Читать книгу: «Պոեմներ, առակներ, հեքիաթներ»
ԵՍ
Ագռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվի, կտցիցը զատվի ու ասավ նրան.
( Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
( Դո՛ւ…
( Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցը և կռռաց.
( Ե՛ս…
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավջուրը և իրեն ազատեց:
ԽԽՈՒՆՋՆ ՈՒ ՍՈՒՆԿԸ
Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:
(Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի: Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.
– Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:
– Է՛ քուրիկ խխունջ, – հառաչում է սունկը, – գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել:
ՀՊԱՐՏ ԱՔԼՈՐԸ
Աքլորը թռավ ընկավ հարևանի բակը: Ճղղաց, ճղղաց, բակի աքլորին կտցեց, կտցահարեց, բադերին դուրս արեց, հավերին մի տեղ հավաքեց ու հետո հարձակվեց փոքրիկ շան վրա:
Բակն իրար անցավ: Աքլորը կանգնեց ու հպարտ-հպարտ կանչեց.
– Ծուղրուղո՛ւ, դուք ո՞վ եք, չասեք թե դուք խմբով եք, ես մեն-մենակ. բոլորիդ՝ հավիդ՝ բադիդ, աքլորիդ, ինչ ուզենամ, էն կանեմ, շանն էլ բակից կհանեմ:
Հարսը լսեց բակի աղմուկը, վազեց բռնեց աքլորին, դուրս շպրտեց բակից ու ասավ.
( Կորի՜, գնա՜, անպիտան, քեզպեսին էլ երես տա՞ն, բավական չէ բակումն է, ուրիշին էլ թակում է:
ԿԱՉԱՂԱԿԸ
Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգեր ասում.
(Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.
(Կա, չէ, կա, չկա, չէ:
Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.
( Չկա, չէ, չէ…
ՍԵՐՈԲԸ
– Սերո՜բ, – ասում է հայրը, – գնա հարևանից արշինը բեր, կտավը չափենք:
– Է՜, բան չունես, հայրիկ, ի՜նչ նեղություն տանք հարևանին, ես գիտեմ, որ մեր կատուն պոչից մինչև ականջի ծայրը մի արշին է: Էլ արշինն ի՞նչ կանենք:
– Սերո՜բ, Սերո՜բ, – ասում է հայրը, – ապրես, գնա հարևանից գրվանքանոցը բեր, պանիր կշռենք:
– Է՜, բան չունես, հայրի՜կ, ա՜յ, մեր սատկած էշի սմբակը մի գրվանքա է:
– Սերո՜բ, Սերո՜բ, դու ինձանից թեթև ես, մի դուրս վազի տես եղանակն ինչպես է:
– Է՜, հայրիկ, էլ ի՛նչ գնամ, կուզես մեր շանը կանչեմ, թե մազերը չոր են, հո եղանակը պարզ է:
– Սերո՜բ, Սերո՜բ, – շունչը կտրած ասում է հայրը, – հացը բկիս կանգնեց, ջո՜ւր, ջո՜ւր, ջ՜ուր…
– Է՛, հայրիկ, – ասում է Սերոբը, – դու էլ ինչ դժվար բան կա, ինձ ես ասում…
ԸՆԿՈԻՅԶՆ ՈԻ ՈՐԴԸ
Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, թզենի: Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր: Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ.
( Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ:
(Մի թողնի այդ թափառականին քո տունը: Ո՞վ գիտե դրա տունն ու բունը, վարքն ու բարքը, – ասացին փոքրիկ ընկույզին նրա եղբայրները:
– Այդ ձեր բանը չի, ի՞նչ եք խոսում իզուր տեղը. ես ինձ համար, դուք՝ ձեզ համար, – պատասխանեց ընկուզիկը և հյուր ընդունեց ծերունի որդին:
Ագահ և չարամիտ որդը ծակեց ընկույզի կեղևը, ներս մտավ, միջուկը կերավ, դատարկեց, նստեց ու երգեց.
– Մի նոր ընկույզ ես գտա,
Ծակեցի ու ներս մտա,
Կերա, կերա կշտացա,
Դատարկ մնաց՝ վշտացա:
Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ: Ծափ էր տալիս ու ասում.
– Դուրս գամ ծառը չափչփեմ.
Տեսնես ում կխաբխբեմ,
Ինձ որդ կասեն, ծերուկ որդ,
Լեզուս քաղցր, շողոքորթ:
Փոքրիկ, անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար, ավազակ որդին… Քամին էր միայն մեջը վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում:
ԳԱՅԼԻ ԽՈՍՏՈՎԱՆՔԸ
Գայլի մահը մոտեցել էր: Նա մեռնում էր, դրա համար էլ սկսեց իր մեղքերը մեկ-մեկ խոստովանել… Բայց ընդամենը երեք ժամ էր մնացել, որ հոգին տար, իսկ մեղքերն այնքան շատ էին, որ երեք օրն էլ բավական չէր լինի բոլորը խոստովանելու համար:
Գայլը տեսնում է, որ հնար չկա, սկսում է իր արած լավությունները մեկ-մեկ հաշվել:
– Մի անգամ, – ասում է նա, – մի գառ անցավ մոտովս, իսկ ես թեև շատ քաղցած էի, բայց ձեռք չտվի նրան: Հիշում եմ, թե ինչպես այդ ժամանակ մի ոչխար հեռվում կանգնած՝ ծիծաղում էր ինձ վրա, որ ես գառանը մաս-մաս չարի: Բայց չնայելով ոչխարի ծաղրին, ես թողի գառանը, որ ողջ-առողջ անցնի իմ մոտովը:
Էս մեկ… մեկ էլ..
– Հիշում եմ, ա՜յ գայլ, – ձայն տվեց ոզնին, որ կանգնած էր գայլից քիչ հեռու, – այդ բանն այն ժամանակ պատահեց, երբ դու երկու թաթով թակարդն էիր ընկել և չէիր կարողանում տեղիցդ շարժվել:
ՓՇԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Կառ փուշը գլուխը տնկած, փշերը փռած, փշերը սրած, ուռած ու փքված ինքն իրեն ասում էր.
– Ես այս դաշտի իշխանն եմ, ո՞վ կհամարձակվի ինձ ձեռք տալ: Ես քանի-քանի քիթ եմ ծակել քանի կովի, եզան ու գոմեշի լեզու կծել: Քանիսի ձեռքից, քանիսի ոտքից արյուն եմ հանել:
Ճիշտ որ, եթե ես իմ քաջությունները համրելու լինեմ, քաջերի քաջն եմ, խաների խանն եմ: Իսկ ինչ կանեմ սրանից հետո, էն էլ ես գիտեմ: Ես վճռել եմ ով մոտիցս անցնի՝
Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,
Լեզվի միջին փուշս թաղեմ,
Թո՛ղ թրթռան, թո՛ղ մրմռան,
Ես ծիծաղեմ, ես հռհռամ:
Երբ կովերն անցնում էին կառ փշի մոտով, խեթ-խեթ նայում էին նրան ու միմյանց զգուշացնում.
– Չմոտենաս էս հպարտին, կծել գիտե, կծան է, չես կարող դու բերանդ առնել, ոչ տրորել, ոչ ծամել…
Ոչխարներն ասում էին.
– Բուրդներս կքաշի, թող կորչի էս կառը, գլուխը մեծ քարը:
Խոզն ասում էր.
– Արմատդ կքանդեի, քեզ կհանեի, բայց չարժե, որ դունչըս կեղտոտեմ: Գնա կորի, ո՞վ պետք է փորի:
Բայց կառ փուշը գլուխը տնկած` իր երգն էր երգում.
Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,
Լեզվի միջին փուշս թաղեմ,
Թող թրթռան, թող մրմռան,
Ես ծիծաղեմ, ես հռհռամ:
Ու մեկ էլ եկավ էշը, վիզը երկարացրեց, ըռխեց փշի ցից գլուխը, լամեց-լամլմեց, ծամեց-ծամծմեց, կուլ տվեց ու ասավ.
( Փշի գերեզմանը էշի փորն է:
ԼԵԳԵՆԴՆԵՐ ԵՎ. ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱՐԴԵՐԸ
Վեց հարյուր տարի սրանից առաջ Պարսկաստանի բանաստեղծ Հաֆիզի փառքը դղրդացնում էր ամբողջ Ասիան: Ջահել թե ահել, հարուստ թե աղքատ՝ բոլորը հիացած էին նրա բանաստեղծություններով: Մինչև անգամ աշխարհի կեսը նվաճող Լանկթամուրը հավանել էր Հաֆիզին: Նա ժամանակ առ ժամանակ ասել էր տալիս Հաֆիզի բանաստեղծություններից և մի անգամ, ինչպես պատմում են, ասաց.
– Ես շատ կուզեի տեսնել այդ Հաֆիզին:
Այդ խոսքերն ամենամեծ գովասանքն էին համարվում Հաֆիզի համար, որովհետև նրանց արտասանողն էր Լանկթամուրը, որ իր անցած ճանապարհը կրակի պես այրել խանձել էր, ամեն տեղ մահ էր սփռել, ամեն ինչ ոչնչացրել, ավերակ էր դարձրել: Սակայն Հաֆիզին չէր հպարտացնում իր փառքը: Նա ապրում էր մի փոքրիկ տան մեջ Պարսկաստանի Շիրազ քաղաքում, որ կոչվում էր Պարսկաստանի վարդ, որովհետև, ինչպես որ վարդը բոլոր ծաղիկներից գեղեցիկ է, այնպես էլ Շիրազը Պարսկաստանի քաղաքներից ամենալավն էր: Բանաստեծի բնակարանը շատ փոքր էր, ուներ միայն երկու լուսամուտ և մի փոքրիկ դուռ: Սենյակում կային երկու բազկաթոռ և մի սեղան: Հաֆիզը զարդարանք չէր սիրում: Տան արևելյան պատի երկարությամբ վարդի թփեր կային տնկած, որոնք ամբողջ տարին վարդեր էին տալիս:
Հաֆիզն ինքն էր խնամում այդ վարդերը, անվանելով նրանց իր միակ ուրախությունը և հարստությունը:
Մի անգամ լուսաբացին, երբ թռչունները նոր էին, սկսել երգել, Հաֆիզը վեր կացավ անկողնից, որպեսզի գիշերվա մտածած բանաստեղծությունը գրի առնի, հանկարծ պատի հետևից լսեց ոտների ձայն. լուսամատից նայեց և տեսավ, որ մի աղջիկ քաղում է իր վարդերը: Աղջիկը աղքատ էր հագնված, բայց ծածկոցի տակից երևում էր մի գեղեցիկ դեմք՝ կենդանի և արտահայտիչ աչքերով:
Աղջիկը հազիվ լիներ տասը-տասներկու տարեկան: Նա շտապով վարդերից մի փունջ կապեց և թողեց-փախավ: Հաֆիզի զարմանքին և բարկությանը սահման չկար: Բայց ոչինչ չէր կարելի անել. աղջիկը արդեն ծածկվել էր աչքից: Հաֆիզը վեր առավ մագաղաթը, որպեսզի բանաստեղծություն գրե, սակայն բարկության ժամանակ մոռացել էր այն: Մի քանի րոպե նա նստեց՝ սպասելով ոգևորության և ահա թե ինչ գրեց.
«Թո՜ղ վարդը իր թփին: Եթե քաղվի՝ նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո՜ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո՜ղ վարդը իր թփին: Եթե չքաղես նրան, քեզ համար կասեն՝ դու իմաստուն ես, դու գթությամբ լցված ես. իսկ եթե քաղես, կասեն, որ քո ձեռքերը վայրագ են, քո սիրտը անողորմ: Թո՜ղ վարդը իր թփին»:
Մյուս առավոտ Հաֆիզը դարձյալ սպասում էր աղջկան, և նա իրեն սպասեցնել չտվեց. եկավ, ինչպես երեկ, լցրեց իր զամբյուղը վարդով և իսկույն հեռացավ: Հաֆիզը վեր առավ իր գավազանը և հետևեց աղջկան: Մի քանի փողոց անցնելուց հետո նրանք երկուսով դուրս եկան մի հրապարակ, որտեղ և շուկան էր: Այստեղ խռնվել էր շատ ժողովուրդ: Աղջիկը մոտենալով մի լավ հագնված կնոջ՝ առաջարկեց մի փունջ վարդ: «Գնեցեք այս վարդերը, սրանք ձեզ պես գեղեցիկ են»: Կինը վերցրեց փունջը և գնից հինգ անգամ ավելի վճարեց:
«Տեսնենք այս փոքրիկ գողը փողերն ի՞նչ է անելու», – ասաց իր մտքում Հաֆիզը:
Աղջիկը մտավ մի վաճառականի խանութ և այնտեղից միքանի արշին կտոր առավ: «Հա, սա պճնվել է սիրում», – փնթփնթաց ծեր բանաստեղծը: Իսկ աղջիկը մտել էր արդեն մի ուրիշ խանութ, որտեղ միայն ուտելիքներ էին ծախում: «Ո՜չ, սա բկլիկի մեկն է», – մտածեց Հաֆիզը: Աղջիկը Գնեց մի քանի լավաշ, մի տապակած աղավնի և շտապով դուրս եկավ շուկայից: Դուրս գալով շուկայից, մտավ մի մութ ծուռումուռ փողոց և կանգնելով մի ողորմելի կիսավեր տնակի առաջ՝ դուռը բանալ տվեց և ներս գնաց: Պատի ճեղքից բանաստեղծը տեսավ մի տխուր տեսարան: Անկյունում, խոտի վրա նստեք էր մի պառավ կին: Նրա շորի կարկատանները կարծես թափվում էին վրայից: Հաֆիզը տեսավ, որ այդտեղ թշվառության և վշտի բնակարան է: Աղջիկը նստեց պառավի մոտ:
– Ես քեզ համար հաց և միս եմ բերել, – ասաց ցածր ձայնով աղջիկը, – կե՜ր, կազդուրվիր. ապա հանիր վրայիցդ քո հին շորերը, ես քեզ համար նորն եմ բերել:
Աղջիկը տանից դուրս եկավ թե չէ, Հաֆիզը նրան կանգնեցրեց և քաղցրությամբ հարցրեց.
– Անունդ ի՞նչ է, փոքրիկ:
( Դոնիա:
– Այդ քո մա՞յրն է:
( Ոչ:
– Քո տա՞տն է:
– Ոչ, ես այդ պառավին երեք օր է, որ ճանաչում եմ. Ես այսքանը գիտեմ, որ նա հիվանդ է և քաղցածությունից համարյա թե մեռնում է. ահա երկու օր է, որ ես նրան օգնում եմ:
– Դու ի՞նքդ էլ ես աղքատ:
– Ես ոչինչ չունեմ, ազգական մինչև անգամ չունեմ. ես ծառայում եմ մի պարանագործի մոտ:
– Բայց դու աղքատներին օգնելու փող որտեղից ես ճարում:
Աղջիկը շփոթվեց և կարմրեց:
– Ինձ համար շատ անհարմար է այդ մասին խոսելը. ես վարդ գողացա և ծախեցի: Ես շատ լավ գիտեմ, որ գողությունը լավ բան չէ, բայց ուզում էի անպատճառ օգնել թշվառ պառավին: Շատ կարելի է, որ իմ գողացած ծաղիկների տերը ինձ ներե:
– Այդ ծաղիկները իմս են, – ասաց Հաֆիզը:
Դոնիան վախեցած ուզում էր փախչել, բայց Հաֆիզը նրան պահեց: Նա ասաց աղջկան, որ ներում է նրան և ձեռքից բռնելով բերեց իր տուն: Բանաստեղծը որդեգրեց փոքրիկ Դոնիային: Նրանք միասին ապրեցին մի տան մեջ: Բանաստեղծը կարդում էր իր բանաստեղծությունները, իսկ Դոնիան ագահությամբ լսում էր և բոլորը շուտով բերանացի սովորեց:
Հանկարծ մի սարսափելի լուր տարածվեց Պարսկաստանում: Դաժան Լանկթամարը մեծաքանակ զորքով գալիս էր Շիրազի վրա, և գեղեցիկ քաղաքին սպասում էր դառը վիճակ: Դիմադրել ոչ ոքի մտքից չէր անցնում: Շիրազեցիք մահվան էին պատրաստվում: Լանկթամարը եկավ և կանգ առավ քաղաքի պարիսպների տակ: Բոլոր քաղաքացիք դիմավորելու դուրս եկան, որպեսզի փրկություն խնդրեն: Մի կողմում կանգնել էին թաթարական մեծաքանակ զորախմբերը, իսկ մյուս կողմում՝ շիրազեցիք:
Նրանց առաջին, իր ձիու վրա, հպարտ նստել էր Լանկթամուրը: Առաջ եկան անվանի քաղաքացիք և խնդրեցին Լանկթամուրին՝ խնայել քաղաքը, հարկ վերցնել, ինչքան իր ցանկությունն է: Լանկթամուրը բարկությամբ խփեց իր սուրը քարին, որ ընկած էր ձիու ոտների առաջ և ասաց.
– Ինչպես այս քարը՝ ես խուլ եմ դեպի ձեր խնդրիքը, – և դառնալով դեպի զորքը, ուզում էր քաղաքը քանդելու հրաման արձակել: Հենց այդ րոպեին Դոնիան շշնջաց Հաֆիզին.
– Հայրի՜կ, աղաչիր սրան, գուցե մեղմանա:
Հաֆիզը և աղջիկը առաջ եկան:
– Ով է այդ ծերունին, – ահեղաբար հարցրեց Լանկթամուրը:
– Այդ Հաֆիզն է, – պատասխանեց Դոնիան:
Լանկթամուրի դեմքը մեղմացավ: Նրա աչքերն այնպես սպառնալի չէին: Տիրեց մի րոպեաչափ ծանր լռություն: Վերջապես Լանկթամուրն ասաց.
– Հաֆի՜զ, ես վաղուց էի ուզում քեզ տեսնել: Ամբողջ աշխարհում ես և դու ենք մեծ. դու քո բանաստեղծություններով, ես իմ հաղթություններով: Մի բան կարդա ինձ համար:
Այլայլված բանաստեղծը չէր իմանում ինչ ընտրեր: Այդ ժամանակ Դոնիան շշնշաց.
– Թող վարդը իր թփին…
Հաֆիզր հասկացավ աղջկա միտքը, արիացավ և սկսեց.
«Թող վարդը իր թփին: Եթե քաղվի՝ նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո՜ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո՜ղ վարդը իր թփին: Եթե չքաղես՝ քեզ համար կասեն, որ դու իմաստուն ես, դու ողորմած ես: Բայց եթե քաղես՝ կասեն, որ քո ձեռները վայրագ են և քո սիրտը անողորմ: Թո՜ղ վարդը իր թփին»:
Բանաստեղծը լռեց…
– Քո բանաստեղծությունը ինձ դուր է գալիս, Հաֆիզ, – ասաց Լանկթամուրը: – Բայց քո խորհուիդը ինձ համար չէ, ես նրանցից չեմ, որոնք բավականության համար են վարդ քաղում:
Հաֆիզը բարձրացրեց ձեռքը և ցույց տալով դեպի Շիրազը, ասաց.
– Հիշի՜ր, հաղթո՜ղդ, որ այս քաղաքը Պարսկաստանի վարդն է:
Լանկթամուրը շրթունքները կծեց, նա սկզբում գրգռված էր երևում, բայց մի քիչ մտածելուց հետո ձայն տվեց իր զորքին, – Մնացե՜ք այստեղ, գիշերեցե՜ք քաղաքի պատերի տակ:
Զորքը քաղաք չմտավ:
Լանկթամուրը միայն ինքը մտավ քաղաք և քաղաքն առավ իր հպատակության տակ:
Շիրազը մնաց անվնաս:
ԻՆՉԻՑ է, ՈՐ ԽԵՑԻՔԸ ԱՂՄԿՈՒՄ ԵՆ
Ծովային արքան՝ հզոր Նեպտունը
Ծովի հատակում ունի իր տունը:
Ողջը բյուրեղյա, ճոխ այգիները
Գրկել են նրա շեն պալատները.
Շեն պալատները ճոխ են և հարուստ:
Պատերը խեցի, նախշերը զուտ բուստ,
Մարգարիտները երկար հյուսերով
Ներսից կախված են պես-պես ձևերով,
Փայլուն ձկները՝ պահապան դռան,
Գիշեր ու ցերեկ հսկում են վրան:
Ծովի իշխողին անթիվ աղջիկներ՝
Գողտրիկ, նազելի հավերժահարսներ
Եվ ծառայում են, և զբաղեցնում,
Հազար տեսակի երգում ու պարում.
Արքայի աչքից ոչինչ չի փախչում,
Նա հանգիստ չունի և չի էլ ննջում.
Նա հետևում է ձկների լողին,
Եվ հրեշների այլանդակ խաղին.
Նաև տեսնում է, ինչպես հավքերը
Ջրի մեջ փռած ջարդված թևերը
Գոռ ալիքների կամ քամու ձեռից
Իջնում են անդունդ ծովի երեսից:
Երբեմն էլ արքան հեծնում է իր ձին՝
Ճեպընթաց ձուկը, ծովային Դելֆին,
Գնում շրջելու իր տերությունը,
Տեսնել ու զգալ իր մեծությունը:
Այս մի անգամը արքան դուրս գնաց
Եվ մի երկու օր ուրիշ տեղ մնաց.
Մի չքնաղ աղջիկ մոտեցավ պատին,
Այնտեղից պոկեց գույնզգույն խեցին.
Կապեց մազերից, իրեն զարդարեց,
Շատ ուրախացավ, շատ երգեց, պարեց:
Հզոր Նեպտունը տուն վերադարձավ
Տեսավ կորուստը և շատ բարկացավ.
– Ո՞վ է գողացել թանկագին խեցիս,
Ամբողջ աշխարհում միակ սիրելիս.
Թող կորչի գողն այս իմ տերությունից,
Աչքիս՝ չերևա հենց այսօրվանից:
– Այդ ես եմ վերցրեք քո խեցին, արքա
Մի՞թե իմ մեղքին թողություն չկա,
Չգիտությամբ եմ արել սխալը,
Ինձ խիստ գրավեց այն խեցու փայլը.
Ների՜ր ինձ, արքա, ինձ մի աքսորիր,
Մի հանիր ծովից, գահիդ մոտ պահիր:
Հավերժահարսը խնդրում էր լալիս,
Արքայի խեցին իրեն էր տալիս,
Նեպտունը տեսավ անկեղծ զղջումը
Եվ մինչև անգամ խղճաց մտքումը,
Սակայն չլսեց թշվառ աղջկան.
Միայն թե խեցին պարգևեց նրան:
Հավերժահարսը նորից աղաչեց.
Ընկավ ոտները, ծնկները պաչեց.
– Օ՛, հզոր արքա՛, կարոտից, վշտից.
Անշուշտ կմեռնեմ, երբ զրկվեմ ծովից,
Ծովի շաչյունը, ծովի ծփանքը
Կազմել են կյանքիս քաղցր պատրանքը:
Օրոր են ասել ինձ օրորոցում,
Ու քուն են դրել ջրերի ծոցում.
Հիմա եթե դու ինձ չես խնայում,
Քեզանից միայն ես այս եմ խնդրում.
Ծովի շաչյունը տուր ինձ հիշատակ,
Որ շոյե հոգիս ամեն ժամանակ,
Ուր էլ որ գնամ, որտեղ էլ լինեմ,
Իմ սիրած ծովի կարոտս առնեմ:
– Լավ, – ասաց արքան, – տուր ինձ այդ խեցին.
Խեցին վեր առավ, դրեց բերանին.
– Ծովի ծփանքը, ծովի շաչյունը
Հենց այսօրվանից պահպանիր քո մեջ.
Բոլոր խեցիքը թող այդպես անեն,
Եթե ցամաքի վրա պատահեն.
Խեցիի անցքից փչեց Նեպտունը,
Լցնելով մեջը ծովի շաչյունը:
Ապա ետ տվեց խեցին աղջկան
Ու հրամայեց աքսորել նրան:
Ընկերուհիներն արտաքսված կույսին
Տարան ու թողին ծովի երեսին.
Գոռ ալիքները գնացին-եկան
Հավերժահարսի ետևից ընկան.
Թե որտե՞ղ մնաց այնուհետև նա,
Այդ մինչև այսօր գաղտնիք կմնա:
Բայց դատարկ խեցին, որտեղ էլ լինի
Մարդ որ վեր առնի, ականջին դնի,
Անշուշտ կլսե ծովի շառաչյուն,
Գոռ ալիքների աղմուկ ու գոչյուն:
ԿՐԻԱՆ
– Գիտե՞ս այնպես մի կենդանի,
Որ իր տունը մեջքին տանի:
– Գիտեմ, այո՜, դա կրիան է:
– Թե որ գիտես, էդ ի՞նչ բան է:
Իսկույն ասեմ, դու իմացի:
Կրիան ուներ մի դրացի,
Խիստ շատախոս ու կռվարար,
Խեղճ կրիային շան օր կըտար:
Մի օր կրիան ճարահատած
Հայր Աստըծուն գանգատ գնաց:
Ասավ. «Մեռնեմ, հա՜յր, քո աչքին,
Իմ տունը դիր էս իմ մեջքին,
Որ ինձ իսկի մոտիկ ու կից
Էլ չունենամ ես վատ դրկից,
Որ ամեն օր քանի-քանի
Ուշունցներով հոգիս հանիս»:
Հայր Աստվածն էլ ասավ. – «Բարի
Տունդ մեջքիդ միշտ ման արի»:
ԱՐԾՎԻ ԺԱՅՌԸ
Կովկասյան ավանդություն
Ասես երկնքից կախված է ժայռը,
տակը մութ-մութ մի անտակ անդունդ,
ծխում է այնտեղ մուժ ու մառախուղ,
հեղեղն է կրծում քար ու քարափներ,
շաչում, շառաչում, թշշում ու վշշում,
արձագանքում են այրեր, խոռոչներ:
Կախված է այդպես ժայռը դարերով,
ամպին հարևան, ամպերի միջին.
շուրջը անապատ, շուրջը դիք ժայռեր,
մարդու հոտ չըկա, մարդու ոտ չըկա
և ոչ մի նշան մարդկային կյանքի:
Ճանապարհ չկա ու վերելք չըկա.
հավքը իր թևով, օձը իր պորտով
այնտեղ չի հասնի, այնտեղ չի սողա:
Ու հարյուր տարին ժայռը մի անգամ
կյանք էր ստանում ու կյանքը եռում.
շքեղ Կովկասի ամեն կողմերից
սեգ արծիվները երամ առ երամ,
հավաքվում էին ժայռի բարձունքին,
որ ամբողջ ցեղով ընտրեն նոր արքա:
Այդ էր օրենքը հին-հին դարերի,
սեգ արծիվների, արծիվ պապերի:
2
Այդպես, մի օր էլ, լուսաբացի հետ,
արծիվներն եկան, իջան էն ժայռին
ու ամեն մինը մի որս էր բերել,
տոնի առիթով էն ժայռի գլխին:
Եկավ և ահա նրանց ծեր արքան,
եկավ ու իջավ էն սարի ծայրին:
Սեգ արծիվները՝ ահել ու ջահել
թռան տեղերից, պտույտներ արին,
պտույտներ արին, նստեցին ժայռին
էդպես հարգեցին իրանց արքային:
Նստել էր գահին ծեր արծիվ արքան,
նստել էր, նայում իր ժողովրդին,
աչքերը խոշոր, բիբերը մարած,
բայց էլի հպարտ, հայացքը ահեղ,
Էլի կամքի տեր, էլի ուժի տեր:
Ծագեց արևը բարձր Կազբեկից
ու «Արծվի ժայռը» վառվեց լույսի պես:
Տխուր է, մռայլ ծեր արծիվ արքան,
ինչպես իր տակի ժայռի կտորը:
Իր վերջին օրն է: Եվ մի երկու ժամ,
Է՛, մնաք բարով և՜ գահ, և՜ կյանք, դո՛ւք:
Մռայլ և տխուր արքա արծիվը
իր վերջին խոսքն է ասում իր գահից.
– Իմ հարյուր տարին ես բոլորեցի,
ապրեցի պատվով, իմ ցեղի պատվով,
երբեք ես չիջա գահիս բարձունքից,
ազատ ծնվեցի, պատվով ապրեցի,
ազատ ապրեցի, ազատ կըմեռնեմ:
Ինձանից հետո նորընտիր արքան
թող ինձ հետևի, թող նա էլ ինձ պես
սիրե իր գահը Կազբեկի վրա:
Այդ է օրենքը անցած դարերի,
սեգ արծիվներիս, արծիվ պապերիս:
Հիմա ես ծեր եմ: Տեր ժամանակը
իր տվածն ինձնից ետ է պահանջում.
պակսել է լույսը կանթեղ աչքերիս,
թափել-ընկել է թև ու թռիչքս,
մի նոր թագավոր ընտրեցեք իմ տեղ,
թող երկար ապրի, մի հարյուր տարի,
իր թախտովն ապրի, իր թախտովն ապրի:
Սեգ արծիվները ամեն կողմերի՝
Արգունյան, Կյուրյան, Դարգինյան, Անտյան,
Կումիխյան և այլ սարի արծիվներ, —
նստել են ժայռին հլու-հպատակ
ու կախել իրանց սեգ գլուխները,
լսում արքայի խոսքերը վերջին:
Արքա արծիվը շարժեց գլուխը
և երեք անգամ ծանր բարևեց
սեգ արծիվներին, ու արծվի նման
թռավ գահիցը: Շրջաններ գործեց
անդունդի վրա ու հետզհետե
դեպի վեր, բա՛րձր, բա՛րձր ամպերը:
Նրա հետևից երամ առ երամ,
ինչպես մի անվերջ, երկարուն շղթա,
բարձրացան արծիվ արծվի ետևից:
Արքան սլացավ, մի վերջին թափով
ճախրեց, սավառնեց և տխուր հայացք
գցեց վերևից մերկ-մերկ ժայռերին,
որոնց գագաթին՝ իր գահն է եղել:
Մեծափառ սարը, – շքեղ Կազբեկը,
պեծին էր տալիս, աչք շլացնում —
խոր-խոր ձորերը, անտեր, անանուն,
անտակ, անհատակ, անչափ և անհուն:
Մի հետ էլ արքան գերվեց Կազբեկով.
– Դու, հզոր Կազբեկ, դու մնաս բարով,
և՜ դուք, իմ սարեր, սեգ արծվի սարեր,
և՜ դուք, անհանգիստ գյուղական տներ՝
դուք պետք է մնաք ձեր տեղը անշարժ,
ես պետք է գնամ ձեզանից կարոտ:
Ես սավառնում եմ, ճախրում ձեր գլխին,
բայց իմ գլխին էլ՝ մահը սևադեմ…
Ու արծիվ արքան մխվեց ու մնաց
բարձր օդի մեջ, աչքը իր գահին,
ու այն բարձունքից, թևերը ծալած,
ծանր քարի պես ընկավ վերևից
իր գահի վրա, ժայռի քարերին:
Կարմիր արյունով ներկեց իր գահը.
մարմինը ընկավ անտակ անդունդը,
և փետուրները ցիր ու ցան եղան:
Այդ է օրենքը հին-հին դարերի,
սեգ արծիվների, արծիվ պապերի:
3
Մի աղմուկ, շփոթ բարձրացավ օդում,
սարեր ու ձորեր արձագանք տվին,
սեգ արծիվները կըղղացին վշտից
ու իջան նորից պապական ժայռին,
իջան, որ ընտրեն իրենց նոր արքա:
– Ո՞ւմ պետք է նրանք թագավոր ընտրեն:
– Ով որ ուժեղ է, ով որ հաղթական,
ով որ այդ օրը մեծ որս է բերել:
Այդ էր օրենքը անցած դարերի,
սեգ արծիվների, արծիվ պապերի:
Որսերը շատ են ու տեսակ-տեսակ,
սարի այծյամներ, սիրուն ջեյրաններ,
ճերմակ կարապներ. շեկլիկ փասյաններ,
ջահել կխտարներ և նապաստակներ:
Բայց դրանք ոչինչ. կա մի ուրիշ որս,
դա ոչ այծյամ է, ոչ սարի ջեյրան,
ոչ ջրի կարապ, աղվես, նապաստակ:
Դա մի մանուկ է չորս-հինգ տարեկան.
նրան բերել է Անտյան լեռներից
մի ջահել, կարող, մի հզոր արծիվ:
Մեջքը տվել է նա «Արծվի ժայռին»
Ու թույլ կոներով հա՜ պաշտպանվում է,
անձնատուր լինել նա չի ցանկանում:
Հայացքը ազդու, մի մահ, մի սարսափ,
սարսափ է ընկել արծիվների մեջ.
նա մի կորյուն է, ասլան բալասի,
իրանց սարերի նման վայրենի:
Վերջապես ո՞ւմն են ընտրում թագավոր.
– Ով որ հզոր է, ով որ հաղթական,
ով որ այդ օրը մեծ որս է բերել:
Այդպես էր կարգը հին-հին դարերի
սեգ արծիվների, արծիվ պապերի:
Արքա ընտրեցին մանկան բերողին
թեև մի եղնիկ մեծ էր մանուկից:
– Մարդն է, ասացին, աշխարհի արքան,
արքայի արքան՝ հզոր արծիվն է.
մարդուն բերողը թող լինի արքա:
Կեցցե մեր արքան, մեր արծիվ արքան,
իր հարյուր տարին թող նա բոլորի, —
կղղացին ժայռի սեգ արծիվները,
մանկան բերողին ընտրեցին արքա:
Եվ սեգ արծիվը բազմեց իր գահին
Պետք է զոհվեին բոլոր որսերը,
դարագլուխ էր և նոր ընտրություն.
մարդու որդին էլ զոհերի մեջն էր,
անբիծ արյունը հոտ պետք է բուրեր,
սպասում էին՝ ինչ կասի արքան:
– Իմ սեգ արծիվներ, թող Կազբեկ սարը
հաստատուն մնա մեր գահի գլխին
երբեք ու երբեք թշնամի մարդը
մտքով էլ չհասնի արծվի թռիչքին,
թող «Արծվի սարը» անսասան մնա,
մարդը ի՞նչ է որ, թև-թռիչք չունի,
գետնին է կպել, հայացքը ներքև,
թող մարդու որդին, իմ բերած զոհը,
իր աչքով տեսնի մեր սուրբ հանդեսը.
զոհեցեք զոհեր, թող ալ արյունը
խնկի պես ծխա մեր գահի շուրջը,
ես էլ իմ զոհին վերջը կզոհեմ:
Աչքերը փայլուն և նրա սիրտը
կառնեմ ինձ բաժին, կկտցահարեմ.
միսն ու արյունը, իմ սեգ արծիվներ,
ձեզ «Արծվի գահից» համեցեք կանեմ:
Դեհ, սկսեցեք… Դեռ խոսքը բերնում,
հանկարծ օդի մեջ մի բան կայծակտեց,
վզզաց սուր նետը, նետը կուրորեն
եկավ արքայի լայն կուրծքը ծակեց
վիրավոր արքան դես-դեն թպրտաց,
երեք-չորս անգամ գցեց թևերը,
որ նորից թռչի բարձր ամպերը,
թռավ ու ընկավ արքան անդունդը
ու իր խորհուրդը տարավ իրան հետ:
Ո՞վ էր՝ սպանեց արծիվ արքային.
դա մի որսորդ էր, այն մանկան հայրը,
կրակ էր թափել նրա սրտի մեջ,
իր սերը չըկար, իր սիրտը չըկար…
Գազազած ելավ, առավ նետ-աղեղ.
– Ո՞րտեղ ես, Կազբեկ, դիք-դիք ժայռերդ
ձեռքով մագլցեմ… մինչև չըգտնեմ
կորած կորյունս, չերևամ մորը:
Ասավ որսորդն ու՝ դեպի Կազբեկ:
Հայրական սերը չըգիտե արգելք,
գտավ նա ճամփա, գտավ նա վերելք,
գնաց ու հասավ էն «Արծվի ժայռին»,
տվվեց-սպանեց արքան իր գահին:
Սեգ արծիվներին, ցիր ու ցան արավ,
ազատեց մանկան, բերեց Կազբեկից:
Այն օրվանից դես՝ այն էր ու այն էր,
Էլ արծիվները չունեցան արքա.
բայց «Արծվի ժայռը», ամպին հարևան՝
շքեղ Կազբեկի գլխին կա ու կա:
ՀՈՂԱԾԻՆԸ
Կովկասյան ավանդություն
Մեռավ ծեր արքան. արևը բաշխեց
Մի հատիկ որդուն: Կինը նրա տեղ
Գահը բարձրացավ, երկըրին իշխեց:
Որդին մեծացավ թռչնի պես անմեղ,
Անհոգ ու անփույթ շքեղ պալատում.
Բայց երբոր եղավ տասը տարեկան,
Լացեց ու ասավ. «Մայրիկ, ինձ ասա
Ո՞ւր է հայրիկս, ես հայրիկ չունե՞մ»:
– Քո հայրը, որդիս, վաղուց մեռել է:
– Ասա ինձ, մայրիկ, մեռնելն ի՞նչ բան է:
– Մեռավ քո հայրը հողում թաղեցին:
– Հողում թաղեցի՞ն, էլ ետ չի՞ գալու,
– Ոչ, ոչ, էլ երբեք, էլ նա ետ չի գա,
Մենք էլ կմեռնենք, կթաղեն հողում,
Բոլորիս վերջը մահն է, իմ որդի:
– Ինձ է՞լ կթաղեն, չեմ ուզում, մայրիկ,
Չեմ ուզում մեռնել ու հողում թաղվել,
Այնպիսի երկիր ես պետք է գնամ,
Որ մահ չլինի, մարդը չմեռնի.
Ես էլ չմեռնեմ, հողում չթաղեն,
Հողում չթաղեն, վրաս հող չածեն:
Ու թողեց գահը ու թողեց թագը,
Թագուհի մորը, հայրենի երկիր,
Վեր կացավ, գնաց հեռու, տարագիր:
Գնում էր… Գնաց… Ու անվերջ գնաց,
Տարիներն անցան իրար ետևից,
Աշխարհ ման եկավ, մի տեղ չըմնաց,
Որ Ռոստոմը ոտը չըդներ:
Ամեն տեղ մարդն էր մահին ենթակա,
Մորից ծնվածը մայր հողն էր մտնում:
Մարդը բնակություն թողեց ու անցավ,
Դուրս եկավ, գնաց չոլ ու անապատ:
Լա՛յն, լա՛յն հորիզոն, կապուտա՛կ երկինք…
Ո՜չ մարդ, ո՜չ գազան և ոչ էլ թռչուն:
Գնում էր… Գնաց… Տեսավ եղջերուն
Չոքել է՝ գետնին գլուխը կախած,
Պոզերի ծայրը ամպերի միջին:
– Բարով, Ռոստոմ, – եղջերուն ասավ, —
Ո՞րտեղից կըգաս և ո՞ւր ես գնում:
– Այ չոլի եղնիկ, – ասաց Ռոստոմը, —
Ես մի այնպիսի տեղ եմ որոնում,
Որ մահ չլինի, մարդը չմեռնի,
Ես անմահ մնամ, հողում չթաղեն:
– Այ ջահել, ջիվան, – եղջերուն ասավ
Չկա այնպես տեղ, որ մահ չլինի,
Ամեն տեղ մարդն է մահին ենթակա,
Ով որ ծնվել է, նա էլ կմեռնի:
Ես էլ եմ վաղուց մահին սպասում,
Կարոտ եմ մահին, նա չըկա՛, չըկա՛,
Երբ իմ պոզերը հասնեն երկնքին,
Նոր վերջ կտրվի իմ տաղտուկ կյանքին:
Կա՜ց, կա՜ց դու ինձ մոտ, մահը ուշ կգա,
Մահը ուշ կգա , կաց ու ծերացիր:
Կա՜ց ու ծերացիր, կյանքից ձանձրացիր:
– Մեռնել ուզեի՝ ես չէի թողնի
Թագուհի մայրիկ, պատիվ, գահ ու թագ.
Ես ապրել կուզեմ, շարունակ, անվերջ, —
Ասավ Ռոստոմը, վեր կացավ գնաց:
Գնում էր… Գնաց… Էլ հեռու, հեռու,
Վերից արևն էր այրում, տապակում,
Ետևն անապատ, առաջին սարեր,
Գնաց ու գնաց բարձրացավ մի սար,
Սարը հո սար չէր. ամպերը գլխին,
Գագաթին սուր-սուր ու դիք-դիք ժայռեր.
Վերից նայողը տակը չէր տեսնում,
Տակը մի անդունդ, մի խոր խորխորատ:
Բարձրացավ սարը, տեսավ գագաթին
Արծիվն է նստել մռայլ ու անհույս.
Արծիվն է նստել ու իր կտցովը
Խփում է ժայռին, փորում է ժայռը:
– Բարով դու, Ռոստոմ, դու հազար բարի,
Ո՞րտեղից կըգաս և ո՞ւր ես գընում, —
Ասավ արծիվը մռայլ ու անհույս:
– Այ հզոր արծիվ, – ասավ Ռոստոմը, —
Ես մի այնպիսի տեղ եմ որոնում,
Որ մահ չըլինի, մարդը չըմեռնի,
Ես անմահ մնամ, հողում չթաղեն:
Մտքի տակ ընկավ հսկա արծիվը.
– Այ ջահել-ջիվան, – ասավ Ռոստոմին, —
Ամեն կենդանի, որ օդ է շնչում՝
Նա պետք է մեռնի, վերջը հող դառնա:
Ես որ արծիվն եմ խիզախ ու հսկա,
Ես էլ եմ նույնպես մահին ենթակա.
Բախտն է որոշել, որ ես էլ մեռնեմ,
Բայց իմացիր՝ ե՞րբ. երբ փոսը լցնեմ,
Այ էս անդունդը, որ աչք չի կտրում:
Եվ գիտե՞ս ինչով, մանր քարերով,
Որ պետք է կտցով պոկեմ ժայռերից
Եվ իմ պոկածը, ասեմ, օրական
Մի ընկույզի չափ քար պետք է լինի:
Կաց ինձ մոտ, Ռոստոմ, մահը ուշ կգա,
Մահը ուշ կգա. կաց ու ծերացիր,
Կաց ու ծերացիր, կյանքից ձանձրացիր:
– Մեռնել ուզեի՝ ես չէի թողնի
Թագուհի մայրիկ, պատիվ, գահ ու թագ,
Ես ապրել կուզեմ անընդհատ, անվերջ: —
Ասավ Ռոստոմը, վեր կացավ գնաց:
Գնում էր… Գնաց… Տաս տարին անցավ,
Էլ տեղ չթողեց, որ նա ման չգար.
Ցամաքը պրծավ, երկրից դուրս ելավ,
Գնաց ու հասավ մի խաղաղ ծովի:
Թափանցիկ ծովը հայելու նման
Ձգվել, փռվել էր հեռու ափերում:
Մեղմիկ ծփանքով, փրփուր ալիքով
Գնում, գալիս էր օրոր ու շորոր:
Բայց հեռո՛ւն, հեռո՛ւն, որտեղ երկինքը
Ջրերի վրա կապել էր կամար,
Լուսեղեն հովտում, լազուրի միջին,
Մի բան էր լողում, պեծ-պեծին տալիս:
Գերվեց Ռոստոմը. հոգով թռչում էր…
Ու դեպի հեռուն, դեպի լազուրը,
Դեպի անհայտը, դեպ անմահություն,
Ապրել ու ապրել, հավիտյան ապրել,
Ու ծովին պատեց մի ախորժ մշուշ,
Ափին մոտեցավ մի զմրուխտ պալատ,
Պալատի միջից խոսեց դիցուհին.
– Դու ի՞նչ ես ուզում, այ մարդ հողածին:
– Օ, իմ պաշտելի, չգիտեմ ո՞վ ես,
Ես քեզ եմ փնտրում, դեպի քեզ ձգտում,
Շատ եմ ման եկել, հազիվ քեզ գտա:
– Դու որոնում ես անմահությունը,
Այո՜ , ես կյանքն եմ, գերագույն կյանքը,
Ինձ հետ ապրողը անմահ կմնա,
Կյանքը իմ մեջն է, մահը ոտիս տակ:
Ստեղծագործման առաջին օրից
Ես այսպես թարմ եմ, ու կըմնամ էսպես,
Աշխարհը որ կա, ինձ է պարտական…
Գիտե՞ս ով եմ ես, «Գեղեցկությունը»:
Կյանքը իմ մեջ է, մահը՝ ոտիս տակ:
Դու հող ես, այ մարդ, հողին պարտական,
Հողն իր տվածը նորից ետ կառնի.
Հողը մի ուժ է, դու պետք է մեռնես:
Բայց դու կաց ինձ հետ, քանի ինձ մոտ ես,
Անմահ կմնաս. մահն ինձ մոտ չի գա:
Ու ապրեց Ռոստոմն, ապրեց նոր կյանքով
Ու կյանքը հեքիաթ ու կյանքը երազ…
Կյանքը հոսում էր երազի նման,
Գեղեցկությունը շքեղ երազ էր,
Ժպիտը՝ շքեղ, կարմիր արշալույս,
Ծով ծով աչքերը՝ ցնորքի աշխարհ,
Մի լուսնյակ գիշեր՝ ցոլուն աստղերով,
Մի անհուն երկինք՝ ոնց սերը անբիծ:
Արևն էր ծագում նրա աչքերից,
Կենսատու շունչը՝ անձրևն էր ծաղկանց,
Գլխի պսակը՝ յոթ գույնի աղեղ:
Դա մի երազ էր, մի շքեղ երազ
Ու կյանքն էր հոսում երազի նման:
Հազար ու հազար տարիներ անցան
Ու հազար տարին՝ հազար ակնթարթ:
Բայց հոգին չունի, չունի՜ հագենալ,
Որ նա կարոտեց, հանգիստ չի կենալ:
Զարթնեց Ռոստոմը շքեղ երազից,
Գեղեցկության հետ նա այսպես խոսել.
– Մի կարոտ ունիմ, սրտամաշ կարոտ…
Ես կարոտել եմ անուշիկ մորս,
Ազգականներիս, իմ հայրենիքին,
Իմ հայրենիքին, օդին ու ջրին,
Ծառին ու ծաղկին, շաղին ու շողին,
Սարին ու ձորին, ղաշտին ու հողին:
Տասը տարի է, որ հեռացել եմ.
Ես կարոտել եմ. կարոտն է մաշում,
Կարոտն է քաշում. թույլ տուր ես գնամ
Մի տեսնեմ նրանց, դարձյալ գամ քեզ մոտ:
– Ես լավ գիտեի ուժը մայր հողի,
Մարդը մահինն է, մահը՝ մարդունը.
Էսօր թե էգուց մարդը կմեռնի.
Մայր հողն է կանչում, մահվան կարոտն է,
Որ քեզ քաշում է դեպի գերեզման,
Գն ա ու մեռիր պապերիդ նման:
Բայց աեմ՝ հազար, հազար տարի է,
Որ դու ապրում ես գեղեցկության հետ:
– Հազար տարի՞ է, թե՞ մի ակնթարթ.
– Կերթաս, կիմանաս: Ես երկու ծաղիկ
Կըտամ քեզ նվեր՝ ալ ու սպիտակ.
Ապրել ուզենաս՝ ալից հոտ քաշիր,
Մեռնել ցանկանաս՝ սպիտակ ծաղկից.
Է, մնաս բարով, քեզ բարի ճամփա:
Կարոտը սրտում, կարոտ յուր մորը,
Թև առած կըգա կարոտ Ռոստոմը.
Սարեր ու ձորեր, անտառ, անապատ
Կտրում անցնում է կարոտած որդին.
Գալիս է հասնում նա արծվի սարը:
Վայ, ու՞ր է անդունդ, ու՞ր է խորխորատ,
Չկա, լցված է, հարթվել ու կոկվել.
Ժայռ քարի վրա արծիվն է նստել,
Արծիվն է նստել՝ գլուխը կախած,
Թևերը թափած, անշարժ ու անշունչ:
Ռոստոմը կպավ հսկա արծիվին.
Ու արծիվն իսկույն իրարից եղավ,
Չոր փոշի դարձավ ու թափվեց գետին:
Գալիս էր… եկավ ու ճամփի միջին
Ծանոթ եղջերվին նա նորից տեսավ.
Սուր, սուր պոզերը երկնքին հասած,
Ու գանգը փշուր, փշուր էր եղել:
Թախիծը պատեց ճամփորդ Ռոստոմին,
Սիրտը վառում էր ներքին կարոտը.
Օր առաջ կուզեր նա մորը տեսնի,
Օր առաջ կուզեր հասնի հայրենիք:
Ահա վերջապես և հայրենիքը —
Նույն հովիտ ու դաշտ, նույն գյուղ ու քաղաք,
Առաջվա նման ջրառատ գետեր.
Բայց մարդն էր փոխված, հագուստը էն չէր,
Այն նիստ ու կացով, բարբառը ուրիշ,
Լեզուն անծանոթ ու ինքը օտար:
Գալիս էր… Եկավ… Այ և սարերը,
Ե՜վ ժայռ, և՜ քարափ, ամեն մի բլուր
Ծանոթ է իրան մանուկ օրերից.
Բայց ու՞ր է իր մոր նստած քաղաքը.
Ու՞ր է հայրենի շքեղ պալատը,
Պալատի տերը, – թագուհի մայրը,
Որ գիրկը ընկնի, կարոտը առնի,
Կարոտը առնի և էնպես ապրի:
Շուրջը ավերակ. դեղին մամուռը
Ելել ծածկել է քարակույտերը՝
Քաղաքը շեն չէ. քաղաքն ավեր է.`
Թե ե՞րբ է քանդվել, իմացող չկա,
Ավերակներում, մի քարի վրա
Նստել է մի ծեր ու աղոթք անում:
– Ասա ինձ, ծերուկ, – Ռոստոմը ասավ, —
Ե՞րբ է ավերվել այս շեն քաղաքը.
Ու՞ր է թագուհին, ի՞նչ է պատահել,
Չէ՞ որ դու նրան լավ ես ճանաչում.
Նա իմ մայրս է, ես՝ նրա որդին.
Դու լավ ես հիշում, թե ինչպես մի օր
Թողի իմ մորը, ելա, գնացի,
Որ մահից փրկվեմ, ապրեմ ու ապրեմ,
Իսկի չմեռնեմ, հողում չթաղեն:
– Ինչե՞ր ես խոսում, այ ղարիբ ախպեր,
Ես երբեք այդպես բաներ չեմ հիշում.
Քո ասածները անցած բաներ են
Ու քանի հազար տարի է անցել.
Ես էլ դեռ մանուկ հորիցս եմ լսել. —
Մի թագուհի է ապրելիս եղել,
Նրա մինուճար աչքի լույս որդին
Թողել է մորը, գնացել, կորել
Դա եղած բան է, բայց շատ հին բան է…
– Էլ ինչո՞ւ ապրեմ ու կարոտ քաշեմ…
Կյանքը իմ հոգուն հագուրդ չի տալիս,
Իմ մայրը այստեղ մահով է մեռել…
Ես պետք է գնամ իմ մորը գտնեմ,
Մահն էլ մի կյանք է ուզողի համար,
Մահի թևերով կարոտս կառնեմ:
Մահը թող տանի ինձ իմ մայրիկիս,
Գուցե խաղաղվի փոթորկված հոգիս.
Ես մահն եմ ընտրում, հանգիստ եմ ուզում,
Վարարած գետ եմ, մայր ծովն եմ հոսում: —
Ռոստոմն ասավ ու հանեց մոտի
Սպիտակ ծաղիկը, հոտոտեց նրան,
Հոտոտեց նրան ու ընկավ մեռավ:
Վեր կացավ ծերը, գերեզման փորեց,
Հողի մեջ թաղեց, վրան հող ածեց:
ՀԵՔԻԱԹՆԵՐ
ԽՈԻԼԻ ԱՅԾԵՐԸ
Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորչում են: Տերն ընկնում է դես-դեն այծերը գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
– Բարի աջողում, ախպեր, այծերս չե՞ս տեսել:
– Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
– Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ-ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
– Շնորհակալ եմ, ախպե՜ր, այծերս գտա. առ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
– Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, – զարմանքով ասում է արտավար խուլը:
– Ի՞նչ ես խոսում, – ասում է այծատերր, – ես ա՜յս այծն եմ խոստացել, որ մեռնես էլ՝ մյուս այծերից տվողը չեմ:
– Չէ, ես չեմ կոտրել, – բարկացած ասում է մեկը:
– Չէ, ես է՜ս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը:
Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:
– Ա՜յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին. գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցընում, ես է՜դ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:
– Ա՜յ նանի, – ասում է խուլ մարդը, – էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, – պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել. քանի որ էն չքոտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:
ԿԱՏՈՒՆ, ԱՔԼՈՐՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ
Լինում է, չի լինում մի ծեր մարդ է լինում: Այդ ծեր մարդն ունենում է մի կատու և մի աքլոր: Ինքը լինում է փայտահատ: Ամեն օր գնում է անտառ փայտ կտրելու:
Կատուն ու աքլորը մնում են տանը: Կատուն կերակուր է եփում, ճաշ պատրաստում: Աքլորը կիկիլիկի կանչում, տունն է սրբում:
Մի անգամ կատուն ճաշ է պատրաստում իր տիրոջ համար, աքլորի բաժինը տալիս է, դուռը վրան փակում ու իր տիրոջ ճաշը տանում:
Աղվեսը տեսնում է, որ կատուն գնաց, գալիս է ու լուսամուտի տակ կանգնում, անուշ-անուշ երգում.
Կիկիլիկի՛, աքլորիկ,
Կիկիլիկի՛, խասշորիկ,
Կարմիր, կարմիր երեսիկ,
Ալ աբրեշում մորուսիկ:
Ձեն ես տալիս թաղե-թաղ,
Կանչի՛, կանչելուդ մատաղ:
Կանչի, թռի լուսամուտ,
Տես՝ քեզ համար բեռով կուտ
Ջաղացպանը բերել է,
Ճամփի վրա փռել է,
Աքլորն ուտի՝ զորանա,
Ծիտիկն ուտի՝ չորանա:
Աքլորը կիկիլիկի կանչելով թռչում է լուսամուտը, գլուխը դուրս է հանոմ, տեսնի՝ թե ո՞վ է էնպես անուշ-անուշ երգում, իրեն գովում: Աղվեսը իսկույն հոփ, աքլորին բռնում է ու տանում: Աքլորը վախից ճղղում է ու կատվին օգնության կանչում.
Տանո՛ւմ են, կատո՜ւ ջան,
Վայ, վա՛յ, տանում են.
Ինձ քեզանից, քեզ ինձանից
Հայ-հայ, տանում են:
Աղվեսն ինձ խաբեց
Անուշ խոսելով,
Բռնեց, տանում է
Դար ու փոսերով,
Գետի ափերով,
Մութ անտառներով,
Հեռու տափերով,
Խոր-խոր ձորերով,
Բարձր սարերով:
Արի՛, կատու ջան,
Կանչում եմ ձենով,
Տարավ աղվեսը,
Տարավ խաբելով,
Կարմիր արյունս
Ճամփին թափելով,
Տարավ, ախպեր ջան,
Տարավ, հա՛ , տարավ:
Կատուն անտառից տուն է վերադառնում: Լսում է աքլորի ձենը, վազում հասնում է աղվեսին, գլխին տալով, աքլորին բերնից խլում է, բերում տուն ու էսպես խրատում.
«Աքլորիկս, սիրունիկս, տե՛ս սրանից հետո լուսամուտն էլ չբանաս ու դուրս չնայես, էլ աղվեսին չհավատաս, նա քեզ կուտի»:
Աքլորը խոստանում է, որ էլ աղվեսին չի լսի:
2
Մի անգամ էլի կատուն տիրոջը ճաշ է տանում: Աղվեսը տեսնում է, որ կատուն գնաց, կանգնում է լուսամատի տակ ու սկսում է իր հին երգը:
Կիկլիկի՛, աքլորիկ,
Կիկիլիկի՛ խասշորիկ,
Կարմր, կարմիր երեսիկ,
Ալ աբրեշում մորուսիկ:
Ձեն ես տալիս թաղե-թաղ,
Կանչի՛, կանչելուդ մատաղ:
Կանչի, թռի լուսամուտ,
Տես՝ քեզ համար ինչքան կուտ
Դռան առաջն եմ փռել,
Հետն էլ սիսեռ եմ բերել,
Էն էլ մի բուռ եմ բերել
Աքլորն ուտի՝ զորանա,
Ծիտիկն ուտի՝ չորանա:
Աղվեսն էսպես երգում է ու մի սիսեռ է գցում լուսամուտից ներս: Աքլորը կտցում է սիսեռը, տեսնում է, որ շատ համով է:
– է, աղվե՜ս, – ասում է նա, – սրանով ինձ չես խաբի, գիտեմ միտքդ ինձ ուտելն է:
– Դու էլ ի՞նչ ես ասում, սիրուն աքլորիկ, – պատասխանում է աղվեսը, – Ուտեմ, ուտեմ, էն էլ քե՛զ ուտեմ: Իմ միտքը՝ ո՛ւր, քո միտքը՝ ուր: Ես ուզում եմ քեզ հյուր տանեմ, իմ գարու, ցորենի, կորեկի, սիսեռի ամբարները քեզ ցույց տամ, աչքդ մի բան տեսնես:
Կիկիլիկի՛, աքլորիկ,
Կիկիլիկի՛, խասշորիկ,
Կարմիր, կարմիր երեսիկ,
Ալ աբրեշում մորուսիկ:
Ձեն ես տալիս թաղե-թաղ,
Կանչի՜, կանչելուդ մատաղ:
Կանչի՜ , թռի՛ լուսամուտ,
Ես քեզ համար ինչքա՛ն կուտ
Դռան առաջն եմ փռել,
Հետն էլ սիսեռ եմ բերել,
Էն էլ մի բեռ եմ բերել
Աքլորն ուտի՝ զորանա,
Ծիտիկն ուտի՝ չորանա:
Էլ չի համբերում աքլորը: Կիկիլիկի կանչելով թռչում է լուսամուտը, գլուխը դուրս է հանում, տեսնի՝ թե ինչ կա: Աղվեսն իսկույն հոպ, բռնում է աքլորին, տանում դեպի իր տունը: Աքլորը բարձր ձենով ճղղում է ու կատու ախպորն օգնության կանչում.
Տանու՛մ են, կատո՜ւ ջան,
Ինձ քեզանից, քեզ ինձանից
Վա՜յ, վա՜յ տանում են:
Աղվեսն ինձ խաբեց
Անուշ խոսքերով,
Բռնեց տանում է
Դար ու փոսերով,
Գետի ափերով,
Մութ անտառներով,
Հեռու տափերով,
Խոր-խոր ձորերով,
Բարձը սարերով:
Արի՜, կատո՜ւ ջան,
Կանչում եմ ձենով,
Տարավ աղվեսը,
Տարավ խաբելով,
Տարա՜վ, ա՛խ, տարավ
Աղվեսն անիրավ:
Կատուն լսում է ու վազում: Վազում հասնում է աղվեսին, գլխին տալով՝ աքլորին բերանից խլում, բերում է տուն ու էսպես ասում.
– Ես քեզ չասացի՞, աքլորիկս, որ լուսամուտը չբանաս, դուրս չնայես, աղվեսին չհավատաս, նա քեզ կբռնի ու կուտի: Դեռ լավ էր, շուտ հասա: Աքլորիկս, լսիր ինձ, տես, զգուշացիր, վաղը շատ հեռու եմ գնալու:
Աքլորն էլի խոսք է տալիս, որ աղվեսին չի լսի:
3
Մյուս օրը կատուն դարձյալ հաց է տանում տիրոջը: Աղվեսը դարձյալ գալիս է, լուսամուտի տակ կանգնում, աքլորին երգելով գովում:
Կիկլիկի՛ աքլորիկ,
Կիկլիկի՛, խասշորիկ,
Կարմիր, կարմիր երեսիկ,
Ալ աբրեշում մորուսիկ,
Ձեն ես տալիս թաղե-թաղ,
Կանչի՜ , կանչելո՜ւդ մատաղ:
Կանչի՜, թռի լուսամուտ,
Չկարծես թե սուտ է, սուտ.
Բերել եմ քեզ պալատիկ,
Պալատիկում լի հատիկ,
Գարի, սիսեռ ու կորեկ,
Աքլորի՜կս, դե ե՜կ, ե՜կ,
Ե՜կ, ե՜կ, տամ՝ կեր, զորացիր,
Թե չէ՝ քաղցած չորացիր.
Աքլորիկը լսում է, բայց սիրտ չի անում դուրս նայել. մի քիչ հետո աղվեսն էլի երգում է.
Դե՛հ, դո՜ւրս արի, դո՜ւրս արի,
Աքլո՜ր, աքլո՜ր ման արի,
Աքլո՜ր, սրտիս սիրեկան,
Աքլո՜ր, աչքիս դուրեկան:
Դու տոն օրվա շորով ես,
Դու պաս օրվա փորով ես,
Դա՜փ-դատարկ է քո քուչը
Մոռացել ես քջուջը:
Քո կերածը քիչ ձավար,
Քո տնակը մութ, խավար,
Բանտարկված ես՝ մեղ չունես:
Լեն աշխարհում տեղ չունես:
Կուչ ես եկել տան մեջ, կուչ,
Բա քո կատուն ոչ ու փուչ
Բռնակալ է, բռնակալ:
Ինքը գիտե միշտ ման գալ,
Անտառներում մլավել,
Մկան բներ գրավել,
Ա՜խ, գող կատու, փի՛շտ, փի՛շտ, փի՛շտ:
Խանգարում ես միշտ, միշտ, միշտ,
Ինչո՞ւ օրդ զուր անցնի:
Դուրս եկ, աչքդ բան տեսնի,
Ապրի ոսկի պալատում,
Ջուր ես, զուր ես ինձ ատում:
Մի՜ բարկանա ինձ վրա,
Չէ՞ քեզ ճամփին չկերա:
Ուզում էի հյուր տանեմ,
Կատվի բանտից դուրս հանեմ:
Է՛, վախենում ես, կաց բարով,
Ինձ չես տեսնի տաս տարով:
Այ, գնում եմ ես Թելավ,
Թե էնտեղ էլ բան չեղավ,
Ես միտք ունեմ, մի խոսքով,
Երկաթուղով՝ վը՛զ, Մոսկով:
Միայն թե դու զորանաս,
Թե չլսես, չորանաս:
Աղվեսն էսպես երգում է ու մի անկյունում թաքնվում: Աքլորն էլ տնակի մի անկյունում կուչ եկած՝ ինքն իրեն ասում է.
– Գնամ-չգնամ, գնամ-չգնամ: Հը՛, գնամ, հը՛, չգնամ…Գնա՜մ, աղվեսը էնտեղ չի. գնամ՝ տեսնեմ ոսկի պալատիկը, մի հատ, կես հատ սիսեռ կտցեմ ու հետ գամ:
Կիկիլիկի՛, պալատիկ,
Կիկիլիկի՛, մի հատիկ…
Երգելով աքլորը թռչում է լուսամուտը: Լուսամուտից գլուխը դուրս է հանում, տեսնում է, որ աղվեսը չկա: Սիրտ է առնում ու դուրս գալիս: Աղվեսը հարձակվում է, հո՜փ,հո՛փ, բռնում է աքլորին ու տանում:
Աքլորը սրտաճաք ճղղում-ճղճղում է ու կատվին օգնության կանչում.
Տարա՛ն, կատու ջան,
Տարա՛ն, ինձ տարան,
Ջիվան աքլորդ
Աղվեսի բերան,
Աղվեսն ինձ խաբեց
Անուշ խոսելով
Բռնեց, տանում է
Դար ու փոսերով.`
Ես քո խրատը
Ինչո՞ւ մոռացա…
Տնից դուրս եկա,
Տնից հեռացա:
Արի՜, ազատիր,
Էլ չեմ խաբվի ես,
Աչքս ճամփիդ է,
Սպասում եմ քեզ:
Ճամփես ոլոր է,
Սիրտս մոլորէ,
Աղվեսն ինձ տարավ,
Էս ի՛նչ սև օր է:
Տարավ աղվեսը,
Տարավ խաբելով,
Կարմիր արյունս
Ճամփին թափելով:
Տարան աքլորին,
Տարան, հա՜ տարան,
Ջիվան աքլորը
Աղվեսի բերան:
Կատուն անտառից լսում է աքլորի ձենը, վազում է ու էսպես ձեն տալիս.
Եկա՛, հա եկա՜, իմ ջիվան աքլոր,
Ես քեզ չեմ թողնի էդպես խեղճ-մոլոր:
Մանգաղ եմ բերում աղվեսի համար…
Ձեռքս էդ ընկավ, ուրիշ բան չկար:
Ինձ կատու կասեն, առյուծն է պապս,
Աղվեսին ցույց տամ ուժս ու թափս.
Թե չանեմ նրան ես բզիկ-բզիկ…
Մանգաղ եմ բերել, որ կտրեմ վզիկ,
Հեռու չեմ, հեռու, մոտի՛կ եմ, մոտիկ:
Կատվի ձենը սար ու ձոր է բռնում, արձագանք է տալիս: Աղվեսն էնպես է իմանում, թե հազար կատու մանգաղ առած գալիս են, որ իր ոտները հնձեն, վիզը կտրեն:
Վախից դողը բռնում է, թուլանում, մնում է: Աքլորը սիրտ է առնում, իրեն ազատում է աղվեսի բերնից ու փախչում ետ՝ դեպի կատուն, արյունլվա, թևերը կախ, ձենը փորն ընկած:
Աղվեսն գլուխն առնում. փախչում է: Էլ երբեք չի գալիս աքլորին խաբելու: Կատուն գրկում է վիրավոր աքլորին ու երգում:
Ե՜կ, աքլորիկս, ես քեզ խտտեմ,
Խտիտս առնեմ, հիվանդ պտտեմ:
Ընկար սարե-սար, մուրազիդ հասար,
Վարպետ աղվեսի պալատը տեսա՜ր:
Ո՞ւր է քո գլխի ոսկեղեն թագը,
Ի՞նչ վերք է բացվել քո բկի տակը,
Երկար հյուսերդ չեն թափվում ուսիդ,
Ո՞ւր են թելերը կարմիր մորուսիդ,
Ատլաս շորերդ, կարմիր ծիրանի,
Ատլաս հագնողին հազար երանի,
Արյուն է դարձել, արյունդ է ծորում
Ճամփի քարերին, հեռու ձորերում:
Արյուն ես տեսել, վախել ես, վախել,
Ծնկներդ ծալել, թևերդ կախել.
Բայց դու մի վախի, քեզ տուն կտանեմ,
Դեղ կպատրաստեմ, վերքիդ կդնեմ:
Մեծի խրատը, գիտեմ, օղ կանես,
Խոսք չլսելը, ջանիկ, թող կանես:
Կատուն աքլորին տուն է բերում, նրա վերքերը լվանում է, դեղ է անում ու լավացնում:
Միայն աքլորի միրուքը չի բուսնում. աչքի մեկը լավ չի տեսնում: Ձայնն էլ լավ չի բացվում: Չի կարողանում առաջվա պես կանչել զիլ.
Կիկիլիկի՛…
ԻՄԱՍՏՈԻՆ ՄԱՆՈԻԿԸ
(Կովկասյան հեքիաթներից)
Արևելքի թագավորը պատճառ էր փնտրում, որ արևմուտքի թագավորի հետ կռվի: Գիր ուղարկեց ու միջին էսպես գրեց.
«Արևմուտքի թագավոր, քո ձին որ էդտեղ խրխնջաց, իմ ձին էստեղ վախեցավ»:
Արևմուտքի թագավորը չհասկացավ արևելքի թագավորի միտքը: Կանչեց իր նեզիր-վեզիրներին, որ բացատրեն, թե ի՞նչ է ուզում ասի արևելքի թագավորը: Բայց ոչ ոք չկարողացավ բացատրել:
Տեսավ, որ չի լինի, դեսպաններ ուղարկեց գյուղ ու քաղաք, որ մի այնպիսի իմաստուն մարդ գտնեն, որ կարողանա արևելքի թագավորի միտքը իմանա:
Դեսպանները շատ ման եկան, դես ու դեն ընկան, բայց մի մարդ չգտան, որ արևելքի թագավորի միտքն իմանա: Վերջը՝ մի գյուղի մոտով անցնելիս տեսան, որ մի մանուկ քարի վրա նստած է.
– Այ տղա, – հարցրին դեսպանին, – ո՞ւր է հայրդ:
– Հայրս, – պատասխանեց մանուկը, – վեճ է ցանում:
( Ինչպես թե՝ վեճ է ցանում. այդ ի՞նչ է նշանակում, բացատրի, – խնդրեցին դեսպանները:
( Այ, էս ճամփի վրա, – շարունակեց մանուկը, – հայրս բոստան է դրել: Անցնող-դարձողը մտնում գազար է հանում, վարունգ է քաղում, սոխ է պոկում: Հայրս էլ նրանց հետ շարունակ վիճում է ու կռվում:
( Մայրդ ո՞ւր է:
– Մայրս էլ արցունք է փոխ տալիս:
– Էդ ի՞նչ է նշանակում:
– Ա՜յ թե ինչ է նշանակում: Գյուղում մեկը մեռենլիս, մայրս գնում է մեռելատերերի հետ լաց է լինում, արցունք փոխ տալիս:
Դեսպանները տեսնում են, որ այդ տղան շատ սրամիտ և իմաստուն տղա է. մտքներումն ասում են. «Կա, չկա էս տղան կբացատրի արևելքի թագավորի առաջարկությունը»: Վեր են առնում մանկանը տանում թագավորի մոտ ու պատմում թագավորին հալ-հեքիաթ, էսպես որ էսպես:
– Մանուկ, – ասում է թագավորը, – թե որ կարողանաս արևելքի թագավորի միտքը բացատրես, իմ թագավորության կեսը քեզ կտամ: Արևելքի թագավորը ինձ գիր է գրել, թե քո ձին էդտեղ որ խրխնջաց, իմ ձին էստեղ վախեց. սա ի՞նչ է նշանակում, էդպես բան կարելի՞ է:
– Թագավորն ապրած մնա, – ասում է մանուկը, – արևելքի թագավորը պատճառ է փնտրում, որ քեզ հետ կռվի: Ուղարկիր երեք հարյուր ձիավոր. թող նրանք գնան մտնեն թագավորի մայրաքաղաքը ու շներին կոտորեն: Գանգատը անշուշտ կհասնի թագավորին: Թագավորը նրանց կկանչի իր մոտ. թող ձեր ձիավորները ասեն. «Մեր թագավորի ոչխարի հոտի մեջ մտան գայլերն ու կոտորում են թշվառ ոչխարներին: Մենք որքան ձայն տվինք հովիվների հետ, օգնության կանչեցինք ձեր շներին, ձեր շները չեկան ու չեկան, դրա համար էլ եկանք ու կոտորեցինք նրանց»: Թագավորը կզարմանա և կասի. «Այդ ինչպե՞ս կարելի է, էնտեղից էստեղ ձա՞յն կհասնի»: Թող ձեր մարդիկ էլ ասեն. «Էդ ինչպես է, որ մեր թագավորի ձին էնտեղ խրխնջալիս ձեր ձին էստեղ կվախենա, ու ձեր շները մեր ու հովիվների ձայնը չեն լսի»:
Արևմուտքի թագավորը էդպես էլ արավ: Երեք հարյուր ձիավոր գնացին արևելքի թագավորի քաղաքը և կոտորեցին շներին: Թագավորը նրանց կանչեց և բացատրություն պահանջեց:
Ձիավորներն ասացին.
– Թագավորն ապրած մնա, էդ ի՞նչպես է, որ մեր թագավորի ձիու խրխնջոցը ձեր ձին կլսի ու մեր հովիվների ձայնը ձեր շները չեն լսի, որ չեկան թշվառ ոչխարներին գայլերից ազատեին:
Արևելքի թագավորը էստեղ մատը կծում է ու հասկանում, թե բանն ինչումն է: Ձիավորներն ազատ վերադառնում են իրենց թագավորի մոտ:
Միառժամանակ անցնելուց հետո արևելքի թագավորը ուղարկում է արևմուտքի թաղավորին երկու աղավնի, երկուսն էլ միատեսակ. մեկը իրենն է լինում, մյուսը՝ գյուղական, և պահանջում է, որ իմանան, թե ո՞րն է թագավորականը և ո՞րը գյուղականը:
Թագավորը, նեզիր-վեզիրները չեն կարողանում իմանալ, թե որ աղավնին թագավորինն է, որ աղավնին գյուղական:
Դարձյալ դիմում են մանկան: Մանուկը այսպես է ջոկում աղավնիները: Ասում է. «Մի տան մեջ կրակ արեք, թող ծուխը բարձրանա. որ աղավնին որ ուշաթափվեց, գետին ընկավ, իմացեք, որ նա է թագավորականը»: Ինչպես մանուկն է ասում, այնպես էլ անում են: Արքունական աղավնին ծխին անսովոր է լինում, չի դիմանում, ծխից ուշաթափվում է ու ընկնում գետին: Գյուղացու տանը մեծացող աղավնուն ծուխը չի ազդում:
Արևելքի թագավորը տեսնում է, որ չի լինում, մի երկաթե տախտակ է ուղարկում արևմուտքի թագավորին, որ սա մի վերարկու կարի և ուղարկի իրեն:
Արևմուտքի թագավորը իմաստուն մանկան խորհրդով ուղարկում է իր թշնամուն մի մեծ ժայռի կտոր, որ սա թել պատրաստի այդ ժայռից վերարկուն կարելու համար: Արևելքի թագավորը նորից մի առաջարկություն է անում արևմուտքի թագավորին, ահա թե ինչ:
– Ուղարկիր ինձ մի այնպիսի եզ, որ ոչ սև լինի, ոչ սպիտակ, ոչ կարմիր, ոչ մոխրագույն, վերջապես ոչ մի գույն չունենա:
Արևմուտքի թագավորը դարձյալ իմաստուն մանկան խորհրդով գրում է արևելքի թագավորին.
«Արևելքի թագավոր, ուղածգ եզը պատրաստ է, մի մարդ ուղարկի, որ գա եզը տանի. միայն այնպիսի ժամանակ գա, որ ոչ առավոտ լինի, ոչ կեսօր, ոչ երեկո, ոչ գիշեր և ոչ կեսգիշեր, ոչ լույս և ոչ մութ»:
Արևելքի թագավորը իմանում է, որ ուժի դեմ ուժ կա, էլ կռվի չի գալիս արևմուտքի թագավորի վրա:
Արևմուտքի թագավորն էլ իր թագավորության կեսը տալիս է իմաստուն մանկանը, նրան անում է իր առաջին խորհըրդատուն, հորն ու մորն էլ մոտն է բերել տալիս:
ԾԻՏ՜Ն ՈԻ ՈՐԲԵՐԸ
1
Մի աղքատ այրի երկու որբ ուներ մի սովի տարի:
Երկու որբ ուներ՝ Հրաչ ու Հեղուշ,
Վեց-յոթ տարեկան, մեկ-մեկից անուշ:
– Սոված ենք, սոված, նանի՜, մի ճոթ հաց…
Լաց էին լինում, մոր փեշից բռնում, հետևից գնում:
Հաց չունի նանը, որտեղի՞ց բերի,
Ինքն էլ է քաղցած, մի փորի գերի:
Սովի տարի է, էլ ի՛նչ դուռ-դրկից,
Էն խղճուկ այրին չունի կարեկից:
Մի օր ճարահատ սովատանջ մերը,
Հետևից գցած իրեն որբերը,
Լացով ու թացով մտնում է ձորը
Իր երկու անգին սիրասուն ձագին
Առնում է ծնկան, չի թողնում, որ լան:
Ու խորը ձորում, իրենց մոր գրկում,
Քնում են մուշ-մուշ Հրաչ ու Հեղուշ…
2
– Երկնքի հավքե՜ր, – ասում է մերը, —
Էս երկու բալիս արեք ձեզ ընկեր, —
Ասում է, լալիս, – խղճացեք սրանց,
Մի՜ թողեք սոված:
– Դաշտի գազաննե՜ր, դուք էլ մայրեր եք,
Էս սովի տարին դուք էլ խղճացեք
Էս իմ որբերին:
Ասում է նանը, երեխանց պաչում
Ու վեր է կենում, ձորիցը փախչում:
Թե շատ են ննջում, թե քիչ են ննջում
Հրաչն ու Հեղուշն էն ձորամիջում,
Մեկ էլ զարթնում են, որ նանը չկա,
Ու վեր են կենամ, բռնում մի ճամփա,
Մի ոլոր ճամփա, մի մոլոր ճամփա,
Գնում են, գնում ու նանի՛ կանչում…
Մեկ էլ մի թռչուն էսպես է ասում.
– Ինչո՞ւ կուլաք հոնգուր-հոնգուր,
Փունջ մանուշակ ախպեր ու քուր:
Եկեք գնանք գիշերն ինձ հյուր,
Ձեզ տեղ կտամ ծառիս տակին,
Ձեզ հաց կտամ արևծագին…
3
Առավոտը արևածագին՝
Ծիտիկն իջավ ծառի տակին.
– Գնանք, – ասավ, – անթև ձագեր,
Հրաչ, Հեղուշ անհեր, անմեր:
Եկեք գնանք ծառի տակից,
Եղեք դուք մեզ սեղանակից:
Ունենք մենք մի բարի տատիկ,
Որ ամեն օր խաշած հատիկ
Փեշը լիքը հանդն է գալիս
Ու մեր առաջ շաղ է տալիս:
4
Հրաչ ու Հեղուշ,
Քաղցած ու անուժ,
Ելան գնացին ծտի հետ սեղան,
Տատի հատիկին մասնակից եղան:
Տատը որ տեսավ երկու երեխին,
Վազեց ու ասավ. – Մատա՜ղ ձեր գլխին,
Երկու թոռնիկ ես ունեի…
Նրանց ցավը ես տանեի…
Հիվանդացան ծոցիս միջին,
Հիվանդացան ու ննջեցին:
Չեմ հավատում՝ նրանք մեռան,
Այդ ծտերից թևեր առան,
Թևեր առան, ծտեր դառան.
Ծտեր դառան, դես-դեն թռան…
Գնանք, եղեք դուք ինձ թոռներ,
Ձեզ չեմ թողնի սովից մեռնեք:
5
Որ անցկացավ սովի տարին,
Բալի կարոտ էն խեղճ այրին
Ելավ ընկավ սար ու ձորեր,
Լացեց, կանչեց. – Ա՛յ իմ որբեր,
Հրաչ, Հեղուշ, ո՞ւր եք դուք, ո՞ւր,
Ազիզ բալեք, ախպեր ու քուր:
Մնացել եմ ձեր կարոտով,
Հրաչ, Հեղուշ, համով-հոտով:
Մի լուր տվեք, նախշուն հավքեր:
Իմ որբերին անտուն, անտեր,
Գազաննե՞րը գտան կերան,
Թե՞ գետերը առան տարան:
Գուցե՝ մեկը իր հոր խերին
Հա՞ց է տալիս իմ որբերին:
6
Ծիտը վերից ասավ. – Նանի՜,
Էդքան էլ շատ սուգ մի՜ անի,
Հրաչ, Հեղուշ, երկու գառնիկ,
Բարի տատիս եղան թոռնիկ:
Արի տանեմ որբերիդ մոտ,
Էլ մի՜ մնա բալի կարոտ:
Ծիտը իջավ տատի կտրան,
Նանը կանգնեց տատի դռան,
Ծիտը երգեց. – Ախպեր ու քուր,
Հրա՜չ, Հեղո՜ւշ, ձեզ բարի լուր,
Ձեր մերն եկավ բոբիկ ոտով,
Ձեր մերն եկավ ձեր կարոտով:
Եկեք, տեսեք դուք ձեր մորը,
Մի՜ մոռանաք էն սև օրը,
Ծառի տակի ձեր ծիտիկին
Ու մեզ պահող ծեր տատիկին:
Հենց որ երգեց տան կտրանը,
Իր որբերին գտավ նանը,
Իր որբերին՝ Հրաչ, Հեղուշ,
Փունջ, մանուշակ, անուշ, մեղուշ:
ԳՈՂ ՄԱՔԻՆ
Կատուն ընկավ դռնեդուռ,
Գազաններին տարավ լուր,
Թե՝ չեք ասի, ես տեսա,
Դեռ լավ էր, որ շուտ հասա,
Վախկոտ մաքին, դեռ մի ձին՝
Խիստ անպատվեց առյուծին:
Էն խոտից, որ դիզված է,
Փշից-մշից զտած է,
Որ պիտ լինի անկողին
Գազաններիս պահողին,
Գողցավ մի փունջ գիժ մաքին,
Տարավ տվեց իր ձագին:
– Ե՞րբ կամ ինչպե՞ս տեսար դու,
Խանում-խաթուն մեր կատու, —
Ասավ արջը ծաղրելով,
Կատվի մեջքը շոյելով:
– Դու ինչո՞ւ ես անհամբեր,
Մեր բոլորի մեծ ապեր.
Ես իմ տեսածն եմ ասում,
Սուտ բան երբեք չեմ խոսում,
Հենց երեկ էր, որ մաքին,
Մատաղ նրա դըմակին,
Ինձ բանի տեղ չդրավ,
Առավ խոտն ու ղո՛ւ տարավ:
– Այո՜, այո՜, էդպես է,
Մեր կատուն ուղղախոս է,
Պիտ պատժվի էնպեսը, —
Վրա բերեց աղվեսը:
– Ըմբոստ մաքու էդ քայլը, —
Կարծիք հայտնեց ծեր գայլը, —
Պիտի դատենք միասին,
Թե հավատանք աղվեսին:
– Ի՞նչ ես ասում, ա՛յ քեռի,
Սուտ ասողը քըրքըրվի,
Էդ ինչե՞ր ես մտածում,
Ինձ ինչո՞ւմն ես կասկածում.
Է՛, ի՛նչ կուզեք դուք արեք,
Թեկուզ ողջը սուտ հանեք,
Առյուծի մոտ ես կերթամ
Բանը մեկ-մեկ կկարդամ,
Էլ չզսպվեց աղվեսը,
Կրունկն արավ դեպ դեսը,
Երկար պոչը թափ տալով,
Թռչկոտելով, ծափ տալով,
Գնաց-գտավ արքային
Անտառումը, իր գահին,
Դալար ճյուղեր հովանի,
Որ արևը զոռ չանի:
Հետը տարավ նվերը,
Մի զույզ հնդկահավերը,
Տարավ դրեց առաջին,
Ինքն էլ նստեց իր պոչին:
– Պարո՛ն աղվես, էս խե՞ր է…
– Առյուծ արքա, ինձ ներե,
Էս աշխարհը փոխվել է,
Ահ ու երկյուղ թռել է,
Մի գողություն, չես ասի,
Ապա պատմեմ, ինձ լսի:
Էն խոտից, որ դիզել ենք,
Կըղկըղել ենք, գզել ենք,
Որ ձմռանը լիորեն
Գցեք քո տակն ու վրեն,
Գողցել, տվել է իր ձագին
Ժաժան գլուխ գող մաքին:
– Հաշիվ թող տա ըմբոստը,
Կամ վեր դնի իր փոստը:
– Այո՜ , այո՜, տեր արքա,
Գործած մեղքին պատիժ կա,
Եթե ներես այս անգամ,
Էն գող մաքին անզգամ
Երբեք չի գա էլ կապի,
Խոտը կուտի, կըպարպի:
Առյուծ արքան էդ մասին
Էսպես ասեց աղվեսին.
– Որքան կենդանիք որ կան,
Թող վաղը շուտ ինձ մոտ գան,
Մենք բոլորս միասին
Խորհուրդ անենք այդ մասին,
Թե ինչ պատիժ է հարմար,
Այդ ըմբոստ մաքու համար:
Աղվեսն ելավ, ծըռմըռվեց,
Հինգ-վեց անգամ խոնարհվեց,
Լիզեց տիրոջ թաթիցը
Ու դուրս թռավ մոտիցը:
Դեռ չէր ցրվել մառախուղ,
Առավոտյան շատ կանուխ
Կենդանիներն անտառում
Գըզվում էին, գոռգոռում:
Երբ արևը դուրս եկավ,
Ալ աբրեշում շոր հագավ,
Շողքը գցեց սարերին
Ու կյանք տվեց անտառին,
Առյուծն իջավ իր գահից,
Ողջը լռեց իր ահից:
– Իմ գազաններ, լսեցե՜ք,
Մեկ-մեկ հերթով խոսեցեք,
Ամեն մեկը ձեզանից
Թող մտածի իրանից,
Կարծիք հայտնի՝ թե ինչպես
Պատժենք մաքուն սևերես,
Որ սրբազան դեզիցը
Խոտ է տարել դըրսիցը:
Էսպես խոսեց առյուծը,
Գազանների էն մեծը:
Առաջ եկան իշանը,
Զռզռոցն էր նշանը.
Թոփ-թոմարի խոսեցին,
Բայց ոչինչ էլ չասացին,
Լավ էր, եկավ վարազը.
Բռնեց իշերի հաղը,
Վարազից խիստ վախեցին,
Ականջները կախեցին:
Օգտվելով էդ բանից,
Շիլ նապաստակն իր կողմից.
– Ես չեմ խոսում երկար-ձիգ,
Ահա՜ համեստ իմ կարծիք.
Մաքուն պատիժ թող չինի,
Որ նա բոստան չմտնի,
Կաղամբ, գազար չկրծի,
Այլ դաշտերում արածի:
– Կորի՜, ծուռ աչք, դու շըլդիկ,
Ծնածդ օրից անվարտիք…
Թազին քաշեց կարճ պոչից,
Իսկ կատուն էլ սուր դնչից:
– Թե որ բանը ինձ մնա,
Մեր ամենի տեր արքա, —
Ասեց գայլը ալևոր,
Միս ու արյան միշտ սովոր,
– Ու քանի որ մենք մեզ ենք,
Բերենք գողին մի գզենք:
Հերթն հասավ արջ ապորը,
Քիչ հիվանդ էր նա էդ օրը.
– Չէ՜ , ձեռք չտանք գող մաքուն,
Միայն ամեն իրիկուն
Պարտավորվի մեզ համար
Մեղր բերի անդադար:
– Ձայն եմ տալիս նաև քեզ,
Մեր խելացի, ժիր աղվես:
– Որովհետև բրդոտը
Գողացել է քո խոտը.
Ուստի արդար կլիներ
Լոկ քեզ բաժին նա լիներ…
Էստեղ արքան՝ խիստ ու մթին,
Դարձավ կանգնած ժողովրդին.
– Մեր աղվեսի այս խորհուրդը
Ընդունո՞ւմ է ժողովուրդը:
Եվ ամենքը խոնարհ ու լուռ
Ընդունեցին միահամուռ:
ՄԿՆԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԿՌՎԵՑԻՆ ԿԱՏՎԻ ՀԵՏ
1
Մի մտիկ դու,
Էսպես կատո՛ւ…
Երեսը կլոր,
Աչքերը շլոր,
Բեղերը արշին
Փռված էն դոշին:
Անդալա-մանդալա, լղլըղոցի,
Երկար փորը մի խնոցի,
Անունը Կոստան:
Մի օր Կոստանին
Տարան բոստան,
Մկաստան:
Խոհանոցի
Դուռը բացին,
Նա խոհանոց գնաց այցի:
Ոտով-գլխով
Մտավ կողով,
Կողովից իրան
Նետեց պատուհան:
Դես-դեն ընկավ, մտմտաց
Անկյուններում հոտմտաց,
Քթին բուրեց մկնահոտ
Ասավ՝ լավ է, լավ ձեզ մոտ:
Էստեղ մկներ՝ մարմալա՛դ…
Էստեղ մկներ՝ շոկոլա՛դ…
Էստեղ կապրեմ մի շաբաթ,
Մուկ կորսամ շատ ու շատ,
Քչից՝ երկու հարյուր հատ.
Պառկեց, փորը նա շփեց,
Պոչը գետին որ խփեց,
Ձենը հասավ մութ աշխարքին:
2
Գետնի տակին
Մկներն ահից չշնչեցին,
– Վա՛յ, նանի՛ ջան, վա՛յ, – կանչեցին.
Ա՛յ տրորանք…
Հերա՛նք, մերա՛նք,
Ախպրա՛նք, քուրա՛ նք…
Մեռա՛նք, կորա՛նք…
Էսպեա խաթա՞…
Էլ ո՞վ կտա գալեթ, գաթա…
Մածուն, կաթ, թան…
Ժաժիկ, չորթան…
Ձավար, կորկոտ…
Բոռո կատու,
Ա՜յ դու չքոտ,
Ա՜յ փսլնքոտ:
3
Երբ ամեն ինչ կերան, պրծան,
Դարձան կմախք, թել ու դերձան,
Հավաքվեցին մկնահավաք
Ու կազմեցին մի կուռ բանակ:
Առան հագան զենք ու զրահ,
Արշավեցին կատվի վրա:
Մուկ Զարզանդը՝ մկնաբաշին,
Երդվեց մաշկել կատվի կաշին:
Ինքը՝ հսկա,
Գլխին դրեց պողպատ կասկա,
Իր հետևից մի գորշ առնետ,
Զորքի առաջ, թմբուկն իր հետ
Բո՛ւմ, բո՛ւմ, բո՛ւմ, բո ւմ…
Ա՛խ դո՜ւ, դո՜ւ,
Ա՜խ դո՜ւ, դո՜ւ,
Բոռո կատու,
Վեր կաց, փախի դռան ծակով,
Զարզանդն եկավ երգ, նվագով:
4
Զորքը դռան՝
Մկնաբաշին մտավ մառան:
Թը՛մբ, թը՛մբ, թը՛մբ, թմբկահարներ
Դո՛ւմ, դո՛ ւմ, դո՛ւմ, թնդանոթներ,
Թնդանոթներ են արձակում,
Գնդակները դուռ-պատ ծակում,
Զորքը խուժեց և խոհանոց…
Ոչ մլավո՛ց, ոչ մռմռո՛ց:
Կատուն մեռել,
Փայտ է դառել
Եվ բեղերը կրծքին փռել:
Զորքը կիտվեց կատվի շուրջը,
Չափչփելով պոչից դունչը:
Թեև նրանք ջոկ-ջոկ քաջ են,
Բայց թե կատվին մոտենալ չեն.
Վեր է ահը,
Քան թե մահը,
Զարզանդն հասավ, քաշեց բեղից,
Բայց չշարժվեց կատուն տեղից:
Թռավ փորին,
Տվեց զոռին,
Ակա՜նջ դրեք
Քաջի ճառին.
Ֆլան ու ֆստան,
Կար մի չար Կոստան
Եկել էր բոստան,
Տունը հանգստյան,
Քանդեր Մկաստան:
Մի վնասատու,
Ժանիքներն հատու,
Շատ անխիղճ կատու:
Բեղերը՝ աղի,
Ինքը՝ կատաղի,
Եկանք իր հախից,
Սատկեց մեր վախից,
Կանգնել եմ փորին,
Էրնեկ էս օրին,
Քեֆ արեք, մկներ,
Նա գողի մեկն էր:
5
Ու սկսվեց պար, պապար,
Զորքը բռնեց մկնապար.
Զորապետը պարբաշի,
Օգնականը թմբկահար:
Մին էլ կատուն՝ տաղտալի,
Ծափին տալով վեր ցատկեց,
Քաջ Զարզանդին թաթի տակ
Արավ ցեղին նահատակ:
Ու չնայած քանակին,
Կռվով հաղթեց բանակին:
Մեծ թե պստիկ,
Բոլորը եղան ճստիկ-վստիկ:
Այսպես քաջ էր էն կատուն,
Ճարպիկ վարպետ ու արթուն.
Խաբեց, որսաց բոլորին,
Մեծ ու պստիկ մկներին:
Կատվի խաղն էր,
Բայց ձեզ հախն էր,
Ա՜յ զավզակներ,
Ավազակնե՜ր,
Փուչ կենդանի
Ոչ-փուչ մկներ:
Դե՜հ, գնացե՜ք,
Սրանից ետ
Չան-շայն-կաշի,
Մկնաբաշի,
Զարզանդի հետ
Էն աշխարհում
Փոր ման ածեք,
Ախտ ու ժանտախտ
Ցավ տարածեք:
Սրանից ետ,
Դե՜հ, գնացեք,
Ժիր ու արի,
Մկնավարի,
Գիշերային
Մեծ ավարի,
Թե բրնձի,
Թե ձավարի:
Ինչ պատահի՝
Տվեք թալան,
Ճոթ ու կտոր
Ճալան-ճոթան
Չափեք-ձևեք,
Վարտիք-շապիկ,
Գդակ կարեք:
Պատռեք պարկեր,
Ցրե՜ք մրգեր,
Մտե՜ք սնդուկ,
Կրե՜ք պնդուկ,
Պստիկ կճուճ,
Համով սպաս,
Գող մկներին
Ի՞նչն է չըհաս:
Դե՜հ, գնացեք,
Հատված հատված,
Գիտությանը
Տվեք հարված:
Պահարանում,
Դարակներում,
Գրակալին,
Ծալը-ծալին
Կրծեք, եղծեք
Հաստ, թանկ գրքեր
Ողբամ ես ձեզ,
Ամենակեր,
Տգե՛տ մկներ:
Դեհ, գնացե՜ք
Մկնահանգի,
Մկնակատակ,
Քնածներին
Հանգիստ մի՜ տաք,
Ննջարանում,
Շեմ, դուռ, հատակ,
Կը՛րթ-ղը՛րթ, առեք
Ատամի տակ:
Դե՜հ, գնացե՜ք
Պար բռնեցեք
Ու խաղացեք,
Ծիլի-վիլի,
Սիլի-բիլի,
Պահմտոցիկ:
Շարվեք օձիք,
Մտեք մանկան
Ու մոր ծոցիկ:
Տվեք նրանց
Խտըտոցիկ,
Մկնավախուկ,
Ափալ-թափալ
Տեղից փախուկ:
Ա՛խ, ինչքա՛ն եք
Վնասատու,
Ձեր ցեղին թույն,
Թակարդ, կատու,
Եվ այն այսպես
Խրատատու,
Մեծ դասատու
Վարպետ Կոստան,
Որ գա բոստան,
Գա ու անի
Ձեզ փոստահան:
Թե ոչ՝ աշխարհ
Կըհեղեղեք,
Շատ անիծված.
Անպե՜տք ցեղ եք,
Եվ էլ շատ, շատ
Աներե՜սն եք,
Դրանից լավ,
Օր չտեսնեք:
ՓԵՍԱՑՈԻ ՄՈԻԿԸ
Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ,
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Միայն հզոր:
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ:
Գնում, ասում.
– Բարև, բարև,
Էս աշխարհի հզոր արև՜ .
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ:
– Ես որտեղի
Հզորն եմ որ..
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես:
Երկար-բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, -
Արեգակը
Մկանն ասավ:
Մուկը վազեց
Ամպին հասավ.
– Ա՜յ հզոր ամպ:
Բարև, բարև,
Ո՞ւ ես գնում
Վերև, վերև:
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ.
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ:
– Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Ա՜յ, քամին է
Ինձնից հզոր:
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի,
Նա ինձ կանի
Փաթիլ-փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ,
Մուկը վազեց
Հասավ քամուն.
– Քամի՜. ասավ,
Հզոր ես դուն:
Ամպին կանես
Փաթիլ-փաթիլ
Ու կքամես
Կաթիլ-կաթիլ:
Քո դստրիկը
Հեզիիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անմեղ հարսիկ:
– Ե՞ս եմ հզոր…
Երանի՛ քեզ.
Չէ՜ չէ՜, մկնիկ,
Դու խաբվել ես:
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ:
Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
– Գոմե՜շ, – ասավ, —
Դու հզոր ես,
Դու հզոր ես,
Ուժի տեր ես.
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ,
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ:
– Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.
– Հզոր գութա՜ն, —
Ասավ, – մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՛-քանի՛
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ:
– Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես:
– Արմա՜տ, արմա՜տ
Հզոր արմատ, —
Ասավ փեսա
Մուկը՝ մի մատ: —
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես:
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անմեղ հարսիկ:
– Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՜յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ-մեկ, հատ-հատ:
Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
– Նանի՜, – ասավ
Մեր հին ծանոթ, -
Ա՜յ արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՜, չկա՜,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ,
Շեկլիկ մազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ,
– Բարով, մկնի՜կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա:
Իմ դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Շեկլիկ-մեկլիկ,
Շեկլիկ-մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ:
Մուկը մկան
Արավ փեսա.
Էս աշխարհի
Օրենքն է սա:
ՆԱՊԱՍՏԱԿԻ ՏՈԻՆԸ
Նապաստակն ու աղվեսը
Անտառի մեջ բարձր տեղում,
Որտեղ քամին պար էր խաղում,
Մազը մետաքս, մորթը փափուկ,
Խելքից թեթև, ոտքից չափուկ,
Նապաստակը տուն էր շինել
Ու աղվեսին դրկից եղել:
Տուն էր շինել թեև ցածրիկ,
Տուն էր շինել թեև նեղլիկ,
Բայց շատ հարմար, այն էլ փայտից,
Պաշտպանվում էր տաքից, ցրտից:
Աղվեսինը թեև լայն էր,
Թեև երկու աչքանի էր,
Բայց շատ ցուրտ էր, ողջը ձյունից,
Այդ էր եկել տիրոջ ձեռքից:
Բուք օրերին. ցուրտ ձմռանը,
Երբ վառվում էր վառարանը,
Տան օճորքից ջուր էր մաղում
Եվ աղվեսը միջին լողում:
Մի օր ընկավ հալհլոցը,
Տունը առավ կաթկըթոցը,
Դեռ չհասած մարտի կեսը՝
Անտուն մնաց մեր աղվեսը,
– Ոտդ պաչեմ, ա՜յ Շահզադե,
Ցրտի ձեռքից ինձ ազատե.
Մի անկյուն տուր տանդ միջին,
Ծառա արա քո առաջին:
Խոսք եմ տալիս, ես ամեն օր
Լվամ, կարեմ քո հինն ու նոր,
Եփեմ, թխեմ, քեզ ծառայեմ,
Տունդ տեղդ կարգին պահեմ:
Ա՜խ, իմ տունը լավի պես լավ
Չորս օրումը տակից հալավ, —
Աղվեսն ասաց նապաստակին,
Որ կանգնել էր դռան շեմքին:
– Լա՛վ. ներս արի, դրկի՜ց աղվես,
Բայց խնդրում եմ՝ ինձ հետ վարվես…
Կռիվ, ուշունց ես չեմ սիրում,
Հին բաներն էլ չեմ քըրքըրում:
Ու աղվեսը մտավ տունը,
Ճաշը կերավ, առավ քունը,
Քնից զարթնեց, դես դեն նայեց,
Տան տիրոջը խիստ հայհոյեց.
– Ա՜յ, վա՜յը տամ էդ քո գլխին,
Դու տանտե՞րը, ես աղախ՞ին.
Տան մեծ մասը քեզի պեսի՞ն.
Դռան տակը՝ խան աղվեսի՞ն.
Դե՜հ, դուրս կորի, ծուռաչք շլդիկ,
Պոչ էլ չունի, սրա՜ն մտիկ:
Նապաստակն ու արջը
Նապաստակը իրանն առավ,
Տունը թողեց ու դուրս թռավ,
Ետ չնայեց, վազեց, լացեց,
Քեռուն գտավ, ցավը պատմեց.
– Ա՜յ իմ քեռի, ա՜յ արջ ախպեր,
Էն աղվեսը չար, սրտամեռ
Փայտե տունս ձեռքես առավ,
Դուռը փակեց, իրանն արավ:
– Քրոջ որդի, է՛, ամոթ չէ՞,
Որ դու կուլաս, քեռիդ սաղ չէ՞ :
Արի գնանք ես էն փչին
Մի լավ դաս տամ տանը միջին:
Թող չերկարի, ասեմ կարճը,
Քրոջ որդին, քեռի արջը
Եկան կանգնան տան դռանը,
Վառած գտան վառարանը:
Սրտոտ քեռին դուռը ծեծեց
Ու աղվեսին հերսոտ կանչեց.
– Տո՜, փո՜ւչ աղվես, ասա ինչո՞ւ.
Էս իմ եթիմ քրոջ մանչու
Փայտե տանը տեր ես դառել
Ու նրան էլ դուրս ես արել:
– Ամեն խոսքի մի՜ հավատա,
Նապաստակը ի՞նչ Շահզադա.
Ձեռքե գալիք. մարդ խաբելիք:
Դեհ, հեռացեք, դռնես կորեք:
Ու աղվեսը դռան ծակից
Վառարանի թեժ կրակից
Բերեց ցանեց արջի վրան.
Մի լավ խանձեց դունչն ու բերան.
Փախավ արջը դունչը այրած,
Քրոջ որդին հետը առած:
Նապաստակն ու գայլը
Անտուն-անտեղ նապաստակը
Գնաց նստեց ծառի տակը,
Մաղիկ-մաղիկ մըղկտալով
Ցավն էր պատմում բարձր լալով.
– Ինձ լա՛վ խաբեց կեղծավորը,
Դուրսը թողեց էսպես օրը.
Մի տեղ չկա, միջին քնեմ:
Լացը լսեց գայլը դանդաղ,
Եկավ ասաց՝ ա՛յ քեզ մատաղ,
Ինչի կուլաս մաղիկ-մաղիկ,
Կտրատելով սիրտ ու աղիք:
– Է՛, գա՜յլ եղբայր, բանս բուրդ է,
Վրես բարակ, օրը ցուրտ է.
Էն աղվեսին թող չմնա,
Տանս միջին գրողի գա:
Ու սկզբից ինչ կար-չկար,
Նապաստակը բարակ-երկար
Պատմեց գայլին, հետն էլ լացեց,
Աղի-աղի արցունք թափեց:
– Դու քեզ խղճա, ի՜մ նապաստակ,
Զուր մի՜ կորցնի դու ժամանակ,
Գնանք, ցույց տուր էն աղվեսին:
– Է՜, քիչ առաջ քեզ ինչ ասին,
Չէ որ արջից դու ուժեղ չես:
– Ա՛յ միամիտ, ի՞նչ ես խոսում.
Ես եմ ուժեղ, ճիշտն եմ ասում:
Արջն ի՞նչ է որ, վախկոտ կատու,
Էնքան քաջ է, ինչքան որ դու:
Լավ, վերջապես, վեր կաց գնանք,
Քո տան տեղը մի իմանանք,
Էն աղվեսին ես մի քաշ տամ,
Ոսկորները քեզ բաժին տամ:
Գայլ, նապաստակ ճամփա ընկան:
Շատ չտևեց, արագ եկան,
Եկա՛ն… և ի՞նչ. հեռվից տեսան
Մի վառ կրակ, վրան՝ կաթսան,
Ժիր աղվեսը գոգնոցն հագին,
Վրեն մաքուր, արգին-կարգին,
Դունդունալով ճաշ էր եփում,
Ու շերեփով քափը թափում:
Կերակուրը յուղոտ-սոխոտ,
Հո՛տ էր բուրում, մի անո՛ւշ հո՛տ,
Որ ծեր գայլին կալեց-կապեց,
Ախորժակը խիստ գրգռեց:
– Ինչ էլ լինի՝ էս աղվեսին
Բան չեմ ասի ես տան մասին,
Կերթամ մոտը, բարև կտամ,
Կերակուրից կհոտմըտամ,
Դեհ, աղվեսն էլ խոմ խամը չէ,
Որ քաղցածին չճանաչե, —
Ասաց գայլը ինքը իրան,
Լըպըստելով դունչն ու բերան:
Ու վերջապես տեղը հասան:
Երբ որ ճաշի կաթսան տեսան,
Գայլը չոքեց, գլուխ տվեց
Աղվեսին ու խոսել ուզեց:
Դեռ չէր բացել նա բերանը,
Քաջ աղվեսը իր դռանը՝
Հարձակվեցավ խեղճի վրան,
Գոչեց, ճըչաց զիլ, բարձրաձայն.
– Կորի՜, քավթառ, շուտ արա՜, թե՜զ
Նապաստակի պաշտպանին տե՛ս:
Էդ ե՞րբ առար վկայական,
Դարձար գլխիս գեշ փաստաբան:
Նապաստակն ու աքաղաղը
Անտուն անտեր նապաստակը
Դարձյալ եկավ ծառի տակը,
Մաղիկ-մաղիկ մըղկտալով՝
Ցավն էր պատմում բարձր լալով.
– Ինձ լավ խաբեց կեղծավորը,
Դուրսը թողեց էսպես օրը.
Անտուն, անտեր ես ի՞նչ անեմ,
Մի տեղ չկա՝ միջին քնեմ:
Ձայնը լսեց աքաղաղը,
Իսկույն թողեց իրա խաղը,
Վազեց եկավ ծառի տակը,
Որտեղ կուլար նապաստակը:
– Ինչի՞ կուլաս, ա՛յ իմ շլդիկ՜,
Ա՜յ խըլըշտիկ,
Մի՜ լար, մի՜ լար, չարդ տանեմ,
Պատճառն ասա՝ մի ճար անեմ:
Նապաստակը տեղը տեղին
Պատմեց եղածն աքաղաղին:
– Որ էդպես է
Էլ մի՜ սպասե,
Էլ մի՜ տզզա,
Հետս վզզա,
Տան տեր դառի,
Ինձ մի՜ վառի:
Մժեղի պես նրան կտցեմ,
Աղվեսն ինչ է՝ հետը մրցեմ:
Մութը մթին,
Ժամը ութին
Արագ, արագ,
Առանց ճրագ
Հերոսները
Շուտ տեղ հասան.
Ու անսասան
Քաջը գոչեց ձայնը փոխած,
Ալ արյունը աչքը կոխած.
– Ես ոչ արջն եմ, ոչ էլ գայլը,
Աշխարհք կառնե շորիս փայլը,
Ես իշխանն եմ մեծ, վարդերես.
Սուր եմ կախել հինգ գազ ու կես:
Էլ չի պրծնի գող աղվեսը,
Թե որ գտնեմ նրան ներսը:
– Ա՜յ, էս ո՞վ է վարդերեսը, —
Դուռը բացեց խան աղվեսը
Ու էն մթով
Դիպավ գետնով,
Լեղապատառ
Ընկավ անտառ:
Աքաղաղն ու նապաստակը,
Որ քաշում էր տան փափագը,
Տուն ներս մտան,
Սեղան նստան,
Հաշտ ու բարիշ լավ ընթրեցին
Ու էդպես էլ լավ ապրեցին:
ԳՅՈԻՂԱՑԻՆ ՈԻ ԱՐՋԸ
Գյուղացին իր
բոստանում
Գարնանը սերմ էր
ցանում.
Արջը եկավ
– Բարև ձեզ,
Ի՞նչ ես անում
քեզ ու քեզ.
Արի ա՜յ մարդ,
միանանք,
Մեկտեղ անենք
վարուցանք:
Վարուցանքը
մեր կիսրար,
Հունձն էլ անենք,
հավասար:
– Աչքիս վրա,
արջ ախպեր,
Օտար հո՞մ չենք,
կուզես՝ բեր,
Հենց առաջին
անգամը
Ցանենք մոտիս
շաղգամը:
Ինձ՝ արմատը
հողումը,
Քեզ փրերն ու
ցողունը:
– Ցանենք, – ասավ
ապերը, —
Ինձ ցողունն ու
փրերը:
Քաղցր ու խոշոր
շաղգամը
Հողում տռզեց
աշնանը:
Արջ ապերն ու
գյուղացին
Շաղգամն հողից
հանեցին,
Ապերն առավ
փրերը,
Արմատները՝
ընկերը:
Արջը տեսավ,
որ խաբվեց,
Մարդու դեմը
քիչ լարվեց:
– Վա՛յ, ինձ խաբե
գյուղացին,
Կաց, էն մյուս
ցանոցին.
Ինչ որ ցանենք
հողումը,
Նրան կտամ ցողունը:
Էն մյուս տարին
ցանոցին
Արջին ասաց
գյուղացին.
– Ապե՜ր, արի
էլի մենք
Կիսովի մի
բան ցանենք:
Արջը թե՝ հա՜,
շատ բարի,
Միայն անշուշտ
էս տարի
Ինձ՝ արմատը
հողումը,
Քեզ փրերն ու
ցողունը:
– Համաձայն եմ
ես նորեն,
Էս հետ ցանենք
մենք ցորեն:
Մարդ գիտեր
իր բանը
Ապորը հետը,
իր տանը
Ցորենն ածեց
տոպրակը,
Տվեց նրա շալակը:
Եվ ցանեցին մեծ
արտը,
Բրդոտ ապերն ու
մարդը:
Ընկերները միասին
Արտն հնձեցին
հունիսին:
Մարդուն հասկ ու
ցողունը,
Արջին արմատն՝
հողումը:
Արջը էստեղ
չհամբերեց,
Մի լավ, մի լավ
փրփրեց.
– Հում կաթնակեր,
խաբեբա,
Անտառ կգաս
դու ապա:
Տես՝ գլուխդ
ինչ բերեմ,
Միսդ վրեդ
քրքրեմ:
Արջը էդպես
նեղացած՝
Թքեց մարդուն
ու գնաց:
Էլ չսպասեց
գյուղացին,
Ցորեն հանեց
կալոցին,
Հանեց տարավ
ջրաղաց,
Ցորնից ալյուր
նա աղաց,
Ալյուրիցը
հաց թխեց,
Արջի վրա
ծիծաղեց:
Օրը ցուրտ է…
Ձյուն ձմեռ
Մրսեց մարդու
ոտ ու ձեռ.
Կնիկն ասավ.
– Սրտամեռ,
Գնա անտառ
ու փայտ բեր:
Մարդն էլ երկար
մտածեց…
Մի օր սայլը
նա լծեց,
Ախ քաշելով
անդադար՝
Քշեց, գնաց
դեպ անտառ:
Մին էլ ճամփին՝
աղվեսը.
– Հլա սրա
երեսը,
Լուն վրայից
որ ընկնի,
Հազար կտոր
կլինի,
Ի՞նչ ես թթվել,
ա՜յ անճար,
Ադամորդի
չաչ-բանջար,
Ասա, ինչ է
քո դարդը,
Ի՛նչ անճարն է
էս մարդը:
– Պարո՛ն աղվես,
դու գիտես,
Արյուն կերթա
իմ սրտես:
Թե ինձ արջից
ազատես,
Հինգ հավ ունեմ
չաղլիկ-չաղ,
Հինգն էլ կանեմ
քեզ մատաղ:
– Լավ, լավ,
Հինգ հավ…
Չաղ ու գեր,
Պարոն աղվես,
Մեկ-մեկ կեր…
Բայց թե ի՞նչն է
պատճառը,
Ասա, գտնեմ
ես ճարը:
– Էլ ի՞նչ ասեմ
մի առ մի,
Արջը հետս է
թշնամի,
Նրա ահից
էս տարի
Տանն եղել եմ
ես գերի:
Էսպես սաստիկ
ձմռանը
Փայտ չես գտնի
իմ տանը:
– Դարդ մի՜ անի,
մարդ ախպեր,
Գնա անտառ
ու փայտ բեր,
Թե որ տեսնի
քեզ արջը՝
Անվախ կանգնի
առաջը,
Ասա, ա՜յ արջ,
դե՜հ, փախի,
Ականջներդ
մի՜ կախի,
Է՜ս է կգա
որսորդը,
Որ տիկ հանի
քո մորթը:
Նա կասի, վա՜հ…
ի՞նչ անեմ,
Դու էլ նրան՝
ե՜կ պահեմ.
Եվ դու՝ մինչև
իմ գալը,
Կոխիր արջին
ջվալը,
Ես էլ կգամ,
Այ, տե՜ս, մի տե՜ս,
քո հետքովը՝
Որսորդի պես:
Գնաց մարդը
խիտ անտառ.
Դեռ չէր կտրել
նա մի ծառ,
Ձայնը լսեց
էն արջը,
Եկավ ցցվեց
առաջը:
– Եկել ես, հա՞,
խաբեբա:
– Սուս կաց, ապե՜ր,
Սուս, անհամբեր,
Աստված վկա,
Մեծ փորձանք կա:
Է՜ս է կգա
որսորդը,
Որ տիկ հանի
քո մորթը:
– Բա ի՞նչ անեմ…
Իմ հալը…
– Արի, մտիր
Ջվալը,
Սայլի տակին
Քիչ պառկիր,
Ու շունչդ քեզ
Հավաքիր:
Մինչև որսորդի
գալը
Արջը մտավ
ջվալը:
Իսկույն եկավ
աղվեսը,
Չկա մեկն էլ
էդպեսը,
Եկավ բեղերը
սրած,
Պոչը գետնովը
փռած,
Եկավ սաստիկ
բարկացած,
Դունչը տնկեց
ու գոռաց.
– Է՛յ, ե՜կ էստեղ,
գյուղացի՜,
Բան եմ ասում,
իմացի՜.
Ես որսորդ եմ
արքայի,
Գիտե՞ս ում եմ
ման գալի.
Քո բարեկամ
չար արջը
Դեռ չի տվել
իր խարջը:
Չեմ հեռանա
մոտիցդ,
Մազ կանցկացնեմ
քթիցդ,
Խոտ կկոխեմ
քո մորթը,
Ասա, ո՞ւր է
բրդոտը:
– Պարո՜ն որսորդ,
Ես քեզ մի ճորտ,
Ես չգիտեմ,
Բանի հետ եմ,
Արջն ինձ էլ է
Թշնամի…
– Ի՞նչ ես անում
Սուտ քամի,
Բա էն ի՞նչ է
սայլի աակ,
Հիմի քաշե՞մ
մի ապտակ:
– Կտրած ծառիս
Քոթուկն է…
– Սրան տես, ի՛նչ
Հանդուգն է:
Որ էդպես է,
Սայլին դիր
ու պարանով
Պինդ կապիր:
Փայտը սայլին
կդնեն,
Ոչ թե տակին
կպահեն:
– Էս սհաթիս,
աչքիս լուս,
Խոսքդ չանեմ
մեկն երկուս:
Մարդը հասավ
ջվալին,
Գրկեց, դրեց
իր սայլին,
Բացեց թոկը,
շտապեց ,
Արջին սայլից
պինդ կապեց:
Ու աղվեսի
խոսքովը,
Իրա ձեռքի
կացնովը,
Էնքան խփեց
էն խեղճին,
Արջը սատկեց
սայլի միջին:
Մարդը ուրախ,
Ազատ, անվախ,
Փայտը բարձեց,
Սայլը լծեց,
Դրեց արջին
Սայլի միջին
Ու աղվեսին
Սայլի ուսին,
Ինքն էլ ոտով,
Եզան մոտով,
ճիպտին տվեց,
հո՛ արավ,
Բարերարին
տուն բերավ,
Որ տա չաղ-չաղ
հավերը,
Իր խոստացած,
նվերը:
Բայց դեռ տանը
չհասած,
Գյուղի շներն անիծած,
որ աղվեսի
հոտն առան,
Մեծ ու պստիկ
Դուրս թռան,
Հարա-հրոց
հանեցին
Ու աղվեսին
լարեցին:
Էն աղվեսը
վազեվազ
Շնչակտուր,
հազիվհազ
Մի ծակ գտավ,
Մեջը մտավ,
Հանգստացավ,
Ու ետ դարձավ
Նայեց վրան,
ասավ իրան.
– Էս ինչ բան էր…
Ի՛մ անդամներ,
Ո՞րըդ կուզեր
Ինձ, ձեր տերին՝
Բաժին աներ
Էն շներին:
Դո՜ւք, օրինակ,
Երկար, բարակ,
Թեթև, արագ
Ի՜մ ոտիկներ:
– Ո՜չ, ո՜չ, մեր տեր,
Մեր հերն ու մեր, —
Ասին ոտներ:
– Դո՜ւք, օրինակ,
Վառած ճրագ,
Լուս-արեգակ
Ի՜մ աչիկներ:
– Ո՜չ, ո՜չ, մեր տեր,
Մեր հերն ու մեր, —
Ասին աչեր:
– Ականջներ, դո՜ւք,
Սուր-սուր լսուկ:
Ո՜չ, ո՜ – չ, մեր տեր,
Մեր հերն ու մեր, —
Ասին ականջներ:
– Եվ դո՜ւ, պոչիկ,
Իմ խաճուճիկ,
Խունջիկ-մունջիկ,
Ոսկե փնջիկ:
– Այո՜, աղվես,
Մաղով մաղվես,
Դեղով դեղվես,
Պատից կախվես.
Ես կուզեի
Քո ոտների
Մեջն ընկնեի,
Որ դու գայիր
Գլխակոնծի…
– Սո՜ւս, պապանձի՜,
Տանու դուշման,
Բախտից փոշման,
Ոչ ու փուչիկ,
Անպետք պոչիկ,
Ինքնահավան,
Ճոռթած բերան,
Հա՜ մեջընկան,
Գետնի տափան,
Վազքիս խափան,
Էս րոպեիս
Ես քեզ ցույց տամ,
Կաց, շների
Բերանը տա՛մ…
Ու աղվեսը
Պոչի կեսը
Հանեց մեկից
Խորը ծակից:
Էն շներն էլ,
Մեծն էլ, փոքրն էլ,
Ողջը կծան,
Վրա պրծան,
Գզին, գզվան,
Պոչին լծվան
Ու քաշեցին,
Քաշքշեցին,
Էն աղվեսին
Դուրս հանեցին,
Բուրդ դրեցին
Ու գզեցին:
ՑՈՐՆԱՏԵՐՆ ՈԻ ՋԱՂԱՑՊԱՆԸ
Մեկը ցորեն տարավ ջաղաց,
Էն ցորենից ալյուր աղաց,
Ջաղացպանն էլ բաղարջ թխեց,
Թոնրից հանեց, մեջտեղ դրեց.
– Արի պատմենք մի-մի առակ,
Ումը լինի լավ, ընդունակ,
Էս բաղարջը թող նա ուտի,
Էլ չնայենք ղորթի, սուտի:
Ցորնատերը թե՝ ես կասեմ,
Ջաղացպանը թե՝ կլսեմ:
– Մենք ունեինք մի մեծ աքլար,
Որին ընկեր մի տեղ չկար.
Հերու էր, թե մեկել տարին,
Հայրս հեծավ էդ աքլարին,
Գնաց Լոռի. ցորեն բերի,
Որ թանկ տարին տունը պահի:
Բայց քարքարոտ, երկար ճամփին
Ձին ու տերը հասած ամպին՝
Իրենցից ցած չեն նկատում,
Գայլը ձիու կողն է ուտում:
Շատ են գնում, քիչ են գնում,
Մեկ էլ հայրս ցած է իջնում,
Որ ջուր խմի. հանգստանա,
Իր ձին հեծնի, ճամփա գնա:
Բայց նա էդտեղ տեսնում է, որ
Ձի-աքլարի կողը կլոր
Կերած է: Էլ նա չի կանգնում,
Գնում, ծառից ուռ է բերում,
Էն աքլարի կողը գործում,
Լվանում է ու ջուր ածում,
Նորից հեծնում է աքլարին,
Ման է գալիս կլոր տարին,
Ոլ հազար փութ ցորեն բարձած,
Ինքն էլ բեռան վրա նստած,
Գալիս, կանգնում մեր տան դռան:
Մենք շինեցինք մի ելարան,
Ելանք հորս ներքև բերիք,
Բեռով ցորենն էլ ներս դրինք,
Էն ցորենիցն է, դու, ահա,
Էս բաղարջն ես թիխել հիմա:
Ջաղացպանը թե՝ ես կասեմ,
Ցորնատերը թե՝ կլսեմ:
– Մենք ունեինք մի մեղրաճանճ.
Հա՜մ պոզ ուներ, հա՜մ էլ ականջ:
Մի օր ճանճը փախավ տանից
Հորս պարապ արավ բանից.
Խեղճը գնաց, շատ ման եկավ,
Բայց գիժ ճանճը էլ ձեռք չընկավ:
Վերջը հայրս դարձավ գեղը,
Մորիցս առավ մեծ ասեղը,
Տարավ տնկեց գոմի կտրան
Ու ջուխտ ոտով կանգնեց վրան:
Մեկ էլ տեսավ դաշտի միջին՝
Որ գութան են լծել ճանճին:
Տուն-տնովի դաշտ վազեցինք,
Ճանճին գութնից արձակեցինք
Ու տուն բերինք բռնած պոչից,
Բռնած գժի ջուխտ ականջից:
Բայց, արի տես, մեր առյուծը,
Որ չէր տեսած գոմշի լուծը,
Տրորել էր իրա ուսը.
Հայրս քաշեց իր դմբուզը,
Ջարդեց մի մաղ տան ընկուզը
Ու ընկուզից հանած եղը
Քսեց ուսի ցաված տեղը:
Ամռան օր էր… սիրո՛ւն… պայծա՛ռ…
Իսկույն ուսից բուսավ մի ծառ:
Ծառը տեսավ մի մեծ ագռավ,
Եկավ ծառի վրա թառավ.
Մի հողի կոշտ հայրս առավ,
Էդ ագռավին վրա արավ:
Կոշտը ցրվեց, դարձավ մի հող,
Մի օրավար վարելահող:
Երբ որ եկավ, հասավ մարտը,
Ցորեն արինք մենք էն արտը:
Մտանք հունիս, ընկավ քաղը,
Ես վեր առա սուր մանգաղը
Մտա արտը ու քաղեցի,
Բայց մի սաստիկ ճիչ լսեցի.
Խեղճ աղվեսը, էն անմեղը,
Արտի միջին, քնած տեղը,
Իմ մանգաղին դարձել էր զոհ:
Իմ արածից ես էլ դժգոհ
Բերի խեղճին ու քերթեցի,
Մորթին մսից բաժանեցի,
Բայց ի՞նչ կասես՝ մորթու տակից,
Ետի ոտի աջ կրընկից
Մի թուղթ ելավ ձեռքով ծալած
Ու միջին էլ գրչով գրած.
– Ա՜յ ցորնատեր, գնա՜ բանին:
Բաղարջը տուր ջաղացպանին:
Ցորնատերը թուղթը կարդաց,
Ալյուրն առավ, սոված գնաց:
ԿԱՔԱՎՆԵՐԻ ԿՂԿՂՈՑԸ
1
Կաքավներին՝ լուռ, սգավոր,
Բզեզները ասին մի օր.
– Ի՞նչ եք այդպես տխուր, տրտում
Ինչո՞ւ երգեր էլ չեք երգում:
Ձեր երգերը, ձեր դայլայլիկ՝
Ջրի խոխոջ, ջրի ալիք,
Ձեր երգերը՝ անուշ զեփյուռ,
Արտի ծփանք, զանգակ աղբյուր:
– Ա՛խ, բզեզներ մեզ պես անճար,
Մեզ պատժեցին խիստ չարաչար
Մեր ցեղակից խռպոտ, անձայն,
Երգ չսիրող ու բաղաձայն,
Արյունարբու, արյունկզակ
Թռչունները՝ գող-ավազակ:
Մի օր արծվին գանգատ արին,
Գանգատ արին թագավորին,
Ասին. – Արքա՜, կաքավները,
Մեր ցեղակից թռչունները,
Պարապ-սարապ, անբան, անգործ:
Հա՜ երգում են, հա՜ կաքավում,
Ամեն անգամ մեզ խանգարում:
Հազար ու մի ցավի տեր ենք.
Կաքավներին ինչպե՞ս ներենք:
Ինչ էլ ասեք՝ քի՜չ է, քի՜չ է,
Օրինակը վարակիչ է:
Հրամայիր կաքավներին,
Այդ անխոհեմ թռչուններին,
Որ էլ չերգեն
Ու կաքավեն:
Արքան, ինքն էլ խիստ երգատյաց՝
Թռչուններին նա հավատաց,
Հրամայեց, որ էլ չերգենք,
Դրա համար լռեցինք մենք:
Բզեզները ասին նրանց.
– Ձեր արքային՝ չար ու նախանձ,
Չենք ճանաչում, արքա հզոր.
Լավ իմացեք, որ հենց էսօր,
Բզեզներիս ուժի զոռով
Գահը կանենք գլխին խռով,
Որ իմանա՝ ինչ է դատը,
Ի՞նչ է լավը, ի՞նչ է վատը:
Առանց թռչնի՝ ինչ բույն գտնենք,
Մենք խմբովի ներս կմտնենք.
Անունը ձու՝ կածենք գետին,
Էլ չենք նայի քչին, շատին:
2
Ինչպես ասին, այնպես արին,
Խիստ պատժեցին թռչուններին,
Նույնը արին հզոր Արծվին,
Չափսոսացին ոչ մի ձվին,
Ու բարձրացավ սուգ ու շիվան…
Դատարկ բներ… ջարդված ձվան…
Ով արքային գանգատ եկավ…
– Հանցավոր է, – ասավ, – կաքավ.
Իրենք կաքավ ու էսպես բա՞ն…
Խիստ կատաղած Արծիվ արքան
Բարձր գահից այսպես ճչաց.
– Ինչ է, մնամ ես անժառա՞նգ
Ու չունենամ թագաժառա՞նգ,
Կաքավներին, ա՜յ, հենց էսօր
Մա՜հ, կոտորա՜ծ, բանտ ու աքսո՜ր:
Լուրը հասավ կաքավներին
Էլ ճար չկար, ի՞նչ անեին:
Մեր ու մանուկ իրար անցան.
Այնպես ծածուկ, լռիկ, անձայն,
Չսպասելով մեծ սարսափին,
Բույն ու ձվան թողած տափին,
Թռան, մտան ժայռի ճեղքեր,
Սև-մութ այրեր, խոր անտառներ:
3
Արքայի մոտ հեռվից վըզ-վըզ,
Բզեզներր եկան բըզ-բըզ:
Եկան ասին. – Հզո՜ր արքա,
Ամեն մեղքին մի պատիժ կա,
Ի՞նչ ես գալիս տըրաք-տըրաք,
Ի՞նչ ես դառեք մի բուռ կրակ:
Մենք ենք ջարդել ձեր ձվերը,
Ի՞նչ մեղք ունեն կաքավները:
Բա՛ն ենք ասում, խելքի՜ արի,
Թե չէ, լսի՜ր. կլոր տարին
Մենք կպատժենք թռչուններին
Ու կգցենք քեզ այս օրին:
Դա՞տ ես անում, արա՜ արդար:
Դու՝ լսելով
Թռչուններին նախանձ ու չար.
Խիստ պատժեցիր կաքավներին
Ու վերջ դրիր երգ ու պարին:
Այդ հերիք չէր, այժմ էլ աքսոր,
Քե՜զ ենք ասում, արքա՜ հզոր,
Ետ առ, ետ առ քո վճիռը,
Ջընջի, ջընջի մահվան գիրը:
Թող վերանա նախանձ ու քեն,
Կաքավները նորից երգեն:
Նորից երգեն իրենց համար,
Ուրախանա արար աշխարհ:
Այդտեղ արքան իրեն ահից,
Որ չզրկվի մի օր գահից,
Ջնջեց իսկույն իր վճիռը՝
Աքսորի ու մահվան գիրը:
4
Բզեզները էլի բըզ-բըզ,
Արծվի մոտից թռան վըզ-վըզ
Ավետեցին կաքավներին,
Թե հաղթեցին չար արքային:
Ասին. – Երգիչ դուք կաքավներ,
Մեր սիրելի հարևաններ,
Վերադարձեք ձեր բները
Ու երգեցեք ձեր երգերը.
Երգին արգելք չկա երբեք,
Պետք է լսվի կաքավի երգ:
Աչքալույս էր կաքավներին,
Կտուցները լայն բաց արին,
Լայն բաց արին կրկին-կրկին,
Որ երգեին երգը նախկին:
Բայց ձայն չըկար՝ երգելու ձայն.
«Կղա, կղա» արին միայն,
«Կղա, կղա» երկու հնչյուն…
Վա՛յ քեզ, վա՛յ քեզ, կաքավ թռչուն,
Սրտիդ էնքան խորունկ վերքից
Դու զրկվեցիր ձայնից, երգից:
Ու այն օրից ձորամիջին,
Տխուր կանգնած մամռոտ քարին,
Լայն կտուցը լիքը արին,
«Կղա՛, կղա՛» կըղկըղալով,
Հոգու միջից մղկտալով,
Անցած փառքի սուգն է անում
Կըղկըղում է ու կըղկըղում:
ԱՂՎԵՍՆ ՈԻ ԱՐՋԸ
Տրճիկ-մրճիկ,
Սարի շրջիկ,
Աղվեսն եկավ
Պոչը փնջիկ,
Խունջիկ,
Մունջիկ.
– Արջի՜կ.
Փարչիկ,
Գթոտ, բարի,
Ցուրտ ձմեռ է,
Մարդ կսառի.
Բա մեղքը չե՞մ,
Ոտդ պա չեմ,
Ա՜ռ ինձ որջդ,
Մտնեմ քուչդ,
Առնեմ շունչդ,
Գարուն հասնեմ,
Մի օր տեսնեմ:
Տատմեր եմ ես,
Երբ գարնան դեմ
Որդի բերես
Արմաղ,
Շարմաղ
Ու լուսերես,
Քոթոթներիդ,
Բոտոտներիդ
Ես գուլուլեմ,
Ես բալուլեմ,
Ուտեցընեմ,
Քնեցընեմ,
Օրո՜ր ասեմ,
Օրո՜ր, նանիկ,
Օրո՜ր, սանիկ,
Օրո՜ր, ջանիկ,
Ցերեկները
Խաղացընեմ,
Հա՜ հագցնեմ,
Հա՜ կապցնեմ,
Հա՜ թռցնեմ,
Ամեն անգամ
Սար-ձոր ման գամ,
Մանկեմ,
Ճանկեմ,
Ճարեմ,
Ճուրեմ,
Մուրամ,
Կուրամ,
Նրանց շահեմ,
Նրանց պահեմ
Հավի դոշով,
Փրփուր լոշով,
Մեղրածորով,
Տանձ խնձորով,
Քանի օրով,
Կուզես տարով,
Կրթեմ,
Հարթեմ,
Էս իմ հանգին
Ձեռքիս տակին:
Թե ալարեմ,
Ոչ դալարեմ:
– Աղվե՛ս, աղվե՜ս,
Դու համ մեղր ես,
Համ շաքար ես,
Չամչի հատիկ,
Մեղրի մատիկ,
Մեղրիցը զուտ՝
Անուշ լեզուդ
Սրտիս հասավ, —
Արջիկն ասավ.
– Որ դրսումն ես,
Ու մըսում ես,
Որ տատմեր ես,
Բնավեր ես,
Ու դու համ էլ
Որ էդքան էլ
Տղասեր ես,
Եկ իմ որջս,
Մտիր քուչս,
Առ իմ շունչս,
Գարուն հասնենք,
Արև տեսնենք:
Քոթոթներիս,
Բոտոտներիս
Քեզի՝ սանիկ,
Ինձի՝ ջանիկ,
Նայիր, պահիր,
Շոյի, շահի
Ու քո հանգին
Հարթի,
Կրթի
Ձեռքիդ տակին:
Արջն աղվեսին
Ձմռան կեսին
Տարավ տունը,
Իրա բունը:
Շուտով ինքը
Չըլա մտավ.
Նրա ծոցում
Բրդոտ ու թավ՝
Աղվեսն իրա
Տեղը գտավ:
Գիշերները
Արջի ծոցը
Տաքանում էր,
Ոնց որ օձը:
Ցերեկները
Թափառում էր,
Սար, ձոր մանկում,
Փորի համար
Բան էր ճանկում:
Հասավ օրը,
Որդի բերավ
Մեր ծոցվորը:
Տատմեր եղավ
Էն պոչվորը,
Ծննդկանին
Եփեց խավիծ,
Երբ ազատվեց
Տղի ցավից:
Քոթոթներին,
Բոտոտներին,
Թուլոտ,
Մուլոտ,
Հլա էնպես,
Հլա անոտ,
Գուլուլում է,
Բալուլում է,
Երգ է ասում,
Սրտից խոսում.
– Իմ սանիկներ,
Իմ ջանիկներ:
Օրո՛ր օրո՛ր,
Օրո՛ր, նանի՜ ,
Բալիկներիս
Քունը տանի:
Հա քնեցեք,
Պտուղ
Պտուղ
Քրտընեցեք,
Դուք օրեցօր,
Հա՜ թոջկըցեք,
Դուք ոտ առեք,
Վազկան դառեք:
Ձունը լխկի.
Դաշտը ծաղկի,
Գնանք.
Ման գանք.
Ես ձեզ տանեմ
Բողազավանք
Ու թել մանեմ
Կարմիր կազից
Ու կախ անեմ
Վզից,
Մզից,
Երեք բալիս
Հորոտ-մորոտ,
Կարմիր կազից
Կարմիր նարոտ:
Ձյունը հալավ,
Դաշտը ծլավ,
Ալ ու ալվան,
Ալ աբրեշում
Շորեր հագավ,
Դշխուն
Նշխուն
Գարուն եկավ:
Թռչուն,
Մրջյուն,
Շունչ կենդանի
Էն սեղանից
Հաց կտանի:
Փառք մայր հողին,
Մեր ծնողին,
Հաց է տալիս
Աշխատողին:
Լխտիկ,
Մխտիկ,
Չարաբաստիկ,
Քոթ-քոթոթիկ,
Բոտ-բոտոտիկ,
Արջուկները,
Մանչուկները,
Տոտիկ,
Տոտիկ,
Ելան ոտիկ,
Վազվզելով
Հեռու, մոտիկ:
Ու տատմերը
Տատիկ,
Տատիկ,
Մեղրամատիկ,
Չամչի հատիկ,
Մի օր տարավ
Սանիկներին,
Ջանիկներին
Բողազավանք:
Մորը ասավ.
– Գնանք
Ու գանք:
Երեք ձագին
Խաղով,
Պարով,
Նա տանելով
Սարով,
Ձորով,
Բռնեց մին-մին
Դրեց գետնին,
Չոքեց բկին
Ու իր հանգին
Երեք վզից
Կախեց նարոտ,
Արջին թողեց
Բալի կարոտ:
Որ ետացան
Երեք ճուտը,
Էն արջն ընկավ
Ել ու մուտը:
Չկա տատմեր,
Չկա բալա,
Սիրտը փորում
Կուլա-կուլա.
– Ա՛խ, ձագիկներ,
Իմ բալիկներ,
Ալիկ-չալիկ,
Շեկլիկ-մեկլիկ,
Կլոր-գլոր.
Ո՞ւր եք, ո՞ւր եք
Պապակ սրտիս
Ծարավ լերդիս
Մի պուտ ջուր եք:
Ինչո՞ւ էդպես
Սխալվեցի,
Չար տատիկի
Հետ ճամփեցի
Էն քանդըված
Բողազավանք,
Էլ ո՞ւր մնաց
«Գնանք ու գանք»…
Էսպես սիրտը
Մաղիկ-մաղիկ,
Կտրատելով
Սիրտ ու աղիք,
Արջը մերիկ
Լնգին,
Լնգին,
Կոպալ դունչը
Ծընկին,
Ծընկին,
Ափալ,
Թափալ,
Ծընկները ծալ՝
Ճամփեն ոլոր,
Սիրտը մոլոր,
Ելավ,
Ընկավ
Քար ու քռա…
Որ չի գոռա՛,
Որ չի բոռա՛,
Սարն ու ձորը
Կդռդռա:
Ձենը առավ
Չար տատիկը,
Լեղին թռավ
Էն կատիկը.
Պոչը քաշեց,
Էլ ետ չաշեց,
Պզզաց,
Վզզաց:
Սար-ձոր անցավ,
Մի ուռենու
Նա մոտեցավ:
Ուռը քաղեց
Էն ծառիցը,
Կողով գործեց
Էն ուռիցը
Ու սկսեց
Իրա երգը.
– Ողջ աշխարհքն է
Իմ մի ձեռքը,
Էլ ո՞վ ունի
Էս իմ խելքը:
Գիտեմ սողալ,
Մտնել՝ լողալ
Ելնել՝ դողալ…
Իմն է դաշտը,
Իմն է հանդը,
Հազար հունար,
Հազար ֆանդը…
Նագիկ-նուզիկ,
Փափկամազիկ,
Ես աղվեսն եմ
Սարի շրջիկ,
Սարի ձորի
Տրճիկ-մրճիկ…
Մին էլ՝ պուպուստ…
Արջը չուստ-չուստ,
Թե՝ ձագերս,
Ա՜յ տատմերս,
Ա՜յ արնատեր:
– Ի՞նչ ձագ, ի՞նչ բան…
– Խոսո՞ւմ ես դեռ…
Սո՜ւս, հոգեհան,
Երեք բալիս
Հետդ չառա՞ր
Ու չտարա՞ր
Բողազավանք,
Դու չասացի՞ր
Գնանք ու գանք:
– Կոպիտ, անտաշ,
Բռի, թերմաշ,
Զո՞ւր ես, մո՞ւր ես,
Երկու աչքով
Հաստատ կո՞ւր ես.
Պապական մենք
Ամբողջ ցեղով
Վարպետներ ենք
Ահ ու դողով:
Արի՜ ըստի
Սըսկի, նստի,
Քիչ հանդարտի,
Քեզ մի՜ ջարդի:
Գործս ավարտեմ,
Պոչս փարտեմ,
Ծակ-ծուկ մտնեմ,
Քո ձագերի
Տեղը գտնեմ:
Վա՛յ, վա՜յ, արջի
Ձագը կորչի՞,
Բա ամոթ չի՞:
Արջը նստեց արջավարի,
Ուստա աղվեսն ուստավարի
Նրա շուրջը ուռեր տնկեց
Ու գործելը շարունակեց:
Ուստեն դուրսը, արջը միջին,
Գործը հասավ արջի դնչին:
Կողովը դեռ կիսատ-պռատ,
Հովիվ ու շուն, երեք-չորս հատ,
Վրա տալով ուռե բերդին,
Ու շրջելով արջի լերդին
Կոպըլտեցին,
Բբզկտեցին՝
Կողովն առան,
Ճամփա գցին:
Էդ աղվեսն էր սարի շրջիկ,
Աչքն՝ ետևը, տրճիկ-մրճիկ,
Գնաց դարձավ մի ջաղացպան,
Էդպես մի բան…
Վրեն գլուխն ալրոտ,
Ելավ նստեց դռան մոտ:
Արջը հուզված.
Սաստիկ գզված,
Լընգին-լընգին,
Կոպալ դունչը
Ծընկին-ծընկին,
Վրա հասավ.
– Աղվես, – ասավ, —
Գետինն անցնես քո ցեղովը,
Գլխիդ կպչի քո կողովը,
Բուրդս քաշեց շան ժողովը:
– Ա՜յ արջ քեռի,
Մի թռթռի,
Ի՞նչ շան ժողով,
Է՞դ ինչ կողով
Ջաղացպան ենք ազգով, ցեղով
Խիստ աբուռով, ահ ու դողով:
Մի ողջ օր է՝ ծոմ ու պաս եմ,
Հյուրի ճամփա ես կսպասեմ,
Որ մի պատառ հաց ճաշակեմ,
Ես էլ խալխին մի մշակ եմ:
Գնանք, ապե՜ր,
Մի քիչ հաց կեր,
Ջուր տամ խմի,
Հետո մի-մի
Ցավդ պատմի:
Ջաղացպանը
Գիտեր բանը.
Տարավ հյուրին
Հանեց քարին:
– Ապե՜ր, ըստի, —
Ասավ, – նստի,
Քիչ դիմացի,
Գնամ հացի:
Արջին
Փարչին,
Խելքը կարճին
Էսպես խաբեց,
Վզզաց գնաց,
Ջուրը կապեց:
Քարը, քարը
Գլորավ,
Պարը, պարը
Բոլորավ,
Արջը, արջը
Մոլորավ:
Քարը, քարը
Գռգռաց,
Արջը, փարչը
Գոռգոռաց,
Գոռաց,
Բոռաց
Ու ցատկեց,
Դիպավ պատին
Ու սատկեց:
Աղվեսն եկավ
Թոթովեց,
Գլխին կանգնեց
Ու գովեց.
( Ջրի՜կ, չռռա,
Քարի՜կ, գռռա.
Իմ արջիկը,
Իմ փարչիկը
Ո՜նց է չռվել,
Ո՜նց է փռվել:
Ավել աչքս
Թող կուրանար,
Թերմաշ, անտեր,
Էդ ո՞նց թռար
Պատին առար
Ու չոր մեռար:
Նստեմ լինքդ,
Լամ երկինքդ…
Ա՜խ արջիկ ջան,
Բալի կարոտ,
Քո վզիցն էլ
Կախեմ նարոտ:
Քո գլխիցը
Ի՜նչ է հոսում,
Բլբուլ լեզուդ
Ո՞նց չի խոսում:
Քո տատմորը
Հազար ամոթ,
Որ դու չերթաս,
Այ իմ բրդո՜տ,
Բողազավանք,
Ճոլտերիդ մոտ:
Աղվեսն ընկավ բկի հետ,
Ես էլ դրի վերջակետ:
Ավարտեցի հեքիաթը,
Բա ո՞ւմ հանձնենք էս դատը:
ՍՈԻԼԹԱՆ ԱՔԼՈՐԸ
– Ծուղ-րու-ղո՛ւ-ղո՛ւ…
Ես շահ Աքլորն եմ,
Ես խան Աքլորն եմ,
Սուլթան Աքլորն եմ,
Ի՜մ հավիկներ, հա՜վ մարիկներ,
Ո՞վ է աշխարհի գեղեցիկը,
Քաջրից քաջը, երգեցիկը,
– Չկա՜, չկա՜, սուլթան ու խան,
Չկա, չկա, պայծառ մեծ շահ
Էս աշխարհում քեզ հավասար:
Դու ես գեղեցիկը, դու ես երգեցիկը,
Դու ես քաջը, – պատասխանեցին Հավերը:
– Ծուղ-րու-ղո՛ւ…
Արծըվի ձեն ո՞վ ունի,
Ուժեղ ոտներ ո՞վ ունի,
Գույն – գույն շորեր ո՞վ ունի:
– Մեր շահի շորերն են գույն-գույն,
Ոտներն են պողպատ ու ձենն է զիլ-զիլ, ոսկի ծիլ-ծիլ:
– Ծուղ-րու-ղու…
Ո՞ւմ թախտն է բարձր,
Ո՞ւմ գլխին թագ կա,
Ո՞վ է ձեր սուլթանը, ո՞վ է ձեր խանը:
(Քո թախտն է բարձր, քո գլխին թագ կա: Դու ես մեր խանը, դու ես սուլթանը:
Բայց… բռնեցին խանին, մորթեցին սուլթանին, փետրեցին շահին, եփեցին նրան, նստեցին կերան:
– Ծուղ-րու-ղու-ղո՛ւ,
Ծուղ-րու- ղու-ղո՛ւ… Աքլորն եմ,
Ծուղ-րու-ղու-ղո՛ւ…Թագվորն եմ,
Մի հավ ունեմ՝ տունը չէ,
Մի հավ ունեմ՝ բունը չէ,
Էս աքլորիս հալն ի՞նչ է…
Մին էլ մի ճուտ վազելով ճտճտաց,
( Բա չես ասի, հայրիկ, տանտիկին Մարոն չալտիկ Վառոյին ծախեց չարչուն, չիթ առավ, նստել է իր քոթոթ Վաչիկի համար չուչիկ է կարում:
Աքլորն իսկույն վազեց տուն, Մարոյի ձեռքից ասեղը խլեց, պապիի ձեռքից կոպալը, դուրս թռավ, որ գնա իր Վառոյին չարչու ձեռքից ազատի: Դռնից դուրս գալիս կատուն հարցրեց,
– Ո՞ւր եք գնում, Ասե՜ղ:
– Կոպալին հարցրու:
– Ո՞ւր եք գնում, Կոպա՜լ:
– Աքլորին հարցրու:
– Ո՞ւր եք գնում, Աքլո՜ր:
– Ծուղ-րու-ղու ղո՛ւ… Աքլորն եմ,
Ծուղ-րու-ղու-ղո՛ւ… Թագվորն եմ,
Մի հավ ունեմ՝ տունը չէ,
Մի հավ ունեմ՝ բունը չէ,
Մինն էլ տարել է չարչին,
Գնամ պատժեմ տան միջին:
– Ես էլ կգամ…
– Լա՜վ, արի, երեք չլինենք, չորս լինենք:
Մի քիչ էլ գնացին, Շունը հարցրեց.
– Ո՞ւր եք գնում, Ա՜սեղ:
– Կոպալին հարցրու:
– Ո՞ւր եք գնում, Կոպա՜լ:
– Կատվին հարցրու:
– Ո՞ւր եք գնում, Կատո՜ւ:
(Աքլորին հարցրու:
– Ո՞ւր եք գնում, Աքլո՜ր:
– Ծուղ-րու-ղու-ղո՛ւ… Աքլորն եմ,
Ծուղ-րու-ղու-ղո՛ւ… Թագվորն եմ,
Մի հավ ունեմ՝ տունը չէ,
Մի հավ ունեմ՝ բունը չէ,
Մինն էլ տարել է չարչին,
Գնամ պատժեմ տան միջին:
– Ես էլ գամ…
– Լա՜վ, չորս չլինենք, հինգ լինենք:
Մի քիչ գնացին՝ ուլիկը հարցրեց.
– Ո՞ւր եք գնում, Ասե՜ղ:
– Կոպալին հարցրու:
(Ո՞ւր եք գնում, Կոպա՜լ:
( Կատվին հարցրու,
( Ո՞ւր եք գնում, Կատո՜ւ:
– Շանը հարցրու:
– Ո՞ւր եք գնում, Շուն:
(Աքլորին հարցրու:
– Ո՞ւր եք գնում, Աքլոր:
( Ծուղ-րու-ղու-ղո՛ւ… Աքլորն եմ,
Ծուղ-րու-ղո-ղո՛ւ… Թագվորն եմ,
Մի հավ ունեմ՝ տունը չէ,
Մի հավ ունեմ՝ բունը չէ,
Մինն էլ տարել է չարչին,
Գնամ պատժեմ տան միջին:
– Ես էլ գամ:
– Լավ, հինգ չլինենք, վեց լինենք:
Մի քիչ էլ գնացին Իշուկը հարցրեց.
( Ո՞ւր եք գնում, Ասեղ:
(Կոպալին հարցրու:
( Ո՞ւր եք գնամ, Կոպա՜լ:
( Կատվին հարցրու:
( Ո՞ւր եք գնում, Կատո՜ւ:
– Շանը հարցրու:
( Ո՞ւր եք գնում, Շո՜ւն
( Ուլիկին հարցրու:
( Ո՞ւր եք գնում, Ուլի՜կ:
– Աքլորին հարցրու:
– Ո՞ւր եք գնում, Աքլոր:
– Ծուղ-րու-ղու-ղո՛ւ… Աքլորն եմ,
Ծուղ-րու-ղու-ղո՛ւ… Թագվորն եմ,
Մի հավ ունեմ՝ տունը չէ,
Մի հավ ունեմ՝ բունը չէ,
Մինն էլ տարել է չարչին,
Գնամ պատմեմ տան միջին:
(Ես էլ կգամ:
( Լավ, արի՜, վեցը չլինենք, յոթը լինենք:
Ասեղը, Կոպալը, Կատուն, Շունը, Ուլիկը, Իշուկը և Աքլորը ճամփա ընկան, գնացին, գնացին և կեսգիշերին վրա տվին չարչուն քնած տեղը:
Ասեղը շուլալվեց չարչու դոշակին: Կոպալը կանգնեց դռան ետևը, Կատուն նստեց ոտների տակը, Աքլորը ճրագթաթին, Շունը դռանը պպզեց, Ուլիկը, Իշուկը կտուր բարձրացան: Ասեղն սկսեց ծակծկել չարչու կողերը: Կատուն ճանկռոտեց ոտները, Իշուկը, Ուլիկը վազվզեցին և դղրդացրին կտուրը:
Չարչփն խիստ վախեցավ, ելավ որ ճրագ անի՝ Աքլորը թևերը թափահարեց, վազեց որ դռնից փախչի՝ Կոպալը կոպալտեց, եկավ որ թոնիրը մտնի՝ Կատուն ճանկռտեց: Խեղճի ճարը կտրվեց, վեր կացավ ու մի քանի կոպալ ուտելով, լեղապատառ դռնիցը դուրս փախավ: Դռանը Շունը կծեց, կտուրից Ուլիկն ու Իշուկը կանչեցին.
– Բռնեցե՛ք, հա՛, բռնեցե՛ք:
Չարչին փախավ: Է՜ն փախչելն է, որ փախչում է:
Կատուն մտավ, հավանոցից Հավին դուրս բերավ, Աքլորը նստեց Իշուկի վրա, Հավը իր առաջը նստեցրեց, Կոպալի գլխին խփեց Ասեղը և դրեց իր ուսին:
Մյուս ընկերները՝ Կատուն, Շունը, Ուլիկը շրջապատեցին Իշուկին և այնպես մլավելով, հաչելով, մկկալով և զռալով, ծուղ-րու-ղո՛ւ կանչելով, լուսաբացին գյուղ մտան:
Աքլորը Իշուկի վրայից թռավ կտուրը և հպարտ-հպարտ երգեց.
– Ծուղ-րու-ղու-ղու…
Աքլորն եմ,
Մի հավ ունեմ՝ տունն է,
Մի հավ ունեմ՝ բունն է,
Մինն էլ տարել էր չարչին,
Դուռ ու դրկից ժողովեցի,
Մութ գիշերով գնացի,
Չարչուն տան մեջ պատժեցի,
Վառոս տարել էր գերի,
Գնացի ու ետ բերի.
Ծուղ-րու-ղու-ղո՛ւ… Թագվորն եմ,
Ծուղ-րու-ղու-ղո՛ւ… Աքլորն եմ:
ՃՌԻԿԸ
1
Թռչկոտում էր Ճռիկը, թռչկոտում էր ծաղկից ծաղիկ, խոտից խոտ ու ճռի՛կ, ճռի՛կ, ճռճռում:
Անմեղ աղջիկ էր,
Ծաղկի փնջիկ էր,
Սիրտն էր խոսում,
Երգ էր ասում:
Մի օր Ճռիկը մի արծաթ շահանոց գտավ ու ճռի՛կ ճռի՛կ, ճըռճըռաց:
(Օ՜յ, օ՜յ, օ՜յ, էս ի՛նչ բախտ է, էս ի՛նչ գանձ է, էս փողով ես ի՞նչ գնեմ: Կապուտակ ձի առնեմ, հեծնեմ թռչեմ: Չէ՜, չէ՜, ինչպե՞ս ջրեմ, ինչպե՞ս կերակրեմ: Գորգ առնեմ, տակս փռեմ: Չէ՜, չէ՜, ինչպե՞ս մաքրեմ, ինչպե՞ս թափ տամ: Չէ, լավն էն է՝ կարմիր ժապավեն առնեմ, – ասավ Ճռիկն ու ժապավեն առավ: Առավ, կապեց կարմիր ժապավենը, զուգվեց-զարդարվեց, նստեց տան շեմքին, իրեն ցույց տվեց:
2
Եկավ Եզիկը, տեսավ ճռիկին,
– Բարև, քեզ, ճռիկ,
Նազելի աղջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես Եզիկն եմ, հեզիկն եմ,
Պեծիկ, մեծիկ մազիկն եմ:
Ճռիկն ասավ.
– Ես էլ Ճռիկն եմ…
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ,
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի՝
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա:
Նա է ընկերս, ով երգել գիտե:
Եզիկը երգեց բառաչելով.
– Մո՛ւ, մո՛ւ, մո՛ւ…
Ես Եզիկն եմ, հեզիկն եմ,
Պեծիկ-մեծիկ մազիկն եմ:
(Է, լա՜վ, լա՜վ:
Եզիկ, հեզիկ,
Պեծիկ-մեծիկ,
Գնա՜, մի բան չե՜ս,
Հերի՜ք բառաչես:
3
Եզիկը գնաց, Իշուկը եկավ:
Եկավ ու ասավ.
– Բարև քեզ, Ճռիկ,
Նազելի աղջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես Իշուկն եմ,
Չոշ-չոշուկն եմ,
Ձենս քնքուշ, երգս անուշ:
Ճռիկն ասավ.
– Ես էլ Ճռիկն եմ,
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ,
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ,
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի,
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա,
Նա է ընկերս, ով երգել գիտե:
Իշուկը երգեց խռանչելով.
– Ես Իշուկն եմ,
Չոշ-չոշուկն եմ,
Ձենս քնքուշ,
Երգս անուշ…
(Է, լա՜վ, լա՜վ, Իշուկ,
Ձենդ պահի քեզ,
Դու էլ մի բան չես,
Հերիք խռանչես:
4
Իշուկը գնաց, Փիսիկը եկավ.
Եկավ ու ասավ.
– Բարև քեզ, Ճռի՜կ,
Նազելի աղջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես մլավան Փիսիկն եմ,
Խուճուճ-մուճուճ մազիկն եմ,
Աղաների մուշտակն եմ,
Խանումների չուստակն եմ:
Ճռիկն ասավ.
– Ես էլ Ճռիկն եմ,
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ,
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ:
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի,
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա:
Նա է ընկերս՝ ով երգել գիտե:
Փիսիկը երգեց մլավելով.
( Ես մռմռան Փիսիկն եմ,
Խուճուճ-մուճուճ մազիկն եմ…
(Է՜ լա՜վ, լա՜վ, Փիսիկ,
Դու լավը՝ լավն ես,
Բայց լավ կանես,
Որ չմլավես:
5
Փիսիկը գնաց, Մկնիկը եկավ:
Մկնիկը եկավ, բեղերը սրած
Ու վերև ծռած,
Մուշտակը հագին,
Ոլորած ագին,
Աչք է ման ածում,
Պռոշը կծում:
Եկավ ու տեսավ.
– Բարև՜, պայծառիկ,
Ճըռճըռան Ճռիկ,
Աղու – աղունակ,
Ծիտ ու ծիծեռնակ,
Նազանի աղջիկ,
Ալ վարդի փնջիկ,
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
Ես Մկնիկն եմ, Մկնիկն եմ,
Դաշտի ոսկի ձկնիկն եմ:
Ճռիկն ասավ.
( Ես էլ Ճռիկն եմ,
Սիրուն աղջիկ եմ,
Վարդի փնջիկ եմ,
Ոսկեզօծ մազիկ,
Կարապի վզիկ,
Մի բուռ կրակ եմ,
Մութ տան ճրագ եմ,
Իմ սիրտն է խոսում,
Ես երգ եմ ասում:
Մի վրաս նայի,
Գտա մի շահի,
Ժապավեն առա
Ու պեծիկ դառա:
Նա է ընկերս, ով երգել գիտե:
Մկնիկը երգեց ծըվծըվալով.
– Ես Մկնիկն եմ, Մկնիկն եմ,
Դաշտի շեկլիկ ձկնիկն եմ…
(Է, լա՜վ, լա՜վ, Մկնիկ,
Դու լավ ես երգում,
Ձենդ լսեցի,
Քեզ շատ սիրեցի:
Եկ ընկերանանք,
Ընկերներ դառնանք:
6
Ճռիկի բախտը չբերեց. ճիշտ է, Մկնիկը լավ էր երգում, բայց տանը չէր մնում, որ երգեր, Ճռիկը լսեր:
Շարունակ դուրսն էր, ինչ որ գտնում էր մենակ էր՝ ուտում: Մի անգամ Մկնիկը տուն եկավ, տեսավ, որ Ճռիկի ընկերուհիները հյուր են եկել: Շատ քաղցած էր, դեսուդեն ընկավ, որ մի բան ճանկի. բարձրացավ կճուճի վրա ու ընկավ տաք սպասի մեջ: Ընկավ ու մեռավ: ճռիկը քիչ մնաց խելագարվի: Նստեց ու լաց եղավ ընկերոջ համար.
– Ի՞նչ եմ անում ոսկի մազիկ,
Ոսկի մազիկ, երկար վզիկ:
Թող ես շաղվեմ հում կաթի պես,
Սիրտս սև է սև սաթի պես,
Դարդս ծով է, ճռիկ-ճռիկ:
Ա՛խ, Մուկիկ ջան, վաղամեռիկ,
Ձենդ անուշ, մազդ խուճուճ,
Անտեր մնա էս խոր կճուճ,
Որ քեզ չաներ ճստիկվստիկ,
Ա՜յ իմ ընկեր, պստիկ-մստիկ:
Ու մինչև այսօր ճռիկը ճռռալով լալիս է իր ընկեր Մուկիկի մահը:
ԾԻՏԸ
Ծառի տակին պտեղ անելիս Ծտի ոտը փուշ մտավ: Նա լաց լինելով եկավ, պառավին. ասաց.
– Նանի՜ ջան, նանի՜, ոտս փուշ է մտել, եկ փուշը հանի: Գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ, մորս մինուճարն եմ:
Պառավը խղճաց Ծտին, փուշը ոտից հանեց, ճամփու դըրեց:
Ծիտը գնաց կոլ արավ, կոմբոլ արավ, նորից եկավ պառավի մոտ, ճտվտալով ասաց.
– Փշիկս տո՜ւր, փշիկս:
( Փշիկդ գցեցի, թոնիր վառեցի…
( Կամ փշիկ, կամ լոշիկս, – ասաց Ծիտը:
Պառավը մի լոշ հաց բերեց տվեց Ծտին: Ծիտը լոշը վերցընելով գնաց:
Մի տեղ Ծիտը տեսավ, որ հովիվը ծառի տակ նստած կաթ է խմում՝ առանց հացի:
– Ծ՜իվ, ծի՜վ, ծի՜վ, ա՜յ հովիվ, ինչո՞ւ կաթդ անհաց ես ուտում, առ այս հացը բրդիր կաթի մեջ և կեր: Ես գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ, – ասաց Ծիտն ու թը՛ռ, թռավ:
Մի քիչ անց՝ Ծիտը նորից եկավ հովվի մոտ ծտվտալով ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ, ասաց հովվին.
– Լոշիկս տո՜ւր, լոշիկս:
– Լոշիկդ կերա:
– Կամ լոշիկս, կամ գառնիկս:
Հովիվն իր հոտից մի գառ տվեց Ծտին: Ծիտը վերցրեց գառը և թռավ: Թռավ իջավ մի տան կտրան: Տանտերը իր որդու հարսանիքն էր անում, բայց աղքատ էր. դրա համարէլ հարսանիքին մսացու չուներ: Ծիտը խղճաց և ծլվլոցով ասաց…
– Առ այս գառը, ա՜յ մարդ, հարսանիքիդ մսացու արա. դա էլ ծտիս նվերը՝ հարսիկին: Ես գնամ կոլ անեմ կոմբոլ անեմ, գլուխս պահեմ: Ասաց ու ինքը թը՛ռ, թռավ, գնաց, գառը մսացու մնաց:
Հարսանիքի երկրորդ օրը Ծիտը եկավ տանտիրոջ դուռը կտրեց: Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ:
– Գառնիկս տո՜ւր, գառնիկս:
– Մորթեցինք, կերանք:
– Կամ գառնիկս, կամ հարսիկս…
Տանտիրոջ ճարը որ կտրվեց, վերցրեց հարսին տվեց Ծտին: Ծիտն էլ առավ նորահարսին իր թևերի վրա և թռավ:
Շատ թռավ, քիչ թռավ, շատն ու քիչը ո՞վ գիտե, վերջն իջավ մի աշուղի մոտ՝ սազն ածելիս: Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ…
– Աշուղ ախպեր, առ հարսիկս քեզ: Ես գնամ կոլ անեմ, կոմբոլ անեմ, գլուխս պահեմ:
Երկրորդ օրը Ծիտը եկավ աշուղի մոտ և ծլվլալով ասաց.
– Ծի՛վ, ծի՛վ, ծի՛վ, հարսիկս տո՜ւր, հարսիկս, հարսիկըս տո՜ւր, հարսիկս…
– Տերն եկավ հարսիկին տարավ:
– Կամ հարսիկս, կամ սազիկս, կամ հարսիկս, կամ սագիկս…
Աշուղը սազը տվեց Ծտին: Ծիտն առավ սազը, կախեց իր վզից և այն օրից մինչև հիմա անվերջ սազն ածելով երգում է.
Փշիկը տվի՝ լոշիկ առա,
Լոշիկը տվի՝ գառնիկը առա,
Գառնիկը տվի՝ հարսիկը առա,
Հարսիկը տվի՝ սազիկը առա,
Ծիվ, ծիվ, սազիկը առա
Ու աշուղ դառա:
ՈՒԽՏԱՎՈՐ ԱԳՌԱՎՆ ՈԻ ԱՔԼՈՐԸ
Օրերից մի օր Ագռավն ու Աքլորը խոսքը մեկ արին, որ ուխտ գնան: Նրանք իրենց խոսքի տերն էին, ինչպես ասին, էնպես էլ արին. վեր կացան, ճամփա ընկան ու գնացին: Շատ գնացին, քիչ գնացին, շատ ու քիչը ո՞վ գիտե, ես էլ հետները չէի, որ իմանայի, գնացին, գնացին, մին էլ, ըհը՜, Աղվեսը:
– Էս ի՞նչ բան է, – ասում է Աղվեսը, – դաշտում՝ Աքլո՞ր, հետն էլ Ագռա՞վ: Էս երա՞զ է, թե աչքիս է երևում: Բայց ինչպե՞ս անեմ, որ բռնեմ:
Գլուխը կախեց, տխուր-տրտում գնում էր ու բարձր-բարձր խոսում, էնպես որ՝ ուխտավորները լսեցին:
( Ա՛խ, մեկի աչքը դուրս գա լավ է, քան թե անունը: Մեր աղվեսների անունը վատ է դուրս եկել: Ես էսքան բարի աղվես լինեմ, կյանքիս մեջ ծիտն ի՛նչ է՝ ծտի էլ ձեռք տված չլինեմ ու էսպես վատ անուն ունենա՞մ: Շատ էլ՝ շատ աղվեսներ անպիտան են եղել, ինձ ի՞նչ, ես ի՞նչ մեղավոր եմ: Բա մեղքը չե՞մ, որ ինձ էսքան հալածում են, ոչ ոք չի ուզում ինձ ընկեր դառնալ. մի տես էն ջուխտը ինչպես անուշ-անուշ իրար հետ զրուցում են, երնեկ թե իմանայի՝ ուր են գնում, ընկեր դառնայինք, ջան ասեինք, ջան լսեինք: Ընկեր էլ չդառնայի, էդ բախտը ինձ՝ մեղավորիս ո՞վ է տվել, նրանց ծառան լինեի, ջուր ուզեին՝ ջուր բերեի, կուտ ուզեին՝ կուտ բերեի, հիվանդանային՝ պահեի, պահպանեի, գիշերները անուշ քունս կտրեի, պահապան կանգնեի, մի իմանային, որ աշխարհումս աղվես էլ կա, աղվես էլ:
Էսպես էր ասում ու ոտը կախ գցած, աչքի տակով նայելով՝ կամաց-կամաց գնում էր:
– Էս ի՛նչ բարի Աղվես է,(ասում է Ագռավը:
– Էս ի՛նչ բարի Աղվես է, եկ կանչենք, – ասում է Աքլորը:
( Պարոն Աղվես, պարոն Աղվես, կաց, կաց, գանք հաս նենք:
– Է՜, թե որ չեք վախենում, համեցեք:
Որ եկան հասան, Աղվեսը հարցրեց.
– Ո՞ւր եք գնում էդպես ջուխտ:
– Տա մուրազդ, հեռու ուխտ:
(Էս ի՞նչ բան է, ախր ես էլ եմ գնում, էս ինչ լավ պատահեցինք:
Պարոն Աղվեսը բաց արավ իր անուշ, մեղուշ լեզուն ու սկսեց դեսից դենից խոսել: Գովեց Ագռավին, գովեց Աքլորին ու հետն էլ մտածում էր, ինչպես անի, որ երկուսին էլ միանգամից բռնի. թե մոտենա Ագռավին բռնի, Աքլորը կփախչի, թե Աքլորին բռնի, Ագռավը կթռչի: Էսպես խոսք մեջ գցելով, սրան, նրան գովելով, բերեց իր բնի բերանին կանգնեցրեց ու էսպես սկսեց.
– Ագռավ ազի, անհաղթ Աքլոր, խոսք չկա, որ մենք ազիզ եղբայրներ ենք, ես էլ եմ անկեղծ, դու էլ եք անկեղծ: Ինձանից թեև ձեզ խրատ չի հասնի, բայց էլի, ասում է՝ «Մի խելքը լավ է, բայց երկու խելքը լավ է ու լավ»: Ես քանի որ ձեր եղբայրն եմ, չեմ ուզում ձեզ մի փորձանք պատահի: Ա՛յ ասեմ, որ որսորդը բազեներով որսի գա, ձեզ երկուսիդ էլ կբռնի, ես կփախչեմ, կազատվեմ. թե որ որսորդը շուն ունենա հետը, դո՜ւք կազատվեք, ես կբռնվեմ: Ա՜յ ձեզ մի լավ բան ասեմ, եկեք գետնի տակով գնանք, ա՜յ ճամփա, – ցույց տվեց իր բունը: – Այնտեղ ոչ բազե կա, ոչ շուն:
( Լավ ես ասում, պարոն Աղվես, – ասում է Ագռավը:
– Լավ ես ասում, պարոն Աղվես, – ասում է Աքլորը:
Աղվեսն էդ ուխտավորներին տարավ իր բունը:
– Էս ի՛նչ մութն է, ճամփեն չեմ տեսնում, պարոն Աղվես:
– Ջիվան Աքլոր, անհաղթ Աքլոր, եկ մեղքերդ խոստովանի, աչքերդ լույս կտան, ճամփեն կգտնես:
– Ես մեղք չունեմ:
– Ի՞նչ Աքլոր ես, որ մեղք չունես, էլ ինչո՞ւ ես ուխտ գնում. որ մեղքդ ասեմ, քեզ ուտե՞մ, մարսե՞մ:
– Լավ, բայց ես մեղք չունեմ:
– Դե լսիր: Կեսգիշերին, մեջ գիշերին որ վեր ես կենում ու խելքիցդ դուրս կանչում ես՝ ծուղրուղո՛ւ հա ծուղրուղո՛ւ, դու էլ գիտես՝ մի մեծ բանի վրա ես, քո ձենը քո ականջը բա չի՞ ընկնում: Չես թողնում, որ խեղճ ու կրակ բանվոր մարդիկ մի կուշտ քնեն. բա մեծ մեղք չի՞, դեռ լույսը չբացված, դեռ արևը չծագած, տո՜ բաց բերան, նրանց քնահարամ ես անում: Հլա դա գնա ու գա, բա որ ձմեռն էլ բուք-բորանի ես տալիս քարավաններին, սառեցնում թողնում. դա որ մահացու մեղք է: Դե, էն է էլի լույսը որ բացվի, մարդ կիմանա, որ լույս է, վեր կկենա, կգնա իր գործին, էլ քո ծուղրուղուն ինչի՞ս է հարկավոր, – ասաց ու գլուխը մարմնից կիսեց:
– Հիմի դու արի, իմաստուն Ագռավ, արի ու մեղքերդ խոստովանի:
– Ես, ես, պարոն Աղվես, – կռռաց Ագռավը, – Աքլորի պես հո մեղք չունեմ. իրիկունը շուտ եմ քնում, կեսգիշերին, մեջ չեմ կանչում, բանվորների քունը չեմ կտրում, քարավան չեմ սառեցնում, բուք-բորանի բերան չեմ տալիս:
– Ի՛նչ, տո՜ չարագուշակ, սևասիրտ, սևաշոր Ագռավ, որ մեղքդ ասեմ, քեզ ուտե՞մ մարսե՞մ:
( Լավ:
– Լավ օրի մնաս, Աքլորի մոտ գնաս: Դեհ լսիր, ասեմ. ամառը լծած եզան վզին որ վերք է բացվում, տերը բաց է թողնում եզանը, մի երկու շաբաթ արածի, վերքը սազացնի: Բայց դու, անխիղճ Ագռավ, ամառվա էն շոգին, վեր ես գալիս անլեզու, անբերան, վիրավոր անասունի վերքին, հա՜ պտխորում ես, հա՜ վերքը կտցում, հա՜ խորացնում: Խեղճը պոչով է անում, վեր չես գալիս, գլխով է անում՝ վեր չես գալիս, վերքը խորացնում ես, հա՜ խորացնում. վերքն էլ որդնոտում, խեղճ եզանը տալիս սպանում է: Տեսա՞ր ինչ ծանր մեղքի տեր ես, – էսպես ասավ ու Ագռավին էլ Աքլորի օրին գցեց ու սկսեց թռչկոտել, հետն էլ երգել.
– Ագռավիկ սևամազիկ,
Աքլորիկ երկար վզիկ,
Բարակ ճամփով եկաք ջուխտ,
Բողազավանք եկաք ուխտ:
Ա՜խ, ի՛նչ էիք, ի՛նչ չէիք,
Մի ջուխտ էիք, քիչ էիք.
Ջուխտիդ մեղքը իմ վզին,
Հասաք դուք ձեր մուրազին:
Դեհ թռե՜ք, թռե՜ք, թռցնեմ,
Բողազավանք հասցնեմ:
ՊՈԻՃՈԻՐ ՄԿՆԻԿԸ
Պուճուր մկնիկն ասում է Մեծ մկանը՝ խմորը ես անեմ. մեծն ասում է՝ ո՜չ, ես անեմ: Վերջապես Պուճուր մկնիկը զոռում է, խմորն ինքն է անում, բայց ձեռները կոտրատվում՝ մնում են խմորում: Այդ դժբախտությունը տեսնելով՝ Մեծ մուկը սրտապատառ դուրս է վազում, ձեռները խաչում և սկսում է լաց լինել:
Մի Ծիտ, լսելով Մկան լացը, ուզեց իմանալ, թե ինչու է լալիս:
– Ա՛յ Մուկ, – հարցրեց Ծիտը, – ինչո՞ւ ես ձեռներդ խաչել և աղիողորմ լաց լինում:
– Բա չե՞ս ասիլ, ա՜յ Ծիտիկ, – պատասխանում է Մուկը,
– Պուճուր մուկիկը խմորն անելիս ձեռները կոտրեց:
Ծիտը շատ ցավեց, շատ ափսոսեց և սաստիկ ցավից նրա մի աչքը խփվեց, կուրացավ:
Ծտին պատահեց մի Արտուտիկ և հարցրեց.
– Ծիտիկ, աչքդ ինչո՞ւ է փակվել:
– Բա չե՞ս ասիլ, Արտուտիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները խմորումն են մնացել…Աչքախուփիկ Ծիտիկն եմ:
Արտուտիկի թևերն իսկույն կոտրվեցին: Նա տխուր-տրտում մի թփի տակ ընկած Պուճուր մուկիկի մահն էր սգում:
– Ինչո՞ւ ես լալիս, Արտուտիկ, – հարցրեց նրան Ագռավը:
– Բա չե՞ս ասիլ, Ագռա՜վ ազի, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքխփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ:
Ագռավը հենց որ լսեց Պուճուր մկան դժբախտությանը, իր փետուրները թափեց և տխուր-տրտում մի ծառի վրա նստեց, ղա՛-ղո՛ւ անելով Պուճուր մկնիկի մահը սգաց:
– Ասա ինձ, Ագռա՜վ – հարցրեց Ծառը, – պատճառն ի՞նչ է, որ դու փետուրներդ թափել ես և այդպես ցավալի կռավում ես:
– Բա չե՞ս ասիլ Ծառիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում, աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ:
Ծառը հենց որ լսեց Պուճուր մկան դժբախտությունը, իսկույն ճղակոտոր եղավ: Նրա ճյուղերը թափվեցին այն քարի վրա, որն ընկած էր ծառի տակ:
– Ա՜յ Ծառ, քեզ ի՞նչ պատահեց, որ հանկարծ ճղակոտոր եղար, – հարցրեց Քարը:
– Բա չե՞ս ասիլ, – պատասխանեց Ծառը, – Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ:
Քարն իր տեղից թոլ եղավ, գնաց ընկավ Ծովը: Ծովը ուզեց իմանալ Քարի տեղից շարժվելու պատճառը:
– Ինչո՞ւ թոլ եղար քո տեղից, ա՜յ Քար:
– Բա չե՞ս ասիլ, – պասասխանեց Քարը, – ես որ թոլ չլինեմ, ո՞վ լինի: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախուփիկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ: Ծովը ցավից իսկույն արյուն կտրավ: Մի աղջիկ կոտը գլխին դրած աղբը բերեց Ծովը թափելու: Տեսնելով, որ Ծովն արյուն է դառել, խղճահարվեց, ուզեց պատճառն իմանալ:
( Ա՜յ Ծով, քեզ ի՞նչ պատահեց, որ արյուն կտրար:
– Բա չե՞ս ասիլ, սիրուն աղջիկ, Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ:
Լսելով Պուճուր մուկիկին հասած դժբախտությունը, աղջիկը սաստիկ ցավ զգաց, այնպես որ աղբով կոտը կպավ նրա գլխին: Նա լացուկոծով, կոտը գլխին, վերադարձավ տուն:
Տատը, որ ջահրա էր մանում, հարցրեց.
– Ա՜յ աղջի, ինչո՞ւ ես լալիս, ինչպե՞ս պատահեց որ աղբի կոտը գլխիդ կպավ, մնաց:
– Բա չե՞ս ասիլ, տատի, – սկսեց աղջիկը, – ինչ մեծ դժբախտություն է պատահել: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկի ձեռները մնացել են խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, թոլիկ-մոլիկ Քարիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ, կոտը գլխիս աղջիկն եմ:
Ջահրեն կպավ պառավի կողից: Պառավը լաց լինելով գնաց տերտերի մոտ:
– Բա չե՞ս ասիլ, տեր հա՜յր, – լաց լինելով պատմեց պառավը, – էսպես մի մեծ փորձանք: Պուճուր մուկիկ, Մեծ մուկիկ, Պուճուր մուկիկը ձեռները թողել է խմորում: Աչքախփուկ Ծիտիկն եմ, թևիկ-մևիկ Արտուտն եմ, բմբլափետիկ Ագռավն եմ, ճղակոտոր Ծառիկն եմ, արնակոլոլ Ծովիկն եմ, կոտը գլխիս աղջիկն եմ, ջահրեն կողքիս պառավիկն եմ:
Տերտերը մեջքը տված դռան՝ լսում էր պառավին և հանկարծ զգաց, որ դուռն էլ իր մեջքին է կպել և պոկ չի գալիս:
Գյուղացիները հավաքվեցին տո՜ւր, հա տո՜ւր տերտերին, որ դուռը մեջքից պոկվի: Այդպես էլ լինում է: Դուռը տերտերի մեջքից է պոկվում, ջահրեն պառավի կողից, կոտն աղջկա գլխից, Ծովը նորից պարզվում, ջուր է դառնում, Քարը գլորվում է իր նախկին տեղը, Ծառի ճյուղերը նորից բուսնում են: Ագռավին նոր-նոր փետուրներ են գալիս, Արտուտը թևերի տեր է դառնում, Ծտի աչքը բացվում է, Պուճուր մկնիկն էլ իր ձեռները ետ է ստանում:
ՓԸՇԿՈ ՆՌՆՈՆ
Մի տղա իր հորից ժառանգություն ստացավ մի կատու: Կատուն դրեց թևի տակն ու գնաց:
Գնաց մտավ մի էնպիսի գյուղ, որ իսկի կատու տեսած չէին: Գնաց ու մի տուն հյուր եղավ:
Տանեցիք, որ կատվին տեսան, սաստիկ վախեցան, ամեն մեկը մի փայտ քաշեց ու կանգնեց, բան է՝ թե կատուն իրենց վրա հարձակվի, պաշտպանվեն:
– Ա՜յ մարդիկ, – ասավ կատվատերը, – չտե՞ս եք, ի՜նչ է, սա հո մարդակեր չէ, որ փայտերը քաշել կանգնել եք, սա ձեզ վնաս չի տա, սա մկների թշնամին է:
Կատուն չեղած տեղը մուկ շատ կլինի: Մկները որ իրենց բներից դուրս եկան, տերը կատվին բաց թողեց: Ծըզծըվոցն ընկավ մկների մեջ:
Լուրը հասավ գյուղամեջ թե՝ հա՛յ, հա՜րայ, եկեք, չտեսած բանը տեսեք:
Գյուղացիք հավաքվեցին էդ տղի գլխին:
– Գազանի անունն ի՞նչ է, – ասին:
– Փշկո-Նռնո է, – պատասխանեց տերը:
(Ինչ էլ որ լինի, մեր անձի շապիկներն էլ կծախենք ու Փշկո-Նռնոն կառնենք, – ասին գյուղացիք ու երկու հարյուր ոսկի տվին կատուն առան:
Կատվին փոխնեփոխ օրական մի տուն հյուր էին տանում:
Էլ ի՛նչ պատիվ, էլ ի՛նչ գառ ու ոչխար մորթել, ի՛նչ սեր ու սերուցք ուտեցնել, կատվի պատիվն եղել էր շահի պատիվը:
Մի օր էլ մի աղքատ պառավ կատվին տուն տարավ: Պառավի ունեցած չունեցածը մի աքլոր էր: Նա մորթեց իր աքլորը, կարմրցրեց, միայն մի պատառ տվեց իր հիվանդ թոռիձեռքը, կուժը դրեց ուսին ու գնաց ջրի: Կատուն մի քանի անգամ ման եկավ երեխի շուրջը, ձեռքերը ճանկռոտեց, արյունի մեջ կորցրեց, մսի կտորը խլեց, փախցրեց: Երեխան ղժվժոցը դրեց, արյունլվա ձեռները քսեց երեսին, քիթ ու մռութն արյունոտեց:
Երբ պառավը ջրից ետ եկավ, տեսավ որ երեխեն արյունի մեջ կորած՝ գետնի վրա թավալ է տալիս, ոտները գետնին է խփում ու ղժվժում: Կատուն էլ ուռած, փքված պոչը մանգաղ է արել, մլավում է, մըռմըռում ու երեխի չորս կողմը ման է գալիս:
Պառավը կուժն ուսից տվեց գետին ու լեղապատառ իրեն գցեց գյուղամեջ, հավար տվեց.
– Օգնեցե՛ք, Փշկո-Նռնոն կատաղել է, մարդ է ուտում:
Գյուղացիք, որը թրով, որը թվանքով, որը բրով, որը սրով, վազեցին պառավի կտուրը: Քար ու գնդակ էր, որ թափեցին երդիկից: Հետո երդիկ ու դուռ ծածկեցին, գնացին, որչլինի թե կատուն դուրս գա գյուղը քանդի:
Մի ժամանակ որ էդպես մնաց, եկան դուռը բաց արին, տեսան, որ Փշկո-Նռնոն մտել է թոնիրը:
Է՛, ո՜վ բռնի Փշկո-Նռնոյին, ո՜վ չբռնի. ասին՝ որ տանուտերը բռնի:
Տանուտերն իր վերարկուն փռեց թոնրի վրա, կռացավ, ձեռքը տարավ ու կատվին բռնեց: Բռնեց ու ձեն տվեց.
– Ձիս բերե՛ք, ձիս բերե՛ք: Դուք էլ՝ տունը մի մարդ, ձի հեծեք:
Տանուտերը հեծավ իր ձին, կատվին դրեց գոգը ու ձին քշեց: Ձիավորներն ընկան նրա հետևից, գնացին, Սև ջրի կամուրջի վրա կանգ առան: Տանուտերը շպրտեց կատվին դեպի ջուրը: Կատուն ճանկերը գցեց ու կախ ընկավ ձիու թամքից: Ձին ֆռֆռաց, թռչկոտեց, հետի ոտքերի վրա ծառս ելավ, ետ գնալով հո՛փ, ընկավ գետը: Ձիավորները երբ տեսան, որ տանուտերը մնաց ջրի մեջ, և Փշկո-Նռնոն գետից դուրս եկավ ձիու թամքին նստած, փախան: Ձենը ընկավ գեղեգեղ.
– Փախե՛ք, հա գիտի՝ փախե՛ք, վայ գիտի՝ փախե՛ք, Փշկո-Նռնոն առաջ ոտավոր էր, հիմի ձիավոր է դառել, փախե՛ք, որ պրծնեք, եկավ հա՛, եկավ:
Որտեղ լուրը հասավ, էնտեղ փախեփախն ը՛նկավ: Փշկո-Նռնոն յո՛թը գյուղ ավերեց: Տակի ձին շատ վազելուց ընկավ, տրաքեց: Ինքը ելավ ծառի գլուխը, նստեց էնտեղ: Խաբարը գնաց թե՝ ի՛նչ եք անում, Փշկո-Նռնոն ելել է ծառի գլուխը, դիտակը դրել է աչքին, ինչքան աչքը կտրի, էնքան տեղ պետք է ավերի: Դեհ փախեք, որ պրծնեք:
Ամբողջ գավառում մարդ չմնաց, որ չփախչեր:
Այսպես Փշկո-Նռնոն մի ամբողջ գավառ ավերեց:
ԿՌՈԻՆԿՆ ՈԻ ԱՂՎԵՍԸ
1
Աղվեսն ու Կռունկը ընկերացան: Կռունկը բույն շինեց, ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց: Աղվեսն էլ ձագեր ունեցավ, մայր դարձավ: Մի օր Կռունկը դուրս գնաց ձագերի համար կերակուր բերելու, տնպահ Աղվեսը բռնեց Կռունկի ձագերից մեկին, կոլորեց, վիզը ոլորեց, անուշ արավ: Տուն եկավ Կռունկը և ի՞նչ տեսնի… Աղվեսը լալիս է, իրեն քրքրում ու ասում.
– Կռունկ քուրիկ, էսպես էլ անբախտությո՛ւն…
– Ի՞նչ անբախտություն, ի՞նչ է պատահել, Աղվես քուրիկ:
– Բա չես ասի, մեր բալիկը չկա ու չկա: Էնքա՜ն ման եկա, էնքա՜ն ման եկա, չկա ու չկա:
(Ո՞ր Բալիկը:
– Մեր բալիկը:
– Մեր ո՞ր բալիկը:
– Նա՜, նա՜,
Աչքս կուրանա.
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ…
Գովում էր Աղվեսը, իրան քրքրում, մին խփում, հազար թափում:
– Աղվես քուրիկ, – ասում է Կռունկը, —
Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի՜ թափի,
Արցունք մի՜ չափի,
Դա էլ չար բախտից,
Դա էլ մեր բախտից:
( Հա, հա, – հեկեկում էր Աղվեսը, – հա, Կռո՜ւնկ քույրիկ, հա՜, լացը չի օգնի, անցածն անցած է:
2
Երկրորդ օրը Կռունկն էլի գնում է կերակուր բերելու:
Տնպահ Աղվեսը հիմի բռնում է Կռունկի մյուս ձագին կոլորում, վիզը ոլորում ու անուշ անում, տեղը բան չի թողնում:
Տուն է գալիս Կռունկը և ի՞նչ տեսնում… Աղվեսը երեկվանից ավելի դառը լալիս է, մի խփում հազար թափում, իրան քրքրում ու լալով ասում.
– Ա՛խ, Կռո՜ւնկ քուրիկ,
Քուրիկ ու մերիկ,
Իմ աչքը դուրս գա,
Աշխարհը փուլ գա,
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ,
Էն մի բալիկն էլ չկա:
Կռունկն էս անգամ հասկանում է, որ ձագերին ուտողը քուրիկ Աղվեսն է, բայց իրան չհասկացողի տեղ է դնում ու ասում.
– Աղվես քուրիկ,
Քուրիկ, մուրիկ,
Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի՜ թափի,
Կաթը կցամքի,
Դա էլ շար բախտից,
Դա էլ իմ բախտից…
– Դու ճիշտ ես ասում, ա՜յ Կռունկ քուրիկ, չար բախտի ձեռքից ո՞ւմ գնանք գանգատ, – հեկեկում էր Աղվեսը ու մտքում ծիծաղում Կռունկի վրա:
3
– Աղվես քուրիկ, – մի օր էլ ասում է Կռունկը, – էն է իմ ձագերը կորան, տանողի աչքը դուրս գա, քո ձագերն էլ մեծացան, իրենք իրենց կապրեն: Արի գնանք քիչ ման գանք, սրտներս բացվի:
– Է՛, ո՞ւր գնանք, Կռունկ քուրիկ:
( Ա՜յ հենց կուզես երկինք թռչենք, տեսնենք վերևն ի՜նչ կա:
( Ի՛նչ ես ասում, քուրիկ, – ծիծաղեց Աղվեսը, – ինչպե՞ս կարող եմ քեզ հետ թռչել, ես թև չունեմ:
– Է՛, ի՞նչ անենք, որ չունես, ես հո ունեմ: Նստի՜ր ինձ վրա, միասին թռչենք:
Աղվեսն ինքն իրան մտածում է.
«Էս ինչ լավ եղավ. կգնամ երկինք, պատահած թռչունը կխեղդեմ, վեր կածեմ գետնին, ետ գալիս էլ քուրիկիս կբռնեմ՝ կուտեմ… Սրանից էլ լավ բա՞ն»:
Աղվեսը նստում է Կռունկի մեջքին:
Կռունկը թափահարում է թևերը, վեր բարձրանում, գնում է ու գնում, հասնում է երկինք ու հանկարծ շուռ է գալիս: Մեկ էլ Աղվեսը մեջքի վրա դրը՛խկ… ընկնում է գետին ու իրեն ջարդում:
( Աղվե՜ս քուրիկ, – ցած գալով ասում է Կռունկը, – էդ էլ քո՜ բախտից, էդ էլ քո՜ բախտից:
ՈՍԿԵ ԻԼԻԿԸ
Կար, չկար, մի կին կար: Էդ կինն ուներ երկու աղջիկ, մինը գեղեցիկ, բայց ծույլ, մյուսը տգեղ, բայց շատ աշխատասեր:
Մայրը գեղեցիկ աղջկան շատ էր սիրում:
Տգեղ աղջկան միշտ բուրդ էր մանել տալիս: Մի անգամ էլ ջրհորի գլխին կանգնած ժամանակ թելը կտրվեց, ու իլիկն ընկավ ջուրը:
Գլխին տալով եկավ մորը պատմեց, թե իլիկս ընկավ ջրհորը:
Մայրը թե.
– Ա՛յ աղջիկ, ոչ է՜ս, ոչ է՜ն, պետք է գնաս իլիկը բերես, եթե ոչ՝ ձեռքիցս պրծնողը չես:
Աղջիկը չէր իմանում ինչ անի. տխուր-տրտում եկավ ջրհորի մոտ, կռացավ նայեց վերևից, մին էլ գլխի վրա ընկավ ջրհորը:
Որ ուշքի եկավ, աչքերը բաց արավ, տեսավ մի սիրուն, գեղեցիկ մարգագետին: Արև-արեգակ, ճաճանչ, կանաչ, ծառ ու ծաղիկ, վարդ ու մեխակ, սուսան սմբուլ ու շահբլբուլ, մի խոսքով, ես քիչը կասեմ, դու շատը հասկացիր:
Աղջիկն ուրախացավ ու էդ մարգագետնով գնաց, գնաց, հասավ մի հացով լիքը թոնրի: Թոնրի միջից հացերը ձեն էին տալիս.
– Վառվեցի՛նք, էրվեցի՛նք, աղջի՛կ, հանի՜ր մեզ թոնրից, ազատի՜ր:
Աղջիկը կռացավ և հացերը թոնրի կողերից պոկեց, հանեց, փռեց, սառեցրեց, իրար վրա դարսեց ու գնաց: Գնա՛ց, գնա՛ց, հասավ մի խնձորի ծառի: Խնձորենին հիվանդի պես տնքում էր ու կանչում.
– Մեռա՛, մեռա՛, ծա՛նր է բեռս, շա՛տ են խնձորներս, ափսո՛ս են ճղներս. թա՜փ տուր, թափահարի՜ր, շաղ տուր, շաղահարիր ինձ:
Աղջիկը լսեց, խղճաց խնձորենուն, շաղահարեց ծառը, խնձորները մի տեղ հավաքեց ու գնաց:
Գնա՛ց, գնա՛ց, էս անգամ հասավ մի տան: Ներս մտավ, տեսավ մի ծեր կին հիվանդ պառկած է:
– Աղջի՜կս, դու բարո՛վ եկար, ի՜մ աչքի, ի՜մ գլխի վրա եկար, ես անորդի մերիկ եմ, տեր չունեմ, տիրական չունեմ, հիվանդ եմ. պահի՜ր, պահպանիր ինձ, մինչև լավանամ:
Աղջիկը մնաց հիվանդի մոտ, պահեց-պահպանեց նրան, հոգս տարավ, խնամեց, ջուր դրեց՝ լողացրեց, քրտնացրեց, ոտի հանեց:
Երբ պառավը լավացավ, ոտի կանգնեց, աղջիկն ասավ.
– Նանի՜, դե ինձ իրավունք տուր գնամ… գնամ իլիկս ման գամ, գտնեմ, գնամ տուն, գործս մնաց, մեր տանը կարոտել եմ:
– Լա՜վ, աղջիկս, լա՜վ ես անում, որ քո հորական տունը սիրում ես: Գնանք քո իլիկը գտնենք:
Ձեռք-ձեռքի տվին ու գնացին:
Գնացի՛ն, գնացի՛ն հասան մի փակ դռան: Պառավն ասավ.
– Բախտի դռնակ, բարև՛, բարև՛, բացվի, մաղի ոսկե անձր., էս աղջկան գեղեցկացրու և մազերը ոսկի դարձրու. ջանասեր է էս բալիկը, ոսկի դարձրու և իլիկը:
Էսպես որ ասավ, դուռը բացվեց: Նրանք երկուսով ներս մըտան դռնից:
Մին էլ անձրևը մաղեց, մաղ տվեց, շաղեց, շաղ տվեց ոսկին աղջկա գլխին, աղջիկն եղավ ոսկեմազիկ, գեղեցկացավ, խաս ու ղումաշ շորեր հագավ, դարձավ կաքավ: Պառավը վերցրեց ոսկե իլիկը, տվեց աղջկան, համբուրեց նրան ու ասավ.
– Էս էլ ինձ պահելու վարձը, աշխատանքիդ գինը:
Պառավը էդպես ասավ-չասավ, մին էլ դուռը փակվեց, պառավն անհետացավ: Աղջիկը աչքը խփեց բացեց, ահա իրենց տունը: Շունը, կատուն դեմ վազեցին, աքաղաղը կանչեց.
– Ծուղրուղո՛ւ, հավ ու ճուտ,
Եկավ, կտա նա մեզ կուտ.
Օրոր, շորոր մի կաքավ,
Ոսկեմազիկը եկավ,
Վրան ոսկի է շարել,
Իլիկը ոսկի է արել,
Գիտեք ո՞վ է. ո՞վ նախշել,
Հիվանդ պառավն է բաշխեր:
Ծուղրուղո՛ւ, հավ ու ճուտ,
Եկավ, կտա ջուր ու կուտ:
Ոսկեմազիկը գնաց մոր ու քրոջ մոտ: Մայրն ու քույրը նրան սիրով ընդունեցին. ոսկի շատ էր բերել:
Ոսկեմազիկը պատմեց իր տեսածն ու լսածը:
Մայրն իր սիրելի աղջկան էլ ուղարկեց ջրհորի մոտ՝ բուրդ մանելու: Ծույլ աղջիկը մանեց, մանեց և իլիկը դիտմամբ գցեց ջրհորը ու ինքն էլ գլխի վրա ընկավ մեջը:
Որ ուշքի եկավ, էլի էն մարզագետնի վրա տեսավ իրան:
Մարգագետնով գնաց, գնաց հասավ էն թոնրին: Հացերը կանչում էին.
( Հանի՜ր մեզ կրակից, վառվեցի՛նք, էրվեցի՛նք:
Ծույլ աղջիկը թե՝
– Իմ շատ պետքս է, թե վառվեցիք, էրվեցիք, ո՞վ պետք է իրան կեղտոտի, ձեռները մոխրոտի:
Գնա՛ց, գնա՛ց, հասավ խնձորենուն:
Խնձորենին կանչում էր.
– Մեռա՛, բեռս ծա՛նր է. թա՜փ տուր, թափահարի՜ր, շաղ տուր, շաղահարի՜ր, խնձորներս հասել են:
– Հա՜, հենց ակաս-մակաս, էդ էր պակաս: Մեռնում ես՝ մեռի՜ր: Իմ ի՞նչ բանն է, թե մեռնում ես, գնում եմ ոսկեմազիկ դառնամ, ոսկի բերեմ:
Գնա՛ց, գնա՛ց, հասավ պառավի տանը և սկսեց պառավին ծառայել:
Առաջին օրը վաղ վեր կացավ, սենյակը հավաքեց, մաքրեց, հիվանդի կամքը կատարեց: Երկրորդ օրը սկսեց ծուլանալ: Երրորդ օրն՝ ավելի շատ: Չորրորդ օրն արդեն տեղից ժաժ չէր գալիս: Պառավը նրանից ձանձրացավ, հիվանդ-հիվանդ վեր կացավ, տնքտնքալով տարավ ծույլին էն բախտի դռան մոտ և ասավ.
– Բացվի՜ր դռնակ. դե ցնծա, էս աղջկան մի ընծա. ալարկոտ է, ծույլ է սա, սրան կուպր մի կաթսա, թող կպրոտի, սևանա ու կպրոտած տուն գնա: Երբ ծույլ աղջիկը տուն եկավ, աքաղաղը կանչեց.
– Ծուղրուղո՛ւ…
Էս ո՞ւր գնաց, ո՞ւր եկավ,
Էս կպրոտը զուր եկավ,
Սպիտակ գնաց, սև եկավ,
Սիրուն գնաց, դև եկավ,
Ելեք տեսեք ո՞վ եկավ:
Նա մեզ չի տա ջուր ու կուտ,
Ծուղրուղո՛ւ, հավ ու ճուտ:
Ու էսպես, ջանասեր աղջիկը ոսկեմազիկ, գեղեցիկ աղջիկ դարձավ, ծույլ աղջիկը մնաց կպրոտ և տգեղ: Քանի-քանի լողացրին, չիստակվեց, էն կպրոտն էր, կպրոտ էլ մնաց:
ՔՈՒՅՐՆ ՈԻ ԵՂԲԱՅՐԸ
Ժամանակով մի քույր ու եղբայր են լինում: Եղբայրը դուրսն է աշխատում, քույրը՝ տանը: Նրանք շատ սիրով քույր ու եղբայր են լինում:
Մի օր էս քույրն ու եղբայրը նստած են լինում տան շեմքին ու դեսից-դենից խոսում:
Եղբայրը ասում է թե.
– Քույրի՜կ, կուզե՞ս սպիտակ աղավնի դառնաս ու թռչես:
– Ա՛խ, – պատասխանում է քույրը, – այն էլ ինչպե՛ս կուզեմ:
– Թե որ այդպես սրտանց ուզում ես, – ասում է եղբայրը, – սպիտակ աղավնի դարձիր ու թռիր:
Հենց այդ խոսքի վրա, մին էլ տեսնում է, որ քույրը թևեր առավ, սպիտակ աղավնի դառավ ու թռավ: Եղբայրը գլխին է տալիս, ծնկներին է տալիս, լաց է լինում ու ասում.
– Լեզուս լռվեր, ինչո՞ւ անիծեցի քրոջս, ա՛խ, ինչո՞ւ անիծեցի անուշիկ քրոջս: Ինչ էլ կուզի լինի, երկաթե տրեխ կհագնեմ, երկաթե գավազան կառնեմ ձեռքս, աշխարհե աշխարհ ման կգամ, կգտնեմ հարազատ, միակ քույրիկիս:
Ասում է եղբայրը, վեր է կենում, գնո՛ւմ, գնո՛ւմ, գնում. մտնում է մի անտառ: Անտառում լինում է մի դղյակ: Մոտենում է դղյակին ու դուռը խփում: Դուրս է գալիս մի պառավ կին ու հարցնում.
– Ի՞նչ ես ուզում, ա՜յ ջահել տղա:
– Նանի՜, նանի՜ , քրոջս եմ ման գալիս, նրան անիծեցի, դարձավ թագը գլխին մի սպիտակ աղավնի ու թռավ: Չգիտե՞ս նրա տեղը, չե՞ս տեսել:
– Սիրուն տղա, ես չգիտեմ քո աղավնի քրոջ տեղը. արի ներս, գուցե իմ որդին՝ Քամի թագավորը գիտենա քո քրոջ տեղը:
Եղբայրը ներս է մտնում, տեսնում է, որ Քամի թագավորը նստած է իր գահին:
Չոքում է թագավորի առաջ ու ասում.
– Ես քրոջս եմ ման գալիս. նրան անիծեցի, դարձավ թագը գլխին սպիտակ աղավնի ու թռավ: Ասա՜ , չե՞ս տեսել իմ աղավնի քրոջը:
– Ո՜չ, կտրիճ տղա, չեմ տեսել սպիտակ աղավնի, թագը գւխին քրոջդ: Գնա Արև թագավորի մոտ, գուցե նա գիտենա աղավնի քրոջդ տեղը:
Տղան վեր է կենում, տխուր-տրտում գնում է, գնո՛ւմ, գնո՛ւմ հասնում է մի ուրիշ դղյակի: Ներս է մտնում, տեսնում է, որ Արև թագավորը նստած է գահին: Չոքում է գահի առաջ ու ասում.
– Թագավոր, ես իմ քրոջն եմ ման գալիս: Նրան անիծեցի, դարձավ թագը գլխին մի սպիտակ աղավնի ու թռավ: Չե՞ս տեսել իմ աղավնի քրոջը, ասա՜, որտե՞ղ է իմ անուշիկ քույրիկը:
– Ջ՜ահել պատանի, ա՜յո , ես գիտեմ որտեղ է քո անուշիկ քույրիկը: Նա Ստվերների թագուհու մոտ գերի է:
– Արև արքա, ինչպե՞ս ազատեմ քրոջս:
– Ստվերների թագուհու դղյակը շինած է գետափին: Կերթաս, կերթաս, կհասնես մի մեծ, շատ մեծ գետի: Այդ գետի կամուրջը մարդու ոսկորներից է շինած: Դու որ կհասնես կամուրջին, մատդ դանակով կտրիր ու արյունը կաթեցնելով՝ անցիր կամուրջից: Դղյակը շատ սենյակներ ունի, մի սենյակում քնած է քո քույրը:
Պատանին վեր է կենում, համբուրում է Արև արքայի ոսկեհեր միրուքը, շնորհակալ է լինում, ճամփա ընկնում, գնում է, գնում հասնում Արև արքայի ասած կամուրջին: Հանում է դանակը մատը կտրում, արյունը կաթեցնելով անցնում կամուրջը, հասնում սև սաթե դղյակն ու ներս մտնում: Մտնում է առաջին սենյակը, տեսնում է մի աղավնի քնած: Մտնում է երկրորդ սենյակը, տեսնում է էլի մի աղավնի քնած: Էդպես, դու ասա տասը, ես ասեմ քսան սենյակ իրար հետևից անցնում է և յուրաքանչյուր սենյակում մի-մի աղավնի է քնած գտնում: Վերջին սենյակը որ մտնում է, ի՛նչ տեսնի. սպիտակ աղավնին, թագը գլխին, թևերը փռած՝ քնել է:
– Քույրի՜կ ջան, ինչո՞ւ ես քեզ անիծեցի, քո կարոտն ինձ այրեց:
Ասում է ու վրա վազում, աղավնի քրոջն համբուրում: Քույր աղավնին զարթնում է, թևերը թափ-թափ, ծափ-ծափ տալով թռչում է լուսամուտին կանգնում ու ասում.
– Ախ՛, ախպեր ջան, ինչո՞ւ ինձ համբուրեցիր, դու ինձ մատով պետք է խփեիր, գլխիս թագը պոկեիր, ես աղջիկ կդառնայի, քեղ սիրող քույրը: Ես դարձյալ աղավնի կմնամ, կգնամ Ստվերների մոր այրը, կարող ես, եկ ինձ ազատի: Հիմա գնա այն բոլոր քնած աղջիկներին զարթեցրու: Նրանք քեզ պես ազիզ ախպեր չեն ունեցել, որ գա իր քրոջն ազատի: Նրանց զարթեցնելիս չլինի թե համբուրես, այլ մատով խփիր:
Ասում է, թևին տալիս ու թռչում:
Եղբայրն ընկնում է գետին, գլխին է տալիս, լալիս է, արցունք է թափում, բայց ճա՛րն ինչ, ի՛նչ կարող էր անել, անցածն անցել էր: Վերջը գնալով՝ մեկ-մեկ բոլոր քնած աղավնիներին մատով խփում է ու զարթեցնում: Բոլոր աղավնիները նորից աղջիկներ են դառնում, գնում իրենց տները:
Միայն մնում է մի աղջիկ, թագավորի աղջիկը:
– Սիրու՜ն տղա, – ասում է այդ աղջիկը, – դու ինձ լավություն արիր, ազատեցիր Ստվերների կախարդ մոր ձեռքից: Ես քեզ խրատ կտամ, թե ինչպես ազատես քո անուշ քրոջը: Հիմա Ստվերների մայրը նստած է իր գահին, իսկ նրա ուսերին, գահի շուրջը շարված են աղջիկ-աղավնիներն ու ղունղունում են: Հանի՜ր դանակդ, մատդ քիչ կտրիր արյունը քսիր աչքերիդ ու մտիր այրը: Աչքերդ մթնում լույս կտան: Ստվերների թագուհին և բոլոր այնտեղ եղած աղավնիները քեզ չեն տեսնի: Զգուշությամբ մոտեցիր, բռնիր քույր աղավնուդ բկից ու դուրս բեր:
Ինչպես աղջիկն ասում է, տղան այնպես էլ անում է: Մատը կտրում է, արյունը քսում իր աչքերին ու մտնում Ստվերների թագուհու այրը: Մոտենում է իր քրոջը, բկից բռնում ու դուրս բերում:
Թագավորի աղջիկը իր մատից մի կաթ արյուն է կաթեցնում քրոջ թագի վրա, ապա թագը քաշելով պոկում է, և աղավնին դառնում է աղջիկ: Քույր ու ախպեր ջերմ փաթաթվում են իրար և կարոտներն առնում:
Թագավորի աղջիկն այդ սրտաշարժ տեսարանից սաստիկ զգացվում է ու լալով ասում է.
– Թեև ես թագավորի աղջիկ եմ, ամեն տեսակ բարիքով լցված, բայց չեմ վերադառնում հորս մոտ: Ես էլ կգամ ձեզ հետ, ինձ էլ ձեզ հետ տարեք: Միասին կաշխատենք, միասին կուտենք:
Թագավորի աղջիկն ու ազատարար պատանին՝ երեքով վերադառնում են տուն: Միասին աշխատում են, միասին ուտում, հաշտ ու սիրով ապրում:
Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:
ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈԻԼԸ
Ժամանակով լինում է, չի լինում, մի շատ հարուստ, բայց անգութ թագավոր է լինում: Երկնքի աստղերին համըրանք է լինում, դրա ոսկուն ու արծաթին համրանք չի լինում:
Էդ թագավորը մի շատ գեղեցիկ, մի հրաշալի տաճար է շինել տալիս, մի չտեսնված բան:
Ճարտարապետը, շինող վարպետը, երբ տաճարը շինում, միջից դուրս են գալիս, էդ ժամանակ տաճարի միջից մի ձայն ասում է.
– Ապրած մնա թագավորը, տաճարը գեղեցիկ է, հրաշալի է, բայց մի բան պակաս է, – ասում է ու անհետանում:
Թագավորը զարմացած է մնում, զարմանում է և ամբողջ քաղաքը, թե ինչն է պակաս:
Թագավորը հրամայում է, որ տաճարը քանդեն և նրա տեղը նորից մի փառավոր տաճար կանգնեցնեն, առաջինից տասն անգամ գեղեցիկ:
Այդպես էլ անում են. էլի վարպետը, երբ պրծնում է ու դուրս գալիս տաճարից, դարձյալ էն մարդը հայտնվում է ու կանգնում, ասում.
– Ապրած մնա թագավորը, էս անգամ տաճարը առաջինից տասն անգամ շքեղ ու գեղեցիկ է, բայց էլի մի բան պակաս է, – ասում է ու անհետանում:
Թագավորը շատ է տխրում, բայց ինչ կարող էր անել, փողի բան չէր, որ բանը փողի գցեր. հրամայեց, որ այդ տաճարն էլ քանդեն, և նրա տեղը այնպիսի մի տաճար կանգնեցնեն, որ առաջվանից տասն անգամ շքեղ ու գեղեցիկ լինի:
Թագավորի հրաման է, ինչ կարելի է անել. նորից քանդում են տաճարը և նրա տեղը կանգնեցնում մի նոր տաճար, բայց ի՜նչ տաճար. պատերը արծաթից, գմբեթը և սյուները զուտ ոսկուց: Էլի երբ վերջացնում են տաճարի շինությունը, երևում է այն մարդը ու թագավորի ներկայությամբ ասում.
– Ապրած մնա թագավորը, գահը ամուր լինի, թուրը կտրուկ. հրաշալի, չտեսնված տաճար շինեց, բայց էլի մի բան պակաս է: Եթե թագավորը կարողանա Հազարան Բլբուլը բերել տա ու տաճարում կախի, էլ տաճարը ոչ մի պակասություն չի ունենա, – ասում է ու անհետանում:
Թագավորը երեք կտրիճ տղա ուներ: Երեքով առաջ են գալիս, չոքում հայր-արքայի առաջ ու ասում.
– Թագավորն ապրած մնա, էլ մենք ինչի՞ համար ենք, որ դու տխրես: Կընկնենք աշխարհե աշխարհ. լույս աշխարհը ման կգանք, լույս աշխարհը կթողնենք, մութ աշխարհը ման կգանք, Հազարան Բլբուլը կգտնենք, կբերենք: Դարդ մի անի:
Վեր են կենում երեք եղբորով ու գնում: Գնում են, գնում, շատ են գնում քիչ են գնում, շատն ու քիչը աստված գիտե, գնում հասնում են մի խաչաձև ճամփի: Այդտեղ նըստում են, հանգստանում ու խորհուրդ անում: Ասում են իրար, թե՝ եղբայրներ, եկեք բաժանվենք, ամեն մեկս թող մի կողմի վրա գնա, հարցուփորձ անելով Հազարան Բլբուլի տեղն իմանա:
Մեծ եղբայրը գնում է աջ, միջնեկը՝ ձախ, փոքր եղբայրը՝ ուղիղ:
Մեծ եղբայրը գնում է, գնում, հասնում է մի անծանոթ թագավորի քաղաք, մտնում է այդ թագավորի մոտ ծառայության, մոռանում է, որ եկել է Հազարան Բլբուլը տանելու:
Միջնեկ եղբայրը գնում է, գնում է, պատահում է մի հսկա արաբի: Արաբը հարցնում է, թե՝ այ տղա, դու այստեղ ի՞նչ ես անում: Թագավորի տղան էլ պատասխանում է, թե ես Հազարան Բլբուլի տեղն եմ փնտրում:
– Լավ, – ասում է արաբը, – հիմա ես քեզ Հազարան Բլբուլի տեղը կասեմ: – Ասում է, մոտենում է ու ձեռքի սև ճիպոտով որ չի խփում, թագավորի տղան իսկույն ևեթ քար է դառնում:
Լուրը տանք փոքր եղբորից: Փոքր եղբայրն էլ գնում է, գնում, տեսնում է ծառի տակ ընկած մի վիրավոր աղավնի, և էն է՝ շունչը փչելու վրա է: Թագավորի տղան վերցնում է վիրավոր աղավնուն, աղբյուրի ջրում լվանում է վերքը, տաքացնում է իր կրծքի վրա, հացի փշրանք է տալիս: Աղավնին ուժի է գալիս, աստծու հրամանով լեզու է ելնում ու ասում է.
– Թագավորի՜ տղա, շնորհակալ եմ քեզանից. դու ինձ նորից կյանք բաշխեցիր, դու որ չյինեիր, ես կորած էի: Ինչպես որ դու ինձ լավություն արիր, ես էլ ուզում եմ քեզ լավություն անեմ: Գիտեմ՝ դու գնում ես, որ Հազարան Բլբուլը բերես քո հոր շինած տաճարի համար: Էսպես շարունակ կգնաս դեպի արևելք, կհասնես Հազարան Բլբուլի տիրոջ երկիրը: Հազարան Բլբուլի տերը, որ մի գեղեցիկ հուրի-փերի աղջիկ է, իր երկրի ջուրն ու հողը, ծառն ու ծաղիկը, ամեն ինչ կախարդել է, որ չլինի թե գան, Հազարան Բլբուլը իրենից խլեն, տանեն:
– Բա ինչպե՞ս բերեմ Հազարան Բլրուլը, սիրուն աղավնի:
– Էդ ես չեմ կարող ասի, թե ինչպես, թագավորի տղա: Միայն այսքանը կասեմ, որ բարի մարդի գործը միշտ կհաջողվի. գնա, հույսդ քեզ վրա դիր, որ ամեն դժվարությունների հաղթես և Հազարան Բլբուլը բերես: Միայն ինձանից քեզ հիշատակ, վերցրու թևիցս մի փետուր: Նեղն ընկնելիս՝ հանի փետուրը և համբուրիր. ես քեզ օգնության կհասնեմ:
Ասում է աղավնին, թևիցը մի փետուր է գցում ու ինքը թևին է տալիս, թռչում:
Թագավորի տղան վերցնում է աղավնու փետուրը ու գնում է: Գնում է, գնում է, ինքն էլ չի իմանում թե ուր է գնում: Հացն էլ է պրծնում, ինքն էլ հոգնում է. հոգնած, բեզարած հասնում է մի աղբյուրի: Շոգ օր, հոգնած մարդ. վրա է գալիս աղբյուրին, մի լավ խմում է ու ասում.
– Ա՜յ սառնորակ աղբյուր, ակդ միշտ անսպառ մնա, սիրտս հովացավ:
– Ա՜յ ճամփորդ, ինչո՞ւ ես ասում՝ ակդ միշտ անսպառ մնա, չէ՞ որ ջուրս դառն է ու լեղի, – ասում է աղբյուրը:
– Ճիշտ է, ջուրդ դառն է, բայց քո ունեցածն էլ էդ է, հո չես կարող ինձ համար ջուրդ քաղցրացնի. շեն ես ու շեն մնաս: Եթե քո դառը ջուրն էլ չլիներ, ես ծարավից կմեռնեի:
– Գնա, բարի ճամփորդ, որ դու էդպես բարի ես, ես քեզ վնաս չեմ տա: Թագավորի տղան դարձյալ գնում է, գնում մտնում է մի հովիտ: Հովտում տեսնում է մի խնձորենի, վրան շատ խընձոր: Մոտենում է ծառին, մի խնձոր է պոկում, կծում է, տեսնում է, որ շատ դառն է, ինչպես օձի կաթ: Հյութը կուլ է տալիս ու ասում.
– Դալար մնաս, այ խնձորենի , բերանս ցամաքել էր, սիրտս վառվում էր, խնձորդ սիրտս հովացրեց:
– Ա՜յ ճամփորդ, էսքան ժամանակ ոչ ոք ինձ չէր ասել թե դալար մնաս, այ խնձորենի, դու ինչո՞ւ ասիր. չէ՞ որ իմ խնձորը թթու ու լեղի է օձի կաթի պես:
– Ճիշտ է, խնձորդ թթու ու լեղի է, բայց ունեցածդ էդ է. ինձ համար հո չե՞ս քաղցրացնի քո պտուղը – դու չլինեիր, լեզուս բերանիս մեջ կչորանար: Մնաս բարով: Շեն ես ու շեն մնաս:
– Գնաս բարով, բարի տղա, որ դու էդպես բարի ես, իմ խնձորի թույնը քեզ վնաս չի տա:
Թագավորի տղան գնում է, գնում, հասնում է կախարդ աղջկա պալատին: Տեսնում է, որ պալատի դռան առաջ, աջ կողմը կապած է գայլը՝ խոտը առաջին, ձախ կողմը ղոչը՝ միսը առաջին:
– Տեր աստված, – ասում է ինքն իրեն, – էս ի՞նչ բան է, չտեսածս բաները տեսնում եմ, ո՞վ է տեսել գայլը խոտ ուտի, ղոչը՝ միս:
Վեր է առնում ղոչի առջևից միսը դնում է գայլի առջևը, գայլի առջևից խոտն էլ՝ ղոչի առջևը: Գայլն ու ղոչը ասում են.
– Գնա՜, թագավորի տղա, որ դու էդպես լավություն արիր մեզ, մենք քեզ վնաս չենք տա:
Թագավորի տղան ներս է մտնում պալատի դռնից՝ տեսնում է, որ դռան մի թևը բաց է, մյուսը վրա դրած: Ինքն իրեն ասում է.
– Էս ի՞նչ բան է, էս պալատը անտեր է ի՛նչ է, տեր-տիրական չունի՞: Դռան էս մի փեղկը վրա չդրվելով չորացել, ծռվել մնացել է, մյուս փեղկը կարոտ է, որ մի ձեռք կպչի իրեն և բաց անի: – Ասում է ու բացած փեղկը վրա է դնում, դրածը բաց է անում ու մտնում պալատ:
Դռան փեղկերն ասում են.
– Գնա, բարի տղա, քեզ վնաս չենք տա:
Պալատով գնում, գնում, մտնում է կախարդ աղջկա պարտեզը: Պարտեզ, ի՛նչ պարտեզ, պարտեզ մի՜ ասի՝ դրախտ ասա. ոչ գրչով կգրվի, ոչ լեզվով կպատմվի նրա գեղեցկությունը:
Աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները այնտեղ էին երգում, աշխարհի բոլոր ալ ու ալվան, խաս ու ղումաշ ծաղիկները այնտեղ էին ծաղկում, աշխարհի բոլոր գեղեցիկ թիթեռները այնտեղ էին թրթռում, աղբյուրներն ու շատըրվանները լալ ու գոհար էին շաղ տալիս և արևի շողերի տակ ծիածաններ էին կազմում: Բոլոր ծառերը փարթամ սաղարթ ունեին և համեղ պտուղներ:
Այն ծառը, որի վրայից կախված էր Հազարան Բլբուլը իր ոսկե վանդակով, զուտ ոսկի էր, ճյուղերն ու տերևները արծաթե, խնձորները մեծ-մեծ զմրուխտներ: Այդ աննման ծառի տակ քնած էր Հազարան Բլբուլի տեր կախարդ աղջիկը, չքնաղ գեղեցկուհին:
Թագավորի տղան ապշել-մնացել էր իր տեսածից: Մոտեցավ ծառին, Հազարան Բլբուլին վանդակով վեր առավ ծառից, ու շտապով դռները լեն բացվեցին նրա առաջ, ղոչն ու գայլը ճամփա տվին, նա դուրս եկավ այգուց:
Խնձորենին անուշ խնձոր գլորեց նրա առջև, աղբյուրը ջուրը քաղցրացրեց նրա համար: Գնաց տղան իր եղբայրներին գտնելու:
Մի տարին արդեն լրացել էր: Եղբայրները պայման էին դրել, որ մի տարուց հետո գան դարձյալ այն տեղը, որտեղից բաժանվել էին: Թագավորի տղան Հազարան Բլբուլը ձեռին գալիս է, գալիս, հասնում է այնտեղ, որտեղ արաբը իր եղբորը քար էր դարձրել: Արաբը դուրս է գալիս և այդ եղբոր առաջ, ուզում է, որ նրան իր ձեռքի սև ճիպոտով խփի ու քար դարձնի, բայց Հազարան Բլբուլը երգում է իր գեղեցիկ երգը: Արաբը այդ երգը լսում է թե չէ՝ ընկնում է ու քար դառնում, իսկ բոլոր քարացած մարդիկ և թագավորի միջնեկ տղան նորից շունչ են առնում ու մարդ դառնում: Թագավորի քարացած տղան հասնում է ու իր եղբորը փաթաթվում: Նրանք համբուրվում են ու գնում այն ճամփաբաժանը, իրենց մեծ եղբորն սպասում:
Շատ են սպասում, քիչ են սպասում, տեսնում են, որ իրենց մեծ եղբայրը չի գալիս, վեր են կենում, գնում-ընկնում են քաղաքից քաղաք, գտնում են նրան ու երեքով միասին գնում են դեպի իրենց հոր երկիրը:
Ճանապարհին նրանք հասնում են մի անապատ տեղ, որտեղ մի կաթիլ ջուր չկար: Դես են ընկնում, դեն են ընկնում, տեսնում մի ջրհոր: Է՜, ով մտնի՝ հորից ջուր հանի: Մեծը թե՝ ես վախենում եմ, միջնեկը թե՝ ես էլ եմ վախենում: Փոքրը թե՝ ինչ անեմ, հո չե՞մ թողնի, որ իմ եղբայրները ծարավից մեռնեն: Ինչ էլ կուզի լինի, եկեք ինձ կախեք հորը, մտնեմ, ջուր հանեմ:
Երկու եղբայրը բերին փոքրին կախեցին հորը: Բայց մտքերը չար էր: Նախանձեցին եղբոր վրա, թե ինչու սրա պատիվը բարձրանա, թոկը կտրեցին, եղբորը գցեցին հորը, իրենք Հազարան Բլբուլն առան ու գնացին: Հասան իրենց հոր քաղաքը, ներկայացան թագավորին, ասացին, որ բերել են Հազարան բլբուլը:
– Ո՞ւր է ձեր եղբայրը, – հարցնում է հայրը:
– Չգիտենք, հայր, գնաց ու չեկավ: Դարդ մի՜ անի, եթե կենդանի է՝ կգա:
Հազարան Բլբուլը տարան տաճարի մեջ կախեցին, բայց նա չերգեց ու չերգեց: Թագավորի որդին հորի մեջ ընկած մտածում էր, թե ինչո՞ւ եղբայրները իր հետ այդպես վարվեցին, ի՞նչ կլինի իր վերջը: Հանկարծ մտաբերեց, որ աղավնին իրեն մի փետուր է հիշատակ թողել: Հանեց փետուրը ծոցից, երեք անգամ այն համբուրեց և ասավ.
– Սիրուն աղավնի, նեղ տեղն եմ, հարազատ եղբայրներս ինձ հորի մեջ թողին: Բա դու ասում էիր, բարի մարդի գործը կհաջողվի. է՞ս է հաջողությունը:
Խոսքը վերջացրել էր, չէր վերջացրել, մեկ էլ երկնքում անթիվ, անհամար աղավնիներ երևացին: Ամեն մի աղավնի կտցով մի ծառի ոստ էր բերել: Նրանք ծառի ոստերը գցեցին հորը այնպես, որ հորը լցվեց և թագավորի տղան հորից դուրս եկավ ու շարունակեց իր ճամփեն:
Թող գնա, մենք լուրը տանք կախարդ աղջկանից:
Նա զարթնեց քնից, տեսավ, որ իր Հազարան Բլբուլը չկար, վազեց, ման եկավ այգում, չկար, վազեց մտավ պալատ, Բլբուլը չկար, դուրս վազեց պալատից և դռներին ասավ.
– Դռներ, ինչո՞ւ ճամփա տվիք Հազարան Բլբուլի տանողին, ինչո՞ւ դավաճանեցիք ինձ:
– Մենք ինչո՞ւ ճամփա չպետք է տայինք այն բարի տղին, – ասացին դռները, – էսքան ժամանակ դու մեզ մի անգամ կարգին վրա չդրիր ու բաց չարիր: Չորացել, ծռվել մնացել էինք, իսկ նա մեզ լավություն արավ:
Գնաց, գայլին ու ղոչին ասավ.
– Գայլ, դու ինչու չպատառոտեցիր գողին:
– Ես ինչո՞ւ պատառոտեի էն բարի տղին, նա ինձ միս տվեց, իսկ դու խոտով ես կերակրում ինձ:
– Ղո՜չ, դու ինչո՞ւ չխփեցիր նրան:
– Ինչո՞ւ պետք է խփեի բարի տղին, նա ինձ խոտ տվեց, իսկ դու մսով ես կերակրում ինձ:
Կախարդ աղջիկը վազեց, խնձորենուն հասավ.
– Ա՜յ խնձորենի, ինչո՞ւ չթունավորեցիր Հազարան Բլբուլը տանողին:
– Ինչո՞ւ թունավորեի էն բարի տղին. դու իմ պտուղները փչացրել ես, իսկ նա ինձ օրհնեց:
Գնաց աղբյուրին հասավ.
– Ա՜յ աղբյուր, ինչո՞ւ ծով չդարձար, չխեղդեցիր Հազարան Բլբուլը տանողին:
– Ինչո՞ւ խեղդեի էն բարի տղին, դու իմ ջուրն ես փչացրել, իսկ նա օրհնեց ինձ, ասավ, թե ակդ անսպառ լինի:
Հուրի-փերին էլ չկանգնեց, առաջ վազեց, եկավ, եկավ հասավ Հազարան Բլբուլը տանողի հոր քաղաքը: Իմացավ, որ իր Հազարան Բլբուլը կախած է տաճարում, բայց չի երգում:
Հուրի-փերին գալիս է թագավորի մոտ, ասում է, որ Հազարան Բլբուլն իրենն է, էդ ո՞վ է եկել, գողացել բերել:
Թագավորի մեծ տղան ասում է, թե ես եմ բերել Հազարան Բլբուլը:
– Թե որ դու ես բերել, – ասում է աղջիկը, – դե ասա, ինչ տեսար իմ պալատում:
Թագավորի տղան ի՞նչ կարող էր ասել, քանի որ ոչինչ չէր տեսել: Միջնեկ տղան ասում է, թե ես եմ բերել:
(Դե որ դու ես բերել, ասա ի՞նչ տեսար ճամփին:
Դա էլ ոչինչ չի կարող ասել:
Այդ խոսակցության ժամանակ գալիս հասնում է փոքր եղբայրը ու ասում է, թե ես եմ բերել Հազարան Բլբուլը:
