Бесплатно

Հեքիաթներ

Текст
iOSAndroidWindows Phone
Куда отправить ссылку на приложение?
Не закрывайте это окно, пока не введёте код в мобильном устройстве
ПовторитьСсылка отправлена
Отметить прочитанной
Шрифт:Меньше АаБольше Аа

Տանտիկինը էն կողմից բարկանում է:

– Հը՜, սկսեց գլխիցը դուրս տալ:

– Ա՜յ կնիկ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խանգարում, թող պատմի, – նեղանում է մարդը: – Պատմի, քույրիկ, դու պատմի…

Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը.

– Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, ամենքը սիրում են նրան: Ախպերն էլ ամեն տուն գալով միշտ նրա համար մի բան է բերում` կամ ծաղիկ, կամ միրգ, կամ հագուստ և կամ թե չէ` մի քաղցր խոսք է ասում: Նախանձում է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ կորցնի գեղեցիկ աղջկանը:

– Հը, դե տեսեք ինչ է ասում է՜ս անզգամը… – կրկին մեջ է ընկնում տանտիկինը:

– Ա՛յ կնիկ, ի՞նչ պատահեց քեզ. թող լսենք, տեսնենք ինչ է ասում: Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնիլ:

Աղքատ կնիկը շարունակում է.

– Հնարքներ է մտածում չար հարսը: Մի օր տան կահկարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում քրոջը. տեսնում է բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը…

– Ձենդ կտրի, լիրբ, անզգամ, ո՞վ է իմացել, որ մերն երեխին մորթի, – ճչում է տանտիկինը:

– Ինչ ես ընդհատում, – գոռում է մարդը կնոջ վրա: – Թող պատմի, չե՞ս տեսնում` ինչ հետաքրքրական բան է պատմում:

Աղքատը շարունակում է.

– Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները ու էնպես կռնատ հալածում, կորցնում հեռո՜ւ, հեռո՛ւ…

Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում: Էն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի էն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում է նրա հետ: Թագավորի տղեն հեռու երկիր է գնում: Նրա գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա: Աչքալուսի նամակ են գրում հորը: Նամակատարը ճամփին հյուր է ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը:

Չար հարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում թագավորի տղին, թե` «քու կնիկը ծնել է, շան լակոտ է բերել…»

– Սո՛ւս, հերիք էր ինչ որ տակից-գլխից դուրս տվիր, դուրս կորի գնա, – կատաղում է տանտիկինը:

– Ախպեր, կնկանդ ասա հանգիստ կենա, լսենք, տեսնում ես ինչ պատմություն է անում, – խնդրում է թագավորի տղեն ընկերոջը:

Աղքատը շարունակում է.

– Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտանում է. բայց էլի գրում է, որ պահեն, մինչև ինքը կգա: Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն տունը: Էս նամակն էլ է փոխում չար հարսը ու գրում է, թե` «նամակն ստանալուն պես իր ծնածը կրծքիցը կապեցեք ու դուրս արեք իմ կնոջը»: Էս նամակն ստանում են թագավորն ու թագուհին, շատ են զարմանում, շատ են տանջվում-բայց ինչ անեն – կատարում են ինչ որ գրած է. երեխին մոր դոշիցն են կապում ու դուրս անում:

– Էս ո՞րտեղից եկավ էս շունը, – աղաղակում է տանտիկինը:

– Բավական է, – գոռում են վրեն մարդն ու թագավորի տղեն: – Պատմի, քույրիկ, հետո՞… հետո՞…

Աղքատը շարունակում է.

– Հետո թագավորի տղեն տուն է գալի: Լսում է ինչ է պատահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման գալու: Պատահում է կռնատ աղջկա եղբորը: Նա էլ դուրս էր եկել իր քրոջը ման գալու: Ընկերանում են ու ման են գալի: Շատ են ման գալի, չեն գտնում: Գալիս են, մեծ ճանապարհի վրա մի քարվանսարա են պահում…

– Սուտ է ասում, – գոչում է տանտիկինը: Իսկ մարդն ու թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին: Եվ աղքատ կինը հասնում է վերջին:

– Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր ոսկեգանգուր երեխի հետ, վերջը աղքատ, տկլոր գալիս է, հասնում էդ քարվանսարայի դուռը… Ախպերն ու ամուսինը մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ ասի իրենց համար…

– Վա՜յ… – ուշաթափվում է տանտիկինը:

– Լուսիկ ջա՜ն… մի՞թե դու ես… – վեր են թռչում թագավորի տղեն ու ընկերը, – Լուսիկ ջան…

– Հա՜, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ ախպերը, ահա իմ ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան, և ահա չար հարսը…

Լեզվով չի պատմվիլ, թե ինչպես են ուրախանում ամենքը, որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես:

Իսկ չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց են թողնում արձակ դաշտերում: Որտեղ արյունն է կաթում, էնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է թափվում, էնտեղ լիճ է գոյանում: Էն լճի խորքում երևում է մի երեխա` քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին: Ասում են` երևում է և մի վանք. էն վանքում չոքած է մի կին ու լալիս է, լալիս է, անվերջ լալիս է:

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է չի լինում` մի աքլոր է լինում:

Էս աքլորը քուջուջ անելիս մի ոսկի է գտնում:

Կտուրն է բարձրանում, ձեն է տալի.

– Ծուղրուղո՜ւ, փող եմ գտե՜լ…

Թագավորը լսում է, իր նազիր-վեզիրին հրամայում է` գնան խլեն բերեն:

Նազիր-վեզիրը գնում են` խլում բերում:

Աքլորը կանչում է.

– Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց…

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր-վեզիրին, ասում է.

– Ետ տարեք իրեն տվեք, թե չէ սւշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը…

Նազիր-վեզիրը ոսկին տանում են ետ տալիս աքլորին:

Աքլորն էլ կտուրն է բարձրանում.

– Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց…

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է.

– Գնացե՛ք, – ասում է, – բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք բերեք ուտեմ, պրծնեմ դրանից:

Նազիր-վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն: Տանելիս կանչում է.

– Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜ լ…

Տանում են մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի.

– Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք-տաք բաղնիք է ղրկե՜լ…

Եփում են բերում թագավորի առաջն են դնում, կանչում է.

Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ…

Թագավորը շտապով վերցնում է կուլ տալի: Կոկորդով գնալիս կանչում է.

– Նեղ-նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ…

Թագավորը որ տեսնում է` կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր-վեզիրին հրամայում է թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի-զարկեն:

Նազիր-վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում էն մինը էս կողմը, մյուսը էն:

Աքլորը որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի.

– Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ…

– Զարկեցե՜ք… – հրամայում է թագավորը: Նազիր-վեզիրը զարկում են, տալիս էն թագավորի փորը պատռում:

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում ձեն տալի.

– Ծուղրուղո՛ւ…

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում: Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում:

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում:

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն: Կնիկը բարկանում է.

– Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում:

– Ի՞նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՜յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է:

Կնիկը հանգստանում է, տանում է պահում:

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

Ա՛խպեր, ա՜խպեր, հալա մի կանգնի:

Տղեն կանգնում է:

– Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս: Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է` հա՜ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի:

– Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում:

– Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր… չես ամաչո՞ւմ… Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…

– Դե էլ ի՞նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալիս, չէի գտնում:

– Դե արի տար:

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը:

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

– Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ:

– Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…

– Ա՛յ էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ` վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ:

– Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես-հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց:

– Այ էն կողմը:

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է` մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի:

Գալիս է հասնում իրեն:

– Բարի օր, ախպերացու:

– Աստծու բարին:

– Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ:

– Անց կացավ:

– Ի՞նչ ուներ շալակին:

– Եղ ու բրինձ:

– Հա, հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի:

– Բավականին ժամանակ կլինի:

– Որ ձին քշեմ, կհասնե՞մ:

– Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորս ոտը կփոխի – մի՛ն, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս – նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա:

– Բա ի՞նչպես անեմ:

– Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես:

– Հա՜, էդ լավ ես ասում:

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում:

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում` ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու:

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում:

ՍՈԻՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով որսի գնացինք: Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի…

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար` սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր` կուզ ու կուզ գնացինք…

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը ցամաք, մինի մեջ էլ ըսկի ջուր չկա: Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի:

– Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր:

– Թե` թվանք չունեմ:

– Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր:

– Ես էլ չունեմ:

– Չատի… Մատի…

– Մենք էլ չունենք:

– Բա ի՞նչ անենք…

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՛ք, որ կրակեց… Նա կրակեց, ես զարկեցի. որ զարկեցի` փռվեց էսպես-ամեն թևը հինգ գազ ու կես…

– Հադի, դանա՜կ…

Թե` դանակ չունեմ:

 

– Հուդի, դու…

– Ես էլ չունեմ:

– Չատի՞, Մատի՞…

– Մենք էլ չունենք…

– Բա ի՞նչ անենք…

Հերս էլ ունի, բերան չունի:

Էս անբերան դանակը քաշեցինք: Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի:

Մորթեցի, վեր գցեցի. բադ մի ասիլ – մի գոմեշ ասա: Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի: Շալկեցի, գնացինք:

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մընումն էլ իսկի շենլիկ չկա: Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը երեք պառավ, երկուսը մեռած, մընի բերնումն էլ շունչ չկա:

– Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք:

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի:

Ջուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք: Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը:

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՛նք, կերա՜նք. ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ:

ԱՆԲԱՆ ՀՈԻՌԻՆ

Լինում է, չի լինում՝ մի կնիկ: Էս կնիկը մի աղջիկ է ունենամ, անունը՝ Հուռի: Մի ծույլ, անշնորհք աղջիկ: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած:

 
Բանն ինչ կանեմ` կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է:
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մթնի, քնեմ:
 

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի: Ինչ մերն է` աղջկանը գովելով ման է գալի. լիդրը գզող, լիդրը մանող, հա՜մ խճճող, հա՜մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով` հուրի-հրեղեն, մատները ոսկի:

Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում: Էս երիտասարդ վաճառականն ասում է` իմ ուզածն էլ հենց սա է, որ կա: Գլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը: Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե` ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գցի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք:

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի: Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կռկռում են:

– Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…

– Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել, – ձեն է տալի անբան Հուռին, – որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք…

– Բե՛ր, բե՛ր, բե՛ր…

Անբան Հուռին ուրախանում է: Գնում է բամբակը կրում բերում, ածում գետը:

– Դե գզեցե՜ք, մանեցե՜ք: Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք:

Գնում է մի, քանի օրից ետ է գալի:

Գորտերը էլի կռկռում են.

– Փե՛փել-Կեկել… Փե՛փել-Կեկել…

– Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք:

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում:

Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը:

– Վո՜ւյ, – ասում է, – քոռանամ ես, տե՜ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար:

Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի.

– Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք:

Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը: Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի: Հանում է տեսնում` մի կտոր ոսկի: Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն: Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս: Գալիս է տեսնում` իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր:

– Ա՜յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է:

Թե` բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է:

Մարդը ո՛նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք: Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել: Քեֆ է սարքում. նստում են քեֆի:

Զոքանչը խորամանկ կին է լինում: Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի: Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում: Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին: Ասում է.

– Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում… Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես…

Փեսեն մնում է զարմացած: Ասում է.

– Ա՜յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում – մորքո՞ւրս որն է…

Զոքանչը թե.

– Ա՜յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է: Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ. որ դառավ բզեզ: Մեր ցեղն էսպես է: Շատ աշխատասեր ենք: Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում:

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի. էն է լինում որ էն, արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա:

Другие книги автора

Купите 3 книги одновременно и выберите четвёртую в подарок!

Чтобы воспользоваться акцией, добавьте нужные книги в корзину. Сделать это можно на странице каждой книги, либо в общем списке:

  1. Нажмите на многоточие
    рядом с книгой
  2. Выберите пункт
    «Добавить в корзину»