ետքը նորին գերապատվությունը ի նպաստ Շահ – Հյուսեինի նամակ մ’ալ կը ղրկե Մասիսին, որ կը հրատարակե յուր էջերուն մեջ: Ժողովրդյան ատելի չարագործի մը Մասիսի մեջ փառաբանվիլը տեսնելով Փունջ` յուր պաշտոնակցին վրա կը հարձակի ապուշ, կենդանի, քսու և վատ պատվանուններով:
Մասիս այս պատվանուններեն վիրավորված կենթադրե յուր անձնականությունն և ի դատ կը հրավիրե Փունջը: Այս դատին պզտիկ պատկերը կրնա համարվիլ հետևյալը.
Դատավոր. – Ինչո՞ւ համար այս մարդուն պատվույն դպար:
Փունջ. – Ես չհայհոյեցի:
Մասիս. – Ինձի վատ և կենդանի ըսելեն ետքը հիմա կը պնդե, որ կենդանի բառը մարդ կը նշանակե, և աս նշանակութենե կեզրակացունե, թե ես ալ մարդ եմ:
Դատավոր. – Մարդ բառը չե՞ք ընդունիր, անո՞ր դեմ կը բողոքեք:
Մասիս. – Չէ մարդ եմ, բայց կենդանի չեմ:
Փունջ. – Եթե կենդանի չես, ուրեմն մեռյալ ես:
Մասիս. – Մեռյալը դուն ես:
Փունջ. – Կենդանի բառն անասուն չնշանակեր… եթե ինձի չեք հավատար` Տերոյենցի, Լուսինյան Խորեն եպիսկոպոսի հարցուցեք:
Մասիս. – Հարցնելու պետք չկա, կենդանի բառը հոս գեշ մտքով դրված է:
Փունջ. – Ես աղեկ մտքով գրի:
Մասիս. – Վատ բառին համար ի՞նչ պիտի ըսեք
Փունջ. – Վատը ցած չնշանակեր:
Մասիս. – Բա՞րձր կը նշանակե:
Փունջ. – Բարձր ալ չնշանակեր: Ես միայն այս գիտեմ, որ այդ բառը քու արարքդ նշանակող բառ մ’է:
Մասիս. – Հայհոյություն է:
Փունջ. – Ոչ, վատ բառը ծույլ, թույլ, հույլ կը նշանակե:
Մասիս. – Դուն ես ծույլ, թույլ, հույլ… նույնահանգ բառերը ժողովեր եկեր է… ոտանավոր շինելու չեկանք հոս:
Դատավոր. – Ծույլ ըլլալը կրնա՞ս հաստատել:
Մասիս. – Անկարելի է:
Փունջ. – Եթե ծույլ չէ` վախկոտ է, վասն զի վատը վախկոտ ալ կը նշանակե:
Դատավոր. – Ես այդ բառերը պատրիարքարան կը ղրկեմ, անոնց ինչ ըլլալը կը հասկնամ և հետո ձեզի կը կանչեմ:
Բառերը պատրիարքարան գացին և հոն մնացին: Եթե օր մը ելնեն` հասարակությունը հարկավ պիտի լսե ու իմանա անոնց նշանակությունները: Սակայն երկու խմբագիրներն պատվավոր կերպով հաշտվեցան և հաղթությունը մնաց… երկուքին ալ քովը:
Պաշտպան է ոչ միայն ճշմարտության, այլ նաև պատրիարքական գահու վրա, երբ գահեն վար իջնան` ինք ալ կը դադրի անոնց համակարծիք ըլլալե: Այս դարավոր սովորության շնորհիվ է, որ հիմակվան ամենապատիվ Ներսես պատրիարքի օրով պաշտպանեց Խաչատուր կաթողիկոսը, Վանցի Պողոս Վարդապետն և ի տանեն Մամիկոնեից Մամբրե եպիսկոպոսը, զորս կը հարվածեր Խրիմյանի օրով: Որչափ ալ անհեթեթ ըլլա պատրիարքի մը որոշումը` զայն հարգելու սովորություն ունի, և տարակույս չունինք, որ եթե Կալիգողայի օրով խմբագրության պաշտոնին մեջ գտնված ըլլար` գովաբանելով պիտի դրվատեր Կալիգողայի այն որոշումն, որով ձին հյուպատոս անվանել կուզեր և անշուշտ խմբագրական հոդվածով մը ձին ալ պիտի շնորհավորեր ըսելով:
“Հռովմայեցիներու համար նոր դարագլուխ մը բացվեցավ:
“Մինչև հիմա հյուպատոսները իրենց պաշտոնը չարաչար գործածելով ժողովրդյան գանգատներուն առիթ տված էին”:
“Բարեխնամ Կալիգողա կայսրը ժողովրդյան գանգատներն ու բողոքները նկատողության առած ժամանակը` փափաքելով միանգամ ընդմիշտ անոնց վերջ տալ` հյուպատոսն յուր պաշտոնեն հրաժարեցուց և անոր տեղ անվանեց յուր հավատարիմ վսեմափայլ ձին, որուն մատուցած ծառայություններն արդեն ծանոթ են մեր ազգայիններուն:
“Քաջահույս ենք, որ նորընտիր, հայրենասեր և արդարակորով ձին յուր խոհական և փորձյալ քաղաքագիտությամբը ամեն ճիգ պիտի թափե երկրին և ժամանակին պահանջումներուն համեմատ բարեկարգություններ ընելով ժողովրդյան հարգն ու համարումն իրեն գրավել:
“Անօգուտ չըլլար հիշել նաև, թե վսեմափայլ ձին գեշ տնօրենություն մը ըրած չհամարվիր, եթե իրեն օգնական կարգե մեծապատիվ (այս անուն) էշն, որ ծերակույտի ժողովին մեջ մեծ ձայն ունեցած է ժամանակով, էշն որ սիրելու պատիվն ունի այն ազնվական ավանակեն, որ մեծ տեղ մը գրված է Հին Պատմության… ախոռին մեջ”:
Այս խմբագրական հոդվածը գրելեն քանի մը օր ետքը Ներքին Լուրերուն մեջ պիտի կարդայինք հետևյալներՆերքին Լուրերուն մեջ պիտի կարդայինք հետևյալները.
“Ժողովուրդը շնորհակալության ուղերձ մը գրեց Կալիգողա բարեխնամ կայսեր յուր ձին հյուպատոս անվանելուն համար:
“Այսինչ կառավարության դեսպանն երեկ հյուպատոս ձիին այցելություն մը տալով երկու ժամու չափ տեսակցեցավ հետը”:
“Այսինչ կառավարությունն յուր խնդակցությունը հայտնելու նպատակով հյուպատոս ձիին պատվանշան մը ղրկեց: Վսեմափայլ ձին հեռագրով շնորհակալություն հայտնեց հիշյալ կառավարության”:
“Երեկ գիշեր վսեմափայլ հյուպատոսին ախոռին մեջ կոչունք տրվեցավ դիվանագետներուն, բոլոր երևելի ջորիներն իրենց ազնվաշուք ընտանիքներովն և նշանավոր էշերն պարահանդեսի զգեստով մեծ փայլ մը կուտային սույն շքեղ հանդեսին: Էշերուն կենացը գավաթներ պարպվեցան”:
Այսչափով չպիտի շատանար, այլ պիտի առաջարկեր ճանճերե զինվոր առնել, մեղուների վրա տուրք դնել, ուղտերը թաղապետության անդամ անվանել և հասարակաց ապահովությանը համար մրջյուններե ոստիկանություն մը կազմել. և վերջապես պիտի առաջարկեր ինչ որ այս այլանդակ կայսրը կը խորհեր:
Մենք զինքը մեղադրելու նպատակավ չէ, որ Կալիգողայի ղրկեցինք Ութուճյանը, այլ ցույց տալու համար այն ընդունելությունն, զոր կընե ամեն պատրիարքներու որոշումներուն և առիթ կուտա ըսել տալ ուրիշներուն, թե Մասիս պատրիարքարանի բերանն է կամ ականջն է:
Մինչև մոտ ատեններս չափազանց խոհեմությամբ վարվելով` պահպանողական ընթացք մը բռնած էր, իսկ տարիե մը, այսինքն այն օրեն ի վեր, որ Մասիս ամեն օր կը հրատարակվի բացի կիրակի օրերեն, տոնի օրերեն և գրաշարի հիվանդ եղած օրերեն, հարձակողական դիրք մը բռնած է: Ամեն ազատությամբ կը խոսի այսօր ինչ որ մտքեն անցունելու կը վախնար երկու տարի առաջ: Անաչառաբար խոսելով քաջությամբ պաշտպանեց և դեռ կը պաշտպանե հայկական խնդիրն յուր քաղաքական հոդվածներովն: Երբեք առիթ չփախցուներ հալածել ամեն անոնք, որ ազգային իրավունքներուն դպչիլ կուզեն: Այս ամենն ընելով դարձյալ չէ արժանացած այն քաջալերության, որով միայն կարող է թերթերը մեծցունելով ազգին հայախոս և մեծ լրագիր մը կարդացնելու փափաքն իրականացնել:
Բայց Մասիսեն ունի երկու ընտիր թարգմանություններ, որ մեր ժողովրդյան վիպասանության ճաշակ տվին: Թափառական հրեան և Գաղտնիք Հավատաքննության մեր ժողովրդյան բավականեն ավելի ներկայացուցին անդրալեռնականները: Այս թարգմանություններու համար թարգմանիչն բավական դափնյա պսակներ ընդունեց, զորս քակելով տունը կը ղրկեր, որ օձաձուկ առնեն և դափնիներուն մեջ դնելով, կասկարայի վրա եփեն, նվիրեցին նաև բավական ձիթենիներ` զորս շնորհակալությամբ ընդունելով կը մռմռար.
Ավելի աղեկ չէ՞ր ըլլար, եթե այսչափ ձիթենիի տեղ սափոր մը ձեթ ղրկեիք ինձի:
Ճիշտ Եզոբոսին աքաղաղին պես որ կըսեր.
– Մարգարիտն ի՞նչ ընեմ, գարիի մը հատիկն ինձի համար ավելի կարժեր:
Թարգմանած է նաև Վեքֆիլտի երեցն և Քաղաքական տնտեսագիտություն, որոնց, ինչպես նաև բոլոր թարգմանություններուն մեջ ցույց կուտա, որ մեր թարգմանիչներուն արժանավոր հաջորդն ըլլալու պատիվն կը վայելե:
Ութուճյան ոչ նվազ նշանավոր եղած է ազգային երեսփոխանական ժողովո մեջ: Անիրավություն ըրած կը համարինք ինքզինքնիս, եթե չհիշենք հոս, որ ազգային պատմության մեջ Սահմանադրության հիմնողներուն մեջն անցած է նաև յուր անունը: Քանի մը երեսփոխաններու պես խոսած ըլլալու համար խոսելու սովորություն չունի. վասն զի ուրիշներու գլխու ցավ պատճառելն խղճին կդիպչի: Խիստ քիչ անգամ խոսք կառնե և քանի մը բառի մեջ յուր միտքը բացատրելու հատկությունն ունի: Իսկ անուրանալի է, որ երբ ոտք ելնե և ատենապետեն խոսք ուզե, այնպիսի շարժումներ կընե, որ կարծես տղա մ’է և վարժապետին կըսե.
–Վարժապետ, գործ ունիմ:
Կարապետ էֆենտի Ութուճյան, յուր ամբողջությամբն առնելով, բարի և ազգային մարդ մ’է: Քսանևութ տարիներե ի վեր խմբագրությամբ ազգային ծառայելեն զատ շատ մը հանձնաժողովներու, ժողովներու և խորհուրդներու մեջ ազգային ծառայած է անձնվիրաբար և նույնչափ տարիներ ևս պիտի ծառայե, եթե յուր կազմին նայինք: Երկչոտությունը թողլով քաջությունը ձեռք առած է, թեպետև աս ալ ճշմարիտ է, որ աղվես ձևանալ չմոռնար երբ ագռավ մը տեսնե:
Իբրև խմբագիր մեծ թերություններ կրնա ունենալ, բայց իբրև սխալական մարդ մեծ առավելություններ ունի: Մեկու մը վնաս տալ չուզեր, սակայն ամենեն ալ օգուտ քաղել կը փափաքի: Ուրիշներու բարիք ընելու չզլանար, եթե պարագաները թող տան: Կը սիրե այն ամեն գործերն, որ բարի, գեղեցիկ և օգտակար են, իսկ կը պաշտե` երբ գեղեցիկ են: Եթե դեմքեն զատես զինք, վճիռ կարձակես թե անմատչելի մեկն է, իսկ երբ օր մը հետը տեսնվելու պատիվն ունենաս` տված վճիռդ հետս կը կորչես և կը խոստովանիս, որ այս մարդուն դեմքը սրտին հետ հակասության մեջ է: Ցավ է մեզ սակայն խոստովանիլ, որ եթե գրիչով մեկու մը դեմ գրելու որոշում տա` չխայթեր, այլ կը վիրավորե:
Աքիլլես միայն կրնա դեմ դնել անոր հարվածներուն: Վերջին օրերս հանձն առած է Ղալաթիա տպվող լրագիր մը կրթելու:
Հիշյալ լրագրին մարգարե խմբագիրն, որ միշտ գուշակություններ կընե, բնավ չէր գուշակած Մասիսեն խրատվելու պետքը:
Ութուճյան էֆենտին երկար հասակով, թուխ դեմքով, սև ընքվիներով և աչքերով քաջառողջ մարդ մ’է: Սովորություն ունի փողոցը քալած ժամանակ միշտ գետինը նայիլ. կարծես բաժանորդ կը փնտռե:
Իսկ երբ գլուխն վեր առնե` այն դեմքը կունենա, երբ Շիրքեթի շոգենավերեն մեկուն մեջ նստած ժամանակդ քովեդ հարյուր քսան օխանոց մեկը անցնելով ուժով ոտիդ կոշտին վրա կոխե և անցնի երթա առանց ներողություն խնդրելու:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԵՅԵՄ – ԳՈՒԼԻ
Հարություն Հեթում Մերեյեմ – Գուլի, հաշվագետ, ազգային երեսփոխան, ծնած է Խասգյուղ, 1840 թվականին: Լսած ըլլալով այն առածն, որ կըսե, թե կամաց քալողը չհոգնիր, բնավ քալել չէր ուզեր, բնավ չհոգնելու համար: Երեք տարեկան եղած էր և դեռ ելնելու կայնելու ջանք մը ըրած չէր: Հայրն ու մայրը կը հորդորեին զինքն, որ ելնե քալե և շատ անգամ, անոր բարի նախանձը գրգռելու համար, կըսեին իրեն:
–Հարություն, տես ընկերներդ ինչպես կը քալեն:
– Քալողն ես եմ, բայց ձեզի այնպես կը թվի` թե անոնք կը քալեն, – կը պատասխաներ Հարությունը:
Ծնողքն, իրենց զավակին բռնած այս ընթացքին վրա ցավելով, հնարք մը կը խորհեին, որով կարելի ըլլալ զինքը քալեցունել: Ավետարան, խաչահանգիստ, բժիշկ կարող չեղան ոտք հանել այս տղան, որ սենյակին մեկ անկյունը նստած կը խորհեր:
Բայց դիպվածն, որ շատ անգամ մեծ հիվանդություններ բուժած է, այնպես ուզեց, որ այս տղուն հայրը առավոտ մը քսակը գրպանեն հանելով ոսկիները կը համրեր` անզգուշությամբ անոնցմե հատ մը ձգեց գետինը: Հարությունը ոսկիին գետինը իյնալը տեսնելուն պես` նստած տեղեն մեկեն ի մեկ կանգնեցավ: Հրաշք, գոչեց հայրն և ոսկի մ’ալ նետեց գետինը: Երկրորդ ոսկին տեսնելուն պես` քայլ մ’առավ տղան: Երկու ոսկի նորեն նետեց հայրը, երկու քայլ նորեն առավ տղան:
Չորս ոսկի ալ. չորս քայլ ալ:
Հայրը քսակը նետեց սենյակին մեջտեղը և Հարություն սկսավ վազել: Ահա այսպես դիպվածով քալել սորվեցավ Հարություն, և այս է ահա պատճառն այն խոսքին, որով կըսեն, թե Հարություն էֆենտի Մերեյեմ – Գուլի առանց ստակի քայլ մը չառներ, ոչ գրասենյակին մեջ և ոչ հրապարակին վրա:
Ոչ միայն հաշվագետ, այլ նաև տնտեսագետ ըլլալով` կը պատվիրեր ծնողացն, որ յուր վարտիքն ու շապիկն քիչ մը մեծ կտրեն ու ձևեն, որպեսզի քանի մը տարիեն նեղ չի գան և կարենա զանոնք մեկ երկու տարի շարունակ հագնիլ: Մարմինն համեմատորեն յուր խելքին խիստ ծանր մեծնալուն` հիշյալ ճերմակեղեններն հինգ տարի հաջողեցավ գործածել: Այս բանը շատերուն զարմանք պատճառեց և մինչև անգամ կատակի համար իրարու ըսին.
– Դիտմամբ չմեծնար, որ նոր ճերմակեղեն շինելով` տնտեսագիտության դեմ վարված չըլլա:
1846-ին տրվեցավ իրեն քերական մը, զոր երկու ժամվա մեջ սորվեցավ: Դասատուն անոր սրամտությունը տեսնելով` ընթերցանության դասին վրա թվաբանության դասն ալ ավելցուց: Հարություն իրեն տրված բոլոր դասերուն մեջ ալ հառաջադեմ գտնվեցավ. չէր այն աշակերտներեն, որք թվաբանության մեջ արագոտն են և լեզվի մեջ կաղ; Ծնողքն երբեմն անհանգիստ կըլլային մտմտալով, որ եթե այս տղան մեծնա` որ ճյուղն ընտրելու է իրեն, փաստաբա՞ն ըլլալու է, թե վաճառական, համարակա՞լ, թե գործակալ, ատենախո՞ս, թե ժողովական. ամենն ալ, ամենն ալ կը պատասխաներ Հարություն և դասերուն կը պարապեր:
Շատ անգամ դաս տալու եղանակն կը սորվեցուներ դասատուին և երբեմն ալ անոր սխալները կուղղեր թվաբանության մեջ: Ութը տարեկան էր` թաղին փերեզակին տետրակները կրկնատոմարի կը վերածեր: Մինչև տասներկու տարեկան տունը դաս առնելեն ետքը 1852-ին Պեշիկթաշի վարժարանը գնաց. բայց գոհացուցիչ չգտնելով զայն, նավակ մը մտավ, և Իսկյուտար անցավ: Հոն Նոր Թաղի վարժարանը մտավ, որ մինչև այսօր ճեմարան անունը կը կրե, ինչպես ազնվական անունը կը կրե մեկն, որ յուր հորը բոլոր հարստությունը խաղի մեջ` առաքինությունը պարահանդեսներու մեջ մսխելով` յուր ազգատոհմին պատիվը կարատե: Հոն ալ բավական սնունդ չգտնելով` Գում-Գաբու Մայր եկեղեցիին ուսումնարանը մտավ, բայց հոն ալ բան մը չգտնելով` Պեպեքի եզիթիներու դպրոցն առավ յուր շունչն և հոն ավարտեց յուր ուսման շրջանը:
Այն թվականին Պոլսո բնակիչներն ինքզինքնին վիճակահանության տված էին: Հարություն տեսնելով, որ ժողովուրդը շատ հարած է վայրկենի մը մեջ մարդերը հարուստ ընող վիճակահանության, առանց յուր պզտիկ խելքին նայելու, նստավ շաբաթ մը խորհեցավ, ինքնիրմե նոր տեսակ վիճակահանություն մը հնարեց, որուն մեջ ամեն թվերն ալ պիտի շահեին, բոլոր աշխարհ մեկեն ի մեկ հարուստ պիտի ըլլար, աղքատությունն երկրիս վրայեն պիտի ջնջվեր, փոխառություն բառն բառարաններուն մեջեն պիտի քերթվեր: Հաստատապես միտքը դրավ, որ գործի մարդ ըլլալուն պես յուր ծրագիրն ի գործ դնե, և ժողովուրդը հարստացնե գումարին մեծ մասն իրեն բաժին հանելով:
Ափսոս… հազար ափսոս, որ ուշ մնացած ըլլալուն համար չկրցավ նպատակին հասնիլ, վասն զի Եվրոպայի վարպետորդի սեղանավորներն միևնույն բանն իրմե առաջ մտածեցին և անոր ծրագիրն խանձարուրին մեջ խեղդեցին: Հարություն բարկացավ և ծրագիրն ծալլելով գրասեղանին տակի գզրոցը թխմեց, որով հարուստ ըլլալե զրկեց զմեզ, և թողուց, որ խեղճ մահկանացուներս ապրելու համար հազար սուտ խոսինք և երկու հազար շողոքորթություն ընենք:
1858-ին վարժարանեն ելավ և վաճառականի մը քով մտավ իբրև համարակալ: Տետրակներն այնչափ կանոնավոր կերպով կը բռներ, որ յուր տերը, տեսնելով անոր հաջողությունն, վեց ամսեն վաճառատան տնօրեն կարգեց զայն: Աստիճանաբար, բայց հաստատապես առաջ երթալու հիմ դրած ըլլալով իրեն, մինչև որ փառքին մեջ օգուտ և մեծության մեջ իրականություն չտեսնե` ետևեն չերթար:
Պզտիկ հասակեն ի վեր մեկ ոտնը սանդուխին առաջին աստիճանին վրա լավ մը կոխած ըլլալուն չհամոզված` մյուս ոտնը երկրորդ աստիճանի վրա կոխած չէ և մինչև այսօր եթե Ղալաթիո կամուրջեն անցնիլ հարկ ըլլա իրեն` նախ և առաջ երկու ճարտարապետ կը բերե և անոնց քննել կուտա կամուրջն, անոր հաստատությունը կը համոզվի և ետքը տասը փարա կուտա և վրայեն կանցնի:
1860-ին ազգային գործերուն մեջ նետվեցավ: Սահմանադրության հաստատված ժամանակ Արիք Հայկազունք (Ազգային Սահմանադրության երգը: Հեղինակ` Հ, Սվաճյան) երգողներուն ետևեն կերթար և կը պաշտպաներ Ժողովրդականությունն, որ մինչև այն ատեն պարզ ծունկի կապ մ’էր և զոր Սահմանադրությունը վերցնելով պատվանշաններու կարգը բարձրացուց. այն թվականեն ի վեր է, որ ազգին մեծերն ուրիշի չեն տար այդ պատվանշանը:
Ազգին մեջ դաստիարակություն մտցունել աշխատողներուն միանալով արժանացավ հիմնադիրներեն մին ըլլալու այն շենքին, որ նախ Արևելյան Թատրոն ետքը, Թատրոն ձիերու, քիչ մը ետքը Գաղիական Թատրոն, քանի մը տարի ետքը Ալքազար կոչվելով տասը տարվա մեջ չորս անուն փոխեց գերապատիվ Խորեն Գալֆայանի պես: Որչափ ատեն որ ընկերության մեջը մնաց` թատրոնը կանոնավորությամբ շարունակեց յուր ներկայացումներն, զորս յուր ներկայությամբը կը ծափահարեին մեր հարուստներեն շատերը: Իսկ երբ գիշեր մը դերասաններեն մեկը վարագույրեն դուրս ելնելով հայտարարեց թե` “չկրնար նույն գիշեր յուր դերը կատարել, եթե յուր ամսականը անմիջապես չվճարվի”, Հարություն էֆենտին հիմնադիրներուն մեջ չէր, այլ Բերայի վարժարանին մեջ, որուն տնօրինությունը հանձն առած էր:
Այն ատեն փորձով հաստատեց, որ ինքն պայքարե չվախնար, բայց վտանգը նախատեսելուն պես անձն ու պատիվը մեկտեղ կազատե փախչելով:
Գրեթե այն գիշերեն մի քանի ամիս ետքը Արևելյան Թատրոնը թողուց հասարակությունը կրթելու պաշտոնը: Եվրոպացի մը եկավ հոն և սկսավ դաստիարակել յուր ձիերն, որոնք Սուրբ Երրորդության եկեղեցվույն բակը կը ճաշեին ցերեկները: Քանի մը տարի ետքը Պ.Մանաս ֆրանսացի դերասաններ ու դերասանուհիներ բերելով` բարոյապես կրթեց ազգիս հարուստները:
Ասոր հաջորդեց ուրիշ մը, որ լեցուց այդ շենքն ֆրանսացի երգչուհիներով, որք բարոյալից երգերով ոչ նվազ բարոյականություն սովորցուցին արգո հասարակության:
Բայց մենք դառնանք մեր պատմությանը:
Ինչպես վերը հիշեցինք, Հարություն էֆենտի Բերայի վարժարանին տեսչությունն ստանձնած էր: Թեպետև յուր տնօրինությանը ներքև վարժարանը քիչ մը բարեկարգվեցավ, սակայն հրաժարելուն պես բարեկարգությունն ալ հրաժարվեցավ վարժարանեն: Այն ատեն ոմանք ըսին` թե Հարություն էֆենտին յուր բարեկարգիչ ըլլալն աշխարհի ցույց տալու համար բարեկարգությունն հաշվով կըներ, որ ինքը պաշտոնեն ելնելուն պես` ըրած բարեկարգությունն ալ կը հատներ, կան նաև ըսողներ, թե ավելի կաշխատեր բարեկարգիչի համբավ առնել` քան գտնված պաշտոնին մեջ տևողական բարեկարգություններ ընել:
Քանի մը տարի ետքը Տնտեսական խորհրդե անդամ ընտրվեցավ և երկրորդ շրջանին մեջ ատենապետ: Պաշտոնի մեջ խոսելեն ավելի գործելու միտում ունենալով` ատենապետ ընտրվելուն պես ատենադպիր ընտրել տվավ յուր ընկերներեն մին, որ շատ խոսելու ասպարեզին մեջ առաջին մրցանակն առած է: Այս ճամփով յուր ընկերն շատ խոսելու իրավունքեն զրկելեն ետքը` սկսավ գործել: Կը վկայեն, թե յուր ատենապետության շրջանին մեջ շնորհակալության գիր մ’ուղղած են իրեն պատրիարքարանին ձիերն, որք շաբաթը մեկ անգամ մը գարի կուտեին: Պատրիարքարանի պաշտոնյաներն ամեն ամսու գլխուն իրենց ամսականները կընդունեին, մեկ ամիսը երեսուն օրե կը բաղկանար և ոչ թե յոթանասունհինգ օրե և հետևապես, պաշտոնյաները հիմակվան պես երկու ամիս ու կես չէին սպասեր ամսական մը առնելու համար: Առանց մեկուն ակնարկություն մ’ընելու կը զրուցենք, որ եթե ընտրություններու մեջ ազգը քիչ մը խոհեմություն բանեցուներ և երկաթագործն պաշտոնին չհրավիրեր, համարակալն բանաստեղծության ընտրելի չներկայացներ այս անձը միշտ
– Ազատ է դիմելու:
– Ժողովո պատասխանատու չը՞ մնար:
– Բնավ, ոչ ոք պատասխանատու կը մնա. եթե Փիլիպպոս եպիսկոպոսը արդարանա` քննիչը պատասխանատու կմնա և կպատժվի:
–Քննիչը անիրավություն ըրած է:
– Կարելի է, բայց այն անձին, զոր կեդրոնը քննիչ անվանեց, պարտավոր ենք գրածներուն հավատալ, եթե հավատալու չէինք` անօգուտ բան մը ըրած պիտի ըլլայինք Հայաստան քննիչ ղրկելով:
Այսպես կը պատասխանե ահա ով որ ալ ըլլա յուր ընդդիմաբանը, էֆենտի, բեյ կամ փաշա:
Ուրիշ երեսփոխաններու պես ժամերով չխոսիր, ձյունին սպիտակ ըլլալը փաստաբանելու համար գույներու իմաստասիրության չմտներ, այլ համառոտիվ յուր կարծիքը կը հայտնե և տեղը կը նստի:
Բարձր ձայն չունենալուն համար շատ անգամ յուր խոսքերը չի կրնար լսելի ընել բառին երկու նշանակությամբ ալ, վասն զի այն կարծիքներն միայն ուղիղ կը նկատվին, որոնք բարձր ձայնով և հստակ արտասանությամբ հայտնված են, որով իրավունք կուտա յուր ընկերներուն, որ ըսեն.
– Ձայնդ չենք լսեր. բարձր զրուցե:
Եվ Հարություն էֆենտի կստիպվի յուր ատենաբանությունն երեք անգամ կրկնել:
Խրիմյանի պատրիարքության օրով անդամ եղավ Ազգային պարտուց բարձման Հանձնաժողովո որ բարձավ առանց ազգային պարտքը բառնալու:
Տարի մը ետքը Սովելոց Հանձնաժողովո ատենադպիր ընտրվեցավ:
Աղոթք ընենք, որ ատենապետ չէր այս ժաղովին, եթե ըլլար` Պարսկաստանի մեջ սովյալ չէր մնար, ամենն ալ անոթութենե կը մեռնեին. վասն զի տարի մը շարունակ խորհելեն և դատելեն վերջ որոշում պիտի տար և սովյալներն անոթութենե մեռցնելեն ետքը պիտի ելներ անոնց ալյուր բաշխելու: Պաղարյամբ գործելու այնչափ վարժված է, որ բոցերու մեջ մարդ մը տեսնե` փոխանակ զայն բոցերեն դուրս քաշելու հնարքներուն վրա խորհելու, հրդեհին ինչ բանե ծագում առած ըլլալն կը հարցունե և պատճառն իմանալուն պես` զայն վերցնելու ճամփան խորհելու համար անմիջապես կը մեկնի, մարդ բոցերու մեջ թողելով և կը կարծե, թե հրդեհին մեջ ձեռքեն եկած բարիքը զլացած չէ:
Եթե պաղարյուն չէս` կը կարծես, թե այդ մարդուն հետ վարվիլը շատ դժվար է: Հետո որչափ ընդհարիս` այնչափ կը կարծրանա. չևիրմեի անուշ կը նմանի: Եթե առանց համարակալության, հաշվո և տրամաբանության խոսիս` և ոչ մեկ ըսածիդ կը հավատա:
Ազգային ամեն ձեռնարկություններուն քաջալերիչ է, նույնիսկ այնպիսի ձեռնարկություններուն, որոնց հարատևությանը չվստահիր: Այս կարգեն է այն քաջալերական նամակն, զոր քանի մը բարեկամներով ստորագրելով` ուղղեց կիներու ընկերության մը` որ նպատակ ունի պարզ հագնել սորվեցունել մեր ազգին տիկիններուն և օրիորդներուն:
Ինքը լավ գիտե թե`
Ա. Ինչ որ դաստիարակության արդյունք է` չկրնար դաստիարակության պատճառ ըլլալ.
Բ. Դաստիարակությունն մտքին և սրտին մեջեն կսկսի և ոչ թե հագուստեն.
Գ. Պարզասեր չսեպվիր այն կինն, որուն միայն հագուստն պարզ է, այլ սիրտն ու դեմքն բաղադրյալ.
Դ. Երբ պարզասիրությունը դաստիարակության արդյունք չէ` ճաշակի խնդիր է.
Զ. Մեծ սխալ է պճնասիրությունն անոր համար հարվածել, որովհետև մեծ ծախքերու կարոտ է. պետք է զայն իբրև մոլություն հարվածել, վասն զի մոլություններ կան, որ ծախքերու կարոտություն չունեն և առանց ծախքի եղած մոլություններն առաքինություն չեն.
Է. Կիները համոզվելու են, թե գեղեցկությունը պարզության մեջ է, թե որչափ վնասակար է, երբ կիները այնպես կարծեն` թե մեծ զոհողություն կընեն պարզ հագվելով.
Ը. Գովելի են այն կիներն, որք ինքնաբերաբար զգացած են պարզության հարգն և առանց ուրիշներեն քաշվելու կամ իրենց ընկեր փնտռելու կրնան պարզ հագվիլ.
Թ. Եթե հագուստն ազդեցություն ունենար մարդուս սրտին վրա` փիլոնն մեզի սուրբեր հասցնելու տեղ շատ անգամ սատանաներ չպիտի ընծայեր.
Ժ. Առանց դաստիարակության ընդունված պարզ հագուստն իբրև նորաձևություն կընդունվի և այնչափ կը տևե, որչափ որ կը ներե հագուստին հյուսվածքը. պատռվելուն պես պարզությունն շրջազգեստին հետ մեկտեղ կամ կը նետվի կամ աղքատի մը կը տրվի:
Այս ամենը գիտե, բայց քաջալերության վրա մեծ վստահություն ունենալով` կը կարծե թե ապառաժի վրա ինկած սերմերն քաջալերությամբ կրնան բուսնիլ և աճիլ: Եթե նոր ձեռնարկության մը համար երթաս իրմե խորհուրդ հարցունես` կը քաջալերե զքեզ, միայն թե այդ ձեռնարկութենե իրեն ալ շահ մը հանելու ես, վասն զի, ինչպես ըսինք, առանց ստակի տեղեն չշարժիր, թեպետև ազգային կյանքին մեջ անշահախնդրության օրինակ մը կրնա համարվիլ:
Հարություն էֆենտին պարզ հագնվելեն ավելի կսիրե անկախ կյանք վարել և մաքուր ապրիլ: Եթե մեկու մը բարև տալ հարկ ըլլա` երկու շաբաթ առաջ Ժյուլ Սիմոնի Ազատությունը կը կարդա, որպեսզի չըլլա թե բարև տալու մեջ անկախությանը դպչող բան մը գտնվի: Մաքրությունն այնքան կը սիրե, որ ձեռները չախտոտելու համար ուրիշին մատներովը կը քերե գլուխը, բայց ամեն ատեն ուրիշին ձանձրություն չպատճառելու համար` յուր բթամատը միայն գործածել սկսած է վերջերս: Եթե հարկ ըլլա ձեռները լվալ` դեղագործներեն զտված ջուրը կը փնտռե: Եթե այսչափ մաքրություն մարդս յուր սրտին մեջ ունենար` չէր կրնար այս դարուս մեջ ապրիլ, բայց քանի որ ձեռներու մեջ է, վնաս չունի:
Հարություն էֆենտին թերություններու կողմեն այսչափ աղքատ ներկայացնելեն ետքը կսկսիմ խորհիլ և ինքնիրմես ըսել. այս մարդը կամ քիչ թերություն ունի և կամ ունեցած թերություններն տրամաբանության օրենքներուն համաձայնեցուցած է: Օրինակի համար, ուրիշին բարություն ընելն աղեկ բան մ’է, բայց ուրիշին բարություն ընելու ատեն մեր շահն ալ խորհելը իբրև գեշ բան չեն դատապարտեր օրենքը, մանավանդ անգղիացուներուն քաղաքականությունն, որ կըսե, նախ իմ շահս և ապա ուրիշներունը: Արդ, ինչ որ ներելի է կառավարության մը, ինչո՞ւ ներելի չըլլար նաև անհատներուն:
Հարություն էֆենտին ազգին օգտակար անձ մ’է, ամենեն կնճռալի հաշիվներեն երկու օրվան մեջ կը պարզե: Յուր սենյակն խելքի խանութ է, ամեն մարդ կերթա անոր և իր գործին վրա խորհուրդ կը հարցունե: Երբ կը տեսնեն զինքն, որ թուղթ մը առած կը պլորե` գիտցիր, որ դժվարալույծ խնդրո մը վրա կը խորհի, իսկ երբ պլորած թուղթը բանա և գրասեղանին վրա դնե` խնդիրը լուծված է:
Այս անձը ոչ պճնասեր է և ոչ պարզասեր, այլ երկուքին մեջտեղն է: Ձմեռվան եղանակին մեջ երբեմն մինչև մեջքը զույգ մը կոշիկներու մեջ կը մտնե, բայց որչափ ալ ըսեն, թե այդ մեծ կոշիկներն արգելք կըլլան իրեն քալելու, մենք կը վկայենք, թե ժամանակով Բերայեն քարոզիչ մը հալածած է այդ ահագին կոշիկներով: Միջին հասակ և բարակ կազմ մը ունի: Մազերն սև են, եթե ճերմակ ըլլային` ավելի պիտի վայելեին, վասն զի միշտ իբրև ծեր կը խորհի, թեպետև ետ չկենար իբրև երիտասարդ գործածե:
Փողոցի մեջ երբեմն ծանր կը քալե և երբեմն ալ կը վազե, ծանր քալած ժամանակը շահու վրա կը խորհի, իսկ երբ վազե` շահ մը գտած է:
Այս վերջին պարագային մեջ շուրջը չնայիր և չբարևեր յուր ծանոթներն, որոնց եթե բարևել հարկ ըլլար` մինչև երեկո չպիտի կրնար երթալիք տեղը հասնիլ: Իսկ երբ դեմքն վեր առնե, կը ներկայացնե այն մարդուն դեմքն, որ կղզիի շոգենավուն հասնելու համար վազելեն ետքը` երբ մեկ ոտն շոգենավին մեջ պիտի դնե` շոգենավն սուլելով կը մեկնի:
ԱՆՏՈՆ ՀԱՍՈՒՆՅԱՆ
1810 թվականին ծնավ Անտոն Հասունյան, կաթողիկոս հռովմեական այն հայերուն, որոնք նախապատիվ կը սեպեն իրենց ազգային իրավունքներն Սուրբ Պապին հողաթափերուն մեջ տեսնել, քան թե իրենց ձեռներուն մեջ:
Յուր ծննդյան գիշերն ամեն մարդ սկսավ իրարու հարցնել, թե ինչո՞ւ գիսավոր աստղ չերևեցավ, վասն զի նախնիք գիսավորներն չարագուշակ նշան համարելով` կը հավատային,թե նախ գիսավորը կուգա և ապա փորձանքը:
Նույն գիշեր շատերը մեյմեկ դիտակ առած` երկնի երեսը կը դիտեին, տեսնելու համար գիսավորն, որ անպատճառ երևցած ըլալու է, բայց մեզի անտեսանելի է կըսեին: Իրավունք ունին: Գիսավորն որոշած էր Հասունյանե երկու ամիս առաջ գալ, բայց Հասունյան, որ միշտ գաղտնի գործել կը սիրե, գիսավորին դիտավորությունն իմանալով` պոչեն բռնած էր և թող չէր տար, որ երթար: Սարսափելի կռիվ մը ծագած էր արդեն այս երկուքին մեջտեղը. թեպետև գիսավորն վերջապես հաջողած էր իր թշնամվույն ձեռքեն պրծիլ և երկնի երեսն երևիլ, սակայն պոչը Հասունյանի ձեռքը մնացած էր: Այս էր պատճառ, որ մինչև մոտ ատեններս հայերու ռամիկ մասը պոչը կտրած կը կոչեր հռովմեական հայրերը: Գիսավորն, որ յուր հակառակորդին չափ հաստատամիտ էր, ետ դառնալով ուրիշ պոչ մը գտած էր և տարի մը ետքը, 1811 օգոստոս 11-ին երևցած էր ավելի մեծ պոչով մը, սակայն խեղճը չէր կրնար հասկցունել, թե այս անգամ փորձանքն իրմե առաջ եկած էր: Եթե գիսավորն յուր երևմամբ Հասունյանի փորձանք ըլլալն կուզեր հայտնել աշխարհի, անշուշտ յուր պոչին մեծությամբ ալ անոր մեծ փորձանք ըլլալն կը փափաքեր ծանուցանել: Այս համառոտ, բայց կարևոր տեղեկությունը տալեն ետքը պետք է, անհրաժեշտ պետք է հոս հիշել, գոնե Հասունյանն ազգատյաց չկոչելու համար, որն յուր կենսագրությունը կը կարդանք, որ այս կրոնավորն զավակ է Յաղուպ Իպն Յուսեֆ Հասո անուն բերիացի ասորիի մը և ոչ թե հայու զավակ, ինչպես կավանդեն անհավատարիմ պատմագիրներեն ոմանք: Յուր գործերն բավական են ապացուցանել, թե հայու զավակ չէ, եթե ըլլար` անկարելի էր, որ իր ազգն սպաննելու աշխատեր, քանի որ ազգն սպաննողներու համար պատիժ մը սահմանած չէ:
Երբ հարցվեցավ Սողոնի, թե ինչու օրենք մը չդրավ հայրասպաններու համար, չէի կարծեր, որ պատասխանեց Աթենքի օրենսդիրն, պիտի գտնվին մարդեր, որ համարձակին իրենց հայր կամ մայրն սպաննելու:
Կը պատմեն թե ծննդեն տասն օր ետքը եկեղեցի տարվեցավ կնքվելու համար: Մկրտության ժամանակ իմացուց կերպով մը, որ երկար արարողություններե շատ չախորժիր, այնչափ շատ լացավ, որ մկրտող քահանան ստիպվեցավ սղագրել… արարողությունը: Փառասեր ըլլալն ալ հաստատեց նույն օրն, երբ կնքահայրն քահանային պատասխանելով կըսեր, թե երախան հավատո, հույս և սեր կը խնդրե, մեկեն ի մեկ կնքահորը գիրկեն նետվելով` երախան կաթողիկոսություն կը խնդրե պոռաց:
Կնքահայրն յուր սանին սիրտը չկոտրելու համար` սերը վերցուց և տեղը կաթողիկոսություն դնելով` կրկնեց. երախան հավատո, հույս և կաթողիկոսություն կը խնդրե: Պատրիարքություն ալ կը խնդրեմ, կրկնեց տղան. կնքահայրն, որ վարժված էր զավակին տալ ինչ որ ուզեր. չհամարձակեցավ սանին խնդիրքը մերժել. ուստի հավատք բառին տեղ պատրիարքություն դնելով ըսավ` երախան պատրիարքություն, հույս և կաթողիկոսություն կը խնդրե:
– Հապա հավա՞տքը:
– Հիմակուհիմա թող մնա այն, պատասխանեց երախան:
Այս պատմությունն ըստ մեզ, առասպել մ’է, բայց որովհետև առասպելներն շատ անգամ ճշմարտության այլաբանություններն են, կրնանք այս առասպելեն ալ այս ճշմարտությունը քաղել, որ Հասունյան յուր ամեն ուզածը ձեռք բերելու կարողացած է, նույնիսկ յուր ծննդյան օրերուն մեջ:
Մինչև տասնըհինգ տարեկան Կ.Պոլիս վարժարաններուն մեջ դաստիարակություն առնելեն ետքը, 1825- ին քոլեճցի քահանաներու ճեռամբ ղրկվեցավ Հռովմ, Բրոբականտայի դպրոցը, քահանա ըլլալու համար: Նախ հիշյալ դպրոցին մեծավորներեն մերժվեցավ, բայց հետո Տուրսունյան Հ. Բարսեղ և Հովնանյան Հ. Կարապետ վարդապետներուն ջանքովն և աղաչանքովն ընդունվեցավ հոն, ուր քանի մը տարի կարդալեն ետքը քահանա ձեռնադրվեցավ: Այս կետին մեջ Հասունյան անմեղ է և մեծ անիրավություն է Տուրսունյանի և Հովնանյանի հանցանքն անոր վրա բեռնավորելը:
1833-ին Պոլիս դարձավ և բնակեցավ Ղալաթիա, Հիսուս Փրկիչ մայր եկեղեցվույն վանատան մեջ: Այս թվականին եկեղեցականներեն ոմանք իրենց նախագահին դեմ լարված ըլլալու համար, ամեն օր նորանոր խնդիրներ կը հարուցանեին, օրինակի համար, եթե նախագահն պատվեր տար, որ պատարագին մեջը խաչակնքեն` ասոնք փողոցը կելնեին և հոն կը խաչակնքեին: Հիշյակ եկեղեցականներն հաջողեցան իրենց մեջ առնել նաև Հասունյանն, որ վանքեն նոր ելած` մաքուր աղավնի մը ըլլալով` խաբվեցավ անոնցմե և խեղճը միամտությամբ աթոռակալ անվանվեցավ քանի մը տարիեն:
1838-ին երբ Գաղատիո հռովմեական հայերը կը կեղեքվեին քանի մը քահանաներե, որոնք Հասունյան կուսակցությունն թև և թիկունք առած կը գործեին, ինչ որ կուզեին, Նախագահ Մարուշ գերեպայծառն քննիչ մը ղրկել կորոշե հոն` ժողովուրդը հանդարտեցնելու համար:
Հասունյան հոժարակամ ստանձնեց այս պաշտոնը, գնաց և ետ դարձավ երեք օրվան մեջ ժողովրդյան հուզումն… սաստկացնելեն ետքը:
Յուր անունը անմահացնելու համար կը փափաքեր հռովմեական հայերուն բարություն ընել, այնպես վարվելով անոնց հետ, ինչպես կը վարվի կոշկակար մը իր աշակերտին հետ: Ժողով կը կազմեր Պելկրատի անտառներուն մեջ, ուր թեպետև կերդար օդ փոխելու, բայց նախագահը փոխելու համար աշխատելե ետ չէր մնար: Անտառային ժողովի մեջ որշվեցավ օր մը և գրվեցավ Բրոբականտային թե Մարուշ նախագահը ծեր էր, տկար էր, անդամալույծ էր, անկար էր, և վերջապես էր ինչ որ կուզեր Հասունյան ընել զայն, և թե` օգնիչ եպիսկոպոսի մը կարոտ էր: Արդարև նախագահը ծեր էր, բայց քանի որ յուր պաշտոնը վալս պարել չէր` յուր ծերութենեն վնաս մը չէր գար ազգային իրավունքներուն: Բրոբականտան հավատք ընծայեց իրեն ղրկված գրության և Հռովմ կանչեց Հասունյանը, որ 1842-ին հասավ հոն – առանց այս ուղևորությունն ազգին հաղորդելու և անոր հավանությունն առնելու – և օգնիչ եպիսկոպոս ձեռնադրվեցավ:
1842 սեպտեմբեր 21-ին Պոլիս դարձավ: Հեղեղի պես արցունք կը վազեր յուր աչքերեն, երբ կտեսներ, որ կը շատանային Պատրիարքին վրա գանգատներն, որոնք յուր գործարանեն կելնեին, սիրտը պատառ-պատառ կըլլալ` երբ կը դիտեր, որ աղեկ չէին երթար ազգին գործերը, զորս ինքը կը խառներ, կուլար, կողբար և կը հառաչեր, որ պատրիարքական իշխանությունը ձեռք անցունե և ժողովրդյան վերքերը դարմանե: Յուր ողբերը մինչև Արամազդա քիթը բարձրացան, փռնգտաց Աստվածներու հայրը, պատրիարքն յուր աթոռեն վար գլորեցավ: Հասունյան բարձրացավ պատրիարքական աթոռին վրա, հով, անձրև, կարկուտ, փոթորիկ անմիջապես հասան, շատ մը տուներու ապակիներն փշրվեցան, մեծ ծառեր արմատախիլ եղան, քանի մը տուներ կործանեցան:
1845-ին պատրիարքական աթոռին վրա ելնելեն ետքը, ուզեց, ազգին լավ ծառայելու համար, նախագահական իշխանությունն ալ յուր վրա առնել: Ուստի սկսավ նախագահին դեմ գանգատներ բազմապատկել և ըսել, նախագահը ցնդած է, անկարող է իշխանությունը գործածել: Գեր.Մարուշն օդափոխության համար Պիլեզիկճի Պողոս աղային տունը կը գտնվի օր մը: Հասունյան իմանալուն պես ժողվեց իր մարդերը, հիշյալ տունը գնաց և նախագահը պաշարել տալով` ըսավ իրեն.
– Դուն ծեր ես, ցնդած ես, անկար ես, ուստի քեզի հանձնված հոգիներու փրկությանը համար, եկեղեցիին շինությանը համար, պայծառությանը համար, անպատճառ հիմա նախագահութենեդ հրաժարելու ես:
– Ահա առաջարկության ձև մը, որուն մեջեն, եթե նախագահություն բառին տեղ քսակ բառը դնենք, ճիշտ այն ձևը կունենա, որով առաջարկություն կընեն մեզ քանի մը զինված մարդեր, երբ լեռներու մեջ հանդիպեցին մեզի: Ծերունին այս առաջարկության վրա անբարբառ անոնց երեսը նայեցավ և երբ դուրս ելավ` նավակ մը մտավ, նավակին մեջ կաթված իջավ և քանի մը օրեն վախճանվեցավ… ի փրկություն հոգվո, ի շինություն և ի պայծառություն եկեղեցվո տյառն մերո Հասունյանի: Հուղարկավորության հանդեսին օրը, երբ Հասունյան Սուրբ պատարագ կը մատուցաներ և ահա սրկավագներն խորանի վրա Հասունյանը նախագահ կնտրեն և կը հռչակեն երգելով ևս առավել զարհիեպիսկոպոսն մեր զտեր Անտոն նախագահ և այլն: Եվ որովհետև Բ.Դռնեն հրամանագիր ղրկված չէր սրկավագներուն հայտարարող, թե նախագահ ընտրելու իրավունքն սրկավագներու տրված է` եկեղեցական և աշխարհական կը հուզվին եկեղեցիին մեջ այս նոր ընտրության վրա և 1848 օգոստոս 6-ին Հիսուս Փրկիչ մայր եկեղեցվո մեջ ընդհանուր ժողով կը գումարվի: Կը հարցվի ժողովո մեջ գեր. Հասունյանին, թե որո՞ւն ընտրությամբն նախագահ եղած է, Հասունյան ձեռները շփելով կը հրամայե երկյուղածությամբ, որ Հռովմեն իրեն տրված կոնդակը կարդացվի: Կոնդակը կը կարդացվի լատիներեն լեզվով, ժողովրդականներն իրարու երես կը նային:
– Մենք լատիներեն չենք հասկնար, գերեպայծառ, – կսեն ժողովականք:
– Վնաս չունի, – կը պատասխանե Հասունյան, – թող կարդացվի:
–Բան մ’ալ չենք հասկնար:
– Ավելի աղեկ… արդեն մարդս ամեն կարդացածը կամ լսածը հասկնալու պարտավոր չէ:
Կոնդակին լատիներեն ընթերցումը կը վերջանա և տաճկերենը կսկսի, վասն զի այն թվականին հայերեն լեզու չկար: Կոնդակին իմաստն էր հետևյալը.
“Հասունյան, երբ որ Կ.Պոլսո նախագահը վախճանի` այն ատեն դուն Անարզաբա թեմը թողլով Կ. Պոլսո նախագահությունը ձեռք առ… եթե այդ իշխանությանդ դեմ դնելու ըլլան` զորությունդ ցցուր անոնց, եթե չկարենաս զսպել` մեզի իմաց տուր, որ պետք եղածը տնօրինենք և անոնց գլուխը ջախջախենք…”:
Տխրությունը և լռությունը կը թագավորեն ժողովո մեջ, բայց ինչ օգուտ, արտաքին գործերու պաշտոնյան միշտ Հասունյանն է: Հասունյան, ինչպես հայտնի է, գովելի համբերությամբ վարված է այս պարագային մեջ, վասն զի կարող էր դանակով զարնել սպաննել Մարուշը, քանի որ կոնդակին մեջ գրված էր, թե անոր մեռնելեն վերջը ինք նախագահ պիտի ըլլար: Ժողովրդականները տեսնելով, որ իրենց ազգային իրավունքներն բռնաբարված են այս կոնդակով` զոր Հասունյան ձեռք անցուցած էր Հռովմեն օգնիչ-եպիսկոպոս ձեռնադրված ժամանակ և զոր գաղտնի պահած էր` կը զայրանան: Հակոբ չելեպին կը հարցունե գեր Հասունյանին.
– Տեր, ազգին իրավունքներն բռնաբարված են այս կոնդակով:
– Ինձի ալ այնպես կը թվի, – կը պատասխանե Հասունյան ցավակցություն հայտնելով:
– Կընդունի՞ք, որ Հռովմ մեր ազգային իրավունքները հափշտակե:
– Քավ լիցի… – կը պատասխանե, համրիչը հանելով ծոցեն:
– Երկու թուղթ գրենք, մեկը ս. պապին, մյուսը Բրոբականտային և մեր իրավունքները պաշտպանենք:
– Այո, գրենք, ոչ երկու, այլ երկու հազար թուղթ, ինչո՞ւ մեր իրավունքները պիտի հափշտակեն, – կըսե և յուր ծիծաղը ծածկելու համար կսկսի վարի շուրթին տակը բուսած մազերը խառնել:
Ժողովո որոշմամբ կը գրվին, կստորագրվին և կը ղրկվին այս թուղթերն, որոնց պատասխանը մինչև այսօր եկած չէ:
Պատրիարքական և նախագահական իշխանություններն այսպես հագնելեն ետքը, սկսավ ինքն իր գլխուն գործել, ամեն բան ինքը կորոշեր և կը տնօրիներ, ուրիշներուն ձանձրություն չէր տար: Ժողովուրդը նկատելով, որ իր Պատրիարքը առանձին կը գործե, զինքը հոգնութենե ազատելու համար ուզեց տասներկու անձերե բաղկացյալ Ազգային ժողով մը կազմել: Դեմ կեցավ Հասունյան, պնդելով` թե ինքը ազգին անձնվեր պաշտոնյան է և թե ամեն գործերը վարելու պատրաստ ըլլալով` պարապ աշխատություն է տասներկու հոգիի ձանձրության տալ: Հակահասունյանք աղերսագիր կուտան Բ.Դռան և Ազգային ժողովո հաստատությունը կը խնդրեն: Հասունյանք ալ ուրիշ աղերսագրով մը Հակահասունյաններուն ուզածը չեն ուզեր, հայտնելով` թե իրենք շատ գոհ են Հասունյանի բռնած ընթացքեն: Երկու կողմեն մարդեր կը հրավիրվին Բ. Դուռը, ուր Հասունյանները լալով ու ողբալով կազդարարեն, թե դժոխք կերթան, եթե այդ բարեկամության հավանություն տան, մինչև որ Համազգյաց ընկերության մարմինը մեջտեղեն չվերնա, առարկելով միանգամայն` թե հիշյալ ընկերությունն, որ հայերեն ու հռովմեական հայերեն կազմված էր ազգին մեջ դաստիարակություն ծավալելու նպատակով, հակառակ էր հռովմեական սուրբ եկեղեցվո քարոզչություններուն, թե երկրագործությունը ազգի մեջ ծաղկեցնելն Վատիկանու օրենքներուն համաձայն չէր, թե հին դրամներ և ձեռագիրներ ժողովելն ավետարանին հակառակվիլ էր, թե գյուղերու և քաղաքներու մեջ դպրոցներ հաստատելն Պետրոս առաքյալին ուռկանին մեջ քարեր ձգել էր, թե վերջապես հերետիկոս հայերու հետ միաբանելն ու հաղորդակցություն ունենալն իրենց նախատինքն էր Հռովմա գահուն առջև: Հասունյան յուր արածած հոտին լուսավորութենեն մեծ օգուտներ քաղելով, հաջողեցավ քանդել Համազգյաց ընկերության հիմերն, որոնց վրա շինվեցավ հռովմեական սուրբ եկեղեցվո փառքը: Բայց Հակահասունյան կուսակցությունը Ազգային ժողովո հաստատությանը վրա պնդելով կը պնդեր: Բ Դուռն ալ ձանձրացավ Հասունյանե և հրաման ղրկեց, որ Հակահասունյաններու աղերսագիրն գործադրվի: Հասունյան այս անգամ չկրցավ Բ.Դռան հրամանին դիմադրելու և ստիպվեցավ պատրիարքական իշխանութենե հրաժարիլ, պատճառելով, թե անձնական տկարություն ուներ, մինչդեռ օրը տասներկու անգամ կը ճաշեր և երկաթե մը ավելի քաջառողջ էր:
Մեծ սխալի մեջ իյնալ է կարծելը, թե Հասունյան պատրիարքութենե հրաժարելուն պես գործե քաշվեցավ: Վենետիկի միաբանությունն, որ Հասունյան քաղաքականության թշնամի նկատված էր, հաճեցավ յուր երեսին վրա ապտակ մը ընդունել Հասունյանե, որ իտալերեն պարսավագիրք հրատարակելով ամբաստանեց Վենետիկի միաբանությունն իբրև հերետիկոս և հերձվածող, պատճառելով` թե հիշյալ վանքին միաբաններն միշտ պաշտպան են հայերու: Վենետիկի միաբանությունը ինքզինքն արդարացնելու համար պարսավագիրքին պատասխան մը գրեց պարսավագիրքով մը, որուն մեջ հայտարարելե ետև, թե Հռովմա պապին ամեն հրամաններուն հպատակ էր, կը հարեր նաև, թե հայ ազգն ու եկեղեցին հերձվածող և հերետիկոս էր: Այս պատասխանի վրա Հասունյան ուրախութենեն ամիս մը խնդաց:
1853-ին գործերն այն աստիճան եկան հասան, որ Հակահասունյաններեն հայտնեցին վերջապես, թե իրենց անհնար է Հասունյաններու հետ միանալը: Հասունյան, յուր վարպետության զենքերուն վրա բարդեց նաև կրոնական զենքեր: Բանադրեց այն ամեն անձերն, որոնցմե չէր ախորժեր: Քանի մը օրեն յուր վարդապետները իրեն հրավիրելով իշխանություն տվավ անոնց մինչև նոր կիրակի արձակել անուղղակի գործողները – ինքը բանագրելու զբաղած ըլլալով արձակելու ժամանակ չուներ, – իսկ ինք ստանձնեց ուղղակի գործողներն արձակելու պաշտոնը զոր մինչև այսօր արժանի չեղավ վարելու: Առավոտը արթնանալուն պես վարդապետներուն կըսեր. բանադրվելիք անձերու ցուցակը բերեք նայինք, իսկ երբ վարդապետները կը պատասխանեին, թե բանադրվելու մարդ չմնաց` կսպառնար իրենց, որ մարդ գտնեն, որպեսզի բանադրե: Ճաշեն առաջ կը բանադրեր, ճաշեն ետքը քիչ մը կը կախակայեր, թեպետև երբեմն ալ կարձակեր, բայց շատ անգամ գիշերը կը քակեր և առավոտուն կը կապեր, եթե կապելու համար չվանի պետք ունենար` չվանի վաճառականները մեծ գործ մը տեսած պիտի ըլլային: Հասունյան երբ տեսավ, որ բանադրելն, անիծելն ու կախակայելը մեծ արդյունք մը չունեցան, սկսավ ս. պապեն շրջաբերականներ բերել տալ, ամեն օր արևուն հետ մեկտեղ նոր շրջաբերական մը կելներ: Հակահասունյաններն այդ շրջաբերականները կարդալով` հետևյալ կերպով կը պատասխանեին Հասունյանին.
“Գեր. Հասունյան,
Մեծապես մխիթարվեցանք կարդալով ս. Հոր Պիոսի Թ, քահանայապետին կոնդակը:
Մենք քու վրա վստահոըթյուն չունինք:
Ձեր բռնած ճամփան անհամաձայն է Քրիստոսական ոգվույն:
Ուստի ամենևին անվստահ ըլլալով ձեր վրա, դարձյալ հաստատությամբ կը նորոգենք մեր բողոքը աշխարհի առջև, որ ասկից ետքը մեկ կերպով մը չենք ճանչնար զձեզ մեզի հովիվ և առաջնորդ… գնա, մարդ Աստուծո, թող տուր քիչ մը մեր օձիքը”:
Հասունյան այս պատասխանը կարդալով` աչքերը վեր կը վերցուներ և կաղոթեր. Հայր, թող սոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն. աղոթքը լմցնելուն պես ինքնիրեն կըսեր. դուք մի ուզեք զիս, ես զձեզ կուզեմ:
1857-ին հոգևորական իշխանության համար տերութենեն պերաթ ընդունեց, որով իրավունք ստացավ իր ձեռնադրած եպիսկոպոսներն ուզած տեղը ղրկել, առանց ազգային իշխանության հարցնելու:
Այս պերաթի խնդիրն ազգը տակնուվրա ըրավ:
Ամեն անիրավություն կըներ, կըսեին, և երբ Բ. Դուռը բացատրություն պահանջեր` այդ գործը հոգևորական է, ինձի կը վերաբերի, կը պատասխաներ:
Հասունյան քսան տարի վանականներու և ազգին դեմ մաքառելեն ետքը, ուզեց որ Կիլիկո Տան աթոռն Պոլսո աթոռին քով դնե, միացնե զանոնք և երկու աթոռներուն վրա նարտ մը դնելով յուր ժողովրդյան հետ խաղա և զվարճանա: Կիլիկիո Տան կաթողիկոսն բանակցության մտավ Հասունյանի հետ, որ լռեց, երբ տեսավ` թե հակառակ սկզբունքներուն վրա պիտի հիմնվեր այս միությունը:
1865 դեկտեմբերի 23-ին հոգին կը փչե Կիլիկիո պատրիարք Գրիգոր կաթողիկոսը. 1865 դեկտեմբերի 28-ին նոր հոգի կառնե Կ. Պոլսո նախագահ Անտոն Հասունյան: Վանականներն իրենց սահմանադրության համեմատ անմիջապես գաղտնի քվեարկությամբ տեղապահ կընտրեն Դավթյան Սերովբե վարդապետը: Նախագահ արքեպիսկոպոս Գասպարյան Բարսեղ անպատվություն սեպելով իրեն վրա պարզ վարդապետի մը տեղապահ ընտրվիլը` անմիջապես պետք եղած տեղերը կը դիմե և Երուսաղեմա լատին պատրիարք մոնսինյոր Վալերկայի ազդեցությամբ և մեկու մը ձեռամբ Դավթյան վարդապետը հսկողության ներքև կը բանտարկվի, սա հանցանքով, թե ինչո՞ւ միաբանները իրեն շատ քվե տված են: Հասունյան ամեն ճիգը թափելով կաթողիկոս կընտրվի, միշտ կրկնելով` թե “եթե հանգուցյալ կաթողիկոսին իրավունքներեն Հռովմ փոքր փոփոխություն մը ընել ուզե, բնավ հանձն չեմ առներ կաթողիկոսությունը. Աստված մի արասցե, իմ նախագահությունս ինձի բավական է”: Ասոր վրա կելնե, Հռովմ կերթա յուր կաթողիկոսությունը հաստատել կուտա և ետ կը դառնա րևերսուրուսով մը, որ հռովմեական հայերը ամեն իրավունքներե կը զրկեր:
Դարձյալ կռիվ և վեճ: Բ. Դուռը ալ ձանձրանալով Հասունյանի ընթացքեն, ինչպես որ մենք ալ ձանձրացանք անոր ըրածներն պատմելեն, Մահմուտ Նետիմ փաշայի օրով կը վճռվի, որ այս բարի մարդը քիչ մը դուրս ելնե Օսմանյան հողեն: Հասունյան բանադրելով իր… բախտը, Պոլիսեն կը մեկնի և Քյուբելյան պատրիարք կընտրվի կախակայալ և բանադրյալ հռովմեական հայերու: Հասունյան պարապ չնստիր. կը համոզե Քյուբելյանը, որ ագարակի մը դատն վաստակած ըլլալով, Հասունյանի թշնամի ըլլալու պատճառ մը չուներ այլևս, որ պատրիարքութենե հրաժարվի: Քյուբելյան զղջումի կուգա. ս. պապին առջև մեղա կը գոչե ազգին իրավունքներն քանի մը տարի պաշտպանելով մեծ մեղք գործելուն համար: 1879-ին Հասունյան պատրիարք կընտրվի:
Հոս կվերջանա ահա կենսագրությունն այն մարդուն, որուն դեմքն օր մը պզտիկ տղա մը տեսնելով վախցած է և մինչև այսօր կուլա:
